Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 153-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 153-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՇԴ3/0037/01/17       

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՇԴ3/0037/01/17

Նախագահող դատավոր` Ա. Մնացականյան

    Դատավորներ`        Կ. Մարդանյան   

                       Ն. Հովակիմյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2018 թվականի սեպտեմբերի 20-ին                         ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Դավիթ Սահակի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշման դեմ Դ.Ալեքսանյանի, նրա պաշտպաններ Ն.Բաղդասարյանի և Ռ.Սիրեկանյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2017 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 22150717 քրեական գործը, որը նախաքննության կատարման համար 2017 թվականի ապրիլի 4-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Նախաքննական մարմնի` 2017 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Դավիթ Ալեքսանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

2017 թվականի ապրիլի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

i

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով ամբաստանյալ Դ.Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունվարի 16-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել և փոփոխել, Դ.Ալեքսանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը` վերացրել:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալ Դ.Ալեքսանյանը, նրա պաշտպաններ Ն.Բաղդասարյանը և Ռ.Սիրեկանյանը, որոնք Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 24-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Դ.Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Նա հանդիսանալով ՀՀ քաղաքացի և ունենալով ընտրական իրավունք 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, ներկայացել է Շիրակի մարզի Ամասիա գյուղի թիվ 30/37 ընտրատեղամաս և փորձել է մեկից ավելի անգամ կատարել քվեարկություն: Այսպես. Դավիթ Սահակի Ալեքսանյանը 2017թ. ապրիլի 2-ին ժամը 18:47-ին Ամասիայի թիվ 30/37 ընտրատեղամասում անցկացվող ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացել է հանձնաժողովի անդամ տեխնիկական սարքի օպերատոր` Նաիրա Մանուկյանին և վերջինիս ներկայացնելով իր 001848860 սերիա-համարի նույնականացման քարտը, կատարել է սահմանված կարգով քվեարկություն, որից հետո ժամը 19:09 րոպեին մուտք գործելով ընտրատեղամաս և կրկին քվեարկություն կատարելու դիտավորություն ունենալով մոտեցել է նույն տեխնիկական սարքի օպերատոր` Նաիրա Մանուկյանին և վերջինիս ներկայացրել է իր AP 0545627 սերիա-համարի անձնագիրը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ համապատասխան սարքի միջոցով արձանագրվել է նրա կողմից կրկնակի քվեարկություն կատարելու փորձ»1:

________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 64:

 

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ հաստատվում է, որ ամբաստանյալ Դավիթ Սահակի Ալեքսանյանը մեղավորությամբ կատարել է (...) ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով իրեն մեղսագրվող արարքը:

(...)

Դատարանը, որպես ամբաստանյալ Դավիթ Սահակի Ալեքսանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում կատարածի համար զղջալը, դատվածություն չունենալը, երիտասարդ լինելը, նրա խնամքի տակ` մանկահասակ մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը, ընտանիքի միակ կերակրող հանդիսանալը:

(...) Գնահատելով ամբաստանյալ Դավիթ Սահակի Ալեքսանյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության փաստը` Դատարանը հանգում է այն հետևության, որ Դավիթ Սահակի Ալեքսանյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը նրա կողմից կրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթների կիրառման միջոցով: (...)»2:

________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 111-120:

 

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Անդրադառնալով ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությանը (ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությանը)` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված` ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները բավարար չեն գալու այն եզրահանգման, որ ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված հանգամանքները չեն կարող վկայել այն մասին, որ ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի բխում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են Դավիթ Ալեքսանյանի անձի և նրա կատարած հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին:

Մասնավորապես.

- ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չընդունելու պայմաններում իրատեսական չէ վերջինի կողմից կատարածի համար զղջալը: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ կատարածի համար զղջալը հանդիսանում է ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք,

- ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի կողմից կատարված հանցանքը վնաս է պատճառում սոցիալական մեծ նշանակություն ունեցող հասարակական հարաբերություններին, քանի որ ուղղված է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ,

- ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի կողմից կատարված արարքի եղանակը (անձը հաստատող տարբեր փաստաթղթերով ընտրական հանձնաժողովին ներկայանալը) և մեղքի ձևը (ուղղակի դիտավորությունը):

Վերը նշված հանգամանքները պատշաճ գնահատականի չարժանացնելու արդյունքում Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու: (...)»3:

________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 48-58:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակների կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

Մասնավորապես, բողոք բերած անձինք նշել են, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ ստուգման և գնահատման չի ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական և ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո նրա դրսևորած դրական վարքագիծը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, մասնավորապես այն, որ Դ.Ալեքսանյանը բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցագործություն, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, զղջացել և ընդունել է մեղքը: Բողոքաբերները փաստարկել են, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից Դ.Ալեքսանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Դ.Ալեքսանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

i

Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև, պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված, ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա4` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն5:

________________________

4) Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների. մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

 

i

12. Նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քաղաքական իրավունքների և ազատությունների, մասնավորապես` ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս էական նշանակություն ունի խախտված հասարակական հարաբերությունների բնույթի, կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանի, հանցանքի կատարման եղանակի պատշաճ գնահատումը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ընտրական իրավունքի պատշաճ իրացման հետ կապված հանցագործությունների համար նշանակված պատիժն առանց հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող փաստական հանգամանքների առկայության պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը և իր բացասական ազդեցությունը կունենա երկրում ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման բնականոն ընթացքի վրա6:

________________________

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հովհաննես Ղազարյանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0030/01/17 որոշումը:

 

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դ.Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի և ունենալով ընտրական իրավունք, 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ներկայացել է Շիրակի մարզի Ամասիա գյուղի թիվ 30/37 ընտրատեղամաս և փորձել է մեկից ավելի անգամ կատարել քվեարկություն7:

________________________

7) Մանրամասն տե՛ս սույն որոշման 5-րդ կետում:

 

Հաստատված համարելով Դ.Ալեքսանյանի մեղավորությունն իրեն մեղսագրվող արարքում և գնահատելով կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության փաստը` Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Դ.Ալեքսանյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը նրա կողմից կրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթների կիրառման միջոցով8:

________________________

8) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի հետ, գտել է, որ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները բավարար չեն գալու այն եզրահանգման, որ Դ.Ալեքսանյանի ուղղումը հնարավոր է առանց ռեալ պատիժ նշանակելու:

Այսպես` Վերաքննիչ դատարանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են Դ.Ալեքսանյանի անձի և նրա կատարած հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին: Մասնավորապես.

- ամբաստանյալ Դ.Ալեքսանյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չընդունելու պայմաններում իրատեսական չէ վերջինի կողմից կատարածի համար զղջալը: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտել Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ կատարածի համար զղջալը ամբաստանյալ Դ.Ալեքսանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է,

- ամբաստանյալ Դ.Ալեքսանյանի կողմից կատարված հանցանքը վնաս է պատճառում սոցիալական մեծ նշանակություն ունեցող հասարակական հարաբերություններին, քանի որ ուղղված է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ,

- ամբաստանյալ Դ.Ալեքսանյանի կողմից կատարված արարքի եղանակը (անձը հաստատող տարբեր փաստաթղթերով ընտրական հանձնաժողովին ներկայանալը) և մեղքի ձևը (ուղղակի դիտավորությունը)9:

________________________

9) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դ.Ալեքսանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման է ենթարկել ոչ միայն ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, այլ նաև խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը, մասնավորապես այն, որ Դ.Ալեքսանյանի կողմից խախտվել են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության` օրենքով սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, որն արտահայտվել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելով: Այսպես` ամբաստանյալը ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` 2017 թվականի ապրիլի 2-ին` ժամը 18:47-ին, ներկայացել է Շիրակի մարզի Ամասիա գյուղի թիվ 30/37 ընտրատեղամաս և իր նույնականացման քարտով կատարել է քվեարկություն: Այնուհետև նույն օրը` որոշ ժամանակ անց` ժամը 19:09 րոպեին, կրկին մուտք է գործել ընտրատեղամաս և կրկին քվեարկություն կատարելու ուղղակի դիտավորությամբ ներկայացրել է իր անձնագիրը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ համապատասխան սարքի միջոցով արձանագրվել է կրկնակի քվեարկություն կատարելու փորձը:

Նշված փաստական հանգամանքների առկայության պայմաններում Առաջին ատյանի դատարանը համակողմանի գնահատման չի ենթարկել խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը: Արդյունքում` ընտրական իրավունքի պատշաճ իրացման դեմ ուղղված հանցագործության համար Դ.Ալեքսանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` առանց մատնանշելու որևէ փաստական հանգամանք, որը, նվազեցնելով կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հնարավորություն կտար եզրահանգելու, որ տվյալ պարագայում արդարացված կլինի նշանակված պատիժը Դ.Ալեքսանյանի կողմից պայմանականորեն չկրելը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Դ.Ալեքսանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են: Այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները մերժել: Ամբաստանյալ Դավիթ Սահակի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հատուկ կարծիք հայտնած դատավոր` Ե. Դանիելյան

 

ՇԴ3/0037/01/17

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ԴԱՏԱՎՈՐ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

    2018 թվականի սեպտեմբերի 20-ին                         ք. Երևանում

 

Ամբաստանյալ Դավիթ Սահակի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի (այսուհետ` Վճռաբեկ դատարան)` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2017 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 22150717 քրեական գործը, որը նախաքննության կատարման համար 2017 թվականի ապրիլի 4-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Նախաքննական մարմնի` 2017 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Դավիթ Ալեքսանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

2017 թվականի ապրիլի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով ամբաստանյալ Դ.Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունվարի 16-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել և փոփոխել, Դ.Ալեքսանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը` վերացրել:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալ Դ.Ալեքսանյանը, նրա պաշտպաններ Ն.Բաղդասարյանը և Ռ.Սիրեկանյանը, որոնք Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 24-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները մերժվել են, ամբաստանյալ Դավիթ Սահակի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Հատուկ կարծիքի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

5. Դ.Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Նա հանդիսանալով ՀՀ քաղաքացի և ունենալով ընտրական իրավունք 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, ներկայացել է Շիրակի մարզի Ամասիա գյուղի թիվ 30/37 ընտրատեղամաս և փորձել է մեկից ավելի անգամ կատարել քվեարկություն: Այսպես. Դավիթ Սահակի Ալեքսանյանը 2017թ. ապրիլի 2-ին ժամը 18:47-ին Ամասիայի թիվ 30/37 ընտրատեղամասում անցկացվող ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացել է հանձնաժողովի անդամ տեխնիկական սարքի օպերատոր` Նաիրա Մանուկյանին և վերջինիս ներկայացնելով իր 001848860 սերիա-համարի նույնականացման քարտը, կատարել է սահմանված կարգով քվեարկություն, որից հետո ժամը 19:09 րոպեին մուտք գործելով ընտրատեղամաս և կրկին քվեարկություն կատարելու դիտավորություն ունենալով մոտեցել է նույն տեխնիկական սարքի օպերատոր` Նաիրա Մանուկյանին և վերջինիս ներկայացրել է իր AP 0545627 սերիա-համարի անձնագիրը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ համապատասխան սարքի միջոցով արձանագրվել է նրա կողմից կրկնակի քվեարկություն կատարելու փորձ (...)»1:

________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 64:

 

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ հաստատվում է, որ ամբաստանյալ Դավիթ Սահակի Ալեքսանյանը մեղավորությամբ կատարել է (...) ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով իրեն մեղսագրվող արարքը:

(...)

Դատարանը որպես ամբաստանյալ Դավիթ Սահակի Ալեքսանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում կատարածի համար զղջալը, դատվածություն չունենալը, երիտասարդ լինելը, նրա խնամքի տակ` մանկահասակ մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը, ընտանիքի միակ կերակրող հանդիսանալը:

(...) Գնահատելով ամբաստանյալ Դավիթ Սահակի Ալեքսանյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության փաստը` Դատարանը հանգում է այն հետևության, որ Դավիթ Սահակի Ալեքսանյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը նրա կողմից կրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթների կիրառման միջոցով: (...)»2:

________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 111-120:

 

7. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փաստել է. «(...) Անդրադառնալով ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությանը (ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությանը)` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված` ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները բավարար չեն գալու այն եզրահանգման, որ ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված հանգամանքները չեն կարող վկայել այն մասին, որ ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի բխում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են Դավիթ Ալեքսանյանի անձի և նրա կատարած հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին:

Մասնավորապես.

- ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չընդունելու պայմաններում իրատեսական չէ վերջինի կողմից կատարածի համար զղջալը: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ կատարածի համար զղջալը հանդիսանում է ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք,

- ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի կողմից կատարված հանցանքը վնաս է պատճառում սոցիալական մեծ նշանակություն ունեցող հասարակական հարաբերություններին, քանի որ ուղղված է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ,

- ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի կողմից կատարված արարքի եղանակը (անձը հաստատող տարբեր փաստաթղթերով ընտրական հանձնաժողովին ներկայանալը) և մեղքի ձևը (ուղղակի դիտավորությունը):

Վերը նշված հանգամանքները պատշաճ գնահատականի չարժանացնելու արդյունքում Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու: (...)»3:

________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 48-58:

 

8. Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման համաձայն` «(...) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դ.Ալեքսանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման է ենթարկել ոչ միայն ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, այլ նաև խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը, մասնավորապես այն, որ Դ.Ալեքսանյանի կողմից խախտվել են ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության` օրենքով սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, որն արտահայտվել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելով: Այսպես` ամբաստանյալը ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` 2017 թվականի ապրիլի 2-ին` ժամը 18:47-ին, ներկայացել է Շիրակի մարզի Ամասիա գյուղի թիվ 30/37 ընտրատեղամաս և իր նույնականացման քարտով կատարել է քվեարկություն: Այնուհետև նույն օրը` որոշ ժամանակ անց` ժամը 19:09 րոպեին, կրկին մուտք է գործել ընտրատեղամաս և կրկին քվեարկություն կատարելու ուղղակի դիտավորությամբ ներկայացրել է իր անձնագիրը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ համապատասխան սարքի միջոցով արձանագրվել է կրկնակի քվեարկություն կատարելու փորձը:

Նշված փաստական հանգամանքների առկայության պայմաններում Առաջին ատյանի դատարանը համակողմանի գնահատման չի ենթարկել խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը: Արդյունքում` ընտրական իրավունքի պատշաճ իրացման դեմ ուղղված հանցագործության համար Դ.Ալեքսանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` առանց մատնանշելու որևէ փաստական հանգամանք, որը, նվազեցնելով կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հնարավորություն կտար եզրահանգելու, որ տվյալ պարագայում արդարացված կլինի նշանակված պատիժը Դ.Ալեքսանյանի կողմից պայմանականորեն չկրելը: (...)»

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակների կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, որի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:

Մասնավորապես, բողոք բերած անձինք նշել են, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ ստուգման և գնահատման չի ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական և ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո նրա դրսևորած դրական վարքագիծը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, մասնավորապես այն, որ Դ.Ալեքսանյանը բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցագործություն, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, զղջացել և ընդունել է մեղքը: Բողոքաբերները փաստարկել են, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից Դ.Ալեքսանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի դատավճռին:

 

Դատավոր Ե.Դանիելյանի իրավական դիրքորոշումը.

11. Ուսումնասիրելով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ամբաստանյալ Դ.Ալեքսանյանի, նրա պաշտպաններ Ն.Բաղդասարյանի և Ռ.Սիրեկանյանի վճռաբեկ բողոքները, ծանոթանալով քրեական գործի նյութերին և վճռաբեկ բողոքը մերժելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի փաստարկներին և հիմնավորումներին` համաձայն չեմ Դավիթ Ալեքսանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման (այսուհետ` Որոշում) պատճառաբանական մասի առանձին դրույթների և եզրափակիչ մասի հետ: Գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը պետք է բավարարեր ամբաստանյալ Դ.Ալեքսանյանի, նրա պաշտպաններ Ն.Բաղդասարյանի և Ռ.Սիրեկանյանի բողոքները և, բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը, օրինական ուժ տար Առաջին ատյանի դատարանի դատավճռին հետևյալ պատճառաբանություններով`

12. Վճռաբեկ դատարանն արձանագրել է. որ սույն գործով բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Դ.Ալեքսանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

13. Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ անհրաժեշտ չի համարել վերլուծության ենթարկել սույն գործով ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, և հիմնականում, բավարարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների մեջբերմամբ, դրանք համադրելով գործով հաստատված փաստական հանգամանքների հետ, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը համակողմանի գնահատման չի ենթարկել խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, կատարված հանցանքի վտանգավորության աստիճանը, հանցանքի կատարման եղանակը: Արդյունքում` ընտրական իրավունքի պատշաճ իրացման դեմ ուղղված հանցագործության համար Դ.Ալեքսանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

i

14. Մինչդեռ, ամբաստանյալ Դ.Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու իրավաչափության մասին կարծիք ձևավորելուց առաջ, անհրաժեշտ եմ համարում վերլուծել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Այսպես` քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով պաշտպանվում են հասարակական այն հարաբերությունները, որոնք ապահովում են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, ավելի կոնկրետ` քվեարկության գործընթացն իրականացնելու օրենքով սահմանված կարգը:

Օբյեկտիվ կողմից նշված արարքը դրսևորվում է հանրաքվեի կամ ընտրությունների անցկացման ընթացքում մեկից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելով: ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի դիսպոզիցիայից բխում է, որ նշված հանցագործության կատարման եղանակները հետևյալն են`

ա. կեղծ տվյալներ հայտնելը,

բ. կեղծ փաստաթուղթ ներկայացնելը,

գ. որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը:

Կեղծ տվյալներ հայտնելը դրսևորվում է հանցագործի կողմից իրականությանը չհամապատասխանող, աղճատված տեղեկություններ հաղորդելով, որը մոլորության մեջ է գցում համապատասխան պատասխանատու անձին` ընտրողների ցուցակում գրանցվելու և քվեարկությանը մասնակցելու նպատակով:

Կեղծ փաստաթուղթ ներկայացնելը` որպես հիշյալ հանցագործության կատարման եղանակ, կատարվում է իրականությանը չհամապատասխանող փաստաթղթի օգտագործմամբ` ընտրողների ցուցակում գրանցվելու և ընտրելու նպատակով:

Որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը դրսևորվում է «ա» և «բ» կետերում նշվածից տարբերվող ցանկացած այլ եղանակով հիշյալ հանցանքը կատարելու մեջ:

Սուբյեկտիվ կողմից տվյալ հանցագործությունը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ կատարված լինելով: Այսինքն` հանցագործը պետք է գիտակցի մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելու հանգամանքը:

Իսկ քննարկվող հանցագործության սուբյեկտը տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձն է, որ կատարել է նկարագրված արարքը:

15. Այս վերլուծության լույսի ներքո հարկ եմ համարում անդրադառնալ հանցագործության օբյեկտիվ կողմի կատարման փորձի եղանակին: Այսպես` Դ.Ալեքսանյանն ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր նույնականացման քարտը, ապա սահմանված կարգով քվեարկելուց հետո կրկին անգամ նույն ընտրատեղամասում, իրավասու մարմինների կողմից իրեն տրված մեկ այլ փաստաթղթով` անձնագրով, փորձել է նորից քվեարկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքն արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը:

Այսինքն` Կարծիքի 14-րդ կետում ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի նկարագրության բացահայտված եղանակներից ամբաստանյալն ընտրել է իր հասարակական վտանգավորությամբ ամենանվազը, և ակնհայտ է, որ ընտրատեղամասերում ընտրողների գրանցման տեխնիկական սարքերի գործարկման պարագայում նույն անձին պատկանող թեկուզ և երկու տարբեր անձը հաստատող փաստաթղթով կրկին անգամ քվեարկելն անհնար է և հանգեցնում է հանցագործության փորձի մեխանիկորեն բացահայտմանը:

Այս առումով չեմ կարող համաձայնել Վճռաբեկ դատարանի մեծամասնության այն կարծիքի հետ, որ Առաջին ատյանի դատարանը համակողմանի գնահատման չի ենթարկել հանցանքի կատարման եղանակը, քանի որ, ինչպես նշվեց, ընտրված եղանակն ըստ էության, ի համեմատ մյուսների, առավել նվազ է իր վտանգավորության աստիճանով:

16. Ամբաստանյալ Դավիթ Ալեքսանյանը դատապարտվել է հիշյալ հանցագործությունը կատարելու փորձի համար, այսինքն` ձեռնամուխ է եղել հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացմանը, սակայն այն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ այնպիսի օբյեկտիվ հանգամանքներով, որոնք նա չէր նախատեսել կամ չէր կարողացել հաղթահարել: Հետևաբար Դ. Ալեքսանյանին չի հաջողվել ավարտել հանցագործությունը, ուստի այս դեպքում վրա չեն հասել նրա համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետևանքները:

17. Անդրադառնալով ամբաստանյալ Դ.Ալեքսանյանի անձը դրական բնութագրող տվյալներին, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներին` նախ հարկ է նշել, որ համաձայն չեմ Վճռաբեկ դատարանի կողմից չհերքված Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշման հետ, որ ամբաստանյալի կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չընդունելու պայմաններում իրատեսական չէ վերջինի կողմից կատարածի համար զղջալը, քանի որ առաջադրված մեղադրանքը չընդունելը նյութաիրավական և դատավարական հետևանքներ առաջացնող ամբաստանյալի կամարտահայտությունն է: Օրինակ` անձը պետք է համաձայն լինի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, որից հետո այլ հիմքերի և պայմանների առկայության պարագայում դատարանը քննարկի գործն արագացված դատաքննությամբ քննելու հնարավորությունը: Իսկ ինչ վերաբերում է զղջալուն, ապա այն արտացոլում է անձի հոգեբանական վերաբերմունքը կատարածի նկատմամբ:

Հետևաբար կարող է լինել դեպք, որ ամբաստանյալն ամբողջությամբ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և համաձայն է դրա միայն մի մասի հետ (թե՛ իրավաբանական որակման, թե՛ փաստական կողմի) և այդ մասով էլ զղջում է կատարածի համար: Այսինքն` առաջադրված մեղադրանքը չընդունելը մեխանիկորեն չի չեզոքացնում ամբաստանյալի զղջալու հնարավորությունը, և այլ հարց է, թե այդ պարագայում զղջալն արդյոք կոնկրետ դեպքում նվազեցնում է ամբաստանյալի անձի վտանգավորության աստիճանը, թե ոչ:

Վերաքննիչ դատարանը փաստել է Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը (բացառությամբ զղջալուն), սակայն միևնույն ժամանակ գտել է, որ դրանք բավարար չեն պատժի նպատակներին հասնելու համար: Իսկ Վճռաբեկ դատարանն իր հերթին համաձայնել է Վերաքննիչ դատարանի այդ դատողությունների հետ:

18. Մինչդեռ կարևոր է նշել, որ ամբաստանյալ Դ.Ալեքսանյանը դատապարտվել է միջին ծանրության հանցագործության փորձի համար, ինչն էականորեն նվազեցնում է կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, թեկուզ այն պատճառով, որ վրա չեն հասել հանցավորի համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետևանքները, այսինքն` տեղի չի ունեցել կրկնակի քվեարկություն:

Արձանագրված անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես, այն որ Դ.Ալեքսանյանը նախկինում դատված չի եղել, երիտասարդ է, ունի իր խնամքի տակ մանկահասակ մինչև տասնչորս տարեկան երեխա, ընտանիքի միակ կերակրողն է, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը վկայում են հանցավորի անձի նվազ վտանգավոր լինելու մասին:

19. Վերը նշված իրավական և փաստական հանգամանքների վերլուծության լույսի ներքո, հաշվի առնելով Դավիթ Ալեքսանյանի կատարած արարքի բնույթը, հանրորեն վտանգավոր հետևանքների բացակայությունը, հանցագործությունը կատարելու ընտրված եղանակը, անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում եմ, որ նման պայմաններում մատնանշված հանգամանքներն իրենց համակցությամբ բավարար էին հանգելու այն հետևության, որ Դ.Ալեքսանյանի ուղղվելը հնարավոր էր առանց պատիժը կրելու: Այս դեպքում վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` հնարավոր կլիներ իրագործել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները:

20. Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ, 361.1-րդ, 415-րդ, 419-րդ և 422-րդ հոդվածներով, չհամաձայնելով դատավորների մեծամասնության հետ` մնում եմ

 

հատուկ կարծիքի`

 

Ամբաստանյալ Դ.Ալեքսանյանի, նրա պաշտպաններ Ն.Բաղդասարյանի և Ռ.Սիրեկանյանի բողոքները պետք է բավարարվեին` ամբաստանյալ Դավիթ Սահակի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը բեկանվեր և ուժ տրվեր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 23-ի դատավճռին:

 

Դատավոր`    Ե. Դանիելյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.09.2018
N ՇԴ3/0037/01/17
Որոշում