Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 181-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական       Վարչական գործ թիվ ՎԴ/2815/05/11

    և  վարչական պալատի որոշում                                     2017 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2815/05/11

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էդգար և Աշխեն Բաբայանների ներկայացուցիչ Արտուր Հարությունյանի վճռաբեկ բողոքը ըստ հայցի Էդգար և Աշխեն Բաբայանների ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) և ՀՀ քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետով ամրագրված որոշումն Էդգար և Աշխեն Բաբայանների մասով վերացնելու, Հանձնաժողովին և Նախարարությանը բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էդգար և Աշխեն Բաբայանները պահանջել են մասնակիորեն` իրենց մասով, վերացնել Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետով ամրագրված որոշումը, պարտավորեցնել Հանձնաժողովին և Նախարարությանն ընդունելու Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում 2010 թվականին կառուցված, բնակեցման ենթակա բնակելի տներից երկու սենյականոց տուն հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 18.09.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Էդգար և Աշխեն Բաբայանների մասով վերացվել է (անվավեր է ճանաչվել) Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետը, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Գ. Ղարիբյան, Ա. Աբովյան, Ա. Առաքելյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.04.2013 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 18.09.2012 թվականի վճիռը` հայցը բավարարելու մասով, բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 16.04.2013 թվականի որոշման դեմ Էդգար և Աշխեն Բաբայանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդգար և Աշխեն Բաբայանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով վիճարկվող վարչական ակտի հիմքում դրվել է Էդգար և Աշխեն Բաբայանների բնակարանային պայմանների բարելավումը` վկայակոչելով վերջիններիս ընտանիքի անդամ Թելման Բաբայանի անվամբ սեփականության իրավունքով պետական գրանցում ստացած Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող 124 քմ մակերեսով բնակելի տան առկայությունը: Թիվ ՎԴ6/0436/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 20.07.2016 թվականին կայացված և 22.08.2016 թվականին օրինական ուժ ստացած վճռով Թելման Բաբայանի իրավահաջորդ Արևհատ Վահրադյանի հայցը բավարարվել է և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-006-4-7 մատյանի 109 համարի տակ 26.05.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող 124 քմ մակերեսով բնակելի տան մասով, ճանաչվել է անվավեր: Փաստորեն, ՀՀ վարչական դատարանի վերը նշված վճռի հիման վրա վերացել է այն հանգամանքը, որը դրվել էր վիճարկվող վարչական ակտի հիմքում: Հետևաբար վերոնշյալ պետական գրանցման վերացումը հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք սույն գործով կայացված վերջնական դատական ակտերը վերանայելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել «Վերաքննիչ դատարանի 16.04.2013 թվականի որոշումը և այն փոփոխել. Նախարարության վերաքննիչ բողոքը մերժել` Դատարանի 18.09.2012 թվականի վճիռը թողնելով անփոփոխ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը որոշել է Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում չընդգրկել Թելման Բաբայանի ընտանիքին (4 անձով` ինքը, կինը` Արևհատ Վարդանյան, 2 երեխաները` Էդգար և Աշխեն Բաբայաններ), որը հաշվառված է եղել երկրաշարժի հետևանքով քանդված` Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցի թիվ 4 շենքի 1-ին բնակարանի դիմաց երկու սենյականոց բնակարան ստանալու համար: Այդ որոշման հիմքում Հանձնաժողովը դրել է այն փաստական հանգամանքը, որ 26.05.2005 թվականին գրանցվել է Թելման Բաբայանի սեփականության իրավունքը Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող 124 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 14):

2) Վերաքննիչ դատարանը, 16.04.2013 թվականի որոշմամբ մերժելով Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետով ամրագրված որոշումն Էդգար և Աշխեն Բաբայանների մասով վերացնելու հայցապահանջը, հաստատված է համարել, որ հայցվորների բնակարանային պայմանները բարելավվել են, քանի որ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 26.05.2005 թվականի թիվ 1151942 վկայականի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-006-4-7 մատյանի 109 համարի տակ գրանցված է Էդգար և Աշխեն Բաբայանների ընտանիքի անդամ Թելման Բաբայանի սեփականության իրավունքը Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող 124 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 110-113):

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 16.04.2013 թվականի որոշման դեմ Էդգար և Աշխեն Բաբայանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 2-րդ, գ.թ. 134-136):

4) Թիվ ՎԴ6/0436/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 20.07.2016 թվականին կայացված և 22.08.2016 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով Թելման Բաբայանի իրավահաջորդ Արևհատ Վահրադյանի հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-006-4-7 մատյանի 109 համարի տակ 26.05.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող 124 քմ մակերեսով «բնակելի տան» մասով (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր երևան եկած հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) այդ դատական ակտը կայացվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքների, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացության, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանության, կեղծ փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը կամ դատավորը գործի քննության առնչությամբ կատարել է հանցագործություն:

Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարությունում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բացառիկ վերանայման վարույթ հարուցելու համար հիմք հանդիսացող նոր երևան եկած հանգամանքները սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածում: Նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը նոր երևան եկած հանգամանքների շարքում չի նախատեսել հանցագործության հետ չկապված այն հանգամանքները, որոնք տվյալ գործի լուծման համար ունեցել են էական նշանակություն, սակայն դատավարության մասնակիցների կամքից անկախ չեն ներկայացվել դատարան:

ՀՀ սահմանադրական դատարանը, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված իրավանորմերի սահմանադրականության հարցին, նշել է, որ այդ նորմերի իրավական բովանդակությունից հետևում է, որ անձը զրկված է որպես «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վիճարկելու հնարավորությունից, մասնավորապես` իրավաբանորեն փաստագրված հանցագործության հետ չկապված նոր երևան եկած այնպիսի հանգամանքների հիմքով, որպիսիք տվյալ գործով դատական ակտի կայացման պահին գոյություն են ունեցել, գործի արդար լուծման համար ունեցել են էական նշանակություն, սակայն դատավարության մասնակիցների կամքից անկախ չեն ներկայացվել, դատարանին անհայտ են մնացել: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածում, ի տարբերություն ՀՀ քրեական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների, օրենսդիրը չի նախատեսել որպես «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտի վերանայման հնարավորություն: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման այնպիսի իրավակարգավորումը, համաձայն որի` էականորեն սահմանափակվում են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական այլ հանգամանքների իրավագնահատման պատշաճ դատավարական գործընթացներն այն դեպքերում, երբ այդպիսի հանգամանքների օբյեկտիվ գոյությունն անխուսափելիորեն հանգեցնում է (կհանգեցնի) դատական այլ որոշման, քան մինչ այդ հանգամանքների երևան գալը կայացվել է, կամ որ նույնն է` արդար, հիմնավոր, օրինական դատական ակտի կայացմանը, հետևաբար` նաև անձի խախտված իրավունքների վերականգնմանը, սահմանափակում է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով երաշխավորված` անձի արդյունավետ և մատչելի դատաքննության իրավունքը, հակասում է արդարադատության բուն նպատակներին ու 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներում և 6-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը ճանաչվել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր այն առումով, որով արգելափակվում է ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով` հանգեցնելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման: Միևնույն ժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 31.12.2015 թվականը` հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին վեճի առարկա վերոհիշյալ իրավակարգավորումը համապատասխանեցնելու նույն որոշման պահանջներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Ազգային ժողովը չի կատարել ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշման պահանջները և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իրավակարգավորումը մինչև 31.12.2015 թվականը չի համապատասխանեցրել ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներին: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորված իրացման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների պարտադիր իրավաբանական նշանակությունը` վարչական դատավարության շրջանակներում նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտը պետք է կիրառվի ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան:

Սույն գործի փաստերի համաձայն` Թելման Բաբայանի ընտանիքը (4 անձով` ինքը, կինը` Արևատ Վարդանյան, 2 երեխաները` Էդգար և Աշխեն Բաբայաններ) հաշվառված է եղել երկրաշարժի հետևանքով քանդված Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցի թիվ 4 շենքի 1-ին բնակարանի դիմաց երկու սենյականոց բնակարան ստանալու համար: Սակայն 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետով ամրագրված որոշմամբ Հանձնաժողովը որոշել է Թելման Բաբայանի ընտանիքին չընդգրկել Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում` այդ որոշման հիմքում դնելով այն փաստական հանգամանքը, որ Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող 124 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ 26.05.2005 թվականին գրանցվել է Թելման Բաբայանի սեփականության իրավունքը:

Դիմելով դատարան` Էդգար և Աշխեն Բաբայանները պահանջել են մասնակիորեն` իրենց մասով, վերացնել Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետով ամրագրված որոշումը, պարտավորեցնել Հանձնաժողովին և Նախարարությանը ընդունելու Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում 2010 թվականին կառուցված, բնակեցման ենթակա բնակելի տներից երկու սենյականոց տուն հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ:

Դատարանը Էդգար և Աշխեն Բաբայանների հայցը բավարարել է մասնակիորեն` վճռելով Էդգար և Աշխեն Բաբայանների մասով վերացնել (անվավեր ճանաչել) Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետը, իսկ մնացած մասով` հայցը մերժել:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Նախարարության վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը` հայցը բավարարելու մասով, բեկանել է և փոփոխել` մերժելով Էդգար և Աշխեն Բաբայանների` Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետով ամրագրված որոշումը մասնակիորեն վերացնելու հայցապահանջը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորների բնակարանային պայմանները բարելավվել են, քանի որ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 26.05.2005 թվականի թիվ 1151942 վկայականի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-006-4-7 մատյանի 109 համարի տակ գրանցված է Թելման Բաբայանի սեփականության իրավունքը Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող 124 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 12.06.2013 թվականի որոշմամբ վերադարձրել է Էդգար և Աշխեն Բաբայանների վճռաբեկ բողոքը և Վերաքննիչ դատարանի նշված որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

Փաստորեն, սույն գործով վիճարկվող վարչական ակտով Հանձնաժողովը որոշել է Թելման Բաբայանի ընտանիքին չընդգրկել Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում այն հիմքով, որ վերջինիս բնակարանային պայմանները բարելավվել են: Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով իրավաչափ է համարել Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետով ամրագրված որոշումը` հաստատված համարելով Թելման Բաբայանի ընտանիքի անդամների, այդ թվում նաև` Էդգար և Աշխեն Բաբայանների, բնակարանային պայմանները բարելավվելու փաստի առկայությունը: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այդ փաստը Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 26.05.2005 թվականի թիվ 1151942 վկայականի միջոցով, որի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-006-4-7 մատյանի 109 համարի տակ գրանցված է Թելման Բաբայանի սեփականության իրավունքը Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող 124 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ:

Սույն վճռաբեկ բողոքին կից Էդգար և Աշխեն Բաբայանները ներկայացրել են թիվ ՎԴ6/0436/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 20.07.2016 թվականին կայացված և 22.08.2016 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Թելման Բաբայանի իրավահաջորդ Արևհատ Վահրադյանի հայցը բավարարվել է` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-006-4-7 մատյանի 109 համարի տակ 26.05.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող 124 քմ մակերեսով «բնակելի տան» մասով, ճանաչվել է անվավեր:

Փաստորեն, թիվ ՎԴ6/0436/05/13 վարչական գործով 20.07.2016 թվականին կայացված և 22.08.2016 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող 124 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ Թելման Բաբայանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, որը հիմք էր հանդիսացել, մի կողմից` Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետով ամրագրված որոշմամբ Թելման Բաբայանի ընտանիքին, այդ թվում նաև` Էդգար և Աշխեն Բաբայաններին, Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում չընդգրկելու համար, իսկ մյուս կողմից` այդ վարչական ակտի վերացման մասին Էդգար և Աշխեն Բաբայանների հայցապահանջը Վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ՎԴ6/0436/05/13 վարչական գործով 20.07.2016 թվականին կայացված և 22.08.2016 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-006-4-7 մատյանի 109 համարի տակ 26.05.2005 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող 124 քմ մակերեսով բնակելի տան մասով, անվավեր ճանաչվելը սույն գործով նոր երևան եկած հանգամանք է, քանի որ Թելման Բաբայանի անվամբ Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող 124 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չլինելու հանգամանքը սույն գործի լուծման համար ունի էական նշանակություն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշման ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 16.04.2013 թվականի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանվելու պարագայում սույն գործն ուղարկվում է նոր քննության միայն Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետով ամրագրված որոշումը մասնակիորեն վերացնելու հայցապահանջի մասով, քանի որ սույն գործով ներկայացված մյուս հայցապահանջը Դատարանի վճռով մերժվել է, և Դատարանի վճիռն այդ մասով վերաքննության կարգով չի բողոքարկվել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.06.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.04.2013 թվականի որոշումը և գործը` ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 10-րդ կետով ամրագրված որոշումը մասնակիորեն` Էդգար և Աշխեն Բաբայանների մասով, վերացնելու պահանջի մասով, ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ՎԴ/2815/05/11
Որոշում