Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԿԴ/0106/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0106/01/17

Նախագահող դատավոր` Ն. Հովակիմյան

Կ. Մարդանյան

Ա. Մնացականյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ

                   ամբաստանյալ                Ա. Ավետիսյանի

                   մեղադրող                   Ա. Չախոյանի

 

    2017 թվականի նոյեմբերի 15-ին                     ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 11-ի որոշման դեմ ամբաստանյալ Արամայիս Արմենի Ավետիսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է թիվ 58217216 քրեական գործը:

2016 թվականի դեկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Արամայիս Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նախաքննական մարմնի միջնորդության հիման վրա Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով, որը 2017 թվականի հունվարի 30-ի և մարտի 30-ի որոշումներով երկարացվել է ևս երկու ամիս ժամկետով:

2017 թվականի ապրիլի 18-ին որոշում է կայացվել Սուրեն Ղևոնդյանին տուժող ճանաչելու մասին:

Նախաքննական մարմնի` նույն օրվա այլ որոշումներով քրեական գործի վարույթի մասը կարճվել է, և քրեական հետապնդում չի իրականացվել Հակոբ Խաչատրյանի, Սուրեն Ղևոնդյանի, Սարիս Ավետիսյանի, Սարիս Էլարյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Արամայիս Ավետիսյանի նկատմամբ` դիմողի բողոքի բացակայության հիմքով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2017 թվականի ապրիլի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 30-ի դատավճռով Ա.Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: Նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը` վերջնական պատիժ սահմանելով ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս 5 (հինգ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Մեղադրող Ա.Չախոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել և փոփոխել` վերացնելով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Ավետիսյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5.Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «(...) Նա, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 4-րդ բաժնի պետը և ի պաշտոնե իրականացնելով Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 4-ի հ.1704-Ա որոշմամբ ամրագրված իր լիազորությունները, մասնավորապես` սահմանված կարգով ապահովում է շինարարական ավարտի փաստագրման աշխատանքների նախապատրաստումը և Երևանի քաղաքապետի ստորագրմանն է ներկայացնում շինարարության շահագործման փաստագրման ակտը և գործելով այդ լիազորությունների շրջանակներում, խարդախություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 27-ին, ք.Երևան, Ն.Շենգավիթ 6-րդ փողոց, թիվ 28 հասցեի բնակելի տան ավարտման ակտը տրամադրելու համար, օրենքով նախատեսված պարտադիր վճարումները կատարելու պատրվակով, Սուրեն Ռուբիկի Ղևոնդյանից ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի միջոցով պահանջել և վերջինիցս ստացել է 800.000 ՀՀ դրամ, սակայն դրանից միայն 120.000 ՀՀ դրամով կատարել է օրենքով սահմանված պետական վճարումներն, իսկ Սուրեն Ղևոնդյանի գույքը հանդիսացող խոշոր չափերով 680.000 ՀՀ դրամը, խարդախությամբ` խաբեության եղանակով հափշտակել է» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 85):

6. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի մայիսի 30-ի դատավճռով արձանագրել է հետևյալը.»(...) Սույն գործով Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Արամայիս Արմենի Ավետիսյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, հանցագործությունից հետո նրա դրսևորած վարքագիծը, ինչպես նաև նախկինում դատապարտված կամ որևէ այլ կերպ արատավորված չլինելու հանգամանքը, դրականորեն բնութագրվելու հանգամանքը, երիտասարդ լինելը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված զինծառայողի զավակ հանդիսանալը, խնամքի տակ (...) անժամկետ 3-րդ կարի հաշմանդամ մոր գտնվելու հանգամանքը, ինչպես նաև այն որ նա առաջին անգամ կատարել է միջին ծանրության հանցագործություն և զղջացել է կատարած արարքի համար, կատարած հանցագործությունից անմիջապես հետո տուժողին հանցագործության հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելու հանգամանքը, պատասխանատվությունը ու պատիժը մեղմացնող հանգամանքի առկայությունը` խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխաների` 2008 թվականի փետրվարի 11-ին ծնված Արմեն Արամայիսի Ավետիսյանի և 2011 թվականի փետրվարի 09-ին ծնված Սոֆի Արամայիսի Ավետիսյանի գտնվելու հանգամանքը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվելու հանգամանքը, ստացած թվով հին աշխատանքային պարտականությունները պատշաճ և բարեխիղճ կատարելու ու միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու և ներդրած ջանքերի համար շնորհակալագրերի առկայության հանգամանքը, 5 /հին/ ամիս 25 /քսանհինգ/ օր կալանքի տակ գտնվելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ կատարած հանցագործությունից հետո զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց, հանում է այն հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու: (...)

Այսպիսով, Դատարանը գտնում է, որ պատժի նպատակներին կարելի է հասնել առանց ամբաստանյալի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու (...)»(տես քրեական գործ, հատոր 4, թերթեր 36-46):

7. Վերաքննիչ դատարանը 2017 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ավետիսյանի կողմից նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանը ճիշտ եզրահանգման չի եկել (...):

Դատարանը հաշվի չի առել մի շարք կարևոր հանգամանքներ մասնավորապես այն, որ տվյալ դեպքում խարդախություն է կատարվել մի անձի կողմից, ով, գտնվելով հանրային ծառայության մեջ, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 4-րդ բաժնի պետ, կատարել է խարդախություն, որի արդյունքում նյութական վնաս է պատճառել ոչ միայն գործով տուժողին, այլև պետության հեղինակությանը` խաթարելով քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ, ինչն էլ էականորեն բարձրացնում է Ա.Ավետիսյանի կատարած արարքի հասարակական վտանգավորությունը:

Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել նաև այն հանգամանքը, որ բացի մեղսագրված խարդախության դրվագից, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ գրեթե նույն ժամանակահատվածում, նույն կերպ Ա.Ավետիսյանը քաղաքացի Արմեն Խաչատրյանից 27.11.2016թ. պահանջել և ստացել է 400.000 դրամ ք.Երևան, Բաբաջանյան փող. թիվ 87/4 հասցեի հասարակական սննդի օբյեկտի ավարտական ակտը տրամադրելու համար, իսկ 2016թ. նոյեմբերի 1-ին ք.Երևան, Օհանովի 13/1 հասցեում կառուցված առևտրի օբյեկտի ավարտական ակտը տրամադրելու համար պահանջել և ստացել է 380.000 դրամ: Այդ երկու դեպքով 2017թ. ապրիլի 18-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Կ.Հովհաննիսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 58217216 քրեական գործով Արամայիս Արմենի Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթի մասերը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին դիմողների բողոքի բացակայության այսինքն ոչ արդարացնող հիմքով:

Դատարանը Ա.Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելով, հաշվի չի առել նաև Ա.Ավետիսյանի կողմից կատարած հանցավոր արարքի տարածվածությունը և դրա դեմ տարվող պայքարում պետության վարած քաղաքականությունը արդյունքում ոչ ճիշտ եզրահանգման գալով այն մասին, որ Ա.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված պատժի նպատակների իրագործմանը:

Վերը նշված պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատախազի կողմից վերաքննիչ բողոքում բերված փաստարկները հիմնավոր են, Դատարանը ճիշտ չի կիրառել քրեական օրենքը ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, որը հիմք է, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395 հոդվածի 2-րդ մասի համաձայն, վիճարկվող դատական ակտը մասնակի բեկանելու համար: (...)»(տես քրեական գործ, հատոր 4, թերթեր 82-94):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 11-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

Մասնավորապես բողոքի հեղինակը, հղում կատարելով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին, նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, այդ դիրքորոշումներին համապատասխան գնահատելով իր անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը և այլ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, իրավաչափ եզրահանգման է եկել իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, կայացվել է պատիժը պայմանականորեն չկիրառելիս էական նշանակություն ունեցող հանգամանքներն առանց պատշաճ գնահատելու, անտեսվել են պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը, հանցավոր արարքի կատարումից անմիջապես հետո տուժողին պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, որոնց ամբողջությունը վկայում է, որ պատժի նպատակներին կարելի է հասնել առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորեն արդյոք ամբաստանյալ Ա.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08,Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (տե՛ս Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12,Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները):

12.Պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքներից հանցավորի անձը բնութագրող տվյալների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել Հ.Հարությունյանի գործով 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07, Ն.Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Ս.Սարգսյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12, Ս.Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12, Ջ.Շիրվանյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0091/01/14 և այլ որոշումներում:

Այսպես` Հ.Հարությունյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ հանդիսացող նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցության ճիշտ գնահատումը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, դատվածությունը և այլն)» (տե՛ս Հազարապետ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07 որոշումը):

Իսկ Ս.Աղախանյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է. «(...) Անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա» (տե՛ս Սեյրան Աղախանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 19-րդ կետը):

13. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը մշտապես նշել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործություններով պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս հանցագործության հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի համատեքստում սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված այլ գործոնների հետ մեկտեղ հատկապես կարևոր է հանցագործությամբ պատճառված վնասի (դրա չափի), այն վերականգնված լինելու կամ չլինելու հանգամանքների գնահատումը: Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու խնդրին, իր որոշումներում ընդգծել է, որ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի նվազման տեսանկյունից հանցագործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնված լինելու հանգամանքն էական նշանակություն ունի (տե՛ս mutatis mutandis, Ա.Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ՀՅՔՐԴ/0109/01/08, Գ.Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0126/01/10, Ս.Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԼԴ/0193/01/10 որոշումները):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Ավետիսյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործությունից հետո դրսևորած վարքագիծը, նախկինում դատապարտված չլինելը, դրականորեն բնութագրվելը, երիտասարդ լինելը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված զինծառայողի զավակ հանդիսանալը, խնամքին անչափահաս` մինչև 14 տարեկան երկու երեխա և 3-րդ կարգի հաշմանդամ մայր ունենալը, առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարելը և դրա համար զղջալը, հանցագործությունից հետո տուժողին պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև ամբաստանյալի` 5 ամիս 25 օր կալանքի տակ գտնվելը` Առաջին ատյանի դատարանը որոշել է Ա.Ավետիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերացրել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից` ա) անտեսվել է, որ կատարված հանցանքի արդյունքում վնաս է պատճառվել պետության հեղինակությանը` խաթարելով քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ, բ) պատշաճ գնահատման չի արժանացվել ամբաստանյալի կողմից նույն ժամանակահատվածում նույնանման այլ արարքների կատարումը, որոնց կապակցությամբ նախաքննական մարմինը քրեական հետապնդում չիրականացնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել ոչ արդարացնող հիմքով, գ) հաշվի չի առնվել հանցավոր արարքի տարածվածությունը և դրա դեմ տարվող պայքարում պետության որդեգրած քրեական քաղաքականությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը համակցության մեջ պատշաճ ստուգման և իրավական գնահատականի չի արժանացրել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը: Ավելին` Վերաքննիչ դատարանը, բեկանելով ստորադաս դատարանի դատական ակտը, կայացված որոշման հիմքում դրել է այնպիսի վերացական դատողություններ, ինչպիսիք են «պետության հեղինակությանը պատճառված վնասը», «քաղաքացիների վստահության խաթարումը», «կատարված հանցավոր արարքի տարածվածությունը և դրա դեմ պայքարում պետության կողմից որդեգրված քրեական քաղաքականությունը» առանց պատշաճ կերպով հիմնավորելու, թե վերոնշյալ հանգամանքներն ինչով են բարձրացրել անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը:

15.1. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում Վերաքննիչ դատարանի կողմից որպես պատժի կրման նպատակահարմարությունը հիմնավորող փաստարկ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և գործի մասը կարճելու մասին նախաքննական մարմնի որոշմանը հղում տալն ու դրա նկարագրական-պատճառաբանական մասում նշված ձևակերպումները որպես հաստատված փաստ և ամբաստանյալի անձը բացասական բնութագրող տվյալ օգտագործելը: Այսպես` «ոչ ռեաբիլիտացիոն» հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշումը չի կարող նույնացվել անձի մեղավորությունը հաստատող և նրա համար բացասական իրավական հետևանքներ առաջացնող դատավարական փաստաթղթի` դատավճռի հետ: Այլ կերպ` այն չի կարող կրել մեղադրական դատավճռի կայացմամբ ծագող հետևանքներին բնորոշ հատկանիշներ և պատժի նշանակման ու դրա կրման նպատակահարմարությունը որոշելու փուլում որևէ կերպ վատթարացնել ամբաստանյալի իրավական վիճակը (mutatis mutandis տես Արմեն Բաղդասարյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0009/11/13 գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումը, 16-րդ կետ): Հակառակ պարագայում կարող է վտանգվել ՀՀ Սահմանադրության 66-րդ և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված` անմեղության կանխավարկածի սկզբունքը, որը պահանջում է անձի մեղավորության փաստի հաստատում և համապատասխանաբար դրանից բխող բացասական հետևանքների կիրառման հնարավորություն ոչ այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պարագայում (mutatis mutandis տես Minelli v. Switzerland, կետ 37, Nerattini v. Greece, կետ 23; Didu v. Romania, կետ 41):

16. Հաշվի առնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, գնահատելով ամբաստանյալի անձը դրական բնութագրող հանգամանքները, կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, այն է` կատարված հանցանքի համար զղջալը, խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխաների և 3-րդ կարգի հաշմանդամ մոր առկայությունը, նախկինում դատապարտված չլինելը, տուժողին պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելը, իրավաչափորեն եզրահանգել է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու, և որ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին:

Հետևաբար ամբաստանյալ Ա.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Ա.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արամայիս Արմենի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 11-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 30-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2017
N ԵԿԴ/0106/01/17
Որոշում