Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (1-ԻՆ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(1-ին մաս)

 

(Գանգատ թիվ 11275/07)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

24 նոյեմբերի 2016 թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`

Միրյանա Լազարովա Տրայկովսկա [Mirjana Lazarova Trajkovska]` Նախագահ,

Լեդի Բիանկու [Ledi Bianku],

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Ալեշ Պեյխալ [Ales Pejchal],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],

Թիմ Այքը [Tim Eicke]` դատավորներ,

և Աբել Կամպոս [Abel Campos]` Բաժանմունքի քարտուղար,

2016 թվականի նոյեմբերի 3-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Հրաչյա Մուրադյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2007 թվականի մարտի 12-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 11275/07) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Մ. Շուշանյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ իր որդին` Սուրեն Մուրադյանը, մահացել է իր վերադասների` երեք սպաների վատ վերաբերմունքի և հետագայում պատշաճ բժշկական օգնություն չստանալու հետևանքով, և որ իշխանություններն այդ հանգամանքների արդյունավետ քննություն չեն իրականացրել:

4. 2011 թվականի նոյեմբերի 17-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1956 թվականին և բնակվում է Բաղրամյան գյուղում:

 

Ա. Սուրեն Մուրադյանի հիվանդությունը, հոսպիտալացումը և հետագայում վրա հասած նրա մահը

 

6. 2001 թվականի հունիսի 26-ին Սուրեն Մուրադյանը զորակոչվել է Հայաստանի Հանրապետության բանակ և ծառայության է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի թիվ 59703 զորամասում (այսուհետ` զորամաս), որը գտնվում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (այսուհետ` Լեռնային Ղարաբաղ): Ծառայության ընթացքում նա ներգրավված է եղել նաև զորամասի նվագախմբում` որպես շեփորահար:

7. 2002 թվականի հուլիսի 24-ից կամ 25-ից Սուրեն Մուրադյանի առողջական վիճակն սկսել է վատանալ: Նրա ջերմությունը ժամանակ առ ժամանակ բարձրացել է մինչև 400 C, նրա մոտ նկատվել է դող, գլխացավեր, սրտխառնոց և ախորժակի կորուստ:

8. Պարզվել է, որ հաջորդ օրը Սուրեն Մուրադյանին, ով այդ ժամանակահատվածում մնացել է զորանոցում, այցելել է զորամասի բուժծառայության պետ Ա. Հ.-ն (այսուհետ` զորամասի բժիշկ Ա. Հ.): Հայտնի չէ, թե այդ այցելությունն ինչ արդյունք է ունեցել: Նաև պարզվել է, որ 2002 թվականի հուլիսի 27-ին, երբ Սուրեն Մուրադյանի վիճակը վատացել է, նրա ծառայակիցները կրկին կանչել են Ա. Հ.-ին, ով այդ ժամանակ գտնվել է բուժկետում: Նա հրաժարվել է գալ` ասելով, որ Սուրեն Մուրադյանն ինքը պետք է գնա բուժկետ:

9. Բացի այդ, պարզվել է, որ ավելի ուշ Սուրեն Մուրադյանին այցելել է զորամասի բուժկետի պետ Ս. Գ.-ն (այսուհետ` զորամասի բժիշկ Ս. Գ.), ով ըստ երևույթին նրան տվել է ջերմիջեցնող հաբեր և կատարել մի քանի ներարկում: Սուրեն Մուրադյանի մոտ ըստ երևույթին ախտորոշվել է «սուր շնչառական հիվանդություն»:

10. Այս ամբողջ ժամանակահատվածում Սուրեն Մուրադյանի` զորամասի բուժկետում պահվող անձնական բժշկական քարտում կատարվել է միայն երկու գրառում` 2002 թվականի հուլիսի 29-ին և օգոստոսի 1-ին, որոնց համաձայն Սուրեն Մուրադյանի մոտ նկատվել է ընդհանուր թուլություն, ախորժակի կորուստ, մարմնի ցավեր, մկանային ցավ և բարձր ջերմություն: Նշանակվել են ջերմիջեցնող դեղամիջոցներ` անալգին և պարացետամոլ:

11. 2002 թվականի օգոստոսի 3-ին ժամը 18:30-ին Սուրեն Մուրադյանը, որի վիճակը վատթարացել էր, զորամասի բժիշկ Ս. Գ.-ի կողմից տեղափոխվել է Մեխակավանի (Լեռնային Ղարաբաղ) զինվորական հոսպիտալ: Հոսպիտալացվելիս Սուրեն Մուրադյանը գանգատվել է ընդհանուր թուլությունից, սրտխառնոցից, տենդից և դողից: Որպես նախնական ախտորոշում` նշվել է «մալարիա»-ն: Նրա բուժող բժիշկ է նշանակվել հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունքի գործող տնօրեն Ի. Մ.-ն (այսուհետ` հոսպիտալի բժիշկ Ի. Մ.):

12. Ժամը 18:45-ին Սուրեն Մուրադյանն անցել է նախնական բուժզննություն: Նրա ջերմությունը եղել է 38.50 C, իսկ նրա ընդհանուր վիճակը գնահատվել է միջին ծանրության: Նա պնդել է, որ վերջին շաբաթը հիվանդ է եղել, ջերմությունն անընդհատ տատանվել է և ուղեկցվել է դողով: Հետազոտվել են նրա թոքերը և որովայնը: Շոշափելիս նա ցավ է զգացել որովայնի ձախ կողմում, իսկ աջ կողմում թույլ ցավ է զգացել: Եզրակացության մեջ նշվել է, որ Սուրեն Մուրադյանը պետք է մանրամասնորեն հետազոտվի` բարձր ջերմության պատճառը պարզելու համար և անցնի մակաբուծաբանական հետազոտություն` հաշվի առնելով, որ նրա ծառայության վայրը մալարիայի օջախ է, և որ նրա մոտ առկա են եղել մալարիայի նախնական կլինիկական նշանները: Նրան նշանակվել են ջերմիջեցնող դեղամիջոցներ ու վիտամիններ, և նշանակվել է կաթիլային ներարկում:

13. 2002 թվականի օգոստոսի 4-ին ժամը 11:00-ին Սուրեն Մուրադյանի ընդհանուր վիճակը գնահատվել է հարաբերականորեն բավարար, իսկ ջերմությունը եղել է 37.20 C: Նրա մոտ դող չի նկատվել:

14. Ժամը 15:30-ին Սուրեն Մուրադյանի մոտ սկսել է դող նկատվել, և նրա ջերմությունը հասել է 39.80 C: Նշանակվել է արյան ընդհանուր քննություն և մակաբուծաբանական հետազոտություն, և հետազոտության համար նրանից վերցվել է արյան նմուշ:

15. Ժամը 19:40-ին Սուրեն Մուրադյանի վիճակը վատացել է: Նա եղել է գիտակից, սակայն անհանգիստ վիճակում: Նա փսխել է, գանգատվել է սրտխառնոցից և որովայնի ցավերից, գունատ է եղել և ծանր է շնչել: Ըստ սանիտարի` Սուրեն Մուրադյանը զուգարանից դուրս գալիս ընկել է: Հետազոտության ժամանակ նա կորցրել է գիտակցությունը, և նրա զարկերակը չի շոշափվել: Անմիջապես կանչվել է վերակենդանացման բաժանմունքի բժիշկներից մեկը:

16. Ժամը 19:45-ին վերակենդանացման բաժանմունքի բժիշկն արձանագրել է Սուրեն Մուրադյանի կլինիկական մահը և սկսել է վերակենդանացման միջոցառումները:

17. Ժամը 21:15-ին, երբ վերակենդանացման միջոցառումները որևէ արդյունք չեն տվել, արձանագրվել է Սուրեն Մուրադյանի կենսաբանական մահը: Մակաբուծաբանական հետազոտության արդյունքների համաձայն, որոնք պարզ են դարձել նույն օրը, Սուրեն Մուրադյանի արյան նմուշի մեջ մալարիայի հետք չի հայտնաբերվել:

 

Բ. Լեռնային Ղարաբաղի Հադրութի կայազորի զինվորական դատախազության կողմից իրականացված քննությունը

 

1. Նախնական բժշկական եզրակացությունները և քրեական գործի հարուցումը

 

18. 2002 թվականի օգոստոսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի կայազորի զինվորական դատախազության քննիչ Գ.-ն նշանակել է Սուրեն Մուրադյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է իրականացվեր դատաբժշկական փորձագետի կողմից Հայաստանում` Երևանում: Փորձագետից պահանջվել է որոշել մահվան ժամանակը և պատճառը, արտաքին վնասվածքների առկայությունը, դրանց բնույթը, պատճառման մեխանիզմը և մահվան հետ հնարավոր կապը: Արյան վերոնշյալ նմուշը նույնպես ներկայացվել է փորձագետին` դրանում մալարիայի առկայությունն ստուգելու համար:

19. Նույն օրը քննիչը կատարել է Սուրեն Մուրադյանի դիակի արտաքին ուսումնասիրություն: Այնուհետև նա ցուցմունք է վերցրել հոսպիտալի ընդունարանի ավագ բուժքույրերից մեկից, որը պնդել է, որ Սուրեն Մուրադյանը հոսպիտալացվելիս իրեն այնքան վատ է զգացել, որ գրեթե չի կարողացել խոսել և ցանկացել է պառկել: Հետո նա հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ին ասել է, որ վերջին ութ օրը գտնվել է այդ վիճակում, Ի. Մ.-ն Սուրեն Մուրադյանին հոսպիտալ ուղեկցած` զորամասի բժիշկ Ս. Գ.-ին բարկացած հարցրել է, թե ինչու են նրան այդքան ուշ տեղափոխել հոսպիտալ: Բուժքույրը նաև հաստատել է, որ Սուրեն Մուրադյանը հոսպիտալ է տեղափոխվել մալարիայի կասկածանքով:

20. 2002 թվականի օգոստոսի 6-ին դատաբժշկական փորձագետ Մ. Բ.-ն սկսել է Սուրեն Մուրադյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը, ներառյալ դիահերձումը, և նույն օրը հեռախոսագիր է ուղարկել քննիչ Գ.-ին` տեղեկացնելով, որ Սուրեն Մուրադյանը մահացել է սուր ներքին արյունահոսությունից, որովայնի ներքին բութ վնասվածքի ձախ թուլակողի շրջանում հին ու նոր արյունազեղումների առկայությամբ փայծաղի պատռվածքի հետևանքով:

21. Նույն օրը քննիչը, հաշվի առնելով, որ Սուրեն Մուրադյանի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության նախկին քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որի հետևանքով տուժողը մահացել է) թիվ 91204602 քրեական գործը հարուցելու մասին:

 

2. Դատաբժշկական փորձաքննության և քննչական մյուս գործողությունների արդյունքները

 

22. 2002 թվականի օգոստոսի 7-ին զորամասի առնվազն վեց զինծառայողներ հարցաքննվել են որպես վկա: Նրանց ցուցմունքների համաձայն` 2002 թվականի հուլիսի 21-ին զորամասի մի խումբ զինծառայողների, այդ թվում` Սուրեն Մուրադյանին տարել են քաղաք Մարտունի (Լեռնային Ղարաբաղ)` տարբեր զորամասերի թիմերի միջև կազմակերպված հումորի ուրախների և հնարամիտների ակումբի մրցույթին մասնակցելու համար: Խմբին ուղեկցել են լեյտենանտ Վ. Գ.-ն և կապիտան Դ. Հ.-ն (այսուհետ` սպաներ Վ. Գ. և Դ. Հ.): Մրցույթից հետո զինծառայողներին տեղափոխել են փոստային բաժանմունք, որի դիմաց վիճաբանություն է առաջացել սպաներ Վ. Գ.-ի ու Դ. Հ.-ի և Սուրեն Մուրադյանի միջև: Սպա Վ. Գ.-ն պնդել է, որ ժամացույցը, որը Սուրեն Մուրադյանը կրել է, իրեն է պատկանել, և ինքն այն կորցրել է մի քանի օր առաջ սեղանի թենիս խաղալիս: Սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն սկսել են հայհոյել Սուրեն Մուրադյանին: Սպա Վ. Գ.-ն բռնել է Սուրեն Մուրադյանի ձեռքը և հանել է ժամացույցը: Սուրեն Մուրադյանն ասել է, որ ժամացույցը վերցրել է համածառայակիցներից մեկից, որի անունը չի մտաբերում` հումորի մրցույթի ժամանակ կրելու համար: Սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն չեն հավատացել նրան և ժամանակ են տվել` այդ անձի ինքնությունը պարզելու համար: Նրանք նաև պնդել են, որ ևս մեկ ժամացույց է կորել, և Սուրեն Մուրադյանից պահանջել են այդ նույն ժամկետում գտնել և բերել այն: Սպա Դ. Հ.-ն սպառնացել է, որ նա խնդիրներ կունենա, եթե չկատարի պահանջը: Միջադեպից հետո խումբը բարձրացել է ավտոբուս` զորամաս վերադառնալու համար: Սուրեն Մուրադյանը և սպաներ Վ. Գ.-ն ու Դ. Հ.-ն բաժանվել են` ինչ-որ բան ցածր քննարկելով:

Ի պատասխան քննիչի հարցի` զինծառայողները նշել են, որ ո՛չ Վ. Գ.-ն և ո՛չ էլ Դ. Հ.-ն վիճաբանության ժամանակ Սուրեն Մուրադյանին չեն հարվածել: Նրանք նաև նշել են, որ Սուրեն Մուրադյանը դրանից հետո իրենց ասել է, որ հաջորդ օրերին սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն իրեն մի քանի անգամ տարել են զորամասի հրամանատարի տեղակալ, հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար փոխգնդապետ Կ. Զ.-ի (այսուհետ` սպա Կ. Զ.) աշխատասենյակ: Այնտեղ նրան ժամանակ են տվել` իրենց պահանջները կատարելու համար: Սպա Կ. Զ.-ն սպառնացել է, որ եթե նա չկատարի պահանջները, խնդիրներ կունենա և կպատժվի: 2002 թվականի հուլիսի 24-ից 25-ը Սուրեն Մուրադյանն իրեն վատ է զգացել և անկողնուց վեր չի կացել: Նրան մի քանի անգամ այցելել են զորամասի բժիշկներ Ա. Հ.-ն և Ս. Գ.-ն: Օգոստոսի 2-ին զորամասի մի խումբ զինծառայողներ մեկնել են քաղաք Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղ)` մրցույթի հաջորդ փուլին մասնակցելու համար: Սուրեն Մուրադյանը գնացել է նրանց հետ, սակայն չի կարողացել մասնակցել, քանի որ իրեն շատ վատ է զգացել: Խումբը Ստեփանակերտից զորամաս է վերադարձել գիշերը ուշ, իսկ հաջորդ օրը Սուրեն Մուրադյանը տեղափոխվել է հոսպիտալ:

Ի պատասխան քննիչի հարցի` զինծառայողները նշել են, որ տեղյակ չեն` արդյոք Սուրեն Մուրադյանը ծեծի է ենթարկվել կամ արդյոք նա կռվի մասնակից է դարձել:

23. Նույն օրը հարցաքննվել են զորամասի երկու այլ զինծառայողներ` Կ. Ե.-ն և Գ. Մ.-ն: Զինծառայող Կ. Ե.-ն նշել է, որ նա ներկա է գտնվել սեղանի թենիսի նշված խաղին, իսկ զինծառայող Գ. Մ.-ն նշել է, որ Սուրեն Մուրադյանին ինքն է տվել ժամացույցը: 2002 թվականի հուլիսի 23-ին կամ 24-ին (ըստ զինծառայող Գ. Մ.-ի) կամ 2002 թվականի հուլիսի 25-ին (ըստ զինծառայող Կ. Ե.-ի) իրենց երեքին սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն մի քանի անգամ տարել են զորամասի շտաբ` սպա Կ. Զ.-ի աշխատասենյակ, որտեղ իրենց հարցեր են տվել ժամացույցների վերաբերյալ: Այնտեղ իրենց մինչև ժամը 18:00-ն ժամանակ են տվել` երկրորդ ժամացույցը գտնելու և բերելու համար: Երբ ժամը 18:00-ին իրենք վերադարձել են, Սուրեն Մուրադյանին և զինծառայող Կ. Ե.-ին կարգադրել են մտնել առաջինը, իսկ զինծառայող Գ. Մ.-ն մտել է նրանց դուրս գալուց հետո: Ըստ զինծառայող Գ. Մ.-ի` իրենց ևս երկու օր ժամանակ են տվել, մինչդեռ ըստ զինծառայող Կ. Ե.-ի` երկրորդ ժամացույցը գտնելու համար իրենց ժամանակ են տվել մինչև շաբաթ օրը (հուլիսի 27-ը) առավոտյան: Զինծառայող Կ. Ե.-ն նաև նշել է, որ հուլիսի 27-ին իրեն ժամանակավոր տեղափոխել են` որոշ աշխատանքներ կատարելու համար, և ինքն այդ պատմության հետ այլևս կապ չի ունեցել: Նա ավելացրել է, որ երբ ինքը և Սուրեն Մուրադյանը միասին են եղել աշխատասենյակում, իրենց ոչ ոք ձեռք չի տվել:

24. Համապատասխանաբար 2002 թվականի օգոստոսի 9-ին և 10-ին քննիչը որպես վկա հարցաքննել է սպաներ Դ. Հ.-ին և Վ. Գ.-ին, որոնք պատմել են Մարտունիում 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած դեպքերի, այդ թվում` իրենց և Սուրեն Մուրադյանի միջև փոստային բաժանմունքի մոտ տեղի ունեցած վիճաբանության մասին: Սպա Վ. Գ.-ն նշել է, inter alia, որ Սուրեն Մուրադյանը ժամացույցն ինքնակամ հանել և տվել է իրեն: Սպա Դ. Հ.-ն նշել է, inter alia, որ ինքը հաջորդ օրն առավոտյան զորամասի շտաբի դիմաց հանդիպել է Սուրեն Մուրադյանին և նրան տվել է երեք օր ժամանակ` ժամացույցը գտնելու և բերելու համար: Երկու սպաները նաև նշել են, որ եռօրյա ժամկետը լրանալուց հետո իրենք Սուրեն Մուրադյանին և զինծառայող Կ. Ե.-ին տարել են սպա Կ. Զ.-ի աշխատասենյակ, որտեղ սպա Կ. Զ.-ն նրանց հետ առանձին զրուցել է:

Քննիչը սպա Դ. Հ.-ին որևէ հարց չի առաջադրել, իսկ սպա Վ. Գ.-ին մի քանի հարց է առաջադրել 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության վերաբերյալ: Սպա Վ. Գ.-ն խոստովանել է, որ հայհոյել է Սուրեն Մուրադյանին և ուժեղ թափահարել ու քաշել է նրա ձեռքը, սակայն հերքել է, որ հարվածել է նրան, և չի կարողացել մտաբերել` արդյոք ինքն է նրան ապտակել, թե` սպա Դ. Հ.-ն:

25. 2002 թվականի օգոստոսի 11-ին քննիչը որպես վկա հարցաքննել է սպա Դ. Հ.-ին` նրան առաջադրելով 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության վերաբերյալ մի շարք հարցեր: Քննիչը նաև պահանջել է պատմել հետագա հանդիպումների մասին, որոնց վերաբերյալ տված իր նախորդ ցուցմունքը Դ. Հ.-ն պնդել է` ավելացնելով, որ դրսում սպասելու ընթացքում ինքը սպա Կ. Զ.-ի աշխատասենյակից որևէ ձայն չի լսել:

26. Նույն օրը զինծառայող Կ. Ե.-ն կրկին հարցաքննվել է: Նա իր նախորդ ցուցմունքին ավելացրել է, որ երբ ինքն ու Սուրեն Մուրադյանը գտնվել են սպա Կ. Զ.-ի աշխատասենյակում, սպա Կ. Զ.-ն իրենց հայհոյել է, սակայն չի հարվածել:

27. 2002 թվականի օգոստոսի 12-ին սպաներ Դ. Հ.-ն և Վ. Գ.-ն նորից են հարցաքննվել, և նրանց հարցեր են առաջադրվել 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության վերաբերյալ: Սպա Դ. Հ.-ին հարցրել են, inter alia, թե արդյոք նա անձնական շարժառիթներով է Սուրեն Մուրադյանին այդքան հաճախ զորամասի շտաբ կանչել, ինչպես նաև հարցրել են, թե ինչու Սուրեն Մուրադյանի բժշկական քարտում մինչև 2002 թվականի օգոստոսի 3-ը որևէ գրառում չի կատարվել, եթե նա առաջին անգամ բժշկական օգնություն է խնդրել 2002 թվականի հուլիսի 25-ին:

28. 2002 թվականի օգոստոսի 17-ին քննիչը ցուցմունք է վերցրել սպա Կ. Զ.-ից: Սպա Կ. Զ.-ն հաստատել է, որ ինքը Սուրեն Մուրադյանին և զինծառայող Կ. Ե.-ին կանչել է իր աշխատասենյակ` կորած ժամացույցների մասին զրուցելու համար: Զրույցի ժամանակ Սուրեն Մուրադյանին թույլատրվել է գնալ և կանչել զինծառայող Գ. Մ.-ին: Այնուհետև նա զրուցել է նրանց երեքի հետ` առաջինը բաց թողնելով Գ. Մ.-ին, իսկ մյուս երկուսից պահանջել է գտնել և բերել կորած ժամացույցները: Սպա Կ. Զ.-ն նաև նշել է, որ 2002 թվականի հուլիսի 29-ին ինքը կրկին կանչել է Սուրեն Մուրադյանին և զինծառայող Կ. Ե.-ին, սակայն վերջինս միայնակ է եկել, քանի որ Սուրեն Մուրադյանն իրեն լավ չի զգացել: Ապա զինծառայող Կ. Ե.-ին կարգադրել է գնալ և բերել Սուրեն Մուրադյանին: Երբ վերջինս եկել է, ինքը հարցրել է, թե ինչ է պատահել և ինչու է նա մնացել զորանոցում, ինչին Սուրեն Մուրադյանը պատասխանել է, որ ջերմություն ունի և ստանում է բժշկի կողմից նշանակված բուժումը: Սպա Կ. Զ.-ն այնուհետև նրանց տվել է մեկ շաբաթ` երկրորդ ժամացույցը գտնելու համար:

Քննիչը սպա Կ. Զ.-ին երկու հարց է առաջադրել. ա) արդյոք նա հարվածել, ապտակել կամ հայհոյել է Սուրեն Մուրադյանին կամ զինծառայող Կ. Ե.-ին, երբ նրանք գտնվել են իր աշխատասենյակում, ինչը սպա Կ. Զ.-ն հերքել է, և բ) արդյոք նա միայնակ է եղել, երբ հանդիպել է նրանց, ինչին սպա Կ. Զ.-ն պատասխանել է, որ ինքը նրանց հանդիպել է միայն իր աշխատասենյակում:

29. 2002 թվականի սեպտեմբերի 2-ին դիմումատուն ճանաչվել է տուժող:

30. 2002 թվականի սեպտեմբերի 11-ին դիակի դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, և դրա արդյունքներն ուղարկվել են Հադրութի կայազորի զինվորական դատախազություն: Դատաբժշկական փորձագետ Մ. Բ.-ի եզրակացությունների համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«Դիակի արտաքին ուսումնասիրությունը. ... Վնասվածքները. Ճակատի աջ կողմում առկա է 0.8 x 0.6 չափերի քերծվածք, որը գտնվում է շրջակա մաշկից ներքև և ունի մուգ կարմիր մակերես: ...

Դիակի ներքին ուսումնասիրությունը. ... Մկանների հաստության մեջ` որովայնի ձախ կողմում, փայծաղի պրոյեկցիայով հայտնաբերվել է 10 x 9 սմ չափերի արյունազեղում ...

Հոսպիտալում Սուրեն Մուրադյանից վերցված արյան նմուշն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն` մանրէաբանական հետազոտության համար...

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ 74252 զորամասի կողմից 2002 թվականի օգոստոսի 28-ին ստացվել է 2002 թվականի օգոստոսի 21-ով թվագրված հետևյալ պատասխանը ..., հոսպիտալում Սուրեն Մուրադյանից վերցված արյան պատրաստուկը մանրադիտակի միջոցով մանրէաբանական հետազոտության ենթարկելու արդյունքում հայտնաբերվել են ... մալարիայի երեք օրվա վաղեմության հարուցիչներ»: 2002 թվականի սեպտեմբերի 11-ով թվագրված ... դատահյուսվածքաբանական ուսումնասիրության արդյունքների համաձայն ... «Դատահյուսվածքաբանական ուսումնասիրության եզրակացություն. ... որովայնի ձախ թուլակողի փափուկ հյուսվածքների հին և նոր արյունազեղումներ, փայծաղի ներքին արյունազեղում»:

Դատաբժշկական ախտորոշում. Որովայնի փակ, բութ վնասվածք, որովայնի ձախ թուլակողի փափուկ հյուսվածքների և մկանների հին ու նոր արյունազեղումներ, մեծացած փայծաղ..., փայծաղի պատռվածք և արյունազեղում, ... Սուր ներքին արյունահոսություն: Մալարիա: Քերծվածք ճակատի աջ կողմում...

Հետևություններ.

...

2. Սուրեն Մուրադյանի մահը վրա է հասել սուր ներքին արյունահոսության պատճառով, որովայնի փակ, բութ վնասվածքի ձախ թուլակողի շրջանում հին և նոր արյունազեղումների առկայությամբ կազմափոխված և մեծացած փայծաղի պատռվածքի հետևանքով:

3. Սուրեն Մուրադյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները. որովայնի ձախ կողմի փափուկ հյուսվածքների և մկանների հին ու նոր արյունազեղումներ, փայծաղի պատռվածք և արյունազեղում ... և քերծվածք ճակատի աջ կողմում: ... Վերոնշյալ վնասվածքներից որովայնի ձախ թուլակողի փափուկ հյուսվածքների և մկանների հին ու նոր արյունազեղումները և փայծաղի պատռվածքն ու արյունազեղումը ... պատճառվել են սահմանափակ մակերես ունեցող բութ առարկաների կամ գործիքների ներգործությամբ, որովայնի ձախ թուլակողի փափուկ հյուսվածքների և մկանների հին ու նոր արյունազեղումների բնույթից դատելով` կարելի է ասել, որ հին արյունազեղումներն ունեն մոտավորապես 8-10 օրից ավելի վաղեմություն, իսկ նոր արյունազեղումն ունի մոտավորապես 1-2 օրվա վաղեմություն: Որովայնի փակ, բութ վնասվածքը փայծաղի պատռվածքով և սուր ներքին արյունահոսությամբ դասվում է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքների շարքին և Սուրեն Մուրադյանի մահվան հետ անմիջական պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում: Ճակատի աջ կողմի քերծվածքը պատճառվել է կենդանության ժամանակ` սահմանափակ մակերես ունեցող բութ առարկայով, և համարվում է ոչ ծանր մարմնական վնասվածք...

4. Ինչպես նշվել է վերևում, մահը վրա է հասել հիմնական վնասվածքները (սկզբնական շրջանում որովայնի ձախ հատվածում վերոնշյալ հին արյունազեղումը, որն ամենայն հավանականությամբ ուղեկցվել է փայծաղի ենթապատյանային պատռվածքով և ներծծվող արյունազեղմամբ) պատճառվելուց հետո ավելի քան 8-ից 10 օր հետո: Ինչ վերաբերում է ճակատի աջ կողմում առկա քերծվածքին և նոր արյունազեղմանը, ապա դրանք հասցվել են մահվանից 1-ից 2 օր առաջ:

...

12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ 3 լաբորատորիայից ստացված պատասխանից հետևում է, որ զինվորական հոսպիտալում Սուրեն Մուրադյանի դիակից վերցված արյան նմուշի մեջ հայտնաբերվել են մալարիայի երեք օրվա վաղեմության հարուցիչներ:

13. ... Ա. Սուրեն Մուրադյանի փայծաղը մալարիայի հետևանքով մեծացած և դեֆորմացված է եղել:

Բ. Գ. Ինչպես նշվել է վերևում, սկզբնական շրջանում որովայնի փակ, բութ վնասվածքի ձախ թուլակողի հին արյունազեղման առկայության հետևանքով ամենայն հավանականությամբ եղել է փայծաղի ենթապատյանային պատռվածք արյունահավաքով, որի մասին կողմնակի վկայում են նաև դատահյուսվածքաբանական ուսումնասիրությամբ հայտնաբերված ներծծվող արյունազեղումները փայծաղում. հետագա օրերի արյունահավաքի մեծացման պատճառով պատռվել է փայծաղի պատյանը, որը դարձել է սուր արյունահոսության պատճառ: Այս գործընթացը կարող է մի քանի օր տևած լինել, սակայն օրերի հստակ թիվը որոշել հնարավոր չէ:

Դ. Բժշկական քարտից պարզ է դառնում, որ 2002 թվականի օգոստոսի 4-ին ժամը 19:40-ին Սուրեն Մուրադյանն վայր է ընկել հոսպիտալի զուգարանում. հաշվի առնելով փայծաղի պատռվածքի և ներքին սուր արյունահոսության վերաբերյալ վերոնշյալ հանգամանքները` փայծաղի պատռվածքը չէր կարող առաջանալ հոսպիտալի զուգարանում վայր ընկնելու հետևանքով:»:

31. 2002 թվականի սեպտեմբերի 12-ին սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության նախկին քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված արարք (պետի կողմից ստորադրյալին բռնի գործողություններով վիրավորանք հասցնելը) կատարելու կասկածանքով:

32. 2002 թվականի սեպտեմբերի 13-ին նրանց մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, և նրանք կալանավորվել են: Որոշման մեջ նշվել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին ժամը 18:30-ի սահմաններում Մարտունու փոստային բաժանմունքի մոտ սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձինք և Սուրեն Մուրադյանին գողություն կատարելու մեջ կասկածելով, նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու փոխարեն մոտ տասնհինգ զինծառայողների ներկայությամբ հարձակվել են նրա վրա` հայհոյելով, ապա նաև նվաստացնելով նրան: Դրանում նաև նշվել է, որ սպա Վ. Գ.-ն քաշքշել է Սուրեն Մուրադյանին` նրան ֆիզիկական ցավ պատճառելով:

33. 2002 թվականի սեպտեմբերի 14-ին սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն հարցաքննվել են որպես կասկածյալներ և երկուսն էլ պնդել են, որ 2002 թվականի հուլիսի 21-ին իրենք Մարտունու փոստային բաժանմունքի մոտ քաշքշել և հայհոյել են Սուրեն Մուրադյանին: Նրանց առաջադրվել են հարցեր այն մասին, թե ինչ հայհոյանքներ են հնչել:

34. 2002 թվականի սեպտեմբերի 25-ին քննիչ Գ.-ն որոշել է նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն` որոշելու համար Սուրեն Մուրադյանի մահվան մեջ զորամասի սպաների և հոսպիտալի բժիշկների մեղավորությունը, այդ թվում` այն, թե արդյոք ախտորոշումը և նշանակված բուժումը եղել են ժամանակին և ճիշտ, արդյոք նա ժամանակին է տեղափոխվել հոսպիտալ և արդյոք նրանք կարող էին հայտնաբերել դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վնասվածքները: Որոշման մեջ նշվել է, inter alia, որ 2002 թվականի հուլիսի 21-ին Սուրեն Մուրադյանը վիճաբանել է զորամասի երկու սպաների` Վ. Գ.-ի և Դ. Հ.-ի հետ, որից հետո` հուլիսի 24-ից, նրա առողջական վիճակը վատացել է:

35. 2002 թվականի հոկտեմբերի 6-ին հարցաքննվել է զորամասի նվագախմբի զինծառայողներից մեկը: Նա նշել է, որ Սուրեն Մուրադյանը որևէ մեկի հետ վիճաբանություն կամ ընդհարում չի ունեցել: Մարտունիից վերադառնալիս Սուրեն Մուրադյանն իրեն պատմել է, որ անախորժության մեջ է հայտնվել ժամացույցի պատճառով, և որ «այժմ նրանք անհիմն մեղադրում են իրեն»: Այնուամենայնիվ, Սուրեն Մուրադյանը նրան կամ մյուսներին չի ասել, որ իրեն վատ են վերաբերվել, նույնիսկ երբ այդ մասին ուղղակիորեն հարց է տրվել սպա Կ. Զ.-ի աշխատասենյակից վերադառնալուց հետո: Զինծառայողը հաստատել է, որ Սուրեն Մուրադյանի առողջական վիճակը վատացել է 2002 թվականի հուլիսի 24-ից: Նա նաև նշել է, որ ինքը և մյուսները սրբել են Սուրեն Մուրադյանի ճակատի, գոտկատեղի, մեջքի և ոտքերի քրտինքը, երբ նա հիվանդ է եղել, սակայն վնասվածքների հետքեր չեն նկատել: Հիվանդության երկրորդ օրը զորամասի բժիշկ Ա. Հ.-ն այցելել է նրան և հանգել է այն եզրակացության, որ նա մրսել է: Մի քանի օր անց եկել է զորամասի բժիշկ Ս. Գ.-ն, ասել է, որ Սուրեն Մուրադյանը գրիպով է հիվանդացել, և նրան մի քանի հաբ է տվել: Վերջին օրերին Սուրեն Մուրադյանը շատ վատ է զգացել. նա սաստիկ հյուծվել և քայլելիս ճոճվել է, և նրանք ստիպված են եղել նրան ուղեկցել զուգարան:

36. 2002 թվականի նոյեմբերի 6-ին դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն իրականացնող փորձագետները տրամադրել են համապատասխան եզրակացություն: Դրա հետևությունների համաձայն` հնարավոր է, որ զորամասի բժիշկները չհայտնաբերեին Սուրեն Մուրադյանի մահն առաջացրած վնասվածքները, քանի որ մաշկի վրա վնասվածքների տեսանելի հետքեր չեն եղել: Մեծացած փայծաղը կարող էր մալարիայի հետևանք լինել, իսկ Սուրեն Մուրադյանի վնասվածքը կարող էր հանգեցնել ենթապատյանային արյունահոսության, որն էլ այնուհետև հանգեցրել է փայծաղի պատռվածքի և սուր ներքին արյունահոսության: Անդրադառնալով այն փաստին, որ Սուրեն Մուրադյանի արյան նմուշի մեջ 2002 թվականի օգոստոսի 4-ի մանրէաբանական հետազոտության արդյունքում մալարիայի հարուցիչներ չեն հայտնաբերվել, փորձագետները դա բացատրել են նրանով, որ հարուցիչները հնարավոր է հայտնաբերել հիվանդության այն փուլում, երբ հիվանդի մոտ նկատվում է բարձր ջերմությամբ ուղեկցվող դող և տենդ: Եզրակացության մեջ ի վերջո նշվել է, որ պայմանավորված այն հանգամանքով, որ մալարիայի հարուցիչներ չեն հայտնաբերվել, պետք է նշանակվեր ոչ թե սպեցիֆիկ, այլ ախտանշական (սիմպտոմային) բուժում, որն իրականում լիարժեք ապահովվել է:

37. 2002 թվականի նոյեմբերի 7-ին զինծառայող Գ. Մ.-ն կրկին հարցաքննվել է և նշել է, որ թե՛ Սուրեն Մուրադյանը և թե՛ զինծառայող Կ. Ե.-ն հերքել են, որ իրենց հարվածել կամ հայհոյել են առաջին անգամ սպա Կ. Զ.-ի աշխատասենյակում գտնվելու ժամանակ: Երբ ինքը և Սուրեն Մուրադյանը հաջորդ օրը գնացել են աշխատասենյակ, սպա Կ. Զ.-ն իրեն հարցրել է. «Դու ինչո՞ւ ես եկել: Դուրս արի՛, դու քո պատիժն արդեն կրել ես»: Ի պատասխան քննիչի հարցի` զինծառայող Գ. Մ.-ն նշել է, որ ինքը Սուրեն Մուրադյանի վրա որևէ կապտուկ կամ հետք չի նկատել, երբ վերջինս հինգ րոպե անց դուրս է եկել աշխատասենյակից: Նա չի կարողացել ասել, թե սպա Կ. Զ.-ն ինչ է նկատի ունեցել և թե արդյոք նրա ասածը նշանակել է, որ այժմ Սուրեն Մուրադյանի հերթն է պատժվելու:

38. 2002 թվականի դեկտեմբերի 2-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազին և մանրամասն փաստարկներ է ներկայացրել` պնդելով, որ իր որդին մահացել է սպաներ Վ. Գ.-ի, Դ. Հ.-ի, Կ. Զ.-ի և մեկ այլ սպայի` Բ.-ի կողմից ծեծի ենթարկվելու, ինչպես նաև զորամասի բժիշկներ Ս. Գ.-ի և Ա. Հ.-ի կողմից բժշկական օգնություն չստանալու հետևանքով: Նա պնդել է, որ զինծառայող Գ. Մ.-ն իր ներկայությամբ հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ սպա Կ. Զ.-ն իր աշխատասենյակում իր նկատմամբ չափազանց վատ վերաբերմունք է դրսևորել: Նրանից հետո Սուրեն Մուրադյանը միայնակ մտել է նրա աշխատասենյակ և հաջորդ օրն առավոտյան անկողնում իրեն այնքան վատ է զգացել, որ չի կարողացել գնալ սպա Կ. Զ.-ի աշխատասենյակ: Դիմումատուն պնդել է, որ Սուրեն Մուրադյանին ծեծի են ենթարկել հենց այդ ժամանակ, ինչն էլ հանգեցրել է փայծաղի պատռվածքի և հանգեցրել է նրա մահվան: Նա նաև պնդել է, որ բժիշկները դիտավորյալ հրաժարվել են բժշկական օգնություն տրամադրել Սուրեն Մուրադյանին և նրան հոսպիտալ տեղափոխել` բռնության փաստը թաքցնելու նպատակով: Դիմումատուն զինվորական դատախազից պահանջել է պարզել իր որդու մահվան համար մեղավոր անձանց:

39. 2002 թվականի դեկտեմբերի 10-ին քննիչ Գ.-ն որոշել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Բացի նախկինում առաջադրված հարցերից` փորձագետներից պահանջվել է որոշել` արդյոք զորամասի և հոսպիտալի բժիշկները կարող էին հայտնաբերել փայծաղի մեծացումը և ինչ պետք է անեին այն հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև այն, թե արդյոք Սուրեն Մուրադյանի փայծաղը կարող էր ավելի վաղ պատռվել և դրա հետևանքով սկսվեր դանդաղ արյունահոսություն:

40. 2002 թվականի դեկտեմբերի 11-ին դատաբժշկական փորձագետները ներկայացրել են լրացուցիչ եզրակացություն: Դրա հետևությունների համաձայն` 2002 թվականի հուլիսի 29-ին Սուրեն Մուրադյանը չի գանգատվել որովայնի ցավերից, և զորամասի բժիշկները որևէ հիմք չեն ունեցել մալարիա կասկածելու համար և նրա մոտ ախտորոշել են սուր շնչառական հիվանդություն: Եզրակացության մեջ նաև նշվել է, որ սովորաբար բժիշկը պարտավոր է ախտորոշում տալ հիվանդին մանրամասն հետազոտելուց հետո: Սուրեն Մուրադյանի բժշկական քարտում նշված են եղել նրա գանգատները, սակայն այդպիսի հետազոտման արդյունքների վերաբերյալ որևէ նշում չի եղել: Եթե 2002 թվականի հուլիսի 29-ին Սուրեն Մուրադյանի փայծաղն արդեն մեծացած է եղել, ապա դա հնարավոր կլիներ պարզել շոշափման միջոցով և նրան տեղափոխել հոսպիտալ: Նույնը հնարավոր կլիներ կատարել նաև հոսպիտալում: Ինչ վերաբերում է փայծաղի ենթապատյանային պատռվածքին, ապա այն հայտնաբերել գրեթե հնարավոր չի եղել: Եթե փայծաղի պատռվածքը հայտնաբերվեր և փայծաղը վիրահատության միջոցով հեռացվեր, ապա Սուրեն Մուրադյանի կյանքը հնարավոր կլիներ փրկել: Ի վերջո, դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ հայտնաբերված վնասվածքները բժիշկների կողմից չեն հայտնաբերվել, քանի որ մաշկի դրսի կողմից վնասվածքների տեսանելի հետքեր չեն եղել:

41. 2002 թվականի դեկտեմբերի 15-ին հարցաքննվել է զինծառայող Կ. Բ.-ն, ով հոսպիտալում բուժում է ստանալիս եղել, երբ Սուրեն Մուրադյանին հոսպիտալացրել են: Նա նշել է, որ Սուրեն Մուրադյանի հետ ծանոթացել է վերջինիս հոսպիտալացվելուց հետո: Սուրեն Մուրադյանը շատ հիվանդ տեսք է ունեցել և իրեն ասել է, որ վերջին ութ օրն անցկացրել է զորանոցում: Կ. Բ.-ն նաև նշել է, որ Սուրեն Մուրադյանի ճակատին որևէ կապտուկ չի նկատել, իսկ հոսպիտալում անցկացրած երկու օրվա ընթացքում որևէ ընդհարում կամ վիճաբանություն չի եղել:

42. 2003 թվականի փետրվարի 4-ին վիրավորանք հասցնելու փաստի առթիվ սպաներ Վ. Գ.-ի և Դ. Հ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործն անջատվել է Սուրեն Մուրադյանի մահվան փաստի առթիվ հարուցված հիմնական քրեական գործից առանձին վարույթում, քանի որ այդ երկուսի միջև պատճառական կապ չի եղել: Անջատված գործին շնորհվել է նոր համար (թիվ 91200703):

43. Նախաքննության ժամանակ պարզվել են սպաներ Վ. Գ.-ի և Դ. Հ.-ի կողմից կատարված մի քանի այլ` սույն գործին չառնչվող արարքներ: Ինչ վերաբերում է մասնավորապես սպա Դ. Հ.-ին, ապա նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2002 թվականի ապրիլին նա հերթապահության ժամանակ քնելու պատճառով ոտքով հարվածել է զինվորին և ջարդել է նրա ձեռքը: Սպա Դ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել մարմնական վնասվածքներ հասցնելու համար:

44. 2003 թվականի փետրվարի 28-ին անջատված գործով կազմված մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

45. 2003 թվականի մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը միջնորդագիր է ներկայացրել Սյունիքի մարզի դատարան` խնդրելով, որ սպա Դ. Հ.-ի նկատմամբ նշանակվի ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, և որ նա հանձնվի զորամասի հրամանատարության հսկողությանը` հաշվի առնելով զինված ուժերում նրա երկար տարիների բարեխիղճ ծառայությունը, թիվ 42009 զորամասի հրամանատարության զեկուցագիրը և այն փաստը, որ նա զղջացել է իր գործողությունների համար, և որ նրա գործողությունները որևէ վտանգ չեն ներկայացրել հասարակության համար:

46. 2003 թվականի ապրիլի 12-ին հարցաքննվել է դատաբժշկական փորձագետ Մ. Բ.-ն: Նա հաստատել է, որ Սուրեն Մուրադյանն արդեն հիվանդ է եղել մալարիայով, երբ հին արյունազեղումներն առաջացել են նրա որովայնի ձախ թուլակողի շրջանում: Ըստ նրա` այն փաստը, որ Սուրեն Մուրադյանը հիվանդ է եղել, կարող էր արագացնել ենթապատյանային պատռվածքի վերածումը լրիվ պատռվածքի և ներքին արյունահոսության: Այնուամենայնիվ, հարվածից կարող է առաջանալ նույնիսկ առողջ փայծաղի ենթապատյանային պատռվածք, որն այնուհետև կարող է վերածվել լրիվ պատռվածքի: Ենթապատյանային պատռվածքի վերածումը լրիվ պատռվածքի կարող էր տեղի ունենալ թե՛ արտաքին ներգործության և թե՛ դրա բացակայության պարագայում: Փորձագետն ի վերջո հաստատել է, որ Սուրեն Մուրադյանի մարմնի վրա հայտնաբերված նոր արյունազեղումները և նրա ճակատի ձախ կողմում առկա քերծվածքը կարող էին պատճառված լինել մահվանից առաջ` հոսպիտալում վայր ընկնելու հետևանքով:

47. 2003 թվականի ապրիլի 18-ին զինծառայող Գ. Մ.-ն կրկին հարցաքննվել է և պնդել է, որ այն ընթացքում, երբ ինքը դրսում սպասել է Սուրեն Մուրադյանին, աշխատասենյակից հարվածի կամ այլ բարձր ձայներ չեն լսվել: Դրանից հետո իրեն լուրեր են հասել այն մասին, որ սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն Սուրեն Մուրադյանին ծեծի են ենթարկել: Զինծառայող Գ. Մ.-ն նաև ասել է, որ ինքը Սուրեն Մուրադյանին և զինծառայող Կ. Ե.-ին հարցրել է` արդյոք իրենց հարվածել են, քանի որ սպա Կ. Զ.-ն իր աշխատասենյակում իրեն մի քանի անգամ հարվածել էր: Նա նաև խնդրել է, որ սպա Կ. Զ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվի, քանի որ նա ընդամենը երկու կամ երեք անգամ է հարվածել իր հետույքին:

48. 2003 թվականի ապրիլի 24-ին դիմումատուն կապ է հաստատել նախաքննական մարմնի հետ` ցանկանալով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել: Հաջորդ օրը նա հարցաքննվել է և նշել է, որ 2002 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իր նախկին գործընկերը, որը 2002 թվականի օգոստոսի կեսերին այցելել է այդ նույն զորամասում ծառայող իր բարեկամին, պատմել է, որ լսել է, թե ինչպես է սպաներից մեկն ասում, որ Սուրեն Մուրադյանի նկարագրությանը համապատասխանող մի զինծառայող վերջերս մահացել է սպա Վ. Գ.-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:

49. 2003 թվականի ապրիլի 26-ին թե՛ նախկին գործընկերը և թե՛ զորամասում ծառայող նրա բարեկամը հարցաքննվել են և հաստատել են այդ տեղեկությունը, սակայն չեն կարողացել հիշել տվյալ սպայի անունը: 2003 թվականի հոկտեմբերի 4-ին նախկին գործընկերոջ բարեկամը կրկին հարցաքննվել է և նշել է, որ սպայի անունը եղել է Վ. Մ.:

50. 2003 թվականի ապրիլի 27-ին հարցաքննվել են մի քանի այլ անձինք, այդ թվում` զորամասի բժիշկներ Ս. Գ.-ն և Ա. Հ.-ն, հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ն և հոսպիտալի սանիտար Հ. Ղ.-ն:

51. Զորամասի բժիշկ Ս. Գ.-ն նշել է, inter alia, որ մի քանի ամիս առաջ` զինծառայող Գ. Մ.-ի հետ զրույցի ժամանակ, ինքը վերջինիս հարցրել է` արդյոք ճիշտ են այն լուրերը, որ սպաներ Վ. Գ.-ն և Դ. Հ.-ն Սուրեն Մուրադյանին ծեծի են ենթարկել, զինծառայող Գ. Մ.-ն պատասխանել է, որ տեղյակ չէ: Ս. Գ.-ին նաև հարցեր են առաջադրվել զորամասում Սուրեն Մուրադյանին տրամադրված բժշկական օգնության վերաբերյալ:

52. Զորամասի բժիշկ Ա. Հ.-ն պնդել է, որ ինքը նույնպես մեկ անգամ հետազոտել է Սուրեն Մուրադյանին, այդ թվում` շոշափել է նրա որովայնը, սակայն ախտաբանական փոփոխություններ կամ արյունազեղումներ և վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նրանից նաև պահանջել են պարզաբանել, թե ինչու է հրաժարվել գնալ Սուրեն Մուրադյանի մոտ, երբ նրան այդ մասին խնդրել են վերջինիս համածառայակիցները:

53. Հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ն նշել է, որ ինքն է առաջինը Սուրեն Մուրադյանի մոտ մալարիա ախտորոշել` հիմնվելով առկա ախտանիշների և այն փաստի վրա, որ այն վայրը, որտեղ նա ծառայել է, մալարիայի օջախ է: Սուրեն Մուրադյանն իրեն միայն մահանալու օրն է ասել, որ իրեն ծեծի են ենթարկել և որ ինքը վայր է ընկել, և քանի որ ախտանիշներ չեն եղել, նա հիվանդին այդպիսի հարցեր չի տվել: Այնուամենայնիվ, վերջին օրը, երբ նա շտապել է բժշկական օգնություն ցուցաբերել Սուրեն Մուրադյանին, երբ վերջինիս հարցրել են, թե ինչ է պատահել, նա պատասխանել է. «Փորս ցավում է, շատ վատ եմ զգում, քիչ առաջ զուգարանում վայր եմ ընկել»:

54. Հոսպիտալի սանիտար Հ. Ղ.-ն նշել է, որ 2002 թվականի օգոստոսի 4-ին ժամը 19:00-ին Սուրեն Մուրադյանն իրեն ասել է, որ քիչ առաջ գլուխը պտտվել է և վայր է ընկել: Մոտ կես ժամ հետո նա կանչել է բժշկին, քանի որ Սուրեն Մուրադյանի վիճակը վատացել է, ապա, երբ Սուրեն Մուրադյանը գիտակցությունը կորցրել է, նա կանչել է վերակենդանացման բաժնի բժշկին, որը եկել և սկսել է վերակենդանացման միջոցառումները:

3. Անջատված գործի դատական քննությունը (քրեական գործ թիվ 91200703)

55. Չպարզված օրը վիրավորանք հասցնելու փաստի առթիվ սպաներ Վ. Գ.-ի և Դ. Հ.-ի նկատմամբ հարուցված` անջատված քրեական գործի դատական քննությունը սկսվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի դատարանի Ստեփանակերտի (Լեռնային Ղարաբաղ) նստավայրում: Պարզվել է, որ սպա Վ. Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանել է, որ ինքը հայհոյել ու քաշքշել է Սուրեն Մուրադյանին և քաշելով նրա ձեռքից հանել է ժամացույցը, սակայն ասել է, որ նրան չի հարվածել:

56. 2003 թվականի մայիսի 5-ին Սյունիքի մարզի դատարանը սպաներ Վ. Գ.-ին և Դ. Հ.-ին մեղավոր է ճանաչել և նրանց դատապարտել է ազատազրկման` մեկ տարի ժամկետով:

57. 2003 թվականի հունիսի 2-ին սպա Վ. Գ.-ն պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է:

 

Գ. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կողմից իրականացված քննությունը

1. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կողմից իրականացված քննչական գործողությունները և համապատասխան այլ զարգացումներ

58. 2003 թվականի հուլիսի 10-ին Սուրեն Մուրադյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը (թիվ 91204602) ընդունվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության քննիչ Հ-ի վարույթ:

59. 2003 թվականի սեպտեմբերի 12-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազություն` պնդելով, որ քննությունը կատարվել է թերություններով, և չեն բացահայտվել իր որդու մահվան համար մեղավոր անձինք` չնայած այն հանգամանքին, որ բավարար ապացույցներ են եղել այն մասին, որ նա մահացել է երեք սպաների` Վ. Գ.-ի, Դ. Հ.-ի և Կ. Զ.-ի կողմից վատ վերաբերմունքի հետևանքով:

60. 2003 թվականի հոկտեմբերի 1-ին զորամասի բժիշկ Ա. Հ.-ն կրկին հարցաքննվել է և պնդել է նախկինում տված իր ցուցմունքը (տե՛ս վերևում` 52-րդ պարբերությունը):

61. 2003 թվականի հոկտեմբերի 6-ին զինծառայող Գ. Մ.-ն հարցաքննվել է և նախկինում տված իր ցուցմունքներին ավելացրել է, որ առաջին օրը, երբ նրանք գնացել են սպա Կ. Զ.-ի աշխատասենյակ, սպա Կ. Զ.-ն փայտով երկու կամ երեք անգամ հարվածել է իր հետույքին, երբ ինքը մենակ է եղել նրա աշխատասենյակում:

62. 2003 թվականի նոյեմբերի 11-ին զինծառայող Կ. Ե.-ի և մեկ այլ զինծառայողի միջև առերեսում է կատարվել, որի ընթացքում Կ. Ե.-ն նշել է, որ սպա Կ. Զ.-ի աշխատասենյակ առաջին անգամ գնալու օրը իրենք նաև գնացել են սպա Դ. Հ.-ի աշխատասենյակ, որտեղ վերջինս սկսել է գողացված ժամացույցի պատճառով գոռալ իրենց վրա: Սպա Կ. Զ.-ն նաև սպառնացել է, որ ամբողջ գումարտակի առաջ կմերկացնեն իրենց, եթե իրենք չգտնեն երկրորդ ժամացույցը:

63. 2003 թվականի դեկտեմբերի 5-ին զինծառայող Գ. Մ.-ն կրկին հարցաքննվել է և ավելի մանրամասնորեն նկարագրել է, թե ինչպես է սպա Կ. Զ.-ն չհրկիզվող պահարանի հետևից հանել փայտե ձողը, իրեն ասել, որ հենվի պատին և երեք անգամ հարվածել իր հետույքին:

64. 2004 թվականի ապրիլի 14-ին սպա Վ. Գ.-ն հարցաքննվել է և նշել է, որ իր նախորդ ցուցմունքի ժամանակ չի ներկայացրել ամբողջ պատմությունը և որ 2002 թվականի հուլիսի 21-ին իր ու Սուրեն Մուրադյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն աջ ձեռքով բռնել է վերջինիս ձախ դաստակը և սկսել է ուժեղ թափահարել այն, որի ընթացքում Սուրեն Մուրադյանի բռունցքը կպել է նրա որովայնին` փայծաղի շրջանում: Լինելով շատ բարկացած` ինքը չի նկատել, թե արդյոք հարվածից հետո փոխվել է Սուրեն Մուրադյանի դեմքի արտահայտությունը, սակայն նրա մոտ որևէ արտասովոր շարժում կամ սպազմ չի նկատվել: Հետագայում սպա Վ. Գ.-ն հերքել է, որ հարվածել է Սուրեն Մուրադյանին:

65. 2004 թվականի ապրիլի 19-ին քննիչը հարցաքննել է երկու զինծառայողների` Ա. Պ.-ին և Դ. Մ.-ին, որոնք նախկինում ցուցմունք են տվել 2002 թվականի օգոստոսի 7-ին, և նրանցից պահանջել է նկարագրել, թե ինչպես է 2002 թվականի հուլիսի 21-ին սպա Վ. Գ.-ն քաշել Սուրեն Մուրադյանի ձեռքը: Ըստ Ա. Պ.-ի` սպա Վ. Գ.-ն բռնել է Սուրեն Մուրադյանի ձախ նախաբազուկը, մինչդեռ ըստ Դ. Մ.-ի` բռնել է ձախ դաստակը և ուժով քաշել այն: Սուրեն Մուրադյանին չի հաջողվել ազատել իր ձեռքը: Երբ նա հետ է քաշել իր ձեռքը, հետ է քաշվել նաև սպա Վ. Գ.-ի ձեռքը: Սպա Վ. Գ.-ն մյուս ձեռքով հանել է ժամացույցը, մինչդեռ աջ ձեռքով դեռ բռնած է եղել Սուրեն Մուրադյանին:

66. 2004 թվականի օգոստոսի 2-ին դիմումատուն հարցաքննվել է և նշել է, որ մի քանի օր առաջ հանկարծակի հանդիպել է մի քանի զինծառայողների, որոնք պատմել են Սուրեն Մուրադյանի սպանության հանգամանքների և նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերած անձանց մասին: Ըստ նրանց` Սուրեն Մուրադյանն իրենց պատմել է, որ իրեն կանչել են զորամասի շտաբ, որտեղ սպաներ Վ. Գ.-ն, Դ. Հ.-ն և Կ. Զ.-ն իրեն ուժգին ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով ինքը կորցրել է գիտակցությունը, և սուրհանդակներն իրեն հետ են տարել զորանոց: Դիմումատուն պահանջել է քննել այդ պնդումները:

67. 2004 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը գրություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` տեղեկացնելով դիմումատուի պնդումների և այդ հանգամանքները պարզելու պահանջի մասին:

68. 2004 թվականի օգոստոսի 17-ին և 19-ին քննիչը հարցաքննել է համապատասխանաբար սպաներ Դ. Հ.-ին և Վ. Գ.-ին: Երկուսն էլ հերքել են վերոնշյալ պնդումները: Սպա Վ. Գ.-ն ավելացրել է, որ միակ դեպքը, երբ իրենք ուժ են գործադրել Սուրեն Մուրադյանի նկատմամբ, եղել է 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ինքն ուժեղ թափահարել է Սուրեն Մուրադյանի ձեռքը, որի ընթացքում նրա ձեռքը դիպչել է Սուրեն Մուրադյանի որովայնին: Քննիչի այն հարցին, թե ինչու էր ավելի վաղ նշել, որ Սուրեն Մուրադյանի ձեռքն էր դիպչել նրա որովայնին, իսկ հիմա նշում է, որ դա եղել է իր ձեռքը, սպա Վ. Գ.-ն պատասխանել է, որ մինչ ինքը ձեռքով բռնել էր Սուրեն Մուրադյանի ձեռքը, և՛ իր, և՛ Սուրեն Մուրադյանի ձեռքերը դիպչել են նրա որովայնին:

69. 2004 թվականի սեպտեմբերի 2-ին քննիչը որոշում է կայացրել լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին և լրացուցիչ հարցեր է առաջադրել դատաբժշկական փորձագետներին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է` 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում սպա Վ. Գ.-ն պատահաբար հարվածել է Սուրեն Մուրադյանի որովայնի ձախ հատվածին: Այնուհետև պարզվել է, որ 2002 թվականի օգոստոսի 2-ին Սուրեն Մուրադյանը հոսպիտալում վայր է ընկել` ձախ ձեռքը փորի տակ:

70. 2004 թվականի սեպտեմբերի 16-ին դատաբժշկական փորձագետ Մ. Բ.-ն կրկին հարցաքննվել է: Նա նշել է, որ փայծաղի ենթապատյանային պատռվածքը և փափուկ հյուսվածքների արյունազեղումն առաջացել են բութ առարկայի անմիջական ներգործության հետևանքով: Եթե հարվածելու ընթացքում սպա Վ. Գ.-ն ձեռքով պահել է մահացածի նախաբազուկը կամ դաստակի մի հատվածը, ապա հարվածելու ընթացքում այդ հատվածները պետք է դիպչեին մահացածի որովայնի առաջնային պատին, այնինչ վնասվածքները, մասնավորապես, որովայնի շրջանում պատռվածքն ու փափուկ հյուսվածքների արյունազեղումն առաջացել են սպա Վ. Գ.-ի` բռունցքով անմիջական ներգործության հետևանքով. մահացածի դաստակի կամ նախաբազուկի ներգործությունը այդ շրջանի վրա չէր կարող առաջացնել ենթապատյանային պատռվածք: Եթե մահացածի դաստակը կամ նախաբազուկը դիպչել է որովայնին, ապա սպա Վ. Գ.-ի բռունցքն անկասկած պետք է դիպչեր որովայնի առաջնային պատին:

71. 2004 թվականի հոկտեմբերի 12-ին փորձագետների հանձնաժողովը, ի պատասխան քննիչի 2004 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման մեջ առաջադրված հարցերի, ներկայացրել է համապատասխան եզրակացություն: Ինչ վերաբերում է զորամասի և հոսպիտալի բժիշկների մեղավորությանը, ապա փորձագետները համարել են, որ նրանք ժամանակին և ճիշտ ախտորոշում չեն կատարել և չեն նշանակել համապատասխան բուժում: Եզրակացության մեջ, inter alia, ներկայացված են հետևյալ հարցերն ու պատասխանները.

1) Հարց. Սուրեն Մուրադյանի առողջության վրա ի՞նչ ազդեցություն կարող էին ունենալ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում նրան հասցված հարվածները: Արդյո՞ք դրանք կարող էին հանգեցնել փայծաղի պատռվածքի, ներքին արյունազեղման և հետագայում մահվան: Պատասխան. 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հասցված հարվածների հետևանքով Սուրեն Մուրադյանը ստացել է մկանային վնասվածքներ և փայծաղի ենթապատյանային պատռվածք, ինչն էլ հետագայում առաջացրել է նրա մահը:

2) Հարց. Արդյո՞ք նա մալարիայով հիվանդ է եղել 2002 թվականի հուլիսի 21-ին, և ինչո՞ւ զինվորական հոսպիտալում արյան նմուշի մեջ չի հայտնաբերվել մալարիայի որևէ հարուցիչ, եթե վերջին հետազոտությունից հետո միևնույն նմուշի մեջ հայտնաբերվել են եռօրյա մալարիայի հարուցիչներ: Պատասխան. 2002 թվականի հուլիսի 21-ին Սուրեն Մուրադյանը մալարիայով հիվանդ է եղել:

3) Հարց. Ի՞նչ ազդեցություն կունենար վերոնշյալ հարվածը նրա առողջության վրա, եթե նա մալարիայով հիվանդ չլիներ: Պատասխան. Կախված հարվածի ուժգնությունից, տեղից և բնույթից, հնարավոր է, որ այն չառաջացներ ենթապատյանային պատռվածք, սակայն հիվանդ և կազմափոխված փայծաղին նույնիսկ թույլ հարվածը կարող էր հանգեցնել փայծաղի ենթապատյանային պատռվածքի:

4) Հարց. Կարո՞ղ էր արդյոք նա իր որովայնի ձախ հատվածի շրջանում փափուկ հյուսվածքների վնասվածքներն ստացած լինել 2002 թվականի օգոստոսի 4-ին հոսպիտալում վայր ընկնելու հետևանքով: Պատասխան. Հոսպիտալում վայր ընկնելու ժամանակ կարող էր առաջացած լինել Սուրեն Մուրադյանի որովայնի ձախ հատվածի շրջանում փափուկ հյուսվածքների նոր արյունազեղումը:

5) Հարց. Կոնկրետ ե՞րբ է առաջացել փայծաղի պատռվածքը, և արդյո՞ք միանշանակ հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը, եթե ախտորոշումը ժամանակին կատարվեր: Պատասխան. Սուրեն Մուրադյանի փայծաղի ենթապատյանային պատռվածքն առաջացել է 2002 թվականի հուլիսի 21-ին, մինչդեռ երկրորդ պատռվածքն առաջացել է 2002 թվականի օգոստոսի 4-ին ժամը 19:10-ին, ինչի հետևանքով էլ, ամենայն հավանականությամբ, նա կորցրել է գիտակցությունը և վայր ընկել: Եթե ներքին արյունահոսությունը ժամանակին ախտորոշված լիներ, ապա միգուցե հնարավոր լիներ փրկել Սուրեն Մուրադյանի կյանքը:

72. 2004 թվականի հոկտեմբերի 21-ին հարցաքննվել է դատաբժշկական փորձագետ Կ. Հ.-ն, ով մասնակցել է 2002 թվականի նոյեմբերի 6-ի ու դեկտեմբերի 11-ի և 2004 թվականի հոկտեմբերի 12-ի եզրակացությունները կազմելուն: Այդ եզրակացությունների մեջ ներկայացված արդյունքների միջև հակասությունների մասին առաջադրված հարցին ի պատասխան` փորձագետ Կ. Հ.-ն նշել է, որ դա պետք է մեխանիկական սխալ եղած լինի և ընդունել է, որ ստորագրելուց առաջ եզրակացություններից մեկը չի կարդացել: Նա այնուհետև նշել է, որ Մեխակավանի հոսպիտալում մալարիայի որևէ հետք չհայտնաբերելու պատճառը կարող էր լինել համապատասխան սարքավորման բացակայությունը: Վերջում նա նշել է, որ մալարիայով հիվանդ անձի մոտ մեծացած փայծաղը դառնում է պինդ և լցվում արյունով, պատյանը ձգվում է և դառնում ավելի զգայուն: Նույնիսկ թույլ հարվածը կարող է հանգեցնել ենթապատյանային պատռվածքի:

73. 2004 թվականի նոյեմբերի 4-ին հարցաքննվել է հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ն և իր նախորդ ցուցմունքին ավելացրել է, որ Սուրեն Մուրադյանի որովայնը շոշափելիս առաջացած ցավն իրեն ստիպել է կասկածել, որ դա կապված է մալարիայի հետ: Ի պատասխան քննիչի այն հարցի, թե ինչու նա չի նշանակել մալարիայի դեմ բուժում, եթե համոզված էր այդ ախտորոշման հարցում, Ի. Մ.-ն նշել է, որ ինքը ստիպված է եղել սպասել մակաբուծաբանական հետազոտության արդյունքներին: Ավելին, հաճախ այդպիսի հետազոտության նախնական բացասական արդյունքը չի նշանակում, որ հիվանդը չունի մալարիա հիվանդություն, և դա կարող է հաստատվել միայն երրորդ բացասական արդյունքից հետո:

74. 2004 թվականի նոյեմբերի 5-ին հարցաքննվել է 2004 թվականի հոկտեմբերի 12-ի եզրակացությունը ներկայացրած` փորձագետների հանձնաժողովը ղեկավարող դատաբժշկական փորձագետը և հաստատել է զորամասի ու հոսպիտալի բժիշկների մեղավորությունը:

75. Նույն օրը Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենը «գաղտնի» նշումով գրություն է ուղարկել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազություն: Այդ գրության համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ`

 

«Ի պատասխան Ձեր` 2004 թվականի օգոստոսի 9-ի գրության»` ...

2002 թվականի օգոստոսի 4-ին թիվ 59703 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Սուրեն Մուրադյանի մահվան դեպքին առնչվող կարևոր հանգամանքները պարզելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել է հետևյալը:

Սուրեն Մուրադյանի հայտնի ծեծից հետո նրան զորանոց ուղեկցած կամ ականատես զինծառայողների անունները պարզելու նպատակով կազմվել է զորամասի նվագախմբի` զորացրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձնակազմի ցանկը: Ներկայումս միայն զորամասի հրամանատարի տեղակալ սպա Կ. Զ.-ն (դեպքից հետո նա դարձել է ինքնամփոփ և անգամ մերձավորների շրջանում խուսափում է տվյալ թեմայով քննարկումից) է շարունակում ծառայել տվյալ զորամասում, իսկ սպա Դ. Ս.-ն, հավանաբար, տեղափոխվել է մեկ այլ զորամաս, իսկ սպա Վ. Գ.-ն զորացրվել է:»:

76. 2004 թվականի նոյեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը միջնորդագիր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազություն` խնդրելով քրեական հետապնդում չիրականացնել սպա Կ. Զ.-ի նկատմամբ` հաշվի առնելով նրա դրական բնութագիրը, զինված ուժերում նրա անբասիր ծառայությունը և Լեռնային Ղարաբաղի գոյության համար պայքարում նրա ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև թիվ 42009 զորամասի հրամանատարության զեկուցագիրը:

77. 2004 թվականի նոյեմբերի 17-ին հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել նոր Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել), այն բանի համար, որ նա համապատասխան բուժում չի նշանակել Սուրեն Մուրադյանին:

78. 2004 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը վճռաբեկ բողոք է բերել Վճռաբեկ դատարան` խնդրելով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել սպա Վ. Գ.-ի վերաբերյալ կայացված դատական ակտը: Զինվորական դատախազը նշել է, որ բոլոր հնարավոր վարկածները ստուգվել են և պարզվել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպից բացի` Սուրեն Մուրադյանը որևէ այլ տարաձայնություն չի ունեցել և համածառայակիցների ու սպաների հետ լավ փոխհարաբերությունների մեջ է եղել: 2004 թվականի ապրիլի 14-ին և օգոստոսի 19-ին սպա Վ. Գ.-ի կողմից տրված ցուցմունքներից, որոնցում նա ընդունել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում և՛ իր, և՛ Սուրեն Մուրադյանի ձեռքերը կպել են տուժողի մարմնի ձախ հատվածին, հետևում է, որ Սուրեն Մուրադյանի փայծաղի ենթապատյանային պատռվածքը այդ միջադեպի հետևանք է եղել:

79. Նույն օրը դիմումատուն Զինվորական դատախազի և Զինվորական դատախազության այլ աշխատակիցների դեմ բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն` մանրամասնորեն հիմնավորելով, որ նրանք իր որդու մահվան փաստի առթիվ պատշաճ քննություն չեն իրականացրել:

80. 2004 թվականի նոյեմբերի 18-ին և 29-ին զորամասի բժիշկներ Ա. Հ.-ին և Ս. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության նոր Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով:

81. 2004 թվականի նոյեմբերի 24-ին Գլխավոր դատախազի ավագ օգնականը դիմումատուի` 2004 թվականի նոյեմբերի 19-ի բողոքը մերժելու որոշում է կայացրել: Որոշման մեջ նշվել է, inter alia.

«2003 թվականի հուլիսի 10-ին Սուրեն Մուրադյանի մահվան վերաբերյալ քրեական գործը Հադրութի կայազորի զինվորական դատախազությունից փոխանցվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության քննչական բաժին, որտեղ քննության արդյունքում պարզվել է, որ 2002 թվականի հուլիսի 22-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում սպաներ Դ. Հ.-ն և Վ. Գ.-ն տարբեր առիթներով Սուրեն Մուրադյանին կանչել են զորամասի շտաբ, պահանջել են կորած ժամացույցը և, դրական պատասխան չստանալով, նրան տարել են զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Կ. Զ.-ի մոտ, որն իր աշխատասենյակում փայտե ձողով հարվածել է Սուրեն Մուրադյանին, ինչպես նաև զինծառայող Կ. Ե.-ին, որն այդ նույն հարցով կանչվել էր աշխատասենյակ:

Գործի նյութերի համաձայն` մի շարք վկաներ են ցուցմունք տվել այն մասին, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ոչ ոք չի հարվածել Սուրեն Մուրադյանին: Լրացուցիչ հարցաքննության ժամանակ սպա Վ. Գ.-ն պնդել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բարկացած լինելով Սուրեն Մուրադյանի պահվածքից` բռնել է նրա ձեռքը և այն ուժեղ թափահարել է, որի ընթացքում իր ձեռքը կպել է Սուրեն Մուրադյանի փայծաղի շրջանին:»:

Որոշման մեջ նաև անդրադարձել է կատարվել փորձագետի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի եզրակացությանը և հատկապես այն հետևությանը, որ Սուրեն Մուրադյանը 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հասցված հարվածի հետևանքով մկաններում արյունազեղումներ և փայծաղի ենթապատյանային պատռվածք է ստացել: Գլխավոր դատախազի ավագ օգնականը եզրակացության մեջ նշել է, որ դիմումատուի կողմից բերված փաստարկներն ուսումնասիրվել են Զինվորական դատախազության կողմից իրականացված լրիվ և օբյեկտիվ քննության ընթացքում և, հետևաբար, նրա կողմից ներկայացված բողոքն անհիմն է:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Եվրոպական դատարան
24.11.2016
N 11275/07
Վճիռ