Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/10500/05/13  

    դատարանի որոշում                      2016թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10500/05/13

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ռ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ, Հրաչյա, Եստեր Սիմոնյանների ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանի և Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վեներա և Մհեր Զաքարյանների ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Անահիտ, Հրաչիկ, Մելանյա, Եստեր Սիմոնյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշումը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վեներա և Մհեր Զաքարյանները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշումը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 28.10.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է` Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշումը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ճանաչվել են անվավեր:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.06.2015 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի և Անահիտ, Հրաչիկ, Եստեր Սիմոնյանների վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 28.10.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Անահիտ, Հրաչիկ, Եստեր Սիմոնյանների ներկայացուցիչը և Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Անահիտ, Հրաչիկ, Եստեր Սիմոնյանների ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 27-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է մեկնաբանել «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշումն իրավաչափ վարչական ակտ է, այն չի խախտում Վեներա և Մհեր Զաքարյանների սեփականության իրավունքը, քանի որ վերջիններս Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 75 հասցեում գտնվող և վիճելի որոշման առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ չեն ունեցել որևէ օրինական ակնկալիք:

Ավելին, սույն գործով Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշումը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ճանաչելով անվավեր` ստորադաս դատարանները խախտել են Անահիտ, Հրաչիկ, Մելանյա, Եստեր Սիմոնյանների սեփականության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

i

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ, 63-րդ հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ և 124-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշումն ինչ ծավալով է խախտում Վեներա և Մհեր Զաքարյանների իրավունքներն ու օրինական շահերը, քանի որ Երևանի քաղաքապետի նշված որոշումը չի կարող ամբողջությամբ գնահատվել որպես Վեներա և Մհեր Զաքարյանների իրավունքներին միջամտող վարչական ակտ, ուստիև այն չի կարող ամբողջությամբ վերացվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ, 12.06.2013 թվականին ընդունել է «Երևանի Ազատամարտիկների պողոտայի թիվ 75 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Եստեր Միսակի Սիմոնյանի, Հրաչիկ Միսակի Սիմոնյանի, Անահիտ Միսակի Սիմոնյանի, Մելանյա Միսակի Սիմոնյանի իրավունքները վերականգնելու մասին» թիվ 2923-Ա որոշումը, որի 1-ին կետի համաձայն` Երևանի Ազատամարտիկների պողոտայի թիվ 75 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ վերականգնվել է Եստեր, Հրաչիկ, Անահիտ, Մելանյա Սիմոնյանների սեփականության իրավունքը` բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 405 քմ մակերեսով հողամասին կից 44,65 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 44,65 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 35-36).

2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06092013-01-0230 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 75 բնակելի տան նկատմամբ համայնքի ղեկավարի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշման և այլ փաստաթղթերի հիման վրա 06.09.2013 թվականին կատարվել է Հրաչիկ Սիմոնյանի (9/32), Անահիտ Սիմոնյանի (9/32), Մելանյա Սիմոնյանի (9/32), Եստեր Սիմոնյանի (5/32) սեփականության իրավունքի պետական գրանցում (հատոր 2-րդ, գ.թ. 113).

3. Թիվ ԵԷԴ/1073/02/09 քաղաքացիական գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.02.2013 թվականին կայացված և 31.07.2013 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով Երևան քաղաքի Դիմիտրովի փողոցի թիվ 75 հասցեում գտնվող տան երկու սենյակների և ճանապարհի կողմից նկուղային հարկում գտնվող երեք սենյակների, ինչպես նաև դրանցով ծանրաբեռնված 36,2 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Վեներա Զաքարյանի և Մհեր Զաքարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 20-33).

4. Սույն վարչական գործով 30.05.2014 թվականին իրականացված տեղատեսությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 75 հասցեում գտնվող վիճելի տարածքը (Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշման առարկա հանդիսացող 44,65 քմ մակերեսով հողամասը) ընդգրկված չէ թիվ ԵԷԴ/1073/02/09 քաղաքացիական գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով նշված 36,2 քմ մակերեսով տարածքի մեջ: Ամբողջ տարածքը` մայթով, մուտքով ներառված է վիճելի որոշման մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 93-94):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը խախտելու և դրա արդյունքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջը կարող է արդյոք ամբողջությամբ բավարարվել այն պայմաններում, երբ վիճարկման հայցի հիման վրա հարուցված տվյալ վարչական գործի քննության շրջանակներում չի հիմնավորվել հայցվորի մոտ վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու պահանջով դատարան դիմելու իրավական շահագրգռվածության առկայությունը:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելու ժամանակահատվածում գործել է 28.11.2007 թվականին ընդունված, 01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, իսկ գործով վճիռը կայացվել է 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի գործողության ժամանակահատվածում:

01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով:

01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի գործով ՄԻԵԴ-ի 23.06.1981 թվականի վճիռը, 47-րդ կետ, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների գործով ՄԻԵԴ-ի 23.10.1985 թվականի վճիռը, 32-րդ կետ):

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալու արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Փաստորեն, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ, որպես ընդհանուր կանոն, դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ:

i

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Օրենսդիրը, ինչպես 01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած, այնպես էլ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, նշված օրենսգրքերի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է 01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով և գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը:

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

i

Դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: ՈՒստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են: Ընդ որում, չի կարող անվավեր ճանաչվել այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որը չի կարող խախտել որևէ անձի, Հայաստանի Հանրապետության կամ որևէ համայնքի իրավունք (տե՛ս Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Վեներա և Մհեր Զաքարյանների կողմից ներկայացված հիմնական հայցապահանջով վիճարկվող վարչական ակտը Երևանի քաղաքապետի կողմից 12.06.2013 թվականին ընդունված «Երևանի Ազատամարտիկների պողոտայի հ.75 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Եստեր Միսակի Սիմոնյանի, Հրաչիկ Միսակի Սիմոնյանի, Անահիտ Միսակի Սիմոնյանի, Մելանյա Միսակի Սիմոնյանի իրավունքները վերականգնելու մասին» թիվ 2923-Ա որոշումն է, որի 1-ին կետով վերականգնվել է Երևանի Ազատամարտիկների պողոտայի թիվ 75 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Եստեր, Հրաչիկ, Անահիտ, Մելանյա Սիմոնյանների սեփականության իրավունքը` բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 405 քմ մակերեսով հողամասին կից 44,65 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 44,65 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է նաև, որ վիճարկվող վարչական ակտով խախտվել է Վեներա, Մհեր Զաքարյանների` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված սեփականության իրավունքը, քանի որ նախկինում Վեներա, Մհեր Զաքարյանների և Եստեր, Հրաչիկ, Անահիտ, Մելանյա Սիմոնյանների կողմից ընդհանուր օգտագործվող տարածքների նկատմամբ վերականգնվել է միայն Եստեր, Հրաչիկ, Անահիտ, Մելանյա Սիմոնյանների սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Քաղաքապետարանի և Անահիտ, Հրաչիկ, Եստեր Սիմոնյանների վերաքննիչ բողոքները և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, գտել է, որ «(...) Վեներա, Մհեր Զաքարյաններն արդարացիորեն շահագրգռված են Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշումն անվավեր ճանաչելու մեջ (...)», քանի որ նշված վարչական ակտով կարող էին շոշափվել Վեներա Զաքարյանի և Մհեր Զաքարյանի իրավունքները և օրինական շահերը:

Փաստորեն, սույն գործով թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը հանգել են այն եզրակացության, որ Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշումը խախտում է Վեներա, Մհեր Զաքարյանների իրավունքներն ու ազատությունները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների վերոգրյալ եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:

Մինչդեռ սույն գործով կայացված վերջնական դատական ակտերում ո՛չ Դատարանը, ո՛չ Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չեն պատճառաբանել Վեներա և Մհեր Զաքարյանների` «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը, ինչը պետք է գնահատվեր` հաշվի առնելով սույն գործի հանգամանքները և պարզելով, թե վերջիններս Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջով դատարան դիմելու հարցում ունեն արդյոք իրավական շահագրգռվածություն, թե` ոչ: Մասնավորապես` սույն գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով ստորադաս դատարանները պետք է պարզեին, թե Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշմամբ Երևանի Ազատամարտիկների պողոտայի թիվ 75 հասցեում գտնվող 405 քմ մակերեսով հողամասին կից 44,65 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ Եստեր, Հրաչիկ, Անահիտ, Մելանյա Սիմոնյանների սեփականության իրավունքի վերականգնման հետևանքով ի՞նչ ծավալով են խախտվել կամ ի՞նչ ծավալով կարող էին անմիջականորեն խախտվել Վեներա և Մհեր Զաքարյանների` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված «իրական (ռեալ)» իրավունքները, և ներառյալ`

- վիճարկվող վարչական ակտով ի՞նչ ծավալով են խոչընդոտներ հարուցվել Վեներա և Մհեր Զաքարյանների «իրական (ռեալ)» իրավունքների և ազատությունների իրականացման համար, կամ

- վիճարկվող վարչական ակտով ի՞նչ ծավալով չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ Վեներա և Մհեր Զաքարյանների «իրական (ռեալ)» իրավունքների իրականացման համար:

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելով` Դատարանը պատշաճ կերպով չի բացահայտել այն հանգամանքը, թե վիճարկվող վարչական ակտով Երևանի Ազատամարտիկների պողոտայի թիվ 75 հասցեում գտնվող 44,65 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ Եստեր, Հրաչիկ, Անահիտ, Մելանյա Սիմոնյանների սեփականության իրավունքի վերականգնումն ինչ ծավալով է խախտում թիվ ԵԷԴ/1073/02/09 քաղաքացիական գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված և 31.07.2013 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված Վեներա, Մհեր Զաքարյանների սեփականության իրավունքը, այն պայմաններում, երբ Դատարանը գործի քննության ընթացքում պարզել է, որ վերը նշված վճռով Վեներա, Մհեր Զաքարյանների սեփականությունը ճանաչված հողամասը չի ընդգրկվում (ներառվում) Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշմամբ Եստեր, Հրաչիկ, Անահիտ, Մելանյա Սիմոնյանների սեփականությունը ճանաչված հողամասի սահմաններում:

Փաստորեն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի քննությամբ չի հիմնավորվել Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու վերաբերյալ Վեներա և Մհեր Զաքարյանների հայցը բավարարելու իրավական նախադրյալներից մեկը` վերջիններիս մոտ նշված վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու պահանջով դատարան դիմելու իրավական շահագրգռվածության առկայությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված հարցերը պարզելու միջոցով Վեներա և Մհեր Զաքարյանների մոտ Երևանի քաղաքապետի 12.06.2013 թվականի թիվ 2923-Ա որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով դատարան դիմելու իրավական շահագրգռվածության առկայությունը հաստատելու կամ հերքելու և դրա հիման վրա սույն գործով ներկայացված հիմնական ու ածանցյալ հայցապահանջների բավարարման կամ մերժման հարցը լուծելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Անահիտ, Հրաչյա, Եստեր Սիմոնյանների և Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.06.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ՎԴ/10500/05/13
Որոշում