Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 277-ՐԴ, 344...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 277-ՐԴ, 344-ՐԴ, 317-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                      ԵԱՔԴ/1240/02/12 2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1240/02/12

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

    Դատավորներ`        Ի. Վարդանյան

                       Ն. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տատյանա Սաֆոնովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լեոնիդ Դավթյանի, Ալլա Դուրյանի ընդդեմ Տատյանա Սաֆոնովայի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Լեոնիդ Դավթյանը, Ալլա Դուրյանը պահանջել են անվավեր ճանաչել Վալենտինա, Հովհաննես, Մարիամ, Հակոբ Քալաջյանների և Տատյանա Սաֆոնովայի միջև 13.10.2006 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 5935 պայմանագիրը և որպես պայմանագրի անվավերության հետևանք` անվավեր ճանաչել նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003-4-87 մատյանի 000093 համարի տակ 17.10.2006 թվականին Տատյանա Սաֆոնովայի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.09.2013 թվականի որոշմամբ Լեոնիդ Դավթյանի և Ալլա Դուրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 07.06.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տատյանա Սաֆոնովան:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Լեոնիդ Դավթյանը և Ալլա Դուրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, 344-րդ հոդվածի 4-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը, 333-րդ հոդվածի 1-ին կետը, 335-րդ հոդվածի 2-րդ կետը, 337-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անհիմն կերպով հաստատված համարելով, որ հայցի առարկան, ըստ էության, ուղղված է հայցվորների սեփականության իրավունքի պաշտպանությանը, իսկ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը հանդես է գալիս որպես տիրապետումից զրկելու հետ չզուգորդված խախտումը վերացնելու միջոց, բավարարել է վերաքննիչ բողոքը` բեկանելով Դատարանի 07.06.2013 թվականի վճիռը և գործն ուղարկելով նոր քննության: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումն առ այն, որ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը հանդես է գալիս որպես տիրապետումից զրկելու հետ չզուգորդված խախտումը վերացնելու միջոց, չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսդրությունից և խեղաթյուրում է հայցային վաղեմության ինստիտուտի էությունն ու բովանդակությունը:

Բացի այդ, սույն գործով հայցվորները հայցադիմումում իրենց սեփականության իրավունքի խախտման մասին որևէ փաստ չեն վկայակոչել, այլ հայցային վաղեմության կիրառումը շրջանցելու նպատակով ուղղակի մատնանշել են, որ Վալենտինա Քալաջյանի և պատասխանող Տատյանա Սաֆոնովայի միջև 13.10.2006 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 5935 պայմանագիրը խախտում է իրենց սեփականության իրավունքը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ օրենսդիրը սահմանել է բացառություն վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքների կիրառման պահանջով այն հայցերի դեպքում, որոնք ուղղված են սեփականության իրավունքի` տիրապետումից զրկելու հետ չզուգորդված խախտումը վերացնելուն, սակայն չի պարզել` արդյոք առկա է հայցվորների սեփականության իրավունքի որևէ խախտում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.09.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.06.2013 թվականի վճռին կամ կայացնել նոր դատական ակտ:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

 

Բողոքաբերը գտել է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի և 344-րդ հոդվածի 4-րդ կետը կիրառելի լինելու վերաբերյալ փաստը հայցվորը պարտավոր էր վկայակոչել դատարան ներկայացրած սկզբնական հայցադիմումում, այլ ոչ նախնական դատական նիստի ժամանակ: Մինչդեռ հայցվորն իր դատավարական իրավունքները բարեխղճորեն է իրականացրել, իսկ բողոքաբերի փաստարկը զուրկ է իրավական որևէ հիմնավորումից և չի կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Բացի այդ, Դատարանը, հայցային վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով մերժելով հայցը, թույլ է տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Իսկ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով վճռի դեմ բերված բողոքի մյուս հիմքերին և հաշվի առնելով այն, որ Դատարանը չի իրականացրել գործի ըստ էության քննություն, գտել է, որ քննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն ամբողջ ծավալով, ուստի վճիռը բեկանել է: Հետևաբար, վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 04.08.2005 թվականին տրված սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 1979382 վկայականի համաձայն` Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի 41,2 քմ մակերեսով բնակելի տան և 146,54 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է Վալենտինա, Հովհաննես, Մարիամ, Հակոբ Քալաջյանների բաժնային սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 59-60).

2) Վալենտինա, Հովհաննես, Մարիամ, Հակոբ Քալաջյանների, որոնց անունից 24.05.2005 թվականի լիազորագրի հիման վրա հանդես է եկել Վալենտինա Քալաջյանը (վաճառող), և Տատյանա Սաֆոնովայի (գնորդ) միջև նոտարական վավերացմամբ 13.10.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի համաձայն` վաճառողները վաճառել են, իսկ գնորդը ձեռք է բերել Երևանի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի բնակելի տունը` 41,2 քմ մակերեսով, և 0,014654 հա մակերեսով հողամասը: 17.10.2006 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2157414 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 62 բնակելի տան նկատմամբ Տատյանա Սաֆոնովայի անվամբ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 51-52, 53).

3) Ալլա Դուրյանը և Լեոնիդ Դավթյանը 29.04.2008 թվականին հակընդդեմ հայց են ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ հակընդդեմ հայցով պատասխանող Տատյանա Սաֆոնովայի` Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62/2 հասցեի տան վերաբերյալ 17.10.2006 թվականին տրված թիվ 2157414 սեփականության իրավունքի վկայագրում հողամասի հատակագծի 5, 6, 7 կետերում նշված ուղիղ հատվածը, որը սահմանակից է հակընդդեմ հայցվորների հողամասին, անվավեր ճանաչելու և այդ նույն հատվածն ըստ հակընդդեմ հայցվորներին 21.10.2005 թվականին տրված թիվ 2111835 սեփականության իրավունքի վկայագրի հողամասի հատակագծում նշված 2-3, 4-5, 5-6 աստիճանաձև գծագրի երկու հասցեների համար վավեր և նույնական ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 51-52, 56-57).

4) Սույն գործով Տատյանա Սաֆոնովան Դատարան միջնորդություն է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 15-18):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է համարվել որպես տիրապետումից զրկելու հետ չզուգորդված խախտումը վերացնելու պահանջ, որի նկատմամբ հայցային վաղեմությունը չի տարածվում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

Վկայակոչված իրավադրույթից հետևում է, որ օրենսդիրը վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու համար սահմանել է կրճատ ժամկետ` մեկ տարի: Ընդ որում, պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ հիմքով է ներկայացվել վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է բռնության կամ սպառնալիքի ազդեցության դադարման կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող այլ հանգամանքների մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Սույն գործով Դատարանը, արձանագրելով, որ հայցվորները դեռևս 29.04.2008 թվականին իմացել են գործարքն անվավեր ճանաչելու համար ենթադրյալ հիմք ծառայող հանգամանքների մասին, սակայն դատարան են դիմել 03.07.2012 թվականին, հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հայցը մերժել է:

i

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի և 344-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները և արձանագրել է, որ հայցի առարկան 13.10.2006 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 5935 պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003-4-87 մատյանի 000093 համարի տակ 17.10.2006 թվականին Տատյանա Սաֆոնովայի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներն են: Նշված պահանջների և տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի բովանդակությունից հետևում է, որ հայցի առարկան, ըստ էության, ուղղված է հայցվորների սեփականության իրավունքի պաշտպանությանը, իսկ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը հանդես է գալիս որպես տիրապետումից զրկելու հետ չզուգորդված խախտումը վերացնելու միջոց: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ «այն դեպքերում, երբ սեփականության իրավունքի` տիրապետումից զրկելու հետ չզուգորդված խախտումը վերացնելու պահանջը ներկայացվում է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու միջոցով, դրա նկատմամբ կիրառելի չէ գործարքի անվավերության և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների համար սահմանված հայցային վաղեմության ընդհանուր կանոնը` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի հատուկ կարգավորումը»:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագրված պահանջի բովանդակային բացահայտմանը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայցային վաղեմությունը չի տարածվում սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

Վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ հայցային վաղեմությունը չի տարածվում նեգատոր հայցերով ներկայացվող պահանջների նկատմամբ: Նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Նեգատոր հայցը կարող է հարուցվել այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն ապօրինի են, իսկ այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն ունեն օրինական հիմք, սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է այլ եղանակով, որպիսին կարող է հանդիսանալ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու հայցը: Այլ կերպ ասած` նեգատոր հայցը և վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու հայցը սեփականության իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոցներ են, ընդ որում, եթե առաջինը հանդիսանում է սեփականության իրավունքի պաշտպանության ուղղակի միջոց, անմիջականորեն բխում է այդ իրավունքից, ապա երկրորդը սեփականության իրավունքի պաշտպանության ածանցյալ եղանակ է, որը հիմնվում է ոչ թե անմիջականորեն սեփականության իրավունքի վրա, այլ բխում է քաղաքացիաիրավական այլ ինստիտուտներից, տվյալ պարագայում` գործարքի անվավերության ինստիտուտից: Վերոգրյալից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանության նշված միջոցներից յուրաքանչյուրն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ, ըստ այդմ` տարբեր իրավակարգավորում, հետևաբար դրանց նույնականացումն անթույլատրելի է:

Վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն հետևյալ հիմնավորմամբ.

Սույն գործով Լեոնիդ Դավթյանը և Ալլա Դուրյանը ներկայացրել են 13.10.2006 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 5935 պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-003-4-87 մատյանի 000093 համարի տակ 17.10.2006 թվականին Տատյանա Սաֆոնովայի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ: Ներկայացված պահանջի և դրա հիմքում ընկած փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորներն իրենց սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացրել են գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքները կիրառելու հայց հարուցելու միջոցով, որի նկատմամբ հայցային վաղեմություն տարածվում է: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, նույնացնելով սեփականության իրավունքի պաշտպանության վերոնշյալ եղանակները, մասնավորապես` գործարքն անվավեր ճանաչելու պահանջը դիտարկելով որպես նեգատոր հայց` սխալ հետևության է հանգել սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառելիության վերաբերյալ, քանի որ նշված դրույթը բացառապես վերաբերում է նեգատոր հայցին, որպիսին սույն գործով ներկայացված չէ:

Վերոնշյալ վերլուծությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ սույն գործով ներկայացված հայցն իր էությամբ նեգատոր հայց չէ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով հայցային վաղեմություն չի կիրառվում միայն նեգատոր հայցերի դեպքում, գտնում է, որ սույն գործով ներկայացված գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հայցային վաղեմության ժամկետը, որպիսի պարագայում հիմնավոր է համարում նշված հիմքով հայցը մերժելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը` նկատի ունենալով այն, որ սույն գործով հայցային վաղեմության կիրառմամբ հայցի մերժումը Դատարանի կողմից իրավաչափ է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2013 թվականի վճռին:

2. Լեոնիդ Դավթյանից և Ալլա Դուրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա գումար:

Լեոնիդ Դավթյանից և Ալլա Դուրյանից հօգուտ Տատյանա Սաֆոնովայի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ԵԱՔԴ/1240/02/12
Որոշում