Սեղմել Esc փակելու համար:
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/6199/05/13
2015 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6199/05/13
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան  
Դատավորներ` Ա. Աբովյան
Ա. Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աիդա Նազարյանի ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.03.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աիդա Նազարյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 29.04.2013 թվականի թիվ 1300555193 վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աիդա Նազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 29.04.2013 թվականի թիվ 1300555193 վարչական տույժ նշանակելու մասին որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 22.10.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2014 թվականի որոշմամբ Աիդա Նազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.10.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աիդա Նազարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 08-ի կոնվենցիայի 18-րդ հոդվածը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955 որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների X բաժինը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 146-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի կողմից բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ չի հետազոտվել որպես ապացույց ներկայացված տեսանյութը, հակառակ պարագայում Դատարանը կպարզեր, որ Աիդա Նազարյանը մուտք չի գործել խաչմերուկ, հետևաբար և չէր կարող խախտել խաչմերուկի անցման կանոնները: Ավելին, Աիդա Նազարյանը որևէ իրավախախտում թույլ չի տվել, այլ ելնելով իր և երթևեկության այլ մասնակիցների անվտանգության նկատառումներից` անցել է 1.12 գծանշումը (կանգ-գիծը), սակայն չի հատել 1.14.1 գծանշումը/հետիոտնային անցումը: Ավելին, եթե տեսականորեն համարվի, որ Աիդա Նազարյանի մեքենան մուտք է գործել խաչմերուկ, ապա ստորադաս դատարանների կողմից Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 08-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի կիրառման պայմաններում վերջինիս գործողությունները կդիտվեին իրավաչափ, քանի որ Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 08-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն` խաչմերուկ դուրս եկած վարորդը, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսային ճանապարհային ազդանշաններով, կարող է խաչմերուկից դուրս գալ` չսպասելով, որ իրեն անհրաժեշտ ուղղությամբ երթևեկությունը բացվի, սակայն պայմանով, որ դա չի խանգարի ճանապարհից մյուս օգտվողների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է: Այսինքն` գնահատելով իրադրությունը` Աիդա Նազարյանն իրավունք ուներ չշարունակելու երթևեկությունը, եթե դա կխանգարեր ճանապարհից մյուս օգտվողների շարժմանը:

Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել Աիդա Նազարյանի կողմից բարձրացված թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումներին, ինչը վերջինս պարտավոր էր անել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության 29.04.2013 թվականի թիվ 1300555193 որոշման համաձայն` Աիդա Նազարյանը ՎԱԶ 21104-125-51 մակնիշի 06ՕS940 պետական համարանիշի ավտոմեքենայով 22.04.2013 թվականին ժամը 09:59-ին Երևանի Վաղարշյան/Խաչատրյան խաչմերուկի հատվածում խախտել է խաչմերուկի անցման կանոնները, որի արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տուգանվել է 5.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 5):

2) Վարչական իրավախախտման մասին տեսագրության համաձայն` ՎԱԶ 21104-125-51 մակնիշի 06OS940 պետական համարանիշի ավտոմեքենայի վարորդ Աիդա Նազարյանը հատել է կանգ-գիծը, սակայն չի հատել հետիոտնային անցումը (գ.թ. 20):

3) Դատարանի 29.04.2013 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Աիդա Նազարյանի կողմից թույլ է տրվել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 93-րդ կետի խախտում (գ?թ. 25):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեսանկարահանող կամ լուսանկարող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, բացահայտելով «խաչմերուկ» հասկացությունը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք խաչմերուկից առաջ գտնվող «Կանգ-գիծ» գծանշումը հատելու, սակայն (հետիոտնային անցումը չհատելու) խաչմերուկ մուտք չգործելու, այսինքն` տվյալ ուղղությամբ խաչմերուկի սահմանը չհատելու դեպքում կարող է առաջանալ վարչական պատասխանատվություն` խաչմերուկների անցման կանոնների խախտման համար.

- արդյո՞ք երթևեկության մասնակիցը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել խաչմերուկի անցման կանոնների խախտման համար, եթե խախտումը հայտնաբերվել է տեսանկարահանող կամ լուսանկարող սարքերով, և դրանցով արձանագրված իրավիճակների համար ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման մասին իրավական ակտերով նախատեսված է իրավաչափ վարքագիծ ընտրելու հնարավորություն:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված իրավախախտման (զանցանքի) օբյեկտիվ կողմը դրսևորվում է խաչմերուկների անցման կանոնները խախտելով:

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների (այսուհետ` ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ) «Խաչմերուկների անցումը» վերտառությամբ X բաժինը սահմանում է խաչմերուկ մուտք գործելուց մինչև խաչմերուկից դուրս գալը երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցի վարորդի վարքագծի կանոնները:

Վերոգրյալից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավախախտման համար անձին պատասխանատվության ենթարկելու համար էական նշանակություն ունի խաչմերուկի սահմանների որոշումը և խաչմերուկի տարածքի բնութագրումը:

i

«Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 08-ի կոնվենցիայի (վավերացրել է ՀՀ Ազգային ժողովի 25.10.2004 թվականի թիվ Ն-129-3 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 08.02.2006 թվականին) 1-ին հոդվածի «ը» կետի համաձայն` խաչմերուկը նույն մակարդակի վրա ճանապարհների ցանկացած հատումն է, նրանց միացումը կամ ճյուղավորումը (ներառյալ` այդպիսի հատումների, միացումների կամ ճյուղավորումների տարածքը):

Խաչմերուկ հասկացության ավելի լայն սահմանումը տրված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում, որի համաձայն` խաչմերուկը միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածքն է, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում:

«Խաչմերուկ» հասկացության վերը նշված սահմանումներից հետևում է, որ խաչմերուկը միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածքն է, իսկ դրա սահմանները որոշվում են այն երևակայական գծերով, որոնցով միանում են երթևեկելի մասերի կորացումների հակադիր սկզբնակետերը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ կանոնավոր խաչմերուկում սովորաբար մայթերն ընդհատվում են, և մայթերի ընդհատման հատվածում, որպես կանոն, ճանապարհը կորացվում է երթևեկելի մասն ընդարձակելու և ավտոմեքենաների մանևրը հեշտացնելու համար: Խաչմերուկի բնութագրում օգտագործվող հակադիր մայթերի այդ կորացումով էլ, հաշվի առնելով խաչմերուկի կենտրոնից ընկած ամենամեծ հեռավորությունը, որոշվում է խաչմերուկի սահմանը (տե՛ս նկ.1): Սակայն որոշ անկանոն խաչմերուկներում (օրինակ T-աձև, Y-աձև) հնարավոր է մայթեզրի ընդհատման և հետևաբար նաև` կորացման բացակայություն: Այս դեպքում խաչմերուկի սահմանը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է որոշել` հաշվի առնելով ճանապարհի երթևեկելի մասի հատման սահմանները (տե՛ս նկ. 2):

 

Խաչմերուկի սահմանների որոշումը                                     Անկանոն խաչմերուկի սահմանների որոշումը

Նկ.1: Խաչմերուկի սահմանների որոշումը                     Նկ. 2: Անկանոն խաչմերուկի սահմանների որոշումը

 

i

ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների` «Խաչմերուկների անցումը» վերտառությամբ X բաժնում տեղ գտած 93-րդ կետի համաձայն` լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը պետք է այն ազատի նախընտրած ուղղությամբ` անկախ ելքի լուսացույցի ազդանշանից, սակայն եթե խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցներից առաջ առկա է 1.12` «Կանգ-գիծ» գծանշումը (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշաններ), նա պետք է ղեկավարվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշաններով:

ՀՀ ճանապարհային երևեկության կանոնների Ձև 2 «Ճանապարհային գծանշումներ» բաժնի համաձայն` 1.12 «կանգ-գիծ» հորիզոնական գծանշումը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում, ինչպես նաև երկաթուղային գծանցի առջև, երբ գծանցով երթևեկությունն արգելված է:

i

ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 18-րդ կետի համաձայն` լուսացույցի (բացի դարձափոխայինից) կամ կարգավորողի արգելող ազդանշանի դեպքում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշանի) առջև, իսկ դրա բացակայության դեպքում`

1) հատվող երթևեկելի մասի առջև` հաշվի առնելով կանոնների 93-րդ կետը, խոչընդոտ չստեղծելով հետիոտների համար.

2) երկաթուղային գծանցից առաջ` կանոնների 111-րդ կետի պահանջներին համապատասխան.

3) այլ վայրերում` լուսացույցի կամ կարգավորողի առջև` խոչընդոտ չստեղծելով թույլատրելի ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների և հետիոտների համար:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

«Խաչմերուկ» հասկացության և խաչմերուկի սահմանների վերաբերյալ վերը նշված եզրահանգումների լույսի ներքո անդրադառնալով «Կանգ-գիծ» գծանշման հատման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Կանգ-գիծ» գծանշման հատումն ինքնին չի նշանակում, որ տրանսպորտային միջոցը մուտք է գործել խաչմերուկ, քանի դեռ վերջինս չի հատել խաչմերուկի սահմանը: Այսինքն` միայն «Կանգ-գիծ» գծանշման հատումը դեռևս չի կարող համարվել խաչմերուկների անցման կանոնների խախտում, քանի որ խաչմերուկի անցման կանոնների խախտումը դրսևորվում է խաչմերուկ մուտք գործելուց` խաչմերուկի սահմանը հատելուց մինչև խաչմերուկի սահմաններից դուրս գալը` երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների X բաժնով սահմանված կանոնները խախտելով:

Ինչ վերաբերում է ինքնին «Կանգ-գիծ» գծանշման հատմանը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, եթե տրանսպորտային միջոցը, հատելով «Կանգ-գիծ» գծանշումը, դեռևս մուտք չի գործել խաչմերուկ, ապա ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 18-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ պայմանավորված կարող է վրա հասնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվությունը, որով սահմանված իրավախախտման օբյեկտիվ կողմն էականորեն տարբերվում է նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված` խաչմերուկների անցման կանոնների խախտման զանցանքի օբյեկտիվ կողմից:

i

«Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 08-ի կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խաչմերուկին մոտենալիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի` ելնելով տեղի պայմաններից: Մասնավորապես` վարորդը փոխադրամիջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույնիսկ եթե լուսային ազդանշաններն անցնելը թույլատրում են, վարորդը չպետք է դուրս գա խաչմերուկ, եթե այնպիսի խցանում է առաջացել, որ նա հավանաբար ստիպված կլինի կանգ առնել` դրանով իսկ խոչընդոտներ ստեղծելով լայնակի ուղղությամբ շարժվողների համար: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` խաչմերուկ դուրս եկած վարորդը, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսային ճանապարհային ազդանշաններով, կարող է խաչմերուկից դուրս գալ` չսպասելով, որ իրեն անհրաժեշտ ուղղությամբ երթևեկությունը բացվի, սակայն պայմանով, որ դա չի խանգարի ճանապարհից մյուս օգտվողների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված կոնվենցիոն դրույթները համադրելով ներպետական օրենսդրության վկայակոչված իրավանորմերի հետ, գտնում է, որ 1.12 «Կանգ-գիծ» ճանապարհային հորիզոնական գծանշման պահանջի խախտումը, եթե տրանսպորտային միջոցը մուտք է գործել խաչմերուկ, ինքնըստինքյան չի կարող հիմք հանդիսանալ տրանսպորտային միջոցի վարորդին խաչմերուկի անցման կանոնների (ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 93-րդ կետի) խախտում վերագրելու համար: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ խաչմերուկ մուտք գործած տրանսպորտային միջոցի վարորդի համար սահմանելով խաչմերուկը ազատելու պարտականություն` օրենսդիրը նպատակ է ունեցել ապահովելու տրանսպորտային բարձր թողունակություն և բացառելու տրանսպորտային խցանումները: Միևնույն ժամանակ, սակայն, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության ընթացքում հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ տրանսպորտային միջոցի վարորդը, ելնելով այդ պահին երթևեկության ձևավորված դինամիկ իրավիճակից, հարկադրված լինի ընտրել ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված այլ վարքագիծ, որն ուղղված կլինի երթեկության այլ մասնակիցների (այդ թվում նաև` հետիոտների) անվտանգության ապահովմանը և վթարային իրավիճակներից խուսափելուն, որոնք կարող են առաջանալ ինչպես խաչմերուկում, այնպես էլ խաչմերուկ չհանդիսացող ընդհանուր օգտագործման ճանապարհների հատման կամ ճյուղավորման դեպքերում: Ի վերջո, ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող իրավական ակտերի նպատակը հենց ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումն է, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխումը, դրանց ծանրության և հետևանքների նվազեցումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքով և (կամ) այլ իրավական ակտերով նախատեսված է երթևեկության մասնակցի հնարավոր այլ իրավաչափ վարքագիծ (օրինակ` լուսացույցի թույլատրված լույսի առկայությամբ տրանսպորտային միջոցի վարորդը մուտք է գործել խաչմերուկ, սակայն հարկադրված կանգ է առել երթևեկությունը հանկարծակի խոչընդոտող հանգամանքի պատճառով), ապա վարչական պատասխանատվության հարցը լուծելիս հարկ է պարզել` արդյո՞ք ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված այլ կանոնով ղեկավարվելիս տրանսպորտային միջոցի վարորդը նպատակ չի հետապնդել խուսափելու իրական վթարային իրավիճակ ստեղծելուց կամ երթեևեկության այլ մասնակիցներին սպառնացող վտանգից զերծ մնալուն:

i

«Տեսանկարահանող կամ լուսանկարող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

i

«Տեսանկարահանող կամ լուսանկարող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 7-օրյա ժամկետում:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն` առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած` տեսանկարահանող կամ լուսանկարող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը:

i

«Տեսանկարահանող կամ լուսանկարող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով տեսանկարահանող կամ լուսանկարող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրավախախտման հատկանիշների պարզմանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ առկա է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման մասին իրավական ակտերով նախատեսված իրավաչափ վարքագիծ ընտրելու վարորդի հնարավորությունը, տրանսպորտային միջոցի վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայմանի` տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելու մասին խոսք լինել չի կարող, եթե իրավախախտումը հիմնավորող ապացույցը (տեսանյութը կամ լուսանկարը) հնարավորություն չի տալիս հաշվի առնել դրանում արձանագրված իրավիճակում գտնվող երթևեկության մյուս մասնակիցների` տրանսպորտային միջոցների վարորդների և հետիոտների դրսևորած վարքագիծը, քանի որ առանց ստեղծված իրավիճակում երթևեկության մյուս մասնակիցների վարքագիծը հաշվի առնելու` հնարավոր չէ պարզել, արդյո՞ք վարորդի դրսևորած արարքը պայմանավորված չի եղել երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրավիճակը նախականխելու անհրաժեշտությամբ, այսինքն` արդյո՞ք վարորդը տվյալ դեպքում չի ընտրել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններում սահմանվածից տարբերվող` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման մասին իրավական ակտերով նախատեսված այլ իրավաչափ վարքագիծ:

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 29.04.2013 թվականի թիվ 300555193 որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով Աիդա Նազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Վարչական իրավախախտման մասին տեսագրության համաձայն` ՎԱԶ 21104-125-51 մակնիշի 06ՕS940 պետական համարանիշի ավտոմեքենայի վարորդ Աիդա Նազարյանը հատել է կանգ-գիծը գծանշումը, սակայն չի հատել հետիոտնային անցումը: Դատաքննության ընթացքում Ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Աիդա Նազարյանի կողմից թույլ է տրվել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 93-րդ կետի խախտում:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման մասին տեսագրության համաձայն` Աիդա Նազարյանը խաչմերուկ մուտք գործելուց հետո խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցից առաջ առկա 1.12` «Կանգ-գիծ» գծանշման և լուսացույցի թույլատրող ազդանշանի առկայության պայմաններում չի փորձել ազատել խաչմերուկը: Վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրակացրել է, որ հայցվորը խախտել է ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 93-րդ կետի պահանջները, հետևաբար Ծառայությունը, համադրելով տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշները Վարչական իրավախատումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավախախտման հատկանիշների հետ, իրավացիորեն կայացրել է վիճարկվող որոշումը` հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումները, մերժել է Աիդա Նազարյանի վերաքննիչ բողոքը` գտնելով, որ բացակայում են վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը:

Մինչդեռ վերը նշված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը չի պարզել խաչմերուկի սահմանները, ինչը հնարավորություն կտար հաստատելու կամ հերքելու Աիդա Նազարյանի կողմից խաչմերուկ մուտք գործած լինելու և դրանով պայմանավորված` խաչմերուկի անցման կանոնները խախտելու հանգամանքը, ինչպես նաև չի պարզել` արդյո՞ք տեսանյութը հնարավորություն է տալիս հաշվի առնելու ստեղծված իրավիճակում երթևեկության բոլոր մասնակիցների դրսևորած վարքագիծը կամ այլ կերպ ասած` արդյո՞ք տվյալ դեպքում առկա է Աիդա Նազարյանի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելու հանգամանքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստերը վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո պարզելու և գնահատելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.03.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2015
N ՎԴ/6199/05/13
Որոշում