Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԴԱՏԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2013 թվականի N 129

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարաններում պետական տուրքի չափը սահմանելու, դրա հաշվարկման և գանձման, պետական տուրք վճարողների իրավունքների և պարտականությունների, պետական տուրքի դրույքաչափերի, պետական տուրքի գծով արտոնությունների սահմանման` վճարումից ազատման, նվազեցման, դրույքաչափի նվազեցման, վճարման ժամկետի հետաձգման, ինչպես նաև պետական տուրքի վերադարձման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի դրույթներով:

Դատական պրակտիկայում այս նորմատիվ իրավական ակտերի դրույթների կիրառումը ցույց տվեց, որ դրանք ամբողջովին չեն կարգավորում Հայաստանի Հանրապետության դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ բերվող վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար գանձվող պետական տուրքի հետ կապված հարաբերությունները:

Օրենսդրական թերի կարգավորումների պարագայում դատական պրակտիկան միատեսակ ուղղորդելու նպատակով դեռևս ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 1999 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73-րդ հոդվածները և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրառելու դատական պրակտիկայի մասին» թիվ 8 որոշմամբ, ինչպես նաև 2010 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի փետրվարի 21-ի թիվ 94 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 125 որոշման 4-րդ կետով տրվել են խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ:

Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ պետական տուրքի հետ կապված հարցերում դատական պրակտիկան դեռևս միատեսակ չէ, քանի որ որոշակի հարաբերություններ դեռևս չկարգավորված են մնում: Այս պայմաններում, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում իրավական նորմերի միատեսակ կիրառման անհրաժեշտությունը և նպատակ ունենալով վերացնել պետական տուրքի և փաստաթղթերի պատճեններ տալու համար վճարների գանձման կապակցությամբ դատական պրակտիկայում առկա հակասությունները, ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 5-րդ մասով,

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

Քաղաքացիական և վարչական դատավարությունների ընթացքում պետական տուրքի վերաբերյալ հարցերը միատեսակ լուծելու նպատակով դատարաններին տալ խորհրդատվական բնույթի հետևյալ պաշտոնական պարզաբանումները.

 

ՈՐՈՇԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հակընդդեմ հայցադիմումի, ինչպես նաև վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի` գործին մասնակցելու մասին դիմումի (հայցադիմումի) համար պետական տուրքը գանձվում է հայցի համար սահմանված կարգով` բացառությամբ սույն որոշման 14-րդ կետով նախատեսված դեպքերի:

Եթե նույն բողոքով դատական ակտը բողոքարկվում է և՛ հայցի, և՛ հակընդդեմ հայցի մասով, ապա պետական տուրքը գանձվում է յուրաքանչյուրի համար առանձին:

2. Մի քանի հայցվորների (համահայցվորներ) կողմից մեկ կամ մի քանի պատասխանողի (համապատասխանողներ) նկատմամբ համատեղ հայց ներկայացվելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է`

1) գույքային պահանջով` հայցագնի ընդհանուր գումարից ելնելով.

2) ոչ գույքային պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով:

3. Համահայցվորների հայցապահանջից մեկ կամ մի քանի հայցվորների պահանջն առանձին վարույթով առանձնացնելու դեպքում հայցադիմումը ներկայացնելու պահին վճարված պետական տուրքը չի վերահաշվարկվում և երկրորդ անգամ պետական տուրք չի գանձվում: Այդ մասին նշվում է վարույթն առանձնացնելու մասին որոշման մեջ:

4. Մի քանի դիմումատուների` մեկ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու պահանջի մասին դիմում ներկայացնելու դեպքում պետական տուրքի գումարը գանձվում է մեկ պահանջի համար սահմանված չափով և ոչ թե բոլոր դիմումատուներից առանձին-առանձին:

5. Երբ դատարանի կողմից միևնույն դիմումով, միևնույն դիմումատուի պահանջով հաստատվում են մեկից ավելի փաստաթղթերի պատկանելիության կամ մեկից ավելի գույքային միավորների նկատմամբ գույքի տիրապետման փաստեր, ապա այդ դեպքում պետական տուրքը գանձվում է մեկ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար սահմանված չափով:

6. Միաժամանակ և՛ գույքային, և՛ ոչ գույքային պահանջ պարունակող հայցադիմում ներկայացվելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

7. Երկու և ավելի ոչ գույքային պահանջ պարունակող հայցադիմում ներկայացվելու դեպքում պետական տուրքը գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

8. Մի քանի կետից բաղկացած վարչական ակտի վիճարկման կամ մի քանի կետից բաղկացած պայմանագիրն անվավեր ճանաչելու հայցերով պետական տուրքը գանձվում է ոչ գույքային պահանջի համար սահմանված բազային տուրքի քառապատիկի չափով:

i

9. Եթե վիճարկվում է մի քանի կետից բաղկացած վարչական ակտ կամ պայմանագիր, և հայցը բավարարվել է մասնակի, օրինակ` մի կետի մասով, ապա պետական տուրքը գանձվում է պատասխանողից ոչ գույքային պահանջի համար` բազային տուրքի քառապատիկի չափով, իսկ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի:

10. Եթե բողոքարկվում է դատական ակտը միայն դատական ծախսերի մասով, ապա ներկայացված բողոքի համար պետական տուրք չի վճարվում:

i

11. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետի համաձայն` վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում ներկայացնելիս պետական տուրք չի վճարվում:

12. Ալիմենտի բռնագանձման կամ ալիմենտի չափի ավելացման վերաբերյալ հայցադիմումներ ներկայացնելու դեպքում հայցվորն օրենքի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից:

Ալիմենտի չափը նվազեցնելու հայցապահանջի համար գանձվում է պետական տուրք օրենքով սահմանված կարգով:

13. Միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներով պետական տուրք չի վճարվում:

14. Վարչական գործերով վճարման կարգադրության հետ կապված հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում`

1) վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և այլ օրենքներով վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների կողմից ընդունված վարչական ակտի վիճարկման դեպքում պետական տուրք չի գանձվում` բացառությամբ առևտրային իրավաբանական անձանց հակընդդեմ հայցադիմումների.

2) այլ վարչական ակտերի վիճարկման դեպքում գանձվում է բազային տուրքի քառապատիկի չափով պետական տուրք:

 

ՀԱՅՑԱԳԻՆԸ

 

15. Եթե դատարան են ներկայացվում պարբերաբար և գործնականում անորոշ ժամկետով վճարվելիք գումարի կամ պարբերաբար հանձնվելիք գույքի պահանջներ, որոնցով հնարավոր չէ որոշել բռնագանձվող գումարի կամ գույքի ընդհանուր չափը, ապա հայցագինը որոշվում է.

1) ալիմենտ բռնագանձելու հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկից, իսկ եթե ալիմենտի բռնագանձման պահանջը ներկայացվել է մեկ տարուց պակաս ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածում կատարվելիք վճարումների հաշվարկից.

2) մինչև մեկ տարի ժամկետով կատարվելիք վճարումների կամ հանձնումների հայցերով` այդ վճարումների կամ հանձնումների ընդհանուր հաշվարկից.

3) մեկ տարուց ավել ժամկետով, անժամկետ կամ ցմահ վճարումների կամ հանձնումների հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների կամ հանձնումների հաշվարկից.

4) վճարումների կամ հանձնումների չափը պակասեցնելու կամ ավելացնելու վերաբերյալ հայցերով` այն գումարից, որով պակասեցվելու կամ ավելացվելու են վճարումները կամ հանձնումները, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա հաշվարկով.

5) վճարումները կամ հանձնումները դադարեցնելու վերաբերյալ հայցերով` մնացած վճարումների և հանձնումների ամբողջ գումարից, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա հաշվարկով:

16. Եթե հայցապահանջի բնույթն այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել հայցագնի չափը, ապա դատարանը որոշում է նախնական հայցագին և դրան համապատասխան պետական տուրքի չափ կամ նախնական գանձում է ոչ գույքային պահանջներով հայցադիմումների ներկայացման համար սահմանված չափով պետական տուրք: Այս դեպքերում դատարանը վերջնական դատական ակտով անդրադառնում է գործի քննության ընթացքում ճշգրտված հայցագնի և նախնական հայցագնի տարբերությանը և լուծում լրացուցիչ պետական տուրք գանձելու կամ վերադարձնելու հարցը:

17. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ կետերի «ա» ենթակետերում հիշատակված վիճարկվող գումար դիտարկել.

1) հայցագինն ամբողջությամբ, երբ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք է ներկայացվել գույքային պահանջի գործով և բողոքում չի վիճարկվում առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտով բավարարված կամ չբավարարված պահանջի չափը, կամ վիճարկվում է հայցապահանջն ամբողջությամբ.

2) գումարի այն չափը, որը բավարարվել կամ չի բավարարվել առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտով, և որը վիճարկվում է վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում:

18. Հայցագնի մեջ չի ներառվում դատական ծախսերի գումարը:

Այն դեպքերում, երբ հայցապահանջի հետ հայցվորը միաժամանակ դատարան է ներկայացնում դատական ծախս հանդիսացող` փաստաբանի ծառայության գումարի բռնագանձման պահանջ, ապա դատարանը այդ գումարից չպետք է պետական տուրք գանձի:

19. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության իրավական նորմի համաձայն` հայցագինը նվազեցնելու դեպքում վճարված տուրքը չի վերադարձվում: Այս նորմը պետք է կիրառել նաև այն դեպքում, երբ պետական տուրքի գանձումը հետաձգված լինելու պայմաններում հայցագինը նվազեցվում է, այդ դեպքում վերջնական դատական ակտով պետական տուրքը պետք է գանձել սկզբնական հայցագնի նկատմամբ հաշվարկով:

 

ՀԱՅՑԱԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒԺԱՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

20. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:

Այն դեպքում, երբ հայցապահանջի մեջ է մտնում նաև վճռի կատարման օրվա դրությամբ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով նախատեսված տուժանքի (տույժ) կամ 411-րդ հոդվածով նախատեսված դրամական պարտավորությունները խախտելու համար վճարվող տոկոսների բռնագանձման պահանջը, ապա դատարանը վերջնական դատական ակտով պետք է անդրադառնա նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով տուժանքի կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի համար պետական տուրքի գանձման հարցին:

21. Եթե առաջին ատյանի դատարանի կողմից հայցը մերժվում է, գործի վարույթը կարճվում կամ հայցը թողնվում է առանց քննության, ապա դատարանը վերջնական դատական ակտ կայացնելու օրվա դրությամբ պետք է հաշվարկի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի չափը և այդ չափով նույնպես անդրադառնա պետական տուրքի վճարման հարցին:

22. Հայցը բավարարելիս դատարանը հաշվարկում է վճռի կայացման օրվա դրությամբ գանձվելիք պետական տուրքի չափը` վճռում նշելով, որ պետական տուրք պետք է գանձվի նաև վճռի կայացման և կատարման միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով կամ 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների ավելացած գումարից, որի վերաբերյալ դատարանը պետք է նշում կատարի վճռում:

Պատասխանողի կողմից վերաքննիչ դատարան բողոք ներկայացվելու և վերաքննիչ դատարանի կողմից այն ամբողջությամբ բավարարվելու դեպքում, եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված պահանջներն ամբողջությամբ, ապա առաջին ատյանի դատարան տրված հայցադիմումի համար պետական տուրքի չափը համարվում է առաջին ատյանի դատարանի վճռի կայացման օրվա դրությամբ հաշվարկված պետական տուրքի չափը:

23. Վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը հաշվարկում է պետական տուրքի հարցը լուծող դատարանը` ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետով: Ըստ այդմ, պետական տուրքը գանձվում է.

1) վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ

2) եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով: Այս դեպքում հայցագինը ներառում է նաև վճռի կատարման օրվա դրությամբ հաշվարկվելիք տոկոսները:

24. Դատական ակտը բողոքարկված լինելու պարագայում պետական տուրքի հարցը լուծող դատարանը պետք է ուշադրություն դարձնի «հակընդդեմ հայցի» առկայությանը կամ բացակայությանը, ինչպես նաև դրա բողոքարկված լինելու կամ չլինելու հանգամանքին: Եթե նույն բողոքով բողոքարկվում է և՛ հայցը, և՛ հակընդդեմ հայցը, ապա պետական տուրքը գանձվում է յուրաքանչյուրի համար առանձին (սույն որոշման 1-ին կետի 2-րդ պարբերություն):

Դատական ակտը բողոքարկված լինելու պարագայում պետական տուրքի հարցը լուծող դատարանը դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ հաշվարկում է հայցագինը և դրան համապատասխան գանձվելիք պետական տուրքի չափը` նշելով, որ պետական տուրք պետք է գանձվի նաև դատական ակտի կայացման և վճռի կատարման միջև ընկած ժամանակահատվածում տոկոսների ավելացած գումարից:

25. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը հաշվարկվում է պետական տուրքի հարցը լուծող դատարանի կողմից` համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի: Հայցագինը ներառում է վճռի կատարման օրվա դրությամբ հաշվարկվելիք տոկոսները:

26. Սույն որոշման 20-25-րդ կետերով սահմանված` քաղաքացիական դատավարությունում հայցագինը որոշելու կանոնները գործում են նաև վարչական դատավարությունում այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են վարչական դատավարության նկատմամբ:

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼԸ

 

27. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի վճռի մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման և բյուջեից պետական տուրքի վերադարձման հետ կապված հարցերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշումը պետք է դրույթներ ներառի կողմերի միջև դատական ծախսերի, այդ թվում` առաջին ատյանի դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախսերի բաշխման մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշումը պետք է դրույթներ ներառի կողմերի միջև դատական ծախսերի, այդ թվում` վարչական դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախսերի բաշխման մասին:

Հիշատակված նորմերը վկայում են այն մասին, որ օրենքի տրամաբանությունն այն է, որպեսզի վերջնական դատական ակտ կայացնելիս դատարանն անդրադառնա դատական ծախսերի բաշխման և փոխհատուցման խնդրի քննարկմանը` անկախ գործին մասնակցող անձանց կողմից նման պահանջ ներկայացվելուց:

i

28. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Հայցի լրիվ կամ մասնակիորեն բավարարման դեպքում հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն պետք է պատասխանողից բռնագանձել հօգուտ հայցվորի: Հայցագինը նվազեցնելու դեպքում ավել վճարված պետական տուրքի գումարը պատասխանողից չի բռնագանձվում հօգուտ հայցվորի:

29. Այն դեպքում, երբ պատասխանողն ամբողջովին ընդունում է հայցը կամ երբ պատասխանողը մասնակի ընդունում է հայցը, բայց դատարանը հայցը բավարարում է ամբողջությամբ, ապա դատարանը դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս պետական տուրքն ամբողջությամբ պետք է բռնագանձի պատասխանողից: Իսկ այն դեպքում, երբ պատասխանողը մասնակի ընդունում է հայցը, իսկ մնացած մասով դատարանը հայցը մերժում է, ապա դատարանը դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս պատասխանողից պետք է բռնագանձի պետական տուրք` նրա ընդունած հայցի մասի չափին համապատասխան:

30. Եթե գործի քննության ընթացքում պատասխանողն ամբողջությամբ կատարել է հայցապահանջը, և այդ հիմքով հայցը մերժվել է, ապա դատարանը դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս պետական տուրքը պետք է ամբողջությամբ բռնագանձի պատասխանողից: Իսկ եթե գործի քննության ընթացքում պատասխանողը մասնակիորեն է կատարել հայցապահանջը, և հայցն այդ մասով մերժվել է, ապա դատարանը դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս պետական տուրքը պետք է բռնագանձի պատասխանողից` նրա կողմից կատարված հայցապահանջի չափին համապատասխան:

Այն դեպքում, երբ հայցվորը հայցից հրաժարվել է, քանի որ պատասխանողը հայցվորի կողմից հայցը ներկայացնելուց հետո կամավոր կատարել է հայցվորի պահանջները, պետական տուրքի հետ կապված դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Սույն պարբերությունում սահմանված խորհրդատվական կանոնները չեն գործում վարչական դատավարությունում (սույն որոշման 32-րդ կետ):

Սույն կետում սահմանված խորհրդատվական կանոնները չեն գործում, եթե հայցվորը չի պահպանել վեճը լուծելու համար նախատեսված պարտադիր նախնական արտադատական կարգը` պայմանագրով նախատեսված բանակցություններ, պայմանագրով նախատեսված` մինչև դատարան դիմելը ֆինանսական համակարգի հաշտարարին պահանջ ներկայացնելու պարտականություն, մինչև դատարան դիմելը վարչական տույժը կամ հանրային ծառայության վարձավճարը մուծելու վերաբերյալ անձին հիշեցում (պահանջ) ուղարկելու օրենքով նախատեսված պարտադիր պահանջ և այլն:

31. Քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին գրավոր համաձայնության առկայության դեպքում դատարանը վերջնական դատական ակտում պետական տուրքի հարցը լուծում է դրան համապատասխան: Եթե հաշտության համաձայնություն կնքած անձինք դատական ծախսերը բաշխելու հարցը չեն կարգավորել հաշտության համաձայնությամբ, ապա դատարանը հաշտության համաձայնություն կնքած անձանցից, որպես կանոն, պետական տուրքը գանձում է հավասարաչափ:

i

32. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթի ընթացքում կողմերի հաշտության համաձայնության գալը համարվում է հայցվորի հրաժարում հայցից: Իսկ նույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե հայցը թողնվում է առանց քննության, կամ վարույթը կարճվում է: Բողոքը հետ վերցրած անձը կրում է դրա հետևանքով առաջացած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը:

Ղեկավարվելով սույն կետում նշված իրավական նորմերով` վարչական դատավարության ընթացքում կողմերի հաշտության համաձայնության գալու դեպքում գործի վարույթը կարճելիս դատարանը պետական տուրքը գանձում է հայցվորից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի հիմքերով գործի վարույթի կարճման դեպքում պետական տուրքի հետ կապված դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը նույնպես կրում է հայցվորը:

i

33. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի հիմքերով հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու դեպքում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի հիմքերով գործի վարույթի կարճման դեպքում պետական տուրքի հետ կապված դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը կրում է հայցվորը (դիմողը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում պետական տուրքը գանձվում է հայցվորից (դիմողից)` բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է, քանի որ պատասխանողը հայցվորի կողմից հայցը ներկայացնելուց հետո կամավոր կատարել է հայցվորի պահանջները (սույն որոշման 30-րդ կետի 2-րդ պարբերություն):

34. Վարչական գործերով վճարման կարգադրության դեմ հակընդդեմ հայց ներկայացնելիս հայցային վարույթի անցնելու արդյունքում կայացված դատական ակտով`

1) եթե սկզբնական հայցը (նախկին վճարման կարգադրությունը) բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել, ապա սույն որոշման 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի դեպքում պետական տուրքի հարցը համարվում է լուծված, եթե վճարման ենթակա պետական տուրքը նախապես վճարվել է, իսկ վճարումը հետաձգված կամ տարաժամկետված լինելու դեպքում դատարանը պետք է անդրադառնա դրան.

2) եթե սկզբնական հայցը (նախկին վճարման կարգադրությունը) մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել, ապա սույն որոշման 14-րդ կետի.

- 1-ին ենթակետի դեպքում` պետական տուրքի հարցը համարվում է լուծված` բացառությամբ առևտրային իրավաբանական անձանց, վերջիններիս դեպքում կիրառվում է սույն ենթակետի 2-րդ պարբերության կանոնը.

- 2-րդ ենթակետի դեպքում` սկզբնական հայցվորից հօգուտ հակընդդեմ հայցվորի գանձվում է բազային տուրքի քառապատիկի չափով պետական տուրք, եթե դրա վճարումը հետաձգված չի:

35. Եթե ներկայացվել է հայցապահանջ, որի համար հայցվորը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն կամ այլ հիմքով ազատված է պետական տուրքի վճարումից, ապա տվյալ գործերով հայցը մերժվելու դեպքում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, իսկ բավարարվելու դեպքում` պատասխանողից հօգուտ պետական բյուջեի պետք է գանձել պետական տուրք` բավարարված հայցապահանջներին համամասնորեն` բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով տվյալ բնույթի վարույթով պետական տուրքի վճարում ընդհանրապես նախատեսված չէ:

36. Եթե հայցվորն ազատված է պետական տուրք վճարելուց, և առաջին ատյանի դատարանը նրա հայցը բավարարել է, որից հետո պատասխանողը բողոք է ներկայացրել վերադաս դատարան`

1) բողոքն ամբողջությամբ բավարարվելու դեպքում.

- պետական տուրքի վճարումը հետաձգված լինելու պարագայում` հարցը համարվում է լուծված.

2) բողոքը մասնակիորեն բավարարվելու դեպքում.

- պետական տուրքի վճարումը հետաձգված լինելու պարագայում` բողոքի չբավարարված մասի համար սահմանված չափով գանձում է պետական տուրք.

3) բողոքը մերժվելու դեպքում.

- պետական տուրքը վճարված լինելու պարագայում` հարցը համարվում է լուծված,

- պետական տուրքի վճարումը հետաձգված լինելու պարագայում` պատասխանողից գանձում է պետական տուրքն ամբողջությամբ:

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

37. Դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս դատարանը դատական ակտի եզրափակիչ մասում պետք է անդրադառնա նաև ավել վճարված պետական տուրքը վերադարձնելու հարցին:

i

38. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով սահմանված իրավական նորմը չի տարածվում դատարան հայցադիմում, դիմում, վերաքննիչ բողոք և վճռաբեկ բողոք ներկայացրած անձանց` պետական տուրքի հետ կապված հարաբերությունների վրա, քանի որ նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված է հատուկ նորմ, համաձայն որի` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` դատարանների կողմից դիմումները (բողոքները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու դեպքում:

39. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո հայցից հրաժարվելու դեպքում պետական տուրքը ենթակա չէ վերադարձման:

40. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով գործի վարույթը կարճելու դեպքում պետական տուրքը ենթակա է լրիվ վերադարձման: Մնացած հիմքերով գործի վարույթը կարճելու դեպքերում պետական տուրքը ենթակա չէ վերադարձման:

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ ԲՌՆԱԳԱՆՁԵԼԸ

 

41. Բացառությամբ սույն որոշման 42-րդ կետով սահմանված դեպքի` հետաձգված կամ տարաժամկետած պետական տուրքը բռնագանձելու վերաբերյալ կատարողական թերթը դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանն ուղարկում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն հետևյալ ժամկետներում`

1) քաղաքացիական դատավարության ընթացքում` դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում, եթե դատական ակտը ենթակա է բողոքարկման և օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել, կամ եթե դատական ակտը ենթակա չէ բողոքարկման.

2) վարչական դատավարության ընթացքում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված տասնօրյա ժամկետը լրանալուց հետո եռօրյա ժամկետում, եթե դատական ակտը ենթակա է բողոքարկման և օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել, կամ եթե դատական ակտը ենթակա չէ բողոքարկման.

3) քաղաքացիական դատավարության ընթացքում` վերադաս դատարանից գործը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, եթե դատական ակտի բողոքարկման առնչությամբ վերադաս դատարանի կողմից հետաձգվել կամ տարաժամկետվել է պետական տուրքի վճարումը` բացառությամբ այն դեպքերի, երբ ակտն ամբողջությամբ կամ մասնակի բեկանվել և ուղարկվել է նոր քննության և պետական տուրքի հարցը ենթակա է լուծման նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով:

4) վարչական դատավարության ընթացքում` վերադաս դատարանից գործը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, եթե դատական ակտի բողոքարկման առնչությամբ վերադաս դատարանի կողմից հետաձգվել կամ տարաժամկետվել է պետական տուրքի վճարումը` բացառությամբ այն դեպքերի, երբ ակտն ամբողջությամբ կամ մասնակի բեկանվել և ուղարկվել է նոր քննության և պետական տուրքի հարցը ենթակա է լուծման նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով: Եթե սույն ենթակետով նախատեսված հնգօրյա ժամկետի ընթացքում լրացած չի լինում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված տասնօրյա ժամկետը, ապա` այն լրանալուց հետո` եռօրյա ժամկետում:

42. Եթե պետական տուրքը ենթակա է գանձման սնանկ ճանաչված պարտապանից, ապա դատական ակտ կայացրած առաջին ատյանի դատարանը Հայաստանի Հանրապետության պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվառելու համար կատարողական թերթը սույն որոշման 41-րդ կետով սահմանված ժամկետներում պետք է ուղարկի այն դատարան, որտեղ քննվել է տվյալ պարտապանի սնանկության գործը:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

43. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 1999 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73-րդ հոդվածները և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրառելու դատական պրակտիկայի մասին» թիվ 8 որոշումը և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմերի կողմից պետական տուրքի հաշվառման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 94 որոշման «հավելված-1»-ի 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերը:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն պաշտոնական պարզաբանումը որոշումը հրապարակվել է

միայն www.court.am կայք էջում:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
29.01.2013
N 129
Որոշում