Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՊԱՇՏ ...

 

 

040.1303.211118

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1303-Ն

 

ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 15-ի

N 1303-Ն որոշման

 

ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածով նախատեսված մարմինների (այսուհետ` համապատասխան մարմիններ) քաղաքացիական ծառայողների տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները:

2. Տեղափոխության կամ փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելն իրականացվում է` հաշվի առնելով քաղաքացիական ծառայողի նախորդ տարվա կատարողականի գնահատման կամ հաշվետվության արդյունքները: Կատարողականի գնահատման արդյունքները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ցուցանիշից ցածր լինելու կամ հաշվետվությունը բացասական գնահատված լինելու դեպքում քաղաքացիական ծառայողի տեղափոխություն կամ փոխադրում կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնել չի իրականացվում:

3. Տեղափոխություն կամ փոխադրում կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելն իրականացվում է քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնի:

4. Տեղափոխության կամ փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքերում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, հիմնական աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, իսկ բնականոն աճի համար հաշվի է առնվում նաև մինչև տեղափոխումը կամ փոխադրումը կամ գործուղումը զբաղեցրած պաշտոնում աշխատած համապատասխան ժամանակահատվածը:

5. Տեղափոխության կամ փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելը չի հանգեցնում քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի չափի նվազեցման:

6. Տեղափոխության կամ ժամանակավոր թափուր պաշտոնի փոխադրման կամ քաղաքացիական ծառայողին իր պաշտոնով այլ կառուցվածքային ստորաբաժանում փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքերում դասային աստիճանի համար նախատեսված հավելավճարը պահպանվում է:

7. Տեղափոխության կամ փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքերում քաղաքացիական ծառայողի համար չի սահմանվում փորձաշրջան:

i

8. Տեղափոխության կամ փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքերում քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմամբ սահմանված կարգով, իսկ հաշվետվության գնահատումն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Տեղափոխության կամ փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու ենթակա չեն այն քաղաքացիական ծառայողները, ովքեր այդ պաշտոնը զբաղեցնում են ժամկետային աշխատանքային պայմանագրով, կամ ովքեր գտնվում են`

1) հղիության և ծննդաբերության արձակուրդում.

2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում.

3) ժամանակավոր անաշխատունակության մեջ.

4) ամենամյա արձակուրդում.

5) փորձաշրջանում.

6) զինվորական ծառայության մեջ.

7) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեջ:

10. Սույն հավելվածի 9-րդ կետի 1-ին, 2-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում փոխադրումն իրականացվում է համապատասխան արձակուրդից կամ զինվորական ծառայությունից վերադառնալուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

11. Տեղափոխության կամ փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելն իրականացվում է քաղաքացիական ծառայողի գրավոր համաձայնությամբ:

12. Տեղափոխություն և (կամ) փոխադրում իրականացնելիս քաղաքացիական ծառայողի համաձայնությունը չի պահանջվում, եթե տեղափոխությունը և (կամ) փոխադրումն իրականացվում են անհաղթահարելի ուժի` արտակարգ և (կամ) անկանխելի հանգամանքների հետևանքով: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքների դադարեցումը, ինչպես նաև արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներ: Անհաղթահարելի ուժ հանդիսացող հանգամանքների վերացումից անմիջապես հետո քաղաքացիական ծառայողը զբաղեցնում է նախքան տեղափոխությունը և (կամ) փոխադրումը զբաղեցրած պաշտոնը:

13. Եթե համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ կրճատվում ու անվանացանկից հանվում է տեղափոխված կամ ժամանակավոր թափուր պաշտոնի փոխադրված քաղաքացիական ծառայողի պաշտոնը, ապա նախքան վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության գործընթացն սկսելը քաղաքացիական ծառայողը զբաղեցնում է իր նախկին պաշտոնը:

 

2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Համապատասխան մարմիններում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մինչև երկու տարի ժամկետով պատճառաբանված որոշմամբ կարող է տեղափոխություն կատարել կառուցվածքային ստորաբաժանումների հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների միջև, եթե վերջիններս բավարարում են քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի պահանջները:

15. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողների միջև տեղափոխություն իրականացնելու մասին որոշումն ընդունում է տեղափոխություն իրականացնելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ:

16. Սահմանված ժամկետի ավարտից հետո առանց վերջնահաշվարկ կատարելու քաղաքացիական ծառայողները զբաղեցնում են իրենց նախկին պաշտոնները:

 

3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

17. Քաղաքացիական ծառայության պաշտոնը քաղաքացիական ծառայողի կողմից փոխադրման կարգով կարող է զբաղեցվել`

1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է նույն կամ այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել թափուր պաշտոնին, եթե վերջինս բավարարում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի անձնագրի պահանջները: Այս դեպքում փոխադրվող քաղաքացիական ծառայողն իր դիմումի համաձայն ազատվում է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվում տվյալ թափուր պաշտոնում.

2) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` մինչև սահմանված հիմքի վերացումը, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոխադրել այդ պաշտոնին, եթե վերջինս բավարարում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները: Ժամանակավոր թափուր պաշտոնի փոխադրման դեպքում փոխադրված քաղաքացիական ծառայողի պարտականությունները կատարում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողը: Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերանալու դեպքում առանց վերջնահաշվարկ կատարելու քաղաքացիական ծառայողը զբաղեցնում է իր նախկին պաշտոնը.

3) գլխավոր քարտուղարը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով, կարող է կառուցվածքային ստորաբաժանման մասնագիտական պաշտոնների խմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողին առանց ծառայությունը դադարեցնելու իր պաշտոնով փոխադրել այլ կառուցվածքային ստորաբաժանում: Տվյալ դեպքում քաղաքացիական ծառայողը իրականացնելու է նույնաբովանդակ աշխատանք, ինչպիսին իրականացնում էր մինչև փոխադրումը: Այս դեպքում պաշտոնի անձնագրում գործառույթների փոփոխություն չի կատարվում, այլ չափանիշներ և պահանջներ չեն սահմանվում` բացառությամբ պաշտոնի անվան փոփոխության, ինչը կատարվում է օրենքով սահմանված կարգով անվանացանկի փոփոխության կատարումից հետո:

18. Սույն հավելվածի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողին այլ կառուցվածքային ստորաբաժանում փոխադրելու մասին որոշումն ընդունում է փոխադրումն իրականացնելուց առնվազն յոթ աշխատանքային օր առաջ:

 

4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ` ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

 

19. Օրենքով սահմանված կարգով թափուր կամ ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկամսյա ժամկետում համապատասխան մարմինների ղեկավարների փոխադարձ համաձայնությամբ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ մինչև երեք տարի ժամկետով քաղաքացիական ծառայողին կարող է գործուղել այլ համապատասխան մարմին հավասարազոր քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար: Տվյալ դեպքում քաղաքացիական ծառայողը իրականացնելու է նույնաբովանդակ աշխատանք, ինչպիսին իրականացնում էր մինչև գործուղումը:

20. Գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքում մինչև գործուղման ժամկետի ավարտը տվյալ պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվում:

21. Գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, իսկ սահմանված ժամկետի ավարտից հետո առանց վերջնահաշվարկ կատարելու քաղաքացիական ծառայողը զբաղեցնում է իր նախկին պաշտոնը` բացառությամբ Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքում մինչև գործուղման ավարտը գործուղված քաղաքացիական ծառայողի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցվում է փոխադրման կարգով, կամ գործուղված քաղաքացիական ծառայողի պարտականությունները կատարում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողը:

22. Մշտական բնակության վայրից դուրս քաղաքացիական ծառայողի` գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով քաղաքացիական ծառայողին տրվում է ծախսերի փոխհատուցում:

23. Եթե վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքում անվանացանկից հանվում է Օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով գործուղված քաղաքացիական ծառայողի պաշտոնը, ապա գործուղման ժամկետի ավարտից հետո քաղաքացիական ծառայողին առաջարկվում է հավասարազոր կամ ցածր պաշտոն: Եթե քաղաքացիական ծառայողը չի տալիս գրավոր համաձայնություն առաջարկված պաշտոնում նշանակվելու համար, ապա վերջինս գրանցվում է կադրերի ռեզերվում:

24. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողների` գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու մասին որոշումն ընդունում է գործուղումն իրականացնելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ:

25. Գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու ընթացքում քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի լիազորությունները, այդ թվում` պարգևատրումը, իրականացնում է այն համապատասխան մարմնի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, որտեղ գործուղվում է քաղաքացիական ծառայողը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2018
N 1303-Ն
Որոշում