Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ ԵՎ 5 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԿԴ/2393/02/12
2015 թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԿԴ/2393/02/12
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
                   Դատավորներ`  Ն. Բարսեղյան  
                                                  Հ. Ենոքյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

                   

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Մելքոնյանի ներկայացուցիչ Նիվետա Բադալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.04.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լևոն Մելքոնյանի ընդդեմ Արուսյակ, Կարեն, Լևոն, Արմեն Կարապետյանների և Հեղուշ Կարապետյանի իրավահաջորդ Ալբերտ Կարապետյանի` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասով կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Լևոն Մելքոնյանը պահանջել է Երևանի Այգեստան 4-րդ փողոցի թիվ 13 տան 28,5 քմ մակերեսով շինություններով, կոմունալ հարմարություններով զբաղեցված և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ճանաչել իր ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը և այդ մասով անվավեր ճանաչել պատասխանողների իրավունքների պետական գրանցումը:

Լրացնելով հայցապահանջը` Լևոն Մելքոնյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքն իրեն պատկանող շինություններով զբաղեցված 48,23 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և ճանաչել իր ընդհանուր սեփականության իրավունքն այդ շինությունների օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 85,2 քմ մակերեսով հողամասի նկատմամբ` որպես հետևանք այդ մասերով անվավեր ճանաչելով պատասխանողների իրավունքների պետական գրանցումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 24.03.2014 թվականի որոշմամբ Հեղուշ Կարապետյանը փոխարինվել է իրավահաջորդով, և գործով որպես պատասխանող ներգրավել է Ալբերտ Կարապետյանը:

Դատարանի 21.10.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.04.2015 թվականի որոշմամբ Լևոն Մելքոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.10.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Մելքոնյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ և 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է, որ 28.06.1964 թվականին կնքված ներքին առուծախի պայմանագրով Լևոն Մելքոնյանը պատասխանողների իրավանախորդ Գեղամ Կարապետյանից գնել է վիճելի հասցեի տան 1-ին հարկի 2 սենյակները` յուրաքանչյուրը 13 քմ մակերեսով, և ցախանոցը, որը հետագայում Լևոն Մելքոնյանը քանդել և կառուցել է կոմունալ հարմարություններ, որոնք մինչ օրս օգտագործվում են վերջինիս կողմից:

Ավելի քան 50 տարի անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ Լևոն Մելքոնյանը, որպես սեփական տարածք տիրապետել և օգտագործել է շինություններով զբաղեցված և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` դրանով իսկ ձեռք բերելով սեփականության իրավունք, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` պատասխանողների կողմից վիճելի հողամասի տիրապետումից, տնօրինումից և օգտագործումից հրաժարվելու ապացույցների բացակայության մասին, անհիմն են: Ավելին` Լևոն Մելքոնյանի կողմից օրինական շինության նկատմամբ կնքված գործարքը, Երևանի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 25.04.1994 թվականի վճիռը, շինության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման փաստը հավաստում են վիճելի հողամասի և բակի ընդհանուր հողամասի մշտապես օգտագործումն ու տիրապետումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.04.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գեղամ Կարապետյանի և Լևոն Մելքոնյանի միջև 28.06.1964 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի համաձայն` Գեղամ Կարապետյանը Երևանի Այգեստան 4-րդ փողոցի թիվ 13 տան առաջին հարկում գտնվող երկու սենյակը` յուրաքանչյուրի մակերեսը 13 քմ, և ցախանոցը, վաճառել է Լևոն Մելքոնյանին: Նշված պայմանագրով սահմանվել է, որ Լևոն Մելքոնյանի ընտանիքը հավասար իրավունքով օգտվելու է ընդհանուր տարածությունից, իսկ փողոցի կողմից օգտվելու են մուտքից (հատոր 1-ին, գ.թ. 24):

2) Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 25.07.1994 թվականի թիվ 2-325-94 օրինական ուժի մեջ մտած վճռով Լևոն Մելքոնյանի հայցը բավարարվել է` վավերական է ճանաչվել 28.06.1964 թվականին Գեղամ Կարապետյանի հետ կնքված տան առուծախի պայմանագիրը, և նա ճանաչվել է Երևանի Այգեստան 4-րդ փողոցի թիվ 13 տան 1-ին հարկի երկու բնակելի սենյակների սեփականատեր, որի մուտքն Այգեստան 5-րդ փողոցից է (հատոր 1-ին, գ.թ. 22):

3) Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 13.02.1998 թվականի «Վճռի մեջ ուղղումներ մտցնելու մասին» որոշման համաձայն` որոշվել է Մյասնիկյանի ժողդատարանի 25.07.1994 թվականի վճռի մեջ կատարել ուղղում` Լևոն Մելքոնյանին ճանաչել Այգեստան 4-րդ փողոցի թիվ 13 տան նկուղային հարկի թիվ 5-11,4 քմ, թիվ 6-11,4 քմ, թիվ 2-5,7 քմ մակերեսներով սենյակների սեփականատեր (հատոր 2-րդ, գ.թ. 53):

4) 27.02.1998 թվականի թիվ Ա 022079 սեփականության վկայագրի համաձայն` Լևոն Մելքոնյանը հանդիսանում է Երևան քաղաքի Այգեստան 4-րդ փողոցի թիվ 13 տան 34 քմ մակերեսով նկուղի սեփականատերը (հատոր 1-ին, գ.թ. 27):

5) Ի լրումն հայցադիմումի` ներկայացված դիմումին կից «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի մասնագիտական եզրակացության համաձայն` Լևոն Մելքոնյանին պատկանող շինություններով զբաղեցված հողամասը կազմում է 48,23 քմ մակերես, իսկ այդ շինությունների օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ տարածքը` 85,2 քմ մակերես (հատոր 1-ին, գ.թ. 30, 33-37):

6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 09.04.2003 թվականի մասնագիտական եզրակացության համաձայն` «Այգեստան 4-րդ փողոցի թիվ 13 տունը բաղկացած է 189,9 քմ մակերեսով կառույցներից և 510,0 քմ մակերեսով համատեղ սեփականության հողամասից և պատկանում է Շուշիկ Կարապետյանին` 3/8 մասը, Աշոտ Կարապետյանին` 3/8 մասը, Միքայել Կարապետյանին` 1/8 մասը, Գրիշա Կարապետյանին` 1/8 մասը: Նշված հասցեում գրանցված սեփականատերեր են նաև առանձնացված կառույցներով, առանց հողամասի` Լևոն Մելքոնյանը` 28,5 քմ (հիմք` Մյասնիկյանի շրջ. ժողդատարանի 25.07.1994 թվականի թիվ 2-325-94 վճիռը և 23.03.1998 թվականի որոշումը) ...»: (հատոր 2-րդ, գ.թ. 75):

7) Կադաստրի 23.10.2012 թվականի գրության համաձայն` ք. Երևան, Այգեստան 4-րդ փողոց, թիվ 13 հասցեի 510 քմ մակերեսով հողամասից 376 քմ մակերեսով հողամասի սեփականատերերն են Արուսյակ, Կարեն, Հեղուշ, Լևոն և Արմեն Կարապետյանները (հատոր 1-ին, գ.թ. 10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այլ սեփականատիրոջը պատկանող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագումը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

i

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

i

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, արձանագրել է, որ վիճելի անշարժ գույքը դեռևս 1964 թվականին ծանրաբեռնված է եղել սեփականության իրավունքով և ըստ 1995 թվականին տրված սեփականության իրավունքի վկայագրի, Կադաստրի 23.10.2012 թվականի տեղեկանքի` վիճելի հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Գեղամ Կարապետյանի իրավահաջորդներին, ուստի և հանգել այն հետևության, որ պատասխանող կողմը չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք հիմք կտան ենթադրելու, որ վերջինս հրաժարվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող վիճելի անշարժ գույքից:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ «ձեռքբերման վաղեմության ուժով վիճելի հողամասի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչվել չի կարող, քանի որ գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ վիճելի հասցեում գտնվող հողամասի սեփականատերերը` Արուսյակ, Կարեն, Հեղուշ, Լևոն, Արմեն Կարապետյանները, հրաժարվել են իրենց պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրանց մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին, ուստի սույն որոշմամբ այդ հարցին կրկին չի անդրադառնում (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Լևոն Մելքոնյանի կողմից, ըստ էության, չի հիմնավորվել վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճությունը, որպիսի վավերապայմանի բացակայությունն ինքնին բավարար է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջը մերժելու վերաբերյալ Դատարանի դիրքորոշման իրավաչափությունը փաստելու համար, գնահատման առարկա չի դարձրել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից գնահատման առարկա չի դարձվել 28.06.1964 թվականին կազմված ներքին առուվաճառքի պայմանագիրը, որով պատասխանողների իրավանախորդ Գեղամ Կարապետյանը, վաճառելով վիճելի հասցեի նկուղային հարկի համապատասխան սենյակները և ցախանոցը, ըստ էության, հրաժարվել է իրեն պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքից, ինչն էլ հիմք է հանդիսացել Լևոն Մելքոնյանի մոտ այն համոզմունքի ձևավորմանը, որ վաճառված վիճելի անշարժ գույքը և դրանով ծանրաբեռնված, ինչպես նաև սպասարկման համար անհրաժեշտ հողամասն իր տիրապետմանն է անցնում օրինական հիմքով: Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են նաև գործում առկա` Լևոն Մելքոնյանին 27.02.1998 թվականին տրված թիվ Ա 022079 սեփականության վկայագիրը, «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի մասնագիտական եզրակացությունը, որոնցով ևս հիմնավորվում է վիճելի հողամասի` որոշակի հիմքերով տիրապետման փաստը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ վիճելի հասցեում գտնվող հողամասի սեփականատերերը հրաժարվել են իրենց պատկանող գույքի սեփականության իրավունքից, ապա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները, ևս մեկ անգամ ընդգծում է, որ նշված փաստը հավասարապես կարող է հիմնավորվել ինչպես գործում առկա համապատասխան ապացույցներով, այնպես էլ նախկին սեփականատիրոջ վարքագծի գնահատմամբ: Տվյալ պարագայում պատասխանողների, նաև` վերջիններիս իրավանախորդների վարքագիծը, մասնավորապես` նրանց կողմից 10 տարուց ավելի Լևոն Մելքոնյանի տիրապետմանը որևէ կերպ չխոչընդոտելը ևս կարող էր ակնհայտ վկայել գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից սեփականատիրոջ մեկուսացման մասին, ինչը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.04.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
27.11.2015
N ԵԿԴ/2393/02/12
Որոշում