Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈ ...

01.07.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.1993  -ից մինչեւ   01.07.1996  -ը:
 

 

/ուժը կորցրել է /բացի կանոնադրության 65 կետից, որն ուժը

i

կորցրել է 01.04.97թ/ 01.07.96թ 02.05.96 թիվ 147 որոշմամբ/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 1993թ. թիվ 292

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հաստատել հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը (կցվում է):

2. Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը կիրարկել 1993 թվականի հուլիսի 1-ից:

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մշակել և համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ համաձայնեցնելով հաստատել հաշվապահական հաշվառման հաշիվների նոր համակարգը և հաշվապահական հաշվետվության նոր ձևերը, դրանք կիրարկելու և լրացնելու մասին հրահանգները, ինչպես նաև գլխավոր հաշվապահի մասին կանոնադրությունը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, շահագրգիռ մյուս նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության և նորմատիվային մյուս փաստաթղթերին համապատասխան կազմակերպել հանրապետության հաշվապահ-մասնագետների վերապատրաստման և նորմատիվային ակտերի գծով նրանց պահանջարկի ապահովման գործը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թվականի

հունիսի 3-ի թիվ 292 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների, կազմակերպությունների (այսուհետև` ձեռնարկություն), ինչպես նաև բյուջետային հիմնարկների (այսուհետև` հիմնարկություն) հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին միասնական մեթոդաբանական հիմքերը, անկախ սեփականության ձևից եվ գերատեսչական ենթակայությունից:

2. Կանոնադրությունը սահմանում է հաշվապահական հաշվառման կազմակերպման և վարման, հաշվապահական հաշվետվության կազմման և ներկայացման կարգը:

3. Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեթոդաբանական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, որը սույն կանոնադրության հիման վրա մշակում և հաստատում է հաշվապահական հաշվառման և հաշվետվության վերաբերյալ ենթանորմատիվային ակտերը և փաստաթղթերը:

4. Եթե հաշվապահական հաշվառման և հաշվետվության վերաբերյալ ենթանորմատիվային ակտերը և փաստաթղթերն օգտագործվում են պետական վիճակագրության մեջ, ապա դրանք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ:

5. Հաշվապահական հաշվառման գլխավոր խնդիրներն են`

վերահսկողություն սահմանել առկա գույքի և նրա շարժի, նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների օգտագործման նկատմամբ` ելնելով հաստատված նորմաներից, նորմատիվներից և նախահաշիվներից.

ժամանակին նախազգուշացնել, վեր հանել տնտեսական-ֆինանսական գործունեության ստվերոտ երևույթները, մոբիլիզացնել ներտնտեսական ռեզերվները.

ձևակերպել ձեռնարկության, հիմնարկության գործունեության վերաբերյալ լրիվ և արժանահավատ տվյալներ` օպերատիվ ղեկավարման և կառավարման, ինչպես նաև մատակարարների, գնորդների, հարկային, ֆինանսական, բանկային մարմինների և շահագրգիռ այլ կազմակերպությունների ու անձանց կողմից օգտագործելու համար:

 

II. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Ձեռնարկությունը և հիմնարկությունը գույքի և տնտեսական գործառնությունների հաշվապահական հաշվառումը վարում են երկակի գրանցման եղանակով, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված հաշվային պլանի և դրա կիրառման հրահանգի համաձայն:

7. Հաշվապահական հաշվառման վարման ժամանակ պետք է ապահովվի տվյալ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական բոլոր գործառնությունների, ինչպես նաև գույքի և պարտավորությունների գույքագրման արդյունքների ճիշտ, ժամանակին և լրիվ արտացոլումը, հաշվետու ժամանակաշրջանի անալիտիկ և սինթետիկ հաշվառման տվյալների համադրելիությունը, հաշվառման մեջ կապիտալ ներդրումների և արտադրության ընթացիկ ծախսերի սահմանազատումը:

8. Հաշվապահական հաշվառման մեջ գրանցումների հիմք են ծառայում սահմանված ձևով կազմված սկզբնական հաշվառման փաստաթղթերը, որոնք արձանագրում են տնտեսական գործառնության կատարման փաստը:

9. Հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերը պետք է կազմվեն գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից հետո:

10. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի տվյալների արժանահավատության համար պատասխանատվություն են կրում դրանք կազմող և ստորագրող անձինք:

11. Հաշվապահական հաշվետվության մեջ որոշակի ժամանակաշրջանի համար արտացոլվող տնտեսական գործառնության մասին փաստաթղթերը նախապես մշակվում և համակարգվում են ֆինանսների նախարարության կողմից երաշխավորված հաշվառման մատյաններում (ռեգիստրներում), իսկ որոշակի ժամանակաշրջանի համար տվյալները խմբավորված ձևով հաշվառման մատյաններից տեղափոխվում են հաշվապահական հաշվետվության մեջ:

12. Հաշվապահական հաշվառման և հաշվետվության փաստաթղթերում տվյալների մեջ ուղղում կատարում է տվյալ փաստաթուղթը ստորագրելու իրավունք ունեցողը` այն հաստատելով իր ստորագրությամբ:

Դրամարկղային և բանկային փաստաթղթերում ուղղում կատարել չի թույլատրվում:

13. Հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի, հաշվառման մատյանների և հաշվապահական հաշվետվությունների պահպանման ու սահմանված ժամկետներում արխիվներին հանձնման պատասխանատվությունը դրվում է գլխավոր հաշվապահի վրա:

14. Հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվող գույքի և տնտեսական գործառնությունների գնահատումն իրականացվում է Հայաստանի արժույթադրամով, իսկ արտերկրի հետ համատեղ ձեռնարկություններում, ինչպես նաև օտարերկրյա ձեռնարկություններին, կազմակերպություններին ու քաղաքացիներին պատկանող ձեռնարկություններում` նաև տվյալ երկրի տարադրամով:

 

ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ

 

15. Հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով ձեռնարկություններն ու հիմնարկներն անց են կացնում գույքի և ֆինանսական պարտավորությունների գույքագրում, որը պարտադիր է`

ձեռնարկության, հիմնարկության լուծարման, սեփականության ձևերի փոփոխման և պետական ձեռնարկության վերակազմավորման դեպքում.

տարեկան հաշվապահական հաշվետվությունը կազմելուց առաջ, բացառությամբ շենքերի, կառույցների, հիմնական միջոցների, մյուս անշարժ օբյեկտների և գրադարանային ֆոնդի, որոնց գույքագրումը կատարվում է համապատասխանաբար 2 և 5 տարին մեկ անգամ.

նյութական պատասխանատու անձանց փոխման ժամանակ.

նյութական արժեքների հափշտակման, չարաշահման և փչացման փաստերի հայտնաբերման դեպքում.

հրդեհի կամ տարերային այլ աղետի դեպքում:

Մնացած դեպքերում գույքագրման պարբերականությունը և անցկացման ժամկետները որոշվում են պետական ձեռնարկության, հիմնարկության, ինչպես նաև ձեռնարկության սեփականատիրոջ կողմից, բայց ոչ պակաս, տարին մեկ անգամ:

16. Գույքագրման ժամանակ առկա մնացորդի և հաշվապահական հաշվառման տվյալների միջև տարբերությունները կարգավորվում են, ելնելով «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, հետևյալ ձևով`

գույքի, դրամական միջոցների և մյուս ունեցվածքի ավելցուկը ենթակա է մուտքագրման և ֆինանսական արդյունքներով ձևակերպման կամ ֆոնդերի վրա ավելացման.

բնական պակասորդը հաստատված նորմաների սահմաններում դուրս է գրվում արտադրության, շրջանառության ծախքերով կամ սեփական միջոցների հաշվին: Բնական պակասորդի դուրսգրում կարող է կատարվել, եթե հայտնաբերվել է փաստացի պակասորդ.

եթե չկան բնական պակասորդի հաստատված նորմաներ, ապա ամբողջովին պակասորդները, ներառյալ բնական պակասորդները, ձևակերպվում են մեղավոր անձանց վրա, իսկ եթե մեղավորները պարզված չեն, ապա դրանք դուրս են գրվում արտադրության (շրջանառության) ծախքերով կամ սեփական միջոցների հաշվին:

 

III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Հաշվապահական հաշվառման կազմակերպման պատասխանատվությունը կրում են ձեռնարկության ղեկավարը և գլխավոր հաշվապահը:

18. Հաշվապահական հաշվառումն իրականացվում է հաշվապահության կողմից, որը համարվում է ձեռնարկության, հիմնարկության ինքնուրույն ստորաբաժանում (ծառայություն):

19. Գլխավոր հաշվապահը նշանակվում և ազատվում է աշխատանքից ձեռնարկության, հիմնարկության ղեկավարի հրամանով:

20. Գլխավոր հաշվապահը ղեկավարվում է սույն կանոնադրությամբ և գլխավոր հաշվապահի մասին կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

IY. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

21. Հաշվապահական հաշվետվությունը հաշվառման գործընթացի ավարտական փուլն է, որտեղ աճողական թվերով արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ձեռնարկության, հիմնարկության գույքային և ֆինանսական վիճակը, տնտեսական գործունեության արդյունքները:

22. Հաշվապահական հաշվետվության ձևերը և դրանց լրացման կարգի մասին հրահանգները հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` համաձայնեցնելով հարկային պետական տեսչության հետ:

23. Բոլոր ձեռնարկությունների, հիմնարկությունների համար հաշվետու տարին կազմում է հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:

24. Հաշվապահական հաշվետվության մեջ պարունակվող տեղեկատվությունը հիմնվում է սինթետիկ և անալիտիկ հաշվառման տվյալների վրա:

25. Հաշվեկշռի տարեսկզբի տվյալները պետք է համապատասխանեն նախորդ տարվա հաստատված եզրափակիչ հաշվեկշռի տարեվերջի տվյալների հետ: Տարբերության դեպքում պատճառները պետք է նշվեն:

26. Հաշվապահական հաշվետվության ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ տարվա տվյալների փոփոխությունը կատարվում է այն հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվության մեջ, որի ժամանակ հայտնաբերվել է սխալը:

27. Նախարարությունները, գերատեսչությունները և տնտեսական կառավարման մյուս մարմինները կազմում են ամփոփ հաշվապահական հաշվետվություններ` ենթակա ձեռնարկությունների և հիմնարկությունների գծով, եթե այլ կարգ չի սահմանված:

 

Y. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

 

28. Կապիտալ ներդրումների կազմում արտացոլվում են շինարարական-մոնտաժային, նախագծային, երկրաբանական, հորատման աշխատանքների, սարքավորումների, գործիքների ձեռքբերման ծախսերը և կապիտալ այլ աշխատանքներ ու ծախսեր: Կապիտալ ներդրումները պատվիրատուի հաշվեկշռում արտացոլվում են փաստացի ծախսերով:

29. Կապիտալ շինարարության օբյեկտները, որոնք գտնվում են ժամանակավոր շահագործման մեջ, մինչև դրանց մշտական շահագործման հանձնելը չեն մտցվում հիմնական միջոցների կազմի մեջ: Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ այդ օբյեկտների գծով ծախսերը ցույց են տրվում որպես անավարտ կապիտալ ներդրումներ:

30. Ձեռնարկության, հիմնարկության ֆինանսական ներդրումները հաշվեկշռում (արժեթղթերի, փոխառությունների, պարտատոմսերի, ուրիշ ձեռնարկությունների կանոնադիր ֆոնդերի և այլնի մեջ) արտացոլվում են փաստացի ծախսերով, ընդ որում այդ պարտատոմսերի և համանման այլ թղթերի ձեռքբերման փաստացի ծախսերի և անվանական արժեքների միջև տարբերության գումարը դրանց շրջանառության ընթացքում համամասնորեն ձևակերպվում է տնտեսական գործունեության արդյունքների վրա:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

31. Հիմնական միջոցների թվին են դասվում` շենքերը, կառուցվածքները, հաղորդիչ սարքերը, ուժային մեքենաներն ու սարքավորումները, հաշվիչ տեխնիկական, չափիչ և կարգավորիչ սարքերը, տրանսպորտային միջոցները, գործիքները (բացի արագամաշ և հատուկ նշանակության), բանող և մթերատու անասունները, բազմամյա տնկարկները, ներտնտեսային ճանապարհները, հողի բարելավմանն ուղղվող կապիտալ ներդրումները և այլն:

32. Հիմնական միջոցները հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ արտացոլվում են սկզբնական արժեքով` դրանց ձեռքբերման, կառուցման, պատրաստման ծախսերով: Հիմնական միջոցների սկզբնական արժեքի փոփոխում թույլատրվում է դրանց վերագնահատման, վերակառուցման և մասնակի լուծարման դեպքում:

Բազմամյա տնկարկների և հողի բարելավմանն ուղղվող կապիտալ ներդրումների ծախսերը յուրաքանչյուր տարի մտցվում են հիմնական միջոցների կազմի մեջ` անկախ համալիր աշխատանքների ավարտից: Որպես սեփականություն ձեռքբերված հողամասերը հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ արտացոլվում են ձեռքբերման փաստացի ծախսերով:

33. Հիմնական միջոցների մարումն իրականացվում է ամորտիզացիոն մասհանումներն արտադրության ծախսերի և շրջանառության ծախքերի մեջ արտացոլելու միջոցով:

Հիմնական միջոցների մաշվածության արժեքը հաշվետվության մեջ հաշվառվում և արտացոլվում է առանձին:

Հիմնական միջոցների իրացման կամ այլ օտարման հետ կապված եկամուտներն ու վնասները ձևակերպվում են տնտեսական գործունեության արդյունքներով:

34. Բյուջետային հիմնարկները հիմնական միջոցների մաշվածությունը հաշվարկում և արտացոլում են հաշվետվության մեջ, բայց ամորտիզացիոն մասհանումներ և ծախսերով ձևակերպումներ չեն կատարում:

35. Հիմնական միջոցների դուրսգրման ժամանակ, եթե դրանց հաշվեկշռային արժեքի չափով չեն կատարվել ամորտիզացիոն մասհանումներ, տարբերությունը ձևակերպվում է ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով, հաշվի առնելով դրանց քանդումից ստացված նյութական արժեքները և վերացման հետ կապված ծախսերը:

36. Հիմնական միջոցներ չեն համարվում և ձեռնարկությունում շրջանառու միջոցների, իսկ հիմնարկություններում փոքրարժեք և արագամաշ առարկաների կամ այլ արժեքների կազմում հաշվի են առնվում`

աշխատանքի առարկաները, որոնք ծառայում են մեկ տարուց պակաս` անկախ դրանց արժեքից.

մինչև 4000 ռուբ. արժողությամբ աշխատանքի առարկաները և տարաները, որոնց ծառայության ժամկետը մեկ տարուց ավելի է, բացառությամբ գյուղատնտեսական մեքենաների, շինարարական մեքենայացված գործիքների, բանող և մթերատու անասունների, որոնք հիմնական միջոցների թվին են դասվում: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և էկոնոմիկայի նախարարությունը սահմանում են այդ սահմանաքանակի ավելացման կամ պակասեցման գործակից.

հատուկ գործիքները, հատուկ հարմարանքները, որոնք նախատեսված են որոշակի արտադրատեսակների արտադրության համար` անկախ դրանց արժեքից.

վարձով տրվող առարկաները` անկախ դրանց արժեքից.

մատղաշ և գիրացման հանձնված անասունները, թռչունները, մեղվաընտանիքները.

ձեռնարկություններում, կազմակերպություններում և բյուջետային հիմնարկություններում հատուկ կոշկեղենը, համազգեստը և անկողնային պիտույքները` անկախ դրանց արժեքից և ծառայության ժամկետներից: Սույն կետում նշված արժեքները 50 տոկոսի չափով մարվում են շահագործման հանձնման, իսկ մնացած մասը դուրսգրման ժամանակ, բացառությամբ սույն ենթակետից:

37. Հիմնական միջոցների կազմի մեջ չեն մտնում ժամանակավոր, ոչ տիտղոսային շինությունները և կառուցվածքները, հարմարանքները, որոնց պատրաստման հետ կապված ծախսերը վերադիր ծախսերի կազմում մտցվում են շինմոնտաժային աշխատանքների ինքնարժեքի մեջ:

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ

 

38. Ձեռնարկության և հիմնարկության ոչ նյութական ակտիվների կազմում արտացոլվում են հողի, ջրի, բնական այլ ռեսուրսների, արդյունաբերական և ինտելեկտուալ սեփականության, ապրանքանշանի, ֆիրմայի անվան օգտագործման իրավունքը և այլ իրավունքներ:

39. Հաշվեկշռում ոչ նյութական ակտիվները հաշվի են առնվում ձեռքբերման ծախսերի գումարով, ներառյալ այն ծախսերը, որոնք կատարվել են այդ ակտիվները նպատակային օգտագործման պիտանիության հասցնելու համար:

40. Ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքն արտադրության ծախսերի մեջ են մտցվում ըստ նորմաների, որոնք ձեռնարկության կողմից որոշվում են ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Եթե հնարավոր չէ որոշել ոչ նյութական ակտիվների հնարավոր օգտագործման օգտակարության ժամկետները, ապա մաշվածության նորմաները սահմանվում են 10 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ձեռնարկության գործունեության ժամկետը:

41. Ոչ նյութական ակտիվների մաշվածությունը հաշվետվության մեջ հաշվառվում և արտացոլվում է առանձին:

 

ՀՈՒՄՔ, ՆՅՈՒԹԵՐ, ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

42. Հումքը, նյութերը, վառելիքը, պահեստամասերը և այլ նյութական ռեսուրսները հաշվառման և հաշվետվության մեջ արտացոլվում են դրանց փաստացի ինքնարժեքով, որի մեջ մտնում են ձեռքբերման գինը և մինչև պահեստ տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերը` ներառյալ վարկի տոկոսները, վերադիրները, ապրանքային բորսաների ծառայությունների արժեքը, մաքսավճարները և այլն:

43. Պատրաստի արտադրանքը հաշվեկշռում արտացոլվում է փաստացի արտադրական ինքնարժեքով:

44. Նյութական այն արժեքները, որոնց վաճառքի գներն ընկել են կամ հնացել ու որակազրկվել են, հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում են հնարավոր իրացման գներով` տարբերությունը ձևակերպելով տնտեսական գործունեության արդյունքներով:

45. Մանրածախ առևտրի ձեռնարկություններում ապրանքները հաշվեկշռում արտացոլվում են մանրածախ (վաճառքի) գներով, իսկ մատակարարող, վաճառահանող ձեռնարկություններում` մանրածախ (վաճառքի) գներով կամ գնման գներով: Գնման արժեքի և մանրածախ (վաճառքի) գնի տարբերությունը հաշվետվության մեջ արտացոլվում է առանձին հոդվածով:

 

ԱՆԱՎԱՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱԼԻՔ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԾԱԽՍԵՐ

 

46. Արտադրանքը, որը չի անցել պատրաստման տեխնոլոգիական բոլոր փուլերով, ինչպես նաև փորձարկում չանցած արտադրատեսակները համարվում են անավարտ արտադրանք:

47. Զանգվածային և սերիական արտադրության ժամանակ հաշվեկշռում անավարտ արտադրությունը կարող է արտացոլվել նորմատիվային (պլանային) արտադրական ինքնարժեքով կամ ծախսերի ուղղակի հոդվածներով, ինչպես նաև հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատների արժեքով: Ոչ զանգվածային արտադրության ժամանակ անավարտ արտադրանքը հաշվեկշռում ցույց է տրվում փաստացի արտադրական ծախսերով:

48. Հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսերը, որոնք վերաբերում են հաջորդ հաշվետու ժամանակաշրջանին, հաշվետվության մեջ ցույց են տրվում առանձին հոդվածով, որպես գալիք ժամանակաշրջանի ծախսեր և ենթակա են ձևակերպման արտադրության և շրջանառության ծախքերով, այն ժամկետներում, որին դրանք վերաբերում են:

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԵՎ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

 

49. Կանոնադրական ֆոնդը մասնակիցների (սեփականատերերի) համընդհանուր ավանդներն են ձեռնարկության կազմակերպման ժամանակ` նրա գործունեությունն ապահովելու համար, հիմնադիր փաստաթղթերով որոշված չափերով:

Կանոնադրական ֆոնդը և մասնակիցների այդ ֆոնդին ավանդների գծով փաստացի պարտքը հաշվառվում և արտացոլվում է հաշվետվության մեջ բացված` ըստ հաշվեկշռի ակտիվի և պասսիվի առանձին հոդվածների:

50. Ձեռնարկությունը կարող է շահույթի հաշվին ստեղծել պահուստային ֆոնդ` չնախատեսված կորուստների և վնասների ծածկման համար, որոնց չօգտագործված մնացորդներն անցնում են հաջորդ տարի:

51. Այլ ձեռնարկությունների, հիմնարկությունների և առանձին քաղաքացիների հետ հաշվարկների գծով կասկածելի պարտքերի մարման համար նույնպես ստեղծվում է պահուստային ֆոնդ, որը ձևակերպվում է տնտեսական գործունեության արդյունքներով: Կասկածելի պարտքը ձեռնարկության այն դեբիտորական պարտքն է, որը ժամանակին չի մարվել և ապահովված չէ վարման համապատասխան երաշխիքով:

52. Կասկածելի պարտքի գծով պահուստային ֆոնդի ստեղծման հիմք են հանդիսանում տարեվերջին անցկացված դեբիտորական պարտքերի գույքագրման արդյունքները:

53. Շահույթի հաշվին կասկածելի պարտքի մարման համար ստեղծված պահուստային ֆոնդի չօգտագործված մնացորդները հաջորդ տարի միացվում են շահույթին:

54. Գալիք ժամանակաշրջանի ծախսերն արտադրության կամ շրջանառության ծախքերով հավասարաչափ ձևակերպելու նպատակով ձեռնարկությունը կարող է ստեղծել պահուստային ֆոնդեր` աշխատողների արձակուրդների գալիք վճարման, հիմնական միջոցների վերանորոգման , սեզոնային բնույթի արտադրության ժամանակ նախապատրաստական աշխատանքների ծախսերի կատարման և այլն:

 

ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԴԵԲԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐՆԵՐԻ ՀԵՏ

 

55. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերը նույն գործառնության գծով պետք է հավասար լինեն: Տարաձայնության դեպքում շահագրգիռ կողմը սահմանված ժամկետում անհրաժեշտ նյութերը հանձնում է վեճեր լուծող լիազորված մարմիններին:

Հաշվապահության մեջ արտացոլված ֆինանսական հիմնարկների և բանկերի հետ հաշվարկների գծով գումարների չափը պետք է համաձայնեցվի այդ մարմինների հետ:

Հաշվետվության մեջ չհամաձայնեցված գումարների առկայություն չի թույլատրվում:

56. Ձեռնարկության և հիմնարկության տարադրամային հաշիվների գծով միջոցների մնացորդները, այլ դրամական միջոցները, արժեթղթերը, օտարերկրյա տարադրամով դեբիտորական և կրեդիտորական պարտքերը հաշվետվության մեջ արտացոլվում են ազգային դրամով այն չափով, որը որոշվել է օտարերկրյա տարադրամը կենտրոնական բանկի կուրսով վերահաշվարկելու ճանապարհով (հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա սկզբին գործող կուրսով):

57. Տուգանքները, տույժերը, որոնք ճանաչվել են պարտատիրոջ կողմից կամ դրանց գանձման վերաբերյալ կան դատարանի, արբիտրաժի որոշումներ, ձևակերպվում են տնտեսական գործունեության արդյունքներով, կամ հաշվի են առնվում ֆինանսավորման ժամանակ և մինչև դրանց ստացումը կամ վճարումը արտացոլվում են վճարողի և ստացողի հաշվետվության մեջ` համապատասխանաբար դեբիտորներ կամ կրեդիտորներ հոդվածներով:

58. Վաղեմության ժամկետն անցած դեբիտորական պարտքը, գանձման համար մյուս ոչ ռեալ պարտքերը ձեռնարկության, հիմնարկի ղեկավարի որոշմամբ դուրս են գրվում և ձևակերպվում կասկածելի պարտքի.

պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կամ տնտեսական գործունեության արդյունքներով, իսկ անհրաժեշտության դեպքում` ֆինանսավորման պակասեցման հաշվին:

59. Պարտապանի անվճարունակության պատճառով վնասներով դուրս գրված պարտքը չի համարվում վերացված, այն պետք է արտացոլվի հաշվեկշռից դուրս` արտահաշվեկշռային հաշվում երեք տարի ժամկետով, որպեսզի հնարավորության դեպքում պարտապանի գույքային դրության բարելավմանը զուգընթաց պարտքը գանձվի:

Գանձված գումարը տվյալ դեպքում պետք է ձևակերպվի շահույթ-վնաս հաշվով:

60.Կրեդիտորական և ավանդագրված /դեպոնենտային/ պարտքերը, որոնց վերաբերյալ հայցային վաղեմության ժամկետը լրացել է, մեկ ամսվա ընթացքում ենթակա են փոխանցման հանրապետական բյուջե:

61. Տարերային աղետից չփոխհատուցված կորուստը դուրս է գրվում պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կամ ձևակերպվում է տնտեսական գործունեության արդյունքներով (եթե ձեռնարկությունում չի ստեղծվում պահուստային ֆոնդ), իսկ անհրաժեշտության դեպքում այդ չափով պակասեցվում է ֆինանսավորումը:

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹ (ՎՆԱՍ)

 

62. Տնտեսական գործունեության արդյունքներով ստացված շահույթը ցույց է տրվում հաշվեկշռի պասսիվում, իսկ վնասը` ակտիվում: Բացի այդ, ակտիվում արտացոլվում է նաև ավանսով օգտագործված շահույթը: Տարեկան հաշվեկշռի մեջ կարող են արտացոլվել միայն չփակված վնասը և չբաշխված շահույթը:

63. Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների և ապրանքների իրացումից շահույթը որոշվում է, որպես իրացումից գործող գներով ստացված հասույթի (առանց ավելացված հարկի և ակցիզների) և դրա արտադրության ու իրացման ծախսերի տարբերության գումար:

64. Հաշվեկշռային շահույթը (վնասը) իրենից ներկայացնում է արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ նյութական արժեքների իրացումից ու արտաիրացման գործառնություններից եկամուտների և այդ գործառնությունների գծով ծախսերի տարբերություն:

i

65. Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթը հաշվարկվում է որպես դրանց գնորդների (պատվիրատուների) հետ համաձայնեցված և պայմանագրային գներով արտահայտված մեծություն կամ որպես հնարավոր (շուկայական) վաճառքի գներով արտահայտված մեծություն:

Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթը որոշվում է առաքման (հանձնման) հաշվարկային փաստաթղթերը գնորդին (պատվիրատուին) ներկայացնելու օրվանից 90-րդ օրվա դրությամբ: Եթե վճարումը կատարվել է մինչև նշված ժամկետը լրանալը, ապա իրացումից հասույթը որոշվում է վճարման օրվա դրությամբ:

Միջպետական փոխկապակցված առաքումներով (քլիրինգ) արտահանված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի որոշման պահը և հաշվարկման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված միջպետական փոխկապակցված առաքումներ (քլիրինգ) իրականացնող ձեռնարկությանը այդ առաքումների համար մատակարարված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների մասով իրացումից հասույթը որոշում են դրանց դիմաց` վճարման օրվա դրությամբ:

i

Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի, բնակչությանը մատուցվող բնակարանային-կոմունալ ծառայությունների իրացումից հասույթը որոշվում է դրանց դիմաց` վճարման օրվա դրությամբ:

Կապիտալ շինարարության համար պետական բյուջեից 1994 թվականին չվճարված և դրա հետևանքով գոյացած պարտքերի գծով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կապիտալ շինարարության պետական պատվերով իրականացվող աշխատանքների իրացումից հասույթը որոշվում է կապալառուների (ենթակապալառուների) հաշվին այդ աշխատանքների դիմաց գումարների ստացման օրվա դրությամբ:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և  Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ անհրաժեշտության դեպքում, կարող են սահմանել իրացումից հասույթի որոշման այլ կարգ:

/լրաց. 20.04.95 թիվ 216 որոշում, փոփ. 20.04.95 թ. թիվ 216 և 22.06.95 թիվ 361 որոշումներ/

66. Շահույթը կամ վնասը, որոնք վերաբերում են նախորդ տարիների գործառնություններին, բայց ի հայտ են եկել հաշվետու տարում, մտցվում են հաշվետու տարվա տնտեսական գործունեության արդյունքների մեջ:

67. Հաշվետու ժամանակաշրջանում ստացված եկամուտները, որոնք վերաբերում են հաջորդ հաշվետու ժամանակաշրջանին, հաշվառման և հաշվետվության մեջ ցույց են տրվում առանձին հոդվածներով, իբրև գալիք ժամանակաշրջանի եկամուտներ: Այդ եկամուտները մտցվում են այն ժամանակաշրջանի տնտեսական գործունեության արդյունքների մեջ, որին դրանք վերաբերում են:

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

68. Ձեռնարկությունները ներկայացնում են եռամսյակային և տարեկան հաշվետվություն`

սեփականատերերին (այն մարմիններին, որոնք լիազորված են կառավարել պետական ունեցվածքը), մասնակիցներին, հիմնադիրներին` հիմնադիր փաստաթղթերին համապատասխան.

պետական հարկային տեսչության մարմիններին.

վիճակագրական մարմիններին.

բանկային հիմնարկներին` վարկային պայմանագրերին համապատասխան:

69. Ձեռնարկությունները ներկայացնում են եռամսյակային հաշվապահական հաշվետվությունները եռամսյակը հաջորդող ամսվա մինչև 25-ը, իսկ տարեկան հաշվապահական հաշվետվությունները` հաջորդ տարվա մինչև փետրվարի 25-ը:

70. Համատեղ ձեռնարկությունները (հայրենական և արտերկրների իրավաբանական անձանց և քաղաքացիներին պատկանող), ինչպես նաև արտերկրներին պատկանող ձեռնարկությունները ներկայացնում են միայն տարեկան հաշվապահական հաշվետվություններ` մինչև հաջորդ տարվա մարտի 10-ը:

71. Բյուջետային հիմնարկները ներկայացնում են ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ վերադաս մարմնին նրանց կողմից սահմանված ժամկետներում:

72. Նախարարությունները և գերատեսչությունները բյուջետային հիմնարկների ծախսերի նախահաշվի կատարման մասին ամսական, եռամսյակային և տարեկան ամփոփ հաշվապահական հաշվետվությունները ներկայացնում են համապատասխան ֆինանսական մարմիններին` նրանց կողմից սահմանված ժամկետներում:

73. Այն դեպքում, երբ հաշվետվության ներկայացման ժամկետը համընկնում է հանգստյան օրվա հետ, ժամկետը տեղափոխվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

74. Հաշվապահական հաշվետվությունը ստորագրվում է ձեռնարկության, հիմնարկության ղեկավարի և գլխավոր հաշվապահի կողմից:

75. Տարեկան հաշվապահական հաշվետվությունը մինչև համապատասխան հասցեներով ուղարկելը պետք է քննարկվի և հաստատվի հիմնադիր փաստաթղթերին համապատասխան:

76. Ձեռնարկությունների և հիմնարկների տնտեսական գործունեության արդյունքների, գույքային և ֆինանսական դրության մասին տարեկան հաշվապահական հաշվետվությունները շահագրգիռ կողմերի համար (բորսաներ, գնորդներ, մատակարարներ, բաժնետերեր և այլն) ենթակա են հրապարակման:

Հրապարակվող հաշվետվությունների արժանահավատությունը հաստատվում է իրավաբանական անձ հանդիսացող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից:

77. Նախարարությունները և գերատեսչությունները եռամսյակային ամփոփ հաշվապահական հաշվետվությունները ներկայացնում են ֆինանսների նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն մինչև հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 15-ը, իսկ տարեկանը` մինչև հաջորդ տարվա մարտի 15-ը:

78. Ձեռնարկությունների կողմից կամավոր սկզբունքով ստեղծված տնտեսական կառավարման մարմինները ամփոփ հաշվապահական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են հիմնադիր փաստաթղթերով սահմանված հասցեներով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.1993
N 292
Որոշում