Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 71...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 71-ՐԴ, 429-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ԵՇԴ/0031/01/13

դատարանի որոշում

Գործ թիվ ԵՇԴ/0031/01/13

Նախագահող դատավոր` Գ. Ավետիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ   Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

                                               Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

                                               Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                               Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

                                               Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

 

                   քարտուղարությամբ            Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

                   մասնակցությամբ

                   դիմողի ներկայացուցիչ        Վ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

 

2016 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման դեմ Քրիստինե Փաշինյանի ներկայացուցիչ Վ. Մնացականյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի փետրվարի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 59100613 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ Քրիստինե Արմենի Փաշինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:

2013 թվականի մարտի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճռով Ք. Փաշինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 1 (մեկ) տարի ժամկետով:

Տուժողի օրինական ներկայացուցիչ Ա. Մուխսիկարոյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:

Դատավճռով վճռվել է նաև Ք. Փաշինյանին պատկանող «Տոյոտա Վիտզ» մակնիշի 95 QU 555 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ:

3. Տուժող Ս. Մուխսիկարոյանի և նրա օրինական ներկայացուցիչ Ա. Մուխսիկարոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հունիսի 10-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունիսի 10-ի որոշումը դատավարության մասնակիցների կողմից չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

5. 2015 թվականի հունիսի 25-ին Ք. Փաշինյանի ներկայացուցիչ Վ. Մնացականյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով լուծել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճռում տեղ գտած անհստակությունը և վերացնել Ք. Փաշինյանին պատկանող «Տոյոտա Վիտզ» մակնիշի 95 QU 555 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը:

Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Ք. Փաշինյանի ներկայացուցիչ Վ. Մնացականյանի դիմումը մերժվել է:

6. Ք. Փաշինյանի ներկայացուցիչ Վ. Մնացականյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հուլիսի 22-ի որոշումը:

7. Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ք. Փաշինյանի ներկայացուցիչ Վ. Մնացականյանը:

Վճռաբեկ դատարանը 2015 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ ներկայացված բողոքը վերադարձրել է` տրամադրելով 15-օրյա ժամկետ` թերությունները վերացնելու, բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու համար:

Ք. Փաշինյանի ներկայացուցիչ Վ. Մնացականյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

8. Ք. Փաշինյանի կողմից 2014 թվականի հուլիսի 10-ին Վ. Մնացականյանին տրված լիազորագրի համաձայն`

«Ես` Քրիստինե Արմենի Փաշինյանս (...) լիազորում եմ փաստաբան Վահե Թովմասի Մնացականյանին (...) լինելու իմ ներկայացուցիչը (...) ՀՀ դատական բոլոր ատյաններում կատարելու դատավարական գործողություններ, այդ թվում ՀՀ քաղաքացիական դատավարության 42-րդ հոդվածով նախատեսվածները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 124):

9. Քրեական գործի նյութերում առկա ՀՀ փաստաբանների պալատի կողմից տրված 2012 թվականի հուլիսի N 1502 արտոնագրի համաձայն` Վահե Մնացականյանը փաստաբան է (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 125):

10. Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճռի եզրափակիչ մասի համաձայն` «(...) Քրիստինե Փաշինյանին պատկանող «Տոյոտա Վիտզ» մակնիշի 95 QU 555 համարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 36):

11. Առաջին ատյանի դատարանը, 2015 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ մերժելով Ք. Փաշինյանի ներկայացուցիչ Վ. Մնացականյանի` դատավճռի անհստակությունները վերացնելու մասին դիմումը, արձանագրել է. «(...) Դատարանում դիմող Վ. Մնացականյանը դիմումը պնդեց և նախագահողի հարցին վկայակոչելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածը հայտնեց, որ փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և նոտարական վավերացման ենթակա չէ: Միաժամանակ հայտնեց, որ Քրիստինե Փաշինյանը բացակայում է հանրապետությունից:

Լսելով դիմողին, ուսումնասիրելով դիմումը և դրա վերաբերյալ դատարանում առկա փաստաթղթերը` դատարանը գտնում է, որ դիմումն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ դիմողի կողմից դատարանին չի ներկայացվել պատշաճ լիազորագիր` տրված գույքի սեփականատիրոջ կամ դրա օրինական տիրապետողի կողմից, նշված քրեական գործի շրջանակներում ներկայացված պահանջով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 141):

12. Վերաքննիչ դատարանն իր 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման մեջ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական և հիմնավոր է:

(...) Առաջին ատյանի դատարանը գտել է, Վերաքննիչ դատարանը ևս գտնում է, որ առանց դիմողի ներկայության և ներկայացուցչի լիազորությունները հավաստելու մասին նրա հայտարարության, փաստաբան Վ. Մնացականյանի կողմից ներկայացված լիազորագրի հասարակ գրավոր ձևը բավարար չէ, հիմք ընդունելու վերջինիս լիազորությունները ճանաչելու համար: Նամանավանդ, որ վերջինս հայտնեց, որ ըստ իրեն` վստահորդը տևական ժամանակ բացակայում է հանրապետությունից:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ լիազորագրում մատնանշված ներկայացուցչի լիազորությունները` տարբեր մարմինների այդ թվում դատարանների հետ փոխհարաբերություններում սահմանափակված են միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված յոթ կետերի շրջանակով:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կամ վստահորդը պետք է դատարանում ներկա գտնվելով հավաստի իր ներկայացուցչի լիազորությունները ճանաչելու մասին կամ նրա բացակայության դեպքում լիազորագրի առկայությունը պետք է հաստատված լինի նոտարական վավերացմամբ:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը, որ Վ. Մնացականյանը դատարան չի ներկայացրել պատշաճ լիազորագիր` տրված գույքի սեփականատիրոջ կամ դրա օրինական տիրապետողի կողմից, քրեական գործի շրջանակներում ներկայացված պահանջով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար:

Հիմնավոր է Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ բերած փաստարկը, որ քրեական դատավարությունում և կոնկրետ նման պահանջով դատարան դիմելու լիազորություն վստահորդը փաստաբան Վ.Մնացականյանին չի տվել: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 42-43):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 14-րդ, 18-րդ, 20-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ, 430-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկների` բողոք բերած անձը նշել է, որ թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարանները իրենց որոշումներում չեն նշել` կոնկրետ որ նորմի պահանջից ելնելով են եկել եզրահանգման, որ փաստաբանը դիմողի շահերը դատարանում ներկայացնելու համար պետք է ունենա կա՛մ դիմողի` դատարանում հայտնած այդպիսի ցանկությունը, կա՛մ նոտարական վավերացմամբ լիազորագիր:

Ըստ բողոք ներկայացրած անձի` անհիմն է ստորադաս դատարանների այն հետևությունը, համաձայն որի` վստահորդը դատարանում ներկա գտնվելով պետք է հավաստի իր ներկայացուցչի լիազորությունները, կամ նրա բացակայության դեպքում փաստաբանին տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի նոտարական վավերացմամբ, քանի որ ՀՀ օրենսդրության որևէ նորմ նման պայմաններ չի ներկայացնում իր խախտված իրավունքները վերականգնելու պահանջով դատարան դիմած անձի համար: Ավելին` ինչ վերաբերում է նոտարական կարգով վավերացման պահանջին, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն` փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

Բողոքաբերը փաստարկել է, որ սույն գործով դատարաններին ներկայացված է եղել դիմող Ք. Փաշինյանի կողմից փաստաբան Վ. Մնացականյանին տրված պատշաճ լիազորագիր: Որպես նշվածը լրացուցիչ հիմնավորելու փաստարկ Վ. Մնացականյանը վկայակոչել է, որ ինքը նույն լիազորագրով ներկայացրել է Ք. Փաշինյանի շահերը նաև դատարանում թիվ ԵՇԴ/2313/02/14 քաղաքացիական գործով:

Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ ստորադաս դատարանների որոշումները հիմնավորված ու պատճառաբանված չեն, և դրանով իսկ թույլ է տրվել դատական սխալ, որը էական ազդեցություն է ունեցել գործի ելքի վրա:

14. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի անհստակությունները լուծելու վարույթում դատապարտյալի պաշտպանի կարգավիճակը հաստատելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ փաստաբան Վ. Մնացականյանը դատարանում իրավասու չէ ներկայացնելու Ք. Փաշինյանի շահերը:

17. ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ. «Յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Մեղադրյալը, որի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն մեղադրական է, կոչվում է դատապարտյալ (...)»:

i

Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ. «Դատապարտյալն իր իրավունքները կարող է իրականացնել անձամբ կամ պաշտպանի օգնությամբ: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն`

«1. Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով: (...)»:

Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը անձին երաշխավորված հիմնարար իրավունքներից մեկն է, որը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներից է: Քրեադատավարական իրավահարաբերություններում կասկածյալին և մեղադրյալին ցուցաբերվող իրավաբանական օգնությունը` կապված նրանց կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու հետ, ունի որոշակի առանձնահատկություններ:

i

Այսպես` ՀՀ ներպետական օրենսդրության իմաստով մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք: Մեղադրյալի պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքելու իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքը` որպես մեղադրյալին վերապահված իրավունքների համակցություն, նրան հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի միջոցով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով մեղադրյալի պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը: Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է: Բացի այդ, այն հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք (տե՛ս mutatis mutandis Նորիկ Սեդրակի Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը):

Չնայած դատական ակտերի կատարման փուլի նկատմամբ դատական վերահսկողության վարույթի ընթացքում քրեական հետապնդումն արդեն իսկ ավարտված է (դատապարտյալը չի պաշտպանվում առաջադրված մեղադրանքից), սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դատապարտյալը նույնպես մեղադրյալ է, այն տարբերությամբ, որ նրա նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ: Թերևս վերջինիս հաշվառմամբ մեղադրյալի իրավավիճակի միասնականությունն ապահովելու նպատակով էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է դատական ակտերի ի կատար ածման փուլի շրջանակներում պաշտպանի օգնությամբ իր իրավունքներն իրականացնելու դատապարտյալի հնարավորությունը: Այլ խոսքով` օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու փուլում առաջացած հարցերի, այդ թվում` դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծման վարույթում դատապարտյալն շարունակում է օգտվել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պաշտպանության իրավունքից: Հետևաբար դատավարության այս փուլում դատապարտյալի օրինական շահերը ներկայացնող փաստաբանը նույնպես ձեռք է բերում պաշտպանի կարգավիճակ:

i

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն` «Իր իրավավիճակը հաստատելու համար պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանների պալատի կողմից տրված` իր փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև որպես պաշտպան հանդես գալու` կասկածյալի կամ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ սույն օրենսգրքով իրավասու մարմնի որոշումը»:

Մեջբերված նորմի բովանդակության վերլուծությունից հետևում է, որ մեղադրյալի (դատապարտյալի) պաշտպանի դատավարական իրավավիճակը հաստատելու համար քրեադատավարական օրենսդրությունը սահմանել է ներկայացվելիք փաստաթղթերի սպառիչ շրջանակ, այն է`

- անձը հաստատող փաստաթուղթ,

- փաստաբանի արտոնագիր,

- պաշտպանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատում կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը (պաշտպան նշանակելու ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տե՛ս Նորիկ Սեդրակի Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 27-րդ կետը):

Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում պաշտպանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատման ձևին և բովանդակությանը վերաբերող վավերապայմաններ, այդ թվում` նոտարական վավերացման պահանջ: Այդպիսի վավերապայմաններ նախատեսված չեն նաև համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում, այդ թվում` «Փաստաբանության մասին» և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքներում:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանի իրավավիճակը հաստատելու համար պաշտպանյալի հաստատումը բովանդակային առումով պետք է պարունակի մեղադրյալի (դատապարտյալի) համաձայնությունը կոնկրետ փաստաբանի կողմից իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու մասին, իսկ ձևական առումով պետք է ունենա փաստաթղթային ձևակերպում և հաստատված լինի մեղադրյալի (դատապարտյալի) ստորագրությամբ: Նշված պահանջներին համապատասխանող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է գնահատվի որպես պաշտպանյալի կողմից տրված պատշաճ հաստատում, հակառակ դեպքում կխախտվեն ինչպես օրինականության սկզբունքը, այնպես էլ մեղադրյալի (դատապարտյալի) իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

19. Գործի նյութերից երևում է, որ Ք. Փաշինյանի կողմից 2014 թվականի հուլիսի 10-ին Վ. Մնացականյանին տրված լիազորագրի համաձայն` «Ես` Քրիստինե Արմենի Փաշինյանս (...) լիազորում եմ փաստաբան Վահե Թովմասի Մնացականյանին (...) լինելու իմ ներկայացուցիչը (...) ՀՀ դատական բոլոր ատյաններում կատարելու դատավարական գործողություններ, այդ թվում ՀՀ քաղաքացիական դատավարության 42-րդ հոդվածով նախատեսվածները (...)» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, 2015 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ, առանց բովանդակային քննարկման առարկա դարձնելու փաստաբան Վ. Մնացականյանի կողմից ներկայացված դիմումի հիմնավորումները, մերժել է դատավճռի անհստակությունները վերացնելու մասին պահանջն այն պատճառաբանությամբ, որ փաստաբան Վ. Մնացականյանը դատարանին չի ներկայացրել պատշաճ լիազորագիր` դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Առաջին ատյանի դատարանի որոշումն այն պատճառաբանությամբ, որ Ք. Փաշինյանը փաստաբան Վ. Մնացականյանին լիազորել է պետական և դատական մարմիններում հանդես գալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված գործողություններ կատարելու համար, և լիազորագրում մատնանշված ներկայացուցչի լիազորությունները տարբեր մարմինների, այդ թվում` դատարանների հետ փոխհարաբերություններում սահմանափակված են միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված յոթ կետերի շրջանակով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ վստահորդը պետք է դատարանում ներկա գտնվելով հավաստի իր ներկայացուցչի լիազորությունները ճանաչելու մասին, կամ նրա բացակայության դեպքում լիազորագրի առկայությունը պետք է հաստատված լինի նոտարական վավերացմամբ: Նշվածից ելնելով, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Վ. Մնացականյանը դատարան չի ներկայացրել պատշաճ լիազորագիր` տրված գույքի սեփականատիրոջ կամ դրա օրինական տիրապետողի կողմից, քրեական գործի շրջանակներում ներկայացված պահանջով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու համար (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

20. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 17-18-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ «վստահորդը պետք է դատարանում ներկա գտնվելով հավաստի իր ներկայացուցչի լիազորությունները ճանաչելու մասին կամ նրա բացակայության դեպքում լիազորագրի առկայությունը պետք է հաստատված լինի նոտարական վավերացմամբ» անհիմն է և չի բխում ՀՀ օրենսդրությունից: Պաշտպանի իրավավիճակը հաստատելու համար անհրաժեշտ` պաշտպանյալի փաստաթղթային հաստատմանը ներկայացնելով լրացուցիչ և որևէ իրավական հիմքից զուրկ պահանջներ` Վերաքննիչ դատարանը խախտել է օրինականության սկզբունքը և անհիմն սահմանափակել Ք. Փաշինյանի` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

Ինչ վերաբերում է այն պատճառաբանություններին, որ Ք. Փաշինյանի կողմից տրված լիազորագրով փաստաբան Վ. Մնացականյանի իրավունքները սահմանափակված են միայն ՀՀ քաղաքացիական դատավարության 42-րդ հոդվածով սահմանված գործողություններով, և քրեական դատավարության շրջանակներում ներկայացված պահանջով դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություն չի պարունակում` Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավորված չի համարում և արձանագրում է, որ նշված լիազորագրով Վ. Մնացականյանը լիազորված է եղել ի շահ Ք. Փաշինյանի ՀՀ դատական բոլոր ատյաններում կատարելու դատավարական գործողություններ, այդ թվում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսվածները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելու իրավունքը լիազորագրով Վ.Մնացականյանին վերապահված լիազորություններից մեկն է, սակայն` ոչ միակը, քանի որ նույն լիազորագրով Ք. Փաշինյանը լիազորել է (համաձայնություն է տվել) Վ. Մնացականյանին ի շահ իրեն ՀՀ դատական բոլոր ատյաններում կատարելու դատավարական գործողություններ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա են նաև Վ. Մնացականյանի` որպես Ք. Փաշինյանի պաշտպանի իրավավիճակը հաստատելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական և հիմնավորված չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ փաստաբան Վ. Մնացականյանը դատարանում իրավասու չէ ներկայացնելու Ք. Փաշինյանի շահերը:

21. Ամփոփելով սույն որոշման իրավական և փաստական վերլուծություններն ու եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, եզրահանգելով, որ Վ. Մնացականյանը լիազորված չէ ներկայացնելու Ք. Փաշինյանի շահերը դատարանում, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ, 429-րդ հոդվածները: Արդյունքում` ստորադաս դատարանները կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր: Նշված դատավարական իրավունքի խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու հիմք են:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Քրիստինե Փաշինյանի ներկայացուցիչ Վ. Մնացականյանի դիմումը մերժելու վերաբերյալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հուլիսի 22-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ` Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2016
N ԵՇԴ/0031/01/13
Որոշում