Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃՌԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԼԴ/0376/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0376/01/09              2014 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Գ. Մատինյան

                       Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի  

                                              Վ. Աբելյանի   

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սոֆիա Հարությունյանի ներկայացուցիչ Արմեն Զաքարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2014 թվականի որոշման դեմ ըստ հայցի Հրաչիկ Ավետիսյանի ընդդեմ Սուսաննա, Խաչիկ Ավետիսյանների, Սոֆիա Հարությունյանի` որպես փաստացի տիրապետող ժառանգի ժառանգական գույքի հետ կապված խախտված իրավունքները վերականգնելու պահանջի մասին, ըստ հայցի` Խաչիկ Ավետիսյանի ընդդեմ Սոֆիա Հարությունյանի, Սուսաննա Ավետիսյանի` որպես փաստացի տիրապետող ժառանգ` ժառանգական գույքի 1/3 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին և ըստ Սոֆիա Հարությունյանի, Էդգար և Էդվարդ Ավետիսյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Հրաչիկ, Սուսաննա, Խաչիկ Ավետիսյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման (այսուհետ Կադաստր)` Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի նկատմամբ տիրապետող ժառանգ ճանաչելու, պատճառված վնասի բռնագանձման պահանջների մասին, ընդդեմ Խաչիկ Ավետիսյանի` անհիմն հայց հարուցելու հետևանքով պատճառված վնասի բռնագանձման պահանջի մասին, ըստ Սուսաննա Ավետիսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Հրաչիկ Ավետիսյանի, Սոֆիա Հարությունյանի, Էդգար և Էդվարդ Ավետիսյանների, Խաչիկ Ավետիսյանի, երրորդ անձ Կադաստրի` Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի նկատմամբ տիրապետող ժառանգ ճանաչելու, պատճառված վնասի հատուցման պահանջների մասին, ընդդեմ Խաչիկ Ավետիսյանի` անհիմն հայց հարուցելու հետևանքով պատճառված վնասի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հրաչիկ Ավետիսյանը պահանջել է որպես փաստացի տիրապետող ժառանգի վերականգնել ժառանգական գույքի հետ կապված իր խախտված իրավունքները (քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0376/02/09):

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2009 թվականի որոշմամբ Սուսաննա Ավետիսյանի և Սոֆիա Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2008 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նոր քննության:

Գործի նոր քննության շրջանակներում հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սոֆիա Հարությունյանը, Էդգար և Էդվարդ Ավետիսյանները պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև իրենց ճանաչել Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի նկատմամբ տիրապետող ժառանգ, բռնագանձել պատճառված վնասը:

Գործի նոր քննության շրջանակներում հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սուսաննա Ավետիսյանը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան սեփականության իրավունքի պետական գրանցումը, իրեն ճանաչել Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի նկատմամբ տիրապետող ժառանգ, ինչպես նաև բռնագանձել պատճառված վնասը:

07.09.2009 թվականին Խաչիկ Ավետիսյանը ներկայացրել է հայցադիմում ընդդեմ Սոֆիա Հարությունյանի, Սուսաննա Ավետիսյանի` որպես փաստացի տիրապետող ժառանգ ժառանգական գույքի 1/3 բաժնեմասի նկատմամբ իր սեփականության իրավունքի ճանաչման, և Սոֆիա Հարությունյանից թաղման համար կատարված ծախսերի բռնագանձման պահանջների մասին (քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1057/02/09):

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11.11.2009 թվականի որոշմամբ թիվ ԼԴ/0376/02/09 և թիվ ԼԴ/1057/02/09 քաղաքացիական գործերը միացրել է մեկ վարույթում:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.03.2010 թվականի վճռով Հրաչիկ Ավետիսյանի հայցը բավարարվել է մասնակիորեն և վերջինս ճանաչվել է փաստացի տիրապետման հիմքով Ալեքսան Ավետիսյանի մահից հետո ժառանգական գույք հանդիսացող Վանաձոր քաղաքի Աբեղյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Կարճվել է ըստ Հրաչիկ Ավետիսյանի հայցի ընդդեմ Սուսաննա, Խաչիկ Ավետիսյանների, Սոֆիա Հարությունյանի` որպես փաստացի տիրապետող ժառանգի ժառանգական գույքի հետ կապված խախտված իրավունքները վերականգնելու պահանջի մասին թիվ ԼԴ/0376/02/09 քաղաքացիական գործի վարույթը` Խաչիկ Ավետիսյանին ուղղված պահանջի մասով: Հրաչիկ Ավետիսյանի հայցն ընդդեմ Սոֆիա Հարությունյանի և Արմեն Ոսկանյանի` համապարտության կարգով 300.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է: Խաչիկ Ավետիսյանի հայցն ընդդեմ Սոֆիա Հարությունյանի, Սուսաննա Ավետիսյանի` որպես փաստացի տիրապետող ժառանգ ժառանգական գույքի 1/3 բաժնեմասի նկատմամբ իր սեփականության իրավունքի ճանաչման և Սոֆիա Հարությունյանից թաղման ծախսերի բռնագանձման պահանջների մասին, մերժվել է: Սոֆիա Հարությունյանի, Էդգար և Էդվարդ Ավետիսյանների հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակի` Խաչիկ Ավետիսյանից հօգուտ Սոֆիա Հարությունյանի բռնագանձվել է 40.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության համար վճարման ենթակա գումար: Հակընդդեմ հայցադիմումը` մնացած մասով, մերժվել է: Սուսաննա Ավետիսյանի հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակի` Հրաչիկ Ավետիսյանից հօգուտ Սուսաննա Ավետիսյանի բռնագանձվել է 20.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության համար վճարման ենթակա գումար: Խաչիկ Ավետիսյանից հօգուտ Սուսաննա Ավետիսյանի բռնագանձվել է 40.000 դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության համար վճարման ենթակա գումար: Հակընդդեմ հայցադիմումը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 17.06.2010 թվականի որոշմամբ Հրաչիկ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Սուսաննա Ավետիսյանի, Սոֆիա Հարությունյանի, դվարդ և Էդգար Ավետիսյանների, Խաչիկ Ավետիսյանի վերաքննիչ բողոքները բավարարել է մասնակի և ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.03.2010 թվականի վճիռը բեկանել է մասնակի. Խաչիկ Ավետիսյանի` Սոֆիա Հարությունյանից թաղման ծախսերի բռնագանձման պահանջը մերժելու, ինչպես նաև Հրաչիկ Ավետիսյանի` Սոֆիա Հարությունյանից և Արմեն Ոսկանյանից համապարտության կարգով 300.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջը մերժելու մասով վճիռը թողել է անփոփոխ` օրինական ուժի մեջ, իսկ մնացած մասով վճիռը բեկանել և գործը բեկանված մասով ուղարկել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 20.04.2011 թվականի վճռով Հրաչյա Ավետիսյանի հայցը բավարարել է մասնակիորեն և վերջինիս, որպես տիրապետող ժառանգ, ճանաչել է Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տնատիրության 1/4 մասի ժառանգությունն ընդունած ժառանգ: Գործի վարույթն ըստ Հրաչիկ Ավետիսյանի հայցի ընդդեմ Խաչիկ Ավետիսյանի` որպես փաստացի տիրապետող ժառանգի ժառանգական գույքի հետ կապված խախտված իրավունքները վերականգնելու պահանջի մասին, կարճվել է: Գործի վարույթն ըստ Հրաչիկ Ավետիսյանի և Խաչիկ Ավետիսյանի հայցի ընդդեմ Սոֆիա Հարությունյանի` որպես փաստացի տիրապետող ժառանգի ժառանգական գույքի հետ կապված խախտված իրավունքները վերականգնելու պահանջի մասին, կարճվել է: Նշված վճռով Խաչիկ Ավետիսյանի հայցը բավարարվել է մասնակիորեն. Խաչիկ Ավետիսյանը, որպես տիրապետող ժառանգ, ճանաչվել է Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տնատիրության 1/4 բաժնեմասի ժառանգությունն ընդունած ժառանգ: Սոֆիա Հարությունյանի, Էդգար և Էդվարդ Ավետիսյանների հակընդդեմ հայցն ընդդեմ Հրաչիկ, Խաչիկ, Սուսաննա, Սոնյա Ավետիսյանների, երրորդ անձ Կադաստրի` Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի նկատմամբ տիրապետող ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքի պետական գրանցումները, առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա արված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և որպես անհիմն հարուցված հայցի հետևանքով 301.000 ՀՀ դրամ վնասի և դատական ծախսի պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն: Սուսաննա Ավետիսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Հրաչիկ, Խաչիկ Ավետիսյանների, Սոֆիա Հարությունյանի, Էդգար և Էդվարդ Ավետիսյանների, Սոնյա Ավետիսյանի, երրորդ անձ Կադաստրի` Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի նկատմամբ տիրապետող ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքի պետական գրանցումներն, առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա արված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և որպես անհիմն հարուցված հայցի հետևանքով 169.000 ՀՀ դրամ վնասի և դատական ծախսի պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն. Սոֆիա Հարությունյանը, Էդգար և Էդվարդ Ավետիսյանները ճանաչվել են Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի տիրապետող ժառանգ: Սուսաննա Ավետիսյանը ճանաչվել է Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի տիրապետող ժառանգ: Անվավեր է ճանաչվել Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան նկատմամբ Հրաչիկ Ավետիսյանի անվամբ 08.09.2008 թվականին թիվ 06-001-004099 մատյանի 052 համարի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Անվավեր է ճանաչվել Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/1 տան նկատմամբ Հրաչիկ Ավետիսյանի անվամբ 30.12.2008 թվականին թիվ 06-001-004-100 մատյանի 136 համարի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Անվավեր է ճանաչվել Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 տան նկատմամբ Հրաչիկ Ավետիսյանի անվամբ 30.12.2008 թվականին թիվ 06-001-004-100 մատյանի 137 համարի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Անվավեր է ճանաչվել Հրաչիկ Ավետիսյանի և Սոնյա Ավետիսյանի միջև 23.01.2009 թվականին կնքված Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 հասցեի տան առուվաճառքի պայմանագիրը: Կիրառվել է անվավերության հետևանք և Հրաչիկ Ավետիսյանը պարտավորեցվել է Սոնյա Ավետիսյանին վերադարձնել առուվաճառքի պայմանագրով ստացած 900.000 ՀՀ դրամը: Անվավեր է ճանաչվել Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 տան նկատմամբ Սոնյա Ավետիսյանի անվամբ 29.01.2009 թվականին թիվ 06-001-005-004 մատյանի 213 համարի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հրաչիկ Ավետիսյանից հօգուտ Սոֆիա Հարությունյանի բռնագանձվել է 68.500 ՀՀ դրամ որպես դատական ծախսի գումար: Հրաչիկ Ավետիսյանից հօգուտ Սուսաննա Ավետիսյանի բռնագանձվել է 54.000 ՀՀ դրամ դատական ծախսի գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 13.07.2011 թվականի որոշմամբ Հրաչիկ, Սոնյա և Խաչիկ Ավետիսյանների վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի. ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.04.2011 թվականի վճիռը մասնակի` Սոֆիա Հարությունյանի, Էդգար և Էդվարդ Ավետիսյանների հակընդդեմ հայցի, Սուսաննա Ավետիսյանի հակընդդեմ հայցի` Հրաչիկ Ավետիսյանի և Սոնյա Ավետիսյանի միջև 23.01.2009 թվականին Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 հասցեի տան նկատմամբ կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, առուվաճառքի պայմանագրով ստացած 900.000 ՀՀ դրամ տան արժեքի գումարը Սոնյա Ավետիսյանին վերադարձնելուն պարտավորեցնելու, Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 տան նկատմամբ Սոնյա Մերուժանի Ավետիսյանի անվամբ 29.01.2009 թվականին թիվ 06-001-005-004 մատյանի 213 համարի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջները բավարարելու մասերով` բեկանել և փոփոխել է. Սոֆիա Հարությունյանի, Էդգար և Էդվարդ Ավետիսյանների հակընդդեմ հայցն, ինչպես նաև Սուսաննա Ավետիսյանի հակընդդեմ հայցը` Հրաչիկ Ավետիսյանի և Սոնյա Ավետիսյանի միջև 23.01.2009 թվականին` Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 տան նկատմամբ կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Սոնյա Ավետիսյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժել է: Վճիռը` մնացած մասերով, թողել է անփոփոխ օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.09.2011 թվականի որոշմամբ Սուսաննա Ավետիսյանի և Սոֆիա Հարությունյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Բ. Գրիգորյան) (այսուհետ Դատարան) 19.12.2013 թվականի «Վճիռը պարզաբանելու մասին» որոշմամբ Սոֆիա Հարությունյանի ներկայացուցիչ Արմեն Զաքարյանի դիմումը բավարարվել է և վճիռը պարզաբանվել է. «ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.04.2011 թվականի վճռի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.07.2011 թվականի որոշման համաձայն` դիմող Սոֆիա Հարությունյանի, Էդգար և Էդվարդ Ավետիսյանների, որպես սեփականություն 1/4 բաժնեմասով ենթակա է գրանցելու Աբեղյան թիվ 52/1 հասցեի տան նկատմամբ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2014 թվականի որոշմամբ Սոֆիա Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.12.2013 թվականի «Վճիռը պարզաբանելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սոֆիա Հարությունյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի 13.07.2011 թվականի որոշմամբ Դատարանի 20.04.2011 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 հասցեի տան նկատմամբ կատարված գործարքի և դրանից ծագած իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով և այդ մասով պահանջը մերժվել է, իսկ մնացած մասով, մասնավորապես «Սոֆիա Հարությունյանին, Էդգար և Էդվարդ Ավետիսյաններին ճանաչել Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի տիրապետող ժառանգ-սեփականատեր: Սուսաննա Ավետիսյանին ճանաչել Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի տիրապետող ժառանգ-սեփականատեր» մասով, վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վճռի բովանդակությունից և էությունից հետևում է, որ Դատարանը գործի քննության ընթացքում հաստատված է համարել, որ վեճի առարկա հանդիսացող Վանաձոր քաղաքի Աբելյան թիվ 52 հասցեի անշարժ գույքը բաղկացած է առանձնացված Աբելյան թիվ 52/1 և 52/2 գույքերից, հետևաբար, վճռում նշելով «Վանաձոր քաղաքի Աբելյան թիվ 52 տուն»` Դատարանն ի նկատի է ունեցել այն գույքը, որն իր մեջ ներառում է Աբելյան թիվ 52/1 և 52/2 առանձնացված միավորներով գույքը:

Մինչդեռ վճռի պարզաբանման դիմումի քննության արդյունքում ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել Վերաքննիչ դատարանի 13.07.2011 թվականի որոշումը` հայտնելով այն դիրքորոշումը, որ գույքի նկատմամբ Սոֆիա Հարությունյանի` որպես ժառանգի սեփականության իրավունքը 1/4 բաժնեմասով չի կարող գրանցվել, քանի որ Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 հասցեի տունը ժառանգական զանգվածից մնացել է դուրս` որպես Սոնյա Ավետիսյանի սեփականություն` այդպիսով արձանագրելով, որ Սոֆիա Հարությունյանի իրավունքը պետք է գրանցվի միայն Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/1 հասցեի նկատմամբ, որով էլ ըստ էության փոփոխվել է վճռի բովանդակությունն ու էությունը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2014 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.04.2011 թվականի վճռով Հրաչիկ Ավետիսյանը, որպես տիրապետող ժառանգ, ճանաչվել է Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տնատիրության 1/4 բաժնեմասի ժառանգ-սեփականատեր: Խաչիկ Ավետիսյանը, որպես տիրապետող ժառանգ, ճանաչվել է Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տնատիրության 1/4 բաժնեմասի ժառանգ-սեփականատեր: Սոֆիա Հարությունյանը, Էդգար և Էդվարդ Ավետիսյանները ճանաչվել են Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի տիրապետող ժառանգ-սեփականատեր: Սուսաննա Ավետիսյանը ճանաչվել է Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի տիրապետող ժառանգ-սեփականատեր: Անվավեր են ճանաչվել Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան նկատմամբ Հրաչիկ Ավետիսյանի անվամբ 08.09.2008 թվականին սեփականության իրավունքի պետական գրանցումը, Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/1 տան նկատմամբ Հրաչիկ Ավետիսյանի անվամբ 30.12.2008 թվականին սեփականության իրավունքի պետական գրանցումը, Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 տան նկատմամբ Հրաչիկ Ավետիսյանի անվամբ 30.12.2008 թվականին սեփականության իրավունքի պետական գրանցումը, Հրաչիկ Ավետիսյանի և Սոնյա Ավետիսյանի միջև 23.01.2009 թվականին կնքված Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 հասցեի տան առուվաճառքի պայմանագիրը, Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 տան նկատմամբ Սոնյա Մերուժանի Ավետիսյանի անվամբ 29.01.2009 թվականին սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 9-րդ, գ.թ. 112-117):

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.07.2011 թվականի որոշմամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.04.2011 թվականի վճիռը մասնակի` Սոֆիա Հարությունյանի, Էդգար և Էդվարդ Ավետիսյանների հակընդդեմ հայցի, Սուսաննա Ավետիսյանի հակընդդեմ հայցի` Հրաչիկ Ավետիսյանի և Սոնյա Ավետիսյանի միջև 23.01.2009 թվականին Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 հասցեի տան նկատմամբ կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, առուվաճառքի պայմանագրով ստացած 900.000 ՀՀ դրամ տան արժեքի գումարը Սոնյա Ավետիսյանին վերադարձնելուն պարտավորեցնելու, Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 տան նկատմամբ Սոնյա Ավետիսյանի անվամբ 29.01.2009 թվականին թիվ 06-001-005-004 մատյանի 213 համարի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջները բավարարելու մասերով` բեկանվել և փոփոխել է. Սոֆիա Հարությունյանի, Էդգար և Էդվարդ Ավետիսյանների հակընդդեմ հայցի, ինչպես նաև Սուսաննա Ավետիսյանի հակընդդեմ հայցը` Հրաչիկ Ավետիսյանի և Սոնյա Ավետիսյանի միջև 23.01.2009 թվականին Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 տան նկատմամբ կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Սոնյա Ավետիսյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժվել է: Վճիռը` մնացած մասերով, թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 9-րդ, գ.թ. 45-53):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանման 14.08.2013 թվականի թիվ Մ-12/08/2013-34-0007 գրությամբ Սոֆիա Հարությունյանի սեփականության իրավունքի գրանցումը Վանաձորի Աբելյան փողոց թիվ 52 հասցեի գույքի նկատմամբ մերժվել է` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերով, ինչպես նաև հղում է կատարվել նույն օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետին` նշելով, որ դատական ակտի հիման վրա գույքի միավորի բաժանման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև դատարանի կողմից հաստատված անշարժ գույքի միավորի բաժանման հատակագիծ (հատոր 9-րդ, գ.թ. 119):

4) Սոֆիա Հարությունյանը վճռի պարզաբանման դիմում է ներկայացրել Դատարան որպես վճռի պարզաբանման անհրաժեշտություն նշելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանման 14.08.2013 թվականի թիվ Մ-12/08/2013-34-0007 գրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետին արված հղումը (հատոր 9-րդ, գ.թ. 111):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վճռի պարզաբանման նշանակությանն ու առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վճռի պարզաբանումը վճռի եզրափակիչ մասում թերությունների վերացման միջոցներից մեկն է, որն ուղղված է շտկելու վճռում առկա անհստակություններն ու երկիմաստությունները շարադրելով այն առավել պարզ և հասկանալի: Վճռի պարզաբանումն ուղղված է այնպիսի թերությունների վերացմանը, որոնք կարող են դժվարեցնել դատական ակտի կատարումը: Հետևաբար դատարանը պարզաբանում է, թե ինչ է նկատի ունեցել եզրափակիչ մասում և ինչպես պետք է այն հասկանալ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը վճռի պարզաբանման նպատակահարմարության հստակ չափորոշիչներ չի սահմանել, ուստի, հաշվի առնելով, որ վճռի պարզաբանումը դատարանի իրավասությունն է, այլ ոչ թե պարտականությունը, բոլոր դեպքերում վճռի պարզաբանման անհրաժեշտության հարցը դատարանը լուծում է ինքնուրույն: Վճռի պարզաբանման անհրաժեշտությունը պետք է պայմանավորված լինի միայն վճռի եզրափակիչ մասում այնպիսի անհստակությունների առկայությամբ, որոնք կարող են երկակի մեկնաբանության տեղիք տալ, կամ դժվարացնել վճռի կատարումը: Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ դատարանն իրավասու չէ վճռի պարզաբանման արդյունքում փոփոխել վճռի բովանդակությունը կամ լուծել այնպիսի հարցեր, որոնք չեն քննարկվել այդ դատական ակտով:

Սույն գործի փաստերի համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումը 14.08.2013 թվականի թիվ Մ-12/08/2013-34-0007 գրությամբ Սոֆիա Հարությունյանի սեփականության իրավունքի գրանցումը Վանաձորի Աբեղյան փողոցի թիվ 52 հասցեի գույքի նկատմամբ ի թիվս այլ հիմքերի, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ դատական ակտի հիման վրա գույքի միավորի բաժանման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև դատարանի կողմից հաստատված անշարժ գույքի միավորի բաժանման հատակագիծ:

Սոֆիա Հարությունյանը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.04.2011 թվականի վճռի կատարման փուլում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանման վերոհիշյալ մերժման արդյունքում, վճռի պարզաբանման մասին ներկայացրել է դիմում, որի հիմքում դրել է հատակագծի բացակայության հանգամանքը:

Դատարանի 19.12.2013 թվականի «Վճիռը պարզաբանելու մասին» որոշմամբ Սոֆիա Հարությունյանի դիմումը բավարարվել է` պարզաբանելով, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.04.2011 թվականի վճռի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.07.2011 թվականի որոշման համաձայն` դիմող Սոֆիա Հարությունյանի, Էդգար և Էդվարդ Ավետիսյաններին որպես սեփականություն 1/4 բաժնեմասով ենթակա է գրանցելու Աբեղյան թիվ 52/1 հասցեի տան նկատմամբ: Համաձայնելով Դատարանի վերոհիշյալ եզրահանգման հետ Վերաքննիչ դատարանը 07.05.2014 թվականին մերժել է Սոֆիա Հարությունյանի վերաքննիչ բողոքը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումներն անհիմն են, քանի որ չեն բխում գործի այն փաստական հանգամանքներից, որոնք դրվել են վճռի հիմքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.07.2011 թվականի որոշմամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.04.2011 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/2 հասցեի տան նկատմամբ կատարված գործարքի և դրանից ծագած իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասով պահանջը մերժվել է, իսկ մնացած` Սոֆիա Հարությունյանին, Էդգար և Էդվարդ Ավետիսյաններին ճանաչել Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի տիրապետող ժառանգ, Սուսաննա Ավետիսյանին Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 տան 1/4 բաժնեմասի տիրապետող ժառանգ ճանաչելու մասերով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Այսպիսով, վճռի բովանդակությունից հետևում է, որ Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 հասցեի անշարժ գույքը բաղկացած է առանձնացված Աբեղյան թիվ 52/1 և 52/2 հասցեներից և վճռի կայացման պահին` 20.04.2011 թվականին, արդեն իսկ առկա է եղել Աբեղյան թիվ 52/1 և 52/2 առանձնացված միավորներով գույքերի գրանցումը, և տվյալ պարագայում ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.04.2011 թվականի վճռով ճանաչվել է Սոֆիա Հարությունյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4 բաժնեմասի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թեև ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.04.2011 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Վանաձոր քաղաքի Աբեղյան թիվ 52/1 հասցեի տան նկատմամբ Հրաչյա Ավետիսյանի սեփականության իրավունքի գրանցումը, սակայն դատական ակտով չի ճանաչվել որևէ անձի իրավունք անշարժ գույքի այդ միավորի նկատմամբ: Բացի այդ, Վանաձորի թիվ 52/1 և 52/2 հասցեների առանձնացումը ևս չի վերացվել և գույքի միավորում տեղի չի ունեցել: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը, պարզաբանելով, որ Սոֆիա Հարությունյանի, Էդգար և Էդվարդ Ավետիսյանների սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Վանաձոր քաղաքի թիվ 52/1 հասցեի տան նկատմամբ, փոխել է վճռի բովանդակությունը:

i

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ սույն գործի փաստերի համաձայն Սոֆիա Հարությունյանը վճռի պարզաբանման դիմումի հիմքում դրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանման 14.08.2013 թվականի թիվ Մ-12/08/2013-34-0007 գրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետին արված հղումը, այն է դատական ակտի հիման վրա գույքի միավորի բաժանման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև դատարանի կողմից հաստատված անշարժ գույքի միավորի բաժանման հատակագիծ, մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանի վճռով գույքի բաժանումը չի քննարկվել, դրա վերաբերյալ վճռի եզրափակիչ մասում որևէ անհստակություն առկա չէ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռի պարզաբանման դիմում ներկայացնելով դիմումատուն ըստ էության հայցել է իր և Կադաստրի միջև ծագած հարաբերությունների վերաբերյալ որոշակի խորհրդատվական բնույթի դիրքորոշում, որպիսի դիրքորոշում տրամադրելը դուրս է Դատարանի լիազորությունների շրջանակներից և չի բխում վճռի պարզաբանման որպես վճռում առկա թերությունները վերացնելու միջոցի էությունից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` Սոֆիա Հարությունյանի դիմումը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2014
N ԼԴ/0376/02/09
Որոշում