Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական       Քաղաքացիական գործ

    և  վարչական պալատի որոշում             թիվ ԼԴ/3377/02/14

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/3377/02/14    2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Մ. Դրմեյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ս. Միքայելյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հունիսի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Կարինե Ստեփանյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի «ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ` Հիմնարկ) ընդդեմ Կարինե Ստեփանյանի` հետադարձ պահանջի իրավունքով գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հիմնարկը պահանջել է Կարինե Ստեփանյանից բռնագանձել 7.183.525 ՀՀ դրամ` որպես անօրինական գործունեության հետևանքով պատճառված վնասի հատուցում:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.05.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կարինե Ստեփանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կարինե Ստեփանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Ստեփանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը, 30.11.2015 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելով, պատճառաբանել է, որ «... Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնի, վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Վերը նկարագրված խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար: Ընդ որում, տվյալ դեպքում բողոք բերած անձը չի կարող օգտվել երկշաբաթյա ժամկետում խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգից, ինչը նշանակում է, որ սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից Դատարանի 25.05.2015 թվականի վճիռը նույն անձի կողմից չի կարող բողոքարկվել այլ կերպ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով»:

i

ՀՀ սահմանադրական դատարանը Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա քննության առնելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի, 140-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցը, 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետը ճանաչել է 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, ինչը, որպես նոր հանգամանք, հիմք է Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը (...):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, 30.11.2015 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելով, պատճառաբանել է, որ «... Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կանոնի, վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Վերը նկարագրված խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար: Ընդ որում, տվյալ դեպքում բողոք բերած անձը չի կարող օգտվել երկշաբաթյա ժամկետում խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգից, ինչը նշանակում է, որ սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից Դատարանի 25.05.2015 թվականի վճիռը նույն անձի կողմից չի կարող բողոքարկվել այլ կերպ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կարինե Ստեփանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի, 207-րդ հոդվածի 1-ին կետի և 213-րդ հոդվածի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով (2015 թվականի խմբագրությամբ) նախատեսված` դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, ի թիվս այլնի, կարող է ապահովվել այն դեպքերում, երբ առկա են բաց թողնված ժամկետի վերականգնման մասին միջնորդությունը վերադաս դատարանի կողմից պարտադիր քննության առարկա դարձնելու օրենսդրական երաշխիքներ: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը (2015 թվականի խմբագրությամբ) սահմանում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: Սահմանադրության հիշատակված դրույթների համատեքստում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորություն թույլ չտալու հանգամանքը: Այդ իմաստով` Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարում դիմող և պատասխանող կողմերի մոտեցումն այն հարցում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավակարգավորումն անձանց համար ստեղծում է դատարանի մատչելիության իրավունքի պաշտպանության խոչընդոտներ և չի հետապնդում որևէ իրավաչափ ողջամիտ նպատակ: Նման սահմանափակման անհամաչափությունն առավել ակնհայտ է դառնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերի հետ (օրինակ` բողոքաբերի կողմից պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելը, վերաքննիչ բողոքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումներ չներկայացնելը, բողոքաբերի պահանջը չներկայացնելը, վերաքննիչ բողոքը չստորագրելը) համադրման պարագայում, որոնց դեպքում նախատեսվում է թույլ տրված խախտումը շտկելու և վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու հնարավորություն: «Կարևորելով քաղաքացիական գործերով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը, համապատասխան օրենսդրական համալիր կանոնակարգումը, բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունների համար պատշաճ իրավակարգավորված ընթացակարգ նախատեսելու անհրաժեշտությունը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման բացով պայմանավորված` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորության բացառումն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել անձի` արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտման»:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետը ճանաչել 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 201.31-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող նույն օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող նույն օրենքի 69-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 12-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք սահմանադրական դատարանի տվյալ որոշումը հրապարակելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել սահմանադրական դատարան:

i

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք է վերապահել, ի թիվս այլոց, այն անձանց, ովքեր իրենց նկատմամբ կիրառված օրենքի դրույթի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ իրավունք ունեին այդ օրենքի դրույթի սահմանադրականության հարցով դիմելու ՀՀ սահմանադրական դատարան: Իսկ իրավահարաբերության ծագման պահին գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ անձն իր հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու իրավունք ունի այն դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելուց հետո վեց ամսվա ընթացքում, որով իր նկատմամբ կիրառվել է նշված օրենքի դրույթը:

Այսպիսով, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի և իրավահարաբերության ծագման պահին գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ, 12-րդ, 13-րդ մասերով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում անհրաժեշտ է փաստել, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք են ունեցել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- տվյալ դատական ակտով այդ անձանց հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որով նշված դրույթը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ, թեև ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում գտել է, որ նշված նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է դրա սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ,

- սպառվել են տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները,

- ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ չի լրացել տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից հաշվարկվող վեցամսյա ժամկետը:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

- Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ կիրառված օրենքի դրույթը` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կարինե Ստեփանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

- ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվել են. նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

- ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ` 28.06.2016 թվականին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից` 27.01.2016 թվականից, հաշվարկվող վեցամսյա ժամկետը չի լրացել:

i

Հետևաբար իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի և իրավահարաբերության ծագման պահին գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ, 12-րդ, 13-րդ մասերի ուժով ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետն այն մասով, որը չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 27.01.2016 թվականի որոշման վերանայման հիմք, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի որոշմամբ կիրառված իրավանորմը, իսկ այդ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը 30.11.2015 թվականի որոշմամբ Կարինե Ստեփանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն հիմքով, որ ի խախտումն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կանոնի, վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Նպատակ ունենալով վերականգնելու Կարինե Ստեփանյանի խախտված սահմանադրական իրավունքը և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ազդեցությունը սույն գործի քննության ընթացքի վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Կարինե Ստեփանյանը պետք է հնարավորություն ունենա բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու: Ընդ որում, հենց այդ հնարավորության բացառումն է եղել խնդրո առարկա իրավանորմը հակասահմանադրական ճանաչելու պատճառը: Միաժամանակ Կարինե Ստեփանյանը հանդիսանում է նոր հանգամանքի հիմքով բողոք ներկայացնելու իրավունքը պահպանած անձ, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը հրապարակելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էր նույն հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքը, սակայն չէր դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու վերաբերյալ, ենթակա է վերացման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու, Վերաքննիչ դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 416-րդ, 426-րդ և 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.01.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Կարինե Ստեփանյանի վերաքննիչ բողոքը` բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու վերաբերյալ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.06.2018
N ԼԴ/3377/02/14
Որոշում