Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28-ՐԴ, 53- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0326/02/12

    դատարանի որոշում                                             2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0326/02/12

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ի. Վարդանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արամ Մակարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արամ Մակարյանի ընդդեմ Խաչիկ Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արամ Մակարյանը պահանջել է Խաչիկ Մանուկյանից բռնագանձել 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վերադարձման ենթակա հիմնական փոխառության գումար, ինչպես նաև պարտավորության կետանցի օրվանից` 01.12.2009 թվականից սկսած, 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն հաշվարկված տոկոսներ` տոկոսների բռնագանձումը շարունակելով մինչև վճռի փաստացի կատարումը, ինչպես նաև 450.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 13.07.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է պատասխանող Խաչիկ Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Մակարյանի բռնագանձել 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումարը: Պատասխանող Խաչիկ Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Մակարյանի բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 02.12.2009 թվականից մինչև վճիռ կայացնելու օրը` 13.07.2012 թվականը, որը կազմում է 1.489.771 ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը և բռնագանձումը շարունակելով մինչև պարտքի գումարի փաստացի մարման օրը: Պատասխանող Խաչիկ Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Մակարյանի բռնագանձել 250.000 ՀՀ դրամ` որպես դատական ծախսի գումար, ինչպես նաև 50.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Պատասխանող Խաչիկ Մանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 73.467,42 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Հայցապահանջը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.11.2012 թվականի որոշմամբ Խաչիկ Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 13.07.2012 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արամ Մակարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 60-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանը թեև հաստատել է դատական ծանուցագրերի ստացված լինելու հանգամանքը, սակայն գտել է, որ միանշանակ հնարավոր չէ հետևություն անել Խաչիկ Մանուկյանի կողմից պատշաճ ծանուցման մասին, հիմնավոր չէ և չի բխում գործի իրական փաստերից, քանի որ նման եզրահանգման համար Վերաքննիչ դատարանն ինքն է հետազոտել փոստային հավաստագրերում առկա ստորագրությունների իսկությունը և գործում առկա փոստային հավաստագրերի ուսումնասիրության, հետազոտման առումով կատարել է հատուկ գիտելիքներ պահանջող գործողություն, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծմանը:

Մինչդեռ, դատարանն իրավունք չունի ծանուցման կամ հակառակ փաստի քննարկման ժամանակ անձամբ ստուգել փոստային հավաստագրում առկա ծանուցվողի ստորագրության իսկությունը, առավել ևս այն դեպքում, երբ դրա վերաբերյալ չի ներկայացվել համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույց: Այնինչ Վերաքննիչ դատարանը ոչ միայն հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա չէ նման ապացույց, այլև անձամբ ուսումնասիրության է ենթարկել փոստային հավաստագրերում առկա ստորագրության իսկությունը, այսինքն` կատարել է հատուկ գիտելիքներ պահանջվող գործողություն, ինչից ելնելով կասկածի տակ է դրել այդ հավաստագրերում առկա պատասխանողի ստորագրության իսկությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել նաև այն փաստը, որ ոչ թե գործ ունենք դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ Խաչիկ Մանուկյանի ծանուցված չլինելու հանգամանքի հետ, այլ նրա դատավարական իրավունքներից և պարտականություններից ոչ բարեխիղճ օգտվելու փաստի հետ: Այսինքն` Դատարանը, ունենալով բավարար հիմքեր գործի քննությունը Խաչիկ Մանուկյանի բացակայությամբ շարունակելու համար, այդուհանդերձ բազմակի անգամ Խաչիկ Մանուկյանի միջնորդությամբ հետաձգել է գործի քննությունը` հնարավորություն ընձեռելով նրան ոչ միայն անձամբ ներկա գտնվել գործի քննությանը, այլև բավարար ժամանակ է հատկացրել իր կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնել հայցադիմումի պատասխան:

Հետևաբար, տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե ոչ պատշաճ ծանուցման հետ, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջի խախտման, այսինքն` դատավարության մասնակցի կողմից դատավարական իրավունքներից և պարտականություններից ոչ բարեխիղճ օգտվելու փաստի հետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.11.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.07.2012 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 30.03.2012 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ գործի քննությունը նշանակվել է 18.04.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 43):

2) 18.04.2012 թվականին Խաչիկ Մանուկյանը ներկայացրել է միջնորդություն` հայցադիմումի պատասխանի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 51):

3) Դատարանը 18.04.2012 թվականին նշանակված գործի քննությունը Խաչիկ Մանուկյանի միջնորդության (հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու) հիման վրա հետաձգել է և այն նշանակել 07.05.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 52):

4) 07.05.2012 թվականին գործի քննությունը Խաչիկ Մանուկյանի չներկայանալու պատճառով կրկին հետաձգվել և նշանակվել է 11.07.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 68):

5) 11.07.2012 թվականին, չնայած Խաչիկ Մանուկյանի պատշաճ ծանուցմանը` վերջինս հերթական անգամ չի ներկայացել դատական նիստին: Նշված օրը տեղի է ունեցել դատական նիստ, և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 13.07.2012 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 78):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է դատական ծանուցումների հետ կապված դատավարական պարտականությունները բարեխիղճ կատարելու, ինչպես նաև դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցված չլինելու փաստն ապացուցելու դատավարական բեռի վերաբերյալ միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

i

Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանվում են գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները, որի 3-րդ կետը սահմանում է, որ գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

Վերը նշված դրույթների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Նշված սկզբունքը դրսևորվում է նաև դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց հասցեի փոփոխության վերաբերյալ գործին մասնակցող անձի կողմից ծանուցելով: Նման կերպ պաշտպանվում է ոչ միայն հասցեն փոխած անձի իրավունքը, այլև դատավարության մյուս մասնակիցների իրավունքները, քանի որ դատարանը, ծանուցագրերը ուղարկելով փոխված հասցեով, ըստ էության ապահովում է գործի ողջամիտ ժամկետում քննությունը մի կողմից և դատավարության մասնակիցների` դատական նիստին ներկա գտնվելու հնարավորությունը մյուս կողմից: Դրանով է պայմանավորված նաև այն, որ օրենսդիրը իր դատավարական իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվող կողմի վրա է թողնում հետևանքները կրելու ռիսկը, այն է` հասցեն փոփոխելու վերաբերյալ հաղորդման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է հանձնված` անկախ հասցեատիրոջ` այդ հասցեում բնակվելու հանգամանքից:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը նշել է, որ թեև գործի նյութերով հիմնավորվել է, որ Դատարանի կողմից 11.07.2012 թվականին կայանալիք դատական նիստին Խաչիկ Մանուկյանի պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով ուղարկված դատական ծանուցագիրը ստացվել և ստորագրվել է, այդուհանդերձ նույն ժամանակահատվածում` մինչև 11.07.2012 թվականին կայանալիք դատական նիստը պատասխանողին հասցեագրված ծանուցագրերից 17.05.2012 թվականի թիվ Ե-11958 ծանուցագիրը վերադարձվել է «Դուռը փակ է» նշումով, իսկ նույն ժամանակահատվածում Երևանի Դ. Մալյանի 11-րդ շենքի թիվ 20 բնակարան մուտք եղած թվով երկու հավաստագրերի վրա առկա ստորագրությունների` անզեն աչքով ուսումնասիրությունից ակներև է դառնում, որ դրանք էականորեն տարբերվում են ինչպես մեկը մյուսից, այնպես էլ գործի նյութերում առկա մյուս փոստային հավաստագրերում և այլ փաստաթղթերում առկա ստորագրություններից:

Բողոքաբերի ներկայացուցիչը վերաքննիչ ատյանում փաստել է, որ իր վստահորդը վերը նշված հասցեում չի բնակվում, և որ Խաչիկ Մանուկյանը գործուղումների բերումով դատական ողջ գործընթացի ժամանակ պարբերաբար բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ չնայած գործի նյութերում առկա ծանուցագրերը Երևանի Դ. Մալյան 11-րդ շենքի թիվ 20 բնակարանի հասցեում ստացված լինելուն` միանշանակ հնարավոր չէ հետևություն անել Խաչիկ Մանուկյանի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքի մասին, առավել ևս, որ վերջինիս իրական մասնակցությունը գործի քննությանը չի ապահովվել, որպիսի պարագայում դատարանը գործը քննել է պատասխանողի բացակայությամբ ու վճիռ կայացրել:

Վերոնշյալ վերլուծությունների և գործի փաստերի համադրմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը իրավաչափ չէ: Սույն գործով ստորադաս դատարանի կողմից նախ և առաջ գնահատման առարկա պետք է դարձվեր պատասխանողի դատավարական իրավունքներից օգտվելու և պարտականությունները ոչ բարեխղճորեն կատարելու փաստը, հետո նոր միայն պատշաճ ծանուցված լինելու փաստը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը ծանուցված չլինելու հիմքին անդրադառնալիս նախ պետք է պարզեր, թե արդյոք դատավարությանը մասնակից կողմը դատական նիստից բացակայել է ոչ պատշաճ ծանուցման հետևանքով, թե ծանուցվելով դատական նիստի ժամի և վայրի մասին` արհեստականորեն ձգձգել է դատական նիստի գործընթացը և ձևական հիմքեր ստեղծել վերաքննիչ բողոք բերելու համար:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի ուսումնասիրել վերը նշված փաստի գոյությունը, քանի որ սույն գործում առկա ապացույցներից պարզ է դառնում, որ Դատարանը բազմիցս հետաձգել է գործի քննությունը, չնայած նրան, որ Խաչիկ Մանուկյանը պատշաճ ծանուցված է եղել նիստի ժամանակի և վայրի մասին: 18.04.2012 թվականին նշանակված դատական նիստի մասին ծանուցված լինելով` Խաչիկ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով ընտրությունների կապակցությամբ հետաձգել գործի քննությունը: Նշված միջնորդությունը բավարարվել է` գործի քննությունը հետաձգվել է մինչև 07.05.2012 թվականը: Դրանից հետո դատական նիստը մեկ անգամ ևս հետաձգվել է մինչև 11.07.2012 թվականը, որի վերաբերյալ Խաչիկ Մանուկյանը ծանուցվել է (հատոր 1-ին, գ.թ. 78), սակայն չի ներկայացել նշանակված նիստին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, երբ ծանուցման կամ հակառակ փաստի քննարկման ժամանակ անձամբ է ստուգել փոստային հավաստագրում առկա ծանուցվողի ստորագրության իսկությունը: Վճռաբեկ դատարանը նման դիրքորոշման համար հիմք է ընդունում այն, որ ծանուցված չլինելու փաստը մի դեպքում կարող է հաստատվել գործում համապատասխան անդորրագրի բացակայությամբ, իսկ մյուս դեպքում` անդորրագրի վրա առկա ստորագրությունը այլ անձի կողմից կատարված լինելով: Առաջին դեպքում փաստի հաստատման համար չի պահանջվում հատուկ գիտելիքների առկայություն, փաստը` ծանուցված չլինելը, հաստատվում է համապատասխան անդորրագրի բացակայությամբ: Այլ է իրավիճակը երկրորդ դեպքում, քանի որ ստորագրության պատկանելիության փաստը կարող է հաստատվել միայն փորձագիտական եզրակացության առկայությամբ, անկախ անզեն աչքով համեմատվող ստորագրությունների միջև տարբերությունների տեսանելի լինելուց: Ընդ որում, բողոք ներկայացրած կողմն ինքն է կրում իր վկայակոչած փաստի ապացուցման բեռը:

Վերը նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքերում գործում է ծանուցման անդորրագրերի վրա առկա ստորագրությունները հասցեատիրոջ կողմից ստորագրված լինելու կանխավարկածը, քանի դեռ հակառակն ապացուցված չէ:

Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ Խաչիկ Մանուկյանը պատշաճ ծանուցվել է 18.04.2012 թվականին նշանակված դատական նիստի մասին և նշված ծանուցումը ստացել է Երևանի Դ. Մալյանի 11-րդ շենք, բնակարան 20 հասցեով, որից հետո էլ ներկայացրել է միջնորդություն գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ, իսկ հասցեն փոխելու մասին որևէ այլ դիմում ոչ դատարանին, ոչ էլ գործին մասնակցող անձանց Խաչիկ Մանուկյանը չի ներկայացրել: Փաստերի դասավորվածության նման պարագայում, երբ Խաչիկ Մանուկյանի` վերը նշած հասցեով ուղարկված հետագա ծանուցումները ստորագրությամբ ստացվել են, և վերջինս հետագայում փաստարկել է իր հասցեն փոխելու և ծանուցված չլինելու վերաբերյալ, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածների ուժով նա համարվում է պատշաճ ծանուցված:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Խաչիկ Մանուկյանը զրկված չի եղել քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու կամ իր ներկայացուցչի ներկայությունն ապահովելու հնարավորությունից:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 09.11.2012 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործով դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկվել է միայն դատական նիստի վերաբերյալ պատշաճ ծանուցված չլինելու հիմքով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012 թվականի վճռին:

2. Խաչիկ Մանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 360 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.09.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, 360 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.02.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, ինչպես նաև 02.12.2009 թվականից սկսած 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան` պարտավորության փաստացի կատարման օրվա դրությամբ բռնագանձման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և հետաձգված պետական տուրք ու նույն գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան` պարտավորության փաստացի կատարման օրվա դրությամբ բռնագանձման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և հետաձգված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ԵԱՆԴ/0326/02/12
Որոշում