Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 345-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 345-ՐԴ ԵՎ 409-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ
       թիվ ԵԿԴ/5402/02/14 2017 թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԿԴ/5402/02/14
Նախագահող դատավոր`   Ա. Սմբատյան
                   Դատավորներ`    Կ. Հակոբյան
                                                    Ա. Հունանյան

  

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                 

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱՐԳՈՏՈՒՐ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Վանյա Բալասանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արշակ Միրզոյանի ընդդեմ Ընկերության` վնասը հատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արշակ Միրզոյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.171.610 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 25.03.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.10.2016 թվականի որոշմամբ Արշակ Միրզոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 25.03.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արշակ Միրզոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 06.12.2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 345-րդ և 409-րդ հոդվածները, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 16-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 51-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է, որ Ընկերությունն Արշակ Միրզոյանին երբևէ «զբոսաշրջային փաթեթ» ծառայություն չի մատուցել, քանի որ վերջինիս կողմից միաժամանակ երկու գործառույթ Ընկերությանը չի պատվիրվել` 06.08.2014 թվականին առանձին պատվիրել է ավիատոմս, իսկ 07.08.2014 թվականին կատարվել է հյուրանոցի ամրագրում, և գործում առկա չէ հակառակը հիմնավորող որևէ թույլատրելի և (կամ) վերաբերելի ապացույց:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թե՛ ներպետական և թե՛ միջազգային որևէ իրավական նորմով կամ գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված չէ որևէ դրույթ կամ սովորույթ, որով տուրիստական ընկերություններն ավիատոմսեր վաճառելու կամ հյուրանոցային համար ամրագրելու ժամանակ պարտավոր են ստուգել (հայտնել) հաճախորդի մոտ համապատասխան երկրի մուտքի արտոնագրի (վիզայի) առկայությունը և (կամ) բացակայությունը կամ ավելին` պարտավոր են հաճախորդին ավիատոմս վաճառելու կամ հյուրանոցային համար ամրագրելու ժամանակ նաև մատուցել մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու հետ կապված ծառայություններ (առավել ևս անվճար):

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.10.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.03.2016 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձն Ընկերությանը դիմել է իրեն երկու ծառայություն մատուցելու` ավիատոմսի և հյուրանոցի ամրագրում կատարելու նպատակով: Ընկերություն դիմելու հաջորդ օրն էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվել է ավիատոմսի և հյուրանոցի արժեքների մասին, որից հետո վճարել է ավիատոմսի համար` նշելով, որ հյուրանոցի ամրագրման համար կհայտնի հաջորդ օրը: Այսինքն` Ընկերությունն ի սկզբանե տեղյակ է եղել երկու ծառայություն պատվիրվելու մասին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերությունն Արշակ Միրզոյանի համար 06.08.2014 թվականին կատարել է օդանավի տոմսի ամրագրում (հատոր 1-ին, գ.թ. 85-90).

2) Ընկերությունն Արշակ Միրզոյանի համար 07.08.2014 թվականին կատարել է Հնդկաստանի Գոա քաղաքում հյուրանոցային համարի ամրագրում (հատոր 1-ին, գ.թ. 15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 16-րդ հոդվածները, դրա արդյունքում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք իրավաչափ է գրավոր պայմանագրի բացակայության պայմաններում, օտար լեզվով կազմված գրավոր փաստաթղթի հիման վրա` առանց դրա պատշաճ կերպով հաստատված հայերեն թարգմանության, եզրահանգում կատարել կողմերի միջև, տվյալ դեպքում, զբոսաշրջային փաթեթի ծառայություն մատուցելու նպատակով ծագած իրավահարաբերության առկայության վերաբերյալ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքը, որը կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրա կամքը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Երկկողմ (բազմակողմ) գործարքները կարող են կնքվել նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված եղանակներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

i

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության բնագավառին առնչվող հարաբերությունները և զբոսաշրջային գործունեության բնագավառում ծագող այն հարաբերությունները, որոնք ի հայտ են գալիս քաղաքացիների հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման գործընթացում:

i

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակներից է նաև` քաղաքացիների զբոսաշրջության ընթացքում ծագած իրավունքների ապահովումը:

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` զբոսաշրջային ծառայությունները զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայություններն են: Նույն հոդվածի համաձայն` զբոսաշրջային փաթեթը զբոսաշրջային ծառայությունների համալիր է, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ` կապված տրանսպորտային (և դրա հետ առնչվող), հյուրանոցային (և դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաև այն ծառայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների հետ և զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը կամ ներառի առնվազն մեկ գիշերակաց: Նույն հոդվածի համաձայն` զբոսաշրջային արդյունքը զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիրն է:

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային արդյունքը տրամադրվում է սպառողի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր պայմանագրի կնքմամբ:

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն`զբոսաշրջային գործունեության սուբյեկտը մինչև պայմանագիր կնքելը պարտավոր է զբոսաշրջիկին տրամադրել զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների անձնագրային, մուտքի և ելքի պահանջների վերաբերյալ տեղեկատվություն:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության բնագավառին առնչվող հարաբերությունները, ինչպես նաև զբոսաշրջային գործունեության բնագավառում ծագող այն հարաբերությունները, որոնք ի հայտ են գալիս քաղաքացիների հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման գործընթացում` նպատակ ունենալով ապահովելու, inter alia, քաղաքացիների` զբոսաշրջության ընթացքում ծագած իրավունքների արդյունավետ իրացումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զբոսաշրջային գործունեության սուբյեկտները սպառողի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում են գրավոր պայմանագիր: Ընդ որում, նրանց միջև պայմանագիր կնքելը պարտադիր է այն դեպքում, երբ տրամադրվում է զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիր: Զբոսաշրջային ծառայություններն իրենց մեջ նաև ներառում են զբոսաշրջիկներին մատուցվող հյուրանոցային և տրանսպորտային տեղափոխման ծառայությունները, իսկ զբոսաշրջային փաթեթն իր մեջ զբոսաշրջային ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ (օրինակ, հյուրանոցային և տրանսպորտային տեղափոխման ծառայությունները) ընդգրկող համալիր է, որով մատուցված ծառայությունների տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը կամ ներառի առնվազն մեկ գիշերակաց: Այսինքն` որպեսզի զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտի մոտ ծագի զբոսաշրջային փաթեթ կազմելու պարտականություն, անհրաժեշտ է, որ նրա կողմից միաժամանակ` մեկ գործարքից բխող իրավահարաբերությունների շրջանակներում, մատուցվեն առնվազն երկու զբոսաշրջային ծառայություններ` 24 ժամը գերազանցող տևողությամբ, կամ դրանք ներառեն առնվազն մեկ գիշերակաց:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախ և առաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած` գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից սպառողին երկու ծառայություն տրամադրելը բավարար չէ այն զբոսաշրջային փաթեթ գնահատելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն այն փաստը, որ ծառայությունները մատուցվել են տարբեր օրեր, դեռևս չի նշանակում, որ առկա չէ զբոսաշրջային փաթեթի ծառայություն: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից տրամադրված առնվազն երկու գործառույթ ընդգրկող համալիրը կլինի մեկ գործարքից բխող իրավահարաբերությունների շրջանակներում կատարված այն դեպքում, երբ գործարքի կողմերն ի սկզբանե ունեցել են առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունների մատուցման մտադրություն: Այսինքն` տվյալ դեպքում հատկապես կարևորվում է գործարքի սուբյեկտիվ կողմը` իրավահարաբերության մասնակիցների կամքի ուղղվածությունը` կապված զբոսաշրջային սուբյեկտի կողմից առնվազն երկու գործառույթ ընդգրկող զբոսաշրջային ծառայություն մատուցելու, իսկ սպառողի կողմից այն ստանալու հետ: Ընդ որում, այդ դեպքում է ծագում զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտի` մինչև զբոսաշրջիկի հետ պայմանագիր կնքելը նրան զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների անձնագրային, մուտքի և ելքի պահանջների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը:

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից սպառողին զբոսաշրջային փաթեթի ծառայություն մատուցվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1. զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից մատուցվում է առնվազն երկու գործառույթ ընդգրկող զբոսաշրջային ծառայությունների համալիր,

2. այդ ծառայությունները մատուցվում են մեկ գործարքից բխող իրավահարաբերությունների շրջանակներում, այսինքն` զբոսաշրջային սուբյեկտն ի սկզբանե ունեցել է առնվազն երկու գործառույթ ընդգրկող զբոսաշրջային ծառայություն մատուցելու, իսկ սպառողը` այն ստանալու մտադրություն,

3. զբոսաշրջային ծառայությունները ներառում են առնվազն մեկ գիշերակաց կամ դրանց տևողությունը գերազանցում է 24 ժամը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում կարող է հաստատված համարվել զբոսաշրջային փաթեթի տրամադրման փաստը, հետևաբար նաև զբոսաշրջային գործունեության սուբյեկտի` մինչև զբոսաշրջիկի հետ պայմանագիր կնքելը նրան զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների անձնագրային, մուտքի և ելքի պահանջների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պարտականության առկայությունը:

i

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը զբոսաշրջային փաթեթ կազմելու դեպքում նախատեսել է գրավոր ձևով պայմանագիր կնքելու պարտականություն, որը պետք է կնքվի գրավոր գործարքին ներկայացվող պահանջներին համապատասխան: Միաժամանակ օրենսդիրը չի նշել, որ այդ գործարքի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Հետևաբար զբոսաշրջային փաթեթ տրամադրելու կապակցությամբ կողմերի միջև գրավոր ձևով կնքված պայմանագրի բացակայությունը չի բացառում փաստացի նման գործարք կնքված լինելու հնարավորությունը, քանի որ այդ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնը, այն է` կողմերը զրկվում են ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից` այդուհանդերձ պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքը, որոնք ենթակա են գնահատման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կանոններով (տե՛ս, mutatis mutaոdis, Զարուհի Հայրապետյանը և Գայանե Ղազարյանն ընդդեմ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի, երրորդ անձ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի թիվ ԵԿԴ/0556/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

06.12.2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

i

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են գործավարությունը կատարել գրական հայերենով` ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55.1-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն (...) ստանալու փաստաթղթերից իրենց համար հասկանալի լեզվով կատարված թարգմանությունների տեքստերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատավարության լեզվի առումով ապացույցի թույլատրելիության հարցին` արձանագրելով, որ վերաքննիչ դատարանը, ընդունելով, գնահատման արժանացնելով և ապա դատական ակտի բեկանման հիմքում դնելով ռուսերենով ներկայացված տեղեկանքը, շրջանցել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը հայերեն տարվելու պահանջը` այդպիսով խախտելով դատավարությունը հայերեն վարելու վերոգրյալ սկզբունքը (տե՛ս, Արայիկ Բաղդասարյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին թիվ ԵՄԴ/0006/04/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ գրավոր ապացույցները քաղաքացիական դատավարությունում մեծ ապացուցողական նշանակություն ունեցող և տարածված ապացուցման միջոցներ են, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածում ամրագրված ձևակերպումից բխում է, որ որպես գրավոր ապացույց կարող է հանդես գալ ցանկացած նյութական կրիչ, որի վրա տառերի, թվերի, ծածկագրերի և այլ նշանների կիրառմամբ արտացոլված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին որոշակի տեղեկություններ: Ընդ որում, գրավոր ապացույցներում ապացուցողական նշանակություն ունի այն տեղեկությունը (միտքը), որը տառերի, թվերի, ծածկագրերի և այլ նշանների միջոցով արտացոլված է որոշակի նյութական կրիչի վրա և ընկալվում է դրա բովանդակության (տեքստի) ընթերցման միջոցով: Օրենսդիրն ուղղակիորեն չի կարգավորում օտար լեզվով կազմված փաստաթղթերը և դրանց թարգմանությունները դատարան ներկայացնելու կարգն ու չթարգմանված ապացույցները դատարան ներկայացնելու դատավարական հետևանքները` սահմանափակվելով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55.1-րդ հոդվածի այն իրավակարգավորմամբ, որ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ստանալու փաստաթղթերից իրենց համար հասկանալի լեզվով կատարված թարգմանությունների տեքստերը: Հիմք ընդունելով 06.12.2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածով ամրագրված այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված դատավարության լեզվի սկզբունքը, ինչպես նաև քննարկվող հարցի շուրջ ձևավորված իրավակիրառ պրակտիկան` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օտար լեզվով կազմված փաստաթղթերի ներկայացման դեպքում ապացուցման պարտականություն ունեցող դատավարության մասնակիցների կողմից պետք է ներկայացվի նաև այդ փաստաթղթի պատշաճ կերպով հաստատված հայերեն թարգմանությունը (տե՛ս, ըստ Արեգնազ Կարապետյանի դիմումի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին թիվ ԳԴ4/0504/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտի կողմից սպառողին միաժամանակ` մեկ գործարքից բխող իրավահարաբերությունների շրջանակներում, առնվազն երկու գործառույթ ընդգրկող զբոսաշրջային ծառայություններ են մատուցվում, որոնց տևողությունը գերազանցում է 24 ժամը կամ ներառում է առնվազն մեկ գիշերակաց, ապա զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է սպառողի հետ կնքել գրավոր պայմանագիր և մինչև պայմանագիր կնքելը նրան տրամադրել զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների անձնագրային, մուտքի և ելքի պահանջների վերաբերյալ տեղեկատվություն: Մինչդեռ այն դեպքում, երբ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի և սպառողի միջև զբոսաշրջային փաթեթի կապակցությամբ առկա չէ գրավոր ձևով կնքված պայմանագիր, ապա այդպիսի գործարքը փաստացի կնքված լինելը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված ապացույցներով` բացառությամբ վկաների ցուցմունքների: Ընդ որում, ի հավաստումն զբոսաշրջային փաթեթի և դրանով պայմանավորված պայմանագրի առկայության` օտար լեզվով կազմված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում ապացուցման պարտականություն ունեցող դատավարության մասնակցի կողմից պետք է ներկայացվի նաև այդ փաստաթղթի պատշաճ կերպով հաստատված հայերեն թարգմանությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` զբոսաշրջային գործունեության սուբյեկտ հանդիսացող Ընկերությունն Արշակ Միրզոյանի համար 06.08.2014 թվականին մատուցել է մեկ զբոսաշրջային ծառայություն` կատարել է օդանավի տոմսի ամրագրում: Նույն անձի համար Ընկերությունը 07.08.2014 թվականին մատուցել է մեկ այլ զբոսաշրջային ծառայություն` կատարել է Հնդկաստանի Գոա քաղաքում հյուրանոցային համարի ամրագրում: Ընկերության կողմից զբոսաշրջային փաթեթ չի կազմվել: Կողմերի միջև առկա չէ զբոսաշրջային ծառայությունների համալիր տրամադրելու վերաբերյալ գրավոր ձևով կնքված պայմանագիր:

Սույն գործով Դատարանը, նաև պատճառաբանելով, որ «Արշակ Միրզոյանն Ընկերությանը չի պատվիրել վիզայի ապահովման ծառայություն, հետևաբար և Ընկերությունը չի ունեցել որևէ պարտավորություն Արշակ Միրզոյանին վիզայի ապահովման ծառայություն մատուցելու վերաբերյալ», հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Ընկերությունը 05.08.2014 թվականին Արշակ Միրզոյանին էլեկտրոնային նամակով [email protected] հայտնել է, որ ավիատոմսի արժեքը 498.000 ՀՀ դրամ է, իսկ հյուրանոցինը` 496.000 ՀՀ դրամ, ընդհանուրը` 994.000 ՀՀ դրամ», «Արշակ Միրզոյանն ի պատասխան իր հարցմանը 05.08.2014 թվականին Ընկերությունից էլեկտրոնային նամակով [email protected] ստացել է պատասխան` ավիատոմսի արժեքի 498.000 ՀՀ դրամ և հյուրանոցի` 496.000 ՀՀ դրամի վերաբերյալ», գտել է, որ «Արշակ Միրզոյանն Ընկերությանը պատվիրել է երկու ծառայություն` 06.08.2014 թվականին ավիատոմս, իսկ 07.08.2014 թվականին` հյուրանոց ավելի քան մեկ գիշերակացով...: Հետևապես տրամադրվել է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ», ու Արշակ Միրզոյանի վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 25.03.2016 թվականի վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության:

Վերը նշված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ և այդ համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննիչ դատարանը, հիմնվելով օտարալեզու էլեկտրոնային նամակագրության վրա (հատոր 1-ին, գ.թ. 24), հաստատված է համարել այն հանգամանքը, որ Արշակ Միրզոյանն Ընկերությանը պատվիրել է երկու ծառայություն, ներառյալ` հյուրանոցային համարի ամրագրում` ավելի քան մեկ գիշերակացով, հետևաբար Ընկերության կողմից նրան տրամադրվել է զբոսաշրջային փաթեթ: Այսինքն` Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է օտար լեզվով ներկայացված փաստաթուղթ, որը չունի պատշաճ կերպով վավերացված հայերեն թարգմանություն այն պարագայում, երբ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական վերլուծությունից բխում է, որ օտար լեզվով ներկայացված էլեկտրոնային նամակները` առանց դրանց պատշաճ կերպով հաստատված հայերեն թարգմանությունների, պետք է գնահատվեն որպես անթույլատրելի: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դրանք ընդունել է որպես ապացույց, գնահատման արժանացրել և դրել Դատարանի 25.03.2016 թվականի վճռի բեկանման հիմքում` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը հայերեն տարվելու պահանջը` այդպիսով խախտելով դատավարությունը հայերեն վարելու վերոգրյալ սկզբունքը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի վկայակոչած էլեկտրոնային նամակները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի հիմքով չեն համարվում թույլատրելի ապացույց, հետևաբար դրանք չեն կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու գործի քննության համար նշանակություն ունեցող այն փաստերը, որ «Արշակ Միրզոյանն Ընկերությանը պատվիրել է երկու ծառայություն, հետևաբար Ընկերությունը տրամադրել է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ»: Այսինքն` սույն գործով չի հաստատվում Արշակ Միրզոյանին մեկ գործարքից բխող իրավահարաբերությունների շրջանակներում առնվազն երկու գործառույթ ընդգրկող զբոսաշրջային ծառայությունների համալիր տրամադրելու փաստը, քանի որ դրա վերաբերյալ գործում առկա չեն թույլատրելի ապացույցներ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հայցը մերժելով, հանգել է իրավաչափ հետևության, մինչդեռ Վերաքննիչ դատարանը նյութական և դատավարական նորմերի խախտման արդյունքում սխալ եզրահանգման է եկել, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Ընկերության ներկայացուցիչը վճռաբեկ բողոքի համար վճարել է 36.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և այդ ծավալով վճարված պետական տուրքի գումարից, համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի, միայն 35.148,3 ՀՀ դրամն է անհրաժեշտ եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության ներկայացուցչի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարից 35.148,3 ՀՀ դրամը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Աշոտ Միրզոյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2016 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2016 թվականի վճռին:

2. Արշակ Միրզոյանից հօգուտ «ԱՐԳՈՏՈՒՐ» ՍՊԸ-ի բռնագանձել 35.148,30 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2017
N ԵԿԴ/5402/02/14
Որոշում