Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ԵՇԴ/0990/02/16  

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0990/02/16   2018 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Ա. Հունանյան  

                       Լ. Գրիգորյան  

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ե. Խունդկարյան        

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Բարսեղյան          

                                              Ս. Անտոնյան

                                              Վ. Ավանեսյան  

                                              Մ. Դրմեյան

                                              Գ. Հակոբյան    

                                              Ռ. Հակոբյան   

                                              Ս. Միքայելյան   

                                              Տ. Պետրոսյան

                                              Ն. Տավարացյան

                        

2018 թվականի հուլիսի 06-ին

 

գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2017 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Արթուր Գրիգորյանի, Քրիստինե Մկրտչյանի, Հարություն Ումուրշատյանի, Վարդիթեր Կարադավուկյանի, Հասմիկ Հովհաննիսյանի, Վաչիկ Պետրոսյանի (այսուհետ` Դիմողներ)` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դիմողները պահանջել են տիրազուրկ ճանաչել և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքն իրենց կողմից օգտագործվող` Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 419 բնակարանի, Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 307/1 բնակարանի, Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10/1 շենքի թիվ 112/1 բնակարանի, Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 421 բնակարանի, Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 424 բնակարանի, Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10/1 շենքի թիվ 203/1 բնակարանի նկատմամբ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 07.03.2017 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.06.2017 թվականի որոշմամբ Դիմողների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 07.03.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարդիթեր Կարադավուկյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 25.09.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշման 4-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործի քննությունը պետք է իրականացվեր Քաղաքապետարանի մասնակցությամբ, քանի որ Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքը հանդիսացել է Շենգավիթ թաղային համայնքի սեփականությունը, որը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվել է Երևան համայնքին: ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 4-րդ կետի հիմքով էլ Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10/1 շենքի չսեփականաշնորհված բնակարանները համարվում են Երևան քաղաքի սեփականությունը, ուստի չեն հանդիսանում տիրազուրկ գույք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.06.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` դիմումը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

«Դողագործ» ՓԲԸ-ի արհկոմի նախագահության 28.12.2003 թվականի թիվ 24 նիստի որոշմամբ Վարդիթեր Կարադավուկյանին «Դողագործ» ՓԲԸ-ի գործարանի թիվ 5 հանրակացարանում տրամադրվել է մեկ սենյակ: Նշված որոշման հիման վրա Վարդիթեր Կարադավուկյանին տրամադրվել է թիվ 421 օրդերը, որով վերջինիս տրամադրվել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 421 սենյակը: 2003 թվականից մինչ օրս Վարդիթեր Կարադավուկյանը բնակվում է նշված հասցեում, վճարում է բոլոր կոմունալ ծախսերը և բնակարանի հետ կապված այլ ծախսեր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի ավտոդողերի գործարանի ադմինիստրացիայի, արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի որոշման հիման վրա 28.12.2003 թվականին տրված` հանրակացարանում բնակվելու իրավունքի թիվ 421 օրդերի համաձայն` Վարդիթեր Կարադավուկյանին հատկացվել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 հանրակացարանային շենքի թիվ 421 սենյակը (հատոր 1-ին, գ.թ. 5):

2) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 31 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 07.12.2015 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Վարդիթեր Կարադավուկյանը 2003 թվականից բնակվում է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 421 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 7):

3) Երևանի ավտոդողերի գործարանի ադմինիստրացիայի, արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի որոշման հիման վրա 28.12.2000 թվականին տրված` հանրակացարանում բնակվելու իրավունքի թիվ 112/1 օրդերի համաձայն` Հարություն Ումուրշատյանին հատկացվել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10/1 հանրակացարանային շենքի թիվ 112/1 սենյակը (հատոր 1-ին, գ.թ. 12):

4) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 31 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 09.03.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Հարություն Ումուրշատյանը 2000 թվականից բնակվում է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10/1 շենքի թիվ 112/1 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 11):

5) Երևանի ավտոդողերի գործարանի ադմինիստրացիայի, արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի որոշման հիման վրա 28.12.1996 թվականին տրված` հանրակացարանում բնակվելու իրավունքի թիվ 307/1 օրդերի համաձայն` Քրիստինե Մկրտչյանին հատկացվել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 հանրակացարանային շենքի թիվ 307/1 սենյակը (հատոր 1-ին, գ.թ. 15):

6) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 31 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 09.03.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Քրիստինե Մկրտչյանը 1996 թվականից բնակվում է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10/1 շենքի թիվ 307/1 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 16):

7) Երևանի ավտոդողերի գործարանի ադմինիստրացիայի, արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի որոշման հիման վրա 27.06.1997 թվականին տրված` հանրակացարանում բնակվելու իրավունքի թիվ 419 օրդերի համաձայն` Արթուր Գրիգորյանին հատկացվել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 հանրակացարանային շենքի թիվ 419 սենյակը (հատոր 1-ին, գ.թ. 22):

8) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 31 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 07.12.2015 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արթուր Գրիգորյանը 1997 թվականից բնակվում է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 419 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 20):

9) Երևանի ավտոդողերի գործարանի ադմինիստրացիայի, արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի որոշման հիման վրա 28.12.2003 թվականին տրված` հանրակացարանում բնակվելու իրավունքի թիվ 203/1 օրդերի համաձայն` Վաչիկ Պետրոսյանին հատկացվել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10/1 հանրակացարանային շենքի թիվ 203/1 սենյակը (հատոր 1-ին, գ.թ. 28):

10) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 31 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 09.03.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Վաչիկ Պետրոսյանը 2003 թվականից բնակվում է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10/1 շենքի թիվ 203/1 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 27):

11) Երևանի ավտոդողերի գործարանի ադմինիստրացիայի, արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի որոշման հիման վրա 28.12.2002 թվականին տրված հանրակացարանում բնակվելու իրավունքի թիվ 424 օրդերի համաձայն` Հասմիկ Հովհաննիսյանին հատկացվել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 հանրակացարանային շենքի թիվ 424 սենյակը (հատոր 1-ին, գ.թ. 31):

12) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 31 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 07.12.2015 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Հասմիկ Հովհաննիսյանը 2002 թվականից բնակվում է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 424 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 32):

13) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 06.11.2007 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2546368 վկայականի համաձայն` Երևանի Շենգավիթ համայնքի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի նկատմամբ գրանցված է Շենգավիթ համայնքի սեփականության իրավունքը (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

14) 20.01.2016 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի կողմից Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության համաձայն` շենքի տեխնիկական վիճակը գնահատվում է խիստ անբավարար և վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը, ըստ գործող շիննորմերի և հետազոտության մեթոդական ցուցումների չափորոշիչների, դասվում է 4-րդ աստիճանի: Շենքը պիտանի չէ շահագործման և ենթակա է ապամոնտաժման (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

15) Քաղաքապետարանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

  i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 25.09.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշման 4-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք սույն գործով կայացված Վերաքննիչ դատարանի որոշումը վերաբերում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ստորադաս դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները` պետական շահերի պաշտպանության հարցերով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:

ՀՀ սահմանադրական դատարանը 04.10.2016 թվականի թիվ ՍԴՈ-1310 որոշմամբ արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` նույն օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց ցանկը` նույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետի առկայության պարագայում սպառիչ չէ և չի արգելափակում գործին մասնակից չդարձված անձանց` վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունքը, երբ այդ ակտերը վերաբերում են տվյալ անձանց իրավունքներին ու պարտականություններին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով (2005 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ), անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, նշել է, որ այն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որն ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության բաղադրատարրերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է res jսdicata սկզբունքի հարգում: Վերջինս էլ նշանակում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջելու վերջնական և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և վեճը նորից լուծելու նպատակով: Գործը վերանայելու` վերադաս դատարանի իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերջնական և կատարման ենթակա դատական ակտի վիճարկումը թույլատրելի է միայն էական և անհետաձգելի հանգամանքների դեպքում (տե՛ս, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի ՄԻԵԴ-ի 24.07.2003 թվականի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետ 51-52):

Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից` գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, դիմումը մերժելով, պատճառաբանել է, որ Դիմողների կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ նշված անշարժ գույքերը Դիմողներին են փոխանցվել ի սեփականություն: Այսինքն` տիրապետողների մոտ բացակայում է այն համոզմունքը, որ նրանք գույքը ձեռք են բերել օրինական հիմքերով: Տիրապետողները չունեն բավարար հիմքեր ենթադրելու, որ նրանք այդ գույքերը տիրապետելու են որպես սեփականություն: Դատարանը փաստել է, որ անշարժ գույքերը Դիմողներին հատկացվել են միայն ժամանակավոր բնակության իրավունքով:

Վերաքննիչ դատարանը, Դիմողների վերաքննիչ բողոքը բավարարելով և Դատարանի վճիռը բեկանելով և փոփոխելով, պատճառաբանել է, որ սույն գործում առկա փաստերով հաստատվում է դիմողների` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, որպես սեփականը, տասը տարի անընդմեջ տիրապետելու և օգտագործելու փաստը:

Քաղաքապետարանը` որպես գործին մասնակից չդարձված անձ, վճռաբեկության կարգով բողոքարկելով Վերաքննիչ դատարանի որոշումը, նշել է, որ այն վերաբերում է իր իրավունքներին և վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է, մասնավորապես, հետևյալ փաստաթղթերը.

- 06.11.2007 թվականի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2546368 վկայականի պատճենը, որի համաձայն` Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքը սեփականության իրավունքով պատկանում է Շենգավիթ համայնքին:

- ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի կողմից 20.01.2016 թվականին տրված եզրակացության պատճենը, ըստ որի` Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի տեխնիկական վիճակը գնահատվում է խիստ անբավարար և վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը, ըստ գործող շիննորմերի և հետազոտության մեթոդական ցուցումների չափորոշիչների, դասվում է 4-րդ աստիճանի: Շենքը պիտանի չէ շահագործման և ենթակա է ապամոնտաժման:

Վճռաբեկ դատարանը, վերը նշվածը հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով, արձանագրում է հետևյալը.

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ավագանու ընտրությունից հետո այդ պահին Երևանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Երևանին: Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը:

ՀՀ կառավարության 05.02.2009 թվականի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 172-Ն որոշման համաձայն` ելնելով Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու և նրանց նոր բնակտարածություն տրամադրելու խնդիրները լուծելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է.

1. հաստատել Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը,

2. սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացվում են Երևանի քաղաքապետի կողմից` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների հաշվին կառուցվող բնակելի շենքերից.

2) համայնքների սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի մասով` նույն կետի 1-ին ենթակետում նշված գործառույթը Երևանի քաղաքապետն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրակացարանային շենքը նվիրատվության պայմանագրով Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնելուց հետո:

3. Բնակիչներին բնակարաններով ապահովելու և հանրակացարանային շենքերի քանդման աշխատանքների իրականացման պատասխանատու ճանաչել Երևանի քաղաքապետին, իսկ համակարգող` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշման 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները և պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների) համարվում են Երևան քաղաքի սեփականությունը:

Գործին մասնակից չդարձված անձանց կողմից դատական ակտի բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին, վճռաբեկ բողոքին կից ներկայացված փաստաթղթերին և վերոգրյալ իրավական ակտերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքը հանդիսացել է Շենգավիթ համայնքի սեփականությունը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի հիմքով փոխանցվել Երևան համայնքին` որպես սեփականություն: Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10/1 շենքի չսեփականաշնորհված բնակարանները ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման հիմքով հանդիսանում են Երևան քաղաքի սեփականությունը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը, որով բավարարվել է Դիմողների պահանջը` Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 և 10/1 շենքերի համապատասխան բնակարանները տիրազուրկ ճանաչելու և նշված բնակարանների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին, շոշափում է նաև Քաղաքապետարանի իրավունքները, հետևաբար կայացված դատական ակտը վերաբերում է Քաղաքապետարանի իրավունքներին, մինչդեռ վերջինս սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործը հարուցվել և քննվել է հատուկ վարույթի կարգով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան կամ հայց, կամ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկություններ: Այսպես, հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատարանի գործողությունը, որը կարգավորվում է քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերով: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են`

1) կողմի` խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն` հայց,

2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,

3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով:

Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով`

1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,

2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,

3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,

4) հատուկ վարույթում չկա նաև հայց:

Այսպիսով, հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն` հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը (տե՛ս, ըստ դիմումի Ասատուր Հարությունյանի թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյոք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ (տե՛ս, ըստ դիմումի Աշոտ Սիմոնյանի թիվ ԵԷԴ/0543/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով ներկայացված պահանջին, գտնում է, որ վերոնշյալ իրավաբանական փաստերի հաստատման հետ կապված առկա է իրավունքի մասին վեճ հետևյալ պատճառաբանությամբ. իրավունքի վերաբերյալ վեճի մասին վկայում է այն հանգամանքը, որ վիճելի գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու դիմումի կապակցությամբ վեճ է ծագել Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 419 բնակարանի, Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 307/1 բնակարանի, Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10/1 շենքի թիվ 112/1 բնակարանի, Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 421 բնակարանի, Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի թիվ 424 բնակարանի, Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10/1 շենքի թիվ 203/1 բնակարանի սեփականության իրավունքի վերաբերյալ: Բացի այդ, առերևույթ առկա է փոխադարձ կապ վիճելի բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքների ճանաչման և այդ բնակարանների նկատմամբ Քաղաքապետարանի իրավունքների միջև:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դիմողների դիմումը` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, պետք է թողնվի առանց քննության:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով հիմքով սույն գործով դիմումն առանց քննության թողնելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

i

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

i

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործով մի քանի հայցվորների կամ բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, իսկ մի քանի պատասխանողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, բացառությամբ այն դեպքի, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն: Այդ դեպքում պատասխանողները կրում են դատական ծախսերի փոխհատուցման համապարտ պարտականություն: Մասնաբաժինները որոշելու անհնարինության դեպքում դատական ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով նշել է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք է հանդիսանում իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականի ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` վերաքննիչ ատյանում դատական ակտի վերանայման վարույթում գործին մասնակից չդարձված անձանց այնպիսի իրավունքների ու պարտականությունների ընձեռումը, որոնք սահմանված են գործին մասնակցող անձանց համար: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ, որպես գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք, վերջիններս գործին մասնակցող անձանց իրավունքներից օգտվում և վերջիններիս համար սահմանված պարտականությունները կրում են ոչ միայն վերաքննիչ, այլ նաև` վճռաբեկ ատյանում:

i

Վերոգրյալով պայմանավորված` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործին մասնակից չդարձված անձինք, օգտվելով գործին մասնակցող անձանց բոլոր իրավունքներից և կրելով գործին մասնակցող անձանց համար սահմանված նույն պարտականությունները, մի կողմից` իրավունք ունեն պահանջելու դատական ծախսերի հատուցում, մյուս կողմից` կարող են նաև կրել գործին մասնակցող անձանց դատական ծախսերի հատուցման պարտականություն դատական ծախսերի բաշխման ընդհանուր կանոնին համապատասխան (տե՛ս, օրինակ, Լուսինե Ավագյանն ընդդեմ Համլետ և Սուսաննա Ճարոյանների թիվ ԵԱՆԴ/2466/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Նկատի ունենալով, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պահպանվել են իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականի ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումները` գործին մասնակից չդարձված անձանց` գործին մասնակցող անձանց իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կրելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախկինում հայտնած դիրքորոշումները կիրառելի են նաև ներկա կարգավորման պայմաններում:

Սույն գործով հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքի համար Քաղաքապետարանը վճարել է 120.000 ՀՀ դրամ, և վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթակա է հատուցման Դիմողների կողմից: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով Քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը Դիմողների կողմից ենթակա է հատուցման հավասար մասնաբաժիններով` յուրաքանչյուր դիմողից 20.000-ական ՀՀ դրամ, հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դիմողների կողմից ներկայացված պահանջները չեն բխում միևնույն նյութաիրավական հարաբերությունից ու փաստական հիմքերից և կարող էին քննության առնվել և ըստ էության լուծվել միմյանցից անկախ, հետևաբար Դիմողներից յուրաքանչյուրը պետք է փոխհատուցի իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը: Հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «գ» կետի հիմքով հատուկ վարույթի գործերով վճռաբեկ բողոքի համար սահմանված է բազային տուրքի տասնապատիկի չափով պետական տուրք, իսկ սույն գործով Դիմողներից յուրաքանչյուրը ներկայացրել է գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջներ, յուրաքանչյուր դիմողի մասով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքը կազմել է 20.000 ՀՀ դրամ, որպիսի չափով էլ նրանցից յուրաքանչյուրը պետք է կրի դատական ծախսը փոխհատուցելու պարտականություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2017 թվականի որոշումը և Արթուր Գրիգորյանի, Քրիստինե Մկրտչյանի, Հարություն ՈՒմուրշատյանի, Վարդիթեր Կարադավուկյանի, Հասմիկ Հովհաննիսյանի, Վաչիկ Պետրոսյանի դիմումը` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, թողնել առանց քննության:

2. Արթուր Գրիգորյանից, Քրիստինե Մկրտչյանից, Հարություն Ումուրշատյանից, Վարդիթեր Կարադավուկյանից, Հասմիկ Հովհաննիսյանից, Վաչիկ Պետրոսյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000-ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.07.2018
N ԵՇԴ/0990/02/16
Որոշում