Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 125-129 ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 1999 թվականի թիվ 9

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 125-129 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության դատարաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված արագացված դատաքննության ինստիտուտի կիրառման պրակտիկան արձանագրում է, որ առանձին դատարաններ խուսափում են նշված ինստիտուտի կիրառումից: Դրա հետևանքով դատարաններում ստեղծվում է գործերի կուտակում, արհեստական ծանրաբեռնվածություն և քաշքշուկ` առաջացնելով քաղաքացիական գործերին մասնակցող անձանց արդարացի դժգոհությունը:

Արագացված դատաքննությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության իրավունքի նոր ինստիտուտներից է: Այն բխում է ժողովրդավարական և իրավական պետությանը համարժեք արդարադատություն իրականացնելու խնդիրներից:

Հայաստանի Հանրապետության դատարաններում արագացված դատաքննության ինստիտուտի կիրառման միասնական պրակտիկա իրականացնելու նպատակով դատարանների նախագահների խորհուրդը պարզաբանում է`

1. Արագացված դատաքննություն է համարվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով անհետաձգելի և (կամ) իրավունքի մասին վեճի բացակայության պայմաններում կիրառվող դատաքննությունը, որով անհապաղ վճիռ է կայացվում: Արագացված դատաքննության ինստիտուտը նախատեսված է առանձին բնույթի գործերի ավելի արագ, օպերատիվ և արդյունավետ քննությունն ապահովելու համար:

Արագացված դատաքննության ինստիտուտի կիրառումը չպետք է շփոթել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված քաղաքացիական գործերի քննության ընդհանուր և կրճատ ժամկետների հետ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111 հոդված):

Արագացված դատաքննության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդպիսի դատաքննությունը կիրառվում է ելնելով քաղաքացիական գործի անհետաձգելիությունից, գործի ավելի արագ քննելու և լուծելու, անհապաղ վճիռ կայացնելու անհրաժեշտությունից, երբ այլ դատական գործողությունների կարիք չի առաջանում և բավարար հիմքեր կան գործով վճիռ կայացնելու համար: Այդպիսի դատաքննությունն իրականացվում է պարզեցված եղանակով, կողմերի սահմանափակ բացատրություններով ու առարկություններով, հիմք ընդունելով գործի նյութերը և փաստացի ապացույցները կամ դրանց բացակայությունը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125 հոդվածի 1-ին կետի համաձայն դատարանն իրավունք ունի կիրառել արագացված դատաքննություն, եթե

ա) գործի էությունից բխում է դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը: Այսինքն, քաղաքացիական գործերի արագացված դատաքննության կիրառումը, առաջին հերթին, կապված է դատաքննության մասնակիցների իրավունքների և օրենքով սահմանված շահերի պաշտպանության անհետաձգելիության հանգամանքների հետ:

Արագացված դատաքննության անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում այդպիսի դատաքննություն չկիրառելը կարող է դատական պաշտպանության դիմած անձի համար անիմաստ դառնալ և վնաս պատճառել նրան, որը, ի վերջո, կարող է բացասաբար ազդել ինչպես արդարադատության իրականացման, այնպես էլ դատարանի հեղինակության վրա: Օրինակ` քաղաքացին դիմելով դատարան և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր հայտնել է, որ բարեխղճորեն վճարել է էլեկտրաէներգիայի վարձը, սակայն էներգոհսկողության աշխատակիցն ապօրինի կերպով դադարեցրել է բնակարանի էլեկտրամատակարարումը: Պատճառաբանելով, որ ունի երեք անչափահաս երեխա, որոնք հոսանքի անջատման հետևանքով զրկվել են կենսական պայմաններից, խնդրել է արագացված դատաքննության կիրառմամբ պարտավորեցնել էներգոհսկողությանը վերականգնելու էլեկտրաէներգիայի մատակարարումը: Պարզ է, որ նման բնույթի գործերի քննությունն անհետաձգելի է և այդպիսի գործերով արագացված դատաքննություն չկիրառելու դեպքում կարող է դատական պաշտպանության դիմած անձի համար անիմաստ դառնալ:

բ) հայցն ակնհայտ հիմնավոր է: Այսինքն, պահանջը հիմնված է օրենքով սահմանված հիմքերով և կարգով անվիճելի ապացույցների վրա:

Օրինակ, բանկը դիմելով դատարան հայտնել է, որ քաղաքացին 1999 թ. մարտի 1-ի օրենքով սահմանված կարգով կնքված վարկային պայմանագրով ստացել է 10 մլն. դրամ վարկ երկու ամիս ժամկետով, որպես պարտավորության ապահովման միջոց օրենքով սահմանված կարգով գրավ դնելով սեփական տունը: Վարկային պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո քաղաքացին պարտավորությունը չի կատարում պատճառաբանելով, որ գումար չունի պարտքը վերադարձնելու համար: Բանկը խնդրել է կիրառել արագացված դատաքննություն և բռնագանձումը տարածել գրավ դրված գույքի վրա:

Նման պայմաններում հայցն ակնհայտ հիմնավոր է և գործը պետք է քննել արագացված դատաքննության կիրառմամբ:

գ) հայցն ակնհայտ անհիմն է: Այսինքն, հայցվորը չի ներկայացրել հայցապահանջը հիմնավորող ապացույցներ և այն չի կարող հիմնավորվել որևէ այլ ապացույցներով:

Օրինակ, հայցվորը դիմելով դատարան հայտնել է, որ 1999 թ. փետրվարի 20-ին փոխարինաբար պատասխանողին տվել է 500 հազար դրամ 1999 թ. մայիսի 20-ին վերադարձնելու պայմանով: Պատասխանողի հետ մտերմությունից ելնելով ու վստահելով նրան օրենքով սահմանված կարգով փոխառության պայմանագիր չի կնքվել, ստացական չի վերցրել: Պատճառաբանելով, որ պատասխանողը հրաժարվում է վերադարձնել ստացած գումարը, խնդրել է այն բռնագանձել նրանից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, 305 հոդվածի, և 878 հոդվածի համաձայն նման գործարքը առոչինչ է:

Նման պայմաններում հայցն ակնհայտ անհիմն է և գործը պետք է քննել արագացված դատաքննության կիրառմամբ:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126 հոդվածի համաձայն արագացված դատաքննությունը կիրառվում է դատարանի նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդությամբ: Բոլոր դեպքերում արագացված դատաքննություն կիրառելու մասին դատավորը կամ դատարանը կայացնում է որոշում: Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել ինչպես հայցադիմումը կամ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու, այնպես էլ գործի դատաքննության փուլում:

4. Այն դեպքում, երբ հայցադիմումը ներկայացված է մեկից ավելի պահանջներով, որոնցից թեկուզ մեկը ենթակա է քննելու արագացված դատաքննությամբ, ապա դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 89 հոդվածով սահմանված կարգով կարող է այդպիսի պահանջն առանձնացնել առանձին վարույթում և քննել արագացված դատաքննությամբ: Եթե հնարավոր չէ առանձնացնել այդպիսի վարույթը, ապա դատարանը բոլոր պահանջները քննում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18 գլխում սահմանված կարգով:

i

5. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման:

6. Արագացված դատաքննությունը դատարանն իրականացնում է կողմերի դատավարական իրավունքների պահպանմամբ, այսինքն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-118, 120, 122, 124, 146-149 հոդվածների պահանջներին համապատասխան:

7. Արագացված դատաքննություն կիրառելու դեպքում դատարանն անհապաղ մեկ դատական նիստում իրականացնում է գործի քննությունն ու նույն դատական նիստում կայացնում է վճիռ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128 հոդված):

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127 հոդվածի համաձայն գործի արագացված դատաքննության ընթացքում դատարանը կարող է որոշում կայացնել արագացված դատաքննություն կիրառելու որոշումը վերացնելու մասին և գործի քննությունն իրականացնել օրենսգրքի 18 գլխում սահմանված կարգով, եթե`

ա) դատաքննության ընթացքում կպարզվի, որ տվյալ գործով արագացված դատաքննություն կիրառելն անհրաժեշտ աստիճանի անհետաձգելի չէ, այսինքն` ընդհանուր կարգով գործի քննությունը չի ազդի դատաքննության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, չի կորցնի այդ գործի դատական քննության նշանակությունը և վնաս չի պատճառի կողմերին.

բ) դատաքննության ընթացքում վեճ է ծագել իրավունքի մասին, այսինքն` պատասխանողն առարկում է հայցի դեմ և ներկայացնում է համապատասխան ապացույցներ կամ վիճարկում է հայցվորի ներկայացրած ապացույցների պատշաճ լինելը:

9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129 հոդվածի համաձայն ակնհայտ անհիմն հայցը դատարանի կողմից մերժվելու դեպքում պատասխանողն իրավունք ունի ընդդեմ հայցվորի հայց հարուցել նույն դատարան` իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով, այսինքն` տվյալ դեպքում նախատեսված է բացառություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82 հոդվածով սահմանված կանոնից:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215 հոդվածի համաձայն վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, նույն հոդվածում շարադրված բացառությամբ: Դրանից հետևում է, որ արագացված դատաքննության վերաբերյալ սույն պարզաբանումը վերաբերում է նաև գործի դատաքննությանը վերաքննիչ դատարանում:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
27.03.1999
N 9
Որոշում