Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական      Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2733/02/09

    դատարանի որոշում                                             2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2733/02/09

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Աբելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նաիրա Գրիգորյանի ընդդեմ Կարինե Աբելյանի` սեփականության իրավունքով պատկանող գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից պահանջելու, վտարելու պահանջի մասին և Կարինե Աբելյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Նաիրա Գրիգորյանի, երրորդ անձինք Մարուսյա Զաքարյանի, Եֆրակսիա Կարապետյանի, Դավիթ Ավագյանի` Երևանի Մ. Խորենացու 3-րդ նրբանցքի թիվ 4 տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նաիրա Գրիգորյանը պահանջել է Կարինե Աբելյանին վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Մ. Խորենացու թիվ 98/1 հասցեի 66,6 քմ մակերեսով բնակելի տան մասից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարինե Աբելյանը պահանջել է Երևանի քաղաքապետի 19.03.2008 թվականի թիվ 1259-Ա որոշումը մասնակի` Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 98/1 տունը և դրա համար առանձնացված հողամասը Նաիրա Գրիգորյանին ուղղակի վաճառքով օտարելու մասով ճանաչել անվավեր և նշված կառույցն իրականացրած անձ ճանաչել իրեն, ինչպես նաև ճանաչել այդ կառույցը և դրա համար առանձնացված հողամասը գնելու իր նախապատվության իրավունքը, Երևանի քաղաքապետարանի և Նաիրա Գրիգորյանի միջև կնքված` «Պետական սեփականություն հանդիսացող կառույցի» և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի 06.05.2008 թվականի թիվ 4692 պայմանագրով գնորդի իրավունքներն ու պարտականությունները փոխանցել իրեն, ինչպես նաև վերը նշված կառույցի նկատմամբ Նաիրա Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը ճանաչել անվավեր:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2011 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել մասնակիորեն, վճռվել է «Երևանի քաղաքապետի 2008թ. մարտի 19-ի թիվ 1259-Ա որոշումը մասնակի` Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 98/1 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասը որպես կառույցն իրականացրած անձի` Նաիրա Գրիգորյանին կադաստրային արժեքով ուղղակի եղանակով օտարելու մասով ճանաչել անվավեր: Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2008թ. մարտի 19-ի թիվ 1259-Ա որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և Նաիրա Գրիգորյանի միջև 06.05.2008թ. կնքված պետական սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի թիվ 4692 պայմանագիրը: Կիրառել գործարքի անվավերության հետևանքներ ու անվավեր ճանաչել Նաիրա Էդուարդի Գրիգորյանի անվամբ 20.05.2008թ. կատարված Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 98/1 բնակելի տան անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հակընդդեմ հայցի մնացած մասը կարճել` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու պատճառով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2011 թվականի որոշմամբ Դավիթ Ավագյանի և Նաիրա Գրիգորյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն` բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2011 թվականի վճիռը` Նաիրա Գրիգորյանի հայցն ընդդեմ Կարինե Աբելյանի` սեփականության իրավունքով պատկանող գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից պահանջելու և վտարելու մասով, Երևանի քաղաքապետի 19.03.2008 թվականի թիվ 1259-Ա որոշումը մասնակի` Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 98/1 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասը որպես կառույցն իրականացրած անձի` Նաիրա Գրիգորյանին կադաստրային արժեքով ուղղակի եղանակով օտարելու մասով անվավեր ճանաչելու, Երևանի քաղաքապետի 19.03.2008 թվականի թիվ 1259-Ա որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի և Նաիրա Գրիգորյանի միջև 06.05.2008 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի թիվ 4692 պայմանագիրն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու ու Նաիրա Գրիգորյանի անվամբ 20.05.2008 թվականին կատարված Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 98/1 բնակելի տան անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասերով, և գործն այդ ծավալով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Կարինե Աբելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2011 թվականի վճիռը` Կարինե Աբելյանի հակընդդեմ հայցը կարճելու և մնացած մասերով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 24.10.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.04.2013 թվականի որոշմամբ Կարինե Աբելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.10.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Աբելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, քաղաքացիական իրավունքի նորմերը կիրառելով քաղաքացիական դատավարության նկատմամբ, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի պահանջները: Վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշմամբ նշել է, որ նոր լիազորագիր ներկայացնելու պատճառաբանությամբ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ պատասխանողի միջնորդությունն իրենից ներկայացրել է դատավարական իրավունքների անբարեխիղճ իրացում, իրավունքների չարաշահում:

Պատասխանողն իր դատական ներկայացուցչությունն իրականացնելու համար լիազորագիրը տվել է 14.12.2009 թվականին` երկու տարի գործողության ժամկետով, այսինքն` գործողության ժամկետն արդեն իսկ լրացած է եղել, որպիսի փաստը վրիպել է թե` Դատարանի և թե` Վերաքննիչ դատարանի ուշադրությունից: 09.10.2012 թվականին նշանակված դատական նիստին Դատարանին միջնորդություն է ներկայացվել գործի քննությունը հետաձգել և հնարավորություն տալ ներկայացնելու նոր լիազորագիր, սակայն Վերաքննիչ դատարանը նշված միջնորդությունը դիտել է դատավարական իրավունքների անբարեխիղճ իրացում` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլում պատասխանողի միջնորդությունների հիման վրա նշանակված դատական նիստերն արդեն իսկ մի քանի անգամ հետաձգվել են: Մինչդեռ դատական նիստերը հետաձգելու վերաբերյալ նախորդ ներկայացված միջնորդությունները նշված միջնորդության հետ որևէ կապ չեն ունեցել:

Ինչ վերաբերում է նոր լիազորագիր ներկայացնելու կապակցությամբ գործի քննության հետաձգմանը, ապա թե` Դատարանը և թե` Վերաքննիչ դատարանը չեն ժխտել այն փաստը, որ 15.12.2011 թվականի դրությամբ պատասխանողի կողմից Արթուր Գրիգորյանին տրված լիազորագրի ժամկետը լրացած է եղել: Տվյալ դեպքում Դատարանը նշված օրը չի հետաձգել դատական նիստը և ավարտելով գործի քննությունը` կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ` Կարինե Աբելյանին անհիմն կերպով զրկելով դատարանում ներկայացուցչի միջոցով իր գործը ներկայացնելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.04.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կարինե Աբելյանը 14.12.2009 թվականին երկու տարի ժամանակով լիազորագիր է տվել Արթուր Գրիգորյանին իր շահերը դատական ատյաններում ներկայացնելու համար, որի ժամկետը լրացել է 15.12.2011 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 16):

2) 09.10.2012 թվականին նշանակված դատական նիստով Արթուր Գրիգորյանը միջնորդել է դատական նիստը հետաձգել Կարինե Աբելյանի տված լիազորագրի ժամկետը լրանալու և նոր լիազորագիր ներկայացնելու համար: Նշված դատական նիստը չի հետաձգվել և կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որին Կարինե Աբելյանը չի մասնակցել (հատոր 5-րդ, գ.թ. 73, 75):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք սահմանափակվել և խախտվել է բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը, երբ միջնորդություն է ներկայացվել լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, սակայն Դատարանը մերժել է այն` չհետաձգելով դատաքննությունը և կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իրավական վերլուծությանը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, Գյումրու քաղաքապետի հայցն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի` սեփականատիրոջ իրավունքների խախտումները վերացնելու պահանջի մասին և «Չապ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի` հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի թիվ ՇԴ/0351/02/08 որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանվում են գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները, որի 2-րդ և 3-րդ կետերը սահմանում են, որ գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ, ինչպես նաև գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

Նույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից:

Վերը նշված դրույթների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով:

Սույն գործի փաստերի համաձայն` Կարինե Աբելյանը 14.12.2009 թվականին երկու տարի ժամանակով լիազորագիր է տվել Արթուր Գրիգորյանին իր շահերը դատական ատյաններում ներկայացնելու համար, որի ժամկետը լրացել է 15.12.2011 թվականին: 09.10.2012 թվականին նշանակված դատական նիստով Արթուր Գրիգորյանը միջնորդել է դատական նիստը հետաձգել Կարինե Աբելյանի տված լիազորագրի ժամկետը լրանալու և նոր լիազորագիր ներկայացնելու համար: Նշված դատական նիստը չի հետաձգվել, և կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որին Կարինե Աբելյանը չի մասնակցել:

Սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է նաև Դատարանի կողմից դատական նիստը հետաձգելու միջնորդության անհիմն մերժման հիմքով: Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, պատճառաբանել է, որ «միջնորդությունը մերժելու Դատարանի դիրքորոշումը հիմնավոր է, քանի որ Կարինե Աբելյանին Դատարանի կողմից տրամադրվել է պատշաճ հնարավորություն իր շահերի պաշտպանությունն իր հայեցողությամբ իրականացնելու համար, նկատի ունենալով, սույն գործով դատական նիստերը բազմիցս հետաձգվել են հենց բողոքաբերի կողմից տարբեր պատճառաբանություններով ներկայացված դիմումների հիման վրա, հետևաբար, նոր լիազորագիր ներկայացնելու պատճառաբանությամբ դատական նիստը հետաձգելու միջնորդությունը Դատարանի կողմից մերժելը չի կարող որակվել որպես բողոք բերած անձի իրավունքների սահմանափակում, և նման մինջնորդությունը Վերաքննիչ դատարանը դիտում է, որպես պատասխանողի կողմից իր դատավարական իրավունքների անբարեխիղճ իրացում, իրավունքների չարաշահում»:

Վերոնշյալ վերլուծությունների և գործի փաստերի համադրմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով հայցադիմումը ներկայացվել է 04.11.2009 թվականին, Արթուր Գրիգորյանի լիազորագրի ժամկետը լրացել է 15.12.2011 թվականին, ինչից հետո կայացած բազմաթիվ դատական նիստերի արդյունքում, որին Արթուր Գրիգորյանը փաստորեն մասնակցել է առանց համապատասխան լիազորություն ունենալու և միջնորդություններ ներկայացրել, 24.10.2012 թվականին Դատարանը վճիռ է կայացրել: Փաստորեն, 15.12.2011 թվականի դրությամբ Կարինե Աբելյանի կողմից Արթուր Գրիգորյանին տրված լիազորագրի ժամկետն արդեն լրացած էր, և Արթուր Գրիգորյանն այդ ժամանակահատվածում Կարինե Աբելյանի շահերը ներկայացրել է առանց համապատասխան լիազորագրի, և նման փաստը վրիպել է ստորադաս դատարանների ուշադրությունից: Բացի այդ, 09.10.2012 թվականին նշանակված դատական նիստին Կարինե Աբելյանը չի մասնակցել:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից խախտվել է գործին մասնակցող անձ Կարինե Աբելյանի` դատարաններում ներկայացուցչի միջոցով իր գործը ներկայացնելու իրավունքը` դրանով իսկ խախտելով գործին մասնակցող անձի` գործը հավասար պայմաններում ներկայացնելու սահմանադրորեն երաշխավորված իրավունքը:

Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետի կիրառմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն սահմանում է քաղաքացիական իրավունքներն իրականացնելու սահմանները, հետևաբար նշված նորմը վերոնշյալ իրավական խնդրի նկատմամբ կիրառելի չէ:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 18.04.2013 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.11.2013
N ԵԿԴ/2733/02/09
Որոշում