Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (2-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(2-րդ մաս)

 

(Գանգատ թիվ 11275/07)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

24 նոյեմբերի 2016 թ.

 

82. 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է Սյունիքի մարզի դատարանի 2003 թվականի մայիսի 5-ի դատավճիռը սպա Վ. Գ.-ի մասով (տե՛ս վերևում` 56-րդ պարբերությունը), և քրեական գործն ուղարկել է լրացուցիչ նախաքննության:

83. 2004 թվականի դեկտեմբերի 14-ին քննիչը, համարելով, որ փորձագետների նախորդ եզրակացությունների միջև հակասություններ կան, ինչպես նաև մեղադրյալներից մեկի, մասնավորապես, զինվորական հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ի միջնորդության հիման վրա, որոշում է կայացրել նոր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին:

84. Վիրավորանք հասցնելու փաստի առթիվ սպա Վ. Գ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործը 2004 թվականի դեկտեմբերի 24-ին միացվել է Սուրեն Մուրադյանի մահվան փաստի առթիվ հարուցված հիմնական քրեական գործին:

85. 2004 թվականի դեկտեմբերի 28-ին սպա Վ. Գ.-ին նոր մեղադրանք է առաջադրվել 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել): Պարզվել է, որ նա այդ նույն օրը ձերբակալվել է:

86. 2005 թվականի հունվարի 25-ին փորձագիտական հանձնաժողովը, ի պատասխան քննիչի` 2004 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ առաջադրված հարցերի, ներկայացրել է եզրակացություն` հաստատելով զորամասի և հոսպիտալի բժիշկների մեղավորության վերաբերյալ իրենց նախկին հետևությունները: Եզրակացության մեջ, inter alia, ներառված են նաև հետևյալ հարցն ու պատասխանը.

Հարց. Ի՞նչ ուժգնությամբ է եղել Սուրեն Մուրադյանին հասցված հարվածը` հաշվի առնելով, որ դրա հետևանքով ենթամաշկային մկաններում արյունազեղում է առաջացել: Պատասխան. Համապատասխան բժշկական չափանիշների բացակայության պատճառով հստակ որոշել հարվածի ուժգնությունը հնարավոր չէ, սակայն տվյալ դեպքում կարելի է նշել, որ տեղի է ունեցել որոշակի ուժգնության հարված:

87. 2005 թվականի փետրվարի 18-ին դիմումատուն Գլխավոր դատախազություն է ներկայացրել իր բովանդակությամբ 2003 թվականի սեպտեմբերի 12-ին ներկայացված բողոքին նման բողոք: Նա նաև նշել է, որ կարող է որպես վկա կանչել այնպիսի անձանց, որոնք, իր կարծիքով, կարող են պատմել ճշմարտությունը, մասնավորապես այն, որ 2002 թվականի հուլիսի 24-ին իր որդուն ծեծել են սպաներ Վ. Գ.-ն, Դ. Հ.-ն և Կ. Զ.-ն, ինչի հետևանքով նա մահացու վնասվածք է ստացել: Վկաները կարող են նաև հաստատել, որ իր որդին կորցրել է գիտակցությունը, և զորամասի բժիշկ Ա. Հ.-ն առաջին օգնություն է տրամադրել և, հետևաբար, վատ վերաբերմունքի մասին տեղյակ է եղել:

88. 2005 թվականի փետրվարի 21-ին և 22-ին, ինչպես նաև 2005 թվականի մարտի 5-ին և 10-ին քննիչը 2005 թվականի հունվարի 25-ին եզրակացություն ներկայացրած դատաբժշկական չորս փորձագետներին առաջադրել է մի շարք հարցեր` հիմնված դիմումատուի հարցադրումների վրա: Փորձագետներից երեքը չէին կարողացել պատասխանել դիմումատուի այն հարցին, թե ինչպես է հնարավոր, որ իր որդին, 2002 թվականի հուլիսի 21-ին ենթադրաբար մալարիայով հիվանդ լինելով և մեծացած փայծաղ ունենալով, չի բողոքել, տենդ կամ դող չի ունեցել և իրեն լավ է զգացել: Չորրորդ փորձագետը նշել է, որ նրա որդին հավանաբար բութ ցավ է զգացել:

Դիմումատուի այն հարցին, թե ինչպես է հնարավոր, որ իր որդին, որի փայծաղը մեծացած է եղել և արդեն պատռված, երեք օր չի բողոքել որևէ ցավից, իրեն լավ է զգացել, մասնակցել է պարապմունքների և շեփոր է նվագել, փորձագետներից երկուսը չեն կարողացել պատասխանել, երրորդ փորձագետը նշել է, որ դա եղել է միայն ենթապատյանային պատռվածք, այլ ոչ թե ամբողջական, իսկ չորրորդ փորձագետը նշել է, որ եթե ենթապատյանային պատռվածքը լիներ փոքր, ապա հնարավոր է, որ նա որևէ բողոք չունենար, և հնարավոր է, որ բողոք ունենար, եթե այն լիներ մեծ:

Ի պատասխան դիմումատուի այն հարցի, թե ինչպես պետք է իր որդին արձագանքեր (գոռար, կորցներ գիտակցությունը և այլն) այն ժամանակ, երբ նրան հասցվել է այնպիսի վնասվածք, որի հետևանքով առաջացել է տարածուն արյունազեղում և փայծաղի ենթապատյանային պատռվածք, փորձագետներից երեքը նշել են, որ տարբեր մարդիկ տարբեր ձևով են զգում և արտահայտում ցավը: Չորրորդ փորձագետը նշել է, որ իր համար հավասարապես հնարավոր են և՛ ցավ զգալու, և՛ չզգալու տարբերակները: Փորձագետներից մեկը նաև ավելացրել է, որ դա միայն փայծաղի ենթապատյանային պատռվածք է եղել, իսկ փայծաղի շրջանում ցավ չի զգացվում:

Ի պատասխան դիմումատուի այն հարցի, թե արդյոք կարող էր արյունազեղումն արտաքնապես տեսանելի լինել, փորձագետներից մեկն անդրադարձել է եզրակացության մեջ ներկայացված փորձաքննության արդյունքներին, փորձագետներից երկուսն ասել են` «պարտադիր չէ», իսկ չորրորդ փորձագետը նշել է, որ այն կարող էր տեսանելի լինել` չնայած նրան, որ արտաքին արյունազեղումն ավելի արագ է բուժվում, քան ներքին արյունազեղումը:

Զինվորական հոսպիտալի բժշկի մեղավորության վերաբերյալ դիմումատուի հարցին ի պատասխան` բոլոր փորձագետներն էլ նշել են, որ բժիշկը ներքին արյունահոսության մասին կասկածելու որևէ պատճառ չի ունեցել, քանի որ հիվանդը վնասվածքի մասին չի տեղեկացրել նրան, որևէ արտաքին տեսանելի հետք չի եղել, և կլինիկական նշանները նման են եղել մալարիայի նշաններին: Հոսպիտալի բժիշկն իրականացրել է բոլոր զննումներն ու հետազոտությունները, որոնք պարտավոր էր իրականացնել այդպիսի հանգամանքներում: Դիմումատուն պնդել է, որ քննիչն իրեն խնդրել է դուրս գալ սենյակից յուրաքանչյուր անգամ, երբ այս հարցն առաջադրվել է փորձագետին: Այս հարցին իր բացակայությամբ բոլոր չորս փորձագետների կողմից տրված պատասխանները գրեթե նույնական են եղել:

89. 2005 թվականի մարտի 25-ին քննիչը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով կարճել զինվորական հոսպիտալի բժիշկ Ի. Մ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը` համարելով, որ Ի. Մ.-ն իրականացրել է բոլոր հնարավոր զննումները, որոնք նա կարող էր և պարտավոր էր կատարել այդ հանգամանքներում: Այս հետևությունն արվել է դատաբժշկական չորս փորձագետների վերոնշյալ ցուցմունքների հիման վրա:

90. 2005 թվականի մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել զինծառայող Գ. Մ.-ին ծեծելու փաստի առթիվ սպա Կ. Զ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Այս որոշման մեջ նշվել է, որ սպա Կ. Զ.-ն, կասկածելով, որ Սուրեն Մուրադյանը և զինծառայող Կ. Ե.-ն ստում են կորած ժամացույցի վերաբերյալ, սկսել է հայհոյել նրանց և պահանջել, որ նրանք գտնեն այն: Դրանից հետո հրամայել է դուրս գալ իր աշխատասենյակից և կանչել է զինծառայող Գ. Մ.-ին: Երբ վերջինս նույն պատմությունն է պատմել, ինչ մյուս երկու զինծառայողները, սպա Կ. Զ.-ն զայրացել է, սկսել է հայհոյել և զինծառայող Գ. Մ.-ին հրամայել է շրջվել դեպի պատը, որից հետո վերցրել է 120 սմ երկարությամբ փայտե ձողը և երկու անգամ հարվածել է զինծառայող Գ. Մ.-ի հետույքին: Զինծառայող Գ. Մ.-ն լաց է եղել և աշխատասենյակից դուրս գալուց հետո Սուրեն Մուրադյանին և զինծառայող Կ. Ե.-ին հարցրել է, թե արդյոք նրանց նույնպես ծեծել են, ինչին երկուսն էլ պատասխանել են` «ոչ»: Որոշման մեջ արվել է այն եզրակացությունը, որ սպա Կ. Զ.-ի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նա չունի դատվածություն, ունի լավ բնութագիր և զղջում է կատարածի համար: Հաշվի է առնվել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության` նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ միջնորդագիրը:

91. Չպարզված ամսաթվին դիմումատուն նախաքննական մարմին է ներկայացրել իր որդու լուսանկարը, որտեղ նա ենթադրաբար բեմում ելույթ է ունենում 2002 թվականի օգոստոսի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հումորի մրցույթի ժամանակ, պնդելով, որ դրանով ապացուցվում է` իր որդին այդ օրն այդքան վատառողջ չի եղել: Այն վարկածը, ըստ որի իր որդին իրեն վատ է զգացել և չի կարողացել ելույթ ունենալ, առաջ է բերվել միտումնավոր` նրա վիճակի վատթարացումը և նրան հոսպիտալ տեղափոխելը հիմնավորելու նպատակով: Իրականում Ստեփանակերտից զորամաս վերադառնալուց հետո 2002 թվականի օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը նա կրկին ծեծի է ենթարկվել սպաների կողմից, որի հետևանքով առաջացել է փայծաղի պատռվածքը: Դա նաև հաստատվել է որովայնի ձախ հատվածի շրջանում փափուկ հյուսվածքներում նոր արյունազեղմամբ, որը հայտնաբերվել է դիահերձման ժամանակ:

 

2. Նախաքննության ավարտը

 

92. 2005 թվականի ապրիլի 15-ին կազմվել է մեղադրական եզրակացություն և 2005 թվականի ապրիլի 16-ին այն հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի կողմից: Դրա համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.

«Նախաքննության ընթացքում ստուգման են ենթարկվել մի շարք վարկածներ, որոնք քննվել են օբյեկտիվորեն: Այսպիսով, Սուրեն Մուրադյանի ձեռքին գտնված ժամացույցի համար սպաներ Դ. Հ.-ն և Վ. Գ.-ն նրան մի քանի անգամ կանչել են զորամասի շտաբ և ներկայացրել զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Կ. Զ.-ին, որը նշված հարցի պարզաբանման ընթացքում ծեծի է ենթարկել զինծառայող Գ. Մ.-ին, սակայն չի ծեծել կամ հարվածել Սուրեն Մուրադյանին:

...

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին, երբ սպա Վ. Գ.-ն Սուրեն Մուրադյանի ձեռքին նկատել է իր կրտսեր եղբոր գողացված ժամացույցը, վիճաբանել է նրա հետ, բռնել է ձեռքը, հայհոյել և ուժեղ թափահարել է այն, որի ընթացքում հարվածել է Սուրեն Մուրադյանի որովայնին, որի հետևանքով վերջինիս մոտ առաջացել է փայծաղի ենթապատյանային պատռվածք: Դրանից հետո զորամասում սկսած 2002 թվականի հուլիսի 24-ից Սուրեն Մուրադյանի առողջական վիճակը վատացել է: 2002 թվականի հուլիսի 25-ին Սուրեն Մուրադյանին այցելել է զորամասի բժիշկ Ա. Հ.-ն, որը չի ախտորոշել Սուրեն Մուրադյանի իրական հիվանդությունը, ոչ մի գրառում չի կատարել համապատասխան մատյաններում և, տալով պարացետամոլի մի քանի հաբ, գնացել է: Երբ 2002 թվականի հուլիսի 27-ին [Ա. Հ.-ին] հրավիրել են Սուրեն Մուրադյանին բժշկական օգնություն ցույց տալու, նա հրաժարվել է գալ և բժշկական օգնություն ցույց տալ` ասելով, որ հիվանդին բերեն բուժկետ: Դրանից հետո Սուրեն Մուրադյանի համածառայակից ընկերները հրավիրել են զորամասի բժիշկ Ս. Գ.-ին: Վերջինս եկել է և կրկին չի ախտորոշել Սուրեն Մուրադյանի իրական հիվանդությունը և, ներարկելով ջերմիջեցնող ու տալով պարացետամոլի մի քանի հաբ, գնացել է: Այդպես Սուրեն Մուրադյանը հիվանդ մնացել է զորամասում մինչև 2002 թվականի օգոստոսի 3-ը, որի ընթացքում խախտվել է նաև Պաշտպանության նախարարի 2000 թվականի մայիսի 29-ի թիվ 586 հրամանը, այսինքն` Սուրեն Մուրադյանը հոսպիտալ է տեղափոխվել նախատեսված ժամկետից 7 օր ավելի ուշ, որի հետևանքով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը:

Նախաքննության ընթացքում որպես վկա լրացուցիչ հարցաքննության ժամանակ` 2004 թվականի ապրիլի 14-ին և օգոստոսի 19-ին, սպա Վ. Գ.-ն զղջացել է կատարածի համար ու նշել է, որ իր նախորդ ցուցմունքներում չի ներկայացրել ամբողջ պատմությունը և ավելացրել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ և՛ իր, և՛ Սուրեն Մուրադյանի ձեռքերը դիպչել են վերջինիս որովայնին:

...

Իրականացված նախաքննության արդյունքում պարզվել է, որ Սուրեն Մուրադյանի փայծաղի ենթապատյանային պատռվածքն առաջացել է 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում` սպա Վ. Գ.-ի կողմից կատարված գործողությունների հետևանքով:»:

93. Բոլոր երեք անձանց, մասնավորապես` սպա Վ. Գ.-ին և զորամասի բժիշկներ Ա. Հ.-ին և Ս. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով` վերոնշյալ արարքները կատարելու համար:

 

Դ. Սուրեն Մուրադյանի մահվան փաստի առթիվ սպա Վ. Գ.-ի և զորամասի բժիշկներ Ա. Հ.-ի և Ս. Գ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի դատական քննությունը

94. 2005 թվականի դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի դատարանի Գորիսի (Հայաստան) նստավայրում կայացված դատավճռով սպա Վ. Գ.-ն մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում և դատապարտվել է ազատազրկման հինգ տարի ժամկետով, նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը` մեկ տարի քսանչորս օրը, և հաստատված է համարվել, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած` գողացված ժամացույցի շուրջ Սուրեն Մուրադյանի հետ վիճաբանության ընթացքում սպա Վ. Գ.-ն ուժեղ թափահարել է Սուրեն Մուրադյանի ձեռքը, և այդպիսով նրա ձեռքը կպել է Սուրեն Մուրադյանի որովայնին, որի հետևանքով առաջացել է փայծաղի ենթապատյանային պատռվածք: Ինչ վերաբերում է զորամասի բժիշկներ Ա. Հ.-ին և Ս. Գ.-ին, ապա Մարզային դատարանը նրանց արարքները Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասից վերաորակել է 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նրանց դատապարտել է 200 000-ական դրամ տուգանքի: Մարզային դատարանը նաև բավարարել է դիմումատուի ներկայացրած քաղաքացիական հայցը և վճռել է սպա Վ. Գ.-ից բռնագանձել 1 000 ամերիկյան դոլար (ԱՄՆ դոլար) և զորամասի բժիշկներ Ա. Հ.-ից և Ս. Գ.-ից բռնագանձել 200 000-ական դրամ` որպես հուղարկավորության և դիմումատուի կատարած դատական ծախսեր:

95. 2006 թվականի հունվարի 4-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է բերել: Նա մանրամասնորեն հիմնավորել է, որ բավարար ապացույցներ կան ենթադրելու, որ իր որդին 2002 թվականի հուլիսի 21-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում բռնության է ենթարկվել մի շարք բարձրաստիճան սպաների, այդ թվում` Վ. Գ.-ի, Դ. Հ.-ի և Կ. Զ.-ի կողմից և որ մահացու վնասվածքը նրանց կողմից հասցվել է հուլիսի 24-ին: Դիմումատուն մասնավորապես անդրադարձել է իր որդու համածառայակից ընկերոջ ցուցմունքին, ըստ որի իր որդին արթնացել է հուլիսի 24-ի գիշերը և ասել է, որ իրեն լավ չի զգում: Դա հաստատվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, որոնց համաձայն, առաջին արյունազեղումն առաջացել է նրա մահվանից 8-10 օր առաջ: Բացի այդ, հուլիսի 24-ը եղել է սպաների կողմից սահմանված վերջնաժամկետը լրանալու օրը: Նախաքննական մարմինը միտումնավոր անտեսել է այս հանգամանքը և չի պարզել, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը, քրեական գործով կատարվել է թերի մակերեսային ու միակողմանի դատական քննություն, որը միտված է եղել գործը փակուղի մտցնելուն և սպանությունը կատարած անձանց չպատժելուն: Դիմումատուն նաև անդրադարձել է այն փաստին, որ զինծառայող Գ. Մ.-ն ընդունել է, որ աշխատասենյակում սպա Կ. Զ.-ն իր նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերել: Գլխավոր դատախազության որոշումից հետևում է, որ 2004 թվականի նոյեմբերի 24-ին նույնը կատարվել է նաև իր որդու հետ: Մեղադրյալ սպա Վ. Գ.-ն դատական քննության ընթացքում նույնպես ընդունել է, որ ինքը սպա Կ. Զ.-ի աշխատասենյակում չի եղել այն ժամանակ, երբ վերջինս վատ վերաբերմունք է ցուցաբերել Սուրեն Մուրադյանի նկատմամբ, և որ ինքը լսել է նրա գոռոցը: Բացի այդ, որևէ բացատրություն չի տրվել երկրորդ արյունազեղման և ճակատի քերծվածքի մասին, որն իր որդու մոտ առաջացել է մահվանից 1-2 օր առաջ: Դիմումատուն բողոքում նաև պնդել է, որ Մարզային դատարանը չի պարզել, թե ինչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենի գրության մեջ նշված «Սուրեն Մուրադյանի հայտնի ծեծ» արտահայտությունը, ինչպես նաև նրան ծեծելու հանգամանքները և մեղավոր անձանց: Ի վերջո դիմումատուն բողոքում պատճառաբանել է, որ զորամասի բժիշկների արարքները վերաորակելու որոշումն անհիմն է, իսկ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է:

96. 2005 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել նաև սպա Վ. Գ.-ի և մեղադրողի կողմից, որոնք պահանջել են ավելի խիստ պատիժ նշանակել:

97. 2006 թվականի մարտի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանն սկսել է գործի քննությունը: Սպա Վ. Գ.-ն Վերաքննիչ դատարանում ընդունել է, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հավանաբար իր կամ Սուրեն Մուրադյանի ձեռքն է կպել վերջինիս որովայնին, սակայն Սուրեն Մուրադյանի փայծաղը չէր կարող պատռվել այդ հպման հետևանքով:

98. Դիմումատուի պահանջով գործի քննության ընթացքում դատարան են կանչվել և հարցաքննվել երկու վկա` զինծառայող Կ. Բ.-ն (տե՛ս վերևում` 41-րդ պարբերությունը) և հոսպիտալի սանիտար Հ. Ղ.-ն (տե՛ս վերևում` 54-րդ պարբերությունը):

Ըստ Կ. Բ.-ի` Սուրեն Մուրադյանը հոսպիտալում իրեն պատմել է, որ սպա Դ. Հ.-ն իր հերթապահության օրը Սուրեն Մուրադյանին կանչել է զորամասի շտաբ, և վերջինս ժամացույցի պատճառով ծեծի է ենթարկվել սպաներ Դ. Հ.-ի, Վ. Գ.-ի և Կ. Զ.-ի ու մեկ այլ սպայի` Ն.-ի կողմից: Սպաները Սուրեն Մուրադյանին հրելով գցել են գետնին և սկսել ոտքերով հարվածել, իսկ սպա Կ. Զ.-ն նրան հարվածել է փայտե ձողով: Նրանք պահանջել են բերել ժամացույցը կամ կանխիկ վճարել դրա արժեքը: Ամենից ակտիվ ծեծել են սպաներ Վ. Գ.-ն և Կ. Զ.-ն: Նրան այնքան ուժեղ են ծեծել, որ զորամասի շտաբի սուրհանդակները ստիպված են եղել նրան գրկած տանել զորանոց: Հաջորդ օրը սպա Կ. Զ.-ն նորից կանչել է նրան: Նա ի վիճակի չի եղել գնալու, սակայն Կ. Զ.-ն պնդել է: Դրանից հետո նա ութ օր մնացել է զորանոցում:

Հ. Ղ.-ն նշել է, որ հոսպիտալացվելու պահից Սուրեն Մուրադյանը շատ անհանգիստ է եղել և անընդհատ հայհոյանքներ է հնչեցրել սպաներ Վ. Գ.-ի, Դ. Հ.-ի և Կ. Զ.-ի հասցեին: Հետագայում նա ասել է, որ իրեն ծեծել են սպաներ Վ. Գ.-ն և Կ. Զ.-ն:

Ե՛վ Կ. Բ.-ն, և՛ Հ. Ղ.-ն նշել են, որ նախաքննության ընթացքում հարցաքննության ժամանակ իրենք վախեցել են հայտնել ճշմարտությունը, քանի որ այդ ժամանակ զինծառայողներ են եղել: Այժմ զորացրվել են, այլևս վախենալու ոչինչ չունեն և հայտնում են ճշմարտությունը: Կ. Բ.-ն ավելացրել է, որ Սուրեն Մուրադյանն իրեն խնդրել է անախորժություններից խուսափելու համար այդ մասին ոչ ոքի չպատմել:

99. Սպա Կ. Զ.-ին նույնպես կանչել են դատարան և հարցաքննել: Նա հերքել է, որ վատ վերաբերմունք է ցուցաբերել Սուրեն Մուրադյանի նկատմամբ, սակայն ընդունել է, որ առաջին ժամացույցը գողանալու պատճառով հարվածել է զինծառայող Գ. Մ.-ին:

100. Վերաքննիչ դատարանը Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայություն հարցում է ուղարկել` խնդրելով պարզաբանել 2004 թվականի նոյեմբերի 5-ի գրության բովանդակությունը:

101. Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենը 2006 թվականի ապրիլի 27-ի գրությամբ դատարանին տեղեկացրել է, որ «հայտնի ծեծ» արտահայտությունը գործածվել է սոսկ որպես միջադեպի հակիրճ բնորոշիչ և այլ ենթատեքստ չի պարունակում:

102. Դիմումատուն Վերաքննիչ դատարանում կրկին պնդել է, որ իր որդին մահացել է սպաներ Վ. Գ.-ի, Դ. Հ.-ի և Կ. Զ.-ի կողմից վատ վերաբերմունքի հետևանքով, իսկ զորամասի բժիշկները չեն տրամադրել համապատասխան բժշկական օգնություն:

103. 2006 թվականի հունիսի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռ է կայացրել` անփոփոխ թողնելով Մարզային դատարանի դատավճիռը սպա Վ. Գ.-ի և զորամասի բժիշկներ Ա. Հ.-ի ու Ս. Գ.-ի մասով: Այնուամենայնիվ, այն վճռել է փոփոխել Ա. Հ.-ի և Ս. Գ.-ի նկատմամբ նշանակված պատիժը` նրանց դատապարտելով համապատասխանաբար երեք տարի վեց ամիս ժամկետով և երեք տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելով և սահմանելով համապատասխանաբար երկու տարի ժամկետով և մեկ տարի վեց ամիս ժամկետով փորձաշրջան: Վերաքննիչ դատարանը նաև որոշել է դատավճիռը դիմումատուի քաղաքացիական հայցի մասով փոփոխել` վերացնելով Ա. Հ.-ից և Ս. Գ.-ից 200 000-ական դրամ բռնագանձելու մասին որոշումը` այն հիմքով, որ նրանք արդեն իսկ այդ գումարը կամավոր հատուցել են դիմումատուին:

104. Ինչ վերաբերում է նախկին զինծառայողներ Կ. Բ.-ի և Հ. Ղ.-ի ցուցմունքներին, ինչպես նաև դիմումատուի փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ դրանք բավարար հիմքեր չեն` սպա Վ. Գ.-ին առաջադրված մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու համար կամ սպաներ Դ. Հ.-ի և Կ. Զ.-ի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու համար: Նախ և առաջ, օրենքով պահանջվում է, որ դատարանը գործը քննի միայն մեղադրյալի մասով և նրան առաջադրված մեղադրանքի շրջանակներում: Երկրորդ, գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու համար օրենքով սահմանվում է միայն երկու հիմք, մասնավորապես, 1) եթե նախաքննության մարմնի կողմից թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում կամ 2) դատախազի միջնորդությամբ, եթե առկա են մեղադրանքն ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքեր: Դատախազի կողմից չի ներկայացվել որևէ այդպիսի միջնորդություն, իսկ նախաքննության մարմինն իրականացրել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` ստուգման ենթարկելով մի շարք վարկածներ, որոնցից ոչ մեկով չի հաստատվել, որ Սուրեն Մուրադյանի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել: Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ և՛ Կ. Բ.-ն, և՛ Հ. Ղ.-ն նախաքննության ընթացքում բազմիցս հարցաքննվել են, սակայն նախկինում երբևէ այդպիսի ցուցմունք չեն տվել: Ավելին, նրանք որպես տեղեկատվության աղբյուր նշել են հանգուցյալ Սուրեն Մուրադյանին: Ի վերջո, Վերաքննիչ դատարանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2006 թվականի ապրիլի 27-ի գրությանը:

105. 2006 թվականի հունիսի 29-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է բերել` ներկայացնելով նույնատիպ փաստարկներ:

106. Մեղադրողը նույնպես վճռաբեկ բողոք է բերել` խնդրելով զորամասի բժիշկների մասով գործը նոր քննության ուղարկել` այն հիմքով, որ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է:

107. 2006 թվականի օգոստոսի 4-ին Վճռաբեկ դատարանը որոշել է դիմումատուի վճռաբեկ բողոքը թողնել առանց բավարարման և բավարարել մեղադրողի վճռաբեկ բողոքը` համարելով, որ զորամասի բժիշկներ Ա. Հ.-ի և Ս. Գ.-ի նկատմամբ նշանակված պատիժը չի համապատասխանում հանցանքի ծանրությանը, և գործն այդ մասով ուղարկելով նոր քննության:

108. 2006 թվականի սեպտեմբերի 15-ին դիմումատուն ստացել է որոշման պատճենը:

109. 2006 թվականի սեպտեմբերի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանը նորից քննել է գործը զորամասի բժիշկներ Ա. Հ.-ի և Ս. Գ.-ի մասով և որոշել է նրանց դատապարտել ազատազրկման համապատասխանաբար չորս տարի ժամկետով և երեքուկես տարի ժամկետով: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը որոշել է ընդունված համաներման ակտի կիրառմամբ նրանց ազատել պատժից:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Հին Քրեական օրենսգիրքը

(ուժը կորցրել է 2003 թվականի օգոստոսի 1-ից)

 

110. Տվյալ ժամանակահատվածում 105-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում էր, որ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որի հետևանքով տուժողը մահացել է, պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

111. Տվյալ ժամանակահատվածում 251-րդ հոդվածով նախատեսվում էր, որ պետի կողմից ստորադրյալին բռնի գործողություններով վիրավորանք հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` վեց ամսից մինչև հինգ տարի ժամանակով:

 

Բ. Նոր Քրեական օրենսգիրքը

(ուժի մեջ է 2003 թվականի օգոստոսի 1-ից)

 

112. 64-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն Օրենսգրքով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ:

113. 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել, պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

114. 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

 

Գ. Քրեական դատավարության օրենսգիրքը

(ուժի մեջ է 1999 թվականից)

 

115. 98-րդ հոդվածով նախատեսվում է, որ քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը կամ իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք: Պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը: Քրեական վարույթն իրականացնող մարմինը, հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման: 98.1 հոդվածում որպես պաշտպանության միջոց, ի թիվս այլնի, նշվում է ծառայության վայրը փոփոխելը:

 

Դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2000 թվականի մայիսի 29-ի թիվ 586 հրամանը «Զորամասերի բուժկետներում, հոսպիտալներում և քաղաքացիական բժշկական հաստատություններում հիվանդ զինծառայողների բժշկական զննության և բուժման ժամկետների մասին»

116. Համաձայն 1-ին պարբերության` զորամասերի բուժկետներում հիվանդ զինծառայողների բուժման ժամկետը չպետք է գերազանցի 7 օրը:

 

III. ԱՅԼ ՎԵՐԱԲԵՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐ

 

Ա. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր (ստորագրված 1994 թվականի հունիսի 25-ին)

117. Համաձայն 4-րդ հոդվածի` Կողմերը համաձայնում են, որ, սույն Համաձայնագրի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինապարտ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց համաձայնությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում: Երկու պետություններից որևէ մեկում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելուց հետո անձն ազատվում է իր քաղաքացիության երկրում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելուց:

118. Համաձայն 5-րդ հոդվածի` եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին զինվորական հանցագործություն է կատարում, ապա քրեական վարույթը և գործի դատական քննությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Բ. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի զեկույցը` 2011 թվականի հունվարի 18-ից 21-ը Հայաստան կատարած նրա այցից հետո. CommDH (2011)12, 2011 թվականի մայիսի 9

119. Զեկույցի համապատասխան մասերում նշված է հետևյալը.

 

«III. Մարդու իրավունքների իրավիճակը բանակում

121. Հանձնակատարը 2007 թվականին Հայաստան կատարած այցի վերաբերյալ իր զեկույցում անդրադարձել էր բանակում մարդու իրավունքների իրավիճակի հիմնախնդրին: Իր ներկայացրած առաջարկություններում նա կոչ էր արել բազմակողմանի քննություն իրականացնել սպանությունների և վատ վերաբերմունքի դեպքերի առնչությամբ, ինչպես նաև պատժել մեղավորներին: Նա նաև առաջարկել էր առավել խթանել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը: ...

 

1. Բռնարարքները բանակում

 

123. Ստեղծման օրվանից ի վեր Հայաստանի բանակում բազմիցս արձանագրվել են բռնարարքներ և վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումներ, ինչպես նաև ոչ մարտական իրավիճակներում մահվան դեպքեր: Քաղաքացիական հասարակության սուբյեկտները և մարդու իրավունքների ակտիվ պաշտպանները Հանձնակատարին հայտնել են, որ զինված ուժերում լայն տարածում գտած սովորույթները, որոնք, ներկայացված տվյալների համաձայն, նպաստել են զինված ուժերում որոշ հրամանատարների անպատժելիությանը, կոռուպցիային և հանցավոր գործելակերպի ներթափանցմանը բանակ, և կենցաղային անբավարար պայմանների, այդ թվում` սննդի ու հագուստի անբավարարության խնդրի հետ մեկտեղ նպաստել են զինված ուժերում մարտական գործողություններին չառնչվող` մարդու իրավունքների լուրջ խախտումների առաջացմանը:

...

 

Եզրակացություններ և առաջարկություններ

137. Հանձնակատարը խորապես մտահոգված է հայկական բանակում ոչ մարտական իրավիճակներում մահվան, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով: Նա Հայաստանի իշխանություններին կոչ է անում լիարժեքորեն ի գիտություն ընդունել այդ երևույթի գոյության փաստը և անհապաղ ու արդյունավետ քննության միջոցով լրացուցիչ ջանքեր գործադրել մեղավորների և պատասխանատու հրամանատարների անպատժելիությանը վերջ դնելու ուղղությամբ: Հանձնակատարի կարծիքով անհրաժեշտ է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը հաստատուն և ուժեղ քաղաքական կամք դրսևորի բոլոր այն գործելակերպերը վերացնելու հարցում, որոնք ոչ միայն խախտում են մարդու իրավունքները, այլ նաև վարկաբեկում են բանակը:

138. Հանձնակատարը հասկանում է, որ բռնությունից տուժած զորակոչիկներն ու սպաները վախենում են դրանց մասին հաղորդում ներկայացնել և խիստ հազվադեպ են օգտվում բողոքարկման անկախ մեխանիզմներից, ինչպիսիք Մարդու իրավունքների պաշտպանը և դատարաններն են: Հանձնակատարը կոչ է անում Հայաստանի իշխանություններին և զինվորական ղեկավարությանն ապահովել բողոքարկման անկախ մեխանիզմների (որոնք դուրս են բանակի հիերարխիայից և կառույցներից) մատչելիությունն առանց որևէ խոչընդոտի` չվախենալով բողոք ներկայացնողների նկատմամբ վրեժխնդրությունից:»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Կողմերի փաստարկները

 

120. Կառավարությունը մինչև 2003 թվականի հուլիսի 10-ին գործը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազություն փոխանցվելը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ Դատարանի իրավազորությունն ակնհայտորեն չի վիճարկել: Այնուամենայնիվ, Կառավարությունը հղում է կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին» համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածներին (տե՛ս վերևում հիշատակված 117-րդ և 118-րդ պարբերությունները):

121. Դիմումատուն պնդել է, որ Համաձայնագիրը հանրային փաստաթուղթ չէ, և հետևաբար չունի իրավական ուժ: Ամեն դեպքում, Հայաստանը de facto իրավազորություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, որի մասին վկայում է այն փաստը, որ գործը քննվել է Հայաստանի օրենսդրության համաձայն, քննության մի մասն իրականացվել է Հայաստանի իշխանությունների կողմից և Սյունիքի մարզային դատարանը, լինելով Հայաստանի դատարան, գործը քննել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Բացի այդ, իր որդին երբևէ համաձայնություն չի տվել Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար, ինչպես նախատեսված է նշված Համաձայնագրով: Իրականում, Հայաստանի զորակոչիկները, այդ թվում` նաև իր որդին, պարտավորված են եղել ծառայել Լեռնային Ղարաբաղում, եթե այդպես հրամայվել է, ինչը Հայաստանի` տվյալ տարածքի նկատմամբ de facto իրավազորություն ունենալու մեկ այլ օրինակ է:

 

Բ. Դատարանի գնահատականը

 

122. Կոնվենցիայի 1-ին հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.

«Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի I բաժնում:»:

123. Դատարանը նշում է, որ դիմումատուի որդին մահացել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինվորական ծառայություն անցնելիս, Լեռնային Ղարաբաղում գտնվող և այդ սուբյեկտի կողմից ղեկավարվող զորամասում: Բացի այդ, մինչև գործը 2003 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազություն փոխանցվելը, այն քննվել է Ղարաբաղի տեղական իշխանությունների և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հադրութի կայազորի զինվորական դատախազության կողմից: Թեև պատասխանող Կառավարությունն ակնհայտորեն չի վիճարկել իր իրավազորության հարցը, այնուամենայնիվ, Դատարանն անհրաժեշտ է համարում քննել, թե արդյոք Հայաստանի տարածքից դուրս տեղի ունեցած դեպքերի և Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունների համապատասխան գործողության կամ անգործության վերաբերյալ բողոքները կարող են լինել պատասխանող Կառավարության իրավազորության շրջանակներում և արդյոք դրանց հետևանքով Կոնվենցիայի համաձայն կարող է ծագել նրա պատասխանատվությունը:

124. Դատարանը նշում է, որ արդեն իսկ քննել է այդ հարցը և հանգել այն հետևության, որ Հայաստանն իրավազորություն ունի Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած դեպքերի և Ղարաբաղի իշխանությունների գործողությունների նկատմամբ (տե՛ս Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Zalyan and Others v. Armenia], թիվ 36894/04 և 3521/07, §§ 214-215, 2016 թվականի մարտի 17): Այս առնչությամբ Դատարանը վերահաստատում է, որ Դատարանի ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով «իրավազորություն» հասկացությունը չի սահմանափակվում պայմանավորվող պետությունների տարածքով: Համապատասխանաբար, պայմանավորվող պետության պատասխանատվությունը կարող է ծագել նրա իշխանությունների այնպիսի գործողությունների կամ անգործության հետևանքով, որոնք ազդեցություն են ունենում նրա սեփական տարածքից դուրս: Պետության պատասխանատվությունը կարգավորող միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան` պայմանավորվող կողմի պատասխանատվությունը կարող է ծագել նաև այն դեպքում, երբ իրավաչափ կամ ոչ իրավաչափ ռազմական գործողության արդյունքում այն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում իր ազգային տարածքի սահմաններից դուրս գտնվող տարածքի նկատմամբ: Այդ տարածքում Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու պարտավորությունը բխում է այդպիսի վերահսկողության հանգամանքից` անկախ նրանից` այն իրականացվում է ուղղակիորեն` պայմանավորվող պետության զինված ուժերի միջոցով, թե նրան ենթակա տեղական վարչակազմի միջոցով (տե՛ս Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի [Loizidou v. Turkey] (ըստ էության), 1996 թվականի դեկտեմբերի 18, § 52, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996/VI և Կատանը և այլք ընդդեմ Մոլդովայի Հանրապետության և Ռուսաստանի [ՄՊ] [Catan and Others v. the Republic of Moldova and Russia [GC]], թիվ 43370/04, 8252/05 և 18454/06, § 104-106, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ)):

125. Դատարանը Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործում նաև նշել է, որ թեև Լոիզիդուի գործով վճռում անդրադարձ է կատարվել հատուկ բողոքի առ այն, որ հույն կիպրացի դիմումատուին իշխանությունները շարունակաբար թույլ չեն տվել օգտվել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) տարածքում գտնվող իր սեփականությունից, սակայն այդ վճռում Դատարանի հիմնավորումը բխել է Կոնվենցիայով Թուրքիայի` ՀԿԹՀ-ի իշխանությունների քաղաքականության և գործողությունների մասով ստանձնած ընդհանուր պատասխանատվությանն առնչվող սկզբունքի լայն մեկնաբանությունից: Այսպիսով, Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ ընդհանուր արդյունավետ վերահսկողություն իրականացնելիս Թուրքիայի պատասխանատվությունը չէր կարող սահմանափակվել Հյուսիսային Կիպրոսում իր իսկ զինվորների կամ պաշտոնյաների գործողություններով, այլ այն պետք է ծագեր նաև այն տեղական վարչակազմի գործողությունների ուժով, որոնք պահպանում էին իրենց գոյությունը Թուրքիայի ռազմական կամ այլ օժանդակության շնորհիվ: Դրանից հետևում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով Թուրքիայի «իրավազորությունը» ենթադրում է նաև Կոնվենցիայով ու Թուրքիայի կողմից վավերացված բոլոր արձանագրություններով սահմանված նյութական իրավունքների ապահովում և որ այդ իրավունքների խախտումները պետք է վերագրվեն Թուրքիային (տե՛ս Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը [ՄՊ] [Cyprus v. Turkey [GC]], թիվ 25781/94, § 77, ՄԻԵԴ 2001/IV):

126. Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի իրավիճակին` Դատարանը նշում է, որ այդ հարցի վերաբերյալ իր գերակա նախադեպային` Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի գործում Հայաստանի` Կոնվենցիայով նախատեսված ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ այն արել է սկզբունքի նմանատիպ մեկնաբանություն: Դատարանը պարզված է համարել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին օրերից նշանակալի և վճռական ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա, և որ երկու սուբյեկտները սերտորեն ինտեգրված են գրեթե բոլոր կարևոր հարցերում, և որ այս իրավիճակը շարունակվում է մինչև օրս: Այլ կերպ ասած` Լեռնային Ղարաբաղը և դրա վարչակազմը պահպանում են իրենց գոյությունը Հայաստանի կողմից տրամադրվող ռազմական, քաղաքական, ֆինանսական և այլ օժանդակության շնորհիվ, որի արդյունքում Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ: Դատարանը եզրակացրել է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով` բողոքում ներկայացված հարցերի վրա տարածվում է Հայաստանի իրավազորությունը (տե՛ս Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov and Others v. Armenia [GC]], թիվ 13216/05, §§ 169-186, 2015 թվականի հունիսի 16): Այսպիսով, Դատարանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելով` Հայաստանը պարտավորություն է ստանձնում ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի I բաժնում, և Հայաստանի` Կոնվենցիայով սահմանված պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել Լեռնային Ղարաբաղում ծառայություն անցնող իր զինվորների կամ այնտեղ գործունեություն ծավալող իր պաշտոնյաների գործողություններով, այլ պատասխանատվությունը ծագում է նաև այն տեղական վարչակազմի գործողությունների ուժով, որը պահպանում է իր գոյությունը Հայաստանի կողմից ստացվող ռազմական կամ այլ օժանդակության շնորհիվ (տե՛ս վերևում հիշատակված` Զալյանը և այլք, § 214-215, ինչպես նաև, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ջավիթ Անն ընդդեմ Թուրքիայի [Djavit An v. Turkey], թիվ 20652/92, §§ 18-23, ՄԻԵԴ 2003/III, ինչպես նաև Ամերն ընդդեմ Թուրքիայի [Amer v. Turkey], 25720/02, §§ 47-49, 2009 թվականի հունվարի 13):

127. Դատարանը հետևաբար հանգում է այն հետևության, որ սույն գանգատում ներկայացված բոլոր հարցերի վրա Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով տարածվում է Հայաստանի իրավազորությունը և, հետևաբար, ծագում է պատասխանող Պետության` Կոնվենցիայով նախատեսված պատասխանատվությունը:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

128. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ իր որդին մահացել է վատ վերաբերմունքի, ինչպես նաև հետագայում պատշաճ ու ժամանակին բժշկական օգնություն չցուցաբերվելու հետևանքով, և որ իշխանություններն այդ հանգամանքների արդյունավետ քննություն չեն իրականացրել: Նա հիմնվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա, որով սահմանվում է հետևյալը` այնքանով, որքանով այն վերաբերում է գործին.

 

«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով...»:

 

Ա. Ընդունելիությունը

 

129. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Այն Դատարանը նաև նշում է, որ այն բողոքը անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

130. Դիմումատուն պնդել է, որ իշխանությունները չեն պաշտպանել իր որդու կյանքը այն ժամանակահատվածում, երբ նա, որպես պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինվոր, գտնվել է նրանց խնամքի տակ: Նրան մահացու հարված է հասցվել փայծաղի շրջանում, առկա են եղել հին ու նոր արյունազեղումներ, ինչը վկայում է այն մասին, որ նա սպաների կողմից տարբեր ժամանակահատվածներում ենթարկվել է վատ վերաբերմունքի: Իշխանությունները, սակայն, այս հանգամանքների արդյունավետ քննություն չեն իրականացրել: Իրականում նրանք արել են ամենը` իրական պատճառները չբացահայտելու համար: Հանցագործություն կատարած անձանց հովանավորելու նպատակով նրանք ներկայացրել են իր որդու մահացու վնասվածքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ, մասնավորապես այն մասին, որ վնասվածքն առաջացել է պատահաբար հասցված թեթև հարվածի հետևանքով, ինչպես նաև կիրառել են քննչական մի ամբողջ մեխանիզմ, ներառյալ դատաբժշկական փորձաքննությունը, տեղեկությունները ճշմարտանման դարձնելու համար` անտեսելով առկա բազմաթիվ հերքող ապացույցները: Կեղծ է եղել նաև ենթադրաբար իր որդու մահվան մեկ այլ պատճառ հանդիսացած մալարիայի ախտորոշումը: Ի վերջո, դիմումատուն պնդել է, որ քննության արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե կատարված քննչական գործողությունների թվով, այլ այդ գործողությունների որակով:

131. Կառավարությունը պնդել է, որ պետությունը կատարել է դիմումատուի որդու կյանքի իրավունքն ապահովելու իր պարտականությունը` կիրառելով այնպիսի օրենսդրություն, որը թույլ է տալիս մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարելու և դրանք պատժելու: Ավելին, իշխանություններն իրականացրել են արդյունավետ քննություն. հարուցվել է քրեական գործ, կայացվել են համապատասխան որոշումներ և կատարվել են մի շարք քննչական գործողություններ, ինչպես օրինակ` քննիչի կողմից դիակի զննում, փորձագետի կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն, բազմաթիվ այլ դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև մի շարք հարցաքննություններ և առերեսումներ: Բազմակողմանի և մանրակրկիտ քննության արդյունքում երեք անձանց` սպա Վ. Գ.-ի և զորամասի երկու բժիշկների նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, և նրանք դատապարտվել են Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Պարզվել է, որ դիմումատուի որդուն պատճառված վնասվածքը պատահաբար հասցվել է սպա Վ. Գ.-ի կողմից 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Այս հետևությունը հաստատվել է դատաբժշկական փորձագետների կողմից: Իրականացվել է նաև բազմակողմանի քննություն սպա Կ. Զ.-ի հնարավոր ներգրավվածության առնչությամբ, սակայն նրա մեղավորությունը չի ապացուցվել: Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի որդու փայծաղը մալարիայի հետևանքով մեծացած է եղել, որը, ի թիվս այլ գործոնների, առաջացրել է վերջինիս մահը, ինչպես նաև վիճարկել է դիմումատուի փաստարկներն առ այն, որ մալարիայի ախտորոշումը եղել է կեղծ:

 

2. Դատարանի գնահատականը

ա) Ընդհանուր սկզբունքները

132. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածը, որով պաշտպանվում է կյանքի իրավունքը, Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկն է, իսկապես, մի այնպիսի դրույթ, որից խաղաղ պայմաններում, 15-րդ հոդվածի համաձայն, շեղում կատարել չի թույլատրվում: 3-րդ հոդվածի հետ միասին այն նաև սահմանում է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքներից մեկը: Կոնվենցիայի` որպես անհատի պաշտպանության փաստաթղթի խնդիրներից և նպատակից ելնելով` անհրաժեշտ է 2-րդ հոդվածը մեկնաբանել և կիրառել այնպես, որ դրանով սահմանված երաշխիքները լինեն գործուն ու արդյունավետ (տե՛ս ի թիվս հեղինակավոր այլ գործերի, Մքքաննը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [McCann and Others v. the United Kingdom], 1995 թվականի սեպտեմբերի 27, § 146-147, Շարք «Ա» թիվ 324, և Մակարացիսն ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Makaratzis v. Greece [GC]], թիվ 50385/99, § 56, ՄԻԵԴ 2004-XI): 2-րդ հոդվածի 1-ին կետով պետության համար սահմանվում է ոչ միայն անձին դիտավորությամբ և ապօրինաբար կյանքից զրկելու արգելք, այլ նաև անձանց կյանքը պաշտպանելու նպատակով իր իրավազորության շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու պարտավորություն (տե՛ս Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy [GC]], թիվ 23458/02, § 208, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ)):

133. Դատարանը արգելանքի տակ գտնվող անձանց առնչությամբ նախկինում նշել է, որ այդ անձինք գտնվում են խոցելի իրավիճակում, և որ իշխանություններն ունեն նրանց պաշտպանելու պարտավորություն: Պետությունը պարտավոր է արժանահավատ բացատրություն ներկայացնել արգելանքի տակ պահելու ընթացքում առաջացած վնասվածքների կամ վրա հասած մահվան վերաբերյալ, հակառակ դեպքում անխուսափելիորեն ի հայտ է գալիս Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո պատասխանատվության հարց (տե՛ս, ի թիվս հեղինակավոր այլ գործերի, Սալմանն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Salman v. Turkey [GC]], թիվ 21986/93, § 99, ՄԻԵԴ 2000-VII, և Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Gefgen v. Germany [GC]], թիվ 22978/05, § 92, ՄԻԵԴ 2010): Ինչպես արգելանքի տակ գտնվող անձանց դեպքում, զորակոչիկները նույնպես գտնվում են պետության ձեռքերում, և բացառապես իշխանություններն են ամբողջությամբ կամ մեծ մասամբ տեղյակ բանակում տեղի ունեցող դեպքերից: Այդ պատճառով պետությունը նաև պարտավոր է ներկայացնել բավարար և համոզիչ բացատրություն բանակում առաջացած վնասվածքների կամ վրա հասած մահվան վերաբերյալ (տե՛ս Բեքերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, §§ 42-43, 2009 թվականի մարտի 24, Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine], թիվ 52013/08, § 92, 2013 թվականի հունվարի 17, Բակլանովն ընդդեմ Ուկրաինայի [Baklanov v. Ukraine], թիվ 44425/08, § 67, 2013 թվականի հոկտեմբերի 24, Մարինա Ալեքսեևան ընդդեմ Ռուսաստանի [Marina Alekseyeva v. Russia], թիվ 22490/05, § 121, 2013 թվականի դեկտեմբերի 19, և Մեթին Գյուլթեքինը և այլք ընդդեմ Թուրքիայի [Metin Gultekin and Others v. Turkey], թիվ 17081/06, § 33, 2015 թվականի հոկտեմբերի 6):

134. Դատարանը նշում է, որ կյանքի իրավունքը պաշտպանելու, ինչպես նաև դրանից զրկվելու դեպքի վերաբերյալ պատշաճ տեղեկություններ ներկայացնելու պարտավորության համար անուղղակիորեն պահանջվում է որոշակի արդյունավետ պաշտոնական քննության իրականացում, եթե հիմք կա կարծելու, որ անձին կասկածելի հանգամանքներում հասցվել են կյանքին սպառնացող վնասվածքներ, նույնիսկ այն դեպքում, երբ մահ առաջացրած ոտնձգությունը կատարելու մեջ կասկածվող անձը պետական պաշտոնյա չէ (տե՛ս Մուսթաֆա Թունջը և Ֆեջիրե Թունջն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunc and Fecire Tunc v. Turkey [GC]], թիվ 24014/05, § 171, 2015 թվականի ապրիլի 14): Որպեսզի քննությունն արդյունավետ համարվի, այն նախ պետք է լինի պատշաճ, այսինքն` հնարավորություն տա պարզելու փաստական հանգամանքները և անհրաժեշտության դեպքում ի հայտ բերելու ու պատժելու մեղավորներին (տե՛ս Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nachova and Others v. Bulgaria [GC]], թիվ 43577/98 և 43579/98, § 113, ՄԻԵԴ 2005/VII, և վերևում հիշատակված` Մուսթաֆա Թունջի և Ֆեջիրե Թունջի գործը, § 172):

135. Արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցի պարտավորություն է. իշխանությունները պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ միջոցները` ապահովելու համար տվյալ դեպքի վերաբերյալ ապացույցները` ներառյալ, inter alia, վկաների հարցաքննությունը, փորձաքննությունները և, անհրաժեշտության դեպքում, որի միջոցով հնարավոր է ամբողջական և ճշգրտորեն կերպով արձանագրել վնասվածքը և իրականացնել կլինիկական տվյալների, այդ թվում` մահվան պատճառի օբյեկտիվ վերլուծություն (տե՛ս վերևում հիշատակված` Նաչովան և այլք գործը, § 113, ինչպես նաև վերևում հիշատակված` Մուսթաֆա Թունջի և Ֆեջիրե Թունջի գործը, §§ 173-174): Քննության արդյունավետությունը, սակայն, չի կարող միայն գնահատվել կազմված արձանագրությունների, հարցաքննված վկաների կամ կատարված այլ քննչական գործողությունների թվով (տե՛ս Անգուելովան ընդդեմ Բուլղարիայի [Anguelova v. Bulgaria], թիվ 38361/97, § 144, ՄԻԵԴ 2002/IV, ինչպես նաև Պանկովն ընդդեմ Բուլղարիայի [Pankov v. Bulgaria], թիվ 12773/03, § 51, 2010 թվականի հոկտեմբերի 7): Քննության արդյունքները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր տարրերի բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Քննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճորեն չձեռնարկելը վճռորոշ կերպով խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և, անհրաժեշտության դեպքում, մեղավորներին ի հայտ բերելու` քննության հնարավորությունը և անխուսափելիորեն հանգեցնում է արդյունավետության պահանջվող չափանիշին չհամապատասխանելուն (տե՛ս Ռամսահային և այլք ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ] [Ramsahai and Others v. the Netherlands [GC]], թիվ 52391/99, § 321, ՄԻԵԴ 2007/II, ինչպես նաև վերևում հիշատակված` Մուսթաֆա Թունջի և Ֆեջիրե Թունջի գործը, § 175):

136. Քննության` բավականաչափ արդյունավետ լինելու հարցը պետք է քննվի համապատասխան բոլոր փաստերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով քննչական աշխատանքի գործնական հանգամանքները: Քննության արդյունավետության նվազագույն շեմը բավարարելու համար հետազոտության բնույթը և աստիճանը կախված է տվյալ գործի հանգամանքներից (տե՛ս վերևում հիշատակված` Մուսթաֆա Թունջի և Ֆեջիրե Թունջի գործը, § 176 և 181): Եվ ի վերջո, պետք է նշել, որ այս պահանջները տարածվում են ոչ միայն նախնական քննության փուլի, այլև դատական քննության փուլի վրա, որը պետք է նաև բավարարի 2-րդ հոդվածով սահմանված պահանջները (տե՛ս վերևում հիշատակված` Մոսենձի գործը, § 94):

 

բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով

 

i) Ընթացակարգային կողմը

137. Պետության կողմից Սուրեն Մուրադյանի մահվան վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու պարտավորությունը բավարար չափով կատարված լինելու հարցը լուծելու համար Դատարանն առաջին հերթին պետք է ուսումնասիրի իշխանությունների կողմից կատարված քննությունը և դրա արդյունքները: Այս առումով Դատարանը նշում է, որ կողմերը չեն վիճարկում այն հանգամանքը, որ Սուրեն Մուրադյանը մահացել է նրա փայծաղին հասցված հարվածի հետևանքով, որն սկզբում առաջացրել է փայծաղի ենթապատյանային պատռվածք, իսկ ավելի ուշ` լրիվ պատռվածք և սուր արյունահոսություն: Պարզվել է, որ բժշկական անփութությունը ևս կարող էր նպաստել վերջինիս մահվանը: Ինչ վերաբերում է մահացու վնասվածքին, ապա իշխանություններն իրականացրել են այս հանգամանքի պաշտոնական քննություն և հանգել են այն հետևության, որ այն պատճառվել է 2002 թվականի հուլիսի 21-ին, երբ սպա Վ. Գ.-ն այլ անձանց ներկայությամբ Սուրենի Մուրադյանի հետ վիճաբանության ժամանակ ուժեղ թափահարել է նրա ձեռքը, որի ընթացքում նրանք ձեռքերով ըստ երևույթին պատահաբար հարվածել կամ կպել են Սուրեն Մուրադյանի որովայնի ձախ հատվածին, որն առաջացրել է փայծաղի ենթապատյանային պատռվածք: Այնուամենայնիվ, Դատարանը կասկածներ ունի Սուրեն Մուրադյանի մահացու վնասվածքի մասին այս բացատրության վերաբերյալ` հաշվի առնելով այդ հետևություններին հանգեցրած քննության ընթացքում թույլ տրված բազմաթիվ լուրջ թերությունները:

138. Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ իշխանությունները սկզբում արագ արձագանքել են Սուրեն Մուրադյանի մահվանը: Նրա մահվան հաջորդ օրը` 2002 թվականի օգոստոսի 5-ին, քննիչը որոշում է կայացրել դիակի դատաբժշկական փորձաքննություն, այդ թվում` դիահերձում նշանակելու մասին: Փորձագետը դատաբժշկական փորձաքննությունն սկսել է հաջորդ օրը և նույն օրը հայտնել է քննիչին, որ Սուրեն Մուրադյանը մահացել է հին ու նոր արյունազեղումների առկայությամբ փայծաղի վնասվածքի հետևանքով: Այնուհետև քննիչը որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, այն է` դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որի հետևանքով տուժողը մահացել է, քրեական գործ հարուցելու մասին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սուրեն Մուրադյանը ենթարկվել է վատ վերաբերմունքի» (տե՛ս վերևում` 20-րդ և 21-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, դրանից չի հետևում, որ նախաքննական մարմինն իրական փորձեր է արել քննության համար անհրաժեշտ միջոցներն ակտիվորեն ձեռնարկելու և համապատասխան հանգամանքները պատշաճորեն հետազոտելու ուղղությամբ` չնայած նրան, որ առկա են եղել մի շարք կոնկրետ կողմնորոշիչներ: Դատարանը, մասնավորապես, նշում է հետևյալը.

139. Առաջին հերթին` դեռևս 2002 թվականի օգոստոսի 7-ին նախաքննական մարմինը, հարցաքննելով մի շարք վկաների, ձեռք է բերել ապացույցներ, որոնց համաձայն Սուրեն Մուրադյանը ընդհարում է ունեցել նույն զորամասի երկու սպաների` Վ. Գ.-ի և Դ. Հ.-ի հետ: Ընդհարումն սկսվել է ժամացույցի ենթադրյալ գողության պատճառով 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանությամբ, և Սուրեն Մուրադյանին ժամանակ են տվել կոնկրետ պահանջներ կատարելու համար` ենթադրաբար նրան սպառնալով, որ դրանք չկատարելու դեպքում նա «խնդիրներ կունենա» և «կպատժվի»: Ավելին, մի քանի օր անց (մոտավորապես 2002 թվականի հուլիսի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում)` ըստ երևույթին այդ ժամկետը լրանալուն պես, այդ սպաները նրան մի քանի անգամ տարել են շտաբ, այդ թվում` սպա Կ. Զ.-ի աշխատասենյակ, որտեղ սպառնալիքները ենթադրաբար շարունակվել են: Պարզվել է, որ այդ նույն ժամանակահատվածում Սուրեն Մուրադյանն սկսել է իրեն վատ զգալ (տե՛ս վերևում` 7-րդ, 22-րդ և 23-րդ պարբերությունները): Չնայած այդ բոլոր ապացույցներին, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ սպաներ Դ. Հ.-ն, Վ. Գ.-ն և Կ. Զ.-ն հանցավոր արարք են կատարել, նրանք անմիջապես չեն մեկուսացվել և հարցաքննվել են համապատասխանաբար միայն երկու, երեք և տասն օր անց (տե՛ս վերևում` 24-րդ և 28-րդ պարբերությունները): Դատարանը նշում է, որ թեև չկան ապացույցներ, որոնցով հիմնավորվում է այս սպաների կողմից նախնական համաձայնությամբ գործելու հանգամանքը, սակայն միայն այն փաստը, որ այդպիսի նախնական համաձայնության վտանգի հավանականությունը նվազեցնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել, համարվում է քննության պատշաճ իրականացման հարցում լուրջ թերություն (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված` Ռամսահայի և այլոց գործը, § 330):

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Եվրոպական դատարան
24.11.2016
N 11275/07
Վճիռ