Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 185-ՐԴ, 290-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԱՎԴ4/0004/11/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ4/0004/11/13

Նախագահող դատավոր` Գ. Մելիք-Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

2014 թվականի օգոստոսի 15-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մարտի 5-ի որոշման դեմ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Գ. Խաչիկյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հունիսի 3-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կիլոմետրում իրար են բախվել Սուրեն Հայրիյանի և Ազատ Ջալոյանի ավտոմեքենաները:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Ադամյանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` Ա. Ջալոյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. 2013 թվականի նոյեմբերի 28-ին Ա. Ջալոյանի ներկայացուցիչ Ռ.Բալոյանը բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Ա. Ադամյանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը և վերացնել Ա. Ջալոյանի իրավունքների խախտումները:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժվել է:

3. Դիմող Ա. Ջալոյանի ներկայացուցիչներ Ռ.Բալոյանի և Զ.Վարդանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մարտի 5-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը վերացնելու մասին:

Վերաքննիչ դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել որոշման մեջ շարադրված և վերաքննիչ բողոքով առաջ քաշված Ա. Ջալոյանի իրավունքների և ազատությունների խախտումները:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Գ. Խաչիկյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 8-ի որոշմամբ դատախազ Գ. Խաչիկյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ա. Ջալոյանի ներկայացուցիչներ Ռ.Բալոյանը և Զ.Վարդանյանը` փաստարկելով, որ ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և պետք է ամբողջությամբ մերժվի:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

5. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Ա. Ադամյանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման համաձայն`»(...) Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով հանցագործություն է համարվում տրանսպորտային միջոցը վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության կամ ծանր վնաս, մինչդեռ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ազատ Ջալոյանի գործողությունների հետևանքով որևէ մեկի առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս չի պատճառվել, ուստի նրա արարքում բացակայում է նշված հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշները:

Նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ազատ Ջալոյանը և «Աուդի Քյու 7» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սուրեն Հայրիյանը թույլ են տվել վարչական իրավախախտում, ինչի համար ենթակա են վարչական պատասխանատվության (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 13):

6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի իրավակարգավորումից, մասնավորապես, քրեական գործի հարուցելը մերժելու մասին որոշումը նախքան դատարան բողոքարկելը դատախազին բողոքարկելու օրենսդրական պահանջի բացակայությունից, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի իրավակարգավորման, հետևում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դատական վերահսկողության առարկա հանդիսանալու համար դատախազական հսկողությամբ անցնելը պարտադիր պայման չէ կամ այլ կերպ` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կարող է միանգամից բողոքարկվել դատարան` առանց նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին բողոքարկելու:

(...) [Ա]մեն դեպքում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն անօրինական է այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու առիթի և հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալների առկայության պայմաններում վարույթն իրականացնող մարմինը կայացնում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

Տվյալ դեպքում, արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդներից և ուղևորներից որևէ մեկի առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս չի պատճառվել, այդ առումով նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ առկա չէ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու մասին վկայող հանցակազմի տարրերի բոլոր հատկանիշների բավարար ամբողջություն: (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 61):

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) [Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին, 290-րդ հոդվածները` Վերաքննիչ դատարանը գտել է, որ] [ք]ննարկվող դեպքում խախտվել են բողոքաբեր Ա. Ջալոյանի իրավունքներն այն առումով, որ նա չի ծանոթացել նշված համալիր փորձաքննության եզրակացությանը և չի կարողացել ներկայացնել իր առարկությունները կամ միջնորդություններն այդ եզրակացության կապակցությամբ, որի վերաբերյալ հղել է մի շարք դիմում-բողոքներ, որոնք սակայն անհիմն մերժվել են:

(...) [Ա]յս և բողոքներում բարձրացված հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը, հնարավորություն տալ բողոքաբերին ծանոթանալու համալիր փորձաքննության եզրակացությանը և հիմնավոր միջնորդությունների ու ելակետային տվյալների առկայության դեպքում նշանակել նոր համալիր փորձաքննություն, որից հետո նոր միայն լուծել նյութերի վերջնական ընթացքը»:

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ. «(...) [Ա]ռաջին ատյանի դատարանի 24.12.2013թ. որոշումը վերացնել:

Սույն որոշման պատճեններն ուղարկել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վայոց ձորի մարզի քննչական բաժին և մարզի դատախազին` պարտավորեցնելով վերացնել սույն որոշման մեջ շարադրված և վերաքննիչ բողոքով առաջ քաշված Ա. Ջալոյանի իրավունքների և ազատությունների խախտումները: (...)» (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 84-85):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, դատարանի հետևությունն այն մասին, որ Ա. Ջալոյանի իրավունքները խախտվել են, քանի որ վերջինս չի ծանոթացել համալիր փորձաքննության եզրակացությանը և չի կարողացել ներկայացնել իր առարկություններն ու միջնորդությունները, իրավաչափ չէ: Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածը, եզրակացրել է, որ քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելու անհրաժեշտությունը ստուգելու նպատակով նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությունը կողմերին ծանոթացնելու ընթացակարգ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված չէ: Հետևաբար, այդ առումով վարույթն իրականացնող մարմինն անգործություն չի դրսևորել, հատկապես, որ քննիչը փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո այդ մասին տեղյակ է պահել Ա. Ջալոյանին, սակայն վերջինս չի ներկայացել և չի ծանոթացել:

Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով եզրահանգել է, որ Ա. Ջալոյանը դատական ակտում թվարկված հարցադրումներով խնդրել է նոր փորձաքննություն նշանակել, մինչդեռ վերջինս ինչպես դատախազին, այնպես էլ քննիչին կոնկրետ հարցադրումներով նոր փորձաքննություն նշանակելու միջնորդություն չի ներկայացրել: Ա. Ջալոյանի կողմից ներկայացվել է ընդամենը երկու դիմում, որոնք վերաբերել են փաստաթղթեր տրամադրելուն և ծանոթանալու հնարավորություն ընձեռելուն, ինչը վարույթն իրականացնող մարմնի կողմից ապահովվել է:

Ավելին, Ա. Ջալոյանի և նրա ներկայացուցչի կողմից քննիչի որոշումը բողոքարկվել է Առաջին ատյանի դատարան, իսկ դատախազին այն չի բողոքարկվել:

10. Բողոքաբերն ընդգծել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում համալիր փորձաքննությունը նշանակվել է հենց Ա. Ջալոյանի և նրա ներկայացուցչի միջնորդությամբ, վերջիններս հարցեր են առաջադրել, մասնակցել փորձաքննության կատարմանը, իսկ փորձաքննության եզրակացությունը տրվել է այն ելակետային տվյալների հիման վրա, որոնց նրանք մինչև փորձաքննություն նշանակելը ծանոթ են եղել: Հետևաբար, նրանց պնդումներն այն մասին, որ ելակետային տվյալներն աղավաղվել են, անհիմն են:

Իսկ ինչ վերաբերում է նոր փորձաքննություն նշանակելու միջնորդությանը, եթե այն նույնիսկ ներկայացված լիներ, չէր կարող ենթադրել դրա պարտադիր բավարարում և նոր փորձաքննության նշանակում: Տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավորված չէ անպայման բավարարել նոր փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը: Հետևաբար, այն չբավարարելու պայմաններում չի կարող արձանագրվել վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Ջալոյանի իրավունքների խախտման փաստ:

11. Բողոքի հեղինակի պնդմամբ` իրավաչափ չէ նաև Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ անհրաժեշտ է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը, նշանակել նոր համալիր փորձաքննություն, այնուհետև նոր միայն լուծել նյութերի վերջնական ընթացքը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ և 185-րդ հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը թե՛ դատարանի, թե՛ դատախազի կողմից վերացվելու դեպքում քրեական գործի հարուցումը պարտադիր է:

Ըստ բողոքաբերի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն անօրինական է, եթե քրեական գործ հարուցելու առիթի և հանցագործության հատկանիշների մասին վկայող բավարար տվյալների առկայության պայմաններում վարույթն իրականացնող մարմինը կայացնում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Մինչդեռ, տվյալ դեպքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունն առկա չէ, քանի որ որևէ մեկի առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս չի պատճառվել:

12. Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացրել է` ղեկավարվելով ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ, այնպես էլ 290-րդ հոդվածներով, մինչդեռ արձանագրելով, որ քննիչի որոշումը ենթակա է վերացման` դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով և իր որոշմամբ վերացներ քննիչի որոշումը: Բողոքի հեղինակը, ի հավաստումն իր դիրքորոշման, հիշատակել է Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշումը և եզրահանգել, որ Վերաքննիչ դատարանը, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ հետևություն կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի շրջանակներում, թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում:

13. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 5-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Ա. Ջալոյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության սահմանման մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

i

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է համապատասխան դատախազին:

2. Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

(...)

4. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության նկատմամբ իրականացվող հետագա դատական վերահսկողության սահմաններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Ղևոնդյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ «(...) [Ք]րեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում դատարանը վերահսկողություն չի իրականացնում նախնական քննության ընթացքի նկատմամբ: Դատարանը չի միջամտում քրեական դատավարության ընթացքին, չի անդրադառնում բողոքարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությանը կամ նպատակահարմարությանը: Այս հարցերը գտնվում են նյութերի նախապատրաստությունն իրականացնող մարմինների բացառիկ լիազորությունների սահմաններում, իսկ քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ տվյալների լրիվությունն ապահովելու նպատակով հետաքննության մարմնին կամ քննիչին ղեկավար ցուցումներ և հանձնարարություններ կարող է տալ միայն դատախազը: (...):

Դատարանի խնդիրն այս դեպքում կայանում է նրանում, որպեսզի պարզվի, թե վիճարկվող որոշումը կայացվել է արդյոք նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան և բխում է արդյոք նյութերի նախապատրաստության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից:

(...)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում իրականացվող դատական վերահսկողության վերոգրյալ առանձնահատկություններով է պայմանավորված քրեադատավարական օրենսդրության մեջ առկա այն տարբերակված մոտեցումը, որը վերաբերում է գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման և մինչդատական վարույթի ընթացքում կայացվող այլ որոշումների կամ իրականացվող գործողությունների (անգործության) բողոքարկման արդյունքում կայացվող դատական ակտերին: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը, որը սահմանում է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության ընդհանուր կարգը, ամրագրում է, որ եթե բողոքը ճանաչվում է հիմնավորված, ապա դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (տե՛ս Լաուրա Գարեգինի Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշման 13-րդ կետը):

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ նորմ, որը հստակ կարգավորում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքները: Մասնավորապես, հիշատակված իրավանորմը սահմանում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Ընդ որում, բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը: Այսինքն` քննարկվող իրավանորմը սահմանում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման ինքնավար ընթացակարգ:

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա վերահսկողության շրջանակներում դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, դատարանը պետք է պարզի, թե հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են արդյոք հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են: Բացի այդ, դատարանի խնդիրն է պարզել, թե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից նյութական և դատավարական օրենսդրության պահանջները չպահպանելու հետևանքով խախտվել են արդյոք անձի իրավունքները և ազատությունները:

Ի թիվս այլոց, պարզաբանման ենթակա են հետևյալ հարցերը`

1) պահպանվե՞լ է արդյոք հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված կարգը,

2) առկա՞ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված օրինական հիմքերը,

3) պահպանվե՞լ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

Գտնելով, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրինական և հիմնավորված չէ` դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասով, որոշում է կայացնում վիճարկվող որոշումը վերացնելու մասին, որի դեպքում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը պարտադիր է: Հակառակ դեպքում դատարանը մերժում է ներկայացված բողոքը` հաստատելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: (...)» (տե՛ս Գագիկ Գևորգի Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 16-18-րդ կետերը):

16. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված և համապատասխանաբար, Գ.Ղևոնդյանի գործով որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում դատարանն իրավասու է ստուգման ենթարկել միայն քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի` արդյոք հանցագործության հատկանիշների բացակայության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի հետևությունները բխում են նախնական ստուգման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների բովանդակությունից, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնելիս պահպանվել են արդյոք քրեադատավարական օրենսդրության պահանջները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 180-րդ և 185-րդ հոդվածները), եթե ոչ, ապա դրանց չպահպանման հետևանքով խախտվել են արդյոք անձի իրավունքներն ու ազատությունները: Այս փուլում դատարանն իրավասու չէ միջամտել քրեական դատավարության ընթացքին, անդրադառնալ բողոքարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությանը կամ նպատակահարմարությանը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցման և նախաքննության փուլերում իրականացվող հետագա դատական վերահսկողության սահմանները, դրանց արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքները տարբեր են: Քրեական գործի հարուցումից հետո ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման (գործողության, անգործության) օրինականության և հիմնավորվածության ստուգման սահմանները, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքները կարգավորող նորմերը վերաբերելի չեն քրեական գործ հարուցելու փուլի նկատմամբ իրականացվող հետագա դատական վերահսկողությանը` պայմանավորված այդ փուլի առանձնահատկություններով (տե՛ս mutatis mutandis Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշումը): Քրեական գործ հարուցելու փուլի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատարանի լիազորությունների շրջանակը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով: Մասնավորապես, քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում դատարանը լիազորված է`

ա) վերացնել բողոքարկվող որոշումը կամ

բ) հաստատել այն:

i

Քննարկվող վարույթի շրջանակներում դատարանը, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով իրականացվող վարույթի, իրավասու չէ սահմանել վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշակի գործողություններ կատարելու պարտականություն: Այլ խոսքով` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում դատարանի լիազորությունների շրջանակը, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքները սահմանված են հատուկ նորմով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով: Հետևաբար, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հարաբերությունները կարգավորող ընդհանուր նորմի` 290-րդ հոդվածի կարգավորումները դատարանի լիազորությունների շրջանակի, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքների մասով կիրառելի չեն քննարկվող վարույթի նկատմամբ:

17. Անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2013 թվականի հունիսի 3-ին` ժամը 16-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կիլոմետրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, նշանակվել է դատաավտոտեխնիկական, դատատեսաձայնագրային, դատահետքաբանական համալիր փորձաքննություն և դատաբժշկական փորձաքննություն: Քննիչ Ա. Ադամյանի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` Ա. Ջալոյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը):

Դիմող Ա. Ջալոյանի ներկայացուցիչ Ռ.Բալոյանի բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` Առաջին ատյանի դատարանը ներկայացված բողոքը մերժել է (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Դիմող Ա. Ջալոյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով, ի թիվս այլնի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածը, գտել է, որ Ա. Ջալոյանի իրավունքները խախտվել են այն առումով, որ նա չի ծանոթացել համալիր փորձաքննության եզրակացությանը և չի կարողացել ներկայացնել իր առարկությունները կամ միջնորդություններն այդ եզրակացության կապակցությամբ: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ այս և բողոքում բարձրացված այլ հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը, հնարավորություն տալ բողոքաբերին ծանոթանալու համալիր փորձաքննության եզրակացությանը և հիմնավոր միջնորդությունների ու ելակետային տվյալների առկայության դեպքում նշանակել նոր համալիր փորձաքննություն, որից հետո միայն լուծել նյութերի վերջնական ընթացքը: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը որոշել է վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել Ա. Ջալոյանի իրավունքների և ազատությունների խախտումները (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-8-րդ կետերը):

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, նյութերի նախապատրաստության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների բավարարության, ինչպես նաև նյութական և դատավարական օրենսդրության պահանջների պահպանման տեսանկյունից քրեական գործի հարուցումը մերժելու մասին վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը գնահատելու փոխարեն, իր դատական ակտով անդրադարձել է հարցերի այնպիսի շրջանակի, որոնք գտնվում են բացառապես նախնական քննության մարմնի իրավասության ներքո:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դիմողի ներկայացուցիչների բողոքը ենթակա է բավարարման, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու փոխարեն, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, որոշում է կայացրել դիմող Ա. Ջալոյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտավորություն սահմանելու մասին:

Այլ խոսքով` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության սահմաններից` թույլ տալով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի խախտում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա. Ջալոյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության սահմանման մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:

i

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (...)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

20. Միևնույն ժամանակ, Ա.Գրիգորյանի գործով որոշմամբ անդրադառնալով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատավարական կարգին` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, եթե քրեական դատավարության մասնակցի կամ այլ շահագրգիռ անձի կողմից չի պահպանվել նշված որոշումը վիճարկելու արտադատական (տվյալ դեպքում` դատախազին բողոքարկելու) կարգը» (տե՛ս Արմեն Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԿԴ/0125/11/13 որոշման 21-րդ կետը):

Սույն գործով վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դիմող Ա. Ջալոյանը չի բողոքարկել դատախազին, այլ բողոքարկել է Առաջին ատյանի դատարան (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Ներկայացված նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ առ այն, որ դիմողի կողմից պահպանվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վիճարկելու արտադատական կարգը, և այն բողոքարկվել է դատախազին: Այս պայմաններում Առաջին ատյանի դատարանը, փաստարկելով, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կարող է միանգամից բողոքարկվել դատարան` առանց դատախազին բողոքարկվելու, քննության առարկա է դարձրել դիմող Ա. Ջալոյանի ներկայացուցչի բողոքի փաստարկները: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը մերժել է բողոքը` գտնելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են փաստելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները բացակայում են (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Փաստորեն, Առաջին ատյանի դատարանը, անտեսելով այն, որ դիմողը չի պահպանել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում բողոքարկելու դատավարական կարգը, քննության է առել Ա. Ջալոյանի ներկայացուցչի բողոքը և մերժել այն: Այլ խոսքով` Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործը ճիշտ լուծող դատական ակտ, սակայն սխալ է պատճառաբանել այն: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

21. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Ազատ Հովհաննեսի Ջալոյանի ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյանի և Զարուհի Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մարտի 5-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.08.2014
N ԱՎԴ4/0004/11/13
Որոշում