Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.09.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.10.1995  -ից մինչեւ   20.09.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 25.08.98 թիվ 529 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

2 հոկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 44

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնական գազից օգտվելու կանոնները (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 2-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

հոկտեմբերի 2-ի թիվ 44 որոշմամբ

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բնական գազից օգտվելու կանոնները (այսուհետ` կանոններ) սահմանում են Հայաստանի Հանրապետությունում գազամատակարար, գազ իրացնող և սպառող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների փոխհարաբերությունները:

Սույն կանոնները պարտադիր են մատակարարող, իրացնող, նախագծող և կարգաբերող ձեռնարկությունների, ինչպես նաև սպառողների համար, անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից:

2. Գազամատակարար ձեռնարկություն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնը (այսուհետ` մատակարար):

3. Գազ իրացնող ձեռնարկություններ են հանդիսանում «Հայգազարդ» պետական կոնցեռնի գազիֆիկացման և գազամատակարարման դուստր ձեռնարկությունները (այսուհետ` իրացնող):

4. Գազ սպառողներ են հանդիսանում արդյունաբերական, կոմունալ-կենցաղային, գյուղատնտեսական և այլ ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից), ինչպես նաև քաղաքացիները (այսուհետ` սպառող):

5. Գազի մատակարարումը, իրացումը և սպառումն իրականացվում են սույն կանոններին համապատասխան կնքված պայմանագրերի հիման վրա:

Պայմանագրին կցվում է գազատարների, ինչպես նաև չափիչ-հսկիչ սարքերի հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման համար պատասխանատվության սահմանազատման ակտը:

6. Պայմանագիրը կնքվում է մատակարարի և իրացնողի, իրացնողի և սպառողի միջև:

7. Պայմանագիրը կնքելիս հաշվի է առնվում գազատարների տեխնիկական վիճակը և թողունակությունը:

8. Գազ մատակարարող, իրացնող և սպառող ձեռնարկությունները, անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, պատասխանատու են իրենց պատկանող գազատարների, դրանց շահագործումն ու սպասարկումն ապահովող կառույցների, շինությունների և սարքավորումների տեխնիկական վիճակի, գործող տեխնիկական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան դրանց շահագործման և օպերատիվ գործակարգավարական (դիսպետչերական) կարգապահության պահպանման համար:

9. Գազամատակարարման ժամանակ մատակարարը, իրացնողները և սպառողները պարտավոր են խստորեն պահպանել սույն կանոնների, ինչպես նաև գազային տնտեսության մեջ անվտանգության տեխնիկայի վերաբերյալ գործող բոլոր կանոնների (այսուհետ` գազային տնտեսության մեջ անվտանգության տեխնիկայի կանոններ) պահանջները, անմիջապես միմյանց հայտնել իրենց պատկանող օբյեկտներում տեղի ունեցած վթարների, անսարքությունների և այլ դեպքերի մասին, որոնց հետևանքով հնարավոր է գազի մատակարարման կամ սպառման նվազեցում կամ լրիվ ընդհատում:

10. Իրացնողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգիայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչության (այսուհետ` Էներգապետհսկողություն) ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության (այսուհետ` Լեռտեխհսկողություն) կարգադրագրերով սպառողին նախազգուշացնելուց հետո (հեռախոսագրով, հեռագրով, էլեկտրոնային կապի միջոցով) մասամբ կամ լրիվ դադարեցնել գազամատակարարումը:

Իրացնողն իրավասու է նաև սպառողի գազամատակարարումը մասամբ կամ լրիվ դադարեցնել`

ա) պայմանագրով սահմանված ժամկետում սպառված գազի համար չվճարման դեպքում.

բ) առանց համապատասխան թույլտվության գազի օգտագործման դեպքում.

գ) հաշվարկային հաշվառման չափիչ-հսկիչ սարքերից դուրս գազասպառման համակարգին միացման դեպքում.

դ) վթարի կամ գազասպառման համակարգի տեխնիկական անբավարար վիճակի դեպքում.

ե) գազի օգտագործման սահմանված մեծությունների և ժամային առավելագույն բեռնվածության գերազանցման դեպքում.

զ) գազասպառման համակարգերը գերազանցող անձնակազմի ատեստավորման բացակայության դեպքում.

է) սպառողի կողմից իր տարածք իրացնողի ներկայացուցչի մուտքի խոչընդոտման կամ արգելման դեպքում:

Սպառողի գազամատակարարումը վերականգնվում է այն դադարեցնելու (սահմանափակելու) կարգադրագիր տված մարմնի գրավոր թույլտվությամբ:

 

II. ԻՐԱՑՎՈՂ ԳԱԶԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

11. Մատակարարը գազը սպառողներին բաշխում է` ելնելով հանրապետություն մուտք գործող գազի ծավալներից, գազամուղների տեխնիկական վիճակից, թողունակությունից և սպառողների գնողունակությունից:

12. Գազ մատակարարողը, իրացնողները և սպառողները պարտավոր են այն մատակարարել, իրացնել և սպառել հավասարապես` սահմանված ամսական սահմանաքանակից հաշվարկված միջին օրական չափաքանակով, իսկ դրանից շեղվելու անհրաժեշտության դեպքում` նրանց գործակարգավորական ծառայությունների փոխադարձ համաձայնությամբ:

13. Սպառողների կողմից օրական չափաքանակի գերծախսի դեպքում իրացնողին իրավունք է վերապահվում կիրառել գազամատակարարման սահմանափակում` սահմանված օրական չափաքանակի սահմանում:

14. Գազի օգտագործման ռեժիմների կարգավորման վերաբերյալ գազամատակարարի ցուցումները պարտադիր են կատարման իրացնողների և սպառողների համար:

15. Մատակարարի կողմից իրացնողին տրված գազի քանակը որոշվում է մատակարարի չափիչ-հսկիչ սարքերով, որի տվյալները ձևակերպվում են մատակարարի և իրացնողի կողմից կազմված ակտով, պայմանագրով նախատեսված ժամկետներում:

Նշված ակտը հիմք է մատակարարված գազի դիմաց վճարման համար:

16. Իրացնողի կողմից սպառողներին մատակարարված գազի քանակը որոշվում է սպառողների մոտ տեղադրված և նրանց հաշվեկշռում գտնվող չափիչ-հսկիչ սարքերով (հաշվիչ, ծախսաչափ) և ձևակերպվում է գազ իրացնողի ու սպառողի կողմից տրված ակտով, պայմանագրով նախատեսված ժամկետներում:

Սպառողի մոտ գազի հաշվիչների բացակայության կամ անսարքության դեպքում մատակարարված գազի քանակը հաշվարկվում է ըստ չկապարակնքված տեղակայանքների նախագծային հզորության, ելնելով հաշվիչների անսարքության ժամանակահատվածում ձեռնարկության աշխատած ժամերի քանակից:

Առանձին դեպքերում սպառողներին մատակարարված գազի քանակը կարող է որոշվել իրացնողի մոտ տեղադրված և իր հաշվեկշռում գտնվող չափիչ-հսկիչ սարքերի տվյալներով:

17. Մատակարարի գազաչափիչ սարքերի անսարքության դեպքում մատակարարված գազի քանակը որոշվում է սպառողների գազաչափիչների գումարային ցուցմունքով, իսկ սպառողների մոտ դրանց բացակայության դեպքում` մատակարարի և իրացնողի կողմից կազմված համատեղ ակտով, որտեղ հաշվի են առնվում սպառողների նախագծային հզորությունները և աշխատաժամերը:

18. Կողմերին իրավունք է վերապահվում ստուգելու չափիչ-հսկիչ սարքերի շահագործումն ու աշխատանքը և քարտագրերի մշակման ճշտությունը, ինչպես նաև պահանջելու դրանց արտահերթ ստուգումը և չափաբերումը:

Չափիչ-հսկիչ սարքերի անսարքության դեպքում փորձաքննական աշխատանքների համար վճարումը կատարվում է սարքերի սեփականատերը, իսկ սարքին լինելու դեպքում` չափագրման փորձաքննություն պահանջող կողմը:

19. Հաշվարկային հաշվառման սարքերի պարբերաբար պետական ստուգումը կատարում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը` իր կողմից սահմանված ժամկետներում:

Նշված վարչության դրոշմի բացակայության կամ հաշվարկային հաշվառման չափիչ-հսկիչ սարքերի ստուգման ժամկետը լրանալիս, այդ սարքերով կատարված հաշվառումը համարվում է անվավեր և մատակարարված գազի քանակը համապատասխան հաշվարկով որոշում է գազ իրացնող ձեռնարկությունը:

20. Մատակարարի, սպառողի և իրացնողի հաշվարկային հաշվառման համակարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Էներգապետհսկողությունը:

21. Գործող նորմերին համապատասխան, հաշվառման ժամանակ չափման միավորը սահմանվում է 1 խորանարդ մետր գազը t = 20 օC ջերմաստիճանի, p = 760 մմ սնդիկի սյան ճնշման և զերոյական խոնավության պայմաններում:

22. Հաշվարկված (որոշված) գազի քանակի հետ չհամաձայնվող կողմն այդ մասին հայտնում է մյուս կողմին` ակտի կազմման պահից 10-օրյա ժամկետում:

23. Կազմված ակտի հետ իրացնողի կամ սպառողի չհամաձայնելու դեպքում ծագած տարաձայնությունները լուծում է էներգապետհսկողությունը:

24. Իրացնողի և սպառողի միջև ծագած տարաձայնություններն էներգապետհսկողության կողմից չլուծելու դեպքում այն լուծվում է պետական արբիտրաժում կամ դատարանում:

Մինչև նշված մարմինների կողմից որոշում կայացնելը գազի ծախսի համար հիմք է ընդունվում իրացնողի ներկայացրած հաշվարկը:

 

III. Մատակարարվող գազի որակը

 

25. Գազի մատակարարումն սպառողներին իրականացվում է իրացնողի և սպառողի միջև կնքված պայմանագրի տեխնիկական պայմաններով նախատեսված որակին համապատասխան:

26. Գազի որակի և բաղադրության ստուգման պարբերականությունը ու նմուշի վերցման տեղը սահմանվում են գազ մատակարարողի և իրացնողի միջև կնքված պայմանագրով:

Յուրաքանչյուր ամիս մատակարարը կատարում է գազի որակի ստուգում և արդյունքների մասին գրավոր տեղյակ է պահում իրացնողներին: Իրացնողների և սպառողների միջև գազի սպառման հաշվարկների կատարման հիմք է ընդունվում մատակարարի կողմից տրված որակի մասին տեղեկանքը:

Գազի որակի վերաբերյալ վեճերը լուծում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը:

27. Գազի հոտավորումն իրականացնում է մատակարարը, իսկ հոտի ակտիվությունը գազատարներում հսկում է իրացնողը, գազային տնտեսությունում անվտանգության տեխնիկային նորմերին համապատասխան:

Եթե սպառողը գազն օգտագործում է տեխնոլոգիական նպատակներով և ենթակա չէ հոտավորման, ապա այն պետք է նախատեսվի պայմանագրով:

28. Մատակարարը և իրացնողը պահպանում են գազի ճնշումը գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) ելքում` սպառողի կողմից օրվա սահմանաքանակով գազը վերցնելու պայմանով:

 

IV. ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՆՈՐ ԳԱԶԻՖԻԿԱՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ

 

29. Հանրապետությունում նոր գազիֆիկացվող օբյեկտներին գազի օգտագործման թույլտվություն տալիս է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության համաձայնությամբ:

30. Սպառողը (կամ նրա հանձնարարությամբ նախագծող կազմակերպությունը) մինչև նախագծման առաջադրանքի կազմելը պետք է մատակարարի հանձնարարությամբ իրացնողից ստանա գազատարին միացման տեխնիկական պայմանները:

31. Գազի օգտագործման թույլտվություն ստանալու համար սպառողը պետք է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն ներկայացնի հայտագիր, կցելով օբյեկտի տեղաբաշխման պլանը, տեխնիկական բնութագիրը, նշելով գազի տարեկան և եռամսյակային պահանջարկը:

32. Գազատարին միացման տեխնիկական պայմաններում պետք է նշվեն`

ա) օբյեկտը սնուցող գազատարի միացման տեղը.

բ) գործող գազամուղի թողունակությունը մեծացնելու նպատակով գազաբաշխիչ կայանի (ԳԲԿ) փոխարինման կամ շինարարության անհրաժեշտությունը.

գ) միացվող գազամուղում գազի ճնշումը (ԳԲԿ-ից հետո).

դ) միջանցիկ կամ ԳԲԿ-ին օղակավոր շրջանցման գծերի շինարարության անհրաժեշտությունը.

ե) գազի ծախսի հաշվարկի վերաբերյալ պահանջները.

զ) տեխնիկական պայմանների գործողության ժամկետը:

Իրացնողը նշված տեխնիկական պայմանների մասին տեղյակ է պահում էներգապետհսկողությանը:

33. Գազատարի միացման տեխնիկական պայմանների կատարումը պարտադիր է սպառողների և գազամատակարարման նախագիծը կազմող նախագծային կազմակերպությունների համար: Տեխնիկական պայմաններից շեղում կատարվում է միայն իրացնողի թույլտվությամբ` մատակարարի համաձայնությամբ:

34. Գազամատակարարման նախագծերը պետք է կատարվեն գործող շինարարական նորմերի և կանոնների, գազային տնտեսությունում անվտանգության տեխնիկայի կանոնների, այլ նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերի և սույն կանոնների պահանջներին համապատասխան:

35. Շինարարությունն սկսելուց առաջ գազամատակարարման բոլոր նախագծերը ենթակա են գրանցման Լեռտեխհսկողությունում, իրացնողի մոտ, «Հայգազարդ» պետական կոնցեռնի «Անտիկոր» ՊՁ-ում և էներգապետհսկողությունում:

 

V. ԳԱԶ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Գազիֆիկացման աշխատանքներն ավարտելուց հետո սպառողների գազային տեղակայանքներն ընդունվում են շահագործման սահմանված կարգով ստեղծված հանձնաժողովների կողմից, շինարարական նորմերի և կանոնների ու գազային տնտեսության մեջ անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին համապատասխան: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են Լեռտեխհսկողության և Էներգապետհսկողության ներկայացուցիչները:

37. Գազի մատակարարումից առաջ և ընթացքում համապատասխան մասնագիտացված ձեռնարկության կողմից պարտադիր իրականացվում են ռեժիմային-կարգաբերման և նորոգման-կարգաբերման աշխատանքներ:

Կարգաբերող ձեռնարկությունները և ծառայությունները, անկախ կարգավիճակից, պետք է գրանցվեն Էներգապետհսկողությունում ու Լեռտեխհսկողությունում և համապատասխան աշխատանքների կատարման համար ստանան թույլտվություն:

Գազ սպառող ձեռնարկություններին արգելվում է կարգաբերման աշխատանքների կատարման պայմանագիր կնքել համապատասխան թույլտվություն չունեցող ձեռնարկությունների հետ:

38. Իրացնողը գազ օգտագործող տեղակայանքներին գազ է մատակարարում հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում`

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից տրված գազի օգտագործման թույլտվություն.

գազ օգտագործող սարքավորումների, գազայրիչ տեղակայանքների, չափիչ-հսկիչ սարքերի կատարողական-տեխնիկական փաստաթղթեր, աշխատանքային նախագծեր, սխեմաներ, անձնագրեր և գազի հաշվառման համակարգի հետ առնչվող այլ փաստաթղթեր.

մասնագիտացված ձեռնարկության հետ ռեժիմային-կարգաբերման և նորոգման-կարգաբերման աշխատանքների իրականացման վերաբերյալ կնքված պայմանագիր.

գազամատակարարման համակարգի շահագործման ընդունման վերաբերյալ սույն կանոնների 36-րդ կետում նշված հանձնաժողովի ընդունման ակտ.

ատեստավորող համապատասխան հանձնաժողովի արձանագրության` գազ օգտագործող տեղակայանքների շահագործման մասով սպասարկող անձնակազմի գիտելիքների ստուգման վերաբերյալ.

հրաման գազային տնտեսության համար պատասխանատուների նշանակման վերաբերյալ.

հրդեհային հսկողության մարմինների կողմից տրված ծխաօդափոխիչ ուղիների տեխնիկական վիճակի և սարքինության վերաբերյալ ակտ.

կաթսայատները սպասարկող հնոցապաններին տրված մասնագիտական թույլտվություն.

էներգապետհսկողության թույլտվություն:

 

VI. ՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՐԳԸ

 

i

39. Տրված մեկ միավոր գազի հաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողով հաստատած սակագներով:

/փոփ. 07.05.96 թիվ 160 որոշում/

40. Մատակարարված գազի վճարումը կատարվում է պայմանագրով սահմանված կարգով:

41. Մատակարարված գազի վճարման հաշվարկները կատարվում են բանկային համակարգում սահմանված ձևերին համապատասխան:

42. Վճարման հաշիվների համար հիմք են հանդիսանում սույն կանոնների 15, 16 և 17-րդ կետերով նշված ակտերը:

 

VII. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

43. ԲՆական գազի օգտագործման նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում է Էներգապետհսկողությունը, իսկ տեխնիկական հսկողությունը` Լեռտեխհսկողությունը, անկախ օգտագործողի սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից:

44. Պետական հսկողության իրականացումը Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին և պետական կառավարման տարածքային մարմիններին չի ազատում իրենց ենթակա ձեռնարկությունների գազասպառման համակարգերի տեխնիկական վիճակի և դրանց շահագործման ստուգման գծով պարտականություններից, իսկ այդ ձեռնարկություններին` շինարարական նորմերի ու կանոնների, գազային տնտեսության մեջ անվտանգության կանոնների և այլ նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման պարտականությունից:

45. Սպառողի գազասպառման համակարգ և գազասպառիչների մոտ Էներգապետհսկողության և գազամատակարարող ձեռնարկության պաշտոնատար անձանց մուտքը, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող գազասպառման ռեժիմների ստուգումները խոչընդոտելու համար սպառողը ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ԳՈՒՅՔԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

46. Կողմերի գույքային պատասխանատվությունը որոշվում է գործող օրենսդրությամբ, մատակարարի, իրացնողի և սպառողի միջև կնքված պայմանագրերով:

47. Սպառողը, ինչպես նաև իրացնողը, պատասխանատու են պայմանագրով սահմանված չափաքանակով գազի մատակարարման, օգտագործման և ծախսված գազի դիմաց պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում վճարումների կատարման համար:

48. Իրացնողի կամ սպառողի կողմից պայմանագրով սահմանված ամսական չափաքանակից ավել և առանց մատակարարի համաձայնության գազ օգտագործելու դեպքում իրացնողը կամ սպառողը վճարում են տուգանք` ավել օգտագործված գազի արժեքի տասնապատիկի չափով:

49. Մատակարարը` իրացնողին, իսկ իրացնողը` սպառողին պայմանագրով սահմանված ամսական չափաքանակի և որակի գազ չմատակարարելու դեպքում վճարում է տուգանք չմատակարարված կամ անորակ գազի արժեքի իննապատիկի չափով:

50. Մատակարարը կամ իրացնողը գազի թերմատակարարման կամ չմատակարարման համար ազատվում է պատասխանատվությունից, եթե գազի թերմատակարարումը կամ չմատակարարումը հետևանք են սույն կանոնների 10-րդ կետով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով սահմանված դեպքերի, ինչպես նաև չկանխատեսված այլ դեպքերի:

 

IX. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

51. Քաղաքացիները, որպես սպառող, օգտվում են միայն քաղաքային ցածր ճնշման գազատարներից:

Գազամատակարարումն իրականացվում է միայն իրացնողի կողմից` գազային տնտեսության անվտանգության տեխնիկայի կանոնների համաձայն:

52. Բնակչության և իրացնողի միջև գազամատակարարման հիմք է հանդիսանում.

ա) անհատական բնակելի տների համար` բնակչի դիմումը.

բ) պետական կամ գերատեսչական բնակելի ֆոնդի տների, ինչպես նաև առանձին բնակավայրների համար` կնքված գազամատակարարման պայմանագիրը:

i

53. Քաղաքացիները գազի արժեքը վճարում են համաձայն Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողով հաստատած սակագների` ըստ հաշվիչի ցուցմունքի:

/փոփ. 07.05.96 թիվ 160 որոշում/

54. Քաղաքացիների և իրացնողի միջև ծագած տեխնիկական բնույթի տարաձայնությունները լուծում է «Հայգազարդ» պետական կոնցեռնի Հայգազկենցաղտեսչությունը: Վերջինիս տված եզրակացությունը հիմք է հանդիսանում իրացնողի և բնակչի համար: Եզրակացությունը կարող է գանգատարկվել դատական կարգով:

55. Քաղաքացիները պատասխանատու են իրենց բնակարանների գազատարների և գազային սարքերի անվտանգ շահագործման համար: Քաղաքացիները գազից անվտանգ օգտվելու համապատասխան հրահանգավորում պետք է ստանան բնակելի տների գազամատակարարումն իրականացնող գազային տնտեսության կողմից:

56. Նոր գազիֆիկացվող բնակելի տների գազիֆիկացման աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.1995
N 44
Որոշում