Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 172...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 172-ՐԴ, 187-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0477/02/11

    դատարանի որոշում                                              2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0477/02/11

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հուլիսի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Տեր-Պողոսյանի և Արփիկ Բոջիկյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2013 թվականի որոշման դեմ` ըստ Վարդան Տեր-Պողոսյանի հայցի ընդդեմ Խաթուն Բեջուկյանի, Գևորգ Քեշիշյանի, երրորդ անձինք Ծաղիկ Վարդանյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Կենտրոն նոտարական գրասենյակի, Արփիկ Բոջիկյանի, Մարի Բոջիկյանի և Շաքե Պոջուկյանի` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, այդ մասի նկատմամբ նախկին սեփականատերերի իրավունքը դադարեցնելու, ըստ կտակի ժառանգության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Տեր-Պողոսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող իր կողմից փաստացի օգտագործվող հողամասի նկատմամբ` այդ մասով դադարեցնելով Խաթուն Բեջուկյանի և Գևորգ Քեշիշյանի սեփականության իրավունքը, ինչպես նաև նշված մասով մասնակի անվավեր ճանաչել 13.04.2011 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 3040 վկայագիրը:

Գործի քննության ընթացքում 05.03.2012 թվականին մահացած Խաթուն Բեջուկյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգ է ճանաչվել Գևորգ Քեշիշյանը, որին 18.09.2012 թվականին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր, ինչի հիմքով դատարանը կատարել է Խաթուն Բեջուկյանի փոխարինում իրավահաջորդով, և Գևորգ Քեշիշյանը ճանաչվել է Խաթուն Բեջուկյանի իրավահաջորդ:

Վարդան Տեր-Պողոսյանը, փոխելով և ավելացնելով հայցապահանջը, արդյունքում պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքն ըստ Կադաստրի 26.10.2011 թվականի թիվ 5229 գրության և հատակագծի` իր կողմից փաստացի օգտագործվող Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող օրինական կիսանկուղի, 223,0 քմ հողամասի, 61,4 քմ ընդհանուր հողամասի և Երևանի Շահումյան 17-րդ փողոցի թիվ 30 հասցեի 12,2 քմ հողամասի նկատմամբ, ինչպես նաև օրինական կիսանկուղի, 223,0 քմ հողամասի նկատմամբ դադարեցնել Խաթուն Բեջուկյանի և Գևորգ Քեշիշյանի սեփականության իրավունքը, իսկ 12,2 քմ հողամասի նկատմամբ դադարեցնել Ծաղիկ Վարդանյանի սեփականության իրավունքը, իսկ 61,4 քմ ընդհանուր օգտագործվող հողամասը թողնել սեփականության իրավունքով իր և Խաթուն Բեջուկյանի իրավահաջորդ Գևորգ Քեշիշյանի ընդհանուր օգտագործմանը, անվավեր ճանաչել Գևորգ Քեշիշյանին 13.04.2011 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի գրանցումը և վկայագիրը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 12.10.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Վարդան Տեր-Պողոսյանի սեփականության իրավունքը Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեի օրինական շինություն հանդիսացող ըստ Կադաստրի թիվ 5229 գրության և հատակագծի` կիսանկուղի և 223,0 քմ առանձնացված հողամասի և 61,4 քմ ընդհանուր հողամասի նկատմամբ: Ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է նաև Վարդան Տեր-Պողոսյանի սեփականության իրավունքը Երևանի Շահումյան 17-րդ փողոցի թիվ 30 հասցեի` Ծաղիկ Վարդանյանին պատկանող 12,2 քմ հողամասի նկատմամբ: Նշված հիմքով դադարեցվել է նախկին սեփականատերերի սեփականության իրավունքը: Անվավեր է ճանաչվել Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեի` Ծաղիկ Բոջուկյանին պատկանող 1/2 մասով ժառանգական գույքի նկատմամբ 13.04.2011 թվականին ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Գևորգ Քեշիշյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի գրանցումը և վկայագիրը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2013 թվականի որոշմամբ Գևորգ Քեշիշյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել է Դատարանի 12.10.2012 թվականի վճռի` Վարդան Տեր-Պողոսյանի հայցն ընդդեմ Խաթուն Բոջուկյանի (Բեջուկյան), Գևորգ Քեշիշյանի, երրորդ անձինք Կադաստրի, Արփիկ Բոջիկյանի, Մարի Բոջիկյանի, Խաթուն Բոջիկյանի (Բեջուկյան) և Շաքե Բոջիկյանի (Պոջուկյանի)` ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեի օրինական շինություն հանդիսացող ըստ Կադաստրի թիվ 5229 գրության և հատակագծի` կիսանկուղի և 223,0 քմ առանձնացված հողամասի և 61,4 քմ ընդհանուր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, այդ մասի նկատմամբ նախկին սեփականատերերի իրավունքը դադարեցնելու պահանջների մասերը, և այդ մասերով հայցը մերժվել է: Վճիռը մնացած մասերով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Վարդան Տեր-Պողոսյանը և Արփիկ Բոջիկյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Շաքե Պոջուկյանը:

 

2. Վարդան Տեր-Պողոսյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 8-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, նշված կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 56-րդ հոդվածները, 208-րդ հոդվածի 3-րդ կետը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 273-րդ, 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 1994 թվականից Վարդան Տեր-Պողոսյանը Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող օրինական կիսանկուղը, 223,0 քմ հողամասը, 61,4 քմ ընդհանուր հողամասը 10 տարի և ավելի բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ որպես սեփական գույք տիրապետել է, ինչի ուժով դրա նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող հողամասի և օրինական նկուղի համար Վարդան Տեր-Պողոսյանը վճարել է Ծաղիկ Բոջուկյանին և Խաթուն Բեջուկյանին, իսկ չնայած նշված հասցեում գտնվող ինքնակամ կառույցը տիրապետելու և օգտագործելու համար վճարել է Հովհաննես Ղարիբյանին, սակայն այն սույն քաղաքացիական գործով վեճի առարկա չի եղել:

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն փաստին, որ ըստ հայցադիմումի` Վարդան Տեր-Պողոսյանը սույն գործով պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը օրինական նկուղի, ինչպես նաև օրինական հողամասի նկատմամբ:

Ավելին, Ծաղիկ Բոջուկյանի իրավահաջորդները, հայցադիմումի դեմ ներկայացնելով պատասխան, ընդունել են այն փաստը, որ Վարդան Տեր-Պողոսյանը գնել է Ծաղիկ Բոջուկյանից և Խաթուն Բեջուկյանից նշված հասցեում գտնվող վիճելի օրինական հողամասը և օրինական նկուղը: Բացի այդ, Ծաղիկ Բոջուկյանի իրավահաջորդները, ընդունելով Դատարանի վճիռը, վերաքննիչ բողոք չեն բերել, հետևաբար վճռի նշված մասը Գևորգ Քեշիշյանն իրավասու չէր բողոքարկելու` Ծաղիկ Բոջուկյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգ չլինելու հիմքով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Վարդան Տեր-Պողոսյանն իր ընտանիքով 1994 թվականից առ այսօր բարեխղճորեն տիրապետում է նշված հասցեում գտնվող օրինական հողամասը և օրինական նկուղը, որպիսի փաստը հաստատվում է Վարդան Տեր-Պողոսյանի կողմից զբաղեցրած բաժնեմասն ընդհանուր գույքից առանձնացնելու, շինարարություն կատարելու, վերանորոգելու, մուտքերն առանձնացնելու, ինչպես նաև հարևանների ցուցմունքներով, գործում առկա էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և հեռախոսահամարի բաժանորդային գրքույկներով, վճարված անդորրագրերով, ապահովագրական վկայականներով: Բացի այդ, նախկին սեփականատերերն իրենց գործողություններով հրաժարվել են վիճելի գույքի նկատմամբ ունեցած իրենց սեփականության իրավունքից և երբևէ Վարդան Տեր-Պողոսյանին չեն արգելել տիրապետելու վիճելի օրինական հողամասը և օրինական նկուղը: Հատկանշական է, որ Գևորգ Քեշիշյանը ևս ընդունել է, որ Վարդան Տեր-Պողոսյանն իր ընտանիքով 1994 թվականից բնակվում է վիճելի հասցեում, և նախկին սեփականատերերը երբեք չեն պահանջել Վարդան Տեր-Պողոսյանին ազատել նկուղը և հողամասը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձ Վարդան Տեր-Պողոսյանը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2013 թվականի որոշման` հայցը մերժելու մասով Դատարանի 12.10.2012 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու մասը և այն փոփոխել` այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 12.10.2012 թվականի վճռին կամ այդ մասով բեկանել որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Արփիկ Բոջիկյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 8-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, նշված կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 56-րդ հոդվածները, 208-րդ հոդվածի 3-րդ կետը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 273-րդ, 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 1994 թվականից Վարդան Տեր-Պողոսյանը Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող օրինական կիսանկուղը, 223,0 քմ հողամասը, 61,4 քմ ընդհանուր հողամասը 10 տարի և ավելի բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ որպես սեփական գույք տիրապետել է, ինչի ուժով դրա նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող հողամասի և օրինական նկուղի համար Վարդան Տեր-Պողոսյանը վճարել է Ծաղիկ Բոջուկյանին և Խաթուն Բեջուկյանին, իսկ չնայած նշված հասցեում գտնվող ինքնակամ կառույցը տիրապետելու և օգտագործելու համար վճարել է Հովհաննես Ղարիբյանին, սակայն այն սույն քաղաքացիական գործով վեճի առարկա չի եղել:

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն փաստին, որ ըստ հայցադիմումի` Վարդան Տեր-Պողոսյանը սույն գործով պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը օրինական նկուղի, ինչպես նաև օրինական հողամասի նկատմամբ:

Ավելին, Ծաղիկ Բոջուկյանի իրավահաջորդները, հայցադիմումի դեմ ներկայացնելով պատասխան, ընդունել են այն փաստը, որ Վարդան Տեր-Պողոսյանը գնել է Ծաղիկ Բոջուկյանից և Խաթուն Բեջուկյանից նշված հասցեում գտնվող վիճելի օրինական հողամասը և օրինական նկուղը: Բացի այդ, Ծաղիկ Բոջուկյանի իրավահաջորդները, ընդունելով Դատարանի վճիռը, վերաքննիչ բողոք չեն բերել, հետևաբար վճռի նշված մասը Գևորգ Քեշիշյանն իրավասու չէր բողոքարկելու` Ծաղիկ Բոջուկյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգ չլինելու հիմքով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Վարդան Տեր-Պողոսյանն իր ընտանիքով 1994 թվականից առ այսօր բարեխղճորեն տիրապետում է նշված հասցեում գտնվող օրինական հողամասը և օրինական նկուղը, որպիսի փաստը հաստատվում է Վարդան Տեր-Պողոսյանի կողմից զբաղեցրած բաժնեմասն ընդհանուր գույքից առանձնացնելու, շինարարություն կատարելու, վերանորոգելու, մուտքերն առանձնացնելու, ինչպես նաև հարևանների ցուցմունքներով, գործում առկա էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և հեռախոսահամարի բաժանորդային գրքույկներով, վճարված անդորրագրերով, ապահովագրական վկայականներով: Բացի այդ, նախկին սեփականատերերն իրենց գործողություններով հրաժարվել են վիճելի գույքի նկատմամբ ունեցած իրենց սեփականության իրավունքից և երբևէ Վարդան Տեր-Պողոսյանին չեն արգելել տիրապետելու վիճելի օրինական հողամասը և օրինական նկուղը: Հատկանշական է, որ Գևորգ Քեշիշյանը ևս ընդունել է, որ Վարդան Տեր-Պողոսյանն իր ընտանիքով 1994 թվականից բնակվում է վիճելի հասցեում, և նախկին սեփականատերերը երբեք չեն պահանջել Վարդան Տեր-Պողոսյանին ազատել նկուղը և հողամասը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձ Արփիկ Բոջիկյանը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.10.2012 թվականի վճռին, հայցը բավարարել կամ մասնակիորեն բեկանել որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.2. Վճռաբեկ բողոքների դեմ Շաքե Պոջուկյանի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է, այն չի կայացվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար Վարդան Տեր-Պողոսյանի և Արփիկ Բոջիկյանի կողմից բերված վճռաբեկ բողոքները հիմնավոր են, համապատասխանում են իրականությանը և գործում առկա փաստերին, այդ իսկ հիմքով Վերաքննիչ դատարանի 30.01.2013 թվականի որոշումը ենթակա է բեկանման:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 05.08.1972 թվականին ծնված Վարդան Ստեփանի Տեր-Պողոսյանի ծնողներն են Ստեփան Կարապետի Տեր-Պողոսյանը և Շաքե Հակոբի Տեր-Պողոսյանը (հատոր 1-ին, գ.թ. 12):

2) Ծաղիկ Հակոբի Բոջիկյանը, Խաթուն Հակոբի Բեջուկյանը, Արփիկ Հակոբի Բոջիկյանը և Շաքե Հակոբի Պոջուկյանը քույրեր են (հատոր 3-րդ, գ.թ. 30, 31, 66):

3) 22.09.1988 թվականի անհատական բնակելի տան ֆոնդի տեխնիկական անձնագրի համաձայն` Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող 516,0 քմ մակերեսով հողամասը և 77,8 քմ մակերեսով շինությունը, այդ թվում նաև` 17,0 քմ մակերեսով օրինական նկուղը սեփականության իրավունքով պատկանել է Ծաղիկ Հակոբի Բոջուկյանին և Խաթուն Հակոբի Բեջուկյանին 1/2-ական բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 119-122):

4) Ծաղիկ Բոջիկյանը Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 բնակելի տան և հողամասի իրեն պատկանող բաժինը 27.08.2002 թվականին կտակել է Գևորգ Քեշիշյանին (հատոր 2-րդ, գ.թ. 31):

5) Ծաղիկ Բոջիկյանը մահացել է 11.04.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 123):

6) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2011 թվականի թիվ ԵՄԴ/1028/02/10 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ Գևորգ Քեշիշյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2010 թվականի վճիռը և փոփոխվել` դիմումը բավարարվել է` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները համարվել են հարգելի, և Գևորգ Քեշիշյանը ճանաչվել է 11.04.2008 թվականին մահացած Ծաղիկ Բոջիկյանի 27.08.2002 թվականի կտակով ժառանգությունն ընդունած ժառանգ (հատոր 1-ին, գ.թ. 125-127):

7) 11.04.2008 թվականին մահացած Ծաղիկ Բոջիկյանի ժառանգական գույքի` Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող 1/2-րդ բաժնի նկատմամբ ժառանգ է ճանաչվել Գևորգ Քեշիշյանը, և վերջինիս 13.04.2011 թվականին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 3040 վկայագիրը (հատոր 1-ին, գ.թ. 128):

8) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.12.2011 թվականի թիվ ԵՄԴ/1028/02/10 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ Արփիկ Բոջիկյանի և Շաքե Պոջուկյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2011 թվականի որոշումը, և Գևորգ Քեշիշյանի դիմումը թողնվել է առանց քննության (հատոր 3-րդ, գ.թ. 14-17):

9) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 06.04.2011 թվականի թիվ 26/15-855 տեղեկանքի համաձայն` Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տանը հաշվառված են Խաթուն Բեջուկյանը` 15.07.1955 թվականից, Շաքե Պոջուկյանը և Ստեփան Տեր-Պողոսյանը` 06.12.1994 թվականից, Վարդան Տեր-Պողոսյանը` 12.12.1995 թվականից, իսկ Հասմիկ Տեր-Պողոսյանը` 04.03.2010 թվականից (հատոր 2-րդ, գ.թ. 37):

10) Կադաստրի 26.10.2011 թվականի թիվ 5229 գրության համաձայն` Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող օրինական հատկացված 516,0 քմ հողամասից փաստացի օգտագործվում է 453,5 քմ, օգտագործվում է նաև 114,9 քմ ինքնակամ զբաղեցրած հողամաս, որից 12,2 քմ հարևանի գրանցված հողամասն է: Կառուցված շենք-շինությունների արտաքին մակերեսը կազմում է 458,6 քմ, որից 61,0 քմ` հողի սահմանից դուրս: Վարդան Տեր-Պողոսյանը Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում փաստացի օգտագործում է 327,9 քմ հողամաս, որից օրինական հատկացված 223,0 քմ, նաև 61,4 քմ ընդհանուր հողամաս և 39,5 քմ ինքնակամ զբաղեցրած հողամաս: Վարդան Տեր-Պողոսյանի կողմից օգտագործվում է 330,7 քմ շենք-շինություն, որից 61,0 քմ` հողի սահմաններից դուրս: Վարդան Տեր-Պողոսյանի կողմից օգտագործվում է նաև Խաթուն Բեջուկյանին և Ծաղիկ Բոջիկյանին պատկանող օրինական կիսանկուղը (հատոր 2-րդ, գ.թ. 79-80):

11) Կադաստրի 18.11.2011 թվականի թիվ 5170 գրության համաձայն` Վարդան Տեր-Պողոսյանը օգտագործում է Երևանի Շահումյան 17-րդ փողոցի թիվ 30 հասցեում գտնվող հողամասից 12,2 քմ մակերեսով հատվածը, որի սեփականատերը Ծաղիկ Վարդանյանն է (հատոր 2-րդ, գ.թ. 86):

12) Խաթուն Բեջիկյանը Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 բնակելի տան և հողամասի իր բաժինը 25.04.2008 թվականին ամբողջությամբ կտակել է Վարդան Տեր-Պողոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 135):

13) Խաթուն Բեջուկյանն իրեն պատկանող շարժական և անշարժ գույքը 16.07.2010 թվականին ամբողջությամբ կտակել է Գևորգ Քեշիշյանին (հատոր 3-րդ, գ.թ. 139):

14) Խաթուն Բեջուկյանը մահացել է 05.03.2012 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 138):

15) Խաթուն Բեջուկյանի ժառանգական գույքի` Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող 1/2 բաժնի նկատմամբ ժառանգ է ճանաչվել Գևորգ Քեշիշյանը և վերջինիս 18.09.2012 թվականին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 2727 վկայագիրը (հատոր 4-րդ, գ.թ. 39):

16) Վարդան Տեր-Պողոսյանն իր ընտանիքի անդամների հետ, սկսած 1994 թվականից, կատարել են Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեի բոլոր տեսակի կոմունալ և ապահովագրության վճարումները (հատոր 1-ին, գ.թ. 19-21, 23-93, 94-98):

17) Վկաներ Գոհար Մարոնյանը և Գևորգ Չվչյանն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ Վարդան Տեր-Պողոսյանը ծնողների և ընտանիքի հետ միասին 1994 թվականից բնակվում են Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում իրենց կողմից զբաղեցրած բաժնում, որն առանձնացված է ընդհանուր գույքից, և շրջապատում նրան ընդունում են որպես այդ գույքի սեփականատեր (տես դատական նիստի արձանագրությունը):

18) Արփիկ Բոջիկյանի կողմից Դատարանին հասցեագրված 29.02.2012 թվականի պատասխանով հաստատվել է այն փաստը, որ Ծաղիկ Բոջիկյանը և Խաթուն Բեջուկյանը, Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող հողամասի համար դեռևս 1994 թվականին Վարդան Ստեփանի Տեր-Պողոսյանից ստանալով գումարը, իրենց համաձայնությամբ բաժանել են հողամասը 2 մասի և չեն առարկել, որ Վարդան Տեր-Պողոսյանը կառուցի շինություններ: 1994 թվականից վերջինս օգտագործում է առանձնացված հողամասը և իր կողմից կառուցված շինությունը, ու Արփիկ Բոջիկյանի մոտ այն կարծիքն է եղել, որ այն Վարդան Տեր-Պողոսյանին պատկանում է սեփականության իրավունքով, որովհետև շինությունները կառուցելուց հետո նա կատարել է նաև կապիտալ վերանորոգում, իսկ այդ ամբողջ ժամանակահատվածում Ծաղիկ Բոջիկյանի և Խաթուն Բեջուկյանի կողմից որևէ դժգոհություն չի լսել, նրանք չեն խոչընդոտել Վարդան Տեր-Պողոսյանի կողմից կատարած շինությունների կառուցմանը: Հանգուցյալ Ծաղիկ Բոջիկյանն իր կենդանության օրոք և Խաթուն Բեջուկյանը 1994 թվականին հրաժարվել էին Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեի հողամասի մի մասից հօգուտ Վարդան Տեր-Պողոսյանի, փաստացի առանձնացրել էին հողամասը և հողամասի վրա գտնվող բնակելի տունը, որի դիմաց ստացել էին գումար: Նրանց կողմից առանձնացվել էր նաև տուն մտնող մուտքերը (հատոր 3-րդ, գ.թ. 75-78):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքների շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն, որ Վարդան Տեր-Պողոսյանի և Արփիկ Բոջիկյանի վճռաբեկ բողոքները նույնաբովանդակ են, չի անդրադառնում դրանցից յուրաքանչյուրին առանձին և արձանագրում է, որ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները հավասարապես վերաբերում են երկու բողոքների հիմքերին և հիմնավորումներին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (ի թիվս այլոց տե՛ս Վոլոդյա Նիկողոսյանն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և այլոց թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Զարգացնելով իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության` օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումը ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքը փաստացի տիրապետմանն անցնելու պահին (տե՛ս Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Դատարանը հայցը բավարարելով` հաստատված է համարել այն հանգամանքը, որ նախկին սեփականատերերը` ինչպես Ծաղիկ Հակոբի Բոջիկյանը, այնպես էլ Խաթուն Հակոբի Բեջուկյանը, Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեի գույքի այդ մասի նկատմամբ իրենց իրավունքից հրաժարվել են դեռևս 1994 թվականից: Տվել են իրենց համաձայնությունը հայցվորի բնակեցման վերաբերյալ` այդ կապակցությամբ կատարելով այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն վկայել են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից իրենց մեկուսացման մասին, առանց այդ գույքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքը պահպանելու մտադրության (առանձնացրել են հողամասը և մուտքային տարածությունները, հատկացրել են նկուղային հատված, թույլատրել են կատարել կառուցումներ): Եվ չնայած հայցվորն այս ժամանակահատվածում գույքի այդ մասի սեփականատերը չի հանդիսացել, սակայն շուրջ 17 տարուց ավելի նա բացահայտ, բարեխիղճ, անընդմեջ այն տիրապետում է որպես սեփական գույք: Վերոնշյալ փաստերը հայցվորին հիմք են տվել ենթադրելու, որ ինքը հանդիսանում է տվյալ գույքի սեփականատերը: Այսպիսով, ձեռքբերման վաղեմության հիմքով հայցվորի մոտ պահպանվել են վերը նշված պայմանները` տասը տարի և ավել բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետել է վեճի առարկա հանդիսացող գույքը` որպես իր սեփականը, և իր կողմից կատարվել են այն բոլոր պարտականությունները, որոնք բխում են տիրապետման փաստից: Հայցվորը համոզված է եղել, որ ինքն է հանդիսանում նշված անշարժ գույքի սեփականատերը, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ վերջինիս պահպանման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, կոմունալ վճարումները կատարվել են նրա և հոր կողմից, և գույքը տիրապետել է բացահայտ և անընդմեջ, երրորդ անձանցից ոչ գաղտնի:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հովհաննես Ղարիբյանը որոշակի փոխհատուցմամբ բնակության իրավունքով իրեն հատկացված մասը հանձնել է Վարդան Տեր-Պողոսյանին: Այսինքն` ստանալով որոշակի փոխհատուցում Հովհաննես Ղարիբյանն իր բնակության (օգտագործման) իրավունքն ապօրինի կառույցների նկատմամբ զիջել է հայցվոր Վարդան Տեր-Պողոսյանին (որի իրավունքով օժտված չի եղել): Նման պայմաններում հայցվորի մոտ չէր կարող առկա լինել այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով, ինչպես նաև նրան տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն: Փաստորեն բացակայում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ վավերապայմաններից մեկը` բարեխղճությունը, որն արդեն իսկ բացառում է հայցի բավարարման հնարավորությունը: Ավելին, հայցվոր Վարդան Տեր-Պողոսյանը վիճելի գույքը տիրապետում է 1994 թվականից: 27.08.2002 թվականին Ծաղիկ Բոջիկյանը կտակ է կազմել, որով իր ամբողջ գույքը, այդ թվում նաև Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 բնակելի տան իրեն պատկանող բաժնեմասը կտակել է Գևորգ Քեշիշյանին: Ծաղիկ Բոջիկյանը կատարել է իր սեփական գույքը տնօրինելուն (վերադարձնելուն) ուղղված գործողություն, որը նշանակում է, որ վերջինս երբևէ չի հրաժարվել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքից:

Այս պարագայում բացակայում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ վավերապայմաններից մյուսը` 10 տարի անընդմեջ տիրապետելու հանգամանքը: Վերոնշյալ հանգամանքները Վերաքննիչ դատարանը դիտել է բավարար հիմք արձանագրելու համար, որ գույքի փաստացի տիրապետող Վարդան Տեր-Պողոսյանը 10 տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք չի տիրապետել վեճի առարկա հողատարածքը և կիսանկուղը, ինչի ուժով դրա նկատմամբ ձեռք չի բերել սեփականության իրավունք:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա փաստերով հաստատվում է հայցվորի` վիճելի հասցեում գտնվող օրինական հողամասը և օրինական նկուղը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը: Գույքի նախկին սեփականատերերի կողմից վիճելի օրինական հողամասի և օրինական նկուղի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև նշված գույքի նկատմամբ այն ձեռք բերողի տիրապետման բարեխղճությունը որոշվում է ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ, այլ բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ և տիրապետողի, և գույքի նախկին սեփականատերերի հետագա գործողությունները (անգործությունը):

Այսպես` սույն գործի փաստերը, մասնավորապես` հարևանների գրավոր հայտարարություններով ներկայացված փաստերը, Խաթուն Բեջուկյանի և Գևորգ Քեշիշյանի ներկայացուցչի կողմից Դատարանին հասցեագրված 17.06.2011 թվականի պատասխանով ընդունված փաստը, Արփիկ Բոջիկյանի կողմից Դատարանին հասցեագրված 29.02.2012 թվականի պատասխանում ներկայացված փաստը, Վարդան Տեր-Պողոսյանի` վիճելի հասցեում 1994 թվականից առ այսօր հաշվառված լինելու փաստը, Վարդան Տեր-Պողոսյանի կողմից վիճելի հողամասի վրա առկա շինություններն ընդլայնելը Ծաղիկ Բոջիկյանի և Խաթուն Բեջուկյանի կողմից թույլատրելու փաստը, հայցվորի կողմից վիճելի հողամասը և օրինական նկուղը 17 տարի բացահայտ որպես սեփականը տիրապետելուն Ծաղիկ Բոջիկյանի և Խաթուն Բեջուկյանի կողմից չխոչընդոտելու փաստը ցույց են տալիս, որ Վարդան Տեր-Պողոսյանը վիճելի հողամասը և օրինական նկուղը սկսել է փաստացի տիրապետել 1994 թվականից բարեխղճորեն և այդ ժամանակվանից սկսած` կատարել է տան հետագա շինարարական աշխատանքներ: Նշված շինարարական աշխատանքները հայցվորի կողմից սկսելը, գույքը 17 տարի տիրապետելը և օգտագործելը, Ծաղիկ Բոջիկյանի և Խաթուն Բեջուկյանի կողմից (ովքեր ի սկզբանե եղել են հողամասի սեփականատերերը, և որոնցից ձեռք էր բերել հայցվորը) առարկություն, անհամաձայնություն չհայտնելը, հողամասը և դրա վրա առկա անշարժ գույքը վերջինիս տիրապետությունից հետ վերադարձնելուն կամ շինարարական աշխատանքները դադարեցնելուն ուղղված որևէ պահանջ չներկայացնելը սույն գործով վկայում է այն մասին, որ հիշյալ անշարժ գույքը` վիճելի հողամասը և օրինական նկուղը, հայցվորի փաստացի տիրապետմանն է անցել Ծաղիկ Բոջիկյանի և Խաթուն Բեջուկյանի կամքով, ինչպես նաև վերջիններիս թույլտվությամբ Վարդան Տեր-Պողոսյանն առանձնացրել է Երևանի Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 հասցեում իր կողմից բարեղխճորեն տիրապետվող հողամասը, դրա վրա գտնվող բնակելի տունը և մուտքերը:

Բացի այդ, Ծաղիկ Բոջիկյանը, իր գույքը 27.08.2002 թվականին կտակելով Գևորգ Քեշիշյանին, ամենևին էլ չի խոչընդոտել և ընդհատել Վարդան Տեր-Պողոսյանի կողմից բարեխիղճ և անընդմեջ տիրապետումը վիճելի հողամասի և օրինական նկուղի նկատմամբ, այսինքն` գույքի նախկին սեփականատիրոջ վերաբերմունքն անշարժ գույքի ճակատագրի նկատմամբ դրսևորվել է անգործությամբ:

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վիճելի գույքի բացահայտ տիրապետման հանգամանքը հաստատվում է վերոնշյալ փաստերով, ինչպես նաև այն, որ հայցվորը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքն օրինական հողամասի և օրինական նկուղի նկատմամբ:

Վերոգրյալ փաստերի գնահատումը սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ Դատարանի վճիռը հիմնավոր է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արփիկ Բոջիկյանի վճռաբեկ բողոքի հիմքը վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատական ակտի` հայցը մերժելու մասին, հետևաբար դատական ակտը ենթակա է բեկանման այդ մասով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վարդան Տեր-Պողոսյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ Արփիկ Բոջիկյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2013 թվականի որոշման` հայցը մերժելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2012 թվականի վճռին: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Գևորգ Քեշիշյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, ինչպես նաև 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2013 թվականի որոշումներով հետաձգված պետական տուրք:

Գևորգ Քեշիշյանից հօգուտ Վարդան Տեր-Պողոսյանի և Արփիկ Բոջիկյանի բռնագանձել 20.000-ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.07.2013
N ԵՄԴ/0477/02/11
Որոշում