Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻ, ԳԵՂԱՄ ՄԵԼԻ ...

 

 

020.1296.060916

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՎԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻ, ԳԵՂԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 233.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 6 սեպտեմբերի 2016 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողներ Վ. Կարապետյանի և Լ. Ամիրբեկյանի ներկայացուցիչ Տ. Եգորյանի, դիմող Գ. Մելիքսեթյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի, նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Վաչիկ Կարապետյանի, Լուսինե Ամիրբեկյանի, Գեղամ Մելիքսեթյանի դիմումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի` 2016 թվականի մարտի 14-ին և Գեղամ Մելիքսեթյանի` 2016 թվականի հունիսի 13-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

ՀՀ սահմանադրական դատարանը 2016 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-58 աշխատակարգային որոշմամբ, հաշվի առնելով, որ Գեղամ Մելիքսեթյանի դիմումի հիման վրա ու Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի դիմումի հիման վրա քննության ընդունված գործերը վերաբերում են նույն հարցին, նշված գործերը միավորել է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` սույն գործով վիճարկվող` «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը» վերտառությամբ 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է.

«1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`

1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է, կամ այն մերժվել է.»:

Վիճարկվող դրույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-49-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի հունիսի 10-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2014 թվականի հունիսի 21-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հուլիսի 3-ից:

 

2. Միավորված գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

ա) Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի մասով.

դիմելով դատարան` Նաիրա Մկրտչյանը և հայցվորի կողմում հանդես եկող` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք` Գերասիմ Անդրեասյանը և Սոնյա Կուրղինյանը պահանջել են Վաչիկ Կարապետյանին և Լուսինե Ամիրբեկյանին վտարել Լոռու մարզի Վանաձորի Մոսկովյան փողոցի թիվ 50/4 հասցեի տնատիրությունից: Վաչիկ Կարապետյանը և Լուսինե Ամիրբեկյանը, հակընդդեմ հայցով Նաիրա Մկրտչյանի դեմ դիմելով դատարան, պահանջել են առոչինչ ճանաչել Վաչիկ Կարապետյանի և Նաիրա Մկրտչյանի միջև կնքված` Վանաձորի Մոսկովյան փողոցի թիվ 50/4 հասցեում գտնվող առանձնատան առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ /քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1323/02/13/:

Դիմելով դատարան` Նաիրա Մկրտչյանը պահանջել է Լուսինե Ամիրբեկյանից որպես վնասի հատուցում բռնագանձել բանկին վճարված 11.439.768 ՀՀ դրամը և սկսած 01.09.2013 թվականից հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսագումարները, նաև` որպես բաց թողնված օգուտ, բռնագանձել 711.360 ՀՀ դրամ: Վաչիկ Կարապետյանը և Լուսինե Ամիրբեկյանը, հակընդդեմ հայցով Նաիրա Մկրտչյանի դեմ դիմելով դատարան, պահանջել են առոչինչ ճանաչել Վաչիկ Կարապետյանի և Նաիրա Մկրտչյանի միջև կնքված` Վանաձորի Մոսկովյան փողոցի թիվ 50/4 հասցեում գտնվող առանձնատան առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք` 13.10.2008 թվականի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման կողմից տրված թիվ 1883899 սեփականության վկայականը և 23.08.2011թ. կնքված նախնական առուվաճառքի պայմանագիրը և վերացնել դրանց հետևանքով առաջացած անբարենպաստ հետևանքները` կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածով նախատեսված հետևանքները` շղթայաբար առոչինչ ճանաչելով Լուսինե Ամիրբեկյանի և Նաիրա Մկրտչյանի միջև 23.08.2011 թվականին կնքված` Վանաձորի Մոսկովյան փողոցի թիվ 50/4 հասցեում գտնվող առանձնատան նախնական առուվաճառքի պայմանագիրը և 02.08.2013 թվականին Նաիրա Մկրտչյանի և Գերասիմ Անդրեասյանի միջև կնքված պայմանագիրը` ճանաչելով Վանաձորի Մոսկովյան փողոցի թիվ 50/4 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Վաչիկ Կարապետյանի սեփականության իրավունքը: Դատարանին խնդրել են նաև հօգուտ հակընդդեմ հայցվորի հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` դրանք հաշվարկելով 30.08.2011 թվականից Նաիրա Մկրտչյանին պարտքով տրված 7.000 ԱՄՆ դոլար գումարի վրա մինչև այն փաստացի վերադարձնելու օրը` 30.08.13 թվականը /քաղաքացիական գործով թիվ ԼԴ/1324/02/13/:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.05.2014 թվականի որոշմամբ թիվ ԼԴ/1324/02/13 քաղաքացիական գործը միացվել է թիվ ԼԴ/1323/02/13 քաղաքացիական գործին:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.03.2015 թվականի վճռով Նաիրա Մկրտչյանի և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք` Գերասիմ Անդրեասյանի և Սոնյա Կուրղինյանի հայցը` տնատիրությունից վտարելու պահանջի մասին, բավարարվել է, իսկ Նաիրա Մկրտչյանի մյուս հայցը` գործարքի հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցման և բաց թողնված օգուտի գումարների բռնագանձման պահանջների մասին, ինչպես նաև Վ. Կարապետյանի և Լ. Ամիրբեկյանի հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2015 թվականի որոշմամբ Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Նաիրա Մկրտչյանի հայցապահանջը բավարարելու մասով դատարանի 12.03.2015 թվականի վճիռը բեկանվել է և այն փոփոխվել է` հայցը մերժվել է, իսկ մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր` 26.08.2015թ. որոշմամբ Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ. «Տվյալ դեպքում բողոք բերած անձը, Վերաքննիչ դատարանի 30.06.2015 թվականի որոշման դեմ սույն վճռաբեկ բողոքը բերել է 03.08.2015 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, և չի ներկայացրել միջնորդություն` վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին: ...Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության...»:

Տվյալ գործով Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի ներկայացուցիչը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր` 28.10.2015թ. որոշմամբ ներկայացված բողոքը կրկին թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ. «...Վճռաբեկ դատարանը կրկին անգամ արձանագրելով, որ 03.08.2015 թվականի վճռաբեկ բողոքում ներառված ծանոթագրությունը չի կարող գնահատվել որպես վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, գտնում է, որ երկրորդ անգամ բերված վճռաբեկ բողոքում ներառված միջնորդությամբ բողոք բերած անձը որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու վերաբերյալ, հետևաբար, բողոք բերած անձը բաց է թողել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն առանց հարգելի պատճառների».

բ) Գեղամ Մելիքսեթյանի մասով.

դիմելով դատարան` Սամվել Մարտիրոսյանը պահանջել է Գեղամ Մելիքսեթյանից բռնագանձել 1.662.000 ՀՀ դրամ` որպես պայմանագրով նախատեսված փաստաբանական գործունեության վճար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված բանկային տոկոսի գումարն առ 01.07.2013 թվականը` 115.400 ՀՀ դրամ` բռնագանձումը շարունակելով մինչև պարտավորության լրիվ կատարումը, ինչպես նաև պետական տուրքի գումարը` 35.550 ՀՀ դրամ: Գործի նոր քննության արդյունքում Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2016 թվականի որոշմամբ Գեղամ Մելիքսեթյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Տվյալ գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գեղամ Մելիքսեթյանը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր` 30.03.2016 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ «...վճռաբեկ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացրել է 04.03.2016 թվականին (հիմք` թիվ RR192153864AM փոստային ծրար), այսինքն` օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո, և չի ներկայացրել միջնորդություն վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության...»:

Տվյալ գործով Գեղամ Մելիքսեթյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր` 20.04.2016թ. որոշմամբ ներկայացված բողոքը կրկին թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ. «Տվյալ դեպքում սույն գործում առկա թիվ RR202827608AM փոստային անդորրագրի համաձայն` Վերաքննիչ դատարանի 01.02.2016 թվականի որոշումը Գեղամ Մելիքսեթյանին է ուղարկվել 02.02.2016 թվականին (հատոր 3, գ.թ. 138), իսկ հետադարձ ծանուցման փոստային անդորրագրի համաձայն` Գեղամ Մելիքսեթյանը Վերաքննիչ դատարանի 01.02.2016 թվականի որոշումը ստացել է 04.02.2016 թվականին (հատոր 3-րդ գ.թ. 139), Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ վերջինիս կողմից փոստային ծառայության միջոցով վճռաբեկ բողոք է ներկայացվել 04.03.2016 թվականին (հիմք` թիվ RR192153864AM փոստային ծրար), այսինքն` օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.03.2016 թվականի որոշմամբ թողնվել է առանց քննության` օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բացթողելու և վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացնելու հիմքերով, այնուհետև սույն վճռաբեկ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 08.04.2016 թվականին (հիմք` թիվ RR205243999AM փոստային ծրար), և պատճառաբանելով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2016 թվականի որոշումը ստացել է 04.02.2016 թվականին և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը ստանալուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել բաց թողնված ժամկետ հարգելի համարելու միջնորդությունը կազմելուն և նույն օրն այն ուղարկել է ՀՀ վճռաբեկ դատարան, միջնորդել է հարգելի ճանաչել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը և այն վերականգնել: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի միջնորդության պատճառաբանությունը հիմնավոր չէ և հիմք չէ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու համար: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության...»:

 

3. Դիմողները գտնում են, որ վիճարկվող դրույթը` դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, չի ապահովում ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումն այն պատճառաբանությամբ, որ այդ դրույթի կիրառումը հանգեցնում է իրավական անորոշության:

Իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողները, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը, նշում են, որ առանց որևէ ողջամիտ և օբյեկտիվ արդարացման խտրական վերաբերմունք է սահմանվում դատական ակտի բողոքարկման համար նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ խնդրանք ներկայացրած անձանց միջև. անձինք, ովքեր դատական ակտի բողոքարկման համար նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ խնդրանքը վերնագրել են որպես միջնորդություն, և անձինք, ովքեր նշված խնդրանքն ուղղակի շարադրել են առանց այն հատուկ վերնագրելու:

Ըստ դիմողների` «միջնորդել» և «խնդրել» եզրույթները նույն իմաստն են պարունակում, մինչդեռ Վճռաբեկ դատարանի կողմից սույն դիմումով վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությամբ` այն դեպքերում, երբ դատարանին հասցեագրված խնդրանքը վերնագրված չէ որպես միջնորդություն և/կամ բողոքում տեղակայված չէ համապատասխան հատվածում, այն չի հանդիսանում միջնորդություն:

ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-630, ՍԴՈ-690, ՍԴՈ-753, ՍԴՈ-902 և ՍԴՈ-1052 որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած համապատասխան իրավական դիրքորոշման տրամաբանության վրա հիմնվելով` դիմողները նշում են, որ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու ձևը և կարգը սահմանված չեն, ինչը հանգեցնում է իրավական անորոշության, որի արդյունքում անհամաչափորեն սահմանափակվել են դիմողների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Վերլուծելով վիճարկվող դրույթը` դիմողները եզրահանգել են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հակասում է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 28-րդ, 29-րդ հոդվածներին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորմամբ սահմանված բողոքարկման մեկամսյա ժամկետը ողջամիտ է, այն լիովին բավարար է սովորական հանգամանքներում արդյունավետորեն իրականացնելու համապատասխան բողոք ներկայացնող անձի դատական պաշտպանության իրավունքը:

Պատասխանող կողմը նշում է, որ անձի կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված բողոքարկման մեկամսյա ժամկետի բացթողման հանգամանքը տվյալ հիմքով գնահատելու համար անհրաժեշտ է որոշակի ապացույցների առկայություն, որոնք կհավաստեն, որ անձն իր կամքից անկախ, օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել իրացնելու իր բողոքարկման իրավունքը: Ընդ որում, այդ ապացույցները ենթակա են իրավական գնահատականի դատարանի կողմից:

Պատասխանող կողմն իրավական որոշակիության պահպանման նկատառումներով կարևորում է միջնորդության պահանջի առկայությունը և ընդգծում, որ. «...առանց միջնորդության և միջնորդության հիմքում ընկած ապացույցների դատարանը չի կարող գնահատել, թե ինչ պատճառներով է անձը բաց թողել օրենքով սահմանված ժամկետը, առավել ևս, դա հնարավոր չէ ժամկետն ինքնին երկարացված համարելու օրենքի ուժով առանց դատարանի իրավական գնահատականի»:

Արձանագրելով, որ սույն գործով վիճարկվող նորմի իրավակարգավորման տրամաբանությունը համադրելի է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1254, ՍԴՈ-1268, ՍԴՈ-1290 որոշումներով քննության առարկա դարձած համապատասխան նորմերի իրավակարգավորման տրամաբանության հետ, փաստելով, որ նշված որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով, պատասխանողը հանգում է այն հետևությանը, որ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելու համար պատճառաբանված միջնորդության և համապատասխան ապացույցների առկայությունն անհրաժեշտություն է: Ընդ որում, պատասխանողի կարծիքով, նշված բովանդակային պահանջի բավարարման դեպքում բողոքը չի կարող առանց քննության թողնվել միայն այն ձևական պահանջ-նկատառումով, որ առկա չէ «միջնորդություն», «միջնորդագիր» կամ այլ համարժեք ձևակերպում:

Միաժամանակ, պատասխանողն արձանագրում է, որ վիճարկվող դրույթը պարունակում է օրենքի բաց, քանի որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և որոշակի ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն: Այս կապակցությամբ պատասխանողը գտնում է, որ սույն գործով հարկ է կիրառել ՍԴՈ-1290 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համարում է խնդրահարույց` ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61, 63 և 78-րդ հոդվածների պահանջներին համապատասխանության տեսանկյունից` այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելուց հետո օրենքով սահմանված ժամկետում թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:

 

5. ՀՀ սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող իրավանորմի սահմանադրականությունը գնահատելիս անհրաժեշտ է համարում ելնել.

- հանրային իշխանության կողմից մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների` ՀՀ Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա արդյունավետ պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից,

- ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերում ամրագրված` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունից` հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

6. Սույն գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորման տրամաբանությունը համադրելի է ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-1249 որոշմամբ քննության առարկա դարձած` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ՍԴՈ-1254 որոշմամբ քննության առարկա դարձած` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՍԴՈ-1268 որոշմամբ քննության առարկա դարձած` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավակարգավորումների տրամաբանության հետ:

Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254 և ՍԴՈ-1268 որոշումներով քննության առարկա իրավակարգավորումների և սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների բովանդակային համարժեքությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով քննության առարկա իրավակարգավորումների առնչությամբ:

Մասնավորապես, իր` ՍԴՈ-1249 որոշման մեջ սահմանադրական դատարանը նշել և ՍԴՈ-1254 և ՍԴՈ-1268 որոշումներում կրկին արձանագրել է հետևյալը. «...երբ վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն օբյեկտիվորեն առկա իրավական անհրաժեշտություն է, հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն տալ իրավասու մարմնին քննության առարկա դարձնել միջնորդության մեջ ներառված խնդրանքը: ... երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)` համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով»:

 

7. Նկատի ունենալով դատական ակտերի բողոքարկման ժամկետների և այդ ժամկետներից հետո բերված բողոքները վարույթ ընդունելու, դրանք վերադարձնելու կամ առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի իրավակարգավորումների բովանդակային համարժեքությունը, այդ իրավակարգավորումների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների միասնականությունը, սույն գործի շրջանակներում ևս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական պրակտիկայի առկա վիճակի ուսումնասիրությանը: Այսպես, Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի` ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումի և ԼԴ/1323/02/13 քաղաքացիական գործի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2015 թվականի օգոստոսի 26-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում, մասնավորապես նշելով, որ բողոք բերած անձը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2015 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքը բերել է 03.08.2015 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, և չի ներկայացրել միջնորդություն` վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին: Այնուհետև, կրկին բերված վճռաբեկ բողոքի ուսումնասիրման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2015 թվականի հոկտեմբերի 28-ին կրկին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում` պատճառաբանելով, որ 03.08.2015 թվականի վճռաբեկ բողոքում ներառված ծանոթագրությունը չի կարող գնահատվել որպես վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Համանման իրավիճակ է առկա նաև Գեղամ Մելիքսեթյանի գործի մասով (քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0976/02/13):

Արձանագրելով, որ դատարանը հանդես է գալիս որպես արդարադատություն իրականացնող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարանի կողմից դատավարական ակնկալվող գործողության կատարման, այն է` բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բողոք բերած անձը գրավոր միջնորդի համապատասխան գործողության կատարումը: Հետևաբար, համապատասխան միջնորդության առկայությունն այն անհրաժեշտ նախապայմանն է, որը վկայում է բողոք բերած անձի կողմից ակնկալվող գործողությունը հայցելու մասին, ինչն էլ բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանի համար առաջացնում է բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու պարտականություն:

Քննության առարկա գործը դիտարկելով վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խնդիրը ոչ միայն «ծանոթագրություն» բառն է, այլև այն հանգամանքը, թե շարադրանքի բովանդակությունը որքանով է հնարավորություն ընձեռում այն դատարանի կողմից որպես միջնորդություն ընկալվելու համար: Իսկ այդպիսին ընկալվելու համար, նախ և առաջ, անհրաժեշտ է, որպեսզի բողոք բերած անձը հստակորեն ներկայացնի իր միջնորդությունը: Այս առումով հատկանշական է այն, որ երկու գործերի դեպքում էլ, երբ վճռաբեկ դատարանն առանց քննության է թողել վճռաբեկ բողոքները, կրկին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքներում բողոք բերած անձինք արդեն իրենց խնդրանքը շարադրել են այնպես (ինչպես ձևական, այնպես էլ բովանդակային առումով), որ վճռաբեկ դատարանի կողմից այն ընկալվել և գնահատվել է արդեն որպես միջնորդություն: Բացի դրանից, ԼԴ/1323/02/13 քաղաքացիական գործով վճռաբեկ բողոքում, ի տարբերություն բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու հատվածի, որը ներկայացված է որպես «ծանոթագրություն», պետական տուրքի գծով խնդրանքը ներկայացված է որպես միջնորդություն` «միջնորդում եմ» ձևակերպմամբ: Հետևաբար, օրենքով սահմանված միջնորդելու պարտականության բարեխիղճ կատարման փոխարեն այն չկատարելը չի կարող դիտարկվել որպես դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացման խոչընդոտ:

Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ դատական պրակտիկայում ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254 և ՍԴՈ-1268 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները դեռևս ոչ լիարժեք են հաշվի առնվում, ինչը կարող է հանգեցնել արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման արգելափակման վտանգի:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վիճարկվող դրույթը հստակ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և որոշակի ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, ինչը փաստում է նաև պատասխանող կողմը: Այս տրամաբանությունն է ընկած եղել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքում, ինչը ՀՀ սահմանադրական դատարանի 28 հունիսի 2016թ. ՍԴՈ-1290 որոշմամբ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61, 63 և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:

Այդուհանդերձ, դիմողներից Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև Վճռաբեկ դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության, սակայն կրկին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքի դեպքում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության ոչ թե բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով, այլ այն հիմքով, որ. «...երկրորդ անգամ բերված վճռաբեկ բողոքում ներառված միջնորդությամբ բողոք բերած անձը որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու վերաբերյալ, հետևաբար, բողոք բերած անձը բաց է թողել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն առանց հարգելի պատճառների»:

Վճռաբեկ դատարանը համանման որոշում է կայացրել նաև Գեղամ Մելիքսեթյանի թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով` 20.04.2016թ. որոշման մեջ արձանագրելով, որ. «... Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի միջնորդության պատճառաբանությունը հիմնավոր չէ և հիմք չէ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու համար»: Արդյունքում` Վճռաբեկ դատարանը որոշել է. «Մերժել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին Գեղամ Մելիքսեթյանի միջնորդությունը»:

ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ իր ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254, ՍԴՈ-1268 որոշումների ընդունումից հետո դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը դեռևս համապատասխան օրենսդրական համալիր և միասնական կանոնակարգումների չի ենթարկվել, և այս հանգամանքն արտացոլվել է նաև պատասխանող կողմի ներկայացրած բացատրության մեջ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254 և ՍԴՈ-1268 որոշումներում նույնաբնույթ հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 սեպտեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1296

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.09.2016
N ՍԴՈ-1296
Որոշում