Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Սնանկության գործ

    դատարանի որոշում                          թիվ ԱՐԱԴ/0010/04/15

    Սնանկության գործ թիվ ԱՐԱԴ/0010/04/15      2019թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Գ. Խանդանյան

                       Ա. Սմբատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մարտի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ ֆինանսների նախարարության Աշտարակի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ «Մակորշին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.02.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2016 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 16.08.2017 թվականի «Սնանկության գործով միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի դեմ պարտատիրոջ առարկությունների քննության վերաբերյալ» որոշմամբ Բանկի առարկությունների քննարկման արդյունքում Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից հաստատված և 26.07.2017 թվականին Դատարան ներկայացված` պարտապանի միջոցների միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.08.2017 թվականի «Սնանկության գործով միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի դեմ պարտատիրոջ առարկությունների քննության վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կառավարչի օգնականի աշխատավարձը չի կարող ներառվել միջանկյալ բաշխման ծրագրում, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են միայն գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

Թեև Բանկը քվեարկել է օգնականի հաստիքի նախատեսման օգտին, սակայն դրանից չի հետևում, որ կառավարիչը պետք է օգնականի վարձատրությունը նախատեսի գրավադրված գույքի վաճառքից ստացված գումարի հաշվին, քանի որ օրենքով դա ուղղակիորեն արգելված է, հետևաբար նշված գումարը բաշխման ծրագրով նախատեսելը հակասում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կառավարիչը միջանկյալ բաշխման ծրագրում ներառել է նաև 1.320.000 ՀՀ դրամ` որպես գույքի պահպանության համար անհրաժեշտ ծախս, սակայն այդ գումարի առաջացման հիմքում ընկած ապացույցները չի ներկայացրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.02.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 21.04.2016 թվականին ներկայացված պահանջով Բանկը խնդրել է իրեն ճանաչել որպես Ընկերության` գրավով ապահովված պահանջատեր` 5.958.399,02 ԱՄՆ դոլար, 52.500.000 ՀՀ դրամ, 54.000 ՀՀ դրամ, 58.550 ԱՄՆ դոլար, 540.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 1.467.206,14 ԱՄՆ դոլար պարտավորության չափով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 68-71).

2) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից 26.07.2017 թվականին Դատարան ներկայացված «Բաշխման մասին հաշվետվության» (այսուհետ` Հաշվետվություն) համաձայն` Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և Բանկում գրավադրված «IVECO 350» մակնիշի մեքենան և «JCB 3 CX» էքսկավատոր-բարձիչը 14.07.2017 թվականին անցկացված կրկնակի աճուրդի արդյունքում վաճառվել են 15.238.539 ՀՀ դրամով: Ընկերության սնանկության գործով հատուկ հաշվին առկա է 15.390.924 ՀՀ դրամ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 103).

3) Հաշվետվությանը կից միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագրի համաձայն` 15.390.924 ՀՀ դրամ բաշխվող գումարից 2.505.000 ՀՀ դրամը հաշվարկվել է որպես վարչական ծախս, այդ թվում` 600.000 ՀՀ դրամ` որպես տարածքի վարձակալության գումար, 1.320.000 ՀՀ դրամ` որպես գույքի պահպանության գումար, 480.000 ՀՀ դրամ` որպես վարչական աշխատողի ծախս, 105.000 ՀՀ դրամ` որպես գրասենյակային և այլ ծախսեր: Բանկի պահանջի մասնակի մարմանն է ուղղվել 11.216.974 ՀՀ դրամ: 1.077.365 ՀՀ դրամ հաշվարկվել է որպես կառավարչի վարձատրության գումար, 152.385 ՀՀ դրամ` որպես աճուրդի մասնակցության վճար, 439.200 ՀՀ դրամ` որպես եկամտային հարկ աշխատավարձերից:

Միջանկյալ բաշխման ծրագրի` վարչական ծախսերին վերաբերող Հավելված 3-ի համաձայն` 01.07.2016 թվականին «Արարատշինմոնտաժ» ԲԲԸ-ի հետ կնքված տարածքի վարձակալության պայմանագրի համաձայն` 6 ամսվա ընթացքում հաշվարկվել է ամսական 100.000 ՀՀ դրամ ծախս` ընդհանուր 600.000 ՀՀ դրամ: Գույքի պահպանության իրականացման համար պայմանագրեր են կնքվել 2 պահակների հետ, որոնց համար 6 ամսվա ընթացքում հաշվարկվել է 1.320.000 ՀՀ դրամ աշխատավարձ: Պարտատերերի ժողովում հաստատվել է կառավարչի օգնականի հաստիք` ամսական 80.000 ՀՀ դրամով, և 6 ամսվա համար հաշվարկվել է 480.000 ՀՀ դրամ աշխատավարձ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 104-105).

4) 23.05.2016 թվականի Ընկերության պարտատերերի 1-ին ժողովի արձանագրության համաձայն` որոշվել է հաստատել կառավարչի օգնականի հաստիք` 80.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Քվեարկությանը կողմ է քվեարկել նաև Բանկի ներկայացուցիչը (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 78-79):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործով կառավարիչը պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի վճարումը, կառավարչի վարձատրությունը և ապահովված պարտատիրոջ պահանջները չբավարարելու պայմաններում իրավասու է այդ միջոցներն ուղղելու այլ վճարների կատարմանը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),

- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- պարտադիր սոցիալական վճարները,

- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ ֆինանսների նախարարության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Մակորշին» ՍՊԸ-ի որոշմամբ անդրադառնալով վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությանը, արձանագրել է, որ պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները բաշխվում են համապատասխան հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Ընդ որում, չապահովված պահանջների բավարարման հերթականության մեջ առաջնահերթության կարգով բավարարվում է կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, իսկ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Այսինքն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումը բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Ընդ որում, օրենսդիրը տարբերակում է մտցրել ապահովված և չապահովված պարտատերերի պահանջների բավարարման հարցում` գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն առաջնահերթ նախատեսելով ավելի նեղ շրջանակի համար:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սնանկության վարույթում պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի, ինչպես նաև կառավարչի վարձատրության արտահերթ վճարում նախատեսելով, ըստ էության նպատակ է հետապնդել կանոնակարգելու պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների վճարումը` դրանով իսկ սահմանելով հերթականություն` պարտապանի գրավադրված գույքի և այլ ակտիվների իրացման արդյունքում դրամական բավարարում ստանալու իրավունք ունեցող անձանց համար: Այսինքն` քանի դեռ չեն վճարվել պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները, այլ պահանջների բավարարում կամ ծախսերի հատուցում չի կարող իրականացվել (տե՛ս, թիվ ԱՐԱԴ/0010/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությանը պատկանող և Բանկում գրավադրված «IVECO 350» մակնիշի մեքենան և «JCB 3 CX» էքսկավատոր-բարձիչը 14.07.2017 թվականին անցկացված կրկնակի աճուրդի արդյունքում վաճառվել են 15.238.539 ՀՀ դրամով: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Դատարան ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի համաձայն` որպես վարչական ծախս հաշվարկվել է 2.505.000 ՀՀ դրամ, որից` 480.000 ՀՀ դրամ` որպես կառավարչի օգնականի աշխատավարձ, 1.320.000 ՀՀ դրամ` որպես գույքի պահպանության գումար: Բանկի պահանջի մասնակի մարմանն է ուղղվել 11.216.974 ՀՀ դրամ: Միջանկյալ բաշխման ծրագրի` վարչական ծախսերին վերաբերող Հավելված 3-ի համաձայն` 01.07.2016 թվականին «Արարատշինմոնտաժ» ԲԲԸ-ի հետ կնքված տարածքի վարձակալության պայմանագրի համաձայն` 6 ամսվա ընթացքում հաշվարկվել է ամսական 100.000 ՀՀ դրամ ծախս` ընդհանուր 600.000 ՀՀ դրամ: Գույքի պահպանության իրականացման համար պայմանագրեր են կնքվել 2 պահակների հետ, որոնց համար 6 ամսվա ընթացքում հաշվարկվել է 1.320.000 ՀՀ դրամ աշխատավարձ:

Դատարանը, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից հաստատված և 26.07.2017 թվականին Դատարան ներկայացված պարտապանի միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ Բանկը պարտատերերի առաջին ժողովում գրավադրված գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի, այդ թվում` կառավարչի օգնականի վարձատրության վերաբերյալ, իր համաձայնությունն է տվել, որն արտահայտվել է տվյալ հարցի քվեարկությանը մասնակցելով և քվեարկության արդյունքում ժողովի համապատասխան որոշման ընդունմամբ: Գույքի պահպանության ծախսերի մասով Դատարանն արձանագրել է, որ գույքի պահպանության համար միջոցներ ձեռնարկելը կառավարչի լիազորությունն է, և կառավարիչն իրավունք ունի ընտրելու պահպանության համար անհրաժեշտ եղանակները:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ պարտատերերի ժողովում Բանկը կողմ է քվեարկել կառավարչի օգնականի հաստիքի սահմանման համար, ինչի արդյունքում էլ հաստատվել է կառավարչի օգնականի հաստիքը` ամսական 80.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Ավելին` բոլոր գույքերի պահպանման, կառավարչի վարձատրության, ինչպես նաև կառավարչի կողմից իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը կարող էին կատարվել բացառապես Բանկում գրավադրված գույքերի հաշվին, քանի որ այլ գույք առկա չէ, որպիսի պայմաններում կառավարչի օգնականի աշխատավարձը ենթակա էր վճարման հենց այդ միջոցների հաշվին: Գույքի պահպանության ծախսերի մասով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ միջանկյալ բաշխման ծրագրում նշվել են 1.320.000 ՀՀ դրամ ծախսի առաջացման հիմնավորումները, այն է` գույքը վարձակալելու և պահակների վարձատրության գումար, այնպես էլ այդ գումարի առաջացման աղբյուրները` վարձակալության և աշխատանքային պայմանագրեր:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նշված հոդվածում ամրագրված է իրավական պետության կարևորագույն սկզբունքներից մեկը` օրինականության սկզբունքը: Օրինականության սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքների վրա, այլ խոսքով` Սահմանադրությունը կամ օրենքը պետք է լիազորի պետական մարմնին գործելու կամ չգործելու:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, կառավարչի վարձատրությունը, ինչպես նաև բավարարվում են ապահովված պարտատիրոջ պահանջները: Այսինքն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն այլ ուղղություններով բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը և կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները: Սույն գործի պարագայում Ընկերությանը պատկանող և Բանկում գրավադրված գույքերը վաճառվել են 15.238.539 ՀՀ դրամով, որպիսի դրամական միջոցները ամբողջությամբ պետք է ուղղվեին գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսեր հատուցելուն, կառավարչին վարձատրելուն և ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջությամբ բավարարելուն, ինչը տեղի չի ունեցել: Փոխարենը, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանը գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից բաշխում է նախատեսել նաև կառավարչի օգնականի վարձատրության համար, ինչը հաստատվել է դատարանների կողմից, այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությունը նման կարգավորում չի նախատեսել, և դրա կիրառումը հակասում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Հետևաբար անգամ Բանկի կողմից պարտատերերի ժողովին առարկություն չներկայացնելը չի բացառում «Սնանկության մասին» ՀՀ օրենքով հստակ կերպով սահմանված կարգավորումը` գրավադրված գույքից ստացված միջոցների բաշխման ուղղությունների վերաբերյալ, դատարանների կողմից կիրառելու համար:

Ինչ վերաբերում է գրավադրված գույքի վաճառքից գույքի պահպանությանն ուղղված ծախսերին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանը չի ներկայացրել այդ գումարների առաջացման համար հիմք հանդիսացող ապացույցները` միջանկյալ բաշխման ծրագրում նշված համապատասխան պայմանագրերը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ միայն միջանկյալ բաշխման ծրագրում ծախսերի առաջացման համար հիմք հանդիսացած ապացույցները վկայակոչելը բավարար չէ, այլ անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխան ապացույցները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի բողոքը հիմնավոր է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 08.02.2018 թվականի որոշումը բեկանելու և գործը` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2018 թվականի որոշումը և գործը` «Մակորշին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԱՐԱԴ/0010/04/15 սնանկության գործով 25.03.2019

թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2019 թվականի մարտի 25-ին գրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ ֆինանսների նախարարության Աշտարակի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ «Մակորշին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2018 թվականի որոշումը և գործը` «Մակորշին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության»:

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.02.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2016 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 16.08.2017 թվականի «Սնանկության գործով միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի դեմ պահանջատիրոջ առարկությունների քննության վերաբերյալ» որոշմամբ Բանկի առարկությունների քննարկման արդյունքում Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից հաստատված և 26.07.2017 թվականին Դատարան ներկայացված` պարտապանի միջոցների միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.08.2017 թվականի «Սնանկության գործով միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի դեմ պարտատիրոջ առարկությունների քննության վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

«Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կառավարչի օգնականի աշխատավարձը չի կարող ներառվել միջանկյալ բաշխման ծրագրում, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են միայն գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

Թեև Բանկը քվեարկել է օգնականի հաստիքի նախատեսման օգտին, սակայն դրանից չի հետևում, որ կառավարիչը պետք է օգնականի վարձատրությունը նախատեսի գրավադրված գույքի վաճառքից ստացված գումարի հաշվին, քանի որ օրենքով դա ուղղակիորեն արգելված է, հետևաբար նշված գումարը բաշխման ծրագրով նախատեսելը հակասում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կառավարիչը միջանկյալ բաշխման ծրագրում ներառել է նաև 1.320.000 ՀՀ դրամ` որպես գույքի պահպանության համար անհրաժեշտ ծախս, սակայն այդ գումարի առաջացման հիմքում ընկած ապացույցները չի ներկայացրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.02.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանը նշել է, որ`

«1) 21.04.2016 թվականին ներկայացված պահանջով Բանկը խնդրել է իրեն ճանաչել որպես Ընկերության` գրավով ապահովված պահանջատեր` 5.958.399,02 ԱՄՆ դոլար, 52.500.000 ՀՀ դրամ, 54.000 ՀՀ դրամ, 58.550 ԱՄՆ դոլար, 540.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 1.467.206,14 ԱՄՆ դոլար պարտավորության չափով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 68-71).

2) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից 26.07.2017 թվականին Դատարան ներկայացված «Բաշխման մասին հաշվետվության» (այսուհետ` Հաշվետվություն) համաձայն` Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և Բանկում գրավադրված «IVECO 350» մակնիշի մեքենան և «JCB 3 CX» էքսկավատոր-բարձիչը 14.07.2017 թվականին անցկացված կրկնակի աճուրդի արդյունքում վաճառվել են 15.238.539 ՀՀ դրամով: Ընկերության սնանկության գործով հատուկ հաշվին առկա է 15.390.924 ՀՀ դրամ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 103).

3) Հաշվետվությանը կից միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագրի համաձայն` 15.390.924 ՀՀ դրամ բաշխվող գումարից 2.505.000 ՀՀ դրամը հաշվարկվել է որպես վարչական ծախս, այդ թվում` 600.000 ՀՀ դրամ` որպես տարածքի վարձակալության գումար, 1.320.000 ՀՀ դրամ` որպես գույքի պահպանության գումար, 480.000 ՀՀ դրամ` որպես վարչական աշխատողի ծախս, 105.000 ՀՀ դրամ` որպես գրասենյակային և այլ ծախսեր: Բանկի պահանջի մասնակի մարմանն է ուղղվել 11.216.974 ՀՀ դրամ: 1.077.365 ՀՀ դրամ հաշվարկվել է որպես կառավարչի վարձատրության գումար, 152.385 ՀՀ դրամ` որպես աճուրդի մասնակցության վճար, 439.200 ՀՀ դրամ` որպես եկամտային հարկ աշխատավարձերից:

Միջանկյալ բաշխման ծրագրի` վարչական ծախսերին վերաբերող Հավելված 3-ի համաձայն` 01.07.2016 թվականին «Արարատշինմոնտաժ» ԲԲԸ-ի հետ կնքված տարածքի վարձակալության պայմանագրի համաձայն` 6 ամսվա ընթացքում հաշվարկվել է ամսական 100.000 ՀՀ դրամ ծախս` ընդհանուր 600.000 ՀՀ դրամ: Գույքի պահպանության իրականացման համար պայմանագրեր են կնքվել 2 պահակների հետ, որոնց համար 6 ամսվա ընթացքում հաշվարկվել է 1.320.000 ՀՀ դրամ աշխատավարձ: Պարտատերերի ժողովում հաստատվել է կառավարչի օգնականի հաստիք` ամսական 80.000 ՀՀ դրամով, և 6 ամսվա համար հաշվարկվել է 480.000 ՀՀ դրամ աշխատավարձ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 104-105).

4) 23.05.2016 թվականի Ընկերության պարտատերերի 1-ին ժողովի արձանագրության համաձայն` որոշվել է հաստատել կառավարչի օգնականի հաստիք` 80.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Քվեարկությանը կողմ է քվեարկել նաև Բանկի ներկայացուցիչը (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 78-79)»:

 

4. Որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշվել են, որ`

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում կրկին անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործով կառավարիչը պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի վճարումը, կառավարչի վարձատրությունը և ապահովված պարտատիրոջ պահանջները չբավարարելու պայմաններում իրավասու է այդ միջոցներն ուղղելու այլ վճարների կատարմանը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),

- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- պարտադիր սոցիալական վճարները,

- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ ֆինանսների նախարարության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Մակորշին» ՍՊԸ-ի որոշմամբ անդրադառնալով վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությանը, արձանագրել է, որ պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները բաշխվում են համապատասխան հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Ընդ որում, չապահովված պահանջների բավարարման հերթականության մեջ առաջնահերթության կարգով բավարարվում է կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, իսկ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Այսինքն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումը բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Ընդ որում, օրենսդիրը տարբերակում է մտցրել ապահովված և չապահովված պարտատերերի պահանջների բավարարման հարցում` գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն առաջնահերթ նախատեսելով ավելի նեղ շրջանակի համար:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սնանկության վարույթում պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի, ինչպես նաև կառավարչի վարձատրության արտահերթ վճարում նախատեսելով, ըստ էության նպատակ է հետապնդել կանոնակարգելու պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների վճարումը` դրանով իսկ սահմանելով հերթականություն` պարտապանի գրավադրված գույքի և այլ ակտիվների իրացման արդյունքում դրամական բավարարում ստանալու իրավունք ունեցող անձանց համար: Այսինքն` քանի դեռ չեն վճարվել պարտապանի գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները, այլ պահանջների բավարարում կամ ծախսերի հատուցում չի կարող իրականացվել (տե՛ս, թիվ ԱՐԱԴ/0010/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությանը պատկանող և Բանկում գրավադրված «IVECO 350» մակնիշի մեքենան և «JCB 3 CX» էքսկավատոր-բարձիչը 14.07.2017 թվականին անցկացված կրկնակի աճուրդի արդյունքում վաճառվել են 15.238.539 ՀՀ դրամով: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Դատարան ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի համաձայն` որպես վարչական ծախս հաշվարկվել է 2.505.000 ՀՀ դրամ, որից` 480.000 ՀՀ դրամ` որպես կառավարչի օգնականի աշխատավարձ, 1.320.000 ՀՀ դրամ` որպես գույքի պահպանության գումար: Բանկի պահանջի մասնակի մարմանն է ուղղվել 11.216.974 ՀՀ դրամ: Միջանկյալ բաշխման ծրագրի` վարչական ծախսերին վերաբերող Հավելված 3-ի համաձայն` 01.07.2016 թվականին «Արարատշինմոնտաժ» ԲԲԸ-ի հետ կնքված տարածքի վարձակալության պայմանագրի համաձայն` 6 ամսվա ընթացքում հաշվարկվել է ամսական 100.000 ՀՀ դրամ ծախս` ընդհանուր 600.000 ՀՀ դրամ: Գույքի պահպանության իրականացման համար պայմանագրեր են կնքվել 2 պահակների հետ, որոնց համար 6 ամսվա ընթացքում հաշվարկվել է 1.320.000 ՀՀ դրամ աշխատավարձ:

Դատարանը, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից հաստատված և 26.07.2017 թվականին Դատարան ներկայացված պարտապանի միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ Բանկը պարտատերերի առաջին ժողովում գրավադրված գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի, այդ թվում` կառավարչի օգնականի վարձատրության վերաբերյալ, իր համաձայնությունն է տվել, որն արտահայտվել է տվյալ հարցի քվեարկությանը մասնակցելով և քվեարկության արդյունքում ժողովի համապատասխան որոշման ընդունմամբ: Գույքի պահպանության ծախսերի մասով Դատարանն արձանագրել է, որ գույքի պահպանության համար միջոցներ ձեռնարկելը կառավարչի լիազորությունն է, և կառավարիչն իրավունք ունի ընտրելու պահպանության համար անհրաժեշտ եղանակները:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ պարտատերերի ժողովում Բանկը կողմ է քվեարկել կառավարչի օգնականի հաստիքի սահմանման համար, ինչի արդյունքում էլ հաստատվել է կառավարչի օգնականի հաստիքը` ամսական 80.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Ավելին` բոլոր գույքերի պահպանման, կառավարչի վարձատրության, ինչպես նաև կառավարչի կողմից իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը կարող էին կատարվել բացառապես Բանկում գրավադրված գույքերի հաշվին, քանի որ այլ գույք առկա չէ, որպիսի պայմաններում կառավարչի օգնականի աշխատավարձը ենթակա էր վճարման հենց այդ միջոցների հաշվին: Գույքի պահպանության ծախսերի մասով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ միջանկյալ բաշխման ծրագրում նշվել են 1.320.000 ՀՀ դրամ ծախսի առաջացման հիմնավորումները, այն է` գույքը վարձակալելու և պահակների վարձատրության գումար, այնպես էլ այդ գումարի առաջացման աղբյուրները` վարձակալության և աշխատանքային պայմանագրեր:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նշված հոդվածում ամրագրված է իրավական պետության կարևորագույն սկզբունքներից մեկը` օրինականության սկզբունքը: Օրինականության սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքների վրա, այլ խոսքով` Սահմանադրությունը կամ օրենքը պետք է լիազորի պետական մարմնին գործելու կամ չգործելու:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, կառավարչի վարձատրությունը, ինչպես նաև բավարարվում են ապահովված պարտատիրոջ պահանջները: Այսինքն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն այլ ուղղություններով բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը և կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները: Սույն գործի պարագայում Ընկերությանը պատկանող և Բանկում գրավադրված գույքերը վաճառվել են 15.238.539 ՀՀ դրամով, որպիսի դրամական միջոցները ամբողջությամբ պետք է ուղղվեին գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսեր հատուցելուն, կառավարչին վարձատրելուն և ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջությամբ բավարարելուն, ինչը տեղի չի ունեցել: Փոխարենը, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանը գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից բաշխում է նախատեսել նաև կառավարչի օգնականի վարձատրության համար, ինչը հաստատվել է դատարանների կողմից, այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությունը նման կարգավորում չի նախատեսել, և դրա կիրառումը հակասում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Հետևաբար անգամ Բանկի կողմից պարտատերերի ժողովին առարկություն չներկայացնելը չի բացառում «Սնանկության մասին» ՀՀ օրենքով հստակ կերպով սահմանված կարգավորումը` գրավադրված գույքից ստացված միջոցների բաշխման ուղղությունների վերաբերյալ, դատարանների կողմից կիրառելու համար:

Ինչ վերաբերում է գրավադրված գույքի վաճառքից գույքի պահպանությանն ուղղված ծախսերին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանը չի ներկայացրել այդ գումարների առաջացման համար հիմք հանդիսացող ապացույցները` միջանկյալ բաշխման ծրագրում նշված համապատասխան պայմանագրերը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ միայն միջանկյալ բաշխման ծրագրում ծախսերի առաջացման համար հիմք հանդիսացած ապացույցները վկայակոչելը բավարար չէ, այլ անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխան ապացույցները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի բողոքը հիմնավոր է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 08.02.2018 թվականի որոշումը բեկանելու և գործը` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան»:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2018 թվականի որոշումը և գործը` «Մակորշին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

Այսպես`

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի իններորդ մասի համաձայն` պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները և պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:

Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` նույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան:

Նույն հոդվածի տասներորդ մասի համաձայն` եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը նույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված կարգով հրավիրում է դատական նիստ` պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու համար: Նիստի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին դատարանը ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` նույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ:

i

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 06.04.2016 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը: Նշված ցուցակում որպես երաշխավորությամբ ապահովված պարտատեր գրանցվել է Բանկը` 506.487,97 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 64-66):

Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին 06.04.2016 թվականի որոշումից հետո` 21.04.2016 թվականին, Բանկը Դատարան է ներկայացրել «Պահանջ» վերնագիրը կրող փաստաթուղթ, որով հայտնել է, որ Դատարանին է ներկայացնում պահանջը` խնդրելով իրեն ճանաչել որպես Ընկերության պահանջատեր Պայմանագիր 1-ով` 5.958.399,02 ԱՄՆ դոլարի, 52.500.000 ՀՀ դրամի, 54.000 ՀՀ դրամի, 58.550 ԱՄՆ դոլարի և 540.000 ՀՀ դրամի չափով, իսկ Պայմանագիր 2-ով` 1.467.206,14 ԱՄՆ դոլարի չափով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 68-71):

Այսինքն` պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին Դատարանի 06.04.2016 թվականի որոշումից հետո Դատարան է ներկայացվել նոր պահանջ, որի վերաբերյալ առարկություններ ներկայացված չլինելու պայմաններում նոր միայն այն ենթակա էր կառավարչի կողմից գրանցման պահանջների գրանցամատյանում, իսկ այդպիսիք ներկայացված լինելու պայմաններում` քննարկման Դատարանի կողմից:

Սնանկության գործի հավելվածում առկա չէ Դատարանի որոշում` կայացված վերը նշված պահանջի վերաբերյալ առարկության քննարկման արդյունքում, որից հետևում է, որ պահանջի (պահանջի փոփոխության) վերաբերյալ առարկություն չի ներկայացվել, ինչպես նաև բացակայում է նշված պահանջը (պահանջի փոփոխությունը) պահանջների գրանցամատյանում կառավարչի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան գրանցված լինելու վերաբերյալ ապացույցը:

Այդուհանդերձ, սնանկության գործի հավելվածում առկա է Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից 26.07.2017 թվականին Դատարան ներկայացված «Բաշխման մասին հաշվետվություն» վերնագիրը կրող փաստաթուղթը (այսուհետ` Հաշվետվությունը), որի բովանդակությունից բխում է, որ ներկայացված պահանջի առնչությամբ 14.07.2017 թվականին անց է կացվել կրկնակի աճուրդ, որի ժամանակ 15.238.539 ՀՀ դրամով վաճառվել են Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և երրորդ անձանց վարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով Բանկում գրավադրված «IVECO 350» մակնիշի մեքենան և «JCB 3 CX» էքսկավատոր-բարձիչը, որի արդյունքում Ընկերության սնանկության գործով հատուկ հաշվին գոյացել է 15.390.924 ՀՀ դրամ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 103):

Հաշվետվությանը կից ներկայացվել են միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը և դրա` վարչական ծախսերին վերաբերող Հավելված 3-ը (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 104, 105):

Բանկի կողմից վերը նշված Հաշվետվության վերաբերյալ ներկայացվել է գրավոր առարկություն (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 140, 141): Դատարանի 16.08.2017 թվականի «Սնանկության գործով միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի դեմ պահանջատիրոջ առարկությունների քննության վերաբերյալ» որոշմամբ Հաշվետվությունը թողնվել է անփոփոխ:

Դրանից ելնելով` գտնում եմ, որ վերոնշյալը բավարար է հետևություն անելու այն մասին, որ վերը նշված պահանջն օրենքով սահմանված կարգով գրանցվել է կառավարչի կողմից գրանցամատյանում, հակառակ պարագայում Դատարանը չէր քննարկի Բանկի կողմից ներկայացված առարկությունը և չէր կայացնի դրա վերաբերյալ համապատասխան որոշում:

Այժմ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի 08.02.2018 թվականի որոշումը բեկանելու և գործը` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար Վճռաբեկ դատարանի 25.03.2019 թվականի որոշման հիմքում դրված պատճառաբանություններին:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),

- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- պարտադիր սոցիալական վճարները,

- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը...:

ՀՀ վճռաբեկ դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ» ՓԲԸ-ի գործով որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքի վաճառք իրականացնելուց հետո դրանից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, որոնք բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

Միևնույն ժամանակ օրենսդիրը որոշակի բացառություն է կատարել այն գույքի վաճառքն իրականացնելուց հետո ստացված միջոցների բաշխման մասով, որը գրավ է դրվել սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների դիմաց` արձանագրելով, որ նման գույքի վաճառքի դեպքում ստացված միջոցներից արտահերթ վճարվում են միայն գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը, որից բխում է, որ մնացած գումարն ուղղվում է ապահովված պահանջի բավարարմանը: Ավելին` օրենսդիրն արտահերթ վճարման ենթակա ծախսերի մեջ որպես վարչական ծախս ներառել է միայն գրավի առարկա գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը` բացառելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված` մնացած վարչական ծախսերի, այդ թվում` գույքի տնօրինման համար անհրաժեշտ ծախսերի (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները), վարչական աշխատողների աշխատավարձի, եկամտային հարկի վճարումների և պարտադիր սոցիալական վճարների, վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերի, պարտադիր սոցիալական վճարների, աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերի ներառումը վարչական ծախսերի մեջ (տե՛ս, թիվ ԵԿԴ/0075/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ` արձանագրում եմ հետևյալը.

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վաճառված գույքը` բաղկացած երկու միավորից, հանդիսացել է գրավի առարկա: Դրա իրացումից ստացված ընդհանուր 15.390.924 ՀՀ դրամը բավարար չէ ապահովված պարտատեր Բանկի պահանջն ամբողջովին բավարարելու համար` հաշվի առնելով Բանկի պահանջի չափը: Նման պայմաններում միջանկյալ բաշխման ծրագիրը պետք է կազմվեր այնպես, որ`

1) առաջին հերթին վճարման ենթակա լինեին գրավի առարկա թվով երկու գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը` բացառելով դրա հետ չկապված մնացած վարչական ծախսերն այդ ծախսերի մեջ ներառելը.

2) երկրորդ հերթին վճարման ենթակա լիներ կառավարչի վարձատրության գումարը` այն հանգամանքի հաշվառմամբ, թե ինչ չափով է բավարարվելու պարտատեր Բանկի ապահովված պահանջը 1-ին կետում նշված գումարը վճարելուց հետո,

3) երրորդ հերթին վճարման ենթակա լիներ Բանկի պահանջը:

Սույն գործի փաստերի համաձայն` սնանկության գործով կառավարչի կողմից Հաշվետվությանը կից ներկայացվել է «Միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը» վերնագիրը կրող փաստաթուղթը, որի բովանդակությունից բխում է, որ 15.390.924 ՀՀ դրամ բաշխվող գումարից 2.505.000 ՀՀ դրամը հաշվարկվել է որպես վարչական ծախս, այդ թվում` 600.000 ՀՀ դրամ` որպես տարածքի վարձակալության գումար, 1.320.000 ՀՀ դրամ` որպես գույքի պահպանության գումար, 480.000 ՀՀ դրամ` որպես վարչական աշխատողի ծախս, 105.000 ՀՀ դրամ` որպես գրասենյակային և այլ ծախսեր, Բանկի պահանջի մասնակի մարմանն է ուղղվել 11.216.974 ՀՀ դրամ, 1.077.365 ՀՀ դրամ հաշվարկվել է որպես կառավարչի վարձատրության գումար, 152.385 ՀՀ դրամ հաշվարկվել է որպես աճուրդի մասնակցության վճար, 439.200 ՀՀ դրամ հաշվարկվել է որպես եկամտային հարկ աշխատավարձերից:

Հաշվետվությանը կից ներկայացվել է նաև վերոնշյալ հավելվածում նշված ծախսերն ըստ էության վերծանող փաստաթուղթ, որի բովանդակությունից բխում է, որ 600.000 ՀՀ դրամը 01.07.2016 թվականին «Արարատշինմոնտաժ» ԲԲԸ-ի հետ կնքված տարածքի վարձակալության պայմանագրի համաձայն` 6 ամսվա համար ամսական 100.000 ՀՀ դրամի չափով հաշվարկված գումարն է, 1.320.000 ՀՀ դրամը 6 ամսվա համար ամսական 110.000-ական ՀՀ դրամի չափով գույքի պահպանության իրականացման նպատակով երկու պահակներին վճարված աշխատավարձի գումարն է, 480.000 ՀՀ դրամը 6 ամսվա համար ամսական 80.000 ՀՀ դրամի չափով կառավարչի օգնականի հաստիքի համար հաշվարկված գումարն է, որպես գրասենյակային և այլ ծախսեր հաշվարկված 105.000 ՀՀ դրամի մեջ ներառվել են սնանկության գործընթացի կազմակերպման, փոստային ծանուցումների, բանկային գործառնությունների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, տեղափոխման և հավաքագրման հետ կապված ծախսերը:

Բանկի կողմից վերը նշված Հաշվետվության վերաբերյալ ներկայացվել է գրավոր առարկություն: Դատարանի 16.08.2017 թվականի «Սնանկության գործով միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի դեմ պահանջատիրոջ առարկությունների քննության վերաբերյալ» որոշմամբ Հաշվետվությունը թողնվել է անփոփոխ:

Վերաքննիչ դատարանի 08.02.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.08.2017 թվականի «Սնանկության գործով միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի դեմ պարտատիրոջ առարկությունների քննության վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 08.02.2018 թվականի որոշումն ամբողջությամբ բեկանելու և գործը` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար իր որոշումը պատճառաբանել է նրանով (որոշման հիմքում դրել է այն), որ`

- ստորադաս դատարանները նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, կառավարչի վարձատրությունը, ինչպես նաև բավարարվում են ապահովված պարտատիրոջ պահանջները: Այսինքն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխումն այլ ուղղություններով բացառվում է, քանի դեռ չեն վճարվել գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերն ու կառավարչի վարձատրությունը, ամբողջությամբ չեն բավարարվել ապահովված պարտատիրոջ պահանջները,

- սույն գործի պարագայում Ընկերությանը պատկանող և Բանկում գրավադրված գույքը վաճառվել է 15.238.539 ՀՀ դրամով, որպիսի դրամական միջոցներն ամբողջությամբ պետք է ուղղվեին գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսեր հատուցելուն, կառավարչին վարձատրելուն և ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջությամբ բավարարելուն, ինչը տեղի չի ունեցել: Փոխարենը, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանը գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից բաշխում է նախատեսել նաև կառավարչի օգնականի վարձատրության համար, ինչը հաստատվել է դատարանների կողմից, այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությունը նման կարգավորում չի նախատեսել, և դրա կիրառումը հակասում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներին,

- Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանը չի ներկայացրել գրավադրված գույքի վաճառքից գույքի պահպանությանն ուղղված ծախսերի առաջացման համար հիմք հանդիսացող ապացույցները` միջանկյալ բաշխման ծրագրում նշված համապատասխան պայմանագրերը,

- ստորադաս դատարաններն անտեսել են, որ միայն միջանկյալ բաշխման ծրագրում ծախսերի առաջացման համար հիմք հանդիսացած ապացույցները վկայակոչելը բավարար չէ, այլ անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխան ապացույցներ:

Վերլուծելով վերը նշված պատճառաբանությունները` արձանագրում եմ, որ, ըստ էության, Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարանների կողմից նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանումը պայմանավորել է միայն նրանով, որ վերջիններս գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարում են նախատեսել այնպիսի ուղղություններով, որոնք են`

- կառավարչի օգնականի վարձատրության համար գումարը, որի չափը կազմում է 480.000 ՀՀ դրամ,

- գույքի պահպանության համար գումարը, որի չափը կազմում է 1.320.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանի 25.03.2019 թվականի որոշման պատճառաբանական մասում բացակայում են Վերաքննիչ դատարանի 08.02.2018 թվականի որոշումը` մնացած` 600.000 ՀՀ դրամ` որպես տարածքի վարձակալության գումար, և 105.000 ՀՀ դրամ` որպես գրասենյակային ու այլ ծախսեր, բաշխելու մասով, Դատարանի 16.08.2017 թվականի «Սնանկության գործով միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի դեմ պարտատիրոջ առարկությունների քննության վերաբերյալ» որոշումը` անփոփոխ թողնելու մասով, բեկանելու վերաբերյալ հիմնավորումները, որի պայմաններում գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի 08.02.2018 թվականի որոշումը չէր կարող ամբողջությամբ բեկանվել:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի 08.02.2018 թվականի որոշումը` մնացած` սնանկության գործով կառավարչի օգնականի վարձատրության հետ կապված 480.000 ՀՀ դրամի և գույքի պահպանության հետ կապված 1.320.000 ՀՀ դրամի մասով, բեկանելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին, ապա այդ մասով ցանկանում եմ արձանագրել հետևյալը.

Այսպես` ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների դիմաց գրավ դրված գույքի վաճառքն իրականացնելուց հետո ստացված միջոցների բաշխման մասով օրենսդիրը կատարել է որոշակի բացառություն` սահմանելով, որ նման գույքի վաճառքի դեպքում ստացված միջոցներից արտահերթ վճարվում են միայն գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը, որից բխում է, որ մնացած գումարն ուղղվում է ապահովված պահանջի բավարարմանը: Ընդ որում` օրենսդիրն արտահերթ վճարման ենթակա ծախսերի մեջ որպես վարչական ծախս ներառել է միայն գրավի առարկա գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը` բացառելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված` մնացած վարչական ծախսերի ներառումը վարչական ծախսերի մեջ:

Դրանից ելնելով` անհրաժեշտ է պարզել, թե միջանկյալ բաշխման ծրագրում սնանկության գործով կառավարչի կողմից որպես օգնականի վարձատրության գումար հաշվարկված 480.000 ՀՀ դրամը և գույքի պահպանության հետ կապված ծախս հաշվարկված 1.320.000 ՀՀ դրամը որքանով են առնչվում վաճառված վերը նշված թվով երկու գրավի առարկաների պահպանման և փոխանցման հետ:

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սնանկության գործով կառավարիչը կազմել է միջանկյալ բաշխման ծրագիր և կից ներկայացրել է այդ ծրագրում նշված գումարները վերծանող փաստաթուղթ, որի բովանդակությունից բխում է, որ 1.320.000 ՀՀ դրամը 6 ամսվա համար ամսական 110.000-ական ՀՀ դրամի չափով գույքի պահպանության իրականացման նպատակով երկու պահակներին վճարված աշխատավարձի գումարն է, իսկ 480.000 ՀՀ դրամը` 6 ամսվա համար ամսական 80.000 ՀՀ դրամի չափով կառավարչի օգնականի հաստիքի համար հաշվարկված գումարը:

Գտնում եմ, որ արձանագրելու համար, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել նյութական իրավունքի նորմը` հաշվի չեն առել, որ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, անհրաժեշտ է ունենալ բավարար հիմքեր, որ տվյալ դեպքում, իրոք, վերը նշված երկու պահակներն իրականացրել են թվով երկու գրավի առարկա գույքի պահպանման հետ չկապված աշխատանքներ, քանի որ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ, իրոք, գրավի առարկա գույքի պահպանման նպատակով սնանկության գործով կառավարչի կողմից որոշակի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքվեն համապատասխան աշխատանքային պայմանագրեր` ուղղված հենց այդ նպատակին, որի դեպքում այդ ծախսերը վերը նշված դիրքորոշումների համատեքստում ենթակա են ներառման արտահերթ վճարման ենթակա ծախսերի մեջ: Մինչդեռ այն փաստը, որ վերոնշյալ երկու պահակներն իրականացրել են թվով երկու գրավի առարկա գույքի պահպանման հետ չկապված այլ աշխատանքներ, հաստատված չի համարել նաև Վճռաբեկ դատարանը: Նման պայմաններում գտնում եմ, որ ստորադաս դատարաններին նյութական իրավունքի նորմը սխալ մեկնաբանելու հարցում մեղադրելն արդարացված չէ:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշմանը, որ սնանկության գործով կառավարիչը չի ներկայացրել գույքի պահպանությանն ուղղված ծախսերի առաջացման համար հիմք հանդիսացող պայմանագրերը, ապա այդ մասով հայտնում եմ իմ համաձայնությունը Վճռաբեկ դատարանի նշված պատճառաբանության հետ` ավելացնելով, որ դրանք ենթակա էին պարտադիր ներկայացման` անգամ անկախ միջանկյալ բաշխման ծրագրի վերաբերյալ առարկություն ներկայացված լինելու հանգամանքից: Ավելին` սնանկության գործով կառավարչի կողմից այն ներկայացված չլինելու պայմաններում Դատարանն էր պարտավոր այն պահանջել վերջինիցս` միջանկյալ բաշխման ծրագիրը հաստատելու համար, որը չի կատարել:

Վերը նշված պատճառաբանությամբ հայտնում եմ իմ անհամաձայնությունը նաև Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշման վերաբերյալ, որ ՀՀ օրենսդրությունը կարգավորում չի նախատեսում գրավադրված գույքի վաճառքի դեպքում ստացված գումարից կառավարչի օգնականին վարձատրություն վճարելու վերաբերյալ, քանի որ, ճիշտ է, ՀՀ օրենսդրությունն ուղղակի նշում չի պարունակում այն մասին, որ գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են նաև կառավարչի օգնականի վարձատրության գումարները, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերը նշված դիրքորոշումները, իմ կարծիքով, հնարավորություն են տալիս գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից արտահերթ վճարելու բոլոր այն ծախսերը, որոնք կապված են գույքի պահպանման և փոխանցման հետ: Այս դեպքում ևս չի բացառվում այնպիսի իրավիճակ, երբ կառավարչի օգնականը պայմանագրի հիման վրա միևնույն ժամանակ կատարի այնպիսի աշխատանք, որն ուղղված լինի գրավի առարկա գույքի պահպանմանը և փոխանցմանը, որի դեպքում դրա դիմաց վարձատրությունը ևս ենթակա է պարտադիր ներառման արտահերթ վճարման ենթակա ծախսերի մեջ` որպես վարչական ծախս: Այս դեպքում ևս սնանկության գործով կառավարիչը պարտավոր է ներկայացնել դրա վերաբերյալ ապացույց, իսկ այդպիսին ներկայացված չլինելու դեպքում դատարանն է պարտավոր այն պահանջել վերջինիցս` միջանկյալ բաշխման ծրագիրը հաստատելու համար:

Համաձայն լինելով Վճռաբեկ դատարանի 25.03.2019 թվականի որոշման եզրափակիչ մասի հետ` գտնում եմ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2018 թվականի որոշումը պետք է բեկանել և գործը` «Մակորշին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 3 ծրագիրը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության` սույն հատուկ կարծիքում նշված դիրքորոշումների համատեքստում պարզելու ինչպես միջանկյալ բաշխման ծրագրում որպես օգնականի վարձատրության գումար հաշվարկված 480.000 ՀՀ դրամի և գույքի պահպանության հետ կապված ծախս հաշվարկված 1.320.000 ՀՀ դրամի, այնպես էլ նույն ծրագրում որպես վարչական ծախսեր ներառված մնացած գումարների առնչությունը վաճառված թվով երկու գրավի առարկաների պահպանման և փոխանցման հետ:

 

Դատավոր` Գ. Հակոբյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.03.2019
N ԱՐԱԴ/0010/04/15
Որոշում