Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ

    դատարանի որոշում                       ՎԴ/0243/05/15

    Վարչական գործ թիվ ՎԴ/0243/05/15        2018 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ա. Բաբայան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Ռ. Հակոբյան

զեկուցող` Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2018 թվականի նոյեմբերի 30-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն), «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ Կազմակերպության, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի հայցի ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության մերժումը և գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, պահանջված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության 24.11.2014 թվականի մերժումը, ինչպես նաև Ծառայության գործողությունները, որոնցով խոչընդոտվել են մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն և լուսաբանում կատարելը, ու Ծառայությանը պարտավորեցնել տրամադրել դիմումներով պահանջված տեղեկությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.04.2017 թվականի որոշմամբ Կազմակերպության, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.03.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ, 27.1-րդ, 43-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պահանջված տեղեկությունն ստանալը սահմանափակվել է առանց օրինական հիմքերի, որով խախտվել է տեղեկություն փնտրելու և ստանալու ազատության իրավունքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Ծառայությունը չունի դիտորդական առաքելության իրականացումը խոչընդոտելու և հայցվող տեղեկության տրամադրումը մերժելու օրենսդրական հիմք:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ տեղեկություն փնտրողի իրավունքը սահմանափակվել է անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանության պատճառաբանությամբ, որն առկա չէ, և այդ սահմանափակումը համաչափ չէ հետապնդվող նպատակին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշումը և «կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացվել է բաց մրցույթ (այսուհետ` Մրցույթ).

2) Կազմակերպությունը, մտադրություն ունենալով Մրցույթի նկատմամբ իրականացնելու դիտորդական առաքելություն, 20.11.2014 թվականին դիմել է Ծառայությանը` այդ նպատակով ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հստակեցնելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 65).

3) Ծառայության 24.11.2014 թվականի թիվ 18-401 մ/դ-14 գրությամբ Կազմակերպության 20.11.2014 թվականի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչները Մրցույթին կարող են ներկա գտնվել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ինչպես նաև Մրցույթին որպես դիտորդ հրավիրված լինելու պայմանով, մինչդեռ Մրցույթին մասնակցելու օրենքով նախատեսված դեպք առկա չէ, ինչպես նաև Կազմակերպությունը` որպես դիտորդ, հրավիրված չէ Մրցույթին (հատոր 1-ին, գ.թ. 66-67).

4) Կազմակերպությունը 25.11.2014 թվականին դիմել է Ծառայությանը` պահանջելով անցկացված Մրցույթի բոլոր փաստաթղթերը, այդ թվում` անձնական թերթիկները, հանձնաժողովի արձանագրությունները և գնահատման թերթիկները: Նույն բովանդակությամբ դիմումներ ներկայացրել են նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի լրագրողները (հատոր 1-ին, գ.թ. 63, հատոր 2-րդ, գ.թ. 13, 15).

5) Ի պատասխան Կազմակերպության 25.11.2014 թվականի դիմումի` Ծառայության 28.11.2014 թվականի թիվ 18-401 մ/դ-14 գրությամբ Կազմակերպությանը տեղեկացվել է, որ 25.11.2014 թվականին մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ` հարցազրույցի ձևով, որով ստուգվել են մրցույթին դիմած անձանց գործնական կարողությունները, իսկ հարցազրույցից հետո անցկացված քվեարկության արդյունքներով բոլոր վեց մասնակիցները դարձել են հաղթող: Միաժամանակ հայտնվել է, որ պահանջված մյուս տեղեկությունները և փաստաթղթերը չեն կարող տրամադրվել` պայմանավորված անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանման անհրաժեշտությամբ: Նույն հիմնավորմամբ պատասխաններ են տրամադրվել նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի լրագրողների նույնաբովանդակ դիմումներին (հատոր 1-ին, գ.թ. 64, հատոր 2-րդ, գ.թ. 12, 14).

6) Կազմակերպությունը 30.01.2015 թվականին դիմել է Ծառայությանը` անցկացված Մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջով` խնդրելով մանրամասնել, թե տվյալ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը որ մարմինն է ներկայացնում: Միաժամանակ խնդրել է տրամադրել մրցութային բոլոր փաստաթղթերը, այդ թվում` թափուր պաշտոնների հավակնորդների ինքնակենսագրությունը, հարցազրույցի հարցաշարերը, յուրաքանչյուր հավակնորդի գնահատման արդյունքներն ըստ հանձնաժողովի առանձին անդամների (հատոր 1-ին, գ.թ. 61).

7) Ծառայության 03.02.2015 թվականի թիվ 18-401 մ/դ-14 գրությամբ հայտնվել է, որ քննիչների նշանակման և ազատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և ծրագիր-հարցաշարը հրապարակված են Ծառայության կայքէջում: Միաժամանակ հայտնվել է, որ հավակնորդների ինքնակենսագրությունն անձնական կյանքին վերաբերող տեղեկություն է, որի տրամադրումը կարող է խախտել մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, իսկ Մրցույթի անցկացման կարգը չի նախատեսում հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ քվեարկության արդյունքի արձանագրում (հատոր 1-ին, գ.թ. 62).

8) Ի հավաստումն «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի կողմից Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացված բաց մրցույթի լուսաբանումն իրականացնելու մտադրության` վերջիններիս կողմից ներկայացվել է 25.11.2014 թվականին կայացած խոսակցության ձայնագրության էլեկտրոնային կրիչը (հատոր 2-րդ, գ.թ. 24):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` պետական մարմինների կողմից պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կամ նման պաշտոններ զբաղեցնելուն հավակնող անձանց վերաբերյալ տեղեկություն տրամադրելու առանձնահատկությունների մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է այն ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պետական մարմինը, որի տիրապետության տակ գտնվում է հայցվող տեղեկությունը` պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կամ նման պաշտոններ զբաղեցնելուն հավակնող անձանց վերաբերյալ, իրավունք ունի մերժելու դրա տրամադրումը` հիմք ընդունելով անձնական տեղեկության պահպանման անհրաժեշտությունը:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` մարդու և քաղաքացու` 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

i

Համանման դրույթներ է պարունակում նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը, որի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը, իսկ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում, ինչպես նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասում արտացոլվել են երկու ինքնուրույն, սակայն սերտ կապված, միմյանց լրացնող և երաշխավորող իրավունքներ: Դրանք են`

ա) յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք,

բ) յուրաքանչյուր ոք ունի տեղեկատվության ազատության իրավունք:

Նշված հոդվածում թվարկված բոլոր ազատությունները` խոսքի, քարոզչության, իրազեկման, կարծիքի, համոզմունքի, տեղեկատվության, զանգվածային տեղեկատվության, ինչպես նաև գրաքննությունից ազատությունը հավասարապես ունեն մեծ նշանակություն և չեն կարող կիրառվել առանց դրանց միջև համակարգային կապը հաշվի առնելու:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք: Դա հնարավորություն է տալիս անձին արտահայտելու (կամ չարտահայտելու) իր միտքը, բացատրելու իր վերաբերմունքը կոնկրետ դեպքերի նկատմամբ, ունենալու և պնդելու իր տեսակետը: Միաժամանակ ՀՀ Սահմանադրությունը կոնկրետացնում է խոսքի ազատության իրավունքի դրսևորումներից մեկը` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

Վերոգրյալ նորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ մի կողմից յուրաքանչյուր անձ իրավունք ունի փնտրելու, ստանալու, տարածելու տեղեկություն, որպիսի իրավունքին մյուս կողմից համապատասխանում է պետության պարտականությունը` ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց (անգործություն դրսևորելուց), որոնք կարող են խոչընդոտել նշված իրավունքի իրացմանը, եթե սահմանափակումները նախատեսված չեն օրենքով, և դա անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

Անհրաժեշտ է նշել, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածը երաշխավորում է տեղեկություն ստանալու ազատության մասով երեք կարևոր գործողություններ կատարելու իրավունք, որն արտահայտվում է տեղեկությունը փնտրելու, այն ստանալու կամ տարածելու եղանակով:

Տեղեկությունը փնտրելն արտահայտվում է անհրաժեշտ տեղեկույթի ստացմանն ուղղված գործողությունների կատարմամբ: Տեղեկությունն ստանալը տեղեկույթի փոխանցման գործընթացն է, որի արդյունքում տեղեկություն հայցող սուբյեկտն օժտվում է այն օգտագործելու հնարավորությամբ, այսինքն` սկսում է տիրապետել տեղեկության բովանդակությունը: Տեղեկության տարածումը գործունեություն է` ուղղված տեղեկությունն անորոշ թվով անձանց հասանելի դարձնելուն:

Նույնը վերաբերելի է նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին:

i

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

Անդրադառնալով վերոնշյալ հոդվածի բովանդակությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) գտել է, որ տեղեկություն որոնելու և ստանալու իրավունքը հանդիսանում է արտահայտվելու ազատության իրավունքի բովանդակությունը կազմող տարր, որը ներառում է հասարակության, ինչպես նաև անհատի հիմնական իրավունքը` հանրային շահի վերաբերյալ փնտրել և ստանալ տեղեկություն (տե՛ս, MAGYAR HELSINKI BIZOTTSAG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը, կետ 142):

Մեկ այլ գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տեղեկություն ստանալու իրավունքը պարտավորեցնում է կառավարությանը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց կամ անգործություն դրսևորելուց, որով կսահմանափակվի անձի` տեղեկություն ստանալու հիմնարար իրավունքը (տե՛ս, LEANDER v. SWEDEN գործով Եվրոպական դատարանի 26.03.1987 թվականի վճիռը, կետ 74):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արտահայտվելու իրավունքն անձի` Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող հիմնարար իրավունքներից մեկն է: Վերոնշյալ իրավունքի կարևորագույն բաղկացուցիչ տարրերն են սեփական կարծիք ունենալու և ազատ արտահայտվելու իրավունքը, ինչպես նաև տեղեկություններ, գաղափարներ որոնելու, պահանջելու, ստանալու և տարածելու իրավունքը, որոնց պատշաճ իրացման համար պետական մարմինները պետք է զերծ մնան օրենքով չնախատեսված միջամտությունից: Ի լրումն նշված տարրերի` արտահայտվելու իրավունքը ներառում է նաև պետական մարմիններից տեղեկություն ստանալու իրավունքը, ներառյալ` երբ նշված տեղեկությունը վերաբերում է հանրային շահերին: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ արտահայտվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ և ենթակա է որոշ սահմանափակումների: Ըստ այդմ, նշված իրավունքը ենթակա է սահմանափակումների օրենքով սահմանված կարգով` ելնելով պետական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ հասարակության անվտանգությունը պահպանելու, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակից:

Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ անդամ պետությունները, բացառությամբ որոշ դեպքերի, պետք է երաշխավորեն յուրաքանչյուրի իրավունքը ստանալ պետական փաստաթղթերը, որոնք պահպանվում են հանրային իշխանությունների կողմից: Եվրոպական դատարանը գտել է, որ պահանջվող տեղեկությունը, տվյալները կամ փաստաթղթերը պետք է ներկայացնեն հանրային շահագրգռվածություն, որպեսզի առաջանա դրանք բացահայտելու անհրաժեշտությունը: Նման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքերում, երբ այն նպատակ է հետապնդում ապահովել թափանցիկություն հանրային գործառույթների իրականացման ոլորտում, ինչպես նաև հասարակության հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ, ինչով հասարակության լայն զանգվածներին հնարավորություն է ընձեռվում մասնակցել հանրային կառավարմանը: Եվրոպական դատարանն ընդգծել է նաև, որ հանրային շահերին վերաբերվող տեղեկության բովանդակությունը կախված է յուրաքանչյուր գործի հանգամանքներից (տե՛ս, MAGYAR HELSINKI BIZOTTSAG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը, կետեր 145, 161, 162):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 25.11.1981 թվականի թիվ NR(81)19 հանձնարարականի 1-5-րդ կետերով նախատեսված սկզբունքների համաձայն` անդամ պետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ պետական մարմինների տրամադրության տակ գտնվող հայցվող տեղեկությունը, բացառությամբ օրենսդիր և դատական իշխանության մարմինների: Տեղեկության հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան արդյունավետ միջոցներ: Տեղեկության հասանելիությունը չի կարող մերժվել` պատրվակով, որ տեղեկություն հայցողը չունի հատուկ հետաքրքրություն տվյալ ոլորտում: Տեղեկության հասանելիությունը պետք է ապահովվի իրավահավասարության հիման վրա: Վերոհիշյալ սկզբունքները ենթակա են սահմանափակման միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակության օրինական շահերի պաշտպանության համար (ինչպես, օրինակ` ազգային անվտանգությունը, հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, երկրի տնտեսական բարեկեցությունը, հանցագործությունների կանխումը և կոնֆիդենցիալ տեղեկության բացահայտումը կանխելը), ինչպես նաև մասնավոր կյանքի և մասնավոր այլ իրավաչափ շահերի պաշտպանության համար` հաշվի առնելով յուրաքանչյուր անձի հատուկ հետաքրքրությունը պետական մարմիններում առկա այն տեղեկության առնչությամբ, որը վերաբերում է անձամբ իրեն:

Նույն հանձնարարականի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն` տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում համապատասխան պետական գերատեսչությունը օրենքի կամ պրակտիկայի համաձայն պետք է հիմնավորի մերժման պատճառները: Տեղեկության տրամադրման մերժման յուրաքանչյուր դեպք պետք է բողոքարկելի լինի:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշմամբ անդրադառնալով նշված նորմերին, արձանագրել է, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` խոսքի ազատության իրավունքը ներառում է նաև տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատությունը: Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է: Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 23.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1256 որոշմամբ վերլուծելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետը և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 25.11.1981 թվականի թիվ NR(81)19 հանձնարարականի վերը նշված կետերը, արձանագրել է, որ տեղեկություններ ստանալու իրավունքի իրագործման հիմնական օրենսդրական երաշխիքները սահմանվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Այն ունի ընդհանուր բնույթ, սահմանում է տեղեկատվության ոլորտում հիմնական սկզբունքները, տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակումները, տեղեկություններ ստանալու հայտի ներկայացման կարգը և այլն: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու իրավունքը պետության համար ստեղծում է պոզիտիվ պարտականություններ ապահովելու համապատասխան իրավունքի պատշաճ և արդյունավետ իրականացումը: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է իրականացվել տարբեր եղանակներով: Մասնավորապես` կախված տեղեկության բովանդակությունից և նշանակությունից, այն կարող է հասու լինել կա՛մ որպես պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություն, կա՛մ որպես օրենքով նախատեսված կարգով տրամադրվող տեղեկություն:

ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նշել է նաև, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում` կազմակերպություն, պետք է հնարավորություն ունենա իրավահավասարության պայմաններում պահանջելու կամ ծանոթանալու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող տեղեկությանը, եթե նման տեղեկության տրամադրումը չի խախտում հանրային շահերի կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, նույն օրենքից և իրավական այլ ակտերից: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են նույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է, նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` տեղեկությունն անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են` անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ): Նույն հոդվածի 3-րդ պարբերությունը սահմանել է նույն օրենքի իմաստով տեղեկատվության տնօրինողի հասկացությունը, որի համաձայն` տեղեկատվություն տնօրինողը` տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն են, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք: Նույն հոդվածի 6-րդ պարբերության համաձայն` հարցումը տեղեկություն փնտրելու և (կամ) դա ստանալու նպատակով նույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմումն է:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են տեղեկությունները գրանցելու, դասակարգելու և պահպանելու միասնական կարգի սահմանումը, տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը, տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը, հրապարակայնությունը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի համաձայն` տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը, տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն:

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և թափանցիկության էական նախապայմաններից մեկն է, որը երաշխավորվում է պետական մարմինների կողմից: Պետական մարմինների կողմից պահպանվող փաստաթղթերի կամ որոշակի տեղեկության տրամադրումը պետք է պայմանավորված լինի հանրային շահագրգռվածությամբ: Նման ձևով հասարակության վերահսկողության իրականացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեության վրա: Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ նշված իրավունքը բացարձակ չէ և ենթակա է որոշ իրավաչափ սահմանափակումների: Ընդ որում, նշված սահմանափակումները կիրառվում են այն դեպքում, երբ հայցվող տեղեկությունը պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեղեկության տրամադրման մերժման դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է գնահատման առարկա դարձվեն Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տեղեկության ազատության իրավունքի լույսի ներքո:

Նման պայմաններում անհրաժեշտ է դիտարկել Կոնվենցիայով պաշտպանվող ցանկացած երկու հիմնարար իրավունքների միջև բախման պայմաններում իրավունքներից որևէ մեկին նախապատվություն տալու դեպքերը: Մասնավորապես` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Եվրոպական դատարանը գտել է, որ Կոնվենցիայով հավասարապես պաշտպանվող երկու իրավունքների միջև ծագած հակասության դեպքում Դատարանը վճիռ կայացնելիս պետք է գնահատի մրցակցող շահերը: Եվրոպական դատարանը նշել է, որ պետք է հաշվի առնել ներգրավված տարբեր շահերի միջև ճիշտ հավասարակշռության գործադրման անհրաժեշտությունը (տե՛ս, BEDAT v. SWITZERLAND գործով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետեր 52, 54):

Այն, թե ինչպես և ինչ չափով է տեղեկության տրամադրման մերժումն անձի արտահայտվելու իրավունքին խոչընդոտ, պետք է գնահատվի յուրաքանչյուր գործով առանձին` տվյալ գործի հանգամանքների լույսի ներքո: Այդ իրավունքի շրջանակների հետագա սահմանման համար Եվրոպական դատարանը գտել է, որ պետք է հաշվի առնել հետևյալ չափորոշիչները`

1) տեղեկություն ստանալու պահանջի նպատակը,

2) փնտրվող տեղեկության բնույթը (տե՛ս, MAGYAR HELSINKI BIZOTTSAG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը, կետ 157):

Եվրոպական դատարանը, մինչև պարզելը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված որևէ իրավունք սահմանափակելիս ապահովվել է հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնական իրավունքների միջև ողջամիտ հավասարակշռությունը, նախ անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ չափորոշիչներին`

1) արդյո՞ք կիրառված սահմանափակումը եղել է օրինական և ոչ կամայական: Իրավունքի գերակայությունը, որը ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկն է, ընկած է Կոնվենցիայի բոլոր հոդվածների հիմքում: Հետևաբար ինչպես Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրությամբ ամրագրված, այնպես էլ Կոնվենցիայում ամրագրված ցանկացած իրավունքի նկատմամբ պետության միջամտությունը պետք է լինի «օրինական»: Օրինական միջամտությունը ենթադրում է, որ կիրառված միջոցը նախ պետք է իրավական հիմք ունենա ներպետական օրենսդրությամբ: Այնուհետև օրինականության սկզբունքը որոշակի պահանջներ է առաջադրում ներպետական օրենքի որակին, մասնավորապես` այն պետք է լինի շահագրգիռ անձանց համար հասանելի, հստակ և կանխատեսելի իր կիրառման մեջ (տե՛ս, Shchokin v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 14.10.2010 թվականի վճիռը, կետեր 50-58).

2) արդյո՞ք կիրառված սահմանափակումները կրել են իրավաչափ նպատակ: Օրինակ` որքանով է միջամտությունը հետապնդում այլոց իրավունքների պաշտպանության նպատակ (տե՛ս, CUMPANA and MAZARE v. Romania գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 86).

3) արդյո՞ք սահմանափակումն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: Եվրոպական դատարանը, անդրադառնալով այս սկզբունքի մեկնաբանությանը, նշել է, որ «անհրաժեշտ է» եզրույթը չունի այնպիսի ճկուն մեկնաբանության հնարավորություն, ինչպիսիք ունեն, օրինակ` «թույլատրելի», «նպատակահարմար», «ցանկալի» եզրույթները: Պայմանավորվող կողմերը սահմանափակումների կիրառման կապակցությամբ ունեն որոշակի, բայց ոչ անսահմանափակ հայեցողության ազատություն: Սակայն, միայն դատարանն է իրավասու վերջնական որոշում կայացնել այն մասին, թե այդ սահմանափակումները որքանով են համատեղելի Կոնվենցիայի հետ: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» արտահայտությունը նշանակում է, որ միջամտությունը Կոնվենցիայի հետ համատեղելի լինելու համար պետք է, inter alia, համապատասխանի «սոցիալական գերակա պահանջմունքներին» և համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին: Ընդ որում, իրավունքի սահմանափակումները բացառություններ են և պետք է սահմանափակ մեկնաբանվեն (տե՛ս, SILVER and OTHERS v. THE UNITED KINGDOM գործով Եվրոպական դատարանի 25.02.1983 թվականի վճիռը, կետ 97):

Վերոգրյալ իրավական վերլուծությունների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացվել է Մրցույթ: Կազմակերպությունը, մտադրություն ունենալով Մրցույթի նկատմամբ իրականացնել դիտորդական առաքելություն, 20.11.2014 թվականին դիմել է Ծառայությանը` այդ նպատակով ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հստակեցնելու պահանջով: Ծառայության 24.11.2014 թվականի թիվ 18-401 մ/դ-14 գրությամբ Կազմակերպության 20.11.2014 թվականի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչները Մրցույթին կարող են ներկա գտնվել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ինչպես նաև Մրցույթին որպես դիտորդ հրավիրված լինելու պայմանով, մինչդեռ Մրցույթին մասնակցելու օրենքով նախատեսված դեպք առկա չէ, ինչպես նաև Կազմակերպությունը` որպես դիտորդ, հրավիրված չէ Մրցույթին: Կազմակերպությունը 25.11.2014 թվականին դիմել է Ծառայությանը` պահանջելով անցկացված Մրցույթի բոլոր փաստաթղթերը, այդ թվում` անձնական թերթիկները, հանձնաժողովի արձանագրությունները և գնահատման թերթիկները: Նույն բովանդակությամբ դիմումներ ներկայացրել են նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի լրագրողները:

Ի պատասխան Կազմակերպության 25.11.2014 թվականի դիմումի` Ծառայության 28.11.2014 թվականի թիվ 18-401 մ/դ-14 գրությամբ Կազմակերպությանը տեղեկացվել է, որ 25.11.2014 թվականին մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ` հարցազրույցի ձևով, որով ստուգվել են մրցույթին դիմած անձանց գործնական կարողությունները, իսկ հարցազրույցից հետո անցկացված քվեարկության արդյունքներով բոլոր վեց մասնակիցները դարձել են հաղթող: Միաժամանակ հայտնվել է, որ պահանջված մյուս տեղեկությունները և փաստաթղթերը չեն կարող տրամադրվել` պայմանավորված անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանման անհրաժեշտությամբ: Նույն հիմնավորմամբ պատասխաններ են տրամադրվել նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի լրագրողների նույնաբովանդակ դիմումներին:

Կազմակերպությունը 30.01.2015 թվականին դիմել է Ծառայությանը` անցկացված Մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջով` խնդրելով մանրամասնել, թե տվյալ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը որ մարմինն է ներկայացնում: Միաժամանակ խնդրել է տրամադրել մրցութային բոլոր փաստաթղթերը, այդ թվում` թափուր պաշտոնների հավակնորդների ինքնակենսագրությունը, հարցազրույցի հարցաշարերը, յուրաքանչյուր հավակնորդի գնահատման արդյունքներն ըստ հանձնաժողովի առանձին անդամների: Ծառայության 03.02.2015 թվականի թիվ 18-401 մ/դ-14 գրությամբ հայտնվել է, որ քննիչների նշանակման և ազատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և ծրագիր-հարցաշարը հրապարակված են Ծառայության կայքէջում: Միաժամանակ հայտնվել է, որ հավակնորդների ինքնակենսագրությունն անձնական կյանքին վերաբերող տեղեկատվություն է, որի տրամադրումը կարող է խախտել մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, իսկ Մրցույթի անցկացման կարգը չի նախատեսում հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ քվեարկության արդյունքի արձանագրում:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն, որ մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչները մրցույթին կարող են ներկա գտնվել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կամ որպես դիտորդ հրավիրված լինելու դեպքում, մինչդեռ գործով պարզվել է, որ Ծառայությունը Կազմակերպությանը չի հրավիրել իրականացնելու դիտորդական առաքելություն. հետևաբար Կազմակերպության իրավունքները չեն խախտվել: Բացի այդ, պահանջվող տեղեկության բնույթն այնպիսին է, որ դրա ծավալում կարող են լինել այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են բացահայտել անձանց (հավակնորդների, հանձնաժողովի անդամների) անհատական տվյալներ, հետևապես պետք է եզրակացնել, որ տվյալ դեպքում տեղեկության տրամադրման սահմանափակումը` հավակնորդների անձնական թերթիկների, ինքնակենսագրությունների, մրցութային հանձնաժողովի անդամների մասով, բխում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված իրավակարգավորումից` այն փաստի հաշվառմամբ, որ պահանջվող տեղեկատվության ծավալում ընդգրկված են այնպիսի տվյալներ, որոնք առնվազն պարունակում են այդ անձանց վերաբերյալ անձնական տվյալներ, ուստի և դրանց բացահայտումն անվերապահորեն կխախտի այդ անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:

Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները` հավելելով, որ հայցվող տեղեկությունը չտրամադրելն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում, և անձնական տվյալների գաղտնիության ապահովմամբ հետապնդվել է հավակնորդների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության իրավաչափ նպատակ:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` ապացուցման բեռը կրում է գործողության կատարման հայցով` վարչական մարմինը` հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի մասով, և ֆիզիկական կամ իրավաբանական անձը` իր համար բարենպաստ փաստերի մասով, ճանաչման հայցով վարչական մարմինը` (...) որևէ կատարված գործողության կամ թույլ տրված անգործության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Կազմակերպությունը, ինչպես նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն, իրացնելով տեղեկություններ փնտրելու և ստանալու իրենց իրավունքը, նպատակ են ունեցել ստանալու տեղեկատվություն Ծառայության կողմից անցկացված Մրցույթի` մասնավորապես մրցութային հանձնաժողովի, թափուր հաստիքներում պաշտոնի նշանակվելուն հավակնող թեկնածուների և Մրցույթին առնչվող այլ փաստաթղթերի վերաբերյալ: Հետևաբար Ծառայության կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի հիմնավորմամբ կիրառված սահմանափակումները պետք է դիտարկվեն օրինականության, անհրաժեշտության և իրավաչափ նպատակ հետապնդելու չափորոշիչների լույսի ներքո:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 20.06.2017 թվականի թիվ ՍԴՈ-1374 որոշման շրջանակներում 21.02.2007 թվականին ընդունված (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասը և 117-րդ հոդվածի 5-րդ մասը դիտարկելով նաև 2015 փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացման համատեքստում, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների, հանրային վերահսկողության դերը պետության և հասարակության կյանքում, արձանագրել է, որ 2015 փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածում նշված արժեքի հարաբերակցությունն այլ սահմանադրական արժեքների հետ, մասնավորապես, 2015 փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածում ամրագրված` մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի և 34-րդ հոդվածում ամրագրված` անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ, որոշում է դրա հնարավոր սահմանափակումների բնույթը: Այս հանգամանքը հաշվի առնելով` օրենսդիրը պարտավոր է դատավորի պաշտոնի հավակնորդների որակավորման քննության ու հանրային գործառույթ իրականացնելու պիտանելիության գնահատման իրավակարգավորման հիմքում դնել այնպիսի տեղեկատվություն, ինչը մի կողմից կհամարվի անհրաժեշտ մրցույթ իրականացնելու և ընտրություն կատարելու համար, մյուս կողմից` վերաբերելով թեկնածուների հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին, մատչելի կլինի հասարակության համար ու կբարձրացնի պետաիշխանական լիազորություն ստանձնողի նկատմամբ հանրային վստահությունը: Առաջնորդվելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը, հանրային իշխանության գործողությունների թափանցիկությունը, հաշվետու գործունեությունը, հանրային-իրավական պատասխանատվությունն ապահովելու նկատառումներով` Սահմանադրական դատարանը գտել է, որ դատավորների թեկնածությունների ցուցակի կազմմանը և հաստատմանը նախորդող գործընթացներում հավակնորդի կողմից ներկայացված, հավակնորդի վերաբերյալ կազմվող (ստացվող) փաստաթղթերը, տեղեկությունները, դիտարկվող գործընթացների արդյունքները (դրանց վերաբերյալ տեղեկությունները), 2015 փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումների նպատակները հաշվի առնելով, պետք է լինեն բաց, թափանցիկ: Դրանք պետք է վերաբերեն ոչ թե թեկնածուների միջանձնային հարաբերություններում դրսևորվող անձնական կյանքին, այլ նրանց հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման պիտանելիությունը գնահատող որակներին: ՈՒստի նման տվյալները պետք է ներառվեն հավակնորդի, հետագայում` դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի անձնական գործում, ենթակա լինեն տրամադրման հավակնորդներին, երրորդ անձանց, այդ թվում` կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված հասարակական կազմակերպություններին: Նման տեղեկատվության տրամադրումն անհրաժեշտ է և ուղղված է դատական իշխանության ձևավորման նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետության ապահովմանը, հանրային իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության, քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը:

Նույն որոշմամբ անդրադառնալով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ հոդվածը սահմանափակում է այն տեղեկատվության մատչելիությունը, որը պարունակում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություն: Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված զեկույցը չի ներառում հավակնորդի մասնավոր կյանքի տարր: Առավել ևս, որ խոսքը վերաբերում է պետական պաշտոնի զբաղեցմանը հավակնելուն: Տվյալ պարագայում ժողովրդավարական պետության սկզբունքի շրջանակներում հասարակությունն իրավունք ունի հանրային վերահսկողություն սահմանելու հանրային իշխանության, տվյալ պետական պաշտոնը զբաղեցնելու համար որակավորման ստուգման ընթացակարգի նկատմամբ, այն արդարության և հավասարության պայմաններում անցկացնելու նկատառումներով, իրազեկ լինելու տվյալ պետական պաշտոնի հավակնորդի մասնագիտական ունակություններին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է այն փաստը, որ Ծառայությունը, ըստ էության, տեղեկություն ստանալու ազատության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի միջև առկա ենթադրական բախումը լուծել է` նախապատվությունը տալով երկրորդին: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում խոսքը նույնպես վերաբերել է պետական պաշտոն զբաղեցնել հավակնելուն, որի ընթացակարգը ժողովրդավարական հասարակությունում պետք է լինի բաց և թափանցիկ: Ընդ որում, խնդրո առարկա տեղեկությունները չեն կարող ենթակա լինել պաշտպանության` որպես անձնական տվյալներ այնքանով, որքանով դրանք վերաբերում են ոչ թե թեկնածուների միջանձնային հարաբերություններում դրսևորվող անձնական կյանքին, այլ նրանց հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման պիտանելիությունը գնահատող որակներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը, չունենալով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով պաշտպանության ենթակա համապատասխան օբյեկտ, ինչպես նաև վերը նշված սահմանափակումը համապատասխան օրենքով նախատեսված չլինելու պայմաններում սահմանափակել է Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացվելիք բաց մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու, անցկացվելիք Մրցույթի վերաբերյալ խնդրարկված բոլոր փաստաթղթերը և յուրաքանչյուր հավակնորդի գնահատման արդյունքները (ըստ հանձնաժողովի առանձին անդամների) ստանալու Կազմակերպության, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի` 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, անտեսել է տեղեկություն ստանալու ազատության` վերը նշված իրավական ակտերով նախատեսված երաշխիքների իրացումը` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Կազմակերպության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու մտադրությունը նույնպես նպատակ է հետապնդել ստանալու համապատասխան տեղեկությունները:

Ինչ վերաբերում է հայցվորներ «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի` Ծառայության գործողությունները, որոնցով խոչընդոտվել է մրցույթի լուսաբանում կատարելը, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջին, ապա դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

Դատարանը, նշված պահանջը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ էլեկտրոնային կրիչում առկա ձայնագրության ուսումնասիրությունից հստակ հնարավոր չէ արձանագրել, որ զրուցողները մի կողմից «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն են, իսկ մյուս կողմից Ծառայության համապատասխան պաշտոնատար անձինք են, և նշված փաստը հիմնավորող այլ ապացույցներ չեն ներկայացվել: Հետևաբար չեն հիմնավորվում հայցվորների փաստարկներն առ այն, որ Ծառայությունը խոչընդոտել է վերջիններիս` լուսաբանել Մրցույթի ընթացքը:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վերը նշված պատճառաբանությունները համարել է հիմնավոր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն են կրել ապացուցման բեռը` իրենց համար բարենպաստ փաստերի մասով: Ի հավաստումն «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի կողմից Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացված բաց մրցույթի լուսաբանումն իրականացնելու մտադրության` վերջիններիս կողմից ներկայացվել է միակ ապացույց հանդիսացող 25.11.2014 թվականին կայացած խոսակցության ձայնագրության էլեկտրոնային կրիչը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ էլեկտրոնային կրիչում առկա ձայնագրության ուսումնասիրությունից հստակ հնարավոր չէ հետևություն անել այն մասին, որ զրուցողները մի կողմից «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն են, իսկ մյուս կողմից` Ծառայության համապատասխան պաշտոնատար անձինք: Ավելին` հայտնի չէ ձայնագրում կատարելու հստակ օրը և ժամանակահատվածը: Հարկ է նշել նաև, որ նշված փաստը հիմնավորող այլ ապացույցներ հայցվորները չեն ներկայացրել: ՈՒստի, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված պահանջը մերժելու մասով ստորադաս դատարանների պատճառաբանությունները հիմնավոր են:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: (...) Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

Մինչև վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների (...) համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով:

Նույն խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքի (...) համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով:

Նույն խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի 20-պատիկի չափով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմում, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար գանձվող պետական տուրքի չափը ենթակա է որոշման ըստ պահանջների բնույթի, քանակի և բողոքարկման ծավալի: Ընդ որում, գործով մի քանի բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը պետք է կրի իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, բացառությամբ այն դեպքի, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն կամ անհնարին է որոշել մասնաբաժինները: Տվյալ դեպքում սույն գործով ներկայացված հայցի հիման վրա հարուցված վարչական գործով քննության առարկա են յոթ ոչ գույքային ինքնուրույն պահանջներ, որոնք Դատարանը մերժել է, և Վերաքննիչ դատարանը Դատարանի 14.03.2016 թվականի վճիռը թողել է անփոփոխ, ու Վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշումը բողոքարկված է ողջ ծավալով: Ընդ որում, ՀՀ վարչական դատարանի 09.03.2015 թվականի, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.08.2016 թվականի և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2017 թվականի որոշումներով հետաձգվել են համապատասխան պետական տուրքերի վճարումները:

Հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցադիմումի, վերաքննիչ բողոքի և վճռաբեկ բողոքի համար հետաձգված պետական տուրքի վճարման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի ուժով բավարարվելիք հայցապահանջների մասով պետք է կրի Ծառայությունը, իսկ մերժվելիք պահանջի մասով պետք է կրեն «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն, որի դեպքում Ծառայությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու, 50.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 100.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար, իսկ «ՕՉՈԱ» ՍՊԸ-ից և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման յուրաքանչյուրից 4.000-ական ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու, 10.000-ական ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 20.000-ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 14.03.2016 թվականի վճիռը` ՀՀ հատուկ քննչական ծառայության 24.11.2014 թվականի մերժումը, այն է` տեղեկատվություն տրամադրելը մերժելու գործողությունները, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջները մերժելու մասով անփոփոխ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` հայցը բավարարել մասնակիորեն` ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ հատուկ քննչական ծառայության 24.11.2014 թվականի մերժումը, այն է` տեղեկատվություն տրամադրելը մերժելու գործողությունները, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու գործողությունները և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը պարտավորեցնել տրամադրել դիմումներով խնդրարկված տեղեկատվությունը:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վարչական դատարանի 09.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 50.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ու 100.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«ՕՉՈԱ» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վարչական դատարանի 09.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ու 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վարչական դատարանի 09.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ու 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.11.2018
N ՎԴ/0243/05/15
Որոշում