Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐՖՐԵԶ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐՖՐԵԶ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ...

 

 

020.1293.120716

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԵՐՖՐԵԶ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 231-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 12 հուլիսի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ Խ. Օհանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Երֆրեզ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Երֆրեզ» ԲԲԸ-ի` 2016թ. փետրվարի 16-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքի բովանդակությունը» վերտառությամբ 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է.

«2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`

...

3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ.»:

ՀՀ Ազգային ժողովի կողմից վերոնշյալ հոդվածում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, իսկ վիճարկվող դրույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.14 ՀՕ-49-Ն ՀՀ օրենքով:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել թիվ ԵԱՔԴ/1104/02/11 գործն ըստ հայցի «Երֆրեզ» ԲԲԸ-ի` ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի` 01.06.2005 թվականին կնքված պայմանագիրը վաղաժամկետ` 01.07.2010 թվականից լուծելու և որպես հետևանք` պատասխանողին փոխառությամբ տրամադրված սարքավորումները ետ վերցնելուն պարտավորեցնելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության, երրորդ անձ` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի` ընդդեմ «Երֆրեզ» ԲԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Դատարանը 20.05.2013թ. վճռով «Երֆրեզ» ԲԲԸ-ի հայցը բավարարել է, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության հակընդդեմ հայցը` մերժել:

ՀՀ ֆինանսների նախարարությունը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 20.05.2013թ. վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 25.12.2013թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2013թ. վճիռը` ՀՀ ֆինանսների նախարարության հակընդդեմ հայցը մերժելու մասով մասնակի բեկանվել է, և բեկանված մասով գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Մնացած մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 25.12.2013թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի` 05.03.2014թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.12.2014թ. վճռով հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2015թ. որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.12.2014թ. վճիռը մասնակիորեն` ՀՀ ֆինանսների նախարարության հակընդդեմ հայցը մերժելու մասով բեկանվել և փոփոխվել է` հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 03.06.2015թ. որոշմամբ «Երֆրեզ» ԲԲԸ-ի անունից բերված վճռաբեկ բողոքը վերադարձրել է` որոշումն ստանալու պահից որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանելով տասնհինգօրյա ժամկետ: Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը 22.07.2015թ. ընդունել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում` պատճառաբանելով, որ. «... Ընկերության անունից նախկինում բերված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.06.2015 թվականի որոշմամբ վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում վկայակոչել է Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը (գանգատ թիվ 6289/73), Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը (գանգատ թիվ 28342/95) և Բեյանն ընդդեմ Ռումինիայի (թիվ 1) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 06.12.2007 թվականի վճիռը (գանգատ թիվ 30658/05) ու ՀՀ վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/2534/02/08 քաղաքացիական և 04.07.2013 թվականի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործերով որոշումները, սակայն բողոքին կից չի ներկայացրել այդ դատական ակտերը: Միաժամանակ սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի նաև այդ ձևական սխալը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար: Այժմ, Ընկերության ներկայացուցիչը, չշտկելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.06.2015 թվականի որոշմամբ արձանագրված վերը նշված սխալը, կրկին նույն հիմքերով ներկայացրել է վճռաբեկ բողոք: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության»:

3. Դիմողը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հանդիսանում են իրավական պետության իրավական համակարգի բաղկացուցիչ տարրեր: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 03.06.2015թ. ընդունված որոշման և 22.07.2015թ. ընդունված` «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման տրամաբանությամբ` վճռաբեկ բողոք ներկայացնելիս պետք է կցել նաև ՀՀ քաղաքացիական, վարչական, քրեական դատավարության օրենսգրքերի և այլ իրավական ակտերի համապատասխան նորմերի պատճենները, որոնց հղում է կատարվում բողոքում: Դատարանի կողմից արդարադատության իրականացումը, արդար դատաքննության իրականացման սահմանադրական երաշխիքը պետք է անխափան գործեն: Այս արժեքները չեն կարող նսեմացվել տեխնիկական պատճառներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները վճռաբեկ բողոքին չկցելու պատճառաբանությամբ: Ավելին, սահմանադրական դատարան դիմելիս սահմանված չէ համանման նորմ, ըստ որի` դիմողը, եթե վկայակոչում է սահմանադրական դատարանի որևէ դիրքորոշում` նշելով որոշման համարը, պետք է կցի նաև այդ որոշումը:

Դիմողը փաստում է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն է կազմում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և հատկապես բողոքի ընդունելիության պայմանների կապակցությամբ կարող է ենթարկվել սահմանափակումների: Բոլոր դեպքերում, պետություններն այս կապակցությամբ օգտվում են հայեցողության ազատությունից: Ասվածի հետ մեկտեղ, այնուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճան սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը և նսեմացնի արդարադատությունը: ՈՒստի, դիմողը կարծում է, որ վիճարկվող իրավակարգավորումը հակասում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի առանձին հանձնարարականներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին և չի բխում միջազգային իրավական մոտեցումներից, միտված է բացառելու արդարադատության մատչելիության իրավունքի իրացումը:

Վիճարկվող դրույթի առնչությամբ դիմողի փաստարկները հանգում են նրան, որ խախտվել են դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները, քանի որ օրենսդրորեն սահմանված իրավանորմը թույլ չի տալիս վերականգնել խախտված իրավունքները, անհամաչափ պարտավորություն է դնում ու արգելափակում է նյութական իրավունքի իրացումը:

Համադրված կարգով վերլուծելով վիճարկվող նորմը` դիմողը եզրակացնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը հակասում է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 78-րդ հոդվածին և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին ու 6-րդ հոդվածներին:

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Վկայակոչելով դատարանի մատչելիության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Սիալկովսկան ընդդեմ Լեհաստանի գործով 2007թ. մարտի 22-ի վճռում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրելով, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ իրավունք չէ և ենթակա է իրավաչափ սահմանափակումների, պատասխանողը գտնում է, որ դատարանի մատչելիության իրավունքի սկզբունքի խախտում կարող է առկա լինել, երբ նշված իրավունքը սահմանափակվի այնչափ, որ սահմանափակվի անձի կողմից դատարանի իրավական պաշտպանությունից գործնականում օգտվելու իրավունքը: Մինչդեռ, ըստ պատասխանողի, գործող իրավակարգավորումների դեպքում անձը գործնական հնարավորություն ունի օգտվելու դատական պաշտպանության իրավունքից, քանզի Եվրոպական դատարանի որոշումները հրապարակային են և հասանելի յուրաքանչյուրին: Իսկ անգամ բողոքին առաջին անգամ Եվրոպական դատարանի համապատասխան ակտերը չկցելն անձին չի զրկում դատական պաշտպանության հնարավորությունից, քանի որ դատարանի կողմից ժամկետ է սահմանվում խախտումը վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:

Վկայակոչելով վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումները, առանձին երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում, համանման իրավակարգավորումները, ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասը, 231-րդ հոդվածի 2-րդ մասը, ընդգծելով ՀՀ վճռաբեկ դատարանի դերը ՀՀ արդարադատության համակարգում` պատասխանողն իրավաչափ է համարում վճռաբեկ բողոքին Եվրոպական դատարանի դատական ակտը կցելու պահանջն այն հիմքով, որ խնդրո առարկա պահանջն օրենսդրական երաշխիք է առ այն, որ անձն ամբողջությամբ ծանոթ է իր կողմից վկայակոչվող իրավական ակտերի բովանդակությանը, քանի որ անձը պարտավոր է իր կողմից վկայակոչվող իրավական ակտերի հակասությունը հիմնավորել` մեջբերելով դրանց հակասող մասերը:

Անդրադառնալով վիճարկվող դրույթի` իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ դիմողի փաստարկներին, պատասխանողը, վկայակոչելով իրավական որոշակիության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Միշոն ընդդեմ Ֆրանսիայի գործով 2012թ. դեկտեմբերի 6-ի վճռում արտահայտած իրավական դիրքորոշումները, նույն հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի` 2006թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 և 2014թ. ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթը համապատասխանում է իրավական օրենքին ներկայացվող պահանջներին:

5. Սույն գործով վիճարկվող իրավադրույթի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատել դատական պաշտպանության, վերջինիս տարրը հանդիսացող` արդարադատության մատչելիության իրավունքի համատեքստում, կարևորելով`

- արդարադատության մատչելիության (դատարան դիմելու իրավունքի)` որպես Սահմանադրությամբ նախատեսված դատական պաշտպանության իրավունքի իրացման կարևոր նախապայմանի ազատ իրականացման երաշխավորումը: Գնահատել այն այդ իրավունքի իրացման ընթացակարգային գործող կանոնների և դրանց կիրառմամբ առաջացած իրավական հնարավոր հետևանքների շրջանակներում` հաշվի առնելով նաև այդ իրավունքի առումով Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև այդ իրավունքի իրացման միջազգային իրավական չափանիշները,

- վեճի առարկա կանոնակարգմամբ պայմանավորված` իրավական սահմանափակման համադրելիությունը ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքի էության հետ:

6. Անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը նախատեսված է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածներով, համաձայն որոնց` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրացումը երաշխավորելու տեսանկյունից առաջնահերթ կարևորություն ունի այն հարցի պատասխանը, թե որքանո՞վ է հասանելի արդարադատությունը, որքան արդյունավետ են անձի խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի իրացման պայմանները և գործիքակազմը:

Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման լիարժեք երաշխավորումն անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու առաջնահերթ իրավական նախապայմաններից է: Ի թիվս այլնի, այդ հանգամանքով է պայմանավորված վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրականությունը հատկապես դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում գնահատելը:

7. Իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) Սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրականության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր` հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատավարական գործընթացներում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների իրավակարգավորման հիմքում դրված են անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման սահմանադրաիրավական այն սկզբունքները, որոնց համատեքստում Սահմանադրական դատարանն իր վերոհիշյալ որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ:

Սահմանադրական դատարանը վերոթվարկյալ որոշումներում կարևորել է իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, որոնք սույն գործով վեճի առարկա նորմի սահմանադրականության գնահատման տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն, մասնավորապես.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման,

- ինքնին խնդրահարույց չէ վճռաբեկ բողոքի ընդունելիության այնպիսի պահանջներ սահմանելը, որոնք կարող են ավելի խիստ լինել,

- դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմանները, այդ թվում բողոքարկման ժամկետները չպետք է գերակայեն կամ խոչընդոտեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վկայակոչել նաև դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված իրավական դիրքորոշումները, որոնց համաձայն.

- այս իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով (Luordo v. Italy, 2003թ. հոկտեմբերի 17-ի վճիռ, Staroszczyk v. Poland, 2007թ. հուլիսի 9-ի վճիռ, Stanev v. Bulgaria, 2012թ. հունվարի 17-ի վճիռ և այլն),

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000),

- սահմանափակումները չեն կարող համապատասխանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, եթե չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ բացակայում է ընտրված միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև պատճառական կապը (Case of Marini v. Albania (application no. 3738/02), Judgment of 18 December 2007, para. 113):

Նշված դիրքորոշումները կարևորվում են հատկապես ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված` մարդու արդարադատական իրավունքների իրացման օրենսդրական երաշխիքների ապահովման համար:

8. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումներից բխում է, որ եթե բողոք բերած անձը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ապա բողոքը բերած անձը պետք է, մասնավորապես, հիմնավորի, որ.

- տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ,

- բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը,

- բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը,

- բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի`վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում պատշաճ իրավական հիմնավորում ներկայացնելու պահանջն իրավաչափ է, քանզի այն ներառում է այնպիսի բաղադրատարրեր, ինչպիսիք են բողոքարկվող դատական ակտի` վկայակոչվող դատական ակտին հակասող մասերը մեջբերելը, բողոքարկվող դատական ակտի և վկայակոչվող դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ համեմատական վերլուծություն կատարելը:

Հիշյալ համատեքստում հիմնավորում ներկայացնելու իրավական պահանջն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով այն, որ նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի պարտականություն: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն չի հանգեցնում նաև իրավունքի էության խախտման: Ավելին, հիմնավորում ներկայացնելու պահանջներ սահմանելու նպատակը ոչ թե բողոք բերած անձին ավելորդ պարտականություններով ծանրաբեռնելն է, այլ տվյալ բողոքարկվող գործով ներկայացված հանգամանքների իրավաչափությունը փաստարկելը:

Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ պատշաճ իրավական հիմնավորում ներկայացնելու իրավապահանջը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների իրացումը և նպաստել միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը, քանզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները հանդիսանում են իրավակիրառ պրակտիկայի և, ընդհանրապես, իրավական համակարգի կայուն դինամիկ զարգացման առանցքային ուղենիշներ:

Այդպիսով, վճռաբեկ բողոք բերողի կողմից վկայակոչվող իրավական դիրքորոշումների և համապատասխան դատական ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումների համեմատական վերլուծության պահանջն իրավաչափ է: Ընդ որում, վերջինս կարող է ապահովվել միայն այն պարագայում, երբ վկայակոչվում է ոչ միայն համապատասխան իրավական դիրքորոշումը, այլև մատնանշվում են այն դատական ակտի նույնականացման, բնութագրական, բնորոշիչ տվյալները, որտեղ տեղ են գտել վկայակոչվող իրավական դիրքորոշումները (մասնավորապես, վկայակոչվող դատական ակտն ընդունած մարմնի անվանումը, դատական ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը, գործի համարը):

9. Ակնհայտ է, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա իրավանորմի շրջանակներում վկայակոչվող դատական ակտերը բողոքին կցելու պահանջը ոչ իրավաչափ կերպով ծանրաբեռնում է բողոքաբերին: Ավելին, նման պահանջը ոչ միայն ոչ համարժեք սահմանափակում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների իրացումը, այլև Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրաիրավական գործառույթի արդյունավետ և ամբողջական իրացման առումով խոչընդոտ է հանդիսանում` հնարավորություն չտալով Վճռաբեկ դատարանին օրենքով սահմանված այլ հիմքերի բավարարման պարագայում վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և իրականացնել արդարադատություն:

Վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջ նախատեսելն այն պարագայում, երբ դրանք հասանելի են դատավարության կողմերին և ՀՀ վճռաբեկ դատարանին (այդ թվում` համացանցի համապատասխան պաշտոնական կայքէջերից օգտվելու միջոցով), հիմնավոր չէ: Պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, Սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների, ինչպես նաև ստորադաս դատարանի դատական ակտերի հասանելիությունը: Ընդ որում, դա պետք է ապահովվի հավաստի և իրավաբանական առումով համարժեք թարգմանված և կոնկրետ պետական մարմնի կողմից հաստատված տեքստերի միջոցով: Օրենքի պահանջը` մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը վկայակոչող բոլոր ակտերը բողոքին կցելու վերաբերյալ, երբ, մի կողմից` դրանք մի քանի տասնյակ էջեր են կազմում ու համաձայն իրավակիրառ պրակտիկայի` պետք է թարգմանաբար ներկայացվեն (նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերենով), մյուս կողմից` սահմանափակ է բողոք ներկայացնելու ժամկետը կամ դրա ձգձգումը կարող է դիմողի համար ունենալ անշրջելի բացասական հետևանքներ, իրական վտանգ է ստեղծում արգելափակելու անձի արդար դատաքննության իրավունքի իրացումը (մասնավորապես, տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 2016թ. ապրիլի 27-ի քաղաքացիական գործով թիվ ԵԱՔԴ/0229/02/16 որոշումը):

Ասվածի համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև, որ, ի տարբերություն վիճարկվող իրավադրույթի, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը բողոք բերած անձի համար համապատասխան դատական ակտերը կցելու առումով որևէ պարտականություն չեն նախատեսում: Դրանցում սահմանվում են`

- յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ, որպես իրավական փաստարկ, իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները),

- որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ:

Ընթացակարգային, ձևական պահանջներն արդարադատության արդյունավետ իրականացման համար, որպես կանոն, անհրաժեշտություն են: Սակայն Սահմանադրական դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը` տվյալ դեպքում վեճի առարկա պահանջը չպահպանելու հիմնավորմամբ, դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակում է հանդիսանում: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, իրացնելով իրավունքների և ազատությունների սահմանափակումներ նախատեսելու իր իրավասությունը, պետք է այնպիսի համամասնությամբ դա կատարի, որ ընտրված սահմանափակումը համահունչ լինի ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին, այն է` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: ՈՒստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա իրավաչափ նպատակին հնարավոր է հասնել նաև առանց վճռաբեկ բողոքին վեճի առարկա դրույթում վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջի նախատեսման` չխաթարելով ողջամիտ հավասարակշռությունը հետապնդվող նպատակի և այդ նպատակին հասնելու համար օգտագործված միջոցի միջև:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով վեճի առարկա իրավադրույթին համանման իրավակարգավորումներ են առկա նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 3-րդ կետում: Դրանց նույնպես ՀՀ Ազգային ժողովն անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձնի` սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները հաշվի առնելով:

Սահմանադրական դատարանը նաև ՀՀ Ազգային ժողովի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ քննության առարկա և հիշյալ իրավական ակտերում առկա է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «վճիռ» և «որոշում» հասկացությունների ոչ համարժեք կիրառում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը` վճռաբեկ բողոքին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վկայակոչվող դատական ակտերը կցելու պահանջի մասով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի, 78-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներից ելնելով` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

12 հուլիսի 2016 թվականի

ՍԴՈ-1293

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
12.07.2016
N ՍԴՈ-1293
Որոշում