Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍԱԴՐԱՆՔ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍԱԴՐԱՆՔ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՉԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵՄԴ/0027/01/14

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՄԴ/0027/01/14

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

    Դատավորներ`        Կ. Ղազարյան

                       Գ. Մելիք-Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Դանիելյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

                   պաշտպան                    Ա. Ծատինյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 16-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գառնիկ Սեյրանի Գալստյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ. Գալստյանի պաշտպան Ա. Ծատինյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2014 թվականի հունվարի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62201414 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2014 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Գառնիկ Սեյրանի Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի մարտի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 13-ի դատավճռով Գ. Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալ Գ. Գալստյանի պաշտպան Ա. Ծատինյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 13-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Գ. Գալստյանի պաշտպան Ա. Ծատինյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալ Գ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) [նա], ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում սովորելու ընթացքում, կրելով ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել և իր ժամանակավոր բնակության վայրում` Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտայի 24/1 հասցեում տեղակայված վագոն-տնակում ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 83-84):

6. 2014 թվականի հունվարի 13-ի թիվ 16-14-0040 օպերատիվ հաղորդագրության քարտի համաձայն` «(...) հունվարի 12-ին ժ. 17.30-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները [ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների] պահանջով Ծ. Իսակովի պողոտայի թիվ 24/1 հասցեում գտնվող վագոն-տնակում ժամանակավոր բնակվող Գառնիկ Գալստյանը (...) ոստիկանության ծառայողների մատնանշած նույն վագոն-տնակի փայտե միջնապատի վերևի հատվածից ներկայացրել է առանց գործարանային համարի և գրառման, վարդագույն սրբիչի մեջ փաթաթված, իր կողմից ապօրինի պահվող անհայտ տիպի ատրճանակ` դատարկ պահունակով: Վերջինս հայտարարել է, որ նշված զենքն ինքը բերել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 32/2 տան նկուղից, որտեղ բնակվում է իր պապը: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 4)

7. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 13-ի դատավճռի համաձայն` «(...) դատարանը, հետազոտելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, վերլուծելով և գնահատելով դրանք իրենց համակցությամբ, ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Գառնիկ Սեյրանի Գալստյանը քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել և իր ժամանակավոր բնակության վայրում` Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտայի 24/1 հասցեում տեղակայված վագոն-տնակում ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված, ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, որը 2014 թվականի հունվարի 12-ին հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

(...) Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ վերջինս երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել և բնութագրվում է դրական:

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Կատարած արարքի համար ամբաստանյալ Գառնիկ Սեյրանի Գալստյանն ենթակա է պատժի: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության բնույթն և հասարակական վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, այնպես էլ նրա անձը:

(...)

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գառնիկ Սեյրանի Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 88-89):

8. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման համաձայն` «(...) Համաձայն 12.01.2014 թվականին կազմված արձանագրության, Գառնիկ Գալստյանի կողմից ոստիկանության աշխատակիցներին ատրճանակ ներկայացնելը կամովին չի եղել, նրան մի քանի անգամ առաջարկվել է հանձնել ատրճանակը, սակայն սկզբից այն չի ներկայացրել` ասելով, թե ատրճանակ չունի, հետո հայտնել է, թե իբր այն նետել է Երևանյան լիճը և ատրճանակը ներկայացրել է միայն այն ժամանակ, երբ ոստիկաններն ասել են, որ գիտեն, թե որտեղ է այն պահվում:

(...)

Այսպիսով, դատաքննությամբ և գործով ձեռք բերված ապացույցներով վերաքննիչ դատարանը հաստատված է համարում, որ Գառնիկ Գալստյանը ապօրինաբար ձեռք է բերել և պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված, ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, այսինքն` նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակված, իսկ պաշտպան Ա. Ծատինյանի կողմից վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները հերքվում են նաև հետևյալով:

- Ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործության որևէ սադրանք չի կատարվել, նրանց գործողությունները ուղղված են եղել հանցագործության բացահայտմանը և սկսվել են այն ժամանակ, երբ Գառնիկ Գալստյանը արդեն իսկ ապօրինի ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող ատրճանակը (...):

- Ամբաստանյալ Գառնիկ Գալստյանին մեղսագրված արարքի որակման և ապացուցվածության առումով էական նշանակություն չի կարող ունենալ ոստիկանության կողմից օպերատիվ տվյալ ստանալու և այն իրացնելու ժամանակահատվածը:

- Գործը քննելիս և լուծելիս Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից պահպանվել են ինչպես ներպետական, այնպես էլ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի պահանջները, իսկ նախաքննական մարմնի կողմից թույլ չեն տրվել այնպիսի խախտումներ, որոնք ամբաստանյալ Գ. Գալստյանի օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտմանը, ազդել կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

(...)

Հաշվի առնելով արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը, գործի կոնկրետ հանգամանքները, վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Գառնիկ Գալստյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, պատժի տեսակը և չափը որոշելիս պահպանել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված պատժի անհատականացման, 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներն ու նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ, որի միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն դատապարտելու բավարար հիմքեր առկա չեն, բացակայում է դատարանի համոզվածությունը, որ ամբաստանյալ Գալստյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 130-131):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

 

9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է` սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել նույն հոդվածի 5-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 15-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ, 35-րդ, 177-րդ, 180-րդ, 358-րդ հոդվածների պահանջները:

Ըստ բողոքաբերի` մինչև զենքի հայտնաբերման պահը վարույթ իրականացնող մարմնի կողմից որևէ արձանագրություն չի կազմվել, հետևաբար դրա հետևանքով ձեռք բերված ապացույցները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում և առաջացնել քրեական պատասխանատվություն: Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև` Եվրոպական դատարան)` Բաննիկովան ընդդեմ Ռուսաստանի և Ռամանաուսկասն ընդդեմ Լիտվայի գործերով կայացված որոշումները` բողոքի հեղինակը նշել է, որ տեղի է ունեցել հանցագործության սադրանք, մասնավորապես` գործի նյութերից երևում է, որ իրավապահ մարմիններն ատրճանակի մասին իմացել են առնվազն 2014 թվականի հունվարի 11-ին, երբ ատրճանակը գտնվել է Նինե Եսայանի մոտ, սակայն օրենքով նախատեսված գործողություններ չեն իրականացրել նշված օրը, այլ դրանք կատարել են 2014 թվականի հունվարի 12-ին, երբ այն արդեն գտնվել է Գ. Գալստյանի մոտ: Այսինքն` Մանե Բաբայանի, Նինա Եսայանի և ոստիկանության աշխատակիցների կողմից համաձայնեցված և անօրինական գործողությունների կատարման արդյունքում է ատրճանակը հայտնաբերվել Գ. Գալստյանի մոտ: Մինչդեռ ստորադաս դատարանները հանցագործության սադրանքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու ուղղությամբ չեն իրականացրել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` բավարարվելով անհիմն ու անօրինական պատճառաբանություններով:

10. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ, 70-րդ հոդվածների պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածը:

Բողոքաբերը նշել է, որ դատարանի կողմից ազատազրկման ձևով պատիժ նշանակելը չի բխում պատժի նպատակներից և չի համապատասխանում նման բնութագրիչ հատկանիշներով արարքի կատարմանը: Սույն գործով առկա են Գ. Գալստյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքներ, բացակայում են ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալը, գտնվելով ազատության մեջ, վարույթի ողջ ընթացքում չի խոչընդոտել գործի քննությանը և վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է, ինչն էլ վկայում է, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նրա նկատմամբ նշանակված պատիժը կրելու:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ու փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 13-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշումը և Գ. Գալստյանին ճանաչել անպարտ ու արդարացնել կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Գ. Գալստյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ նրա նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «հանցագործության սադրանք» հասկացության և դրա չափանիշների, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող անձի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

 

I. «Հանցագործության սադրանք» հասկացությունը և դրա չափանիշները.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է` հիմնավորվա՞ծ են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Գ. Գալստյանն իրեն մեղսագրվող արարքը հանցագործության սադրանքի արդյունքում չի կատարել:

14. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք [իրեն] ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (...) արդարացի (...) դատաքննության իրավունք: (...)»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի (...) իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ (...) իր գործի (...) քննության իրավունք: (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ (...) իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային պրակտիկայում դատաքննության արդարացիության (Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդված) համատեքստում սահմանել և մեկնաբանել է «հանցագործության սադրանք» հասկացությունը` անթույլատրելի համարելով սադրանքի արդյունքում ձեռքբերված ապացույցներն անձին դատապարտելու համար օգտագործելը:

Այսպես, Բաննիկովայի գործով կայացված որոշմամբ Եվրոպական դատարանը նշել է, որ «(...) հանդիպելով սադրանքի վերաբերյալ բողոքի` Դատարանը պետք է փորձի առաջին հերթին պարզել` կկատարվե՞ր արդյոք հանցանքն առանց իշխանությունների միջամտության: Դատարանի կողմից Ռամանաուսկասի գործով տրված սադրանքի սահմանման համաձայն` ոստիկանության կողմից հանցագործության սադրանքն առկա է այն դեպքում, երբ ներգրավված ոստիկանները, լինեն անվտանգության ուժերի անդամներ կամ նրանց հրահանգմամբ գործող անձինք, չեն սահմանափակվում հանցավոր գործունեությունը զգալիորեն պասիվ ձևով քննելով, այլ այնպիսի ազդեցություն են գործադրում օբյեկտի վրա, որով հրահրում են հանցագործության կատարում, որը հակառակ դեպքում չէր կատարվի, որպեսզի հնարավոր դարձնեն հանցագործության հաստատումը, այն է` ապահովեն ապացույցներ և հարուցեն քրեական հետապնդում [տե՛ս Ramanauskas v. Lithuania, Մեծ պալատի 2008 թվականի փետրվարի 5-ի վճիռ, գանգատ թիվ 74420/01, կետ 55]:

Քննությունը «զգալիորեն պասիվ» կատարված լինելու հարցը որոշելիս` Դատարանը պետք է քննի գաղտնի միջոցառում իրականացնելու հիմքում ընկած պատճառները և այն իրականացնող մարմինների վարքագիծը: Դատարանը պետք է հիմք ընդունի այն, թե արդյոք եղել են օբյեկտիվ կասկածներ այն մասին, որ Դիմումատուն ներգրավված էր հանցավոր գործունեության մեջ կամ նախատրամադրված էր հանցագործություն կատարել: (...)

Օբյեկտիվ կասկածների չափանիշի հետ սերտորեն կապված է այն հարցը, թե որ պահից են իշխանության մարմինները սկսել գաղտնի միջոցառման իրականացումը, այսինքն` արդյո՞ք գաղտնի գործակալներն ուղղակի «միացել» են հանցավոր արարքին, թե` հրահրել այն: (...)

Այս չափանիշը կիրառվել է մի շարք գործերով, որոնցով ոստիկանները ներգրավվել էին մասնավոր անձի (ոչ ոստիկանության հետ համագործակցողի կամ իրազեկիչի) կողմից նրանց այնպիսի տեղեկությամբ դիմելուց հետո, որ Դիմումատուն արդեն իսկ նախաձեռնել է հանցավոր արարքը: (...)

[Մի շարք գործերով] Դատարանը, հանդիպելով իրավիճակների, որոնցում ներգրավված էին երրորդ անձինք, հաստատել է իր մոտեցումը և նույնպես գտել, որ սադրանք տեղի չի ունեցել: (...)

Գաղտնի գործակալի կողմից օրինական ներթափանցման և սադրանքի սահմանազատում կատարելիս Դատարանը պետք է պարզի` արդյոք Դիմումատուի վրա ճնշում է գործադրվել, որպեսզի նա կատարի հանցագործություն: (...)

Վերոգրյալ չափանիշները կիրառելիս Դատարանը ապացուցման բեռը դնում է իշխանության մարմինների վրա: Այս կապակցությամբ Դատարանը նշել է, որ սադրանքի բացակայությունն ապացուցելու պարտականությունը դրված է հետապնդման մարմինների վրա` պայմանով, որ ամբաստանյալի պնդումներն ամբողջապես անհավանական չեն (...)» (տե՛ս Bannikova v. Russia գործով Մեծ պալատի 2010 թվականի նոյեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 18757/06, կետեր 37-38, 43-45, 47-48):

15. Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության սադրանքն առկա է այն դեպքում, երբ անձի մոտ հանցագործություն կատարելու նախաձեռնությունն ի սկզբանե բացակայել է և ձևավորվել բացառապես իշխանության մարմինների, նրանց հետ համագործակցող կամ նրանց հրահանգմամբ գործող անձանց գործողությունների հետևանքով: Հետևաբար, հանցագործության սադրանքի առկայության հարցը կարող է քննարկվել այն դեպքում, երբ իշխանության մարմինների կողմից իրականացվել են գործողություններ, որոնք օբյեկտիվորեն կարող էին այս կամ այն կերպ ազդել անձի կողմից հանցագործություն կատարելու նախաձեռնության ձևավորման վրա: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ «հանցագործության սադրանք» հասկացության շրջանակներում չեն ընդգրկվում այն գործողությունները, որոնք իրականացվել են իշխանության ներկայացուցիչ չհանդիսացող, ինչպես նաև նրանց հետ չհամագործակցող կամ նրանց հրահանգմամբ չգործող անձանց կողմից:

Միևնույն ժամանակ իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց հետ համագործակցող կամ նրանց հրահանգմամբ գործող անձանց կողմից իրականացված գործողությունները հանցագործության սադրանք կարող են գնահատվել այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանի «զգալիորեն պասիվ ձևով քննություն» չափանիշին: Իրականացված գործողությունների` «զգալիորեն պասիվ ձևով քննություն» չափանիշին համապատասխանելու հարցը որոշելիս պետք է հիմք ընդունել.

- գործողություն իրականացնելու հիմքում ընկած պատճառները: Մասնավորապես, պետք է պարզել` արդյո՞ք եղել են օբյեկտիվ կասկածներ այն մասին, որ անձը ներգրավված էր հանցավոր գործունեության մեջ կամ նախատրամադրված էր հանցագործություն կատարել:

- այն իրականացնող մարմինների վարքագիծը: Այս առումով պետք է պարզել` արդյո՞ք քննություն իրականացնող մարմինների գործողությունները հրահրել են անձին հանցանք կատարել:

Այսինքն` իրականացված գործողությունները չեն համապատասխանում «զգալիորեն պասիվ ձևով քննություն» չափանիշին, եթե այդ գործողություններն իրականացվել են առանց օբյեկտիվ կասկածներ ունենալու, որ անձը ներգրավված էր հանցավոր գործունեության մեջ կամ նախատրամադրված էր հանցագործություն կատարել, ինչպես նաև դրանք հրահրել են անձին հանցանք կատարել:

Այլ խոսքով` հանցագործության սադրանքն իրենից ներկայացնում է իշխանության ներկայացուցիչների (նրանց հետ համագործակցող կամ նրանց հրահանգմամբ գործող անձանց) կողմից իրականացված գործողություններ, որոնք դուրս են գալիս զգալիորեն պասիվ ձևով քննության շրջանակներից` պայմանավորելով անձի կողմից հանցագործություն կատարելու նախաձեռնության ձևավորումը, որպեսզի հնարավոր դարձնեն հանցագործության հաստատումը, այն է` ապահովեն ապացույցներ և հարուցեն քրեական հետապնդում:

16. Գործի նյութերում առկա թիվ 16-14-0040 օպերատիվ հաղորդագրության քարտի (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), ինչպես նաև ամբաստանյալ Գ. Գալստյանի, վկաներ Ա. Նազարյանի, Ն. Եսայանի, Մ. Բաբայանի ցուցմունքների (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 84-88) վերլուծությունը վկայում է, որ.

- Գ. Գալստյանն ատրճանակը գտել է 2013 թվականի դեկտեմբերին իր պապի տան նկուղում,

- 2014 թվականի հունվարի սկզբին Գ. Գալստյանը եկել է Երևան և իր հետ բերել ատրճանակը,

- 2014 թվականի հունվարի 8-ին Գ. Գալստյանի մոտ է եկել Ն. Եսայանը և պահանջել իրեն հանձնել ատրճանակը, իսկ Գ. Գալստյանը տվել է,

- այնուհետև Գ. Գալստյանը մի քանի անգամ խնդրել է վերադարձնել ատրճանակը, սակայն Ն. Եսայանը մերժել է,

- 2014 թվականի հունվարի 12-ին` ժամը 16-ի սահմաններում, Գ. Գալստյանի մոտ է եկել Ն. Եսայանն իր թոռնուհու հետ և վերադարձրել ատրճանակը,

Վկա Մ. Բաբայանը նաև ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի հունվարի 11-ին իր ծանոթ Մալաթիայի բաժնի ոստիկանության աշխատակցի հետ զրույցի ժամանակ նրան պատմել է Գ. Գալստյանի մոտ եղած ատրճանակի մասին:

Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից հետևում է, որ դրանցում առկա չէ որևէ ապացույց կամ տվյալ այն մասին, որ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել է օպերատիվ-հետախուզական որևէ միջոցառում (գաղտնի գործողություն), որի արդյունքում ամբաստանյալն ապօրինի ձեռք է բերել զենք: Որևէ տեղեկություն առկա չէ նաև Ն. Եսայանի կամ Մ. Բաբայանի կողմից ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների հետ համագործակցելու կամ նրանց հրահանգմամբ գործելու մասին:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հանցագործության սադրանքի առկայության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին եզրահանգել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործության որևէ սադրանք չի կատարվել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով 14-15-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում ոստիկանության աշխատակիցների կողմից գաղտնի գործողություններ իրականացված լինելու, Ն. Եսայանի և Մ. Բաբայանի կողմից ոստիկանության հրահանգմամբ գործելու վերաբերյալ տվյալների բացակայության պայմաններում հանցագործության սադրանքի առկայության հարց չի կարող քննարկվել:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ բողոքաբերը փաստարկել է, որ մինչև զենքի հայտնաբերման պահը վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ արձանագրություն չի կազմվել, իսկ հանցագործության սադրանքի բացակայությունը ապացուցելու պարտականությունը կրում է պետությունը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հատկապես ընդգծել, որ բողոքաբերը չի վիճարկում փաստերն այն մասին, որ ամբաստանյալն ատրճանակը գտել է և իր մոտ պահել դեռևս 2013 թվականի դեկտեմբերին, այնուհետև` 2014 թվականի հունվարի սկզբին իր հետ տեղափոխել է Երևան և միայն նույն թվականի հունվարի 8-ին` Ն. Եսայանի պահանջով է հանձնել նրան: Ավելին` Ն. Եսայանին հանձնելուց հետո փորձեր է կատարել այն վերադարձնել: Նշված փաստերից ակնհայտ է, որ զենքը ձեռք բերելու և պահելու նախաձեռնությունն ի սկզբանե եղել է Գ. Գալստյանինը: Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոստիկանության կողմից գաղտնի գործողություններ իրականացված լինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկները հիմնավորված գնահատելու դեպքում անգամ հանցագործության սադրանքի վերաբերյալ խոսք չի կարող լինել:

18. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Գ. Գալստյանն իրեն մեղսագրվող արարքը հանցագործության սադրանքի արդյունքում չի կատարել, հիմնավորված են:

 

II. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող անձի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնվող հանգամանքները.

 

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Գ. Գալստյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այդ պատիժը նրա կողմից կրելու անհրաժեշտության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

i

20. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:

Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Նշված որոշումներում Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն` պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:

21. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-139/07, ՎԲ-195/07, ՎԲ-01/08, ԵԿԴ/0034/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Վերոնշյալ որոշումներում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունը, որ ամբաստանյալի ուղղումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը, կոնկրետ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը, անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պարտավոր է հաշվի առնել`

ա) հանցավորի անձը բնութագրող տվյալները,

բ) պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքները,

գ) հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը,

դ) հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները,

ե) հանցանք կատարած անձի մեղքի ձևը,

զ) հանցանք կատարած անձի կողմից հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը,

է) հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը և այլն:

22. Այսպիսով, նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջներից է այն, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և բնույթին (հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ մանրամասն տե՛ս Գարուշ Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա:

Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:

Նշված նորմի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ հանցագործության վերաբերյալ գործերով պատժի անհատականացման սկզբունքի տեսանկյունից արարքի հանրային վտանգավորության աստիճանն որոշելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի.

- հանցագործության առարկաները ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու նպատակը և շարժառիթները,

- ձեռքբերման աղբյուրը, ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու միջոցները, հանգամանքները,

- առարկայի տեսակը, քանակը, հատկությունները:

Վկայակոչված հանգամանքներն այլ հանգամանքների հետ համակցությամբ ազդում են արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա և պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան յուրաքանչյուր գործով պատիժ նշանակելիս:

23. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը պարտավոր է գործի նյութերում առկա փաստական տվյալների հիման վրա պատճառաբանել ինչպես պատժի տեսակի և չափի ընտրության, այնպես էլ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ իր որոշումը: Դատական որոշման որակը մեծապես կախված է դրա պատճառաբանական մասից, հետևաբար դատական որոշումներն սկզբունքորեն պետք է պատճառաբանված լինեն: Պատժի տեսակի և չափի ընտրության, ինչպես նաև պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ դատարանի եզրահանգումները հիմնավորող պատճառների մատնանշումն ոչ միայն ավելի հասկանալի և ընդունելի է դարձնում դատավճիռը վարույթի մասնակիցների համար, այլև բացառում է կամայականությունը: Նախևառաջ, դա նշանակում է, որ դատարանը պարտավորված է լինում արձագանքել կողմերի ներկայացրած փաստարկներին և մատնանշել տվյալ որոշումը հիմնավորող և իրավաչափ դարձնող փաստարկները: Եվ երկրորդ` պատշաճ պատճառաբանությունը հասարակությանը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է գործում դատական համակարգը հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժ սահմանելիս: Բացի այդ, դատական ակտի չպատճառաբանված կամ ոչ բավարար չափով պատճառաբանված լինելը հանգեցնում է նաև քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` արդար դատական քննության իրավունքի խախտման, քանի որ օբյեկտիվորեն սահմանափակվում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-19-րդ կետերը):

Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջները պահպանված լինելու առումով ընդունելի չի կարող համարվել ոչ միայն այն դատական ակտը, որտեղ պատժի վերաբերյալ դատարանի հետևությունները հիմնված չեն դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, այլև այնպիսին, որում բացակայում են պատժատեսակի, պատժաչափի կամ պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի եզրահանգումները հիմնավորող հետևողական, հստակ և ոչ հակասական պատճառաբանությունները (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի ԵԿԴ/0252/01/13 որոշման 40-րդ կետը):

24. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Գ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում սովորելու ընթացքում, կրելով ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել և իր ժամանակավոր բնակության վայրում ապօրինի պահել ինքնաշեն եղանակով պատրաստված ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Գ. Գալստյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 9 ամիս ժամկետով: Պատիժ նշանակելիս դատարանը որպես իր կողմից հաշվի առնված հանգամանքներ վկայակոչել է կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ ամբաստանյալը երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել և բնութագրվում է դրականորեն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Գ. Գալստյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի է առել ամբաստանյալին վերագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հանցավորի անձը բնութագրող հանգամանքները և արդյունքում նշանակել համաչափ պատիժ, որը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից, համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանն ու դրա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքեր առկա չեն: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ամբաստանյալ Գ. Գալստյանի նկատմամբ նշանակված պատժի առումով օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, հետևաբար այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

25. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով 20-23-րդ կետերում կատարված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ. Գալստյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը լրիվ և բազմակողմանի գնահատման չի ենթարկել նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը չի վկայակոչել և ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայության, ծանրացնող հանգամանքների բացակայության հետ համակցությամբ գնահատման չի ենթարկել Գ. Գալստյանի կողմից զենքը ձեռք բերելու աղբյուրը, միջոցները, հանգամանքները, զենքի տեսակը և հատկությունները: Վերջիններս ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանրային վտանագավորության բնութագրիչներից են և այդ հանցագործության վերաբերյալ յուրաքանչյուր գործով պետք է գնահատման ենթարկվեն` ի ապահովում պատժի անհատականացման սկզբունքի:

Բացի այդ, Գ. Գալստյանին վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի սանկցիան երկընտրելի է. նշված արարքի համար որպես պատիժ է նախատեսված կալանքը` առավելագույնը երեք ամիս ժամկետով և ազատազրկումը` առավելագույնը երեք տարի ժամկետով: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանն որևէ հիմնավորում չի նշել, թե ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակը` կալանքը, ինչո՞ւ չի կարող ապահովել պատժի նպատակները (ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մաս): Դատական ակտում բացակայում է նաև որևէ պատճառաբանություն, որը կոչված կլիներ հիմնավորելու ազատազրկման ձևով նշանակված պատիժը Գ. Գալստյանի կողմից կրելու անհրաժեշտության վերաբերյալ դատարանի որոշումը (Վճռաբեկ դատարանը նմանաբովանդակ դիրքորոշում է արդատահայտել նաև Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի ԵԿԴ/0252/01/13 որոշմամբ (42-րդ կետ)):

Վերաքննիչ դատարանն իր հերթին Գ. Գալստյանի նկատմամբ նշանակված պատժի արդարացիության հարցը քննարկելիս հիմք է ընդունել Առաջին ատյանի դատարանի հետևությունները, որոնք ուղղակի վերարտադրել է իր որոշման մեջ` առանց անդրադառնալու այն հարցին, թե ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այդ պատիժը կրելու անհրաժեշտության մասին հետևությունները համապատասխանում են արդյոք գործի փաստական հանգամանքներին, արդարության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքներին:

26. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Գ. Գալստյանի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս բազմակողմանի գնահատման չեն ենթարկել արարքի հանրային վտանգավորության աստիճանը բնութագրող` սույն որոշմամբ արձանագրված հանգամանքները` թույլ տալով արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները, պատժի նպատակները, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները և պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատավճիռում, ինչպես նաև այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման մեջ Գ. Գալստյանի նկատմամբ նշանակված պատժի տեսակի և չափի, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ արված հետևությունները հիմնավորված չեն գործի փաստերով: Արդյունքում` Ստորադաս դատարանների դատական ակտերը չեն համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատական ակտին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջներին:

27. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված և պատճառաբանված չեն Գ. Գալստյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այդ պատիժը նրա կողմից կրելու անհրաժեշտության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

Ամբաստանյալ Գ. Գալստյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք կարող էին ազդել ամբաստանյալ Գ. Գալստյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այդ պատիժը նրա կողմից կրելու անհրաժեշտության կապակցությամբ գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, բողոքարկվող դատական ակտը բեկանելու հիմք են:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գառնիկ Սեյրանի Գալստյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.12.2014
N ԵՄԴ/0027/01/14
Որոշում