Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/1091/05/14

    դատարանի որոշում                       2015թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1091/05/14

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.04.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արման Մարտիրոսյանի ընդդեմ Ծառայության` 24.01.2014 թվականի թիվ 1401324293 և 21.02.2014 թվականի թիվ 17-4-2339 որոշումները վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արման Մարտիրոսյանը պահանջել է վերացնել Ծառայության 24.01.2014 թվականի թիվ 1401324293 և 21.02.2014 թվականի թիվ 17-4-2339 որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 24.11.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.04.2015 թվականի որոշմամբ Արման Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 24.11.2014 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածները, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարչական վարույթը սույն գործերով իրականացվում է 2 փուլով` իրավախախտման հատկանիշներ պարզելու և որոշում կայացնելու` բացառելով վարչարարության ընթացիկ փուլը, ուստի վարչական մարմնին մնում էր միայն տեսանյութի ուսումնասիրման արդյունքում հաստատված համարել տեսանյութի առկա իրավիճակը ՃԵԿ-ի որևէ կանոնի խախտման հետ համապատասխանության հարցը, իսկ հարկադրված կանգառի բացակայության հանգամանքի մասին ներքին համոզմունքը և դրա բացակայությունը հաստատված է համարվել հարկադրված կանգառ կատարելու համար ՃԵԿ-ի կանոններով սահմանված պահանջները չկատարելու հիմքով, ուստի հայցվորի կողմից կանգառ կատարելու կանոնը խախտելու փաստը կասկած չի հարուցել:

Այս համատեքստում անհիմն են Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունները, քանի որ հայցվորի կողմից հարկադրված կանգառի համար սահմանված պահանջների չպահպանելը և այն փաստը, որ սույն գործերով բացակայում է վարույթի ընթացիկ փուլը, հայցվորի պնդումներն` իր կանգառը հարկադրված լինելու հանգամանքի մասին, այն դարձնում են իր համար բարենպաստ փաստական հանգամանք, որի ապացուցման բեռը կրում է ֆիզիկական անձը, ուստի հայցվորը զրկված չէր սահմանված կարգով և ժամկետներում վարչական մարմնին ապացուցելու կանգառ-կայանման հարկադրված լինելու հանգամանքը:

Միաժամանակ հայցվորը չի պահպանել հարկադրված կանգառ կատարելու` օրենսդրությամբ սահմանված պահանջները, ուստի վարչական մարմնի կողմից որոշումները կայացնելիս կասկած չի հարուցվել, որ կանգառը կատարված է կանգառն արգելված վայրում և ոչ հարկադրված, ավելին, վարչական մարմինը դատարանին է ներկայացրել և ապացուցել իր կայացրած որոշման համար հիմք հանդիսացած բոլոր փաստական և իրավական հիմքերը, որի շրջանակներում հայցվորի վատառողջ լինելու հանգամանքն ընկած չի եղել վարչական ակտի կայացման հիմքում, իսկ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են, քանի որ որևէ անդրադարձ չի կատարվել հարկադրված կանգառ հասկացությանը և դրա արդյունքում առկա օրենսդրության հիմքով թե՛ վարչական վարույթի, և թե՛ դատաքննության ժամանակ ապացուցման բեռի կրման իրավական վերլուծությանը: Հարկ է նշել նաև, որ հայցվորը և՛ դատաքննությամբ, և՛ վերաքննիչ բողոքի շրջանակներում ևս որևէ ծանրակշիռ ապացույցով չի ապացուցել իր կողմից հարկադրված կանգառ-կայանում կատարած լինելու փաստը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.04.2015 թվականի որոշումը և «կայացնել նոր որոշում»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության 24.01.2014 թվականի թիվ 1401324293 որոշման համաձայն` Արման Մարտիրոսյանը «VOLKSWAGEN» մակնիշի 17 ՍS 338 պետական համարանիշի ավտոմեքենայով 17.01.2014 թվականին` ժամը 11:41-ին, Երևանի Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութ խաչմերուկի հատվածում խախտել է կանգառ կատարելու կանոնները, որի արդյունքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն, տուգանվել է 5.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 8-10):

2) Ծառայության պետի 21.02.2014 թվականի թիվ 17-4-2339 որոշման համաձայն` Արման Մարտիրոսյանի կողմից Ծառայության 24.01.2014 թվականի թիվ 1401324293 որոշման դեմ վերադասության կարգով ներկայացված բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ Ծառայության 24.01.2014 թվականի թիվ 1401324293 որոշումը` անփոփոխ (գ.թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի, «Տեսանկարահանող կամ լուսանկարող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում տեսանյութը կամ լուսանկարը բավարար են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու և նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վերոգրյալ իրավակարգավորումից հետևում է, որ օրենսդիրը տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվություն նախատեսել է միայն այն դեպքերում, երբ կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտումով կանգառ կամ կայանում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված չէ`

1. տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետ, կամ

2. վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ:

Այլ կերպ ասած` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման դեպքի (զանցանքի) առկայության համար անհրաժեշտ է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու, ինչպես նաև կանգառի և (կամ) կայանման կանոնի խախտելը տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ կապված չլինելու փաստերի միաժամանակյա առկայությունը: Այսինքն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու փաստի առկայության պարզումն ինքնին բավարար չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված սանկցիան կիրառելու համար, այլ նշված հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) հիշյալ փաստը պարզելու հետ միաժամանակ պետք է պարզի նաև` արդյո՞ք տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ և դրանից հետո միայն գործով կայացնի համապատասխան որոշում:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում նույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 7-օրյա ժամկետում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն` առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե՛ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստի ապացուցման հիմնախնդրին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչական վարույթի իրականացման գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում իրավախախտման փաստը համարվում է հաստատված, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Նշված հանգամանքով պայմանավորված` օրենսդիրը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի համար նախատեսել է միայն երկու փուլ` իրավախախտման հատկանիշների պարզման (հարուցման) և վարչական ակտի ընդունման (եզրափակիչ) փուլերը: Նշված վարչական վարույթում ընթացիկ փուլի բացառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների ակնհայտ համընկնման, այդ համընկման վերաբերյալ որևէ կասկածի կամ վերապահման բացակայության պայմաններում հաստատվում է իրավախախտման փաստը, և բացակայում է նաև իրավախախտման հետ կապված այլ հանգամանքների պարզման, հետևաբար նաև` ընթացիկ փուլի անհրաժեշտությունը:

Մինչդեռ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով որևէ իրավակարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում, ինչն անհրաժեշտություն է առաջացնում պարզելու կանգառ կատարելու անհրաժեշտությունը տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ կապված լինելու հանգամանքը: Օրենսդրական համապատասխան կարգավորման բացակայության պարագայում վարչական մարմինը զրկված է այդ կասկածը փարատելու նպատակով ապացույցներ ձեռք բերելու և դրանք գնահատելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված արարքը կարող է խախտում որակվել միայն այն դեպքում, երբ վարչարարության արդյունքում կբացառվեն նույն իրավանորմում թվարկված` կանգառի անհրաժեշտությունը տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակով կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակով պայմանավորված լինելու հանգամանքները: Ընդ որում, նշված հանգամանքները ենթակա են պարզման մինչև վարչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության մասին որոշում կայացնելը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների կասկած հարուցելու դեպքերի վերաբերյալ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում այդ դեպքերով վարչական վարույթների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող առանձին տեսակի վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով, իսկ այդ օրենքով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:

Վարչական վարույթի ընթացիկ փուլը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխով:

Հիշատակված գլխում ներառված 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու, այն է` գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու վարչական մարմնի պարտականությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը երաշխավորում է վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը: Նշված իրավանորմի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` ա) անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ անձի վրա:

Ակնհայտ է, որ վերոհիշյալ հոդվածով նախատեսված պարտականությունները վարույթի մասնակցի և վարչական մարմնի կողմից կարող են կատարվել միայն այն դեպքում, երբ վարչարարությունն իրականացվի ընթացիկ փուլով, մինչդեռ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթում ընթացիկ փուլը բացակայում է, ինչն օբյեկտիվորեն բացառում է կանգառի և (կամ) կայանման կանոնի խախտելը տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ կապված չլինելու փաստերի միաժամանակյա առկայությունը վարչական մարմնի (պաշտոնատար անձի) կողմից պարզելու հնարավորությունը:

Վերոգրյալ վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը կարող է հաստատվել կամ հերքվել բացառապես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այդ թվում` վարչարարության հիմնարար սկզբունքների պահպանմամբ վարչական մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացիկ փուլում համապատասխան միջոցներ ձեռնարկելով, քանի որ միայն այդ փուլում է հնարավոր ձեռք բերել տեղեկություններ և ապացույցներ կանգառ կատարելու անհրաժեշտության հանգամանքների, մասնավորապես` կանգառի կանոնները խախտելը տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ կապված չլինելու վերաբերյալ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 24.01.2014 թվականի թիվ 1401324293 որոշման համաձայն` Արման Մարտիրոսյանը «VOLKSWAGEN» մակնիշի 17 US 338 պետական համարանիշի ավտոմեքենայով 17.01.2014 թվականին` ժամը 11:41-ին, Երևանի Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութ խաչմերուկի հատվածում խախտել է կանգառ կատարելու կանոնները, որի արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն` տուգանվել է 5.000 ՀՀ դրամի չափով: Ծառայության պետի 21.02.2014 թվականի որոշմամբ Ծառայության 24.01.2014 թվականի թիվ 1401324293 որոշման դեմ Արման Մարտիրոսյանի կողմից վերադասության կարգով ներկայացված բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ Ծառայության 24.01.2014 թվականի թիվ 1401324293 որոշումը` անփոփոխ:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ լազերային կրիչի վրա ներկայացված տեսագրությամբ հիմնավորվել է Արման Մարտիրոսյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտում թույլ տալու փաստը: Դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել կանգառ կատարելու պահին առողջության անկում ունենալու փաստը հիմնավորող որևէ ապացույց: Միաժամանակ հաշվի առնելով, որ հայցվորը հայցադիմումում նշել է, որ կանգառ է կատարել 15-20 րոպե ժամանակահատվածով, իսկ այնուհետև նշել է, որ առողջության անկումը տևել է 1-2 ժամ, Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից հայտնած տեղեկությունները հակասական են:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը և բավարարելով հայցը, պատճառաբանել է, որ միայն տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների ուսումնասիրությունը տվյալ դեպքով բավարար չէր հայցվորի առողջական վիճակի և/կամ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ ողջամիտ կասկածները փարատելու համար: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող պաշտոնատար անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն այն մասին` արդյոք տրանսպորտային միջոցի վարորդի կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը կապված է տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, թե` ոչ, որպիսի փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալները կարող էին բացահայտվել և հիմնավորվել բացառապես տվյալ անձի միջոցով` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վարույթ իրականացնելով, և վերջինիս վարչական պատասխանատվության է ենթարկել առանց նշված` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքը պարզելու:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանը, արձանագրելով, որ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտման փաստի ապացուցման պարտականությունը կրում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը, իսկ կանգառ կատարելու անհրաժեշտությունը տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ պայմանավորված լինելու հանգամանքի ապացուցման բեռը կրում է այդ հիմքով առարկություն ներկայացնող կողմը, քանի որ այդ փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալները կարող են բացահայտվել և հիմնավորվել բացառապես տվյալ անձի միջոցով, հաշվի չի առել, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինը մինչև գործով որոշում կայացնելը ենթադրյալ իրավախախտում կատարած անձին` Արման Մարտիրոսյանին, հնարավորություն չի ընձեռել իր դիրքորոշումն արտահայտելու, առողջական վիճակի հետ կապված ապացույցներ ներկայացնելու:

Վերը նշված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է, քանի որ Ծառայությունն Արման Մարտիրոսյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու համար չի պարզել` արդյոք վերջինիս կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը կապված է եղել տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի, կամ ուղևորի առողջական վիճակի հետ, թե` ոչ: Ավելին, Ծառայությունն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում տեսանյութը հնարավորություն չի տալիս հաշվի առնելու ստեղծված իրավիճակում գտնվող սուբյեկտի վարքագիծը կամ այլ կերպ ասած` արդյոք տվյալ դեպքում առկա է Արման Մարտիրոսյանի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի փաստարկին` հայցվորի կողմից հարկադրված կանգառ կատարելու համար սահմանված պահանջները չպահպանելու վերաբերյալ, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն անհիմն է և չի բխում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի կարգավորումից` հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկադրված կանգառ» հասկացության սահմանումը տրված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում, որի համաձայն` հարկադրված կանգառը տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելն է: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 22-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում:

«Հարկադրված կանգառ» հասկացության վերը նշված սահմանումներից հետևում է, որ հարկադրված կանգառը տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելն է` պայմանավորված տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրման ժամանակ առաջացած վտանգի կամ խոչընդոտի պատճառով: Ընդ որում, կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա, իսկ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված է արգելված վայրերում հարկադրված կանգառի դեպքում տրանսպորտային միջոցի վթարային լուսային ազդանշանը միացրած լինելու պահանջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադրված կանգառի դեպքում տրանսպորտային միջոցի վթարային լուսային ազդանշանը միացրած լինելու պահանջը տրանսպորտային միջոցի վարորդի կողմից չկատարելը միանշանակ չի կարող հիմնավորել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտման առկայությունը, քանի որ տրանսպորտային միջոցի վթարային լուսային ազդանշանը չմիացնելը դեռևս չի բացառում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտման` տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակով, կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակով պայմանավորված լինելու հանգամանքը:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության 24.01.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401324293 և 21.02.2014 թվականի թիվ 17-4-2339 որոշումներն անվավեր ճանաչելով` Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված` դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության կողմից վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.04.2015 թվականի որոշումը թողնել անփոփոխ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.11.2015
N ՎԴ/1091/05/14
Որոշում