Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 10-ՐԴ, 8 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/12145/05/13

    դատարանի որոշում                      2015թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/12145/05/13

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Բաբայան

                       Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ռ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Նոյան Տապան» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Նոյան Տապան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության (իրավանախորդ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչություն) (այսուհետ` Տեսչություն), երրորդ անձ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Տեսչության գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու և Ընկերությանը հասցված վնասը` 20.651.875 ՀՀ դրամի չափով, հատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Տեսչության գործողությունները (անգործությունը) և պարտավորեցնել վերջինիս հատուցել Ընկերությանը հասցված վնասը` 20.651.875 ՀՀ դրամի չափով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 18.12.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.05.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. Դատարանի 18.12.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածը, 80-րդ հոդվածի 1-ին մասը, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 152-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերը, այսինքն` այն վեճերը, որոնք պայմանավորված են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց հանրային ոլորտում իրականացված վարչարարությամբ` գործողություններով կամ անգործությամբ կամ վարչարարության արդյունքում ընդունված վարչական ակտերով, որոնք խախտել են կամ անմիջականորեն կարող են խախտել իրավաբանական (ֆիզիկական) անձի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

Սույն գործով հայցի առարկան է` Տեսչության գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելն ու Ընկերությանը հասցված վնասը` 20.651.875 ՀՀ դրամի չափով, Տեսչությանը հատուցելուն պարտավորեցնելը: ՈՒստի սույն գործի շրջանակներում որպես հիմնական պահանջ վիճարկվում են հարկային մարմնի գործողությունները (անգործությունը), հետևաբար առկա է հանրային իրավահարաբերություններից ծագած վեճ: Մասնավորապես, ցեսիայի պայմանագրերը կնքելու պայմաններում Ընկերությունը զրկվել է զիջված պահանջի իրավունքը տնօրինելու հնարավորությունից: Մինչդեռ այդ հնարավորությունն ունեցել է հարկային մարմինը, որը, ցեսիայի պայմանագրերը կատարելուն ձեռնամուխ լինելով, պետք է ստացված գումարներն ուղղեր Ընկերության հարկային պարտավորությունների մարմանը: Սակայն վերջինս, դրսևորելով անգործություն, չի իրացրել իրեն փոխանցված պահանջի իրավունքը, ինչի հետևանքով, մի կողմից Ընկերությունը չի կարողացել կատարել իր հարկային պարտավորությունները, մյուս կողմից, զրկվել է նշված գումարները դատական կարգով պարտապանից բռնագանձելու հնարավորությունից: Հետևաբար միանշանակ է, որ հայցվորի առաջին պահանջն առնչվում է պետական մարմնի կողմից իրականացված վարչարարությանը, այն բխում է հանրային իրավահարաբերություններից, ուստի ենթակա է վարչական դատավարության կարգով քննության:

Բացի այդ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` «կայացնելով նոր դատական ակտ» կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 10.11.2011 թվականին Ընկերությունը (Ցեդենտ)` ի դեմս գլխավոր տնօրեն Ս. Դանիելյանի մի կողմից, և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (Ցեսիոներ)` ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության պետ Ա. Հարությունյանի մյուս կողմից, կնքել են «Պահանջի իրավունքը զիջելու մասին» պայմանագիր, որի 1.1-րդ կետի համաձայն` Ցեդենտը Ցեսիոներին է զիջել, իսկ Ցեսիոներն ընդունել է «Գործարար Տիեզերք» ՍՊԸ-ի (պարտապան) նկատմամբ որպես պարտատիրոջ ունեցած 16.000.000 ՀՀ դրամ պահանջի իրավունքը, որն առաջացել է Ցեդենտի և «Գործարար Տիեզերք» ՍՊԸ-ի միջև 20.03.2009 թվականին կնքված տպագրական ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ 38-40).

2) 23.01.2012 թվականին Ընկերությունը (Ցեդենտ)` ի դեմս գլխավոր տնօրեն Ս.Դանիելյանի մի կողմից, և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (Ցեսիոներ)` ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության պետ Ա. Հարությունյանի մյուս կողմից, կնքել են «Պահանջի իրավունքը զիջելու մասին» պայմանագիր, որի 1.1-րդ կետի համաձայն` Ցեդենտը Ցեսիոներին է զիջել, իսկ Ցեսիոներն ընդունել է «Հեյդելբերգ Երևան» ՍՊԸ-ի (պարտապան) նկատմամբ որպես պարտատիրոջ ունեցած 4.651.875 ՀՀ դրամ պահանջի իրավունքը, որն առաջացել է Ցեդենտի և «Հեյդելբերգ Երևան» ՍՊԸ-ի միջև 14.03.2011 թվականին կնքված պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ 36-37).

3) 10.11.2011 թվականին կնքված «Պահանջի իրավունքը զիջելու մասին» պայմանագրի գործողությունը հարկային մարմնի կողմից դադարեցնելու վերաբերյալ Ընկերությունն իրազեկվել է 07.02.2013 թվականի թիվ 938/4 գրությամբ, իսկ 23.01.2012 թվականին կնքված «Պահանջի իրավունքը զիջելու մասին» պայմանագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ` 01.03.2013 թվականի թիվ 1783/4 գրությամբ (հատոր 1-ին, գ.թ. 48-49).

4) ՀՀ վարչական դատարանի 03.05.2012 թվականի թիվ ՎԴ/8045/05/11 գործով օրինական ուժի մեջ մտած վճռով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության հայցը բավարարվել է մասնակի` Ընկերությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 23.288.500 ՀՀ դրամ` որպես չկատարված հարկային պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ 50-52):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի հիմքով կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրին առնչվող վարչական մարմնի գործողության իրավական բնույթի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի հիմքով կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրին առնչվող վարչական մարմնի գործողությունը (անգործությունը) հանդիսանում է վարչարարություն և արդյո՞ք դրա իրավաչափությունը ենթակա է քննարկման ու գնահատման վարչադատավարական կարգով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`

1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.

2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

Վերը նշված իրավանորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչադատավարական կարգով քննության ենթակա են բացառապես այն հարաբերություններից ծագած վեճերը, որոնց բնույթը հանրային է:

Անդրադառնալով հանրային իրավահարաբերությունների հատկանիշների մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Այսինքն` հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ հանրային իրավահարաբերությունների մեկ այլ բնորոշ առանձնահատկությունն այն է, որ պետական կառավարման մարմինների համար սահմանված լիազորությունների նպատակն այդ մարմինների կողմից իրենց վրա դրված հանրային պարտականությունների կատարումն է: Այդ պատճառով էլ հանրային իրավահարաբերությունների նորմերը, որպես կանոն, սահմանում են, թե ինչպես պետք է իշխանական լիազորություններով օժտված մարմիններն օգտվեն իրենց լիազորություններից: Այլ կերպ ասած` հանրային իրավահարաբերությունում իշխանական լիազորություններով օժտված մարմինները գործում են օրենքով իրենց վերապահված իրավասությունների սահմաններում և պարտավոր են կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրային իրավահարաբերությունների բովանդակությունը պետք է կազմի հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը:

Պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում վարչական մարմինների գործողությունը կամ անգործությունը չի կարող որակվել որպես քաղաքացիաիրավական, քանի որ քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտներն իրենց իրավազորությունների ինքնուրույն տիրապետողներն են: Մինչդեռ պետական մարմինները` որպես հանրային իրավահարաբերություններում իշխանության կրողներ, իրենց իրավազորությունների լիիրավ տիրապետողներ չեն, քանի որ վերջիններս, ըստ էության, իրականացնում են պետության իրավունքներն ու պարտականությունները:

Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հանրային իրավունքի նորմերը, պետական մարմիններին գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում ընձեռելով որոշակի իրավունքներ, միաժամանակ սահմանում են, թե ինչպես այդ մարմինները պետք է օգտվեն նշված իրավունքից: Ընդ որում, իրավական պետությունում օրինականության սկզբունքին համահունչ գործադիր-կարգադրիչ գործունեություն իրականացնելիս վարչական մարմինների համար, որպես կանոն, այդպիսի իրավունքներից օգտվելը վերջիններիս համար կրում է պարտադիր բնույթ: Այսպես, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածին համահունչ, վարչական մարմիններն իրավունք ունեն գործելու միայն Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան և դրանց շրջանակներում, վարչական մարմիններն իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով:

Այլ կերպ ասած` վարչական մարմիններին գործադիր-կարգադրիչ գործունեության համար ընձեռնված իրավունքներն ինքնանպատակ չեն, այլ գործիք են և միջոց` իրականացնելու իրավական պետության բովանդակային սկզբունքները:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի 18-րդ մասի

(իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) համաձայն` հարկ վճարողի չկատարած` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու հարկ վճարողի պարտավորությունների մարմանը:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դրանով հարկային մարմնին վերապահվել է հարկ վճարողի հետ պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագիր կնքելու իրավունք, որով հարկային մարմինը ձեռք է բերում պարտապանի նկատմամբ հարկ վճարողի պահանջի իրավունքը, և որի նպատակն է հարկ վճարողի չկատարած հարկային պարտավորությունների գանձումը` պարտապանից ստացված գումարները հարկ վճարողի պարտավորությունների մարմանն ուղղելու միջոցով:

ՀՀ սահմանադրական դատարանը, 10.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1106 որոշմամբ անդրադառնալով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը, նշել է, որ վիճարկվող նորմում հիշատակված ցեսիայի պայմանագիրը քաղաքացիաիրավական պայմանագիր է, որի նկատմամբ կիրառելի են ցեսիայի ինստիտուտին վերաբերելի ՀՀ քաղաքացիական օրենսդրության համապատասխան դրույթները, իսկ տվյալ օրենսդրական դրույթների հիման վրա առաջացած իրավահարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, անկախ այն հանգամանքից, որ դրանք առնչվում են նաև հարկային իրավահարաբերությունները կանոնակարգող նորմերին:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ հարկային իրավահարաբերությունները կանոնակարգող օրենսդրության շրջանակներում ցեսիայի ինստիտուտի նախատեսումը կարևոր նշանակություն ունի ինչպես հարկատուների և պետության միջև բնականոն հարկային իրավահարաբերությունները պահպանելու, հարկատուների հարկային պարտավորությունների կատարմանն օժանդակելու, այնպես էլ գործարար շրջանակներում պայմանագրային պարտավորությունների բարեխիղճ կատարումը երաշխավորելու և տնտեսվարողների բնականոն գործունեության շարունակականությունն ապահովելու տեսանկյունից: Նշված ինստիտուտի նախատեսումը կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի և կոչված է ապահովելու տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությունն այն իրավիճակներում, երբ վերջիններս չեն կարողանում ժամանակին կատարել պետության առջև իրենց հարկային պարտավորությունները:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ցեսիայի պայմանագրի կնքումը չի կարող ինքնանպատակ լինել: Թեև ցեսիայի պայմանագրի կնքման վերաբերյալ վիճարկվող օրենսդրական դրույթները կրում են դիսպոզիտիվ բնույթ, այդուհանդերձ, նման ընթացակարգով հարկատուի հարկային պարտավորությունների կատարման ինստիտուտը կիրառելիս հարկային մարմինները պետք է ձեռնամուխ լինեն ցեսիայի պայմանագրի կատարման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը և ստացված գումարը հարկատուի հարկային պարտավորությունների կատարմանն ուղղելուն:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ցեսիայի պայմանագրի հիման վրա դեբիտորական պարտքերի հաշվին հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու ինստիտուտն ավելի մեծ երաշխիքներ է ստեղծում իրավահարաբերությունների սուբյեկտների իրավունքների պաշտպանության ու տնտեսավարման բնականոն պայմաններ երաշխավորելու առումով: Խնդիրն այն է, որ այդ ինստիտուտի կիրառումը բխի իրավակարգավորման բովանդակությունից և ոչ իրավաչափ վարչարարությամբ չոտնահարվեն տնտեսվարող սուբյեկտների իրավունքները:

Վարչական մարմիններին գործադիր-կարգադրիչ գործունեության համար ընձեռված իրավունքների վերաբերյալ վերը նշված մեկնաբանությունների և ՀՀ սահմանադրական դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի 18-րդ մասի (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) կարգավորումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավական հիմքով ցեսիայի պայմանագիրը քաղաքացիաիրավական պայմանագիր է, որի նկատմամբ կիրառելի են ցեսիայի ինստիտուտին վերաբերելի ՀՀ քաղաքացիական օրենսդրության համապատասխան դրույթները: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պայմանագրի կնքմամբ ծագած հարաբերությունները կրում են երկակի բնույթ` բովանդակելով ինչպես քաղաքացիական, այնպես էլ վարչական իրավահարաբերություններին բնորոշ տարրեր: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ նշված հարաբերությունների քաղաքացիաիրավական տարրն արտահայտվում է ցեսիոների (հարկային մարմնի)` երրորդ անձի (ցեդենտի պարտապանի) հետ փոխհարաբերություններում: Վերջինիս պարտավորությունները պետության հանդեպ պայմանավորված են ոչ թե հարկային կամ այլ բնույթի` պարտադիր պարտավորությունների առկայությամբ, այլ ի սկզբանե ցեդենտի (հարկատուի) նկատմամբ քաղաքացիաիրավական որոշակի պարտավորություն ունենալու հանգամանքով: Վերոգրյալով պայմանավորված` երրորդ անձի հետ փոխհարաբերություններում իրավասու պետական մարմինը հանդես է գալիս որպես մասնավոր հարաբերությունների հավասար մասնակից` այդ իրավահարաբերությունների մասնակիցներին բնորոշ առանձնահատկություններով: Այլ են քննարկվող պայմանագրի հիման վրա ցեդենտի և ցեսիոների միջև ծագած հարաբերությունները: Ցեդենտի պարտավորությունները պետության հանդեպ շարունակվում են պահպանվել, քանի դեռ ցեսիայի պայմանագիրը կատարված չէ, հետևաբար այդ հարաբերություններն իրենց բնույթով շարունակում են մնալ հանրային, որտեղ իրավահարաբերության մասնակիցներից մեկը, միակողմանի հիմնվելով իրավական կարգավորումների վրա, իրավահարաբերության մյուս կողմի համար պարտադիր որոշում է կայացնում: Հետևաբար նշված իրավահարաբերություններից ցեդենտի և ցեսիոների միջև ծագած վեճերը ևս իրենց բնույթով հանրային են և ընդդատյա են ՀՀ վարչական դատարանի քննությանը:

Փաստորեն, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի 18-րդ մասով

(իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) հարկային մարմնին վերապահված իրավունքները սերտորեն շաղկապված են, և մեկի կատարումը ենթադրում է նաև մյուսի կատարում: Ընդ որում, եթե պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով հարկ վճարողի պահանջի իրավունքը հարկային մարմինը ձեռք է բերում որպես քաղաքացիաիրավական հարաբերության սուբյեկտ, և այդ հարաբերության նկատմամբ կիրառելի են քաղաքացիական իրավունքի նորմերը, ապա նշված պայմանագրով ձեռք բերած իրավունքներն իրացնելը և պայմանագրի հիման վրա ստացված գումարները հարկ վճարողի պարտավորությունների մարմանն ուղղելն արդեն իսկ հետապնդում են հանրային շահ, ուղղված են հարկային մարմնի` որպես հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող միասնական պետական կառավարման հանրապետական մարմնի` օրենքով սահմանված խնդիրների իրագործմանը և դասվում են հանրային իրավահարաբերությունների շարքին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ցեսիայի պայմանագրի հիման վրա դեբիտորական պարտքերի հաշվին հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու ինստիտուտի կիրառումը դիտարկվում է իբրև վարչարարություն, ինչը համահունչ է նաև ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ցեսիայի պայմանագրի հիման վրա դեբիտորական պարտքերի հաշվին հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու ինստիտուտի կիրառման առնչությամբ հարկային մարմնի կողմից տվյալ պայմանագրի կատարման վերաբերյալ դրսևորված և անձանց համար փաստական հանգամանքներ առաջացրած անգործության իրավաչափությունը ենթակա է գնահատման բացառապես վարչադատավարական կարգով` հանրային հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի կիրառմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Տեսչության միջև 10.11.2011 և 23.01.2012 թվականներին կնքվել են «Պահանջի իրավունքը զիջելու մասին» երկու պայմանագրեր, որոնցով Ընկերությունը զիջել է իր` որպես պարտատիրոջ պահանջի իրավունքը, իսկ Տեսչությունը պարտավորվել է պարտապանից գանձված գումարն ուղղել Ընկերության հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների մարմանը:

Տեսչությունը վերոհիշյալ պայմանագրերով նշված գումարները չի գանձել և չի ուղղել Ընկերության հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների մարմանը, այլ 07.02.2013 թվականի թիվ 938/4 և 01.03.2013 թվականի թիվ 1783/4 գրություններով Ընկերությանը ծանուցել է «Պահանջի իրավունքը զիջելու մասին» պայմանագրերի կատարումից միակողմանի հրաժարվելու մասին:

Դատարանը, գտնելով, որ «Պահանջի իրավունքը զիջելու մասին» վերոնշյալ պայմանագրերը չեն կարող համարվել կնքված, հետևաբար նաև չեն կարող իրավական հետևանքներ առաջացնել, քանի որ այդ պայմանագրերում որպես կողմեր չեն ներգրավվել «Գործարար Տիեզերք» ՍՊԸ-ն և «Հեյդելբերգ Երևան» ՍՊԸ-ն, որոնց ունեցած պարտավորությունների գումարներն Ընկերության նկատմամբ, պետք է գանձվեին հարկային մարմնի կողմից, եզրակացրել է, որ «Պահանջի իրավունքը զիջելու մասին» վերոնշյալ պայմանագրերի հիմքով «Գործարար Տիեզերք» ՍՊԸ-ից և «Հեյդելբերգ Երևան» ՍՊԸ-ից գումարները չգանձելով և դրանք Ընկերության պարտքերի դիմաց չուղղելով դրսևորված անգործությունը չի կարող ոչ իրավաչափ ճանաչվել, ուստի և հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, վերլուծելով վեճի իրավական բնույթը, գտել է, որ վերոնշյալ պայմանագրերը կնքելիս Տեսչությունը վարչարարություն չի իրականացրել, հետևաբար ներկայացված հայցով Ընկերության կողմից դատական պաշտպանության իրացումն ուղղված չէ վարչաիրավական հարաբերություններում հանրային սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանը: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով առկա են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված գործի վարույթը կարճելու, հետևաբար նաև Դատարանի դատական ակտը բոլոր դեպքերում բեկանման ենթակա լինելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված հիմքերը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ եզրահանգումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անհիմն է, քանի որ տվյալ դեպքում վեճը վերաբերում է ոչ թե զուտ քաղաքացիաիրավական պայմանագրին, դրա իրավաչափությանը, այն կնքելու Տեսչության և Ընկերության իրավասությանը և այլն, որպիսի պարագայում կիրառելի կլինեին քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, այլ առնչվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի 18-րդ մասում

(իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) ամրագրված` հարկային մարմնի լիազորությամբ պայմանավորված` Տեսչության կողմից դրսևորված անգործությանը, որը կարգավորվում է բացառապես վարչաիրավական հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերով:

Սույն գործով Ընկերությունը ներկայացրել է երկու պահանջ, որոնցից հիմնական պահանջն է ոչ իրավաչափ ճանաչել Տեսչության անգործությունը, որը դրսևորվել է վերջինիս կողմից, որպես հանրային իշխանություն իրականացնող մարմնի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի 18-րդ մասում (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) ամրագրված լիազորության չկատարմամբ և ածանցյալ պահանջը` այդ անգործության հետևանքով Ընկերությանը պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելը:

Հետևաբար «Պահանջի իրավունքը զիջելու մասին» վերը հիշատակված պայմանագրերը կնքելիս Տեսչության կողմից վարչարարություն չիրականացնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ համարելով հանդերձ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ հետևության է հանգել սույն գործով ներկայացված պահանջի բնույթի կապակցությամբ` գտնելով, որ տվյալ դեպքում վիճելի իրավահարաբերությունները հանրային չեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցի առարկան կազմում է ոչ թե պայմանագրի դրույթների խախտումը, այլ Տեսչության կողմից ցեսիայի պայմանագրի հիման վրա դեբիտորական պարտքերի հաշվին հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու ինստիտուտի կիրառման առնչությամբ դրսևորած անգործության իրավաչափության գնահատումը և դրա հետևանքով Ընկերությանը պատճառված վնասի հատուցումը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հայցվորի կողմից վիճարկվող` վարչական մարմնի անգործությունը դիտարկել է մասնավոր իրավահարաբերության ոլորտում և այդ հիմքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 152-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի սխալ կիրառմամբ կարճելով սույն գործի վարույթը` Ընկերությանը զրկել է վերաքննության կարգով Դատարանի վճիռն ըստ էության վերանայելու օրենսդրական հնարավորությունից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերաքննիչ բողոքի մյուս հիմքերը քննության առնելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.11.2015
N ՎԴ/12145/05/13
Որոշում