Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ, 409-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ, 409-ՐԴ, 437-ՐԴ, 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԱՎԴ2/0246/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0246/02/13            2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Գ. Մատինյան   

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              

2014 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արսեն Մուրադյանի ներկայացուցիչ Սևակ Մարաբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Արսեն Մուրադյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Արսեն Մուրադյանի ընդդեմ Ընկերության` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Արսեն Մուրադյանից բռնագանձել 1.615.044 ՀՀ դրամ, որից 1.491.925 ՀՀ դրամը` պարտքի, 91.452 ՀՀ դրամը` տույժի, 31.667 ՀՀ դրամը` նախապես վճարված պետական տուրքի գումարներ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արսեն Մուրադյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 2.200.000 ՀՀ դրամի և սկզբնական հայցով պահանջվող գումարի հաշվանցման արդյունքում ստացվող գումարը` որպես պատճառված վնաս:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Բալյան) (այսուհետ` Դատարան) 19.12.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.05.2014 թվականի որոշմամբ Արսեն Մուրադյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.12.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Մուրադյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ կետը, 409-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 437-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 01.11.2005 թվականի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ Կանոններ) 7.2 կետը, 12.01.2009 թվականին կողմերի միջև կնքված բնական գազի մատակարարման պայմանագրի (այսուհետ Պայմանագիր) 3.3 կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետը, 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է Պայմանագրի 3.3 կետի պահանջն այն մասին, որ մատակարարը պարտավոր է առաքման կետում ապահովել պայմանագրով սահմանված գազի ճնշումը գազամատակարարումը սկսելուց հետո 36 ժամվա ընթացքում, իսկ նշված կետի խախտման հետևանքով բաժանորդի կրած վնասը Կանոնների 4.9 կետի ուժով պետք է հատուցի մատակարարը: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Արսեն Մուրադյանն է թույլ տվել գազահաշվիչի մաքսիմալ թողունակության խախտում, սակայն չի հիմնավորել, թե որ փաստական կամ իրավական հիմքի առկայությամբ է եկել այդ եզրահանգմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Տվյալ դեպքում 11.01.2013 թվականին գազահաշվիչը տեղադրված լինելու մասին կողմերի ստորագրած ակտում չկա որևէ նշում կամ գրառում այն մասին, որ գազահաշվիչը վնասված է, ուստի այն Ընկերության կողմից տեղադրվել է սարքին վիճակում, իսկ գազի մատակարարման դադարումը տեղի է ունեցել հաշվիչի շահագործման կանոնների խախտման հետևանքով:

Բացի այդ, Արսեն Մուրադյանի կրած վնասի չափի մասին ակտը չի կարող գնահատվել որպես ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթուղթ, քանի որ Արսեն Մուրադյանը ոչ բանավոր և ոչ էլ գրավոր Ընկերությանը չի իրազեկել մասնակցելու ջերմոցային տնտեսությունում աճեցված մշակաբույսերի ցրտահարման և նյութական վնասների ծավալների քննարկմանը: Նշված ակտը կազմվել է ոչ իրավասու անձանց կողմից, քանի որ նման փաստաթուղթ կազմելու և եզրակացություն տալու իրավունք ունեն համապատասխան մասնագիտական որակավորում և համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունք տվող արտոնագիր ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության և Արսեն Մուրադյանի միջև 12.01.2009 թվականին կնքված բնական գազի մատակարարման (մատակարար - ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդի) թիվ Ա-082-01-09-7607 պայմանագրի համաձայն` մատակարարը պարտավորվել է ապահովել անխափան գազամատակարարում, իսկ բաժանորդը` վճարել օգտագործված բնական գազի դիմաց (հատոր 1-ին գ.թ. 13-30):

2) Ընկերությունն Արսեն Մուրադյանին 27.06.2013 թվականի դրությամբ մատակարարել է 1.491.925 ՀՀ դրամի բնական գազ, որի դիմաց վերջինս չի վճարել, և Ընկերությունը հաշվարկել է 91.452 ՀՀ դրամի չափով տույժ (հատոր 1-ին գ.թ. 8-9, 12):

3) Գազահաշվիչի հանման, տեղադրման վերաբերյալ ակտի համաձայն` 11.01.2013 թվականին ապահավաքակցվել է պատասխանողի ջերմոցային տնտեսության նախորդ G-16 մակնիշի թիվ 16160371 գազահաշվիչը և տեղադրվել է նորը (G-16 մակնիշի թիվ 16000844) (հատոր 1-ին գ.թ. 46):

4) Ըստ «Գազ Սուզան Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի կողմից 16.01.2013 թվականին տրված եզրակացության հաշվիչի կնիքը և համրման սարքը խափանված չեն, գազահաշվիչը չի կազմաքանդվել: Էլեկտրոնային ճշտիչի զննումից պարզվել է, որ 11.01.2013 թվականին ժամը 23:05:00-ին առկա է թույլատրելի մաքսիմում ծախսի գերազանցում 30,10 խմ/ժամ, ինչի հետևանքով փակվել է անջատիչ կափույրը: Այսինքն` տեղի է ունեցել շահագործման կանոնների խախտում (հատոր 1-ին գ.թ. 82):

5) Գեղանիստի գյուղապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսության գծով առաջին կարգի մասնագետ Կարապետ Եղոյանի կողմից 13.01.2013 թվականին կազմվել է ակտ, ըստ որի` Արսեն Մուրադյանի ջերմատանը խաթարվել է գազի նորմալ մատակարարումը, որի արդյունքում ցրտահարվել են շուրջ 10.000 վարդի տնկիները, ինչպես նաև թվով 10 լիմոնի ծառեր պատճառելով ընդհանուր հաշվով 2.200.000 ՀՀ դրամի չափով վնաս (հատոր 1-ին գ.թ. 40):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական ակտերի հիմնավորվածության հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասները որոշվում են նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով իրավահարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն Ընկերության և Արսեն Մուրադյանի միջև 12.01.2009 թվականին կնքվել է բնական գազի մատակարարման (մատակարար - ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդի) թիվ Ա-082-01-09-7607 պայմանագիր, որի համաձայն` մատակարարը պարտավորվել է ապահովել անխափան գազամատակարարում, իսկ բաժանորդը` վճարել օգտագործված բնական գազի դիմաց:

Ընկերությունն Արսեն Մուրադյանին 27.06.2013 թվականի դրությամբ մատակարարել է 1.491.925 ՀՀ դրամի բնական գազ, որի դիմաց վերջինս չի վճարել, և Ընկերությունը հաշվարկել է 91.452 ՀՀ դրամի չափով տույժ:

Գազահաշվիչի հանման, տեղադրման վերաբերյալ ակտի համաձայն` 11.01.2013 թվականին ապահավաքակցվել է պատասխանողի ջերմոցային տնտեսության G-16 մակնիշի թիվ 16160371 գազահաշվիչը և տեղադրվել է նորը (G-16 մակնիշի թիվ 16000844):

Ըստ «Գազ Սուզան Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի կողմից 16.01.2013 թվականին տրված եզրակացության հաշվիչի կնիքը և համրման սարքը անխափան են, գազահաշվիչը չի կազմաքանդվել: Էլեկտրոնային ճշտիչի զննումից պարզվել է, որ 11.01.2013 թվականին ժամը 23:05:00-ին առկա է թույլատրելի մաքսիմում ծախսի գերազանցում` 30,10 խմ/ժամ, ինչի հետևանքով փակվել է անջատիչ կափույրը, այսինքն` տեղի է ունեցել շահագործման կանոնների խախտում:

Գեղանիստի գյուղապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսության գծով առաջին կարգի մասնագետ Կարապետ Եղոյանի կողմից 13.01.2013 թվականին կազմվել է ակտ, ըստ որի` Արսեն Մուրադյանի ջերմատանը խաթարվել է գազի նորմալ մատակարարումը, որի արդյունքում ցրտահարվել են շուրջ 10.000 վարդի տնկիները, ինչպես նաև` թվով 10 լիմոնի ծառեր պատճառելով ընդհանուր հաշվով 2.200.000 ՀՀ դրամի չափով վնաս:

Սույն գործով Դատարանը, հակընդդեմ հայցը մերժելով, պատճառաբանել է, որ ըստ «Գազ Սուզան Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի կողմից 16.01.2013 թվականին տրված եզրակացության տեղի է ունեցել G-16 մակնիշի թիվ 16000844 գազահաշվիչի սահմանված անհրաժեշտ ժամային առավելագույն ծախսի գերազանցում, այն է 11.01.2013 թվականի ժամը 23:05:00-ի դրությամբ 30.1 խմ/ժամ, ինչի հետևանքով հաշվիչի անջատիչ կափույրը փակվել է: Դատարանն արձանագրել է, որ սարքը համապատասխանում է տեխնիկական պայմաններին, տեղի է ունեցել շահագործման կանոնների խախտում, հետևաբար Արսեն Մուրադյանի կողմից խախտվել են շահագործվող էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների պատշաճ տեխնիկական վիճակն ու անվտանգությունն ապահովելու, էներգիայի սպառման համար սահմանված ռեժիմը պահպանելու իր պարտավորությունները: Բացի այդ, Արսեն Մուրադյանը, 11.12.2009 թվականին գրավոր կարգով տեղեկացված լինելով տնտեսությունների ջեռուցման ժամանակաշրջանի ընթացքում մեկ ամսվա համար այլընտրանքային վառելիքի պաշարների առկայության անհրաժեշտության մասին, չի կատարել գրության ցուցումը, հետևաբար բացակայում է Ընկերության մեղքն Արսեն Մուրադյանի վնասներ կրելու հարցում:

Վերաքննիչ դատարանը, հիմնավորված համարելով Դատարանի հաստատած փաստերն ու եզրահանգումները, լրացուցիչ պատճառաբանել է, որ Արսեն Մուրադյանը թույլ է տվել գազահաշվիչի մաքսիմալ թողունակության խախտում` 25 խմ/ժամի փոխարեն 30.1 խմ/ժամ, որի արդյունքում փակվել է անջատիչ կափույրը, և դադարեցվել է գազի մատակարարումը դեպի ջերմոց, ինչի հետևանքով վերջինս կրել է իր կողմից նշված վնասը: Տվյալ պարագայում Ընկերությունը 16.01.2013 թվականի թիվ 156 եզրակացությամբ հիմնավորել է իր մեղքի բացակայությունն Արսեն Մուրադյանի կողմից կրած վնասի հարցում, հետևաբար մեղքի բացակայության պայմաններում վնասի հատուցման պարտականությունն Ընկերությունը չի կրում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կանոնների 7.2 կետի համաձայն` մատակարարը պարտավոր է բաժանորդին մատակարարել անհրաժեշտ քանակի գազ` Պայմանագրով ամրագրված գազօգտագործող սարքավորումների հզորությունների սահմաններում, Պայմանագրով ամրագրված ժամանակացույցով (շուրջօրյա, սեզոնային): Գազը մատակարարվում է անընդհատ, եթե բաժանորդի պահանջով մատակարարման Պայմանագրում մատակարարման այլ կարգ չի նախատեսվում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են Կանոնների 7.2 կետի պահանջն այն մասին, որ մատակարարը պարտավոր է մատակարարել Պայմանագրում ամրագրված գազօգտագործող սարքավորումների հզորությունների սահմաններում անհրաժեշտ քանակի գազ:

Նշված դրույթի կարգավորումից բխում է, որ սույն դեպքում դրա կիրառելիության համար անհրաժեշտ էր պարզել Արսեն Մուրադյանի` գազօգտագործող սարքավորումների հզորությունների սահմանները, քանի որ այդ սահմանները գերազանցող քանակի գազ մատակարարելու պարտավորությունը խախտելու պայմաններում պատասխանատվություն կրում է մատակարար Ընկերությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով իր մեղքի բացակայությունն ապացուցելու համար Ընկերությունը պարտավոր էր ապացուցել, որ գազը մատակարարվել է գազօգտագործող սարքավորումների հզորությունների սահմաններում, մինչդեռ Ընկերության մեղքի բացակայությունը ստորադաս դատարանները հիմնավորել են 16.01.2013 թվականի թիվ 156 եզրակացությամբ, որը վերաբերում է հաշվիչի գրանցած տվյալների հիման վրա գազի թույլատրելի առավելագույն ծախսի գերազանցմանը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 16.01.2013 թվականի ակտով հիմնավորվել է, որ գազահաշվիչի կնիքը և համրման սարքն անխափան են, գազահաշվիչը չի կազմաքանդվել, այսինքն` Արսեն Մուրադյանի կողմից գազահաշվիչի աշխատանքին որևէ միջամտություն չի եղել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից սխալ է որոշվել այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար: Մասնավորապես` հաստատված համարելով գազի թույլատրելի առավելագույն ծախսն Արսեն Մուրադյանի կողմից գերազանցելու փաստը` ստորադաս դատարանները չեն պարզել, թե ինչպես կամ ինչ եղանակով է դա կատարվել, ինչպես նաև արդյոք Ընկերությունը գազ է մատակարարել գազօգտագործող սարքավորումների հզորությունների սահմաններում:

Հիմնավոր չէ նաև Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Արսեն Մուրադյանը, տեղեկացված լինելով տնտեսությունների ջեռուցման ժամանակաշրջանի ընթացքում մեկ ամսվա համար այլընտրանքային վառելիքի պաշարների առկայության անհրաժեշտության մասին, չի կատարել գրության ցուցումը, քանի որ Դատարանը չի մատնանշել, թե որ իրավական ակտով կամ Պայմանագրի որ կետով է սահմանված գազ սպառողի նման պարտականությունը, իսկ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այդ հիմքով Ընկերության մեղքի բացակայությունը հիմնավորված համարելու մասին Դատարանի եզրահանգման հիմնավորվածության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկին:

i

Մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

Նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերության համաձայն` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

i

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի, իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների թիվ 3-1843 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները` Դատարանի կողմից մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման վերաբերյալ հիմնավոր են` նկատի ունենալով, որ Դատարանի վճիռը չի պարունակում գործի ճիշտ լուծման համար անհրաժեշտ բոլոր փաստական և իրավական հիմնավորումները, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար, որպիսի քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել, թե Ընկերության կողմից արդյոք պահպանվել են Կանոնների 7.2 կետի պահանջները, թույլ չի տրվել արդյո՞ք գազօգտագործող սարքավորումների հզորությունների սահմաններում գազ մատակարարելու պարտավորության խախտում և արդյո՞ք դրա հետևանքով առկա է վնաս:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է նոր քննության ուղարկել ամբողջ ծավալով, քանի որ Ընկերության կողմից Արսեն Մուրադյանին վնաս պատճառելու հանգամանքը հիմնավորվելու պարագայում պետք է լուծվի նաև օգտագործված գազի դիմաց վճարման ենթակա գումարի հետ վնասի գումարի հաշվանցման հարցը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2010 թվականի ՀՕ-49-Ն օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.07.2014 թվականի որոշմամբ հետաձգված և վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գանձման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյանի

Դատավորներ` Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2014
N ԱՎԴ2/0246/02/13
Որոշում