Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՎԻՃԱՐԿՎՈՂ ՎԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/7837/05/13

    դատարանի որոշում                       2016թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7837/05/13

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ռ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.04.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ավետիք Նիկողոսյանի ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով), երրորդ անձինք ՀՀ քաղաքաշինության նախարարության, Սոֆյա Համազասպի Նիկողոսյանի, Արմեն Նիկողոսյանի, Երանուհի Նիկողոսյանի, Սոֆյա Արմենի Նիկողոսյանի և Սոնյա Նիկողոսյանի` 13.03.2013 թվականի միջամտող վարչական ակտը մասնակի անվավեր ճանաչելու և գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ավետիք Նիկողոսյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Հանձնաժողովի 13.03.2013 թվականի վարչական ակտը և պարտավորեցնել Հանձնաժողովին կատարելու որոշակի գործողություններ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 01.07.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.04.2015 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.07.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ավետիք Նիկողոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 2-րդ կետի 6.1-րդ ենթակետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ, 146-րդ, 151-րդ, 152-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով ստորադաս դատարանները չեն պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, չեն պատճառաբանել դատական ակտերը, ինչպես նաև դատական ակտերի մեջ չեն պատճառաբանել դատարանների համոզմունքի ձևավորումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հանձնաժողովի կողմից 13.03.2013 թվականին որոշում կայացնելու պահին առկա է եղել «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից 17.06.2010 թվականին տրված եզրակացությունը, որի համաձայն` տան տեխնիկական վիճակն ընդհանուր առմամբ գնահատվել է անբավարար, վնասվածության մակարդակը դասվել է 3-րդ աստիճանի, և տունը ենթակա է ուժեղացման ու հիմնանորոգման, ինչպես նաև 25.12.2012 թվականին տրված եզրակացությունը, որի համաձայն` բնակելի տան ներքին լայնական մեկ պատում նոր ինքնակամ բացվածք իրականացնելու նպատակով կա կազմատված տեղամաս, որը գտնվում է բարձիթողի վիճակում: Նշված եզրակացություններն էլ հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից 13.03.2013 թվականի որոշման կայացման համար, հետևաբար Հանձնաժողովը որևէ խախտում թույլ չի տվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.04.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը չի նախատեսում բնակարանի քանդված չլինելու հիմքով մերժելու հնարավորություն, ուստի նման հիմքով միջամտող վարչական ակտ կայացնելը կհանդիսանա ոչ իրավաչափ վարչական ակտ և ենթակա կլինի վերացման:

Ինչ վերաբերում է գործում առկա ապացույցների գնահատմանը և պատճառաբանված որոշում կայացնելու հիմնահարցին, ապա ստորադաս դատարանները պատշաճ գնահատման են ենթարկել գործում առկա բոլոր ապացույցները, և ընդունված դատական ակտերն առավել քան հիմնավորված և պատճառաբանված են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Հանձնաժողովի` 23.02.2011 թվականին ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում կայացած արտագնա նիստի թիվ 2 արձանագրությունից քաղվածքի համաձայն` որոշվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Լեռնանցք համայնքում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում չընդգրկել Ավետիք Նիկողոսյանի ընտանիքին:

Նույն քաղվածքում, որպես ծրագրում Ավետիք Նիկողոսյանի ընտանիքին չընդգրկելու պատճառ, նշվել է, որ «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից 17.06.2010 թվականին տրված եզրակացության համաձայն` չնայած տան կրող կոնստրուկցիաներում կան 4-րդ աստիճանի առանձին հատկանշական վնասվածքներ` տան վնասվածության մակարդակը գնահատվել է 3-րդ աստիճանի, տունը ենթակա է ուժեղացման և հիմնանորոգման (հատոր 1-ին, գ.թ 54).

2. Հանձնաժողովի 13.03.2013 թվականի նիստի թիվ 1 արձանագրությունից քաղվածքի համաձայն` հայցվոր Ավետիք Նիկողոսյանը 27.12.2012 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարություն դիմումին կից ներկայացրել է «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից իր բնակելի տան տեխնիկական վիճակի հետազննության արդյունքներով 25.12.2012 թվականին տրված եզրակացությունը` խնդրելով ևս մեկ անգամ քննարկել ՀՀ Լոռու մարզի Լեռնանցք համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում իր ընտանիքին ընդգրկելու հարցը: Հանձնաժողովը որոշել է անփոփոխ թողնել Հանձնաժողովի 23.02.2011 թվականի որոշումը (հատոր 1-ին, գ.թ 55-57).

3. «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի 17.06.2010 թվականի` «ՀՀ Լոռու մարզի Լեռնանցք գյուղի բնակիչ Ավետիք Նիկողոսյանի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ» եզրակացության համաձայն` չնայած տան կրող կոնստրուկցիաներում կան 4-րդ աստիճանի առանձին հատկանշական վնասվածքներ` տան տեխնիկական վիճակն ընդհանուր առմամբ գնահատվում է անբավարար, իսկ վնասվածության մակարդակը դասվում է 3-րդ աստիճանի: Տունը ենթակա է ուժեղացման և հիմնանորոգման (հատոր 1-ին, գ.թ 58).

4. «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի 25.12.2012 թվականի «ՀՀ Լոռու մարզի Լեռնանցք գյուղի բնակիչ Ավետիք Նիկողոսյանի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ» եզրակացության համաձայն` տան տեխնիկական վիճակն ընդհանուր առմամբ գնահատվում է խիստ անբավարար ու վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը, ըստ գործող շինարարական նորմերի և մեթոդական ցուցումների չափորոշիչների, դասվում է 4-րդ աստիճանի: Տունը ենթակա է ապամոնտաժման (հատոր 1-ին, գ.թ 65):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` անբողոքարկելի վարչական ակտի վերանայման համար վերսկսված վարչական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` արդյո՞ք դատարանը կարող է անդրադառնալ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատմանը առանց պարզելու վիճարկվող վարչական ակտի բնույթը, և արդյո՞ք վարչական ակտի իրավաչափության գնահատման հիմքերը նույնն են` անկախ դրա բնույթից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա պարտավոր է որոշում ընդունել բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, եթե`

ա) վարչական ակտ ընդունելուց հետո դրա հիմքում դրված փաստական հանգամանքները կամ ակտի հասցեատիրոջ կարգավիճակը փոփոխվել են հօգուտ այն անձի, որը վարույթը վերսկսելու հարցով դիմում է ներկայացրել.

բ) առկա են նոր ապացույցներ, որոնք կարող են հանգեցնել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձի համար ավելի բարենպաստ որոշում ընդունելուն.

գ) ի հայտ են եկել տվյալ գործի համար էական նշանակություն ունեցող այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձանց, կամ թեև հայտնի են եղել նրանց, սակայն այդ անձանցից անկախ հանգամանքներով չեն ներկայացվել վարչական ակտն ընդունող վարչական մարմին.

դ) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

Նույն մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է: Դրա ընթացքում կիրառվում են վարչական վարույթի իրականացման` նույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ բացահայտել է վարչական վարույթի վերսկսման ինստիտուտի բովանդակությունը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված` այդ ինստիտուտի իրավակարգավորման հիմնական տարրերի միջոցով:

Վերոնշյալ հոդվածի իրավակարգավորման հիմնական տարրերն են.

- վարույթը վերսկսվում է նշված հոդվածով և/կամ այլ օրենքներով նախատեսված` վարույթը վերսկսելու հիմքերի առկայության դեպքում,

- վարույթը վերսկսելու ինստիտուտը կիրառելի է վարչական ակտի ընդունմամբ արդեն իսկ ավարտված վարչական վարույթի նկատմամբ,

- վարույթը վերսկսելու արդյունքում վերանայվում է` փոփոխվում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչվում վարչական ակտը,

- վարույթը վերսկսելու ինստիտուտը կիրառելի է միայն բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտերի առնչությամբ, և այդ ինստիտուտի կիրառմամբ կարող է վերանայվել միայն բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը:

i

Հիմք ընդունելով վարչական վարույթը վերսկսելու իրավակարգավորման վերոհիշյալ տարրերը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական վարույթի վերսկսումն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում վարչական ակտի ընդունմամբ արդեն իսկ ավարտված վարչական վարույթի վերաբացումն է, նորոգումն է, որի արդյունքում փոփոխվում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչվում բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը (տե՛ս «Ռուբեն Գևորգյան» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության թիվ ՎԴ2/0302/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն` անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում` զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

i

Վկայակոչված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի ուժով կարող է բողոքարկվել վարչական կարգով: Այդ դեպքում վարչական վարույթը, ի տարբերություն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված` վարույթի վերսկսմանը, ոչ թե նորոգվում է, այլ վարչական մարմինը, իրացնելով իր վերահսկողական լիազորությունը, ստուգում է վարչարարության օրինականությունը, որի արդյունքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ և 77-րդ հոդվածների կիրառմամբ իրավասու է հաստատել, վերացնել կամ փոփոխել բողոքարկված վարչական ակտը կամ ռեալ ակտը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն բողոքարկման վարույթի, որի միջոցով ստուգվում է վարչարարության օրինականությունը, վերսկսման վարույթը նպատակ է հետապնդում ոչ թե վերստուգել վարչարարության օրինականությունը, այլ օրենքով նախատեսված հիմքերի դեպքում վերաբացել վարչական վարույթը` գնահատման առարկա դարձնելով այն հանգամանքները, որոնք առկա չեն եղել վարչական վարույթի ընթացքում և չէին կարող վարչական մարմնի կողմից հաշվի առնվել:

Այն, որ վերսկսման վարույթը չի հետապնդում վարչարարության օրինականությունը ստուգելու նպատակ, բխում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածից, որի համաձայն` վերսկսման վարույթի դեպքում վարչական մարմինը որոշում է ընդունում այլևս բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտի վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոնշյալ թիվ ՎԴ2/0302/05/12 գործով կայացված որոշմամբ բացահայտել է «բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտեր» հասկացությունը, նշելով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածում «բողոքարկման ոչ ենթակա ակտեր» ձևակերպումը վերաբերում է այն վարչական ակտերին, որոնք օրենքով սահմանված ժամկետում չեն բողոքարկվել ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով, ինչը նշանակում է, որ նշված դրույթը կիրառելի չէ այն դեպքերի վրա, երբ տվյալ վարչական ակտի իրավաչափությունը վիճարկվել է դատական կարգով, և առկա է դրա իրավաչափությունը գնահատող վերջնական դատական ակտ:

Այսպես, վերսկսման վարույթի դեպքում չի քննվում հիմնական վարչական ակտի իրավաչափությունը, քանի որ եթե անձը չի բողոքարկել վարչական ակտը, այսինքն` այն դարձել է անբողոքարկելի, ուստի նա այլևս չի կարող դրա իրավաչափությունը վիճարկել, այլ միայն կարող է վարչական վարույթի վերսկսման բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պահանջել անբողոքարկելի վարչական ակտի վերանայում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված վարչական վարույթի վերսկսման հիմքերի վերլուծությունից բխում է, որ դրանք այնպիսի հանգամանքներ են կամ ապացույցներ, որոնք կա՛մ առաջացել են վարչական ակտի ընդունումից հետո, կա՛մ առաջացել են վարչական վարույթի ընթացքում, սակայն հայտնի չեն եղել կամ չէին կարող հայտնի լինել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձանց: ՈՒստի վարչական վարույթը վերսկսելու կամ բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը վերանայելու պահանջ ներկայացվելու դեպքում վարչական մարմինը ոչ թե քննում է վարչական ակտի իրավաչափության հարցը, այլ պարզում է դիմող անձի կողմից վկայակոչված վարչական վարույթը վերսկսելու հիմքերի առկայությունը և դրանց ազդեցությունը կայացված վարչական ակտի վրա:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերանայման արդյունքում կայացվելիք որոշման բովանդակությունը պայմանավորված է ոչ թե վարչական մարմնի հայեցողական լիազորությամբ, այլ բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտի վերանայման համար հիմք հանդիսացած հանգամանքի` այդ ակտի վրա ունեցած ազդեցությամբ:

Այսպիսով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի բովանդակությունից բխում է այն իրողությունը, որ վարչական մարմիններն իրավասու են ընդունելու նույն օրենքի 51-րդ, 53-րդ և 76-րդ հոդվածներով նախատեսված վարչական ակտերից որևէ մեկը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելու ժամանակահատվածում գործել է 28.11.2007 թվականին ընդունված, 01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, իսկ գործի քննությունն իրականացվել է 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

Նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հիմքով, ի թիվս այլնի, հայցադիմումին կցվում են նաև վիճարկվող ակտը կամ դրա պատճենը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, ի թիվս այլնի, հայցադիմումին կցում են վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցի առարկան ընդհանուր առմամբ թե՛ նախկինում և թե՛ ներկայումս միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է, հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը: Հետևաբար վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննությունն իրականացնելիս դատարանը պետք է պարզի հայցի առարկայի նյութական հիմքը, այսինքն` վիճարկվող վարչական ակտի բնույթը, մասնավորապես այն, թե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ, 53-րդ և 76-րդ հոդվածներով նախատեսված վարչական ակտերից որն է վիճարկվում հայցվորի կողմից:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հարցի պարզումը էական նշանակություն ունի վիճարկման հայցի քննության համար, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ, 53-րդ և 76-րդ հոդվածներից յուրաքանչյուրով նախատեսված վարչական ակտի իրավական հիմքերը տարբեր են, հետևաբար դրանցից յուրաքանչյուրի իրավաչափությունը գնահատելու համար անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ վիճարկվող վարչական ակտի բնույթի մասին: Այսպես, եթե հիմնական վարչական ակտի («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով նախատեսված) դատական կարգով վիճարկման դեպքում ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա, իսկ բողոքարկման վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի (»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված) վիճարկման դեպքում ստուգվում է վարչարարության օրինականության նկատմամբ վերադաս վարչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության իրավաչափությունը, ապա վարչական վարույթի վերսկսման արդյունքում ընդունված վարչական ակտի (»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված) վիճարկման դեպքում ստուգվում է անբողոքարկելի վարչական ակտի վերանայման համար վարչական վարույթի վերսկսման օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը և վարչական մարմնի կողմից այդ հիմքի կիրառման և դրան համապատասխան որոշման կայացման իրավաչափությունը: Հետևաբար վարչական ակտի բնույթով պայմանավորված` փոխվում են նաև դրա իրավաչափության գնահատման հիմքերը:

Սույն գործի փաստերի համաձայն` Հանձնաժողովի` 23.02.2011 թվականի որոշմամբ «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից 17.06.2010 թվականին տրված եզրակացության հիման վրա աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում Ավետիք Նիկողոսյանի ընտանիքը չի ընդգրկվել: Ավետիք Նիկողոսյանը 27.12.2012 թվականին Հանձնաժողով է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի Լեռնանցք գյուղի բնակիչ Ավետիք Նիկողոսյանի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի 25.12.2012 թվականի եզրակացությունը և խնդրել է ևս մեկ անգամ քննարկել Լեռնանցք համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում իր ընտանիքին դիտարկելու հարցը: Հանձնաժողովի 13.03.2013 թվականի նիստի թիվ 1 արձանագրությունից քաղվածքի համաձայն` որոշվել է Հանձնաժողովի 23.02.2011 թվականի որոշումը թողնել անփոփոխ` այն իրավաչափ լինելու պատճառաբանությամբ:

Սույն գործով Դատարանը, Ավետիք Նիկողոսյանի հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ «Հանձնաժողովի 13.03.2013 թվականի որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 37-րդ հոդվածների պահանջների խախտումներով, քանի որ վարչական մարմինը չի ապահովել տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` անտեսելով վարույթում «Վանսեյսմշին» ՍՊԸ-ի 06.12.2008 թվականի և «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի 25.12.2012 թվականի եզրակացությունները, ինչը հանգեցրել է ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության» կարգի 2-րդ կետի սխալ կիրառմանը` արդյունքում խախտելով նաև 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի դրույթը, որպիսի խախտումները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական հիմքեր են հանդիսանում վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար: Դատարանը գտել է նաև, որ Հանձնաժողովի որոշման վերացման պայմաններում բավարարման է ենթակա նաև Ավետիք Նիկողոսյանի մյուս պահանջը` Հանձնաժողովին գործողություն կատարելուն պարտավորեցնելու մասին, քանի որ վիճարկվող որոշման վերացմամբ պայմանավորված վերանում է նրա ընտանիքի` բնակարանային պայմանների բարելավման համապատասխան ցուցակում չընդգրկվելու խոչընդոտը»:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի նշված եզրահանգումները, մերժել է Նախարարության վերաքննիչ բողոքը` Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործում եղած ապացույցները գնահատելիս չեն անդրադարձել սույն գործով վիճարկվող վարչական ակտի բնույթին, ինչի արդյունքում չի պարզվել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, թե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ, 53-րդ և 76-րդ հոդվածներով նախատեսված վարչական ակտերից կոնկրետ որն է վիճարկման հայցի առարկան: Այնինչ, այդ փաստի պարզումը գործի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու առումով ունի որոշիչ նշանակություն, քանի որ վարչական ակտի բնույթը ճիշտ պարզելու հանգամանքով է պայմանավորված վարչական ակտի իրավաչափության գնահատման հիմքերի ճիշտ ընտրությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հիմնական, բողոքարկման և անբողոքարկելի վարչական ակտի վերանայման (վերսկսման) վարույթների արդյունքում ընդունվում են բովանդակային առումով իրարից տարբերվող վարչական ակտեր: Այսպես, եթե հիմնական վարչական վարույթով ընդունվում է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանող, փոփոխող, վերացնող կամ ճանաչող վարչական ակտ, իսկ բողոքարկման վարույթի արդյունքում` հիմնական վարչական ակտի իրավաչափությունը գնահատող վարչական ակտ, ապա վերսկսման վարույթով օրենքով նախատեսված հիմքերի դեպքում վերաբացվում է վարչական վարույթը, որի արդյունքում ընդունվում է բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ վարչական ակտ` գնահատման առարկա դարձնելով այն հանգամանքները, որոնք առկա չեն եղել վարչական վարույթի ընթացքում և չէին կարող վարչական մարմնի կողմից հաշվի առնվել: Հետևաբար առանց պարզելու այն փաստը, թե վիճարկվող վարչական ակտը կոնկրետ ինչ վարույթի (հիմնական, բողոքարկման, վերանայման) արդյունքում է ընդունվել, հնարավոր չէ անդրադառնալ նաև այդ ակտի իրավաչափության գնահատմանը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները չեն իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով չեն պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի փաստարկն առ այն, որ ստորադաս դատարանների կողմից խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները:

Ստորադաս դատարանների կողմից վերը նշված դատավարական նորմերի խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում և վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկներին հնարավոր չի համարում անդրադառնալ գործի քննության ներկա փուլում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.04.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ՎԴ/7837/05/13
Որոշում