Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (3-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (3-ՐԴ ՄԱՍ)

 

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(3-րդ մաս)

 

(Գանգատ թիվ 11275/07)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

24 նոյեմբերի 2016 թ.

 

140. Ինչ վերաբերում է այդ սպաների փաստացի հարցաքննություններին, ապա նախաքննական մարմինը, ունենալով ականատեսի ցուցմունք այն մասին, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Սուրեն Մուրադյանի նկատմամբ ակնհայտ ֆիզիկական բռնություն չի գործադրվել, այնուամենայնիվ որոշել է իր ուշադրությունը հիմնականում սևեռել այդ վիճաբանության վրա` առանց Սուրեն Մուրադյանի` հետագայում զորամասի շտաբ կատարած այցերին առնչվող հանգամանքները պարզելուն ուղղված լուրջ քայլեր ձեռնարկելու: Սպաներին չեն առաջադրվել մանրամասն հարցեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ պարզել այդ այցերի ժամանակ Սուրեն Մուրադյանին վատ վերաբերմունքի ենթարկելու հնարավոր հանգամանքը: Նրանց կողմից վատ վերաբերմունքի ենթարկելու հանգամանքը հերքելը հեշտությամբ ընդունվել է` առանց այդ մասով լրացուցիչ քննության, իսկ որոշ դեպքերում հարցաքննությունները հիմնականում սահմանափակվել են այնպիսի գրավոր ցուցմունքներ վերցնելով, որոնցում սպաները պարզապես պատմում են 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած դեպքերը (տե՛ս վերևում` 24-րդ, 25-րդ, 27-րդ, 28-րդ, 33-րդ և 68-րդ պարբերությունները):

141. Դեպքերին առնչություն են ունեցել և Սուրեն Մուրադյանի հետ շտաբ են կանչվել երկու այլ զինծառայողներ` Կ. Ե.-ն և Գ. Մ.-ն, որոնք կարող էին քննության համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել: Ճիշտ է, որ նրանք երկուսն էլ որպես վկա հարցաքննվելու ժամանակ հերքել են, որ որևէ տեղեկություն ունեն շտաբ կատարած այցերի ժամանակ Սուրեն Մուրադյանի` վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին (տե՛ս վերևում` 23-րդ, 26-րդ, 37-րդ և 47-րդ պարբերությունները): Սակայն չի բացառվում, որ նրանք ցուցմունքներում չեն տրամադրել իրենց հայտնի բոլոր տեղեկությունները և, ճնշումներից վախենալով, ճշմարտությունը չեն հայտնել` հաշվի առնելով, որ գործին առնչություն ունեցող անձինք նրանց վերադասներն էին այն զորամասում, որտեղ նրանք շարունակել են իրենց ծառայությունը, այդ թվում` այնպիսի բարձրաստիճան սպաներ, ինչպիսին էր զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարը, որը նաև այդ զորամասի հրամանատարի տեղակալն էր: Նախաքննական մարմինը, սակայն, չի դիտարկել այս հնարավոր խնդիրը լուծելու ուղղությամբ համապատասխան այնպիսի քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, ինչպիսին Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ և 98.1 հոդվածներով նախատեսված պաշտպանության միջոցներն իրականացնելն է, օրինակ` նշված վկաների ծառայության վայրը փոփոխելու և դրանով հնարավոր ճնշումներից նրանց պաշտպանությունն ապահովելու միջոցով (տե՛ս վերևում` 115-րդ պարբերությունը):

142. Դատարանը նշում է, որ անորոշ են դատաբժշկական փորձագետ Մ. Բ.-ի կողմից արված հետևությունները` կապված քննության համար էական նշանակություն ունեցող` Սուրեն Մուրադյանի մոտ առաջին և հիմնական արյունազեղումն առաջանալու օրվա հետ: Մասնավորապես, փորձագետը եզրակացրել է, որ այդ արյունազեղումն առաջացել է մահվանից «ավելի քան 8-ից 10 օր» առաջ (տե՛ս վերևում` 30-րդ պարբերությունը): Այսպիսով, մի կողմից փորձագետը նշում է կոնկրետ ժամանակահատվածի մասին, մասնավորապես` 8-ից 10 օր, սակայն մյուս կողմից կարծիք է հայտնում, որ արյունազեղումը կարող էր առաջացած լինել այդ ժամանակահատվածից առաջ ցանկացած ժամանակ` դրանով իսկ տալով էական նշանակություն հարցին շատ անորոշ պատասխան և միևնույն ժամանակ զգալիորեն նվազեցնելով այս ապացույցի ապացուցողական ուժը: Նախաքննական մարմինը չի պարզել այս հարցը, այդ թվում` ինչ է նկատի ունեցել դատաբժշկական փորձագետը «ավելի քան 8-ից 10 օր առաջ» (ընդգծումը` Դատարանի) արտահայտությամբ, ինչպես նաև այն, թե ինչու հնարավոր չի եղել նշել արյունազեղումն առաջանալու ավելի կոնկրետ ժամանակ, մինչդեռ դա հնարավոր է եղել անել նույն հատվածում առաջացած երկրորդ արյունազեղման դեպքում (մահվանից 1-ից 2 օր առաջ):

143. Երբևէ չի իրականացվել տեղանքի զննություն, այդ թվում` չի զննվել սպա Կ. Զ.-ի աշխատասենյակը, որտեղ 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանությունից հետո կանչել են Սուրեն Մուրադյանին:

144. Դատարանը նաև նշում է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ վարկածը պատշաճորեն չի ստուգվել նույնիսկ այն բանից հետո, երբ քրեական վարույթն իրականացնող մարմինները ձեռք են բերել ապացույց, որի համաձայն գործով ներգրավված երեք սպաներից առնվազն երկուսը, մասնավորապես` Դ. Հ.-ն և Կ. Զ.-ն, առնչություն ունեն բռնության դեպքին (տե՛ս վերևում` 38-րդ, 43-րդ, 47-րդ, 61-րդ և 63-րդ պարբերությունները): Առավել ուշագրավ է այն, որ սպա Կ. Զ.-ն փաստացի առնչություն է ունեցել Սուրեն Մուրադյանի հետ նույն նպատակով իր աշխատասենյակ կանչված մյուս երկու զինծառայողներից մեկի` Գ. Մ.-ի նկատմամբ նույն պատմության համատեքստում բռնություն գործադրելուն: Այս հանգամանքին նշանակություն չի տրվել, և քրեական վարույթն իրականացնող մարմինները հեշտությամբ ընդունել են այն սցենարը, որի համաձայն միայն զինծառայող Գ. Մ.-ն է դարձել բռնության գործողությունների զոհ, այլ ոչ թե Սուրեն Մուրադյանը (տե՛ս վերևում` 90-րդ և 92-րդ պարբերությունները): Քննության ընթացքը որևէ կերպ չի փոխվել նույնիսկ այն բանից հետո, երբ Սուրեն Մուրադյանի հետ նրա մահվանից ոչ շատ առաջ կապի մեջ եղած երկու վկաները` Կ. Բ.-ն և Հ. Ղ.-ն, հստակ հայտնել են, որ վերջինս պատմել է, որ սպաներ Վ. Գ.-ն, Դ. Հ.-ն և Կ. Զ.-ն վատ վերաբերմունք են դրսևորել իր նկատմամբ: Դատարանը բավարար չափով համոզիչ չի համարում այդ պնդումները մերժելու պատճառները (տե՛ս վերևում` 104-րդ պարբերությունը):

145. Այսպիսով, վերոնշյալ խնդիրները լուծելու, 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանությանը հաջորդող օրերին կատարվածի բազմակողմանի քննություն իրականացնելու, ինչպես նաև դիմումատուի որդու` վատ վերաբերմունքի ենթարկված լինելու հանգամանքը պարզելու փոխարեն` քննության համար առանցքային է դարձվել հենց վիճաբանության հանգամանքը` նույնիսկ այն դեպքում, երբ, ինչպես արդեն նշվել է, չի եղել որևէ ապացույց առ այն, որ այդ վիճաբանության ժամանակ Սուրեն Մուրադյանը ենթարկվել է այնպիսի բնույթի և ծանրության ֆիզիկական բռնության, որի հետևանքով կարող էր պատճառվել նրա փայծաղի` կյանքի համար վտանգավոր վնասվածք: Դատարանը նշում է, որ ոչ շուտ, քան երկու տարի հետո է դեպքին առնչություն ունեցող սպաներից մեկը հայտնել, որ նախկինում չի ասել ամբողջ ճշմարտությունը և որ 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության ժամանակ իրականում պատահաբար հարված է հասցվել Սուրեն Մուրադյանի որովայնի հատվածին (տե՛ս վերևում` 64-րդ պարբերությունը): Նախաքննական մարմինը հեշտությամբ ընդունել է այդ պնդումը, մինչդեռ առկա չի եղել այն հիմնավորող որևէ օբյեկտիվ ապացույց, և հետագա ամբողջ քննությունը, այդ թվում` բոլոր դատաբժշկական փորձաքննություններն ուղղված են եղել հիմնավորելու այն վարկածը, որ առաջին արյունազեղումը և փայծաղի ենթապատյանային պատռվածքն առաջացել են պատահական հարվածի հետևանքով: Դատարանը, սակայն, նշում է, որ նույնիսկ այս հետևությունն արվել է մի շարք թերություններով:

146. Նախ, ինչպես արդեն նշվել է, դեպքերի այս վարկածն ամբողջությամբ հիմնված է եղել դեպքերին առնչություն ունեցող այն սպայի ցուցմունքի վրա, որը չէր կարող համարվել օբյեկտիվ վկա և որը, ավելին, քրեական գործով վարույթի ամբողջ ընթացքում այդ մասին տվել է հակասող ցուցմունքներ (տե՛ս վերևում` 24-րդ, 64-րդ, 68-րդ և 97-րդ պարբերությունները):

147. Թեև համապատասխան բժշկական փորձագետների պնդմամբ` առաջին արյունազեղումը և փայծաղի ենթապատյանային պատռվածքն առաջացել են 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության ընթացքում սպա Վ. Գ.-ի կողմից պատահաբար հասցված հարվածի հետևանքով, սակայն Դատարանի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ դատաբժշկական փորձագետներին ներկայացվել է միայն մեկ վարկած, որի համաձայն, Սուրեն Մուրադյանին սպա Վ. Գ.-ի նկարագրած հանգամանքներում հասցվել է մեկ հարված: Հետևաբար զարմանալի չէ, որ փորձագետներն այդ հարվածը համարել են նշված վնասվածքների առաջացման պատճառ: Դա, սակայն, չի կարող մեկնաբանվել որպես սպա Վ. Գ.-ի պնդումների հավաստիությունը հաստատող կամ այդ վնասվածքներն իրականում պատճառվելու միանգամայն այլ` նախաքննական մարմնի կողմից պատշաճորեն և դատաբժշկական փորձագետներին չներկայացված սցենարի հավանականությունը բացառող հանգամանք:

148. Որևէ համոզիչ բացատրություն չի տրվել այն հանգամանքի վերաբերյալ, որ Սուրեն Մուրադյանից մահվանից առաջ հոսպիտալում վերցված արյան միևնույն նմուշի մեջ սկզբում չեն հայտնաբերվել մալարիայի հարուցիչներ, իսկ հետո դրանք հայտնաբերվել են: Դատաբժշկական փորձագետները կամ տրամադրել են հակասող և ոչ բավարար բացատրություններ, կամ որևէ բացատրություն չեն տրամադրել (տե՛ս վերևում` 36-րդ, 71-րդ, 72-րդ և 73-րդ պարբերությունները): Հատկանշական է, որ մալարիայի ախտորոշման հիման վրա բացատրվել է Սուրեն Մուրադյանի փայծաղի մեծացման և դեֆորմացման հանգամանքը, ինչպես նաև նշվել է, որ այն կարող էր պատռվել նույնիսկ թույլ հպումից:

149. Նախաքննական մարմինը չի փորձել պարզել, թե արդյոք բժշկական տեսանկյունից հնարավոր է, որ Սուրեն Մուրադյանն սկսեր իրեն վատ զգալ միայն մոտավորապես 2002 թվականի հուլիսի 24-ից հետո, եթե վնասվածքը նրա փայծաղին հասցվել է 2002 թվականի հուլիսի 21-ին, և արդյոք հնարավոր է, որ 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության ժամանակ ցավի ակնհայտ դրսևորումներ եղած չլինեն այն դեպքում, երբ նրան հասցվել է վնասվածք, որի հետևանքով առաջացել է 10x9սմ չափերի արյունազեղում, ինչպես նաև փայծաղի ենթապատյանային պատռվածք: Դատաբժշկական փորձագետները դիմումատուի համապատասխան հարցերին ի պատասխան համոզիչ բացատրություն չեն տրամադրել (տե՛ս վերևում` 88-րդ պարբերությունը):

150. Ինչ վերաբերում է Սուրեն Մուրադյանի փայծաղի շրջանում երկրորդ արյունազեղմանը, որն առաջացել է նրա մահվանից 1-ից 2 օր առաջ, ապա, ըստ երևույթին, որևէ էական փորձ չի արվել նաև արյունազեղումն առաջանալու պատճառները պարզելու, ինչպես նաև փայծաղի պատռվածքի հետ դրա հնարավոր կապը պարզելու ուղղությամբ: Համարվել է, որ այդ արյունազեղումն առաջացել է հոսպիտալում Սուրեն Մուրադյանի վայր ընկնելու հետևանքով (տե՛ս վերևում` 46-րդ և 71-րդ պարբերությունները): Նման հիմնավորման դեպքում, սակայն, լիովին անտեսվում է այն հանգամանքը, որ տվյալ արյունազեղումը, ինչպես պարզվել է, առաջացել է Սուրեն Մուրադյանի մահվանից 1-ից 2 օր առաջ, մինչդեռ հոսպիտալում նրա վայր ընկնելը, ըստ երևույթին, տեղի է ունեցել նրա մահից առաջ` երկու ժամից էլ կարճ ժամանակահատվածում (տե՛ս վերևում` 15-րդ և 30-րդ պարբերությունները): Ավելին, պարզ չէ, թե նախաքննական մարմինը ինչ հիմքով է պարզված համարել, որ վայր ընկնելիս Սուրեն Մուրադյանի ձեռքը եղել է իր փորի տակ (տե՛ս վերևում` 69-րդ պարբերությունը):

151. Դատարանը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2004 թվականի նոյեմբերի 5-ի գրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնականի 2004 թվականի նոյեմբերի 24-ի որոշմանը: Դրանցից առաջինը` «գաղտնի» նշումով գրությունը, վերաբերում էր «Սուրեն Մուրադյանի հայտնի ծեծին», իսկ մյուսում նշվել է, որ քննությամբ պարզվել է, որ Սուրեն Մուրադյանին սպա Կ. Զ.-ի աշխատանքային սենյակում ծեծել են փայտե ձողով (տե՛ս վերևում` 75-րդ և 81-րդ պարբերությունները): Այսպիսով, այս փաստաթղթերի բովանդակությունից պարզ է դառնում, որ իշխանություններն առնվազն բավարար ապացույց են ունեցել այն մասին, որ Սուրեն Մուրադյանը ենթարկվել է ծեծի, սակայն գործողություններ չեն ձեռնարկել կամ չեն ցանկացել ձեռնարկել այդ ապացույցի առնչությամբ: Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենի հայտնած տեղեկությունը չի ազդում այս եզրակացության վրա, քանի որ չի տրամադրվել որևէ այլ համոզիչ բացատրություն վերջինիս կողմից արված «Սուրեն Մուրադյանի հայտնի ծեծ» արտահայտության վերաբերյալ (տե՛ս վերևում` 101-րդ պարբերությունը):

152. Ի վերջո, Դատարանը չի կարող անտեսել առանձին գլխում Հայաստանի բանակում մարդու իրավունքների իրավիճակը ներկայացնող` Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը, որից պարզ է դառնում, որ այս գանգատով ներկայացված հարցերը, այդ թվում` վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումները և ոչ մարտական իրավիճակներում մահվան դեպքերը հազվադեպ չեն (տե՛ս վերևում` 119-րդ պարբերությունը):

153. Վերոնշյալ հանգամանքները բավարար հիմք են տալիս Դատարանին հանգելու այն հետևության, որ իշխանությունները դիմումատուի որդուն մահացու վնասվածք պատճառվելու հանգամանքների արդյունավետ քննություն չեն իրականացրել:

154. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում:

 

ii) Նյութաիրավական կողմը

155. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական կողմին, ապա հանգելով այն հետևության, որ իշխանությունների կողմից իրականացված քննությունն արդյունավետ չի եղել, Դատարանը չի կարող այդ քննության արդյունքները համարել բավականաչափ հուսալի, իսկ Սուրեն Մուրադյանի կյանքի համար վտանգավոր վնասվածքի վերաբերյալ բացատրությունը` համոզիչ և բավարար: Հետևաբար, չի կարող համարվել, որ իշխանությունները կատարել են դիմումատուի որդու` իրենց խնամքի տակ գտնվելու ժամանակահատվածում տեղի ունեցած մահվան դեպքի վերաբերյալ արժանահավատ բացատրություն տրամադրելու պարտավորությունը:

156. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական խախտում:

 

iii) Բժշկական անփութությունը

157. Հանգելով վերոնշյալ հետևություններին` Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին քննել այն հարցը, թե արդյոք բժշկական անփութությունը ևս նպաստել է Սուրեն Մուրադյանի մահվանը, և արդյոք իրականացվել է այդ հարցի արդյունավետ քննություն:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

158. Դիմումատուն պնդել է իր բողոքները իր որդու նկատմամբ սպաներ Վ. Գ.-ի, Դ. Հ.-ի և Կ. Զ.-ի ենթադրյալ վատ վերաբերմունքի, որդուն պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերվելու և իշխանությունների կողմից Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան նրա մահվան հանգամանքների արդյունավետ քննություն չիրականացվելու վերաբերյալ:

159. Կառավարությունը վիճարկել է այս պնդումները:

160. Դատարանը նշում է, որ այս բողոքներն փոխկապակցված են վերևում քննված բողոքների հետ և, հետևաբար, նույնպես պետք է հայտարարվեն ընդունելի:

161. Հաշվի առնելով 2-րդ հոդվածի առնչությամբ արված հետևությունները (տե՛ս վերևում` 153-156-րդ պարբերությունները)` Դատարանը համարում է, որ անհրաժեշտություն չկա քննելու այն հարցը, թե արդյոք սույն գործում առկա են նաև Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների խախտումներ (տե՛ս, mutatis mutandis, Մախարաձեն և Սիխարուլիձեն ընդդեմ Վրաստանի Makharadze and Sikharulidze v. Georgia, թիվ 35254/07, § 94, 2011 թվականի նոյեմբերի 22, Գյուլբահար Օզերը և այլք ընդդեմ Թուրքիայի [Gulbahar Ozer and Others v. Turkey], թիվ 44125/06, § 78, 2013 թվականի հուլիսի 2, և Ֆանզիևան ընդդեմ Ռուսաստանի [Fanziyeva v. Russia], թիվ 41675/08, § 85, 2015 թվականի հունիսի 18):

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

162. Ի վերջո, դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիման վրա բողոք է ներկայացրել իր որդու մահվան փաստով հարուցված քրեական գործի քննության ենթադրյալ անարդարացիության վերաբերյալ:

163. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը և, այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության ներքո, Դատարանը համարում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ: Այսպիսով հետևում է, որ գանգատի այդ մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու հիմքով` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

164. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությունն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

 

Ա. Վնասը

 

165. Դիմումատուն պահանջել է 85 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

166. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի` Կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում տեղի չի ունեցել և, հետևաբար, նա իրավունք չունի ստանալու փոխհատուցում: Նույնիսկ խախտում լինելու դեպքում, այդ խախտման և դիմումատուին ենթադրաբար պատճառված ոչ նյութական վնասի միջև որևէ պատճառահետևանքային կապ չկա, և ավելին, դա չի հիմնավորվել որևէ ապացույցով:

167. Դատարանը համարում է, որ բացահայտված խախտումների հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս: Հետևաբար Դատարանը դիմումատուին տրամադրում է 50 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

168. Դիմումատուն պահանջել է ընդհանուր առմամբ 79 900 դրամ` փոստային ծառայության ծախքերի դիմաց:

169. Կառավարությունը պնդել է, որ այդ պահանջը պետք է մերժվի, քանի որ Կոնվենցիայի խախտում տեղի չի ունեցել:

170. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործում, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշները` դատարանը ողջամիտ է համարում տրամադրել 165 եվրոյին համարժեք գումարի փոխհատուցում` փոստային ծառայության ծախքերի դիմաց:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

171. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Հայտարարում է Սուրեն Մուրադյանի մահվան, վերջինիս նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի և նրա մահվան հանգամանքների արդյունավետ քննություն չիրականացվելու վերաբերյալ բողոքներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը` անընդունելի.

2. Վճռում է, որ դիմումատուի որդուն պատճառված` կյանքի համար վտանգավոր վնասվածքի և այդ փաստով իրականացված քննության մասով տեղի են ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական և ընթացակարգային խախտումներ.

3. Վճռում է, որ ենթադրյալ բժշկական անփութության առնչությամբ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.

4. Վճռում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.

5. Վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.

6. Վճռում է, որ

ա) պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից` երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) ոչ նյութական վնասի դիմաց` 50 000 եվրո (հիսուն հազար եվրո)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց` 165 եվրո (մեկ հարյուր վաթսունհինգ եվրո)` գումարած դիմումատուից գանձման ենթակա բոլոր հարկերը,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.

7. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

    Աբել Կամպոս                            Միրյանա Լազարովա Տրայկովսկա

    Քարտուղար                              Նախագահ

 

 

pin
Եվրոպական դատարան
24.11.2016
N 11275/07
Վճիռ