Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ, 24-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ             Վարչական գործ թիվ ՎԴ6/0207/05/09

    դատարանի որոշում                                           2013 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ6/0207/05/09

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

    Դատավորներ`        Հ. Բեդևյան

                       Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Վանաձորի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Թումանյանի տարածքային հարկային տեսչության (ներկայումս` Վանաձորի տարածքային հարկային տեսչություն) ընդդեմ Արաքսյա Աբգարյանի, երրորդ անձ «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Արաքսյա Աբգարյանից 831.700 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ալավերդյան) (այսուհետ` Դատարան) 20.06.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2012 թվականի որոշմամբ Արաքսյա Աբգարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Դատարանի 20.06.2012 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 113-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ Տեսչության կողմից պատվիրված նամակով ակտն ուղարկվել է հասցեատիրոջը, որն էլ վերջինս ստացել և ստորագրել է փոստային ծառայության առաքանու գրքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.06.2012 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 13.11.2008 թվականի թիվ 2303109 հանձնարարագրով Տեսչության աշխատակիցներին հանձնարարվել է Արաքսյա Աբգարյանի մոտ կատարել առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման ստուգում: Ստուգման արդյունքներով 13.11.2008 թվականին կազմված թիվ 2303109 ակտով Արաքսյա Աբգարյանին առաջադրվել է 831.700 ՀՀ դրամ հարկային պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 3-4):

2) «Հայփոստ» ՓԲԸ-ի Թումանյանի փոստային մասնաճյուղի 28.02.2011 թվականի թիվ 01/19 գրության համաձայն` Ալավերդի քաղաքի բնակիչ Արաքսյա Աբգարյանի անվամբ 2008 թվականի նոյեմբերի 18-ին հանձնված է պատվիրված փոստային առաքանի (R-99) ուղարկված Ալավերդի քաղաքից, ինչը հաստատվում է թիվ 1702 փ/բ Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցը սպասարկող փոստատարի «Հանձնվող առաքանու» գրքում կատարված գրառմամբ (Գ-8) (հատոր 1-ին, գ.թ. 65-66):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է ստուգման ակտը հասցեատիրոջը հանձնելու խնդրին` որպես վարչական ակտի ուժի մեջ մտնելու նախապայման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող ինկորպորացիայով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմված ստուգման ակտը ստուգում իրականացնող անձինք երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված ակտն ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք և տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում կողմերի կարծիքներն արձանագրվում են ակտում: Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում: Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսվարող սուբյեկտին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն` գրավոր վարչական ակտն ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ եղանակներով:

Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:

Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, թե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել նախկինում արտահայտած իր այն դիրքորոշումը, որ նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ստուգման կազմակերպման և անցկացման վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, քանի որ դրա առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ հիշյալ օրենքը, վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող ինկորպորացիայով, ստուգում իրականացնող անձի վրա դնելով ստուգման ակտը երեք օրվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտին ներկայացնելու պարտականություն, չէր կարգավորում ներկայացման եղանակը: Հետևաբար, ստուգում իրականացնող անձը ստուգման ակտի մասին տնտեսվարող սուբյեկտին պետք է իրազեկեր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Մասնավորապես` ստուգման ակտը պետք է հանձնվեր ստորագրությամբ առձեռն ստանալու միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում` պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ (ի թիվս այլոց տե՛ս ըստ հայցի ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն ընդդեմ «Վագրա» ՍՊԸ-ի թիվ 3-1714(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշումը):

Սույն գործով հայցը բավարարելիս Դատարանը, գնահատելով վարչական ակտը, որպես ուժի մեջ մտած ակտ, միաժամանակ պատճառաբանել է, որ «13.11.2008 թվականի թիվ 2303109 ակտն օրենքով սահմանված կարգով վերադասության կամ դատական կարգով չի բողոքարկվել»:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու, դատական ակտը բեկանելու և փոփոխելու հիմքում դրել է պատճառաբանությունն այն մասին, որ «գործով հաստատված փաստերն ինքնին բացառում են պատասխանողի կողմից պատշաճ կարգով ստուգման ակտը ստացած լինելու հանգամանքը և հետևաբար, բացառում են դրա ուժի մեջ մտնելը: Տեսչության ուժի մեջ չմտած ակտը չի կարող իրավական հետևանքներ առաջացնել, այսինքն` հիմք հանդիսանալ այդ ակտով առաջադրված պարտավորությունը բռնագանձելու համար»:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` «Հայփոստ» ՓԲԸ-ի Թումանյանի փոստային մասնաճյուղի 28.02.2011 թվականի թիվ 01/19 գրության համաձայն` Ալավերդի քաղաքի բնակիչ Արաքսյա Աբգարյանի անվամբ 2008 թվականի նոյեմբերի 18-ին հանձնված է պատվիրված փոստային առաքանի (R-99)` ուղարկված Ալավերդի քաղաքից:

Վերոգրյալներից ելնելով և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել «Հայփոստ» ՓԲԸ-ի Թումանյանի փոստային մասնաճյուղի 28.02.2011 թվականի թիվ 01/19 գրությունը և դրան կից ներկայացված Ալավերդի քաղաքի թիվ 1702 փ/բ Ջրավազանի փողոցը սպասարկող փոստատարի «Հանձնվող առաքանու» գրքի (Գ-8) լուսապատճենը, որոնցով հիմնավորվում է 13.11.2008 թվականի թիվ 2303109 ակտը Արաքսյա Աբգարյանի կողմից ստանալու փաստը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.10.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 20.06.2012 թվականի վճռին:

2. Արաքսյա Աբգարյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Վանաձորի տարածքային հարկային տեսչության բռնագանձել 24.951 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ՎԴ6/0207/05/09
Որոշում