Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41-ՐԴ, 42-ՐԴ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41-ՐԴ, 42-ՐԴ, 54-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԱՆԴ/4073/02/14
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/4073/02/14    
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
                    Դատավորներ` Ն. Բարսեղյան
                                                 Մ. Հարթենյան  

                       

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Ռ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Փերոյանի ներկայացուցիչ Սոնա Գուլքանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անի Սարգսյանի ընդդեմ Արմեն Փերոյանի, երրորդ անձ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի մշտական բնակության վայրը որոշելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Արմեն Փերոյանի ընդդեմ Անի Սարգսյանի` երեխայի տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անի Սարգսյանը պահանջել է Մարիամ Փերոյանի (ծնված 02.05.2010 թվականին) բնակության վայրը սահմանել մոր` Անի Սարգսյանի բնակության վայրը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արմեն Փերոյանը պահանջել է տրամադրել տեսակցություն անչափահաս Մարիամ Փերոյանի հետ հետևյալ ժամանակացույցով` գիշերակացով` յուրաքանչյուր ուրբաթ օրը ժամը 18:00-ից մինչև կիրակի օրը ժամը 16:00-ն, առանց մոր` Անի Սարգսյանի ներկայության:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն.Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 06.08.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է` 02.05.2010 թվականին ծնված Մարիամ Փերոյանի բնակության վայրը սահմանել մոր` Անի Սարգսյանի հետ, 02.05.2010 թվականին ծնված Մարիամ Փերոյանի հետ նրա հայր Արմեն Փերոյանի` երեխայի հետ շփվելու և նրա դաստիարակությանը մասնակցելու համար սահմանել տեսակցության կարգ` յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, և կիրակի օրը` ժամը 10:00-ից մինչև 20:00-ն` սկզբնական շրջանում երեխայի մոր ներկայությամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2015 թվականի որոշմամբ Արմեն Փերոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 06.08.2015 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել` հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` 02.05.2010 թվականին ծնված Մարիամ Փերոյանի հետ նրա հայր Արմեն Փերոյանի` երեխայի հետ շփվելու և դաստիարակությանը մասնակցելու համար սահմանվել է տեսակցության կարգ` յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ ու շաբաթ օրերին` ժամը 18:00-21:00-ն, և կիրակի օրը` ժամը 10:00-20:00-ն` սկզբնական շրջանում երեխայի մոր ներկայությամբ: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Փերոյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անի Սարգսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի (ընդունվել է 20.11.1989 թվականին, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 22.07.1993 թվականից) 3-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը, 42-րդ հոդվածի 2-րդ մասը, 54-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը, 53-րդ հոդվածը, 132-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, երեխայի մոր ներկայությամբ տեսակցության կարգ սահմանելով, խախտել է ընտանեկան օրենսդրության պահանջները, քանի որ Արմեն Փերոյանը, առանց երեխայի մոր ներկայության տեսակցելով իր երեխայի հետ, կարող է լիարժեք զբաղվել նրա խնամքով և դաստիարակությամբ: Ընդ որում, Արմեն Փերոյանը, բնակվելով ՌԴ-ում, հաճախակի է այցելում Հայաստանի Հանրապետություն և մշտական հաճախումների ընթացքում միշտ հանդիպում է դստերը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ թեև Արմեն Փերոյանը բնակվում է ՌԴ-ում, նա ունի բավարար միջոցներ և ցանկություն երեխայի խնամքով զբաղվելու և նրան տեսակցելու համար: Բացի այդ, երեխան բավական մեծ է և չունի մոր մշտական խնամքի կարիքը, առողջապես նորմալ վիճակում է, ուստի չկա անհրաժեշտություն տեսակցություն նշանակելու մոր ներկայությամբ: Ավելին, գիշերակացով երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելը հնարավորություն կտա Արմեն Փերոյանին արդյունավետ խնամելու և դաստիարակելու իր երեխային:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.12.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` «երեխայի հետ տեսակցության կարգ սահմանել հետևյալ կերպ. տրամադրել տեսակցություն անչափահաս Մարիամ Փերոյանի հետ` գիշերակացով յուրաքանչյուր ուրբաթ օրը ժամը 18:00-ից մինչև կիրակի օրը ժամը 16:00-ն, առանց մոր` Անի Սարգսյանի ներկայության»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները և գործում առկա ապացույցները գնահատելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, կայացրել է հիմնավոր դատական ակտ` տեսակցության կարգ նշանակելով հանգստյան օրերին: Անչափահաս Մարիամ Փերոյանը վատառողջ է և գտնվում է մշտական հսկողության ներքո, ուստի առանց մոր ներկայության հնարավոր չէ երեխայի հետ տեսակցություն սահմանել: Բացի այդ, անհնար է նաև երեխայի հետ տեսակցություն սահմանելը գիշերակացով, քանի որ երեխան հազվադեպ է հոր հետ շփման մեջ գտնվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ռուսաստանի Դաշնության Դաշնային միգրացիոն ծառայության վարչության-634 կողմից 20.06.2011 թվականին տրված թիվ 2956449 անձնագրի` ռուսերենից թարգմանության համաձայն` Մարիամ Արմենի Փերոյանը ծնվել է 02.05.2010 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 16):

2) Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 11.04.2015 թվականի թիվ 27/01-47/1032 «Ակտ-եզրակացության» համաձայն` Անի Սարգսյանը և Արմեն Փերոյանը համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա` Մարիամ Փերոյանը` ծնված 02.05.2010 թվականին: Անի Սարգսյանը, 28.07.2011 թվականին վերցնելով երեխային, հեռացել է Արմեն Փերոյանից: Ըստ Անի Սարգսյանի հայտարարության` Արմեն Փերոյանն իր անչափահաս երեխայի հետ վերջին անգամ հանդիպել է 2013 թվականի աշնանը: Հանձնաժողովն առաջարկել է Արմեն Փերոյանի տեսակցությունն իր անչափահաս դստեր հետ սահմանել յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 18.00- 21.00-ն, և կիրակի օրը` ժամը 10.00-20.00-ն` սկզբնական շրջանում երեխայի մոր մասնակցությամբ (հատոր 1-ին, գ.թ. 88-89):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` երեխայից առանձին ապրող ծնողի` երեխայի հետ շփվելու և նրա դաստիարակությանը մասնակցելու վերաբերյալ գործի քննության ընթացքում երեխայի լավագույն շահերի բացահայտման և գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 132-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. իրավաչա՞փ է արդյոք երեխայից առանձին ապրող հոր` երեխայի հետ մոր ներկայությամբ և առանց գիշերակացի տեսակցության կարգի սահմանումն այն դեպքում, երբ գործով չեն բացահայտվել երեխայի լավագույն շահերը, և չի պարզվել դրանց հարաբերակցությունը տեսակցության սահմանվող կարգի հետ.

2. իրավաչա՞փ է արդյոք երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու վերաբերյալ դատական ակտի եզրափակիչ մասում «սկզբնական շրջանում մոր ներկայությամբ» արտահայտության օգտագործումն այն պարագայում, երբ «սկզբնական շրջան» արտահայտության հստակ ժամանակային տևողությունը բացահայտված չէ:

i

1. 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:

i

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

i

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 37-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողների (...) պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները` երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային` նրա կողմից նույն կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան (...) ծննդյան պահից ձեռք է բերում, (...) որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը` կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` երեխան, որի ծնողները բնակվում են տարբեր պետություններում, իրավունք ունի կանոնավոր կերպով, բացառությամբ հատուկ հանգամանքների, անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանել երկու ծնողների հետ (...):

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը` երեխայի դաստիարակության և զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար: Ծնողները (...) երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին: Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու (...) իրավունք (...):

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան ունի իր ծնողների (...) հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա: Ծնողների առանձին (ընդ որում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին (...):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան (...):

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին: Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ (տե՛ս նաև Մարգարիտ Հովհաննիսյանն ընդդեմ Արթուր Թորոսյանի թիվ ԵԱԴԴ/1513/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

Վկայակոչված հոդվածներով նախատեսված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ ծնողները ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են դաստիարակել իրենց երեխային, ինչպես նաև պատասխանատվություն են կրում իրենց երեխայի դաստիարակության և զարգացման համար: Ընդ որում, երեխաների դաստիարակության հարցում ծնողների իրավունքներն ու պարտականությունները հավասար են: Երեխայից առանձին ապրող ծնողը ևս իրավունք ունի շփվելու իր երեխայի հետ և մասնակցելու նրա դաստիարակությանը, իսկ այն ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը չի վնասում երեխայի ֆիզիկական ու հոգեկան վիճակին, նրա բարոյական զարգացմանը: Ավելին, երեխան, իր հերթին, ունի իր ծնողների հետ շփվելու իրավունք, իսկ ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու հանգամանքը չի կարող խոչընդոտել այդ իրավունքի պատշաճ իրականացումը:

Երեխայի դաստիարակությանը մասնակցելու և նրա հետ շփվելու ծնողի իրավունքը բխում է նաև Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված` ընտանեկան կյանքի նկատմամբ յուրաքանչյուրի հարգանքի իրավունքի էությունից, որի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից երեխայի և ծնողների` միմյանց հետ շփվելու իրավունքն ընտանեկան կյանքի հիմնարար տարրերից մեկն է (տե՛ս Eriksson v. Sweden գործով Եվրոպական դատարանի 22.06.1989 թվականի վճիռը, 58-րդ կետ): Ավելին, ըստ Եվրոպական դատարանի` բնականոն ընտանեկան հարաբերությունները չեն դադարում ծնողներից մեկի առանձնանալու կամ նրանց ամուսնալուծվելու դեպքում, անգամ եթե դրա արդյունքում երեխան դադարում է բնակվել ծնողներից մեկի հետ (տե՛ս Mustafa and Armagan Akin v. Turkey գործով Եվրոպական դատարանի 06.04.2010 թվականի վճիռը, 19-րդ կետ):

Բացի այդ, Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտպանության ներքո է գտնվում նաև ծնողի` իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքը, և անդամ պետությունները պոզիտիվ պարտականություն են կրում օժանդակելու այդ վերամիավորմանը: Ընդ որում, պետության վերոհիշյալ պոզիտիվ պարտականությունը տարածվում է նաև երեխայի հետ շփվելու և բնակության վայրի վերաբերյալ ծնողների և (կամ) երեխայի ընտանիքի այլ անդամների միջև ծագած վեճերի վրա (տե՛ս Gluhakovic v. Croatia գործով Եվրոպական դատարանի 12.04.2011 թվականի վճիռը, 56-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ծնողական իրավունքները, այդ թվում նաև` երեխայից առանձին ապրող ծնողի կողմից իր երեխայի հետ անմիջականորեն շփվելու իրավունքը, չեն կարող իրականացվել երեխայի շահերին հակառակ. դրանց իրականացումը չպետք է վնասի երեխայի շահերին: Փաստորեն, երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման վերաբերյալ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է հաշվի առնի երեխայի լավագույն շահերը` հիմք ընդունելով այն հանգամանքը, թե դատարանի կողմից քննվող վեճը լուծելիս կիրառվող միջոցն ինչպիսի ազդեցություն կունենա երեխայի շահերի վրա, մասնավորապես` նրա հոգեկան, հոգևոր ու բարոյական զարգացման և դաստիարակության վրա:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ ևս արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը (տե՛ս Անի Մարտիրոսյանն ընդդեմ Գուրգեն Խալաթյանի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

Անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը` Եվրոպական դատարանը ևս արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեն երեխայի լավագույն շահերը, որոնց գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս C. v. Finland գործով Եվրոպական դատարանի 09.05.2006 թվականի վճիռը, 52-րդ կետ, գանգատ թիվ 18249/02):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածն արգելում է ծնողի շահերից ելնելով թույլատրել նրան կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կվնասեն երեխայի առողջությանն ու զարգացմանը (տե՛ս Johansen v. Norway գործով Եվրոպական դատարանի 07.08.1996 թվականի վճիռը, 78-րդ կետ):

Վերոնշյալ իրավական վերլուծություններից բխում է, որ երեխայի` ծնողներից մեկից կամ երկուսից առանձին բնակվելը, ծնողների ամուսնալուծված լինելը կամ արտասահմանում բնակվելը չպետք է խոչընդոտ հանդիսանան ծնողների հետ կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու երեխայի իրավունքի, ինչպես նաև երեխայից առանձին ապրող ծնողի` իր երեխայի հետ անմիջականորեն շփվելու իրավունքի իրականացման համար, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին: Ավելին, ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխայի իրավունքներին ու լավագույն շահերին հակառակ, և երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման վերաբերյալ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հաստատելով ողջամիտ հավասարակշռություն ծնողի իրավունքների և երեխայի լավագույն շահերի միջև:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երեխայից առանձին բնակվող ծնողի ծնողական իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև տվյալ ծնողին առնչվող ուշադրության արժանի հանգամանքները, եթե դրանք հաշվի առնելը չի հակասում երեխայի լավագույն շահերին:

Համանման դիրքորոշում է արտահայտել նաև Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում: Մասնավորապես` Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում է արձանագրել այն դեպքում, երբ տեսակցության կարգ սահմանելիս հաշվի չի առնվել ամուսնալուծված և երեխայից առանձին բնակվող հոր ուշադրության արժանի այնպիսի անձնական հանգամանքը, ինչպիսին է վերջինիս աշխատանքային գրաֆիկը, որը խոչընդոտել է ըստ սահմանված տեսակցության կարգի երեխայի հետ շփվելուն և հորը զրկել է իր երեխային արդյունավետ տեսակցելու հնարավորությունից (տե՛ս Gluhakovic v. Croatia գործով Եվրոպական դատարանի 12.04.2011 թվականի վճիռը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Հայաստանի Հանրապետության ներպետական ընտանեկան օրենսդրությամբ, թե՛ միջազգային իրավական ակտերում «երեխայի լավագույն շահ» հասկացության բովանդակությունը հստակեցված չէ. նշված հասկացության բովանդակությունը ենթակա է բացահայտման իրավակիրառ (հատկապես` դատական) պրակտիկայի շրջանակներում:

Այսպես` Եվրոպական դատարանն անդրադարձել է օրենսդրական ձևակերպումներին ուղղված իրավական որոշակիության սկզբունքից բխող պահանջներին և դիրքորոշում արտահայտել առ այն, որ օրենքներում քիչ թե շատ անորոշ տերմինների առկայությունն անխուսափելի է, քանի որ դրա միջոցով ապահովվում է իրավունքի ճկունությունն ու ունակությունը` հետևելու փոփոխվող հանգամանքներին: Հետևաբար որոշակիության պահանջը բացարձակ չէ, և օրենքներում առկա որոշ եզրույթների մեկնաբանումն ու կիրառումը դատական պրակտիկայի խնդիրն է (տե՛ս The Sunday Times v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, 49-րդ կետ):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ գտել է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել, և դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև` դատական պրակտիկայում: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք է: Ընդ որում, նշված հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:

Բացի այդ, համաձայն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` երեխայի լավագույն շահը չի կարող որոշվել ընդհանուր բնույթի իրավական դատողությունների միջոցով և կախված է յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքներից` հիմք ընդունելով երեխայի շահերի առաջնայնությունը (տե՛ս Schneider v. Germany գործով Եվրոպական դատարանի 15.09.2011 թվականի վճիռը, 100-րդ կետ):

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «երեխայի շահ» կամ «երեխայի լավագույն շահեր» հասկացություններն իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվեն ու կիրառվեն հետևյալ երեք իմաստներով.

1) որպես երեխայի իրավունք. երեխան ունի իր լավագույն շահերի բացահայտման և դրանց առաջնային նշանակության տրամադրման իրավունք այն դեպքում, երբ իրավասու մարմնի կողմից կայացվող որոշումն առնչվում է երեխայի և այլ անձանց իրավունքներին ու շահերին, և առկա է դրանց հավասարակշռման անհրաժեշտություն,

2) որպես իրավական-մեկնաբանողական սկզբունք. երեխայի իրավական վիճակին առնչվող տարբեր մեկնաբանությունների և ընկալումների տեղիք տվող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի և կիրառվի` ելնելով երեխայի լավագույն շահերի առավել ապահովման նկատառումից,

3) որպես ընթացակարգային կարգավորման կանոն. երեխային առնչվող որոշումների ընդունման ընթացքում պետք է բացահայտվի նաև երեխայի իրավունքների և շահերի վրա այդ որոշման հնարավոր ազդեցությունը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով երեխայից առանձին ապրող ծնողի` իր երեխայի հետ շփվելու իրավունքի բաղադրատարր հանդիսացող` երեխայի հետ տեսակցելու իրավունքի իրականացման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ երեխայի մոր ներկայությամբ տեսակցության կարգ սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել, inter alia, երեխայի տարիքը, մշտական խնամքի տակ գտնվելու անհրաժեշտությունը, առողջական այնպիսի խնդիրների առկայությունը, որոնք խոչընդոտում են առանց մոր ներկայության երեխայի հետ հոր շփմանը (տե՛ս Էդգար Ամրոյանն ընդդեմ Քրիստինա Գաբունիայի թիվ ԵՇԴ/0990/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):

Փաստորեն, մոր ներկայությամբ երեխայի հետ շփվելու և նրա դաստիարակությանը մասնակցելու համար տեսակցության կարգ սահմանելիս երեխայի լավագույն շահերի բացահայտման համար դատարանը պետք է հիմք ընդունի, inter alia, հետևյալ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը.

- երեխայի տարիքը,

- երեխայի` իր հետ բնակվող ծնողի մշտական խնամքի տակ գտնվելու անհրաժեշտությունը.

- առողջական այնպիսի խնդիրների առկայությունը, որոնք խոչընդոտում են առանց երեխայի հետ բնակվող ծնողի ներկայության մյուսի ծնողի և երեխայի շփմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատարանների կողմից երեխայի լավագույն շահերի բացահայտման գործում կարևոր նշանակություն ունի երեխայի դաստիարակության վերաբերյալ գործերով խնամակալության և հոգաբարձության մարմնին դատավարությանը մասնակից դարձնելը: Նշված մարմնի վրա ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով դրված է երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն անցկացնելու պարտականություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը: Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է նաև հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը ներկայացնել դատարան: Թեև խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը դատարանի համար կրում է մասնագիտական-խորհրդատվական բնույթ, և դատարանն այն պարտավոր է գնահատել գործում առկա այլ ապացույցների հետ համակցության մեջ, այնուամենայնիվ, նմանատիպ գործերով վերոնշյալ եզրակացության առկայությունը պարտադիր է, քանի որ դրանում արտահայտված փաստարկները գործում առկա մյուս ապացույցների հետ համադրության արդյունքում դատարանին հնարավորություն են ընձեռում կոնկրետ գործով պարզելու երեխայի լավագույն շահը: Այնուամենայնիվ, դատարանը չպետք է սահմանափակվի միայն խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության մեջ նշված դրույթները կրկնելով, այլ պետք է հավաստիանա դրանց հիմնավորվածության մեջ և այն համեմատի գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, որից հետո միայն, հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը, որոշի գործի ելքը:

Վերոհիշյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ երեխայի դաստիարակության հետ կապված յուրաքանչյուր գործ քննելիս դատարանը պետք է բացահայտի երեխայի լավագույն շահերը, մասնավորապես` դատարանը, գործին մասնակից դարձնելով խնամակալության և հոգաբարձության մարմնին, պետք է հավաստիանա երեխայի դաստիարակությանը հավակնող անձի կյանքի հետազոտության արդյունքում կայացված եզրակացության հիմնավորվածության մեջ, ապա այն համեմատի գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, որից հետո միայն, հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը, որոշի, թե ծնողական իրավունքների իրականացման ինչպիսի միջոց պետք է սահմանվի: Այլ կերպ ասած` դատարանը չի կարող ընդհանուր իրավական դատողությունների միջոցով բացահայտել երեխայի լավագույն շահերն ու սահմանվող միջոցի ազդեցությունը դրանց վրա, այլ պետք է յուրաքանչյուր գործով հավասարակշռի ծնողի իրավունքներն ու անձնական հանգամանքները և երեխայի լավագույն շահերը, մասնավորապես` պարզի, թե արդյոք ծնողական իրավունքի իրականացման սահմանվող եղանակը բացասական ազդեցություն կունենա երեխայի հոգեկան, հոգևոր ու բարոյական զարգացման և դաստիարակության վրա, թե` ոչ:

2. Անդրադառնալով երկրորդ հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վեճն ըստ էության լուծելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` որոշման եզրափակիչ մասը պետք է պարունակի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը, վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետևանքը:

Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշմամբ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ներպետական իրավունքի նորմերը պետք է լինեն բավարար չափով հասանելի, հստակ և կանխատեսելի իրենց կիրառման մեջ (տե՛ս Broniowski v. Poland գործով Եվրոպական դատարանի 22.06.2004 թվականի վճիռը, 147-րդ կետ): Բացի այդ, համաձայն Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների` օրենսդրական նորմերը պետք է կիրառվեն ողջամիտ հստակությամբ և կապակցվածությամբ, որպեսզի հնարավոր լինի որքան հնարավոր է խուսափել իրավական անորոշություններից և երկիմաստություններից: Եվրոպական դատարանն ընդգծել է նաև պետությունների բարձրագույն դատական ատյանների դերն իրավական անորոշությունը հնարավորինս հաղթահարելու հարցում (տե՛ս Beian v. Romania գործով Եվրոպական դատարանի 06.12.2007 թվականի վճիռը, 33-րդ և 39-րդ կետեր):

Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ անդամ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն թե՛ օրենսդրական, թե՛ վարչական և թե՛ դատական գործունեության արդյունք հանդիսացող իրավական անորոշություններից խուսափելու համար: Փաստորեն, իրավական որոշակիության սկզբունքը պահանջում է ոչ միայն օրենսդրական ձևակերպումների, այլև դատարանների կայացրած որոշումների հստակություն և կանխատեսելիություն: Ընդ որում, դատական ակտերը պետք է ուղղված լինեն օրենսդրական անհստակությունների վերացմանը և չպետք է պարունակեն անհասկանալի և անորոշ եզրահանգումներ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական ակտի որոշակիության խնդրին, արտահայտել է դիրքորոշում առ այն, որ դատական ակտը պետք է լինի որոշակի. այն պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որ դատավարության մասնակիցների համար ակնառու և ակնհայտ լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում, իրենց որ իրավունքն է սահմանափակվում, իրենց ինչ իրավունքից են զրկում կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում (տե՛ս Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերին ներկայացվող իրավական որոշակիության պահանջը, ի թիվս այլ հանգամանքների, ենթադրում է, որ տվյալ դատական ակտը պետք է գործով ներկայացված բոլոր պահանջներին տա այնպիսի պատասխան, որը բացառում է կողմերի հարաբերություններում անորոշությունը, ինչպես նաև դատական ակտը կողմերի հայեցողությամբ տարբեր եղանակներով կատարելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Դատարանը բավարարել է Անի Սարգսյանի հայցը և Մարիամ Փերոյանի բնակության վայր է սահմանել մոր` Անի Սարգսյանի բնակության վայրը: Միաժամանակ Դատարանը մասնակիորեն բավարարել է նաև Արմեն Փերոյանի հակընդդեմ հայցը և սահմանել է վերջինիս կողմից իր երեխայի հետ շփվելու և նրա դաստիարակությանը մասնակցելու համար տեսակցության կարգ` «յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, և կիրակի օրը` ժամը 10:00-ից մինչև 20:00-ն` սկզբնական շրջանում երեխայի մոր ներկայությամբ»:

Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարելով Արմեն Փերոյանի վերաքննիչ բողոքը և մասնակիորեն` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու մասով, բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը` սահմանել է Արմեն Փերոյանի կողմից իր երեխայի հետ շփվելու և նրա դաստիարակությանը մասնակցելու համար տեսակցության նոր կարգ` «յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ և շաբաթ օրերին` ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, և կիրակի օրը` ժամը 10:00-ից մինչև 20:00-ն` սկզբնական շրջանում երեխայի մոր ներկայությամբ»: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը գտել է, որ առանց գիշերակացի և «սկզբնական շրջանում» մոր ներկայությամբ տեսակցության վերոգրյալ կարգը բխում է երեխայի լավագույն շահերից:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետյալը.

Սույն գործով ստորադաս դատարանները սահմանել են Արմեն Փերոյանի և վերջինիս երեխայի` Մարիամ Փերոյանի տեսակցության կարգ` առանց գիշերակացի և «սկզբնական շրջանում» երեխայի մոր ներկայությամբ: Մինչդեռ ստորադաս դատարանները չեն պատճառաբանել, թե տեսակցության նման կարգ սահմանելը որքանով է համապատասխանում երեխայի լավագույն շահերին: Մասնավորապես` սույն գործով ստորադաս դատարանները չեն պարզել, թե Արմեն Փերոյանի կողմից իր երեխային առանց գիշերակացի կամ «սկզբնական շրջանում» երեխայի մոր ներկայությամբ տեսակցելն ինչպես է հարաբերակցվում երեխայի` Մարիամ Փերոյանի լավագույն շահերի բացահայտման և իրացման իրավական անհրաժեշտության հետ: Մինչդեռ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից բխում է, որ ինչպես երեխան, այնպես էլ նրանից առանձին ապրող ծնողն ունեն միմյանց հետ արդյունավետ շփվելու իրավունք, և ծնողի այդ իրավունքը կարող է սահմանափակվել այն դեպքում, երբ դրա իրականացումը հակասում է երեխայի լավագույն շահերին: Երեխայի լավագույն շահը չի կարող որոշվել ընդհանուր բնույթի իրավական եզրահանգումների արդյունքում և պետք է հիմնվի կոնկրետ գործի հանգամանքների վրա` ծնողական իրավունքների և երեխայի շահերի միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու նպատակով:

Սույն գործով Դատարանը տեսակցության կարգ սահմանելիս հիմք է ընդունել Հանձնաժողովի 11.04.2015 թվականի եզրակացությունը և իր վճռի եզրափակիչ մասում ամբողջությամբ կրկնել է այդ եզրակացությամբ առաջարկվող տեսակցության կարգը: Մինչդեռ քննարկվող եզրակացության մեջ ևս չի հիմնավորվել տեսակցության առաջարկվող կարգի նպատակահարմարությունը կամ դրա համապատասխանությունը երեխայի լավագույն շահերին, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև երեխայի դաստիարակության հետ կապված գործերով խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության առկայությունը պարտադիր է, այնուամենայնիվ, դատարանը չպետք է սահմանափակվի միայն խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության մեջ նշված դրույթները կրկնելով, այլ պետք է հավաստիանա դրանց հիմնավորվածության մեջ և այն համեմատի գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, որից հետո միայն, հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը, որոշի ներկայացված հայցապահանջների մերժման կամ բավարարման հարցը:

Տվյալ դեպքում, հիմնվելով միայն Հանձնաժողովի եզրակացության վրա, Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով է հաստատված համարել այն հանգամանքը, որ առանց մոր ներկայության կամ գիշերակացով տեսակցության կարգ սահմանելը չի բխում երեխայի լավագույն շահերից: Վերաքննիչ դատարանը չի պարզել սույն գործով երեխայի լավագույն շահերի գնահատման չափանիշ հանդիսացող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են երեխայի մոտ առանց մոր ներկայության հոր հետ շփվելուն խոչընդոտող առողջական խնդիրների առկայությունը, հոր հետ կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և կապեր պահպանած լինելու հանգամանքը, երեխայի տարիքը, հոր` երեխայի դաստիարակությանը մասնակցելու համար բավարար միջոցներ և ցանկություն ունենալու հանգամանքը, ինչպես նաև ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չեն բավարար ապացույցներ, որոնք կարող են հաստատել Արմեն Փերոյանի կողմից իր երեխային առանց գիշերակացի կամ «սկզբնական շրջանում» երեխայի մոր ներկայությամբ տեսակցելու անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը` ելնելով երեխայի լավագույն շահերից:

Ինչ վերաբերում է թե՛ Դատարանի վճռում և թե՛ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ տեղ գտած «սկզբնական շրջանում մոր ներկայությամբ» արտահայտությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի եզրափակիչ մասում նման անորոշ վերապահում կատարելը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ դրա բովանդակությունից դատավարության մասնակիցների համար չի կարող պարզ լինել մոր ներկայությամբ սահմանված տեսակցության կարգի հստակ ժամանակահատվածը: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերում տեղ գտած վերոգրյալ արտահայտությունը կողմերի հարաբերություններում ստեղծում է անորոշություն, ինչպես նաև դատական ակտը կողմերի հայեցողությամբ տարբեր եղանակներով կատարելու հնարավորություն: Հետևաբար վերոգրյալ պատճառաբանությունների համատեքստում Դատարանի վճիռը և Վերաքննիչ դատարանի որոշումը չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները չեն բացահայտել Մարիամ Փերոյանի լավագույն շահերն ու վերջինիս և իրենից առանձին ապրող հոր` առանց մոր ներկայության կամ գիշերակացով տեսակցության կարգի հնարավոր ազդեցությունը երեխայի լավագույն շահերի վրա: Բացի այդ, սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործը նոր քննության է ուղարկվում միայն երեխայի տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին Արմեն Փերոյանի հակընդդեմ հայցի մասով, քանի որ սույն գործով Դատարանի վճիռը` վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` վճռաբեկության կարգով, բողոքարկվել են միայն այդ մասով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը, ենթակա են լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2015 թվականի որոշումը և գործը` ըստ հակընդդեմ հայցի Արմեն Փերոյանի ընդդեմ Անի Սարգսյանի` երեխայի տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասով, ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. ԽունդկարյանԱԱՀ
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ԵԱՆԴ/4073/02/14
Որոշում