Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԵՄԴ/0020/01/14

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՄԴ/0020/01/14

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

    Դատավորներ`        Կ. Ղազարյան

                       Մ. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի հունիսի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մկրտիչ Համլետի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի փետրվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչությունում կեղծ անձնագրի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2013 թվականի մարտի 20-ի որոշմամբ Մկրտիչ Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 20-ի որոշմամբ Մ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 15-ի, 2013 թվականի հուլիսի 15-ի, 2013 թվականի սեպտեմբերի 19-ի, 2013 թվականի նոյեմբերի 14-ի և 2014 թվականի հունվարի 14-ի որոշումներով Մ.Սարգսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է:

2013 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված` Ք.Ալոյանի սպանության փաստի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննության բաժնում 2011 թվականի փետրվարի 9-ին հարուցված թիվ 141011 քրեական գործն ընդունվել է վարույթ, շնորհվել 58207413 հերթական համարը և նույն օրվա մեկ այլ որոշմամբ միացվել թիվ 61200313 քրեական գործին` նախաքննությունը շարունակելով 61200613 համարով:

2013 թվականի հուլիսի 27-ին Մ. Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 329-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով:

2014 թվականի հունվարի 21-ի որոշմամբ Մ. Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով առաջադրված մեղադրանքի մասը վերացվել է:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Մ. Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի 2014 թվականի հունվարի 21-ի որոշմամբ մեղադրյալ Մ. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է, և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

2014 թվականի հունվարի 22-ի որոշմամբ սույն քրեական գործից անջատվել է ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում 2011 թվականի փետրվարի 8-ին Ք.Ալոյանի սպանության վերաբերյալ մասը:

2014 թվականի փետրվարի 11-ին Մ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին, 324-րդ հոդվածի 2-րդ և 329-րդ հոդվածի 1-ին մասերով:

2014 թվականի մարտի 6-ին Մ.Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Մ. Սարգսյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից, քրեական գործի վարույթի մասը կարճվել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել:

Նույն դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի դատավճռով Մ. Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ ու 329-րդ հոդվածների 1-ին մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժները լրիվ գումարելու միջոցով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ պահելու ժամկետը, և Մ.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով:

Մ. Սարգսյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 1-ին կետի 3-րդ ենթակետը, և Մ. Սարգսյանն ազատվել է նշանակված պատժից:

3. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Հ.Ենոքյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մայիսի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի դատական ակտերը` թողել օրինական ուժի մեջ:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մայիսի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ վերադարձվել է:

5. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման և նույն դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը այլ հիմքով վերաքննիչ բողոք է բերել` խնդրելով բեկանել նշված ակտերը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վերաքննիչ բողոքում որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու հիմք բողոքաբերը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը, իսկ բողոքը ներկայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված վեցամսյա ժամկետում` 2014 թվականի սեպտեմբերի 8-ին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

6. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը:

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ստացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Մ. Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ, 325-րդ ու 329-րդ հոդվածների 1-ին մասերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա, Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու պատճառով հնարավորություն չունենալով իր օրինական փաստաթղթերով տեղաշարժվել արտասահմանյան երկրների սահմանային կետերով, իբրև թե բջջային հեռախոսի քարտ գնելու պատրվակով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով հափշտակել է համադասարանցու` Խաչատուր Ֆերոյանի պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու AG սերիայի 05226786 համարի անձնագիրը, իր կողմից անձամբ օգտագործելու նպատակով կեղծել այն` փակցնելով իր լուսանկարը և առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելով, 2013 թվականի փետրվարի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա 1863 չվերթով մեկնել է «Շերեմետեվո-3» օդանավակայան, որտեղ ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցները բացահայտել են անձնագրի կեղծված լինելու հանգամանքը և հաջորդ օրը` 2013 թվականի փետրվարի 24-ին, Մոսկվա-Երևան 1862 համարի չվերթով արտաքսել են ՀՀ, որտեղ էլ նրան անմիջապես ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, 203-212 թերթեր):

8. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման համաձայն` «Դատական վիճաբանությունների փուլում պաշտպան Գ.Հակոբյանը և ամբաստանյալ Մ. Սարգսյանը հայտնեցին, որ վերջինս և տուժող Խ. Ֆերոյանը հաշտվել են, միաժամանակ միջնորդեցին սույն քրեական գործի վարույթի մասը կարճել և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` ամբաստանյալին ազատելով քրեական պատասխանատվությունից:

Տուժող Խաչատուր Պարգևի Ֆերոյանը հայտնեց, որ ամբաստանյալ Մկրտիչ Սարգսյանը հաշտվել է իր հետ և հարթել է իրեն պատճառած վնասը:

(...)

Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Մկրտիչ Համլետի Սարգսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին, իսկ նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հարթել է նրան պատճառած վնասը, ուստի դատարանը գտնում է, որ Մկրտիչ Համլետի Սարգսյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթի մասը պետք է կարճել և նրան ազատել քրեական պատասխանատվությունից» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, 39-41 թերթեր):

9. Վերաքննիչ դատարանը, իր 2014 թվականի մայիսի 22-ի որոշման մեջ վերլուծելով Ա.Բաբայանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/0157/01/10 որոշման մեջ տուժողի հետ հաշտվելու ինստիտուտի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումը, եզրահանգել է, որ. «[Առաջին ատյանի] դատարանի` ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով թիվ ԵՄԴ/0020/01/14 քրեական գործի վարույթի մասը կարճելու և ամբաստանյալ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումն այդ մասով դադարեցնելու մասին որոշումն օրինական է և հիմնավորված, և այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, 91-103 թերթեր):

10. 2014 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ և 376.1-րդ հոդվածներով, վերաքննիչ բողոք է բերել Առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման և նույն օրվա դատավճռի դեմ:

11. Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում է կայացրել վերոհիշյալ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին` նշելով, որ. «(...) վերաքննիչ բողոքի հիմքերը, ինչպես նաև բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմնավորումները բավարար չեն վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու համար»: Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ` «(...) սույն գործով առկա է հանրային և մասնավոր շահերի որոշակի մրցակցություն, սակայն միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանը գտնում է, որ անթույլատրելի է ցանկացած գնով և ցանկացած միջոցով դրանցից որևէ մեկին նախապատվություն տալը` ի հաշիվ մյուսի` առանց դրա համար օրենքով սահմանված հիմքերի առկայության:

Բողոքաբերը, գտնելով, որ Մկրտիչ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանցանքում ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելով` Ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պահպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը, վերաքննիչ բողոքում չի պատճառաբանել, թե պետությունը ինչ անդառնալի կամ անվերականգնելի կորուստ է կրել նշված հանցանքով, սահմանադրորեն պաշտպանվող որ շահն է ապօրինի խախտվել» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, 171-177 թերթեր):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, հիմնարար խախտման հիմքով ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ չընդունելով, թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում: Բողոք բերած անձը նաև փաստարկել է, որ սույն գործով առկա է իրավունքի զարգացման խնդիր երկօբյեկտ հանցագործությունների դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի կիրառման հնարավորության, ինչպես նաև «արդարադատության բուն էությունը խաթարող, սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը խախտող դատական սխալ» հասկացության մեկնաբանության կապակցությամբ:

13. Մասնավորապես, վկայակոչելով Ա. Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/0157/01/10 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, ընդունելով պետական կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության կապակցությամբ տուժող Խ.Ֆերոյանի և մեղադրյալ Մ. Սարգսյանի հաշտությունը և վերջինիս կողմից պատճառված վնասը հարթված լինելու փաստը, հաշվի չի առել, որ տուժողը պետական կառավարման կարգի դեմ ուղղված ամբողջ հանցավոր ոտնձգության հասցեատերը չէ և, հետևաբար, չի կարող ներել հանցանք կատարած անձին այդ ոտնձգության համար: Տուժող Խ. Ֆերոյանը կարող էր հաշտվել մեղադրյալի հետ ոտնձգության իրեն վերաբերելի մասով ու ընդունել վնասի միայն իրեն պատճառված մասի հարթումը: Ավելին` մեղսագրվող հանցագործության օբյեկտի և առարկայի առանձնահատկություններով պայմանավորված` դատապարտյալ Մ. Սարգսյանը չէր կարող հատուցել կամ այլ կերպ հարթել անձնագրի հափշտակմամբ պատճառված վնասը այնքանով, որքանով չէր կարող վերադարձնել, վերականգնել կամ փոխարինել այն, կամ որևէ այլ գործողությամբ վերականգնել դրա արդյունքում խախտված նրա իրավունքը:

14. Անդրադառնալով հիմնարար խախտման հիմքով ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններին` բողոքաբերը փաստարկել է, որ ներկայացված բողոքում չի նսեմացվել մասնավոր շահն ի համեմատ հանրային շահի և փորձ չի արվել հիմնավորելու վերջինիս առավել կարևոր նշանակությունն առհասարակ: Վերաքննիչ բողոքում, հաշվի առնելով երկօբյեկտ հանցագործությունների դեպքում հանրային և մասնավոր շահերի` ի սկզբանե օրենսդրորեն հաշվի առնված փոխադարձ գերակայությունը, արձանագրվել է այդ գերակայության մեջ առավել նշանակություն ստացած օբյեկտի կարևորությունը պատշաճ գնահատելու անհրաժեշտությունը:

Քննարկելով Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման մեջ առկա այն հիմնավորումը, որ վերաքննիչ բողոքի հեղինակը չի հիմնավորել «թե պետությունը ինչ անդառնալի կամ անվերականգնելի կորուստ է կրել նշված հանցանքով, սահմանադրորեն պաշտպանվող որ շահն է ապօրինի խախտվել»` բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել դատական ակտի վերանայման բացառիկ հիմքը` «արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ» հասկացությունը: Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ սահմանադրորեն պաշտպանվող շահերի խախտումը օրենսդիրը վերագրել է ոչ թե հանցագործությանը, այլ դրա վերաբերյալ վարույթում թույլ տրված դատական սխալին: Այսպիսով, անհրաժեշտ է, որ սահմանադրորեն պաշտպանվող շահերի խախտումը հանդիսանա ոչ թե հանցագործության, այլ դրա վերաբերյալ քննության ընթացքում թույլ տրված դատական սխալի հետևանք:

15. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը բեկանել և քրեական գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բողոքարկման հիմքի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մաս, 376.1-րդ հոդվածի 2-րդ կետ) մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի սույն գործով անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավորված է արդյոք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

18. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն`

«1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա:

(...)»:

Քսերաժն ընդդեմ Ալբանիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր նվաճումն է, որի հիմնարար կողմերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը պահանջում է, ի թիվս այլնի, որ եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս Brumurescu v. Romania [ՄՊ], թիվ 28342/95, «61, ՄԻԵԴ 1999-VII):

(...) [Ի]րավական որոշակիության պահանջները բացարձակ չեն: Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով (տե՛ս Ryabykh v. Russia, թիվ 52854/99, «52, ՄԻԵԿ 2003-IX) կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ (տե՛ս Bratyakin v. Russia (որոշում), թիվ 72776/01, 9 մարտի 2006)» (տե՛ս Xheraj v. Albania գործով 2008թ. հուլիսի 29-ի վճռի 51-52-րդ կետեր):

Ռադչիկովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով իրավական որոշակիության սկզբունքի կարևորությունը, նշել է, որ քրեական գործերի վերանայման առանձնահատուկ համատեքստում իրավական որոշակիության սկզբունքի պահանջը բացարձակ չէ, և այս սկզբունքից շեղվող ցանկացած որոշում պետք է գնահատվի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետի լույսի ներքո, որն ուղղակիորեն թույլատրում է պետությանը նոր փաստերի կամ նախորդ վարույթում տեղ գտած` գործի ելքի վրա ազդող հիմնարար թերության հիմքով նորոգել գործի վարույթը (տե՛ս Radchikov v. Russia գործով 2007 թվականի մայիսի 24-ի վճռի 42-րդ կետ):

Մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ իրավական որոշակիության (res judicata) և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքները մարդու իրավունքները երաշխավորող հիմնարար դրույթներ են: Միևնույն ժամանակ այնպիսի բացառիկ դեպքերում, երբ ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա, իրավական որոշակիության և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության հիմնարար պահանջներից շեղումը թույլատրելի է (Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետ):

19. Կոնվենցիայի վերոհիշյալ դրույթներին, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում մշակված չափանիշներին համապատասխան ամրագրելով իրավական որոշակիության և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքները` ՀՀ օրենսդիրը միաժամանակ նախատեսել է այդ սկզբունքներից շեղվելու իրավական հնարավորությունը և դատավարական ընթացակարգը:

Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

Նույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է, որ. «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են`

«(...)

2) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը.

(...)»:

Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը տարբերակել է օրինական ուժի մեջ չմտած (սովորական վերանայում) և օրինական ուժի մեջ մտած (բացառիկ վերանայում) դատական ակտերի վերանայման հիմքերը: Մասնավորապես, ի տարբերություն օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով: Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն:

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ): Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը` դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին:

20. Անձի վիճակի վատթարացմանն ուղղված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմք նախատեսելով նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտումը` օրենսդիրը սահմանել է նաև այդ խախտման բնույթին առաջադրվող երկու պարտադիր չափանիշներ: Այսպես` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վատթարացման առումով կարող են վերանայվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտման դեպքում, որը`

1) խաթարում է արդարադատության բուն էությունը,

2) խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Անդրադառնալով վերոհիշյալ չափանիշներին` անհրաժեշտ է փաստել, որ բովանդակային-իրավական տեսանկյունից արդարադատությունը հանդես է գալիս որպես դատական իշխանության իրականացման միջոց, ինչպես նաև անձի իրավունքների ու ազատությունների անմիջական գործողությունը և պաշտպանությունն ապահովելու երաշխիք: Քրեական գործերով արդարադատությունն իր հերթին` որպես դատական իշխանության բացառիկ իրավազորություն, ուղղված է քրեադատավարական օրենքով սահմանված ընթացակարգով քրեական գործի ըստ էության քննությանը և լուծմանը, անձի մեղավորության կամ անմեղության մասին որոշում կայացնելուն, հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, ինչպես նաև օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում անձին պատասխանատվությունից կամ պատժից ազատելուն: Դրա իրականացումը վերջին հաշվով ուղղված է հանցագործությունից տուժած անձանց իրավունքները և օրինական շահերը պաշտպանելուն, նրանց պատճառված վնասը վերականգնելուն, հանցանք կատարած անձանց դատապարտելուն, անմեղ անձանց արդարացնելուն: Իսկ քրեադատավարական մնացած բոլոր գործառույթներն ուղղված են արդարադատության արդյունավետ իրականացումն ապահովելուն:

Ինչ վերաբերում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի հավասարակշռությանը, ապա այն ենթադրում է քրեական դատավարության ոլորտում հանրային և մասնավոր շահերի անհրաժեշտ և արդարացի հավասարակշռության ապահովում, մասնավորապես` մի կողմից` քրեական դատավարության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանության, մյուս կողմից` վարույթն իրականացնող մարմինների գործառույթների արդյունավետ իրականացման հավասարակշռում, ինչպես նաև քրեական դատավարության առանձին մասնակիցների, մասնավորապես` մեղադրյալի (ամբաստանյալի, դատապարտվածի, արդարացվածի) և տուժողի` սահմանադրորեն պաշտպանվող իրավունքների և օրինական շահերի հավասարակշռումը:

21. Այսպիսով, յուրաքանչյուր դեպքում անձի վիճակը վատթարացնելուն ուղղված` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքերը և հիմնավորումները գնահատելիս իրավասու դատական ատյանը պետք է որոշի, թե արդյոք դրանք բավարար են եզրահանգելու, որ

ա) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա,

բ) դրա արդյունքում իրականացված արդարադատությունը չէր կարող ծառայել իր նպատակներին,

գ) այդ դատական սխալի հետևանքով խախտվում է հանրային և մասնավոր շահերի Սահմանադրությամբ երաշխավորված հավասարակշռությունը:

Այլ խոսքով` դատարանը պետք է որոշի, թե արդյոք առերևույթ թույլ տրված դատական սխալը կարող է արժեզրկել տվյալ գործով իրականացված արդարադատությունը, դրա արդյունքում կայացված դատական ակտի` որպես արդարադատության ակտի դերն ու նշանակությունը, քրեական դատավարության համար ելակետային նշանակություն ունեցող սկզբունքները: Այդպիսի դատական սխալն առկա է, օրինակ, երբ անձը քրեական պատասխանատվությունից կամ պատժից ակնհայտ անհիմն ազատվել է կամ նրա նկատմամբ կայացվել է արդարացման դատական ակտ, անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական և այլն:

i

22. Սույն գործի նյութերի համաձայն` Մ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու պատճառով հնարավորություն չունենալով իր օրինական փաստաթղթերով տեղաշարժվելու արտասահմանյան երկրների սահմանային կետերով, իբրև թե բջջային հեռախոսի քարտ գնելու պատրվակով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հափշտակել է համադասարանցու` Խ. Ֆերոյանի պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, իր կողմից անձամբ օգտագործելու նպատակով կեղծել այն` փակցնելով իր լուսանկարը և առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելով, 2013 թվականի փետրվարի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա 1863 համարի չվերթով մեկնել է «Շերեմետեվո-3» օդանավակայան (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, որ տուժող Խ. Ֆերոյանը և ամբաստանյալը հաշտվել են, վերջինս հատուցել է տուժողին պատճառված վնասը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով, 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի մասով Մ.Սարգսյանին ազատել է քրեական պատասխանատվությունից, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել և քրեական գործի վարույթը` կարճել` տուժողի հետ հաշտվելու հիմքով: Առաջին ատյանի դատարանի նույն օրվա դատավճռով Մ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման մեջ (տես սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը):

Վերոհիշյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է` ստորադաս դատարանի դատական ակտերը թողնելով անփոփոխ, իսկ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել է (տե՛ս համապատասխանաբար սույն որոշման 9-րդ և 4-րդ կետերը): Արդյունքում Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ:

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի ապրիլի 2-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը հիմնարար խախտման հիմքով բերել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանն իր հերթին մերժել է բողոքը վարույթ ընդունելը` փաստարկելով, որ վերաքննիչ բողոքի հիմքերը, ինչպես նաև բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմնավորումները բավարար չեն վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու համար: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ անթույլատրելի է ցանկացած գնով և ցանկացած միջոցով հանրային և մասնավոր շահերից որևէ մեկին նախապատվություն տալը` ի հաշիվ մյուսի` առանց դրա համար օրենքով սահմանված հիմքերի առկայության: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ բողոքաբերը վերաքննիչ բողոքում չի պատճառաբանել, թե «պետությունը ինչ անդառնալի կամ անվերականգնելի կորուստ է կրել նշված հանցանքով, սահմանադրորեն պաշտպանվող որ շահն է ապօրինի խախտվել» (տե՛ս սույն որոշման 5-րդ և 11-րդ կետերը):

23. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 18-21-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ «(...) սույն գործով առկա է հանրային և մասնավոր շահերի որոշակի մրցակցություն, սակայն միևնույն ժամանակ (...) անթույլատրելի է ցանկացած գնով և ցանկացած միջոցով դրանցից որևէ մեկին նախապատվություն տալը` ի հաշիվ մյուսի` առանց դրա համար օրենքով սահմանված հիմքերի առկայության», միաժամանակ չի պատճառաբանել, թե սույն գործով հանրային և մասնավոր շահերի մրցակցության առկայության պարագայում իրավաչափ էր արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի կիրառմամբ հանրային շահի հետ համեմատությամբ մասնավոր շահին նախապատվություն տալը:

Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում նաև Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «Բողոքաբերը (...) վերաքննիչ բողոքում չի պատճառաբանել, թե պետությունը ինչ անդառնալի կամ անվերականգնելի կորուստ է կրել նշված հանցանքով, սահմանադրորեն պաշտպանվող որ շահն է ապօրինի խախտվել» (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), քանի որ հիմնարար խախտումը բնորոշող տարրերը` արդարադատության բուն էության խաթարումը, սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռության խախտումը, օրենսդիրը կապում է ոչ թե հանցագործության բնույթի կամ դրա հետևանքների, այլ դրա վերաբերյալ վարույթում թույլ տրված դատական սխալի հետ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):

24. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված չէ:

i

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, մերժելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը վարույթ ընդունելը, թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է` սխալ մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը` չի պահպանել այն, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող որոշման կայացմանը: Թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման և նույն օրվա մեղադրական դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 13-րդ կետում բարձրացրած փաստարկներին, ապա դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մկրտիչ Համլետի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերով 2014 թվականի ապրիլի 2-ի մեղադրական դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի վերաքննիչ բողոքը վարույթը ընդունելը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.06.2015
N ԵՄԴ/0020/01/14
Որոշում