Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԸՆՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՇԱՀԱԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2019 թվականի N 727-Ն

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՊԱՐԶԵՑՎԱԾ (ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ) ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1521-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 11-րդ կետերը, 5-րդ հոդվածի 3-րդ մասը, 7-րդ հոդվածի 6-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը` համաձայն N 5 հավելվածի:

2. Օրենքով սահմանված պետական կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման և ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ազատ տնտեսական գոտիների պետական քաղաքականության բնագավառում լիազոր պետական մարմին ճանաչելու մասին» N 1521-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի «Ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման և ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգերը հաստատելու մասին» N 292-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 13

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի հունիսի 6-ի

N 727-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Կարգում օգտագործվող հասկացությունները բխում են «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (այսուհետ` օրենք) և ունեն նշված օրենքում նախատեսված նույն իմաստը:

3. Կազմակերպիչն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) հետ կնքված պայմանագրի հիման վրա:

 

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4. Ազատ տնտեսական գոտու կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրավաբանական անձը որպես կազմակերպիչ կարող է ընտրվել հետևյալ երկու ձևով ստեղծվող ազատ տնտեսական գոտիների համար`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ.

2) մասնավոր նախաձեռնությամբ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրավաբանական անձի ստեղծման (հիմնադրման) միջոցով կամազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպչի ընտրության միջոցով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կիրառելով օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գնահատման չափանիշները:

6. Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս լիազոր մարմնի, համապատասխան կազմակերպության հետ կնքում է ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր:

7. Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտու ստեղծումը, կազմակերպչի ընտրությունն ու պայմանագրի կնքումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

1) մասնավոր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար իրավաբանական անձը (այսուհետ` նախաձեռնող) հայտ է ներկայացնում լիազոր մարմնին.

2) հայտն իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը`

ա. դիմում,

բ. ամփոփագիր, որը ներառում է ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակը, գտնվելու վայրի ընտրության հիմնավորվածությունը, գործառնական տեսակի և գործունեության տեսակների հիմնավորումը, տարածքի հատակագիծը, տարածքում շինությունների առկայության դեպքում նաև շինությունների նախագիծը,

գ. գործարար ծրագիր, որը պետք է համապատասխանի օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափանիշներին.

3) լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո այն 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին.

4) հանձնաժողովի անդամները 10 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում են հայտը և ներկայացնում են լիազոր մարմնին հայտի վերաբերյալ գնահատական.

5) լիազոր մարմինը, ամփոփելով հանձնաժողովի անդամների գնահատականները,

5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում է ազատ տնտեսական գոտի ստեղծելու և մասնավոր կազմակերպության ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հաստատելու նպատակահարմարության հարցը, որի արդյունքում 20 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է հայտը բավարարելու կամ մերժելու մասին որոշում.

7) լիազոր մարմինը համապատասխան որոշումն ընդունվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է նախաձեռնողին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ.

8) ազատ տնտեսական գոտի ստեղծելու և ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս լիազոր մարմնի, կազմակերպչի հետ կնքում է ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի հունիսի 6-ի

N 727-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հաշվետու ժամանակաշրջանում ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման կարգի ու ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացվում է լիազոր մարմին տարեկան կտրվածքով ազատ տնտեսական գոտու գործողության ժամանակահատվածում` յուրաքանչյուր օրացուցային տարին լրանալուց հետո` 30 օրացուցային օրվա ընթացքում:

3. Հաշվետվությունը պետք է ներառի տեղեկատվություն հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպչի կողմից ազատ տնտեսական գոտում կատարված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի, մատուցվող ծառայությունների, ներգրավված շահագործողների, ինչպես նաև կազմակերպչի ներդրումային ծրագրի և պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի մասին այլ տեղեկատվություն:

4. Հաշվետվության ձևը յուրաքանչյուր անգամ սահմանվում է ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` կախված ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակից:

5. Կազմակերպիչը սույն կարգով սահմանված հաշվետվությունը ներկայացնում է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչով:

6. Հաշվետվությունը ներկայացվում է հաշվետու կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությամբ:

7. Էլեկտրոնային հաշվետվությունում պարունակվող տեղեկությունները լրացվում են միայն հայերեն տառերով` օգտագործելով յունիկոդ (Unicode) ստանդարտի հայկական տառատեսակի նիշեր: Տվյալ ձևաչափին չհամապատասխանող հաշվետվությունները համարվում են չընդունված և էլեկտրոնային փոստով տեղեկացվում կազմակերպչին:

8. Հաշվետվության չներկայացման, ուշացման կամ ոչ հավաստի տվյալների ներկայացման համար պատասխանատվությունը սահմանվում է լիազոր մարմնի և կազմակերպչի միջև կնքված պայմանագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2019 թվականի հունիսի 6-ի

N 727-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Կարգում օգտագործվող հասկացությունները բխում են «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (այսուհետ` օրենք) և ունեն նշված օրենքում նախատեսված նույն իմաստը:

3. Ազատ տնտեսական գոտու շահագործող (այսուհետ` շահագործող) է համարվում Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված օրենքին համապատասխան բացառապես ազատ տնտեսական գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունը կամ հաշվառված անհատ ձեռնարկատերը:

4. Ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականը տրվում է հայտատուի կողմից ներկայացված ժամկետով` գործարար ծրագրի հիման վրա, բայց ոչ ավելի, քան ազատ տնտեսական գոտու գործունեության ավարտը:

 

2. ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Ազատ տնտեսական գոտու շահագործումն իրականացնում են տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված շահագործողները: Շահագործողների ռեեստրում ներառված շահագործողներն ստանում են վկայական:

6. Լիազոր մարմին ներկայացվող հայտն իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը`

1) դիմում (համաձայն N 1 ձևի).

2) գործարար ծրագիր, որը պետք է համապատասխանի կարգի V գլխում ներկայացված չափանիշներին և ներառում է սկզբնական հայտարարագիր (համաձայն N 2 ձևի):

3) կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկանք ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

7. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը` ելնելով կարգով սահմանված չափանիշներից, և էլեկտրոնային եղանակով ներկայացնում են հայտի վերաբերյալ գնահատական.

1) հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի անդամի կողմից հայտի վերաբերյալ գնահատական չներկայացվելու դեպքում հայտի գնահատման ամփոփման ժամանակ հանձնաժողովի տվյալ անդամի գնահատման արդյունքները հաշվի չեն առնվում.

2) հանձնաժողովի նիստ գումարվում է հետևյալ դեպքերում`

ա. հանձնաժողովի նախագահի աշխատակարգային որոշմամբ` եթե գնահատման արդյունքում հայտը չի բավարարել անցողիկ շեմը,

բ. եթե հայտը չի գնահատվել հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի կողմից, կամ հանձնաժողովի անդամի կողմից հանձնաժողովի նախագահին ներկայացվել է հիմնավորում դրա լրացուցիչ քննարկման անհրաժեշտության վերաբերյալ.

3) հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստ է գումարում սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքեր առաջանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

4) հանձնաժողովի գնահատած հայտը և համապատասխան եզրակացությունը լիազոր մարմնի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման, ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը եզրակացությունն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում`

ա. ընդունում է համապատասխան որոշում հայտատուի հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ, և

բ. դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին:

8. Դիմումը մերժելու հիմք է հայտի` սույն կարգով սահմանված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը:

9. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մասին տեղեկացնում է հայտատուին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Հայտը բավարարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հայտատուն և կազմակերպիչը կնքում են պայմանագիր: Կազմակերպիչը պայմանագրի պատճենը տրամադրում է լիազոր մարմնին: Պայմանագրի պատճենն ստանալուց հետո լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական:

11. Վկայականը տրամադրելուց հետո լիազոր մարմինը վկայականի պատճենը 1 աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե:

12. Լիազոր մարմինը վարում է շահագործողների ռեեստր (այսուհետ` ռեեստր), որը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային կայքում և նորացվում է յուրաքանչյուր նոր շահագործողին վկայական տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

13. Ռեեստրը ներառում է հետևյալ տեղեկությունները`

1) ազատ տնտեսական գոտու շահագործողի անվանումը.

2) գրանցման համարը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության` տվյալ շահագործողին ռեեստրում ներառելու վերաբերյալ որոշման համարը.

4) ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի պատճենը:

14. Շահագործողը լիազոր մարմին է ներկայացնում հերթական հայտարարագիր (համաձայն N 3 ձևի) տարեկան կտրվածքով վկայականի գործողության ժամանակահատվածում` յուրաքանչյուր օրացուցային տարին լրանալուց հետո` 30 օրացուցային օրվա ընթացքում: Հերթական հայտարարագիրը ներկայացվում է հաշվետու շահագործողի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությամբ` թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

15. Սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելը համարվում է սկզբնական հայտարարագրի թվային ցուցանիշներից առնվազն 20 տոկոս բացասական շեղում:

 

3. ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

16. Ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել շահագործողի դիմումի հիման վրա, եթե միաժամանակ պահպանվում են հետևյալ պայմանները`

1) շահագործողը չի փոխում վկայականով սահմանված գործունեության տեսակը.

2) դիմել է վկայականի գործողության ժամկետի ավարտից, ոչ ուշ, քան 2 ամիս առաջ:

17. Վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար շահագործողը լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) սկզբնական հայտարարագիր.

3) կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկանք շահագործողի հետ պայմանագիրը երկարաձգելու համաձայնության վերաբերյալ:

18. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները հայտն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը` ելնելով կարգով սահմանված չափանիշներից, և էլեկտրոնային եղանակով ներկայացնում են դիմումի վերաբերյալ դիրքորոշում:

19. Դիմումի վերաբերյալ համապատասխան եզրակացությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման, ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Հայաստանի Հանրապետության կառավարությունը եզրակացությունն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում`

ա. ընդունում է համապատասխան որոշում դիմումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ, և

բ. դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին:

21. Դիմումը մերժելու հիմք է շահագործողի գործունեության ընթացքում օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերի առկայությունը:

22. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մասին տեղեկացնում է դիմումատուին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

23. Դիմումը բավարարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն և կազմակերպիչը կնքում են պայմանագիր: Կազմակերպիչը պայմանագրի պատճենը տրամադրում է լիազոր մարմնին: Պայմանագրի պատճենն ստանալուց հետո լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին է տրամադրում փոփոխված ժամկետով վկայական:

24. Վկայականը տրամադրելուց հետո լիազոր մարմինը վկայականի պատճենը 1 աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե և կատարում է համապատասխան փոփոխություն ռեեստրում:

 

4. ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

25. Ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը դադարեցվում է օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

26. Լիազոր մարմինն օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 1-րդ կետով սահմանված հիմքերն առաջանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ռեեստրում կատարում է համապատասխան փոփոխություններ` դրա մասին տեղեկացնելով կազմակերպչին, շահագործողին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

27. Լիազոր մարմինը օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերն առաջանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպչին, շահագործողին և հանձնաժողովին:

28. Հանձնաժողովը եզրակացությունը կազմում է և լիազոր մարմնի միջոցով այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն 5 աշխատանքային օրվա ընթացքում:

29. Հայաստանի Հանրապետության կառավարությունը եզրակացությունն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում` կայացնում է շահագործողների ռեեստրից շահագործողին հանելու և շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշում:

30. Լիազոր մարմինն ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մասին տեղեկացնում է կազմակերպչին և շահագործողին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

31. Լիազոր մարմինը որոշումն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե և ռեեստրում կատարում է համապատասխան փոփոխություններ: Շահագործողը որոշումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վկայականը հանձնում է լիազոր մարմնին:

32. Վկայականի գործողության դադարեցման հետ կապված վեճերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

5. ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

33. Գործարար ծրագիրը (այսուհետ` ծրագիր) գնահատվում է հանձնաժողովի կողմից` յուրաքանչյուր գնահատման չափանիշի համար կիրառելով կշռային գործակիցներ, որոնց համախումբը չպետք է գերազանցի 100 միավորը:

34. Ծրագիրը գնահատվում է` ելնելով հետևյալ չափանիշներից`

1) արտահանման ուղղությունները և ծավալները.

2) աշխատատեղերի քանակը.

3) ընդհանուր ներդրումների ծավալները.

4) համապատասխանությունն ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակներին և գործառնական տեսակին:

35. Սույն կարգի 5-րդ գլխի 34-րդ կետով սահմանվող գնահատման չափանիշները հանդիսանում են նաև գործարար ծրագրին ներկայացվող պահանջներ:

 

Ձև N 1

 

Լիազոր մարմնի ղեկավարին ____________________

Հայտատուի լրիվ անվանումը____________________

Գտնվելու վայրը____________________

Հեռախոսը_______________________________

 

ԴԻՄՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Հայտատուն __________________________________________________________

(հայտատուի լրիվ անվանումը և գտնվելու վայրը)

ի դեմս _______________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

որը գործում է _______________________________________________հիման վրա,

խնդրում է թույլատրել _____________________________________ իրականացումը

(գործունեության տեսակը)

«_____________________________________»

_____________________________________________________________

(ազատ տնտեսական գոտու անվանումը) (ազատ տնտեսական գոտու տեսակը)

ազատ տնտեսական գոտու տարածքում:

2. Հայտատուի տվյալները`

Գտնվելու վայրը ________________________________________________________

Հեռախոսահամարը ______________________ Էլ. փոստը________________________

Պետռեգիստրում գրանցման համարը ______________

3. Պատասխանատու կոնտակտային անձ

Ա. Ա. Հ. ______________________________________________________________

Պաշտոնը________________________________________________________________

Հեռախոսահամարը ____________________________

___________________________________________

Փոստային հասցեն __________

Էլ. փոստի հասցեն _______________

4. Կցված փաստաթղթերի ցանկը ____________________________________________

 

Հայտարարություն

 

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազոր մարմնին:

 

Ստորագրությունը ___________________ Ամսաթիվը _________________________

(օրը/ամիսը/տարեթիվը)

 

Ձև N 2

 

ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

 

Հայտատուի տվյալները

Ընկերության անվանումը _________

Ա.Ա.Հ._________________________

Գտնվելու վայրը_________________

Հեռախոսահամարը_________________

Էլեկտրոնային փոստի հասցեն______

Գրանցման համարը________________

ՀՎՀՀ __________________________

 

._____________________________________________________________________.

|Հայտատուի անվանումը   |Իրականացվելիք |Վարձակալության  |ԱՏԳ տարածքում |

|                      |գործունեության|տարածքի մակերեսը|գործունեության|

|                      |տեսակները` ըստ|                |ժամկետը       |

|                      |տնտեսական     |                |              |

|                      |գործունեության|                |              |

|                      |տեսակների     |                |              |

|                      |դասակարգչի    |                |              |

|______________________|______________|________________|______________|

._____________________________________________________________________.

 

Շահագործման ընթացքում հայտարարվող ներդրումների ծավալները` բաշխված ըստ տարիների

 

դրամ

._________________________________________________________________.

|   20..   |    20..  |    20..  |    20..  |    20..  |    20..  |

|__________|__________|__________|__________|__________|__________|

._________________________________________________________________.

 

Շահագործման ընթացքում հայտարարվող աշխատատեղերի քանակը` բաշխված ըստ տարիների

 

._________________________________________________________________.

|   20..   |    20..  |    20..  |    20..  |    20..  |    20..  |

|__________|__________|__________|__________|__________|__________|

._________________________________________________________________.

 

Շահագործման ընթացքում հայտարարվող արտադրության ծավալները` բաշխված ըստ տարիների

 

ՀՀ դրամ

._________________________________________________________________.

|   20..   |    20..  |    20..  |    20..  |    20..  |    20..  |

|__________|__________|__________|__________|__________|__________|

._________________________________________________________________.

 

Ա.Ա.Հ. __________________

Ստորագրությունը _________

Ամսաթիվը_________________

 

Ձև N 3

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

 

Հայտատուի տվյալները

Ընկերության անվանումը __________

Ա.Ա.Հ.__________________________

Գտնվելու վայրը _________________

Հեռախոսահամարը__________________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______

Գրանցման համարը_________________

ՀՎՀՀ ___________________________

 

._____________________________________________________________________.

|Հայտատուի անվանումը    |Իրականացվելիք գործունեության|Վարձակալության  |

|                       |տեսակները` ըստ տնտեսական    |տարածքի մակերեսը|

|                       |գործունեության տեսակների    |                |

|                       |դասակարգչի                  |                |

|_______________________|____________________________|________________|

._____________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|     20 թ.-ին     |   20 թ.-ին նոր   |20 թ.-ին փաստացի|    20 թ.-ին      |

|   ներդրումների   |   աշխատատեղերի   |      առկա      |   արտադրության   |

| ծավալները (դրամ) |      քանակը      |  աշխատատեղերի  | ծավալները (դրամ)`|

|                  |                  |     քանակը     |   ըստ երկրների   |

|__________________|__________________|                |__________________|

|նախատեսված փաստացի|նախատեսված փաստացի|                |նախատեսված|փաստացի|

|__________________|__________________|________________|__________|_______|

._________________________________________________________________________.

 

Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած շեղումների վերաբերյալ տեղեկատվություն

___________________________________________________________________________

 

Ա.Ա.Հ. __________________

Ստորագրությունը _________

Ամսաթիվը_________________

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2019 թվականի հունիսի 6-ի

N 727-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՊԱՐԶԵՑՎԱԾ (ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ) ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ազատ տնտեսական գոտիներում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման` բացառությամբ մաքսային հայտարարագրի ներկայացման և գրանցման հետ կապված ընթացակարգերը:

2. Ազատ տնտեսական գոտում «Մեկ պատուհան» սկզբունքն իրականացվում է ազատ տնտեսական գոտում պետական ծառայությունների մատուցման միասնական ընդունարանի միջոցով (այսուհետ` միասնական ընդունարան):

3. Միասնական ընդունարանը հանդիսանում է ազատ տնտեսական գոտում գործող և հետագայում գործունեություն ծավալելու ակնկալիք ունեցող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչություններին պետական ծառայությունների մատուցման միջոց:

4. Միասնական ընդունարանը հանդիսանում է լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանում:

5. Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը տրամադրում է տարածք միասնական ընդունարանի կազմակերպման համար և ապահովում անհրաժեշտ պայմաններ միասնական ընդունարանի անխափան գործունեությունը ծավալելու համար:

6. Սույն կարգի 3-րդ կետում նշված սուբյեկտներին անհրաժեշտ պետական ծառայությունները մատուցելու նպատակով միասնական ընդունարանի հետ համագործակցում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական ծառայություններ մատուցող բոլոր մարմինները (այսուհետ` ծառայություն մատուցող մարմին)` անհրաժեշտության դեպքում սույն կարգի 11-րդ կետով սահմանված ձևով միասնական ընդունարան գործուղելով համապատասխան աշխատողներին:

7. Միասնական ընդունարանի աշխատողների գործառույթներն են`

1) տեղեկատվության տրամադրում դիմումատուներին միասնական ընդունարանի միջոցով պետական ծառայություններից օգտվելու առանձնահատկությունների և կարգի, այդ թվում` դիմումի կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, ձևի, ծառայությունների մատուցման ժամկետների վերաբերյալ, դիմումների կատարման ընթացքի, ինչպես նաև միասնական ընդունարանի գործունեության հետ կապված այլ հարցերի վերաբերյալ դիմումատուից դիմումն անձամբ կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու/ստանալու դեպքում.

2) պետական ծառայություն (ծառայություններ) ստանալու վերաբերյալ դիմումատուի դիմումի ընդունում և հաշվառում.

3) համագործակցություն ծառայություն մատուցող մարմնի հետ.

4) պետական ծառայությունների մատուցման արդյունքում ձևավորված փաստաթղթերի փոխանցում դիմումատուին.

5) համապատասխան ծրագրային ապահովման միջոցով տեսահեռարձակման կազմակերպում դիմումատուի և ծառայություն մատուցող մարմնի հետ.

6) պետական ծառայության մատուցման ընթացքում իրականացվող գործունեության և ընդունվող որոշումների, ինչպես նաև միասնական ընդունարանի գործունեության վերաբերյալ բողոքների ընդունման կարգի մասին տեղեկատվության տրամադրում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

8. Միասնական ընդունարանում դիմումների (փաստաթղթերի) ընդունումն ու հանձնումն իրականացվում է միասնական ընդունարանի աշխատողի կողմից: Դիմումը փոխանցվում է ծառայություն մատուցող մարմին:

9. Պետական ծառայության մատուցումը ներառում է հետևյալ ընթացակարգերը`

1) դիմումատուն անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում է միասնական ընդունարան` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հայտ: Հայտը ներառում է դիմումը և պետական ծառայությունն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Դիմումը լրացվում է ձեռագրով կամ էլեկտրոնային տարբերակով` անձամբ դիմումատուի կողմից կամ միասնական ընդունարանի աշխատողի կողմից` այն ներկայացնելով դիմումատուին` ստորագրության.

2) միասնական ընդունարանի աշխատողը դիմումն ընդունելու պահին տեղեկացնում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին միասնական ընդունարանի միջոցով պետական ծառայության մատուցման կարգի և յուրաքանչյուր դեպքի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետների վերաբերյալ, գրանցում է գործը և տրամադրում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին պետական ծառայության մատուցման համար դիմումի ձևը, եթե դիմումատուն կամ նրա լիազորած անձը չի ներկայացրել լրացված դիմումը.

3) միասնական ընդունարանը պետք է հագեցված լինի ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և միացված լինի պետական ծառայություն մատուցող էլեկտրոնային կառավարման համակարգերին.

4) միասնական ընդունարանի աշխատողը, դիմումն ընդունելիս, ստուգում է փաստաթղթերի փաթեթի ամբողջականությունը պետական ծառայության մատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի համապատասխան ցանկի առկայության դեպքում և տրամադրում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին ստացական` նշելով փաստաթղթի համարը, պետական ծառայության տրամադրման ժամկետները և այն հեռախոսահամարը, որով կարելի է տեղեկանալ դրա կատարման ընթացքի մասին: Դիմումատուն կամ նրա լիազորած անձն իր դիմումի կատարման ընթացքի մասին կարող է տեղեկանալ նաև էլեկտրոնային կառավարման պորտալի միջոցով` կիրառելով ստացականի վրա նշված համարը.

5) միասնական ընդունարանի աշխատողը փաստաթղթերի փաթեթը թղթային կամ էլեկտրոնային տեսքով դիմումի հետ միասին դիմումի ստացման օրը փոխանցում է այն ծառայություն մատուցող մարմնին: Միասնական ընդունարանի աշխատողը կազմակերպում է պետական ծառայության մատուցման արդյունքների ստացումը և դրանց փոխանցումը դիմումատուին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Սահմանված ժամկետում ծառայություններ մատուցող մարմինների կողմից միասնական ընդունարանին չպատասխանելու դեպքում պատասխանը համարվում է դրական, և դրա մասին միասնական ընդունարանի աշխատողը սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին.

6) միասնական ընդունարանի աշխատողը համագործակցում է ծառայություն մատուցող մարմնի պաշտոնյաների հետ պետական ծառայության մատուցման ընթացքի արդյունքների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով և կատարում է համապատասխան պետական ծառայության մատուցման հիմնական ձևերի հաշվառում, ինչպես նաև դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին.

7) դիմումատուն կամ լիազորված անձը կարող է ստանալ պետական ծառայության մատուցման արդյունքները` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և միասնական ընդունարանի աշխատողների կողմից փաստաթղթերի ընդունումը հավաստող ստացական:

10. Փաստաթղթերի ընդունման և հանձնման ընթացակարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Ծառայություն մատուցող մարմինը միասնական ընդունարանում կարող է իր հայեցողությամբ գործուղել համապատասխան աշխատողներին` կախված մատուցվող ծառայությունների տեսակից և հաճախականությունից:

12. Միասնական ընդունարանի կողմից մատուցվող ծառայություններն անվճար են:

13. Միասնական ընդունարանի մատուցած ծառայություններից օգտվողներն ընդունարանի գործունեության վերաբերյալ բողոքներ կարող են ներկայացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Ծառայություններ մատուցող մարմնի գործողությունները կամ անգործությունները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

14. Գրավոր ստացված բողոքները լիազոր մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

 

i

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2019 թվականի հունիսի 6-ի

N 727-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական խորհրդակցական միավորի` հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

2. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ղեկավարը, լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` լիազոր մարմնի ներկայացուցիչները, արդարադատության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի, հարկային և մաքսային մարմնի և այլ պետական մարմինների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

3. Հանձնաժողովը կազմված է 9 անձից` նախագահից, քարտուղարից և 7 անդամից: Հանձնաժողովի նախագահ է հանդիսանում լիազոր մարմնի ղեկավարը, իսկ քարտուղար` լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

4. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, և (կամ) էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջոցով:

5. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 1 օր առաջ:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նիստը համարվում է չկայացած և նշանակվում է նոր նիստ:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է հանձնաժողովի նախագահի ձայնը:

8. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է նախագահի որոշմամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

9. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն:

10. Փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում` արձանագրության հաստատումը, իրականացվում է էլեկտրոնային եղանակով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2019
N 727-Ն
Որոշում