Սեղմել Esc փակելու համար:
ԱՇՈՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇՈՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉ ...

 

 

020.1354.280217

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԱՇՈՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 193-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 փետրվարի 2017թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողների ներկայացուցիչներ Տ. Եգորյանի, Լ. Հակոբյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Աշոտ Քոչարյանի և այլոց դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Աշոտ Քոչարյանի և այլոց (Ռաֆաել Առաքելյան, Ռուբեն Աթոյան, Արա Կիլիկյան, Ամալիա Օհանյան, Կարինե Բաբայան, Անժելա Գրիգորյան, Լյուդմիլա Առաքելյան, Գագիկ Գրիգորյան, Ալբերտ Մովսիսյան, Սվետլանա Բրուտյան, Զոյա Մալխասյան, Ալբերտ Սաֆարյան, Սուրեն Հովհաննիսյան, Սամվել Ադամյան, Ծովինար Գալստյան, Հաղթանակ Շահումյան, Գևորգ Գալստյան, Արմեն Զաքարյան, Սվետլանա Զաքարյան, Արման Մաթևոսյան)` 2016 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև ուսումնասիրելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2013թ. դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ մտել 2014թ. հունվարի 7-ից:

Օրենսգրքի` «Վարչական դատարան դիմելու ժամկետները» վերտառությամբ 193-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են.

«1. Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` չորսամսյա ժամկետում:

2. Եթե վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտը դիմողի գնահատմամբ առ ոչինչ է, ապա սույն օրենսգրքի 1-ին մասով նախատեսված ժամկետները հաշվարկվում են այդ ակտի ընդունման մասին դիմողին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվանից սկսած»:

Սույն հոդվածը փոփոխությունների չի ենթարկվել:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողները դիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որը դատարանի 14.08.2015թ. որոշմամբ վերադարձվել է, ի թիվս այլնի, այն պատճառաբանությամբ, որ դիմողները բաց են թողել դատավարական ժամկետը և դիմումին չեն կցել դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

i

28.08.2015թ. դիմողները դիմումը կրկին ներկայացրել են ՀՀ վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 20.11.2008թ. թիվ 1405-Ն և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1405-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 04.06.2015թ. թիվ 628-Ն որոշումները:

ՀՀ վարչական դատարանի 02.09.2015 թվականի որոշմամբ դիմողների դիմումն ընդդեմ ՀՀ կառավարության` ՀՀ կառավարության 04.06.2015 թվականի թիվ 628-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ընդունվել է վարույթ, իսկ ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով դիմումի ընդունումը մերժվել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կրկին ներկայացված դիմումում դիմողները չեն վերացրել դիմումի սխալները, այն է` դիմումին չեն կցել դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.11.2015 թվականին կայացրած որոշմամբ դիմողների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է` ՀՀ վարչական դատարանի 02.09.2015 թվականի` «Դիմումը մասով վարույթ ընդունելու, մասով դրա ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնելով անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.03.2016 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.11.2015 թվականի` «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ դիմողների անունից (ներկայացուցչի) բերած վճռաբեկ բողոքը մասով թողնվել է առանց քննության, իսկ մասով դրա վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վարչական դատարանի 12.12.2016 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է` մինչև սահմանադրական դատավարության կարգով քննվող` «Աշոտ Քոչարյանի և այլոց դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշում կայացնելը:

3. Դիմողները գտնում են, որ օրենսգրքի վիճարկվող դրույթները` իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության շրջանակներում, հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 10-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին:

Վիճարկվող դրույթների և Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների միջև ենթադրյալ հակասությունը հիմնավորելու համար դիմողները, վկայակոչելով նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը, արձանագրելով, որ օրենսդիրն օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի համար երաշխավորել է դատական կարգով խնդրո առարկա որոշումն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունքը, գտնում են, որ վերը նշված իրավունքի ապահովման ընթացակարգերը, սակայն, այդ իրավունքի իրականացման հնարավորություն չեն ընձեռում: Մասնավորապես, ըստ դիմողների` «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն նյութական իրավունքը, որի հիման վրա շահագրգիռ անձինք կարող են պահանջել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշման անվավերություն, սակայն այդ իրավունքի կիրառումն ապահովող դատավարական ընթացակարգերը բացակայում են օրենսգրքի հատուկ վարույթների բաժնի` «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 26-րդ գլխում, որով կարգավորվում են նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը դրանց ընդունման կապակցությամբ վիճարկելու ընթացակարգերը, և անդրադարձ չի կատարվում դրանց ընդունումից հետո օրենքով նախատեսված համապատասխան պայմանների հետևանքով դրանց անվավերության հարցերի քննարկման ընթացակարգերին: Արձանագրելով, որ բացառիկ` գերակա հանրային շահը դադարում է գոյություն ունենալուց այն յոթ տարվա ընթացքում չիրացնելու փաստի ուժով, կամ երբ ձեռքբերողը համարվում է օտարվող սեփականությունը ձեռք բերելուց հրաժարված` դիմողները գտնում են, որ այդ պահից է առաջանում դատարան դիմելու` շահագրգիռ անձի իրավունքը, որը սահմանափակված չէ ժամկետով:

Դիմողների համոզմամբ` թեև օրենքով սահմանված պայմաններն առկա են, սակայն վիճարկվող դրույթները` դրանց տրված մեկնաբանությունների շրջանակներում, արգելափակում են անձի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրացման հնարավորությունը` զրկելով վերջինիս դատական պաշտպանության և արդար դատաքննության (դատարանի մատչելիության) իրավունքներից:

Ըստ դիմողների` վիճարկվող դրույթները և օրենքի բացն այնքանով, որքանով չեն ապահովում իրավական որոշակիության սկզբունքի պահանջները, հակասում են Սահմանադրության 79-րդ հոդվածին:

Վիճարկվող դրույթների և Սահմանադրության 28, 29 և 79-րդ հոդվածների միջև ենթադրյալ հակասությունը հիմնավորելու համար արձանագրելով, որ վիճարկվող դրույթներում առկա է օրենսդրական բաց, դիմողները գտնում են, որ նշված օրենսդրական բացն առաջացնում է խտրականություն դիմողների և օտարվող օբյեկտների ձեռքբերողներ ճանաչված իրավաբանական անձանց միջև. վերջիններս հայտնվում են ավելի բարենպաստ դրության մեջ այն պատճառով, որ ձեռքբերողի իրավունքները ժամանակային առումով երկարաձգվում են, իսկ դիմողների շահերի արդյունավետ իրավական պաշտպանության համար նախատեսված ժամկետները` ոչ:

4. Պատասխանող կողմն առարկելով դիմողների փաստարկներին` կարծում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչելով դատարանի մատչելիության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումը` պատասխանողը գտնում է, որ դատարան դիմելու համար որոշակի ժամկետի առկայությունն օբյեկտիվ անհրաժեշտություն է, այլապես կվտանգվի արդարադատության անկյունաքարային սկզբունքներից իրավական որոշակիությունը: Ժամկետներ սահմանելիս օրենսդիրը պարտավոր է ընտրել այնպիսի ժամանակահատված, որը սովորական պայմաններում բավարար լինի անձանց համար արդյունավետորեն իրացնելու իրենց իրավունքները: Պատասխանողի կարծիքով, կոնկրետ դեպքում օրենսդրի կողմից սահմանված չորսամսյա ժամկետներն այն ողջամիտ ժամկետներն են, որոնք լիովին բավարար են սովորական հանգամանքների պայմաններում արդյունավետորեն իրացնելու անձի դատական պաշտպանության իրավունքը` դիմելով ՀՀ վարչական դատարան: Նման իրավակարգավորումն ապահովում է դատարանի մատչելիության արդյունավետ կառուցակարգ, քանզի անձն ունի հստակ և գործնական հնարավորություն ողջամիտ ժամկետում իր իրավունքները շոշափող նորմատիվ ակտը ՀՀ վարչական դատարանում վիճարկելու համար: Ըստ պատասխանողի` օրենսդիրը սահմանել է նաև դատարանի մատչելիության լիարժեք ապահովման լրացուցիչ երաշխիք, այն է` միջնորդության ներկայացմամբ դատարան դիմելու համար սահմանված ժամկետի բաց թողնման դեպքում այն վերականգնելու հնարավորություն, եթե առկա են հարգելի հանգամանքներ:

Անդրադառնալով դիմողների այն պնդմանը, որ կառավարության համապատասխան որոշումների արդյունքում դիմողների սեփականությունը ձեռք բերելու իրավունք ստացած կազմակերպությունը հայտնվում է իրավական առավել բարենպաստ դրության մեջ, քան դիմողները, այն պարզ պատճառով, որ հիշյալ կազմակերպությունների ձեռքբերման իրավունքը ժամանակային առումով երկարաձգվում է, իսկ դիմողների շահերի իրավական արդյունավետ պաշտպանության համար նախատեսված ժամկետները` ոչ, պատասխանողը հիմնազուրկ է համարում` պատճառաբանելով, որ քննարկվող ժամկետի երկարացումն իրականացվել է ՀՀ կառավարության 04.06.2015 թվականի թիվ 628-Ն որոշմամբ, «որն էլ, որպես իրենց շահերը շոշափող դատական ակտ փաստացի բողոքարկվել և վարույթ է ընդունվել ՀՀ վարչական դատարանի կողմից: Երբ խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության այլ` նախորդող ժամանակահատվածում ընդունված որոշումների վիճարկմանը, ապա այն կարող է իրականացվել միայն սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթներով սահմանված ժամկետներում»:

Միաժամանակ պատասխանողը միջնորդում է կարճել գործի վարույթը` արձանագրելով, որ դիմողներն օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումներ չեն ներկայացրել. դիմողները պարզապես վկայակոչել են դատարանների կողմից վիճարկվող դրույթների` օրենքի տառին համապատասխան կիրառված մեկնաբանությունները, առանց մանրամասնելու, թե նման մեկնաբանումն ինչով է տարբերվում օրենքի իրավակարգավորման նպատակից: Դիմումից նաև պարզ չէ, թե վիճարկվող դրույթներում սահմանվող իրավակարգավորման որ առանձնահատկություններն են հակասում Սահմանադրությանը` նորմատիվ ակտերի դատական վիճարկման համար օրենսդրի կողմից ինքնին ժամկետի սահմանումը, ժամկետի կոնկրետ չափը, թե մեկ այլ հատկանիշ:

Այդ կապակցությամբ վկայակոչելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերը, Սահմանադրական դատարանի` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշումը, պատասխանողը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողները, ձևականորեն բարձրացնելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, բարձրացնում են այդ դրույթի` իրենց նկատմամբ կիրառման իրավաչափության հարց:

5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողները, ըստ էության, բարձրացնում են օրենքի բացի և դրան զուգորդված` իրավական անորոշության խնդիրներ, Սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում պարզել.

- իրավական բացի և իրավական անորոշության վերաբերյալ դիմողների առաջ քաշած մոտեցումների հիմնավորվածությունը,

- ենթադրվող իրավական բացի առկայության պայմաններում անձի իրավունքների պաշտպանության երաշխավորվածության ու իրավական անվտանգության առկա վիճակը,

- վիճարկվող իրավակարգավորման պայմաններում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի դատական պաշտպանության` ներառյալ դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև վիճարկվող դրույթների սահմանադրականությունը գնահատել իրավական պետության մաս կազմող իրավական որոշակիության սկզբունքի և ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված պահանջի տեսանկյունից:

6. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն` հանրային շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ:

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն` գերակա հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով:

Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հասարակության և պետության կարիքը չի կարող համարվել բացառիկ` գերակա հանրային շահ, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթ տարվա ընթացքում:

Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են` ... սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը: Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը չի կարող մեկ տարուց, իսկ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների դեպքում հինգ տարուց ավելի սահմանվել` սկսած բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ կամ շահագրգիռ այլ անձի կողմից կարող է բողոքարկվել դատարան` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Եթե ձեռքբերողը սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնում փոխհատուցման գումարը կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում չի դիմում դատարան սեփականության օտարման հայցով կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի վեցերորդ մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի փոխանցում դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և տվյալ սեփականության մասով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր»:

Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե անհրաժեշտ սեփականությունն օտարելուց հետո ձեռքբերողը երկու տարվա ընթացքում չի սկսում օտարման հիմք հանդիսացող գործունեությունը կամ թույլ է տալիս պետության և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրն անվավեր կամ վաղաժամկետ լուծման հիմք հանդիսացող խախտումներ կամ դատարանի վճռով սահմանված սեփականության օտարումն անվավեր կամ վաղաժամկետ լուծման հիմք հանդիսացող հանգամանքներ, ապա բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը ձեռքբերողի մասով կառավարության որոշմամբ կամ շահագրգիռ անձի հայցադիմումով դատական կարգով կարող է համարվել անվավեր, և օտարված սեփականությունը մրցութային կարգով ենթակա է օտարման այլ անձանց:

Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն`

«1. Սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ`

1) որևէ անհատական իրավական ակտով, բացառությամբ դատական ակտի, կամ որևէ ռեալ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա որևէ դրույթով) խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իր իրավունքները.

2) իրենց նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա դրույթով) կարող են խախտվել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված իրենց իրավունքները:

2. Սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի նորմատիվ իրավական ակտով խախտվել են պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով»:

Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` չորսամսյա ժամկետում»:

Վերոհիշյալ դրույթների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը կարող է սահմանել իրավական ակտերի անվավերության այնպիսի հիմքեր, որոնք կարող են առաջանալ տվյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` որոշակի ժամանակ անցնելուց հետո:

Տվյալ դեպքում, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, 16-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված են բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման անվավերության այնպիսի հիմքեր, որոնք ըստ տվյալ օրենքի կարող են առաջանալ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո ընկած կոնկրետ ժամանակահատվածներում:

Մյուս կողմից, օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ վարչական դատարանում նորմատիվ իրավական ակտի վիճարկման համար սահմանում է որոշակի պայմաններ` դրանք ամրագրելով հինգ առանձին դրույթներով, այն է`

- ֆիզիկական կամ իրավաբանական անձը վարչական դատարան կարող է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո` չորսամսյա ժամկետում,

- ֆիզիկական կամ իրավաբանական անձը վարչական դատարան կարող է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության օրվանից հետո` չորսամսյա ժամկետում,

- ֆիզիկական կամ իրավաբանական անձը վարչական դատարան կարող է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված անգործության օրվանից հետո` չորսամսյա ժամկետում,

- ֆիզիկական կամ իրավաբանական անձը վարչական դատարան կարող է դիմել իր նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտի դեպքում` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` չորսամսյա ժամկետում:

- պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք ընդդեմ վարչական մարմնի վարչական դատարան կարող են դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` չորսամսյա ժամկետում:

7. Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից նորմատիվ իրավական ակտը ՀՀ վարչական դատարանում վիճարկելու դեպքում օրենսդիրը տվյալ տեսակի գործերով դատական պաշտպանության իրավունքի իրացման համար, ի թիվս այլնի, որպես պայման է ընդունում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված անգործության առկայությունը` չորսամսյա ժամկետի սկիզբ ընդունելով համապատասխան անգործության օրը: Մինչդեռ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, 16-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված են անգործության այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով կոչված չեն ապահովելու բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման կիրառումը (կատարումը), սակայն հանդիսանում են կառավարության տվյալ որոշման անվավերության հիմք: Ընդ որում, բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի` վերը նշված հոդվածներով սահմանված անվավերության հիմքերով դատական կարգով կարող է վիճարկվել նշված հոդվածներով սահմանված ժամկետների ավարտից հետո, քանի որ միայն այդ ժամկետների ավարտից հետո պարզ կլինի, որ ձեռքբերողը չի կատարել նշված հոդվածներով նախատեսված գործողությունները:

Արդյունքում ստացվում է, որ մի օրենքով` «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով, սահմանվում է որոշակի կառուցակարգ, այն է` օրենսդիրը բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման վիճարկման հարցով դատարան դիմելու իրավունք է վերապահում ֆիզիկական կամ իրավաբանական անձին` սահմանելով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման անվավերության հիմքերը, մյուս օրենքով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, օրենսդիրը դիտարկվող հարցով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար սահմանում է թերի իրավակարգավորում:

Օրենսդիրը կիրառված նորմատիվ ակտի դեպքում հիմք է ընդունել նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտը, նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողությունը և անգործությունը, իսկ չկիրառված նորմատիվ իրավական ակտի դեպքում` նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը, որոնցից սկսած հաշվարկվում է չորսամսյա ժամկետը` չներառելով այն դեպքերը, երբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի անվավերության հիմքն առաջանում է կոնկրետ օրենքով նախատեսված դեպքում և ժամկետում:

Նման ոչ լիարժեք կարգավորումը չի բխում դատական պաշտպանության հիմնական իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու սահմանադրական պահանջից, հետևաբար` դատարանները վիճարկվող դրույթը մեկնաբանելիս և կիրառելիս պետք է առաջնորդվեն ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջներով և երաշխավորեն մարդու դատական պաշտպանության հիմնական իրավունքի արդյունավետ իրականացումը:

Դատարանները դիմողների գործով օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի` վերը նշված հինգ դրույթներից կիրառել են չորրորդ դրույթը (ֆիզիկական և իրավաբանական անձը վարչական դատարան կարող է դիմել իր նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտի դեպքում` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` չորսամսյա ժամկետում)` համարելով, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտը դիմողների նկատմամբ չի կիրառվել:

ՀՀ սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ խնդրո առարկայի նման իրավակարգավորումը չի բխում իր` 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումից, համաձայն որի` պետք է ապահովվի գերակա հանրային շահով պայմանավորված` հասարակական և պետական կարիքի և անհատի սեփականության իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռությունը: Դա ենթադրում է ինչպես սեփականության իրավունքին միջամտելու վերաբերյալ անձի պատշաճ և հիմնավոր տեղեկացվածության ապահովում, այնպես էլ տարբեր շահերի համադրման համատեքստում սեփականատիրոջ իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության հնարավորություն:

8. ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:

Վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասում ձևականորեն առկա է օրենքի բաց, սակայն առկա է նաև այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիք: Որպես այդպիսի երաշխիք են հանդես գալիս օրենքներում սահմանված` իրավական ակտի անվավերության հիմքերը: Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին, 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետին, 16-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին:

Հետևաբար, իրավական ակտի անվավերության հիմք հանդիսացող հանգամանքի առկայության պարագայում օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի` վերը նշված դրույթներում ամրագրված` նորմատիվ իրավական ակտի վիճարկման պայմանները սպառիչ չեն, և օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի` վերը նշված դրույթները պետք է կիրառվեն օրենքներով նախատեսված` իրավական ակտի անվավերության հիմքեր սահմանող դրույթների հետ համադրված:

Ինչ վերաբերում է օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի` դիմողների նկատմամբ կիրառված լինելու հարցին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն դիմողների նկատմամբ չի կիրառվել և չէր էլ կարող կիրառվել, քանի որ դիմողներն իրենց հայցադիմումով ՀՀ վարչական դատարանից պահանջել են անվավեր և ոչ թե առ ոչինչ ճանաչել ՀՀ կառավարության դիտարկվող որոշումները: Սահմանադրական դատարանի գնահատմամբ այս փաստը հանդիսանում է սույն գործի վարույթը մասամբ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի մասով կարճելու հիմք:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Աշոտ Քոչարյանի և այլոց դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի մասով, կարճել:

i

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` անկախ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի կամ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության առկայության կամ բացակայության փաստից, իրավաբանական կամ ֆիզիկական անձը վարչական դատարան կարող է դիմել օրենքով սահմանված` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի անվավերության հիմքի առկայության դեպքում` անվավերության հիմքն առաջանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն` դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման, հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 փետրվարի 2017 թվականի

ՍԴՈ-1354

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.02.2017
N ՍԴՈ-1354
Որոշում