Սեղմել Esc փակելու համար:
09.02.2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔԱՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

09.02.2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Սնանկության գործ

    դատարանի որոշում                          թիվ ՍԴ2/0037/04/16

    Սնանկության գործ թիվ ՍԴ2/0037/04/16       2019թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան

                       Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի փետրվարի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյան) 03.05.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2017 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը` պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին, բավարարվել է մասնակիորեն. պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի չի ճանաչվել, իսկ 500.000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետին համապատասխան հերթում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Լ. Գրիգորյան, Գ. Խանդանյան, Հ. Ենոքյան) 02.03.2018 թվականի որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2017 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 15.05.2018 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը` պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին, բավարարվել է մասնակիորեն. պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի չի ճանաչվել, իսկ 500.000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետին համապատասխան հերթում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Կոմիտեի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 09.04.2018 թվականից, 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժը կորցրել է: Հետևաբար այն պարագայում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում, ապա դրա ընդունելության հարցը լուծելիս չեն կարող կիրառվել 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.02.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի կիրառման պայմաններում Կոմիտեի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, ենթակա կլիներ բավարարման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 09.07.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի` ժամանակի մեջ գործողության առանձնահատկությունների վերաբերյալ կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը լուծելիս կարո՞ղ են արդյոք կիրառվել 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն` նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Այսինքն` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը չի կարող իրավական ազդեցություն ունենալ դրա` ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի` իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի` հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն` իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից թույլատրել է շեղում միայն այն դեպքում, երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել: Նման պայմաններում ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական ազդեցություն ունենալ դրա` ուժը կորցնելուց հետո գործող իրավահարաբերությունների նկատմամբ:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ուժը կորցրած է ճանաչվել 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Միևնույն ժամանակ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Անցումային և եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 439-րդ հոդվածը նախատեսել է որոշակի իրավակարգավորումներ, որոնք վերաբերում են արդեն իսկ ուժը կորցրած` 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի գործողությանը: Ըստ այդմ, օրենսդիրն անմիջականորեն նախատեսել է միայն երկու դեպք, որպիսի պարագայում կարող են կիրառվել ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Մասնավորապես` այդ նորմերը կիրառվում են 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը քննելիս, ինչպես նաև մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս: Այդ շրջանակներից դուրս 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը չեն կարող կիրառվել, քանի որ ընդհանուր կանոնի համաձայն` ուժը կորցրած նորմատիվ ակտի կամ դրա մի մասի դրույթներն իրավական ազդեցություն չեն կարող ունենալ դրա` ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

Վերոգրյալի հաշվառմամբ համադրելով նորմատիվ ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնները 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի անցումային և եզրափակիչ դրույթների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 09.04.2018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանում քննվող գործերի նկատմամբ ենթակա են կիրառման 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, սակայն այդ գործերով 09.04.2018 թվականից հետո վերաքննիչ բողոքարկում իրականացված լինելու պայմաններում պետք է կիրառվեն արդեն 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Միաժամանակ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքարկված դատական ակտը կայացվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի շրջանակներում, ենթադրյալ դատական սխալի առկայությունը պետք է գնահատվի տվյալ դատական ակտի կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի լույսի ներքո` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ է ընդունվել 05.12.2016 թվականին (հավելված 1-ին, գ.թ. 1-2): «Պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու և հիմնավորվածությունը որոշելու մասին» որոշումը Դատարանի կողմից կայացվել է 15.05.2018 թվականին (հավելված 2-րդ, գ.թ. 12-15): Նշված որոշումը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ուղարկվել է 30.05.2018 թվականին` համաձայն թիվ RR255155271AM փոստային անդորրագրի (հավելված 2-րդ, գ.թ. 16): Դատարանի որոշումը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ստացել է 04.06.2018 թվականին (հավելված 2-րդ, գ.թ. 22):

Կոմիտեն վերաքննիչ բողոքի հետ միաժամանակ ներկայացրել է միջնորդություն` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ Դատարանի որոշումը ստացել է 04.06.2018 թվականին, որից էլ պետք է հաշվարկվի բողոքարկման ժամկետը (հավելված 2-րդ, գ.թ. 28-36): Կոմիտեի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 25.06.2018 թվականին (հավելված 2-րդ, գ.թ. 53):

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, նշել է, որ Դատարանի որոշումը 04.06.2018 թվականին ստացված լինելու պայմաններում իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 19.06.2018 թվականը, մինչդեռ այն փոստային ծառայությանն է հանձնվել 25.06.2018 թվականին: Վերաքննիչ դատարանը 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի կիրառելիությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ գործը Դատարանում քննվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերին համապատասխան:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

Առաջին ատյանի դատարանում դատական ակտի կայացման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35-36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):

Ավելին, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական որոշումը ծանուցելու` իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատարանի որոշման մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով Եվրոպական դատարանի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր 31-47):

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում հստակ նախատեսել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով, այն է` դրանք կայացվելուց հետո 15-օրյա ժամկետում: Այդ ժամկետից հետո դատական ակտի բողոքարկումը հնարավոր է, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: Ըստ այդմ, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները, գտնում է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի իրավունքների դատական պաշտպանության ապահովման անհրաժեշտության և դատարանի մատչելիության սկզբունքներով:

i

Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:

ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բաց թողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե՛ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործն առաջին ատյանի դատարանում քննվել է 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով, քանի որ Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ է ընդունվել 05.12.2016 թվականին և 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործի քննությունն առաջին ատյանի դատարանում շարունակվել է: Դատարանը «Պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու և հիմնավորվածությունը որոշելու մասին» որոշումը կայացրել է 15.05.2018 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ արդեն ուժի մեջ է մտել 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել 25.06.2018 թվականին, այսինքն` 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության շրջանակներում: Հետևաբար այդ բողոքը վարույթ ընդունելու, այդ թվում` բողոքարկման ժամկետների պահպանվածության հարցը պետք է լուծվեր 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո: Ինչ վերաբերում է ստորադաս դատարանի անգործությամբ պայմանավորված դատական ակտն ուշ ստանալու հանգամանքին, ապա դրան իրավական գնահատական պետք է տրվեր` հաշվի առնելով 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, քանի որ գործն առաջին ատյանի դատարանում քննվել է նշված օրենսգրքի նորմերին համապատասխան: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանի որոշումը կայացվել է 15.05.2018 թվականին, սակայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե է ուղարկվել 30.05.2015 թվականին, այսինքն` 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ: Դատարանի որոշումը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստացվել է 04.06.2018 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 25.06.2018 թվականին, այսինքն` ստանալու պահից 15-օրյա ժամկետի պահպանմամբ (2018 թվականի հունիսի 9-ը, 10-ը, 16-ը, 17-ը, 23-ը և 24-ը եղել են ոչ աշխատանքային օրեր): Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կոմիտեի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, այդ թվում` բողոքարկման ժամկետների պահպանված լինելու հարցը պետք է լուծվեր 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո: Նման պայմաններում, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի, օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը, ի տարբերություն 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների, որի շրջանակներում ոչ աշխատանքային օրերը ևս հաշվարկվում էին դատավարական ժամկետներում (եթե, իհարկե, ժամկետի վերջին օրը չէր համընկնում ոչ աշխատանքային օրվա հետ, որպիսի պարագայում ժամկետի ավարտման օր էր համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում Կոմիտեի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ, ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որպիսի դատական սխալը հիմք է Վերաքննիչ դատարանի 09.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.02.2019
N ՍԴ2/0037/04/16
Որոշում