Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

i

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 23086/08)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

20 սեպտեմբերի 2018 թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ,

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Ալեշ Պեյխալ [Ales Pejchal],

Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turkovic],

Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],

Թիմ Այքը [Tim Eicke]` դատավորներ,

Սիրանուշ Սահակյան [Siranush Sahakyan]` ad hoc (ժամանակավոր) դատավոր,

և Աբել Կամպոս [Abel Campos]` Բաժանմունքի քարտուղար,

2018 թվականի օգոստոսի 28-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

i

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Մուշեղ Սաղաթելյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2008 թվականի ապրիլի 22-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 23086/08) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Վ. Գրիգորյանը և տկն Ս. Սաֆարյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ իրեն արգելանքի վերցնելիս և ոստիկանության բաժին ժամանելուց հետո իր նկատմամբ ցուցաբերվել է վատ վերաբերմունք, իշխանության մարմինները վատ վերաբերմունքի մասին իր հայտարարությունների առնչությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել, իր ձերբակալումը տարբեր հիմքերով եղել է անօրինական և կամայական, իրեն անհապաղ չեն տեղեկացրել իր ձերբակալման պատճառների մասին, իր ձերբակալումն ու շարունակական կալանքը հիմնված չեն եղել հիմնավոր կասկածի կամ հիմնավոր ու բավարար պատճառների վրա, դատական քննությունը եղել է անարդար, քանի որ նրա նկատմամբ հարուցված ամբողջ քրեական գործը հիմնված է եղել միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա, և խախտվել են կողմերի հավասարության սկզբունքը և վկա կանչելու իր իրավունքը, ինչպես նաև ցուցարարներին ցրելու և այնուհետև իրեն քրեական հետապնդման ենթարկելու ու դատապարտելու հետևանքով խախտվել է արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքը:

4. 2010 թվականի նոյեմբերի 30-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն:

5. Հայաստանի կողմից ընտրված դատավոր պրն Արմեն Հարությունյանն ի վիճակի չի եղել մասնակցելու գործի քննությանը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոն): Համապատասխանաբար Պալատի նախագահը որոշել է տկն Սիրանուշ Սահակյանին նշանակել որպես ad hoc դատավոր (29-րդ կանոնի 1(ա) կետ):

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

6. Դիմումատուն ծնվել է 1950 թվականին և ապրում է Երևանում:

 

Ա. 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները և հետընտրական իրադարձությունները

 

1. Նախագահական ընտրությունները և 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում անցկացված ցույցերը

 

7. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Հիմնական մրցակիցներն էին այդ ժամանակ գործող վարչապետ պրն Սարգսյանը, որը ներկայացնում էր իշխող կուսակցությունը, և ընդդիմության հիմնական թեկնածու պրն Տեր-Պետրոսյանը, որը 1991 թվականից մինչև 1998 թվականը նույնպես եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ:

8. Դիմումատուն, որը պրն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ զբաղեցրել է Ներքին գործերի նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնը, նրա թեկնածության ակտիվ կողմնակիցն էր:

9. Ընտրության նախնական արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո պրն Տեր-Պետրոսյանը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում (հայտնի է նաև «Օպերայի հրապարակ» անվանմամբ)` ընտրական գործընթացում ենթադրաբար տեղի ունեցած խախտումների դեմ բողոքելու համար` հայտարարելով, որ ընտրությունները չեն եղել ազատ և արդար: 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած` պրն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ամեն օր անցկացրել են համազգային բողոքի ցույցեր` իրենց հանդիպումների հիմնական վայրը դարձնելով Ազատության հրապարակը և շրջակա այգին: Պարզվում է, որ Ազատության հրապարակում ցերեկային ժամերին և մինչև ուշ գիշեր անցկացվող ցույցերին պարբերաբար ներգրավվել են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ մի քանի հարյուր ցուցարարներ, տեղադրելով վրաններ, քսանչորս ժամ շարունակ մնացել են այդ վայրում: Պարզվում է նաև, որ դիմումատուն ակտիվ մասնակցել է ցույցերին և հաճախ հարթակ է բարձրացել, իսկ ցույցերի առաջին օրը հանդես է եկել ելույթով:

10. 2008 թվականի փետրվարի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ պրն Սարգսյանը հաղթել է ընտրություններում` ստանալով ընդհանուր ձայների մոտ 52%-ը, իսկ պրն Տեր-Պետրոսյանը ստացել է ձայների շուրջ 21%-ը:

11. 2008 թվականի փետրվարի 29-ին ցույցերը դեռևս ակտիվ շարունակվում էին: Այդ օրը դիմումատուն գիշերել է Ազատության հրապարակում:

 

2. 2008 թվականի մարտի 1-ին` վաղ առավոտյան իրականացված ոստիկանական գործողությունները և թիվ 62202508 քրեական գործի հարուցումը

 

12. Դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի մարտի 1-ին` ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանությունը ժամանել է Ազատության հրապարակ: Մի քանի հարյուր ցուցարարներ, որոնք գիշերել էին այդտեղ, հիմնականում դեռևս քնած էին` չնայած նրանցից մի քանիսն արթուն էին, քանի որ նախապես տեղեկացել էին մեծաթիվ ոստիկանության ծառայողների ժամանման մասին: Ժամանել են ընդհանուր առմամբ շուրջ 800 լավ զինված ոստիկանության ծառայողներ: Ոստիկանության պահակախումբը սկսել է մոտենալ վրաններին, ու ցուցարարները խուճապի են մատնվել և սկսել արթնացնել մյուսներին: Ցուցարարներից մի քանիսին հաջողվել է միացնել բարձրախոսները և հրապարակի լույսերը: Պրն Տեր-Պետրոսյանը, որը նույնպես գտնվում էր հրապարակում, դիմել է ցուցարարներին. «Տեսնում ենք, որ հրապարակ են ժամանել ոստիկանության ուժեր: Որևէ կապ չհաստատեք նրանց հետ և որևէ կերպ չդիպչեք նրանց: Խնդրում եմ, հեռու մնացեք նրանցից: Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ է նրանց ուզածը: Եթե նրանք ինչ-որ բան ունեն մեզ ասելու, ապա պատրաստ ենք լսել նրանց: Խնդրում եմ, եղեք համբերատար և պահպանեք հանգստություն»: Այնուհետև` մոտ մեկ րոպե, տիրել է լռություն: Մինչ այդ ոստիկանության ուժերն արդեն իսկ շրջափակել էին հրապարակը ոստիկանության պահակախմբերի եռակի շղթայով: Հանկարծ, առանց նախապես զգուշացնելու կամ ցրելու որևէ կարգադրություն տալու, ոստիկանության ուժերը, բարձրաձայն բղավելով, հարձակվել են ցուցարարների վրա, որոնցից շատերը դեռևս քնած էին իրենց վրաններում, դաժանորեն ծեծել նրանց ռետինե մահակներով և ավերել ճամբարը: Պրն Տեր-Պետրոսյանն անմիջապես ձերբակալվել է և դուրս բերվել այդտեղից: Մի քանի րոպեի ընթացքում հրապարակում որևէ ցուցարար չի մնացել, քանի որ բոլորը, այդ թվում` դիմումատուն, փորձել են փախչելով փրկվել: Այնուհետև նա և մյուս ակտիվիստները փողոցներում հետապնդվել են ոստիկանության աշխատակիցների կողմից և ձերբակալվել (տե՛ս ստորև` 25-րդ պարբերությունը):

13. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի հայտարարությունները և պնդել, որ 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված ոստիկանական գործողությունների պատճառը եղել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից 2008 թվականի փետրվարի 29-ին ձեռք բերված այն տեղեկությունը, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևանում սադրիչ գործողություններ և զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով ցուցարարներին պետք է բաժանվի մեծ քանակությամբ զենք, այդ թվում` մետաղյա ձողեր, փայտյա մահակներ, հրազեն, նռնակներ և պայթուցիկ նյութեր: Ոստիկանական գործողության նպատակն էր ճշտել այդ տեղեկությունը: Այդ նպատակով համապատասխան ոստիկանության ուժերի անդամները, առանց որևէ պաշտպանական հանդերձանքի, ժամանել են Ազատության հրապարակ, որտեղ շուրջ 800-ից 900 ցուցարարներ, զինված լինելով մետաղյա ձողերով և փայտյա մահակներով, հավաքված են եղել` սպասելով ոստիկանությանը: Ցուցարարները հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա` հարվածելով նրանց և նրանց վրա նետելով քարեր, մետաղյա իրեր և Մոլոտովի կոկտեյլներ, ինչի հետևանքով վնասվել են բազմաթիվ ոստիկանության ծառայողներ:

14. Իրենց հայտարարությունները հիմնավորելու նպատակով Կառավարությունը ներկայացրել է մի շարք պաշտոնական փաստաթղթեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության Քննչական գլխավոր վարչության քննիչների կողմից դեպքի վայրի զննության վեց արձանագրություն: Համաձայն այդ արձանագրությունների` 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում և հարակից այգու տարբեր տեղանքներում առավոտյան 8:30-ից 11:45-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են զննություններ, և գտնվել են տարբեր առարկաներ, այդ թվում` ատրճանակներ, փամփուշտներ, նռնակներ և այլ պայթուցիկներ, փայտե և ռետինե մահակներ, մետաղյա ձողեր և այլ մետաղյա առարկաներ` ծակող և փշալարի տեսքով: Կառավարությունը նաև ներկայացրել է մի շարք փորձագիտական եզրակացություններ, որոնք պատրաստվել են նշված առարկաների դատաբժշկական փորձաքննությունից հետո:

15. Նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը, Քրեական օրենսգրքի (ՔՕ) 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի և 316-րդ հոդված 2-րդ մասի համաձայն (տե՛ս ստորև` 97-րդ, 91-րդ, 98-րդ և 94-րդ պարբերությունները), հարուցել է թիվ 62202508 քրեական գործը` Ազատության հրապարակի իրադարձությունների առնչությամբ: Որոշման մեջ նշվել է`

«2008 թվականի փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց հետո նախագահի թեկնածու պրն Լևոն Տեր-Պետրոսյանը, խորհրդարանի անդամները, Կ.Ս-ն և Ս.Մ.-ն, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, Ն.Փ.-ն և այլք Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել և իրականացրել են զանգվածային հրապարակային միջոցառում` խախտելով օրենքով սահմանված կարգը, և հրահրել են անհնազանդություն` օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող միջոցառումներին վերջ դնելու կարգադրության մասին որոշմանը, ընդ որում, զանգվածային միջոցառումների մի շարք մասնակիցներ ապօրինաբար պահել և կրել են ապօրինի ճանապարհով ձեռք բերված զենք ու զինամթերք:

2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը մոտ 6:00-ին, երբ ոստիկանությունը ձեռնարկել էր օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող հրապարակային միջոցառումները հարկադրաբար դադարեցնելու միջոցներ` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան, միջոցառումների կազմակերպիչները և մասնակիցները, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, գործադրել են կյանքին և առողջությանը վնաս հասցնող բռնություն նրանց նկատմամբ` իրենց մահակներով, մետաղյա ձողերով և այլ հարմարեցված առարկաներով, որոնք պահվում էին իրենց մոտ այդ նպատակով` ոստիկանության ծառայողներին պատճառելով տարբեր ծանրության վնասվածքներ»:

3. Հետագա զարգացումները և թիվ 62202608 քրեական գործի հարուցումը

16. Պարզվում է, որ Ազատության հրապարակը ցուցարարներից ազատելուց հետո նրանցից ոմանք տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան, Երևանի քաղաքապետարանի և Երևանի Մամուլի շենքի մոտակայքում գտնվող տարածքներ, որոնք գտնվում են Գրիգոր Լուսավորիչ և Արշակունյաց փողոցներում` Ազատության հրապարակից 1.7-2 կիլոմետր հեռավորության վրա, որոնց ավելի ուշ միացել են հազարավոր այլ մարդիկ, ովքեր ակնհայտորեն դուրս էին եկել Երևանի փողոցներ` ի պատասխան վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների` դրանով իրենց անհամաձայնությունը բարձրաձայնելու նպատակով: Պարզվում է նաև, որ ցույցերը շարունակվել են ողջ քաղաքում մինչև ուշ երեկո` առաջացնելով բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների ծառայողների միջև և պատճառ դառնալով տասը անձի, այդ թվում` ութ քաղաքացիների մահվան, բազմաթիվ վիրավորների, ինչպես նաև հանգեցնելով գործող նախագահ Քոչարյանի կողմից արտակարգ դրության հայտարարման: Արտակարգ դրությամբ, inter alia (ի թիվս այլնի), արգելվել է հետագա ցույցերի և զանգվածային հրապարակային միջոցառումների իրականացումը քսան օրվա ընթացքում:

17. 2008 թվականի մարտի 2-ին, ՔՕ-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի (տե՛ս ստորև` 96-րդ և 98-րդ պարբերությունները) համաձայն, վերը նշված իրադարձությունների առնչությամբ հարուցվել է մեկ այլ` թիվ 62202608 քրեական գործը: Որոշման մեջ նշվել է`

«Պրն Տեր-Պետրոսյանը, 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին առաջադրված նախագահի թեկնածուն և իր հետևորդներն ու կողմնակիցները, խորհրդարանի անդամները Կ.Ս.-ն և Ս.Մ.-ն, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, Ն.Փ.-ն և այլք, չցանկանալով ընդունել իրենց պարտությունն ընտրություններում, ընտրությունների հետ կապված կասկածներ հարուցելու, բնակչության լայն շրջանակում վերջինիս արդյունքների նկատմամբ անվստահություն ներշնչելու, հանրության անհամաձայնության պատրանք ստեղծելու և ընտրությունների և իշխանությունների դեմ ապստամբելու և նրանց վարկաբեկելու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Երևանի քաղաքապետարանի տարածքում և կենտրոնական փողոցներում կազմակերպել են զանգվածային անկարգություններ, այդ թվում` սպանություններ, բռնություն, ջարդարարություններ, հրկիզումներ, գույքի ոչնչացում և պետական պաշտոնյաների դեմ զինված դիմադրություն` հրազենի, պայթուցիկների և այլ հարմարեցված առարկաների օգտագործմամբ»:

18. Պարզվում է, որ նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ի իրադարձություններում ներգրավված ոստիկանության մի շարք ծառայողների, այդ թվում` Ա.Արշ.-ին և Ա.Առ.-ին թիվ 62202508 քրեական գործի շրջանակներում տրվել է տուժողի կարգավիճակ, որոնք հետագայում ցուցմունք են տվել: Պարզվելէ նաև, որ ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ն անցել է դատաբժշկական փորձաքննություն, և համապատասխան բժշկական եզրակացության համաձայն` նրա ճակատի ձախ կողմում հայտնաբերվել է կապտուկ, որը պատճառվել է բութ առարկայի ներգործությամբ և առողջությանը պատճառել է թեթև վնաս:

19. Ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի` 2008 թվականի մարտի 2-ի ցուցմունքի համաձայն` 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում նա եղել է հերթապահության որպես Պարեկապահակային ծառայության անդամ (ՊՊԾ), ով գործուղվել էր այնտեղ հասարակական կարգը պահպանելու և ցուցարարների կողմից զենք պահելու մասին հետախուզական տեղեկությունները ստուգելու առաջադրանք ստացած ոստիկանության ստորաբաժանումներին օգնելու համար: Ցուցարարները սկսել են բռնություն գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ: ՊՊԾ ծառայողները փորձել են հանդարտեցնել ցուցարարներին, սակայն նրանցից մեկը` մոտ 55 տարեկան, նիհար կազմվածքով, սպիտակող մազերով, լայն ճակատով և սուր քթով մի տղամարդ, ձողով երկու անգամ հարվածել է նրա գլխին և փախել Հյուսիսային պողոտայի ուղղությամբ: ՊՊԾ մեկ այլ ծառայող Ա.Առ.-ն փորձել է օգնություն ցուցաբերել նրան, որից հետո Ա.Առ.-ն հեռացել է նույն ուղղությամբ:

20. Ոստիկանության ծառայող Ա.Առ.-ի 2008 թվականի մարտի 11-ի ցուցմունքի համաձայն` այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են բռնություն գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ և դիմադրել նրանց, ինքը Հովհաննես Թումանյանի արձանի հետևում կանգնած ժամանակ տեսել է, թե ինչպես է մի ցուցարար բռնություն գործադրում ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի նկատմամբ` ձողով երկու անգամ հարվածելով նրա գլխին: Հետո ինքը շարունակել է կատարել իր ծառայողական պարտականություններն Արշակունյաց փողոցի տարածքում, որտեղ Երևանի Մամուլի շենքի մոտ նկատել է մոտ 50 տարեկան, նիհար կազմվածքով, լայն ճակատով, միջին հասակի և կարճ սև մազերով նույն անձին: Ինքը մոտեցել է այդ տղամարդուն և խնդրել նրան գնալ իր հետ ոստիկանության բաժին, սակայն տղամարդը հրաժարվել է ենթարկվել իր կարգադրությանը և մի քանի անգամ հարվածել է կրծքավանդակին, խփել-գցել է վահանը և փախել:

21. 2008 թվականի մարտի 10-ի գրությամբ Հատուկ քննչական ծառայության պետը ՀՀ ոստիկանության պետի տեղակալից պահանջել է մանրամասն տեղեկություններ` 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված ոստիկանական գործողությունների, այդ թվում` դրա նպատակի, պլանավորման, ներգրավված ոստիկանության ծառայողների թվի և անձնական պաշտպանության նպատակով օգտագործված զենքի և այլ միջոցների վերաբերյալ:

22. 2008 թվականի մարտի 27-ի գրությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալը պատասխանել է վերը նշված պահանջին` հետևյալ բովանդակությամբ. 2008 թվականի փետրվարի 20-ից 29-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած չարտոնված ցույցերի կազմակերպիչները և մասնակիցները տարբեր առիթներով տեղեկացվել են այդ իրադարձությունների անօրինական բնույթի մասին: 2008 թվականի մարտի 1-ի ոստիկանական գործողությունները հիմնված են եղել նախորդ օրը ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված հետախուզական տեղեկության վրա, համաձայն որի` զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով ցուցարարներին նախատեսվում էր բաժանել մեծ թվով մետաղյա ձողեր, փայտե մահակներ, հրազեն, նռնակներ և պայթուցիկներ: Գործողությունների նպատակն է եղել ստուգել այդ տեղեկությունը և զննել տարածքը: Մի շարք ոչ զինված ոստիկանության ծառայողներ մտել են Օպերայի հրապարակ, որտեղ նրանց վրա հարձակվել են մետաղյա ձողերով և փայտե մահակներով զինված 800-900 ցուցարարներ, ովքեր սպասում էին ոստիկանության ժամանմանը: Ոստիկանության ծառայողներին ենթարկել են ծեծի և նրանց վրա նետել են քարեր, սուր մետաղյա առարկաներ և Մոլոտովի կոկտեյլներ: Անկարգությունները կանխելու նպատակով տեղում որոշում է ընդունվել ներգրավել ոստիկանության օժանդակ ուժեր, որոնք ավելի վաղ ուղարկվել էին հրապարակին հարող տարածք` իրավիճակի հնարավոր վատթարացումը կանխելու համար, և որոնք զինված էին սաղավարտներով, վահաններով և ռետինե մահակներով: Նշված ուժերը ներգրավելու արդյունքում ցուցարարները սկսել են փախչել Ազատության հրապարակից: Գործողություններն իրականացվել են առավոտյան ժամը 7:00-ից մինչև 7:30-ն ընկած ժամանակահատվածում, դրան հետևել է խուզարկությունը, որի արդյունքում գտնվել են բազմաթիվ հատուկ պատրաստված մետաղյա առարկաներ, զենք, զինամթերք և Մոլոտովի կոկտեյլներ: Զանգվածային անկարգությունների տասնյակ ամենաակտիվ և ագրեսիվ մասնակիցներ տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ:

23. Պարզվել է, որ հետընտրական ցույցերի շատ մասնակիցների, այդ թվում` ընդդիմության մի շարք առաջնորդների մեղադրանք է առաջադրվել հարուցված քրեական գործերի շրջանակներում, և նրանք կանգնել են դատարանի առջև: Այնուամենայնիվ, թիվ 62202508 և թիվ 62202608 քրեական գործերի արդյունքները պարզ չեն:

 

Բ. Դիմումատուի դեմ քրեական վարույթը

1. Դիմումատուի ձերբակալումը և նրա նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքը

24. «Արձանագրություն բերման ենթարկելու մասին» վերնագրով ձեռագրով գրված փաստաթղթի համաձայն` «պրն. Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցելու նպատակով Ազատության հրապարակում չարտոնված ցույցեր կազմակերպելու, ոստիկանության ծառայողներին դիմադրելու և նրանց օրինական կարգադրություններին չենթարկվելու համար» դիմումատուն ոստիկանության երեք ծառայող Է.Ռ.-ի, Հ.Ս.-ի և Ա.Ա.-ի կողմից 2008 թվականի մարտի 1-ին` առավոտյան մոտ 6:30-ին, Գրիգոր Լուսավորիչ 1 հասցեից «բերման է ենթարկվել» Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին: Արձանագրությունը ստորագրվել է ոստիկանության երեք ծառայողների և Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի այն ծառայողի կողմից, որը կազմել էր արձանագրությունը: Արձանագրության ներքևում նշվել է, որ դիմումատուն հրաժարվել է ստորագրել այն:

25. Դիմումատուն պնդել է, որ վերը նշված արձանագրությունը երբևէ չի ներկայացվել իրեն: Իրականում նրան արգելանքի են վերցրել մոտ 10-15 անձինք, ովքեր չեն ներկայացել որպես ոստիկանության ծառայողներ և եղել են դիմակներով: Այդ անձինք նրան Ազատության հրապարակից ողջ ճանապարհին հետևել են: Նա կարողացել է տաքսի կանգնեցնել, սակայն 1-2 կիլոմետր հետո Արշակունյաց և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում` Երևանի Մամուլի շենքի մոտ, ոստիկանության մեքենան կանգնեցրել է տաքսին: Վերը նշված անձինք ուժով նրան հանել են տաքսիից և սկսել են հարվածել, բռնցքահարել և խփել ռետինե մահակներով: Հետո նա կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել է Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին:

26. Բացի այդ, դիմումատուն պնդել է, որ Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին իր ժամանելուց հետո նույն անձինք շարունակել են ծեծի ենթարկել և նվաստացնել իրեն: Նա հարվածներ է ստացել մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` գլխին և ոտքերին, ինչի հետևանքով ընկել է հատակին, արնահոսել և չի կարողացել վեր կենալ: Հետո նորից հարվածել են նրա գլխին, ինչի հետևանքով նա ստացել է կոնտուզիա և կորցրել է գիտակցությունը: Բժշկական օգնություն ցուցաբերելու համար երկու անգամ կանչել են շտապ օգնություն: Նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերել են ոստիկանապետի կարգադրությամբ:

27. Ոստիկանության վերը նշված երեք ծառայողներից մեկը` Է.Ռ.-ն, Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետին զեկուցել է, որ`

«... այսօր` առավոտյան մոտ 7:30-ին, ես ոստիկանության ծառայողներ Հ.Ս.-ի և Ա.Ա.-ի հետ միասին դիմումատուին Երևանի կրկեսի մոտ գտնվող տարածքից բերման եմ ենթարկել Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին` ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցուցաբերելու համար: Դիմադրություն ցուցաբերելիս դիմումատուի մոտից ընկել է դանակ, երկու բջջային հեռախոս և բանալիների կապոց...»:

28. Ոստիկանության ծառայող Է.Ռ.-ի կողմից Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետին ուղղված և ոստիկանության երեք ծառայողների կողմից ստորագրված մեկ այլ զեկույցում ասվում է, որ`

«... 2008 թվականի մարտի 1-ին` նախազգուշացումը ստանալուց հետո, ես ոստիկանության ծառայողներ Հ.Ս.-ի և Ա.Ա.-ի հետ եղել եմ Ազատության հրապարակում տեղի ունեցող չարտոնված ցույցի տարածքում, որտեղ ցուցարարներին կարգադրվել էր դադարեցնել չարտոնված ցույցը և ազատել հրապարակը: Այնուամենայնիվ, նրանք չեն ենթարկվել մեր օրինական կարգադրություններին և դիմադրություն ցուցաբերելիս հայհոյել են իշխանություններին: Ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերող ամբոխը սկսել է վազել հարակից փողոցներ` շարունակելով դիմադրություն ցուցաբերել ոստիկանությանը: Այս զանգվածային անկարգությունների ժամանակ մենք շարունակել ենք հետևել ամենաակտիվ ցուցարարներին, որոնք Հյուսիսային պողոտայով և Աբովյան փողոցով վազել են դեպի Երևանի Մամուլի շենք: Նրանց հետևելիս Երևանի կրկեսի մոտ ես նկատեցի մեկին, ով չափազանց մեծ դիմադրություն էր ցուցաբերում ոստիկանությանը, և ով նստեց պատահական տաքսի... Լինելով մոտակայքում` ես մոտեցա մեքենային և դուրս բերեցի այդ անձին, ում մոտից այդ պահին գետնին ընկավ դանակ: Ես վերցրեցի դանակը և վերը նշված ոստիկանության ծառայողների հետ միասին այդ անձին բերման ենթարկեցի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին, որտեղ նրա անձը նույնականացվել է` որպես դիմումատու»:

29. Հետագայում ոստիկանության ծառայողներ Է.Ռ.-ն, Հ.Ս.-ն և Ա.Ա.-ն Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետին ներկայացրել են մի քանի զեկույցներ, որոնք բոլորն ունեին գրեթե նույն` հետևյալ բովանդակությունը.

«... 2008 թվականի մարտի 1-ին` նախազգուշացումը ստանալուց հետո, մենք եղել ենք Ազատության հրապարակում տեղի ունեցող չարտոնված ցույցի տարածքում, որտեղ ցուցարարներին կարգադրվել էր դադարեցնել չարտոնված ցույցը և ազատել հրապարակը: Այնուամենայնիվ, նրանք չեն ենթարկվել մեր օրինական կարգադրություններին և ոստիկանության ծառայողներին ցուցաբերել են դիմադրություն` հարվածելով և հայհոյելով նրանց և իշխանություններին: Այդ քաղաքացիներից ամենաակտիվները հրապարակի հարակից փողոցներից բերման են ենթարկվել ոստիկանության բաժին»:

30. Երևանի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետի և Երևանի ոստիկանապետի միջև «Պետական ծառայողների նկատմամբ ուժ գործադրելը և վիրավորելը. օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպելը. զանգվածային անկարգությունները Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի տարածքում» վերնագրով կնքված հուշագրում նշվում է.

«Երևանի Ազատության հրապարակում օրենքով նախատեսված կարգի խախտմամբ կազմակերպված և տեղի ունեցած զանգվածային միջոցառումների հետևանքով, 2008 թվականի մարտի 1-ին` առավոտյան մոտ ժամը 7:00-ին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները, ստանալով կարգադրություն, հրապարակում հավաքված անձանցից պահանջել են ազատել հրապարակը և դադարեցնել զանգվածային միջոցառումը, որը նրանք անցկացնում էին օրեր շարունակ: Այնուամենայնիվ, նրանք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին և գործադրելով կյանքին և առողջությանը սպառնացող բռնություն` նրանց ենթարկել են զանգվածային ծեծի և չեն ենթարկվել նրանց օրինական կարգադրություններին, որի համար վերը նշված ցույցի ակտիվիստները բերման են ենթարկվել Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին, որոնց թվում` Ա.Մ.-ն, դիմումատուն, Դ.Ա.-ն, Մ.Ա.-ն, Վ.Հ.-ն և Հ.Բ.-ն:

Ոստիկանության բաժնում անձնական խուզարկության ժամանակ դիմումատուի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ...»:

31. Նշված դանակն ավելի ուշ զննվել է դատաբժշկական փորձագետի կողմից, որն այն դասակարգել է որպես «սառը զենք»: Դիմումատուն պնդել է, որ նա երբեք չի կրել դանակ, այդ պատճառով իր մոտ երբևէ չի հայտնաբերվել նման առարկա:

32. 7:20-ից 7:40-ն ընկած ժամանակահատվածում քննիչը դիմումատուին հարցաքննել է որպես վկա: Համապատասխան արձանագրության համաձայն` դիմումատուն նշել է, որ նրան տեղեկացրել են, թե որ քրեական գործով է նա կանչվել որպես վկա, և որ նրան պարզաբանվել է, որ որպես վկա նա պարտավոր է տալ ցուցմունք կամ ենթարկվել իր նկատմամբ քրեական պատժամիջոցներ կիրառվելու ռիսկին: Այնուամենայնիվ, նա չի ցանկացել ցուցմունք տալ, քանի որ նա որևէ հանցանք չի կատարել:

33. Դիմումատուին մինչև երեկոյան ժամը 10-ը պահել են Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի խցում, երբ քննիչը եկել է նրան նորից հարցաքննելու: Դիմումատուն պնդել է, որ ինքը չի կարողացել ցուցմունք տալ` ավելի վաղ իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի պատճառով:

34. Մոտ ժամը 10:30-ին քննիչը կազմել է անձի ձերբակալման մասին արձանագրություն` լրացնելով համապատասխան ձևաթուղթ, նշելով «ժամը 22:30»-ը` որպես դիմումատուի ձերբակալման ժամ, իսկ «Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 2-րդ մասը և 316-րդ հոդվածի 2-րդ մասը» (տե՛ս ստորև` 91-րդ և 94-րդ պարբերությունները)` որպես այն դրույթները, որոնց հիմքով դիմումատուին կասկածում են հանցանք կատարելու մեջ: Անձի ձերբակալության արձանագրությունը ստորագրվել է դիմումատուի կողմից:

35. 2008 թվականի մարտի 2-ի վաղ առավոտյան դիմումատուն տեղափոխվել է ոստիկանության` ձերբակալվածներին պահելու վայր, որտեղ բժշկական զննումից հետո հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ, այդ թվում` գլխի ձախ կողմից բաց վերք և կապտակարմիր ձախ աչք: Դիմումատուն բողոքել է ոտքերի ցավից:

36. Դիմումատուն պնդել է, որ բժշկական զննումը պատշաճ կերպով չի իրականացվել, և որ զուտ պաշտոնական ընթացակարգի պատճառներով արձանագրվել են միայն ակնհայտ երևացող վնասվածքները:

37. Ժամը 15:10-ին քննիչը հարցաքննել է դիմումատուին նրա փաստաբանի ներկայությամբ` որպես թիվ 62202508 քրեական գործով կասկածյալ: Երբ նրան խնդրել են ներկայացնել դեպքերի իր շարադրանքը, դիմումատուն նշել է, որ ինքը չի կատարել որևէ հանցանք և մասնակցում էր Ազատության հրապարակի խաղաղ ցույցին, երբ առավոտյան մոտ ժամը 6:30-ին ոստիկանության հազարավոր ծառայողներ, առանց զգուշացման կամ ցրվելու կարգադրության, սկսել են ռետինե մահակներով ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին: Ինքը և մյուսները փախել են, սակայն ոստիկանության ծառայողները, ռետինե մահակներով զինված, հետապնդել են իրենց: Իրեն հետևել են մոտ երկու կիլոմետր: Լինելով տարեց` ինքն այլևս չի կարողացել շարունակել վազել, հետևաբար նստել է պատահական տաքսի: Ոստիկանության ծառայողները ոստիկանական մեքենայով փակել են տաքսու ճանապարհը, դուրս բերել իրեն և ենթարկել են դաժան ծեծի` անընդհատ կրկնելով իր անունը և միևնույն ժամանակ հայհոյելով իրեն: Իրեն տարել են Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանության նույն ծառայողները նորից ծեծի են ենթարկել իրեն, որից հետո նրանք հեռացել են: Նրա մարմնի վնասվածքները հասցվել են այդ հանգամանքներում: Սակայն ոստիկանության բաժնում ոչ մի ոստիկանության ծառայող նրան վատ չի վերաբերվել: Նա չի իմացել իր նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերող անձանց ինքնությունը, սակայն կարող էր ճանաչել նրանց: Այնուհետև քննիչը տվել է երեք հարց` ա) արդյո՞ք դիմումատուն մասնակցել է 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած որևէ ցույցի, և ո՞րն է եղել նրա դերն այդ ցույցերում, բ) ցուցարարներից ո՞վ է ունեցել զենք և զինամթերք, այդ զենքի տեսակները և վայրը, որտեղ դրանք թաքցված են, և գ) ովքե՞ր են այն անձինք, որոնք կարգադրել են ցուցարարներին 2008 թվականի մարտի 1-ին` առավոտյան ժամը 7-ին, դիմադրություն ցուցաբերել ոստիկանությանը: Դիմումատուն ընդունել է իր մասնակցությունը ցույցերին և երթերին, սակայն ավելացրել է, որ ինքն Ազատության հրապարակում մեկ ամբողջ օր մնացել է միայն փետրվարի 29-ին: Ինքը բազմաթիվ առիթներով հարթակ է բարձրացել, սակայն հարթակ կարող էր բարձրանալ յուրաքանչյուր ոք: Նա երբևէ ցուցարարներին չի տեսել զենքով կամ զինամթերքով: Ցուցարարները խաղաղ են եղել և երգել ու պարել են: Ոչ ոք չի տվել ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու կարգադրություն: Դա միևնույնն է անիմաստ կլիներ, քանի որ ոստիկանությունը հրապարակ մտել է գաղտնի և սկսել է ռետինե մահակներով բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ:

38. Նույն օրը քննիչը թիվ 62202508 քրեական գործի շրջանակներում որոշում է կայացրել դիմումատուի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Քննիչի որոշման մեջ նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ վնասվել են մի շարք անձինք, այդ թվում` դիմումատուն: Հետևաբար անհրաժեշտ էր պարզել դիմումատուի մարմնի վրայի վնասվածքները հասցնելու վայրը, բնույթը, հաջորդականությունը, վաղեմությունը և ծանրությունը և դրանք հասցնելու միջոցը: Որոշումը փոխանցվել է դատաբժշկական փորձագետին 2008 թվականի մարտի 6-ին:

39. Երեկոյան 7:30-ից 9:30-ն ընկած ժամանակահատվածում քննիչը հերթականությամբ հարցաքննել է ոստիկանության ծառայողներ Է.Ռ.-ին, Հ.Ս.-ին և Ա.Ա.-ին` 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ: Նրանց ցուցմունքները, այդ թվում` հարցերն ու պատասխանները բառացիորեն վերարտադրվել են հետևյալ բովանդակությամբ.

«Ոստիկանության որոշ ծառայողներ բարձրախոսով կարգադրել են Ազատության հրապարակում հավաքվածներին դադարեցնել անօրինական և չարտոնված ցույցերը և հեռանալ: Այնուամենայնիվ, նրանք ոչ միայն չեն հեռացել, այլ նաև նրանցից ոմանք հրահրել են անհնազանդություն ոստիկանության ծառայողների կարգադրություններին և շարունակել են ցույցերը: Քանի որ նշված միջոցառումը եղել է անօրինական, և նրանք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների` այն ավարտելու վերաբերյալ կարգադրություններին, ոստիկանության ծառայողներին չենթարկվող և նրանց նկատմամբ ուժ գործադրող և կոչեր անող ցուցարարները ոստիկանության տարբեր ծառայողների կողմից բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ: Մի շարք ցուցարարներ քարերով բռնություն են գործադրել մեր` ոստիկանության ծառայողներիս նկատմամբ: Այդ ամբոխում մենք փորձում էինք հանդարտեցնել ցուցարարներին, որոնք ցուցաբերում էին չափից ավելի դիմադրություն և բացի ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելուց նաև հրահրում էին ամբոխին շարունակել պայքարել ոստիկանության դեմ: Մինչ մենք ամբոխի մեջ փորձում էինք վերականգնել կարգը, ոստիկանության որոշ ծառայողներ, այդ թվում` ես, հասանք Պուշկինի փողոցի տարածք, քանի որ ագրեսիվ ամբոխի մի մասը փախչելիս շարունակում էր վերը նշված` բռնություն պարունակող գործողությունները ոստիկանության դեմ: Այդ ժամանակ` առավոտյան մոտ ժամը 7:00-ին, Պուշկինի փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում մենք նկատեցինք մի քանի անձանց, որոնք դրսևորում էին չափից ավելի բռնի վարքագիծ: Ես նկատեցի, որ այս անձինք քաշում, բռնցքահարում և հարվածում էին իրենցից թվով ավելի քիչ և ինձ համար անծանոթ` ոստիկանության համազգեստով ոստիկանության ծառայողների մի խմբի, ինչպես նաև չէին ենթարկվում նրանց օրինական կարգադրություններին: Բնականաբար մենք միջամտեցինք և մեզ հաջողվեց հարձակվողներից երեքին տեղափոխել ոստիկանության մեքենա, իսկ ոստիկանության անծանոթ ծառայողները շարունակեցին հետևել հասարակական կարգը խախտող մյուս անձանց: Մինչ նրանք նստած էին ոստիկանության մեքենայում, այս երեք անձինք փորձում էին ազատվել նորից, սակայն ... ի վերջո մեզ հաջողվեց .... նրանց բերման ենթարկել Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին, որտեղ նրանց ինքնությունը նույնականացվեց` որպես Դ.Ա., Մ.Ա. և Վ.Հ.: Մենք կազմեցինք համապատասխան զեկույցներ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, որից հետո քննիչը կազմեց նրանց բերման ենթարկելու և նրանց անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրություններ:

Կցանկանայի ավելացնել, որ վերը նշված անձանց բերման ենթարկելուց հետո փողոցային անկարգությունները դեռ շարունակվում էին, հետևաբար ես նորից գնացի Ազատության հրապարակ իմ երկու գործընկերների հետ միասին, որտեղ մենք շարունակեցինք մեր օրինական գործողությունները: Ազատության հրապարակում դեռ շարունակվում էին զանգվածային անկարգությունները, և մենք նորից հետևում էինք չափից ավելի ակտիվ ցուցարարներին, որոնք վազում էին Հյուսիսային պողոտայով դեպի Երևանի Մամուլի շենք: Երբ հետևում էի նրանց, հասնելով Երևանի կրկես, ես նկատեցի մեկին, ով դիմադրություն էր ցուցաբերում ոստիկանության ծառայողներին` բռնցքահարելով և խփելով նրանց, որից հետո նա փորձեց նստել պատահական տաքսի... Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց բռնել նրան, ինչի ընթացքում նրա գրպանից ընկան դանակ, երկու բջջային հեռախոս և բանալիների կապոց: Մենք վերցրեցինք այդ առարկաները և վերը նշված ոստիկանության ծառայողների հետ միասին այդ անձին բերման ենթարկեցինք Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին, որտեղ նրա ինքնությունը նույնականացվեց` որպես դիմումատու:»

Հարց. Դուք ստացե՞լ եք վնասվածքներ, եթե այո, ապա ի՞նչ հանգամանքներում:

Պատասխան. Ես վնասվածքներ չեմ ստացել: Ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս նրանք ուղղակի քաշքշում էին մեր համազգեստներից` փորձելով ազատվել:

Հարց. Դուք ճանաչու՞մ եք ոստիկանության ծառայողներին, որոնց նկատմամբ ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց կողմից գործադրվել է բռնություն:

Պատասխան. Ես չեմ ճանաչում նրանց: Նրանք կրում էին ոստիկանական համազգեստ: Չեմ կարող տրամադրել այլ տեղեկություններ նրանց մասին:

Հարց. Ոստիկանության բաժին ձեր կողմից բերման ենթարկված անձանց մոտ նկատե՞լ եք զենք կամ այլ առարկաներ, երբ նրանք բռնություն էին գործադրում ձեր և այլ ոստիկանության ծառայողների նկատմամբ:

Պատասխան. Ես չեմ նկատել նման առարկաներ նրանց մոտ»:

40. Չպարզված օրը հարցաքննվել են ևս երկու ոստիկանության ծառայողներ` Ա.Պ.-ն և Մ.Գ.-ն: Ոստիկանության ծառայող Ա.Պ.-ն նշել է, որ 2008 թվականի մարտի 1-ին նա եղել է Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնում, երբ դիմումատուին բերման են ենթարկել, և ներկայացվել է, որ նրա մոտ գտնվել է ծալովի դանակ: Դիմումատուն չի պնդել, որ դանակը չի պատկանել իրեն: Ոստիկանության ծառայող Մ.Գ.-ն, ով ոստիկանության այն մեքենայի վարորդն էր, որով դիմումատուին տարել էին ոստիկանության բաժին, նշել է, որ դանակը դիմումատուի մոտ հայտնաբերվել է, երբ նա բերման է ենթարկվել:

2. Դիմումատուի դեմ առաջադրված մեղադրանքները, նրա կալանքը և հետագա քննչական գործողությունները

41. 2008 թվականի մարտի 3-ին թիվ 62202608 քրեական գործի շրջանակներում դիմումատուին պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք ՔՕ-ի 225.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 301-րդ հոդվածով և 318-րդ հոդվածի 1-ին մասով (տես ստորև` 91-րդ, 94-րդ, 93-րդ և 95-րդ պարբերությունները), որն ունի հետևյալ բովանդակությունը.

«... 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած` դիմումատուն պրն. Տեր-Պետրոսյանի և այլոց հետ միասին կազմակերպել և իրականացրել է անօրինական հրապարակային միջոցառումներ, զանգվածային ցույցեր, 24-ժամյա հանրահավաքներ, ժողովներ, պիկետներ և նստացույցեր` խաթարելով բնականոն կյանքը, խախտելով երթևեկության կանոնները, պետական և մասնավոր հաստատությունների գործունեությունը և բնակչության խաղաղությունը և հանգիստը Երևանում և կոչ անելով բռնության գործադրմամբ զավթել իշխանությունը և հրապարակային վիրավորանքներ հնչեցնելով պետական պաշտոնյաների հասցեին` կապված իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Դրանից հետո` 2008 թվականի մարտի 1-ին` առավոտյան մոտ ժամը 6:00-ին, երբ ոստիկանության ծառայողները Ազատության հրապարակում ցույցերի մասնակիցներից պահանջել են հնարավորություն տալ ստուգել նրանց կողմից զենք և զինամթերք պահելու մասին տեղեկության հավաստիությունը և մեկ անգամ ևս զգուշացրել են ավարտել անօրինական միջոցառումը, նա և այլ ցուցարարներ, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, նրանց նկատմամբ գործադրել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն»:

42. 2008 թվականի մարտի 4-ին դիմումատուի փաստաբանը Հատուկ քննչական ծառայության պետին բողոք է ներկայացրել` հայտարարելով, որ դիմումատուն այսպես կոչված «անձին բերման ենթարկելու» ընթացակարգով անհիմն տարվել է Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին, ենթարկվել վատ վերաբերմունքի և հետո` 2008 թվականի մարտի 1-ին, ամբողջ օրն անօրինական պահվել այնտեղ: «Անձին բերման ենթարկելու» մասին իր արձանագրությունը երբևէ չի ներկայացվել նրան: Օրենքով նախատեսված` ձերբակալության 72-ժամյա ժամկետն արդեն լրացել էր` խախտելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ի կետի «գ» ենթակետը, և դեռ հստակ չէր, թե ինչ հիմքով է նրա դեմ առաջադրվել մեղադրանքը: Փաստաբանը նաև հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների վրա:

43. Նույն օրը` երեկոյան ժամը մոտ 7:00-ին, դիմումատուն բերվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որը քննել է քննիչի` նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

44. Դիմումատուն դատարանում նշել է, որ փողոցում իրեն ենթարկել են դաժան ծեծի և նվաստացրել, և ինքը ստացել է բազմաթիվ վնասվածքներ: Իրեն ոչ մի ոստիկան չի մոտեցել հարցնելու զենքի մասին կամ ասելու, որ ցույցերն անօրինական էին, և որ ցուցարարները պետք է ցրվեն: Դիմումատուն նշել է, որ ինքը որևէ քաղաքական կուսակցության անդամ չէ և չի կազմակերպել ցույցեր, և որ իրեն առաջադրված մեղադրանքներն ունեցել են քաղաքական շարժառիթներ, և հանցակազմը բացակայել է: Ինչ վերաբերում է ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` բռնություն գործադրելու հիմքով մեղադրանքին, ապա 20-25 անձանցից կազմված մի խումբ, առանց ներկայանալու որպես ոստիկանության ծառայողներ կամ խնդրելու հետևել իրենց ոստիկանության բաժին, նախապես մտածված հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել փողոցում, և այդպես ստեղծել են դիմադրության տպավորություն: Ավելին, չի հայտնաբերվել ոստիկանության որևէ կոնկրետ ծառայող, ում ինքը ցուցաբերել է ենթադրյալ դիմադրությունը: Բացի այդ, խախտվել են իր` Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքները, քանի որ իր նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել միայն ցուցարարներից մեկը լինելու համար: Ինչ վերաբերում է ՔՕ-ի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքին, ապա այն հիմնված չի եղել որևէ ապացույցի վրա և նույնիսկ չի նշվել, թե իշխանությունը բռնությամբ զավթելու ինչ կոչեր է ինքը ենթադրաբար արել:

45. Վարչական շրջանի դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և որոշում է կայացրել դիմումատուին երկու ամիս ժամկետով կալանավորելու մասին: Այն նախ ամփոփել է գործի հանգամանքները, ինչպես նշված է դիմումատուի դեմ ներկայացված մեղադրանքի մեջ (տե՛ս վերևում` 41-րդ պարբերությունը) և եզրակացրել է, որ միջնորդությունը հիմնավորված է` հաշվի առնելով, որ խափանման միջոց կիրառելու համար գործով առկա են եղել բավարար ապացույցներ, և ելնելով կատարված հանցանքի բնույթից և վտանգավորությունից և այն փաստից, որ եթե մնար ազատության մեջ, դիմումատուն կարող էր թաքնվել քննությունից, խոչընդոտել վարույթի իրականացումը, շարունակել իր քրեական գործունեությունը և խուսափել քրեական պատասխանատվությունից:

46. 2008 թվականի մարտի 5-ին դիմումատուին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ: Ընդունման պահին կազմվել է «ֆիզիկական վնասվածքների մասին արձանագրություն», որը ստորագրվել է դիմումատուի կողմից, որում նշվել են նրա մարմնի վրա առկա հետևյալ վնասվածքները.

«... ձախ կողմի ստորին ակնակապիճի վրա կապտուկ, քերծված վերքեր սրունքներին, 10 x 12 սմ չափսերի կապտուկ աջ թիակի արտաքին մակերեսի վրա և 2 x 3 չափսերի կեղևապատված վերք ձախ քունքի հետին հատվածում: Նշված վնասվածքները, ըստ դիմումատուի, ունեն չորս օրվա վաղեմություն»:

47. Դիմումատուն պնդել է, որ այդ բժշկական զննումը պատշաճ կերպով չի իրականացվել, և որ ոչ բոլոր վնասվածքներն են արձանագրվել:

48. 2008 թվականի մարտի 10-ին քրեակատարողական հիմնարկում դատաբժշկական փորձագետը զննել է դիմումատուին, ինչպես կարգադրվել էր քննիչի 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ: Դիմումատուն փորձագետի մոտ վերահաստատել է իր նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի հանգամանքները (տե՛ս վերևում` 37-րդ պարբերությունը): 2008 թվականի ապրիլի 3-ին կազմված համապատասխան փորձագիտական եզրակացությունը պարունակում է հետևյալ եզրահանգումները.

«Գլխի հետին ձախ հատվածում հայտնաբերվել է 0.9 x 0.2 սմ չափսերի վերք, որը ծածկված է մոխրագույն կեղևով և զննման ժամանակ շարժվում էր. դրա շրջակայքի մաշկի գույնը փոխված է բաց վարդագույնի 2.3 x 1.7 սմ չափսերի մակերեսով: Վերին և ստորին կոպերի արտաքին մասի ձախ կողմում և այտի հատվածում առկա է ոչ խիտ բնույթի և բաց դեղնականաչավուն գույնի կապտուկ: Կրծքավանդակի երկու մասերը սիմետրիկ են և հավասարապես մասնակցում են շնչառական գործընթացին: Կրծքավանդակի աջ մասում առկա է 6.3 x 2.8 սմ չափսերի ոչ հստակ արտահայտված եզրագծով, ոչ խիտ բնույթի և բաց կանաչադեղնավուն գույնի կապտուկ, որը գտնվում է թևատակի հետին գծին հավասար, երրորդ և չորրորդ կողերի մակարդակում, որը նաև մասամբ տարածված է դեպի ուսագծի հետին հատված: Զննման ժամանակ ցավ չկա: Աջ ոտքի վերին մեկ երրորդ հատվածում` առջևի մասում, առկա է 1.8 x 1.5 սմ չափսերի բաց կանաչակապտավուն կապտուկ: Ոտքի և ոտնաթաթի միջև հոդի ներքին մակերեսում առկա են փոքր քերծվածքներ` ծածկված մոխրագույն կեղևով, որոնք մի փոքր բարձր են դրա շուրջ չվնասված մաշկի համեմատությամբ:

...

Եզրակացություններ. Դիմումատուին վնասվածքները հասցվել են բութ առարկաներով, հավանաբար գործով հանգամանքներում նշված ժամանակահատվածում, որոնք ո՛չ միասին, ո՛չ առանձին չեն որակվում որպես թեթև մարմնական վնասվածքներ: Քանի որ վնասվածքները պատճառվել են կարճ ժամանակահատվածում, հնարավոր չէ որոշել դրանք պատճառելու հաջորդականությունը»:

49. Դիմումատուն պնդել է, որ փորձագետն անկողմնակալ և անկախ չի եղել և ամբողջությամբ չի արձանագրել բոլոր վնասվածքները:

50. Նույն օրը դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել իր կալանքի մասին որոշման դեմ: Նա պնդել է, inter alia, որ իր դեմ ներկայացված մեղադրանքն անհիմն է, չունի որոշակիություն և հստակություն և հիմնված չէ բավարար ապացույցների կամ որևէ վկայի ցուցմունքների վրա: Թույլ տալով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում` ստեղծվել է նրա կալանքը հիմնավորող արհեստական հիմք, այն է` դիմադրություն պետական պաշտոնյային, ինչը տեղի չի ունեցել: Բացի այդ, առկա չեն եղել նրա կալանքը հիմնավորող բավարար հիմքեր. նա հայտնի է որպես լավ անձնավորություն, ունի մշտական բնակության վայր, չի փորձել թաքնվել քննությունից կամ հրաժարվել ներկայանալ քննություն իրականացնող մարմին: Չի ներկայացվել վարույթի իրականացումը խոչընդոտելու փորձի որևէ իրական ապացույց: Եթե նա մնար ազատության մեջ, նա չէր կարող ներգրավվել համանման գործողություններում` հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը:

51. 2008 թվականի մարտի 21-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը` գտնելով, որ դիմումատուի կալանքը հիմնված է եղել հիմնավոր կասկածի վրա, և կալանավորման հիմքերը, որոնց վրա հիմնվել է Վարչական շրջանի դատարանը, եղել են բավարար:

52. 2008 թվականի մարտի 28-ին դիմումատուի և ոստիկանության ծառայողներ Է.Ռ.-ի, Հ.Ս.-ի և Ա.Պ.-ի միջև տեղի է ունեցել առերեսում, որոնք վերահաստատել են իրենց նախկին ցուցմունքները (տե՛ս վերևում` 39-րդ և 40-րդ պարբերությունները): Դիմումատուն հրաժարվել է առերեսվել ոստիկանության ծառայող Ա.Ա.-ի հետ` հայտարարելով, որ Է.Ռ.-ն, Հ.Ս.-ն և Ա.Ա.-ն չեն եղել այն ոստիկանության ծառայողները, որոնք ձերբակալել են իրեն:

53. 2008 թվականի ապրիլի 25-ին և հունիսի 26-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը երկարացրել է դիմումատուի կալանքի ժամկետը` յուրաքանչյուր անգամ երկու ամսով, գտնելով, որ դեռևս անհրաժեշտ էր իրականացնել մի շարք քննչական միջոցառումներ, և որ եթե դիմումատուն մնար ազատության մեջ, ապա կարող էր թաքնվել քննությունից, խոչընդոտել վարույթի իրականացումը, կատարել այլ հանցանք կամ խուսափել քրեական պատասխանատվությունից: Դիմումատուի` գրավի դիմաց ազատվելու պահանջը մերժվել է:

54. Միևնույն ժամանակ, 2008 թվականի մայիսի 2-ին դիմումատուի փաստաբանը գրություն է ուղարկել Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետին` հարցում կատարելով այն հանգամանքների մասին, որոնց պայմաններում դիմումատուին հասցվել են վնասվածքները. արդյո՞ք դրանք հասցվել են ոստիկանության բաժնում, թե մինչև նրա այնտեղ ժամանելը, և եթե մինչև ժամանելը, ապա արդյոք ոստիկանության համապատասխան մատյաններում կատարվել է արձանագրություն այդ մասին:

55. 2008 թվականի հունիսի 3-ին դիմումատուն դիմել է Գլխավոր դատախազին` պահանջելով հարուցել քրեական վարույթ և իրականացնել իր նկատմամբ վատ վերաբերմունքի փաստի առթիվ քննություն: Նա նշել է, որ իր ձերբակալության հանգամանքները պարունակել են իր դեմ կատարված հանցանք, քանի որ ինքը ենթարկվել է ծեծի և խոշտանգման: Այնուամենայնիվ, այդ հանգամանքը չի գնահատվել իր դեմ քրեական գործի համատեքստում:

56. Պարզվում է, որ փաստաբանի` վերը նշված հարցմանը պատասխան չի տրամադրվել, և դիմումատուի` վերը նշված դիմումի առնչությամբ որոշում չի կայացվել:

57. 2008 թվականի հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթ անդամներ Գլխավոր դատախազին ներկայացրել են դիմումատուի կալանքն այլ խափանման միջոցով, մասնավորապես նրանց անձնական երաշխավորությամբ փոխարինելու պահանջ: Ի սկզբանե նրանք նշել են, որ նախագահական ընտրություններից հետո մի քանի հարյուր անձանց, այդ թվում` դիմումատուի կալանքն անհամաչափ միջոց է և հիմնված չէ հիմնավոր կասկածի վրա: Հետո նրանք նշել են, որ իրենք անձամբ ճանաչում են դիմումատուին և երաշխավորում են, որ, եթե նա գտնվի ազատության մեջ, նա չի թաքնվի քննությունից, չի խոչընդոտի վարույթի իրականացումը, չի կատարի մեկ այլ հանցանք կամ չի խուսափի պատժից, եթե այն սահմանվի: Հայտնի չէ, թե այդ պահանջն ինչ արդյունք է ունեցել:

58. 2008 թվականի հունիսի 28-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել ժամկետը երկարացնելու մասին 2008 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ` պնդելով, որ նրա երկարատև կալանքը հիմնված չէր հիմնավոր կասկածի վրա և որ իր նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում էր իր քաղաքական հայացքների համար: Դատարանները չեն տրամադրել իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորող որևէ ապացույց կամ փաստական հիմք: Իր դեմ հարուցված գործը եղել է շինծու, որով միակ վկաները ոստիկանության ծառայողներն էին, և ենթադրաբար վիրավորված ոստիկանության ծառայողների ինքնությունը հայտնի չէր, և դատարանները երկարաձգել են իր կալանքը, որպեսզի քննություն իրականացնող մարմինը բավականաչափ ժամանակ ունենա կեղծելու մեղադրանքները: Ավելին, իր կալանքը երկարաձգելիս դատարանները ներկայացրել են վերացական և կարծրատիպային հիմնավորումներ:

59. 2008 թվականի հուլիսի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը նույն հիմքերով, ինչ նախկինում:

 

3. Դիմումատուի բողոքը ոստիկանության` 2008 թվականի մարտի 1-ի գործողությունների դեմ

i

60. 2008 թվականի հունիսի 12-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան` Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 290-րդ հոդվածի համաձայն: Նա ցանկանում էր 2008 թվականի մարտի 1-ի` ոստիկանական գործողությունների համար հիմք ծառայած կարգադրությունը ճանաչել անօրինական և չհիմնավորված և դրան հաջորդող` ոստիկանության գործողությունները` անօրինական: Նա նշել է, որ մասնակցել է 2008 թվականի փետրվարի 20-ից տեղի ունեցող ցույցերին: Ցույցերն իրականացվել են Սահմանադրության և Կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջներին համապատասխան և չեն պարունակել քրեական վարքագիծ: 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան զինված ոստիկանության ուժերը հանկարծակի ներխուժել են Ազատության հրապարակ և սկսել են ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին: Ոստիկանության հարձակումը եղել է անհիմն և չի բավարարել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները: Ոստիկանական գործողությունների իրական նպատակը, որը հիմնավորվել է որպես հասարակական կարգը վերականգնելու փորձ, եղել է պրն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների, այդ թվում` իր նկատմամբ քաղաքական շարժառիթներով հետապնդում սկսելը` դրդելով ցուցարարներին ներգրավվել բախումներում, ստեղծելով ոստիկանությանը դիմադրելու արհեստական մեղադրանքներ և պատժելով նրանց` հավաքների ազատության իրենց իրավունքի իրականացման և նրանց քաղաքական կարծիքի համար: Այսպես, քրեականացվել է արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների ազատության իրավունքը, և ոստիկանության անօրինական գործողությունների հետևանքով նրան առաջադրվել են չհիմնավորված և կեղծված մեղադրանքներ: Նման միջամտությունը եղել է անօրինական, այն չի հետապնդել իրավաչափ նպատակ և անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում: Դիմումատուն պահանջել է վերացնել քրեական վարույթ հարուցելու և իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշումները և դադարեցնել վարույթը:

61. 2008 թվականի հուլիսի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մերժել է բողոքը` գտնելով, որ ոստիկանության համապատասխան որոշումը ՔԴՕ-ով սահմանված որոշում կամ գործողություն չէ և հետևաբար չի կարող վիճարկվել 290-րդ հոդվածի համաձայն: Ինչ վերաբերում է դիմումատուի` նշված որոշումները վերացնելու և քրեական վարույթը դադարեցնելու պահանջին, ապա Վարչական շրջանի դատարանը գտել է, որ նման պահանջները կարող են դատարան ներկայացվել միայն դրանք դատախազին ներկայացվելուց հետո, ինչը դիմումատուն չի արել:

62. 2008 թվականի հուլիսի 21-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում նա պնդել է, inter alia, որ Վարչական շրջանի դատարանը սխալ է մեկնաբանել ՔԴՕ-ի 290-րդ հոդվածը: Այն չի կատարել ոստիկանության գործողությունների որևէ գնահատում, և նրա եզրակացությունը, որ ոստիկանության կարգադրությունը քրեական դատավարության օրենսդրության շրջանակում չէ, հիմնված չի եղել գործի հանգամանքների վրա: Ոստիկանության գործողությունները եղել են անօրինական և անհամաչափ, և խաղաղ ցուցարարների դեմ գործադրված ուժը եղել է չափից ավելի, իսկ քրեական վարույթ հարուցելու մասին որոշումն իր բնույթով եղել է արհեստական: Հետևաբար ոստիկանության գործողությունները և նշված որոշումը պետք է համարվեն անհամատեղելի ՔԴՕ-ի պահանջների հետ:

63. 2008 թվականի օգոստոսի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը Վարչական շրջանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ և մերժել է վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ դատարանը, հիմնվելով ՔԴՕ-ի 290-րդ հոդվածի վրա, գտել է, որ ոստիկանության վիճարկվող կարգադրությունը, քրեական վարույթ հարուցելու մասին որոշումը, ինչպես նաև քննություն իրականացնող մարմնին քրեական վարույթը դադարեցնելու մասին կարգադրություն տալը դուրս են նախաքննության նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից: Բացի այդ, 290-րդ հոդվածը նախատեսում է դատական վերահսկողություն մինչդատական վարույթի նկատմամբ և հետևաբար կիրառվել է միայն նման վարույթ հարուցելու որոշում կայացվելուց հետո ընկած ժամանակահատվածում:

64. 2008 թվականի նոյեմբերի 3-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք:

65. 2008 թվականի նոյեմբերի 21-ին Վճռաբեկ դատարանը մերժել է քննել վճռաբեկ բողոքն այն հիմքերով, որ այն ներկայացվել է ժամկետը լրանալուց հետո, և որ վճռաբեկ բողոքին չի կցվել պատասխանող կողմին դրա պատճենը հանձնելու փաստը հավաստող ապացույց:

4. Դիմումատուին ներկայացված` փոփոխված մեղադրանքները

66. 2008 թվականի հուլիսի 28-ին ոստիկանության մոտ քսանհինգ ծառայողներ, այդ թվում` ոստիկանության ծառայողներ Ա.Արշ.-ը և Ա.Առ.-ն, ում վրա ենթադրաբար բռնություն էին գործադրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ, և ովքեր նկարագրել էին ենթադրյալ վատ վերաբերմունք ցուցաբերած անձանց, դիմումատուին ճանաչելու համար հրավիրվել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ: Պարզվել է, որ դիմումատուն հրաժարվել է մասնակցել ճանաչման ներկայացնելու գործողությանը` նշելով, որ այդ քննչական գործողությունը չունի որևէ ապացուցողական նշանակություն: Արդյունքում անձի ճանաչումը տեղի չի ունեցել, և փոխարենը կատարվել է դիմումատուի` լուսանկարով ճանաչում: Հետագայում պարզ է դառնում, որ ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ն իրեն ցուցադրված լուսանկարներով ճանաչել է դիմումատուին` որպես 2008 թվականի մարտի 1-ին` առավոտյան ժամը 7-ին, Ազատության հրապարակում փայտով երկու անգամ հարվածելով իր նկատմամբ բռնություն գործադրած անձ: Ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ը նշել է, որ ինքը ճանաչել է դիմումատուին նրա դեմքի ընդհանուր կառուցվածքից, նրա լայն ճակատից և մազերի կտրվածքից և ոճից: Ոստիկանության ծառայող Ա.Առ.-ն նույն կարգով ճանաչել է դիմումատուին որպես անձ, ով 2008 թվականի մարտի 1-ին` առավոտյան ժամը 7-ին, Ազատության հրապարակում փայտով բռնություն է գործադրել ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի նկատմամբ, իսկ ավելի ուշ Արշակունյաց փողոցում բռնություն է գործադրել իր վրա: Ոստիկանության ծառայող Ա.Առ.-ն նշել է, որ ինքը ճանաչել է դիմումատուին նրա դիմագծերից, ճակատի կառուցվածքից և նրա մազերից:

67. 2008 թվականի օգոստոսի 5-ին քննիչը որոշում է կայացրել ՔՕ-ի 225.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 301-րդ հոդվածով և 318-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս ստորև` 91-րդ, 93-րդ և 95-րդ պարբերությունները) դիմումատուին առաջադրված մեղադրանքները վերացնելու մասին: Քննիչը գտել է, որ ՔՕ-ի 225.1-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը պետք է վերացվի, քանի որ քննությամբ պարզվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին` առավոտյան մոտ ժամը 7-ին, Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին տրված կարգադրությունը եղել է ոչ թե ցրվել, այլ թույլ տալ զննել տարածքը: Այսպես` դիմումատուի գործողությունները չեն պարունակել այդ հոդվածով սահմանված հանցագործության տարրեր: Ինչ վերաբերում է ՔՕ-ի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքին, ապա այն պետք է վերացվի ոչ բավարար ապացույցների առկայության հիմքով, քանի որ հնարավոր չի եղել հաստատել դիմումատուի` իշխանությունը զավթելու փորձի մեջ ներգրավված լինելը: Ինչ վերաբերում է 318-րդ հոդվածի 1-ի մասով առաջադրված մեղադրանքին, ապա այն պետք է վերացվի, քանի որ ժամանակի ընթացքում այդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել:

68. Այնուհետև քննիչը որոշում է կայացրել ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը լրացնել 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս ստորև` 92-րդ և 94-րդ պարբերությունները) առաջադրվող նոր մեղադրանքներով: Նշվել է, որ դիմումատուն, ով կանոնավոր կերպով մասնակցել է նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող չարտոնված ցույցերին, 2008 թվականի մարտի 1-ին` առավոտյան մոտավորապես ժամը 7-ին, ներկա է գտնվել Ազատության հրապարակում, երբ որոշ ցուցարարներ, կիրառելով ինքնաշեն մահակներ, պարաններ և այլ վտանգավոր առարկաներ, բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ այն բանից հետո, երբ նրանք պահանջել են թույլ տալ ստուգել ցուցարարների կողմից զենք ու զինամթերք կրելու մասին տեղեկությունը: Դիմումատուն հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների օրինական կարգադրությունները, բռնություն է գործադրել ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի նկատմամբ` փայտով երկու անգամ հարվածելով նրա գլխին և թեթև վնաս պատճառելով նրա առողջությանը, որից հետո նա անհայտացել է ամբոխում: Ոստիկանության ծառայող Ա.Առ.-ն ականատես է եղել դիմումատուի կողմից կատարված գործողությանը, սակայն չի կարողացել նրան ձերբակալել: Այնուհետև ոստիկանության ծառայող Ա.Առ.-ն շարունակել է կատարել իր ծառայողական պարտականություններն Արշակունյաց փողոցում գտնվող` Երևանի Մամուլի շենքի մոտակայքում, որտեղ նա մեկ անգամ ևս նկատել է դիմումատուին: Նա փորձել է դիմումատուին ձերբակալել, սակայն դիմումատուն դիմադրել է, հրել, քաշքշել և հարվածել է ոստիկանության ծառայող Ա.Առ.-ին` այդպիսով վնասելով նրան այնպես, որ վտանգ չի ներկայացրել նրա առողջությանը, և փորձել է փախչել պատահական տաքսիով: Ոստիկանության ծառայողներ Է.Ռ.-ն, Հ.Ս.-ն և Ա.Ա.-ն, ովքեր կատարում էին իրենց ծառայողական պարտականությունները նույն տարածքում, ականատես են եղել այդ ամենին և դիմումատուին բերման են ենթարկել Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին, որի ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է զենք, մասնավորապես` դանակ:

69. Նույն օրը քննիչը դիմումատուին հրավիրել է հարցաքննության և ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի հետ առերեսման: Դիմումատուն հրաժարվել է ցուցմունք տալուց կամ առերեսմանը մասնակցելուց` նշելով, որ ինքը չի վստահում քննիչին և նշված քննչական գործողություններին: Նրա փաստաբանը հետագայում նշել է, որ ոստիկանության ծառայողի հետ առերեսումն իրադարձություններից այսքան ամիս անց վստահելի չէ և ուղղակի դիմումատուի դեմ ապացույցներ ստեղծելու մեկ այլ փորձ է:

70. 2008 թվականի օգոստոսի 6-ին դիմումատուի գործն առանձնացվել է թիվ 62202608 քրեական գործից` թիվ 62215008 առանձին քրեական գործում:

71. Նույն օրը նշված դանակը հետազոտվել է քննիչի կողմից, և արձանագրվել է դրա նկարագրությունը:

72. 2008 թվականի օգոստոսի 13-ին Գլխավոր դատախազը հաստատել է ՔՕ-ի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով մեղադրական եզրակացությունը: Այն պարունակել է դիմումատուին ներկայացված մեղադրանքում նշված նույնանման փաստական հանգամանքներ (տե՛ս վերևում` 68-րդ պարբերությունը) և հիմնվել է հետևյալ ապացույցների վրա.

ա) ոստիկանության ծառայողներ Ա.Արշ.-ի և Ա.Առ.-ի` որպես տուժողներ տրված ցուցմունքները (տե՛ս վերևում` 19-րդ և 20-րդ պարբերությունները).

բ) ոստիկանության ծառայողներ Ա.Արշ.-ի և Ա.Առ.-ի կողմից դիմումատուի լուսանկարով ճանաչման վերաբերյալ արձանագրությունները (տե՛ս վերևում` 66-րդ պարբերությունը).

գ) ոստիկանության ծառայողներ Հ.Ս.-ի, Է.Ռ.-ի, Ա.Ա.-ի, ինչպես նաև Ա.Պ.-ի և Մ.Գ.-ի` որպես վկաներ տրված ցուցմունքները (տե՛ս վերևում` 39-րդ և 40-րդ պարբերությունները).

դ) դիմումատուի հետ առերեսման ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված փաստարկները (տե՛ս վերևում` 52-րդ պարբերությունը).

ե) երկու փորձագիտական եզրակացությունները. մեկը` ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ին հասցված վնասվածքի վերաբերյալ, իսկ մյուսը` նշված դանակը որպես «սառը զենք» դասող եզրակացությունը. ինչպես նաև դանակը հետազոտելու մասին արձանագրությունը (տե՛ս վերևում` 18-րդ, 31-րդ և 71-րդ պարբերությունները).

զ) 2008 թվականի մարտի 27-ի` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի գրությունը (տե՛ս վերևում` 22-րդ պարբերությունը).

է) դեպքի վայրի զննության արձանագրությունները և համապատասխան փորձագիտական եզրակացությունները (տե՛ս վերևում` 14-րդ պարբերությունը):

73. Եվ վերջապես մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ դիմումատուի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք չեն որակվել նույնիսկ որպես թեթև վնասվածքներ, և որոնք հասցվել են ոստիկանության ծառայողների և «նրանց վրա հարձակված անձանց» միջև բախումների ժամանակ: Նշվել է, որ այս մասով քննությունը դեռևս ընթացքի մեջ է:

5. Դատական վարույթը

74. 2008 թվականի օգոստոսի 13-ին դիմումատուի քրեական գործը քննության համար ուղարկվել է Երևանի քրեական դատարան: Դատական վարույթի ընթացքում Քրեական դատարանը հրավիրել և լսել է ոստիկանության ծառայողներ Ա. Արշ.-ին, Ա.Առ.-ին, Հ.Ս.-ին, Է.Ռ.-ին, Ա.Ա.-ին, Ա.Պ.-ին և Մ.Գ.-ին:

75. Ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ը նշել է, որ 2008 թվականի մարտի 1-ին, երբ ոստիկանությունն Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին խնդրել է թույլ տալ իրականացնել զենքի ստուգում, ցուցարարները ցուցաբերել են ուժեղ դիմադրություն: Իրենք փորձել են հանգստացնել նրանց, սակայն դիմումատուն հարձակվել է նրա վրա և երկու անգամ փայտով հարվածել գլխին, որից հետո նա փախել է:

76. Ոստիկանության ծառայող Ա.Առ.-ն նշել է, որ ինքը տեսել է, թե ինչպես է ցուցարարներից մեկը, մասնավորապես դիմումատուն հարձակվել ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի վրա և փայտով հարվածել նրա գլխին: Այնուհետև ինքը շարունակել է կատարել իր ծառայողական պարտականություններն Արշակունյաց փողոցի տարածքում, որտեղ նկատել է դիմումատուին: Ինքը խնդրել է դիմումատուին գնալ իր հետ ոստիկանության բաժին, սակայն դիմումատուն մի քանի անգամ հարվածել է իր կրծքավանդակին, ոտքով հարվածել իր վահանին և փախել:

77. Ոստիկանության ծառայող Հ.Ս.-ն նշել է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Արշակունյաց փողոցում` Երևանի Մամուլի շենքի տարածքում, դիմումատուն բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ` հարվածելով և քաշքշելով նրանց: Ինքը և ոստիկանության ծառայողներ Է.Ռ.-ն և Ա.Ա.-ն պարեկային ծառայության մեքենայով դիմումատուին բերման են ենթարկել, և նրա գրպաններից ընկել են դանակ, բջջային հեռախոսներ և բանալիների կապոց:

78. Ոստիկանության ծառայող Է.Ռ.-ն նշել է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Արշակունյաց փողոցում իր ծառայողական պարտականությունները կատարելիս ինքը տեսել է մի անձի, ով բռնցքահարում և հարվածում էր ոստիկանության ծառայողներին: Այդ անձը փորձել է փախչել, սակայն ինքը և ոստիկանության ծառայողներ Հ.Ս.-ն և Ա.Ա.-ն նրան բերման են ենթարկել, որից հետո նրա ինքնությունը նույնականացվել է որպես դիմումատու: Նրա մոտ հայտնաբերվել են դանակ, բջջային հեռախոս և բանալիների կապոց:

79. Ոստիկանության ծառայող Ա.Ա.-ն նշել է նմանատիպ փաստարկներ, սակայն նշել է, որ դիմումատուի գրպանից ընկել են երկու բջջային հեռախոս: Ինքը ևս նշել է, որ դա տեղի է ունեցել առավոտյան ժամը 7:30-ին:

80. Ոստիկանության ծառայողներ Ա.Պ.-ն և Մ.Գ.-ն վերահաստատել են իրենց կողմից ավելի վաղ տրված ցուցմունքները (տե՛ս վերևում` 40-րդ պարբերությունը):

81. Դիմումատուն չի ընդունել իր մեղքը և, inter alia, նշել է, որ նույնիսկ եթե ինքը մասնակցել է 2008 թվականի փետրվարի 20-ից տեղի ունեցող ցույցերին, ինքն անօրինական ոչինչ չի արել: Ինքը և իր համախոհները, ովքեր 2008 թվականի մարտի 1-ին եղել են Ազատության հրապարակում, իմացել են ոստիկանության առաջիկա ժամանման մասին մի քանի ժամ առաջ: Ոստիկանության ժամանումից հետո ինքը չի հարվածել որևէ մեկի և փորձել է փախչել: Հասնելով Արշակունյաց փողոց` ինքը ոստիկանության ծառայողների կողմից ենթարկվել է դաժան ծեծի և տեղափոխվել Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին, որտեղ ևս ենթարկվել է ծեծի: Ինքը երբեք չի կրել դանակ, այդ պատճառով իր մոտ երբևէ չի հայտնաբերվել նման առարկա: Այնուհետև դիմումատուն վիճարկել է այն հայտարարությունը, որ ինքը բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներ Ա.Արշ.-ի և Ա.Առ.-ի նկատմամբ: Ինքը պնդել է, որ դա չէր կարող պատահած լինել առավոտյան 7:15-ի և 7:30-ի շրջանում, ինչպես պնդել է մեղադրանքի կողմը, քանի որ ոստիկանական գործողությունները տեղի են ունեցել առավոտյան մոտ ժամը 6-ին, առավոտյան ժամը 7-ի փոխարեն: Առավոտյան մոտ ժամը 6:30-ին ինքն արդեն եղել է ոստիկանության բաժնում, իսկ առավոտյան մոտ 6:45-ին Ազատության հրապարակում ոստիկանությունից բացի ոչ ոք չի եղել: Բացի այդ, բժշկական համապատասխան փորձագիտական եզրակացության համաձայն` ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ն իր վնասվածքը ստացել է 2008 թվականի մարտի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում ինչ-որ պահի: Սա կասկած է հարուցում այն պնդման վերաբերյալ, որ նշված վնասվածքը հասցվել է մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ին` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ը մասնակցել է բախումներին 2008 թվականի և՛ մարտի 1-ին, և՛ մարտի 2-ին:

82. Վերը նշված հանգամանքները պարզաբանելու համար դիմումատուն պահանջ է ներկայացրել դատարան` մի շարք անձանց, այդ թվում` Ա.Մ.-ին, Դ.Ա.-ին, Մ.Ա.-ին, Վ.Հ.-ին, Հ.Բ.-ին, Ն.Տ.-ին, Ս.Մ.-ին, Ս.Ա.-ին և Հ.Տ.-ին դատարան կանչելու և որպես վկա քննելու կապակցությամբ: Նա պնդել է, որ Ա.Մ.-ի, Դ.Ա.-ի, Մ.Ա.-ի, Վ.Հ.-ի և Հ.Բ.-ի ցուցմունքները, ովքեր եղել են ակտիվ ցուցարարներ, կարող են հիմնավորել իր այն հայտարարությունը, որ ոստիկանության գործողություններն ի սկզբանե եղել են անօրինական, որ 2008 թվականի մարտի 1-ին` առավոտյան մոտ ժամը 6-ին, ինքը և նրանք ոստիկանության և այլ ուժերի կողմից ենթարկվել են հարձակման` առանց նախնական զգուշացման, և ուժով բերման են ենթարկվել, և որ առավոտյան ժամը 7-ին ինքն արդեն եղել է ոստիկանության բաժնում և հետևաբար չէր կարող լինել Ազատության հրապարակում: Այս ցուցարարները ևս առավոտյան մոտ ժամը 6:30-7:00-ը բերման են ենթարկվել Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին, և նրանք ևս կարող էին հաստատել, որ այնտեղ իր ժամանելուց հետո իր նկատմամբ վատ վերաբերմունքը շարունակվել է: Դիմումատուն նաև պնդել է, որ Ն.Տ.-ն և Ս.Մ.-ն, ովքեր ևս ընդդիմադիր ակտիվիստներ էին, Ազատության հրապարակում եղել են իր կողքին, երբ ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրա, և նրանց ցուցմունքները կարող էին պարզաբանել իրեն առաջադրված մեղադրանքին առնչվող մի շարք հանգամանքներ, այդ թվում` իր այն պնդումը, որ առավոտյան վաղ` ժամը 6:45-ին, Ազատության հրապարակում բացի ոստիկանությունից ոչ ոք չի եղել, և որ վերագրվող հանցագործությունը չէր կարող տեղի ունեցած լինել ենթադրյալ հանգամանքներում: Եվ վերջապես, դիմումատուն պնդել է, որ Ս.Ա.-ի և Հ.Տ.-ի կողմից տրված ցուցմունքները, ովքեր ոստիկանության բարձրաստիճան ծառայողներ էին և հավանաբար տվել էին ոստիկանական գործողությունների հետ կապված կարգադրությունները, կարևոր էին 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունները գնահատելու համար: Քրեական հետապնդում իրականացնող մարմինը չի քննել ոստիկանության գործողությունների, այդ թվում` այդ առավոտյան ոստիկանության կողմից գործադրված` չափից ավելի ուժի օրինականությունը: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե քննվեին միայն այս հանգամանքները, հնարավոր կլինե՞ր արդյոք գնահատել իրեն առաջադրված մեղադրանքը: Այս իմաստով կարևոր էր նաև կանչել և քննել Պարեկապահակային ծառայության մյուս ծառայողներին, ովքեր մասնակցել էին 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան իրականացված ոստիկանական գործողություններին: Նրանք կարող էին նաև պարզաբանել, թե արդյոք ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ը, ում ներգրավվածությունն այդ գործողություններում վիճելի էր, իրականում մասնակցել է դրանց, թե` ոչ:

83. Երևանի քրեական դատարանը որոշել է մերժել դիմումատուի պահանջը: Այն գտել է, որ Ն.Տ.-ն քննության ժամանակ արդեն հարցաքննվել էր քննիչի կողմից, և նրա ցուցմունքը դատարանում ընթերցելը բավարար էր: Ս.Մ.-ն, ով ևս առանձին քննվել էր, ընդհանուր առմամբ հրաժարվել է քննության ընթացքում ցուցմունք տալուց: Ինչ վերաբերում է Վ.Հ.-ին, Դ.Ա.-ին և Մ.Ա.-ին, ապա այն փաստարկը, որ նրանք կարող էին հաստատել, որ առավոտյան ժամը 6.30-ին դիմումատուն արդեն եղել է ոստիկանության բաժնում, բավարար պատճառ չէր նրանց դատարան կանչելու և քննելու համար: Եվ վերջինը, ինչ վերաբերում է Ս.Ա.-ի, Հ.Տ.-ի և Պարեկապահակային ծառայության անանուն ծառայողներին, ապա պաշտպանության կողմին պարզաբանվել է, որ ոստիկանության գործողությունները կարող են վիճարկվել դատարանում այլ ընթացակարգով: Նման հանգամանքներում հիմնավոր չի համարվում ոստիկանության այդ ծառայողներին դատարան կանչելու և քննելու անհրաժեշտությունը:

84. 2008 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի քրեական դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել ՔՕ-ի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Դատարանը 235-րդ հոդվածի 4-րդ մասով նրան դատապարտել է 400000 ՀՀ դրամի չափով տուգանքի, 316-րդ հոդվածի 1-ին մասով` 500000 ՀՀ դրամի չափով տուգանքի և 316-րդ հոդվածի 2-րդ մասով` հինգ տարի ժամկետով ազատազրկման: Այդպիսով Քրեական դատարանը հիմնավորված է համարել, որ`

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության ծառայություններում 2008թ. մարտի 1-ին նախորդող ժամանակահատվածում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևանի Ազատության հրապարակում գտնվող հրապարակային միջոցառումների մասնակիցների մոտ զենքի, ռազմամթերքի, մարմնական վնասվածքներ պատճառելու, բռնություններ գործադրելու համար նախատեսված մահակների, ձողերի և այլ առարկաների առկայության մասին: 2008թ. մարտի 1-ին` ժամը 07.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները Երևանի Ազատության հրապարակում այնտեղ գտնվող անձանցից պահանջել են հնարավորություն տալ տարածքը զննելու միջոցով ստուգել վերոհիշյալ տեղեկատվությունը: ՀՀ ոստիկանության նշված օրինական պահանջը մի քանի անգամ բարձրաձայն հնչեցվել է: Ազատության հրապարակում գտնվող անձանց մի մասը, այդ թվում դիմումատուն, մի քանի ժամ առաջ արդեն իսկ տեղեկացված են եղել ՀՀ ոստիկանության կողմից ծրագրվող վերոհիշյալ գործողության մասին: ՀՀ ոստիկանության պետական պահպանության ծառայության գնդի ոստիկանները, նպատակ ունենալով այդ վայրում պահպանել հասարական կարգը, մոտեցել են Ազատության հրապարակին, որտեղ` Հովհաննես Թումանյանի արձանի դիմացի հատվածում, դիմումատուն իր ձեռքին եղած փայտյա ձողով երկու անգամ հարվածել է ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի գլխին` պատճառելով նրան առողջության թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, որից հետո թաքնվել է ամբոխի մեջ: Դիմումատուի կատարած արարքը նկատել է երկրորդ տուժող` ոստիկանության ծառայող Ա.Առ.-ն: Ոստիկանության ծառայող Ա.Առ.-ն շարունակել է իր ծառայությունը Արշակունյաց պողոտայում գտնվող` Երևանի Մամուլի շենքի հարակից տարածքում, որտեղ կրկին նկատելով դիմումատուին` փորձել է նրան բերման ենթարկել ոստիկանություն: Դիմումատուն, չենթարկվելով ոստիկանության ծառայող Ա.Առ.ի` ոստիկանության բաժին ներկայանալու օրինական պահանջին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ և նստելով պատահական տաքսի ավտոմեքենա` փորձել է հեռանալ: Այդ ժամանակ հիշյալ տարածքում ծառայություն իրականացնող` ոստիկանության ծառայողներ Ա.Ա.-ն, Է.Ռ.-ն և Հ.Ս.-ն նկատել են միջադեպը և դիմումատուին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որի ընթացքում դիմումատուի հագուստի գրպաններից վայր է ընկել սառը զենք հանդիսացող դանակ, ինչպես նաև բջջային երկու հեռախոս և բանալիների կապոց:

01.03.2008թ.` ժամը 21.00-ին, դիմումատուն ձերբակալվել է, իսկ 04.03.2008թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»:

85. Հիմնավորված համարելով վեր նշված եզրահանգումները` Երևանի քրեական դատարանը հիմնվել է նույն ապացույցի վրա, որի վրա հիմնված է եղել մեղադրական եզրակացությունը` գումարած ոստիկանության ծառայողների կողմից դատարանում տրված ցուցմունքները (տե՛ս վերևում` 72-րդ և 75-80-րդ պարբերությունները): Այն համարել է, որ դիմումատուի փաստարկները վստահելի չեն և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում:

86. 2008 թվականի նոյեմբերի 10-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում նա, inter alia, պնդել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը մտացածին է և ունի քաղաքական շարժառիթներ. որ նրան վատ են վերաբերվել և՛ ձերբակալության ժամանակ, և՛ ոստիկանության բաժնում, և որ վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների փաստով չի իրականացվել քննություն. որ ոստիկանության կողմից միջամտությունը խաղաղ հավաքների իր ազատությանը եղել է անօրինական, չհիմնավորված և ուղեկցվել է չափից ավելի ուժի կիրառմամբ. որ գործով միակ վկաները եղել են ոստիկանության ծառայողները, ովքեր, ցուցարարների նկատմամբ կիրառված դաժան և անօրինական ուժի, այդ թվում` վատ վերաբերմունքի պատճառով շահագրգռված լինելով գործի ելքով, չեն եղել անկողմնակալ և վստահելի վկաներ և տվել են հակասող ցուցմունքներ, որոնք հետագայում` քննության ավարտին, համակարգվել են, և որոնք հանդիսացել են միակ հիմքը դատապարտման համար. և որ չի պահպանվել կողմերի հավասարության սկզբունքը, քանի որ առանց հիմքերի մերժվել է իր անունից վկաներ կանչելու և քննելու պահանջը: Այսպես` ամբողջ գործը հիմնված է եղել ոստիկանության ցուցմունքների վրա, մինչդեռ նրան թույլ չեն տվել արդյունավետորեն իրականացնել իր ինքնապաշտպանությունը և հրավիրել անկողմնակալ վկաներ, այդ թվում` նրանց, ովքեր 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան եղել են իր կողքին: Դիմումատուն վիճարկել է ոստիկանության ծառայողներ Հ.Ս.-ի, Է.Ռ.-ի և Ա.Ա.-ի կողմից տրամադրված ապացույցների վստահելիությունը, inter alia, նշելով այն փաստը, որ դատարանում նրանց կողմից տրված ցուցմունքները տարբերվել են, մինչդեռ քննության ընթացքում տրված ցուցմունքների ձևակերպումը եղել է լրիվ նույնը: Ավելին, նրանց ցուցմունքներից պարզվել է, որ նրանք ձերբակալել են տարբեր ցուցարարների տարբեր վայրերում, բոլորին միևնույն ժամանակ, ինչը կասկած է հարուցում նրանց ցուցմունքների հավաստիության առնչությամբ: Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողներ Ա.Արշ.-ի և Ա.Առ.-ի ցուցմունքներին, ապա դրանք վերաբերել են այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել ավելի վաղ` առավոտյան քաոտիկ իրավիճակում, երբ դեռ մութ էր, ինչը կասկած է հարուցում այդ ապացույցների հուսալիության կապակցությամբ: Ոստիկանության ծառայողները, ըստ էության, հրաժարվել են պատասխանել դատարանի որևէ հարցի` սահմանափակելով իրենց պատասխանները «Ես չեմ հիշում» կամ «Ես չգիտեմ» արտահայտություններով: Գործն ըստ էության քննող դատարանը որևէ կերպ չի գնահատել Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները, այդ թվում` դրանց օրինականությունն ու համաչափությունը, առանց որի նրան առաջադրված մեղադրանքը չէր կարող համարվել արդարացի: Իրականում տեղի է ունեցել այն, որ ոստիկանության ծառայողները ցուցարարների հետ սկսել են անօրինական բախում, որից հետո ձերբակալել են բոլոր ակտիվիստներին, որոնցից ոմանք նաև ենթարկվել են վատ վերաբերմունքի: Դեպքի վայրի ենթադրյալ զննումն ուղղակի ծառայել է որպես պատրվակ` ոստիկանության ծառայողների իրական, այն է` խաղաղ ցույցը ցրելու մտադրությունները քողարկելու համար: Դիմումատուն ենթադրել է, որ իշխանություններն իրեն ճանաչել են և որ իրեն հետապնդել են պրն. Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու և ցույցերի առաջին օրն իր քննադատական ելույթի համար: Սկզբում նրան ներկայացրել են ոստիկանության անհայտ ծառայողներին դիմադրելու մեղադրանք, մինչև մոտ հինգ ամիս անց, երբ նրան առաջադրվել է նոր մեղադրանք ոստիկանության մեկ այլ ծառայողի վրա այլ վայրում, մասնավորապես` Ազատության հրապարակում հարձակվելու համար: Ավելին, եղել են բազմաթիվ հակասություններ իր ձերբակալման ժամի մասով, որը ոստիկանության կողմից ավելի ուշ տրված ցուցմունքներում ենթադրաբար տեղի է ունեցել մոտավորապես 7:30-ից 8:00-ն ընկած ժամանակահատվածում: Ամեն դեպքում, սա քրեական հետապնդման մարմինների կողմից փորձ է եղել նրան կապելու ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի վրա հարձակման հետ, ինչը, համաձայն վերջնական պաշտոնական վարկածի, տեղի է ունեցել մոտավորապես 7:15-ին: Այնուամենայնիվ, հստակ հաստատված փաստ է եղել, որ 2008 թվականի մարտի 1-ի ոստիկանական գործողությունը տեղի է ունեցել մոտ 06:00-ին, և ավելին, համաձայն համապատասխան արձանագրությունների, մոտ 06:30-ին նա արդեն եղել է Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնում: Դիմումատուն նաև պնդել է, որ եթե իրեն կասկածել են 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի վրա հարձակում կատարելու մեջ, ապա իրեն պետք է ներկայացրած լինեին ճանաչման դեռևս 2008 թվականի մարտի 2-ին: Դրա փոխարեն լուսանկարներով ճանաչումը կատարվել է միայն հինգ ամիս անց: Դանակի մասով ապացույցը վստահելի չի եղել, և իրեն նույնիսկ չեն հարցաքննել դրա հետ կապված: Դիմումատուն հիմնվել է, inter alia, Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների վրա:

87. 2008 թվականի դեկտեմբերի 10-ին Վերաքննիչ քրեական դատարանը դատական քննության արագացված կարգով քննել է դիմումատուի վերաքննիչ բողոքը և նույն օրը որոշել է մերժել այն` հիմնվելով միևնույն ապացույցի վրա, ինչ Երևանի քրեական դատարանը: Այդպիսով, Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի այն փաստարկը, որ իր դատապարտումը հիմնված է եղել միայն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, ովքեր չեն եղել հուսալի վկաներ, գտնելով, որ այն փաստը, որ գործով տուժողներն ու վկաները եղել են ոստիկանության ծառայողներ, չի նվազեցնում նրանց ցուցմունքների ապացուցողական նշանակությունը, և որ անընդունելի է սա դիտարկել որպես կանխորոշող կամ կանխակալ հանգամանք: Բացի այդ, քրեական գործը նաև հիմնված է եղել մի շարք փորձագիտական եզրակացությունների, դեպքի վայրի զննության արձանագրությունների և դիմումատուի` լուսանկարով ճանաչման արձանագրությունների վրա: Ինչ վերաբերում է դիմումատուի բողոքին այն մասին, որ իր նկատմամբ վատ վերաբերմունքի հայտարարությունները չեն քննվել, ապա Վերաքննիչ դատարանը նշել է, որ համաձայն քննություն իրականացնող մարմնի որոշման` թիվ 62202608 քրեական գործի շրջանակներում դեռևս անհրաժեշտ էր իրականացնել այն հանգամանքների համակողմանի քննություն, որոնց պայմաններում 2008 թվականի մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց, այդ թվում` դիմումատուի կողմից ստացվել են վնասվածքները: Քանի որ դիմումատուի քրեական գործի քննությունն ավարտվել էր, նրա գործն առանձնացվել էր թիվ 62202608 քրեական գործից, իսկ վերջինս դեռևս քննվում էր:

88. 2009 թվականի հունվարի 27-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք` առաջ քաշելով նույն փաստարկները, ինչ 2008 թվականի նոյեմբերի 10-ի իր վերաքննիչ բողոքում, և հիմնվելով, inter alia, Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների վրա:

89. 2009 թվականի մարտի 10-ին Վճռաբեկ դատարանը հիմքերի բացակայության պատճառով անընդունելի է ճանաչել դիմումատուի վճռաբեկ բողոքը:

90. 2010 թվականի նոյեմբերի վերջին դիմումատուն իր պատժի կեսից ավելին կրելուց հետո ազատ է արձակվել:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ

 

Ա. Քրեական օրենսգիրք (2003 թվական)

1. Դիմումատուին առաջադրված մեղադրանքներին առնչվող դրույթները

i

91. 225.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչերը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով:

i

92. 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

i

93. 301-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

i

94. 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ այդ հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը` կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

95. 318-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

 

2. Այլ վերաբերելի դրույթներ

96. 225-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է պատիժ` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով:

i

97. 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է պատիժ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու և անցկացնելու համար:

i

98. 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսվում է պատիժ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:

 

Բ. Քրեական դատավարության օրենսգիրք (1999 թվական)

1. Վատ վերաբերմունքը և քննությունը

i

99. Վատ վերաբերմունքի և քննության վերաբերյալ համապատասխան դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Zalyan and Others v. Armenia] (թիվ 36894/04 և թիվ 3521/07, §§ 148-154, 2016 թվականի մարտի 17) գործով վճիռը:

 

2. Ազատությունից զրկելը

ա) Ձերբակալումը

i

100. 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը հանցագործության մեջ կասկածվող անձին կարող են ձերբակալել, հարցաքննել, նրա նկատմամբ կիրառել դատավարական հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրավել և մեղադրանք առաջադրել` սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

i

101. «Կասկածյալը» վերնագրով 62-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ կասկածյալ է այն անձը, ա) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով, կամ բ) որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված:

i

102. 63-րդ հոդվածում թվարկվում է կասկածյալի իրավունքների ողջ շրջանակը, այդ թվում` իրեն ձերբակալելու պատճառների և որպես կասկածյալ իր իրավունքների մասին տեղեկանալու, պաշտպան ունենալու և պաշտպանի ներկայությամբ հարցաքննվելու, լուռ մնալու և բոլոր դեպքերում մոտ հարազատներին անհապաղ` ոչ ուշ, քան արգելանքի վերցվելուց հետո 12 ժամվա ընթացքում, իրեն արգելանքի տակ պահելու վայրի և հիմքերի մասին տեղեկացնելու իրավունքները:

i

103. «Ձերբակալման հասկացությունը» վերնագրով 128-րդ հոդվածով նախատեսվում է, որ ձերբակալումն անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը` օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար: Ձերբակալումը կատարվում է` 1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա. 2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:

i

104. «Ձերբակալումը հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա» վերնագրով 129-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձը կարող է ձերբակալվել, եթե` ա) նա բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո. բ) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարողի. գ) տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են քրեական օրենքով չթույլատրված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր. դ) կան այլ հիմքեր հանցանքի կատարման մեջ կասկածելու անձին, որը դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր կամ բնակվում է այլ տեղանքում, կամ որի անձնավորությունը պարզված չէ: 129-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի:

i

105. «Ձերբակալումը քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա» վերնագրով 130-րդ հոդվածով նախատեսվում է անձի ձերբակալումը քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու կասկածով` քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:

i

106. «Կասկածյալի ձերբակալման կարգը» վերնագրով 131.1 հոդվածով նախատեսվում է, որ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին հետաքննության մարմին, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո` երեք ժամվա ընթացքում, կազմվում է կասկածյալին ձերբակալելու մասին արձանագրություն, որի պատճենը ստորագրությամբ տրվում է ձերբակալված անձին: Արձանագրությունում նշվում են կազմելու ժամանակը (օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն), ձերբակալման ժամանակը, վայրը, հիմքը (հիմքերը) և նպատակը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման մեջ կասկածվում է ձերբակալվածը, նրա անձնական խուզարկության արդյունքները և այլ հանգամանքներ, ինչպես նաև ձերբակալվածի հայտարարություններն ու միջնորդությունները:

i

107. 132-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ ձերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ենթակա է ազատման, եթե` 1) չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը. 2) բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը. 3) լրացել է ձերբակալման` ՔԴՕ-ով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել:

 

բ) Նախնական կալանքը

108. Նախնական կալանքի վերաբերյալ համապատասխան դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] գործով վճիռը (թիվ 629/11, §§ 30-37, 2016 թվականի հոկտեմբերի 20):

գ) Ազատությունից զրկելու հետ կապված այլ դրույթներ

i

109. ՔԴՕ-ում տեղ գտած տարբեր հասկացությունների բացատրությունները սահմանող 6-րդ հոդվածով «արգելանքի վերցնել» հասկացությունը սահմանվում է որպես գործողություն, որն սկսվում է անձին ազատությունից փաստացի հարկադրական զրկելու պահից` ձերբակալելիս, կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս, ազատազրկման ձևով դատավճիռն ի կատար ածելիս:

i

110. «Բերման ենթարկելը» վերնագրով 153-րդ հոդվածով նախատեսվում է, որ բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ ՔԴՕ-ով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ: «Բերման ենթարկելը» կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա:

i

111. «Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը» վերնագրով 180-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հանցագործությունների մասին հաղորդումները, որոնք ներառում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված հաղորդումները կամ լրատվամիջոցներով հրապարակված հաղորդումները, պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: 180-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն:

 

3. Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների բողոքարկումը

i

112. 103-րդ հոդվածով նախատեսվում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան:

i

113. «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան» վերնագրով 290-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսվում է, որ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում: Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատարանը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:

4. Այլ վերաբերելի դրույթներ

i

114. 86-րդ հոդվածով նախատեսվում է, որ վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք: Վկան պարտավոր է ցուցմունքներ տալու, քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով:

i

115. 221-րդ հոդվածով նախատեսվում է, որ ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին նույն սեռի և արտաքինով ու հագուստով ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք այլ անձանց հետ: Անհրաժեշտության դեպքում ճանաչումը կարող է կատարվել արտաքինով և հագուստով ճանաչվողին նման տարբեր անձանց լուսանկարներով:

i

116. 331-րդ հոդվածով նախատեսվում է, որ միջնորդություն հարուցող անձը պարտավոր է ցույց տալ, թե հատկապես ինչ հանգամանքներ պարզելու համար են անհրաժեշտ լրացուցիչ ապացույցները: Յուրաքանչյուր հարուցված միջնորդություն դատարանը պարտավոր է քննարկել, լսել կողմերի կարծիքը: Եթե հանգամանքները, որոնց բացահայտման համար հարուցված է միջնորդությունը, կարող են նշանակություն ունենալ գործի համար, կամ նյութը, որի ապացուցողական նշանակությունը վիճարկվում է, ստացված է օրենքի էական խախտումով, դատարանը բավարարում է միջնորդությունը: Միջնորդությունը մերժելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում: Դատարանի կողմից միջնորդության մերժումը չի սահմանափակում միջնորդություն հարուցող անձի իրավունքը` նույն միջնորդությունը հարուցել հետագայում:

 

Գ. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենք (2004-2011 թվականներ)

i

117. 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ հրապարակային միջոցառումը ներառում է անցկացվող խաղաղ ժողովները, հանրահավաքները, երթերը (շքերթները) կամ ցույցերը (այդ թվում` նաև նստացույցերը): Զանգվածային հրապարակային միջոցառումները հրապարակային միջոցառումներն են, որոնց մասնակցում է 100 և ավելի քաղաքացի: Ոչ զանգվածային հրապարակային միջոցառումները հրապարակային միջոցառումներն են, որոնց մասնակցում է 100-ից պակաս քաղաքացի:

i

118. 7-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով նախատեսվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու հրապարակային միջոցառումներին: Հրապարակային միջոցառումների մասնակիցներին արգելվում է հրապարակային միջոցառումների ընթացքում կրել, օգտագործել, գործադրել, կիրառել զենք, զինամթերք կամ պայթուցիկ, թունավոր, դյուրավառ կամ այնպիսի այլ առարկաներ կամ նյութեր, որոնք կարող են վնաս հասցնել անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին:

i

119. 10-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով նախատեսվում է, որ բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումն ինքնաբերաբար է դառնում զանգվածային հրապարակային միջոցառում, զանգվածային հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել միայն լիազոր մարմնին գրավոր իրազեկելուց հետո: Յուրաքանչյուր անձ իրավունք ունի առանց լիազոր մարմնին իրազեկման անցկացնելու ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ` չխախտելով հասարակական կարգը: Կազմակերպիչները զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին գրավոր իրազեկում են զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրի համայնքի ղեկավարին, Երևանում` Երևանի քաղաքապետին` այդ միջոցառումն անցկացնելու նախատեսված օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ, և ոչ շուտ, քան քսան օր առաջ:

i

120. 12-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսվում է, որ եթե լիազոր մարմնի որոշմամբ չի արգելվում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը, ապա կազմակերպիչներն իրավունք ունեն տրված իրազեկման պայմաններով իրականացնելու զանգվածային հրապարակային միջոցառում:

i

121. 14-րդ հոդվածով նախատեսվում է, որ ոստիկանության ներկայացուցիչն իրավունք ունի հրապարակային միջոցառման դադարեցման մասին որոշում ընդունելու և սահմանելով դադարեցման համար ողջամիտ ժամկետ` կազմակերպիչներից պահանջելու դադարեցնել միջոցառման անցկացումը, եթե, inter alia, զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացվում է առանց իրազեկման, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումն ինքնաբերաբար է դառնում զանգվածային հրապարակային միջոցառում: Կազմակերպիչը վերը նշված պահանջը ստանալու դեպքում պարտավոր է անհապաղ հայտարարել միջոցառումը դադարեցնելու մասին և միջոցներ ձեռնարկել ոստիկանության ներկայացուցչի կողմից սահմանված ժամկետում հրապարակային միջոցառումը դադարեցնելու ուղղությամբ: Ոստիկանությունը հրապարակային միջոցառումը հարկադիր դադարեցնելու իրավունք ունի միայն հետևյալ դեպքերում, եթե` ա) դադարեցնելու մասին սույն հոդվածով նախատեսված կարգով տրված պահանջը կազմակերպչի կողմից մասնակիցներին անհապաղ չի հայտարարվել. բ) սահմանված ժամկետում հրապարակային միջոցառման դադարեցման պահանջը չի կատարվել, և դրա հետագա շարունակումը իրական վտանգ է ներկայացնում անձանց կյանքին, առողջությանը, պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, ինչպես նաև կարող է էական գույքային վնաս հասցվել պետությանը կամ ֆիզիկական անձանց: Ոստիկանության ներկայացուցիչը, մինչև հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցումը, հրապարակային միջոցառման դադարեցման պահանջի մասին պարտավոր է ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով տեղեկացնել մասնակիցներին` սահմանելով դադարեցման ողջամիտ ժամկետ: Այդ ժամկետում հրապարակային միջոցառումը չդադարեցվելու դեպքում ոստիկանությունն իրավունք ունի հարկադիր դադարեցնելու միջոցառումն օրենքով սահմանված միջոցներով: Սույն կարգը չի կիրառվում, եթե հրապարակային միջոցառման անցկացման վայրում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում:

 

Դ. «Ոստիկանության մասին» օրենք (2001)

i

122. 29-րդ հոդվածով նախատեսվում է, որ ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: Ոստիկանության ծառայողը պարտավոր է ֆիզիկական ուժ գործադրելու հետևանքով վիրավորվածների մասին անհապաղ զեկուցել վերադասության կարգով: Ոստիկանությունը պարտավոր է դեպքի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին և դատախազին:

 

Ե. Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի որոշում (գործ թիվ ԵԱԴԴ/0085/06/09)

i

123. 2009 թվականի դեկտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը, քննության առնելով Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված` մինչդատական վարույթում ազատությունից զրկելու հետ կապված հարցերը, կայացրել Է քրեական գործին չառնչվող որոշում: Վճռաբեկ դատարանը նախ նշել է, որ գոյություն ունի ենթադրաբար հանցագործություն կատարած լինելու հիմքով անձին ազատությունից զրկելու երկու ինքնուրույն միջոցներ` ձերբակալումը (17-րդ գլուխ, 128-133-րդ հոդվածներ) և խափանման միջոց կալանավորումը (18-րդ գլխի 137-142-րդ հոդվածներ): Այդուհանդերձ, ձերբակալման ընթացակարգի յուրահատկությունը հաշվի առնելով` հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածով անձին ազատությունից զրկելու կառուցակարգը կարող է ընդգրկել որոշակի տևողությամբ սկզբնական փուլ, որի ընթացքում անձը կարող է որևէ դատավարական կարգավիճակ չունենալ` պայմանավորված գործող քրեադատավարական օրենսդրության անբավարար որոշակիությամբ: Մասնավորապես դա բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի ձևակերպումից, որ ձերբակալման ընթացակարգը բաղկացած է միմյանց հաջորդող չորս գործողություններից` ա) անձին ազատությունից փաստացի զրկելը, բ) նրան իրավասու մարմին բերելը, գ) ձերբակալման արձանագրություն կազմելը և դ) այդ մասին նրան հայտարարելը: ՈՒստի անձը կարող է ձերբակալվածի կարգավիճակ ստանալ վերջին` չորրորդ գործողությունը կատարելու պահից, այսինքն` քրեական հետապնդման մարմնում ձերբակալման արձանագրության մասին անձին հայտարարելու պահից: Նախքան դա` անձը, փաստացի արգելանքի վերցվելով և քրեական հետապնդման մարմին բերվելով, դեռևս ձերբակալվածի կարգավիճակ չի կարող ունենալ, մինչդեռ նրան արգելանքի վերցնելու և վարույթն իրականացնող մարմին բերելու հիմքը հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածն է: Եթե բերված անձի նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը շարունակում և ավարտին է հասցնում ձերբակալման գործընթացը, ապա ձերբակալման ժամկետի հաշվարկը սկսվում է արգելանքի վերցնելու պահից, սակայն դա կատարվում է հետադարձ կարգով: ՈՒստի արգելանքի վերցված ու վարույթն իրականացնող մարմին բերված անձը, նախքան ձերբակալման արձանագրությունն իրեն հայտարարելը, չի կարող բավարար որոշակիությամբ գիտակցել իր կարգավիճակը: Ավելին, քանի դեռ արձանագրությունը կազմված չէ, նա կարող է ազատ արձակվել` այդպես էլ չստանալով ձերբակալվածի կարգավիճակ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի հիմքով անձին ազատությունից զրկելու քրեադատավարական կառուցակարգերը չեն սահմանափակվում «ձերբակալման» և «կալանավորման» ինստիտուտներով, այլ ներառում են նաև արգելանքի վերցվելու և վարույթն իրականացնող մարմին բերվելու կառուցակարգը: Համապատասխանաբար, մինչդատական վարույթում «ձերբակալվածի» և «կալանավորվածի» կարգավիճակների հետ մեկտեղ ազատությունից զրկված անձը կարող է ունենալ նաև նախնական իրավական վիճակ, որը պայմանականորեն կարելի է անվանել «բերվածի» կարգավիճակ: «Բերմանը» հարաբերական ինքնուրույնություն տալու օրենսդրի մոտեցման մասին է վկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախքան քրեական գործի հարուցումը թույլատրելի գործողությունների շարքում ամրագրում է նաև «հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ... բերման ... ենթարկվելը»: Վճռաբեկ դատարանն այնուհետև շարունակում է` ասելով, որ չնայած բերվածի կարգավիճակի կարճատևությանը` բերվածը պետք է օժտված լինի սահմանադրական և կոնվենցիոն համապատասխան երաշխիքներով, այդ թվում` իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը, հրավիրելու իր փաստաբանին և լռելու:

 

Զ. Մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմեն) արտահերթ զեկույցը`

2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և հետընտրական զարգացումների վերաբերյալ

 

124. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է Հայաստանում հետընտրական իրադարձությունների համալիր և խորը վերլուծություն: Զեկույցի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

«3.2.1. Ազատության հրապարակի օպերացիան (մարտի 1, ժամը 6:40)

Մարտի 1-ի իրադարձությունները սկսվեցին Ազատության հրապարակում խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց: Առավոտյան` ժամը 6:40-ին, ոստիկանության աշխատակիցները պաշտպանողական հանդերձանքով, վահաններով և մահակներով հարձակվեցին Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների վրա: ...

Ա) Հանրահավաքի օրինականությունը (փետրվարի 20-մարտի 1, Ազատության հրապարակ)

... Ձևական առումով փետրվարի 21-ից մինչև մարտի 1-ը տևած հանրահավաքը չի համապատասխանել օրենքի պահանջներին, քանի որ չի իրազեկվել Երևանի քաղաքապետը, և վերջինս ի գիտություն չի ընդունել հանրահավաք անցկացնելը: Դրա հետ մեկտեղ, հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ օրվա ցանկացած ժամին գալիս էին Ազատության հրապարակ վիճարկելու ընտրությունների անցկացման կարգն ու պաշտոնական արդյունքները, ինչը շոշափում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը և իրենց ազատ կամահայտնությամբ իշխանություն ձևավորելու կոլեկտիվ իրավունքը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հաշվետվության մեջ ուղղակիորեն նշվում է, որ «փետրվարի 21-ից մինչև մարտի 1-ի վաղ առավոտյան ցուցարարները կազմակերպել էին խաղաղ, թեև ոչ պաշտոնապես արտոնված հավաք Ազատության հրապարակում: Նրանք կազմակերպել են նաև բազմաթիվ խաղաղ երթեր: Փետրվարի 21-ի հանրահավաքների կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենց նպատակն է հասնել ընտրությունները չեղյալ համարելուն և դրանց վերացմանը: Իշխանություններն ընդհանուր առմամբ ընդունեցին բողոքի անցկացումը»:

Ընտրությունների պաշտոնական արդյունքները չարժանացան ժողովրդի միանշանակ վստահությանը... Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը կազմակերպեց ընտրակեղծիքների և բռնության դեմ բողոքի ակցիա և պահանջեց իրականացնել արդար վերահաշվարկ: 2008 թ.-ի փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը Հայաստանի ժողովրդի մի ստվար զանգված հավաքվում էր Ազատության հրապարակում` խաղաղ վիճարկելու ընտրությունների անցկացման կարգն ու պաշտոնական արդյունքները... Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն իր ասուլիսներից մեկում հայտարարել էր. «Չարտոնված հանրահավաքներն ինն օր շարունակ ոստիկանության կողմից չէին դադարեցվում միայն մեկ պատճառով, ես էի դա արգելում: Պատճառը վերահաշվարկի, բողոքարկման գործընթացն էր հետընտրական շրջանում: Ես կարծում էի, որ հանրահավաքների ցրումը կդիտվեր որպես այդ վերահաշվարկի կամ բողոքարկման գործընթացի խաթարման փորձ իշխանությունների կողմից»:

Բ) Մարտի 1-ի միջոցառման քրեադատավարական վերլուծության իրավաչափությունը

... մարտի 1-ի միջամտությունը հիմնավորվեց նրանով, որ փետրվարի 29-ին ոստիկանությունը, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայությունն օպերատիվ տեղեկատվություն էին ստացել, որ Ազատության հրապարակում առկա է զենքի կուտակում: Իրավիճակը վտանգազերծելու նպատակով մարտի 1-ի առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկվեց հանրավտանգ այդ նյութերն առգրավելուն ուղղված օպերատիվ միջոցառում:

Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը և ... «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը պնդում են, որ մարտի 1-ի առավոտյան իրադարձությունների նպատակն էր տեղազննություն իրականացնելու օպերացիայի շղարշի տակ բռնի կերպով դադարեցնել 10 օր շարունակ տևած խաղաղ հանրահավաքները, դուրս հանել այնտեղից նստացույցին մասնակցող քաղաքացիներին և արգելել հետագա հավաքներն Ազատության հրապարակում:

Թե այս վարկածներից ո՞րն է ճիշտ, վերջնականապես ցույց կտա բազմակողմանի և լրիվ իրականացվող քննությունը: Այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել որոշակի հարցադրումներ:

- Որոշակի հակասություններ կան ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություններում: Այսպես` ՀՀ գլխավոր դատախազի` մարտի 4-ին Ազգային ժողովի 4 պատգամավորներին որպես մեղադրյալ ներգրավելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար համաձայնություն տալու վերաբերյալ ներկայացված միջնորդությունում նշվում է. «ոստիկանության նպատակն է եղել զենքը առգրավելուն ուղղված օպերատիվ միջոցառում, որը վերաճել է բախման», իսկ մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազության մարտի 1-ի մամլո հաղորդագրությունում նշվում է այլ բան` «ոստիկանության նպատակը մարտի 1-ի առավոտյան` ժամը 6:00-ի սահմաններում, եղել է հավաքը հարկադրաբար դադարեցնելը»: Ո՞րն է ճշմարտությունը:

- Ըստ պաշտոնական տեղեկատվության` տեղազննություն կատարելու ոստիկանների փորձին ի պատասխան` նստացույցի մասնակիցները կատաղի հարձակում են գործել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իրավապահների նկատմամբ: Ստեղծված իրավիճակից ելնելով` տեղում օպերատիվ որոշում է կայացվել օրենքով նախատեսված շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկել: Առաջանում է տրամաբանական հարց` ինչպե՞ս պատահեց, որ առավոտյան` 6:30-ի սահմաններում` րոպեների ընթացքում, ոստիկանությանը հաջողվեց մոբիլիզացնել բազմաթիվ ստորաբաժանումներ` պաշտպանողական հանդերձանքով, վահաններով և մահակներով, որոնք հարձակվեցին ցուցարարների վրա, եթե այս ամենի նպատակը միայն տեղազննության կատարումն էր:

- Հաշվի առնելով իրավիճակի խիստ քաղաքականացված լինելը` իրավապահ մարմինները ենթադրաբար պետք է նկարահանած լինեին օպերացիան, դրա սկիզբը, հատկապես եթե հաշվի առնենք, որ իրենց հետ եկել էին օպերատորներ, որոնք հետագայում նկարահանեցին առգրավված զենքը: ՈՒստի հատուկ ուշադրությամբ պետք է վերծանել նրանց կողմից նկարահանված օպերացիայի սկսման պահը: Այս առնչությամբ մտահոգիչ է մարտի 1-ի առավոտյան այդ տարածքում նկարահանումներ կատարած երկու լրատվամիջոցների տեսաերիզների բռնագրավումը և երրորդ լրատվամիջոցի տեսախցիկի ջարդումը: Ավելին, «Առավոտ»-ի արտահաստիքային լուսանկարիչ ...-ից ծեծելով խլել են նրա նկարահանած կադրերը: Ի՞նչ էր թաքցնում ոստիկանությունը: Եթե ամեն ինչ եղել էր օրենքի շրջանակներում, հենց ոստիկանությունը առաջին հերթին պետք է շահագրգիռ լիներ, որ ամեն ինչ նկարահանվեր և լուսաբանվեր:

...

- Մարտի 1-ի առավոտյան, ապա նաև նույն օրը Ֆրանսիական դեսպանատան շրջակայքում օրվա առաջին կեսին որևէ կրակոց չի արձակվել: Որևէ հրազեն չի կիրառվել ցուցարարների կողմից: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մարտի 1-ի հաղորդագրության` առավոտյան Ազատության հրապարակում հայտնաբերվել են նռնակներ, ինչը թույլ է տալիս մտածել` ինչո՞ւ դրանք չեն օգտագործվել: Եթե, ինչպես ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը, փախչող ցուցարարները իրենցից հետո ատրճանակներ են թողել, ապա ինչպես եղավ, որ նրանց ցրելու ժամանակ, որն ուղեկցվել է ծեծով և դիմադրությամբ, ոչ մի կրակոց չեղավ: Ավելին, ցուցարարները նույն օրը Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում քարեր և նմանատիպ իրեր էին հավաքում «զինվելու» նպատակով:

- Փետրվարի 29-ին ՀՀ երկրորդ նախագահի ԵՊՀ-ում հայտարարություն է արել առ այն, որ առկա լուծումներից է ոստիկանների կողմից «հրապարակի մաքրումը»: ... ՀՀ-ում ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունները փաստացի գտնվում են ՀՀ նախագահի վերահսկողության ներքո: Ավելին, իշխանական մամուլն օրեր շարունակ հայտարարում էր, որ անհրաժեշտ է մաքրել Օպերայի հրապարակը:

Գ) Ոստիկանության լիազորությունները և նրա գործողությունների իրավաչափությունը

Ոստիկանության կողմից քննչական գործողություն, օպերատիվ-հետախուզական գործողություն կամ հանրահավաքը հարկադրաբար դադարեցնելիս կիրառված ցանկացած ուժ պետք է լինի անհրաժեշտ և հաշվի առնվի դրա համաչափությունն իրական վտանգին:

- Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների` Ազատության հրապարակում օպերացիան սկսվեց այն պահին, երբ Լ. Տեր-Պետրոսյանը ավարտեց իր կոչը հրապարակում հավաքված ցուցարարներին` չընդվզել, հանգիստ մնալ և տեսնել, թե ի՞նչ է ուզում ոստիկանությունը: Ոստիկանները, առանց նախազգուշացնելու, ցուցարարների վրա սկսեցին ջուր լցնել, էլեկտրաշոկով խփել, իսկ այնուհետև հարվածում էին մահակներով: Բազմաթիվ ցուցարարներ խոշտանգվել են: ...

- Ըստ տարածված հրապարակումների` ոստիկանները ծեծի են ենթարկել անցորդների, այդ թվում` անչափահասների:

- Համապատասխան ներպետական դրույթները պարտավորեցնում են ոստիկաններին և ոստիկանության զորքերի ծառայողներին ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը: Բազմաթիվ ականատեսների վկայությամբ` առանց շտապ բուժօգնություն ստանալու` ուղղակի ձերբակալվում և ոստիկանատուն են տարվում բազմաթիվ վիրավոր քաղաքացիներ, այդ թվում` արնածոր վերքերով անչափահասներ: Մարտի 1-ի առավոտյան` 9:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժանմունքի առջև նմանօրինակ դեպքերի ականատես եղան, իրենց խոսքերով, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները:

... Ոստիկանների և ոստիկանության զորքերի ծառայողների կողմից վերը նշված հնարավոր բոլոր չարաշահումները մանրամասն պետք է ուսումնասիրվեն` վերծանելով օպերացիայի ողջ ընթացքն ամրագրած տեսաերիզները և ականատեսների (տուժողների) ցուցմունքները: Հատկանշական է, որ մինչ օրս որևէ ոստիկանի հանդեպ քրեական գործ չի հարուցվել անգամ սահմանների անցումով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցի գործադրման համար:

- Ազատության հրապարակում առկա էր ոստիկանների երկու շրջան. մեկը` Ազատության հրապարակի վրա, մյուսը` հարող չորս փողոցների երկարությամբ: Այս շրջանների նպատակն էր, որ որևէ մեկն այնտեղ չմտնի և հանրահավաքն ավարտվի:

...

- Ազատության հրապարակում հավաքված առնվազն ոչ բոլոր քաղաքացիներն էին ենթադրյալ հանցագործներ: Նրանց շարքերում շատ էին նաև ցուցարարները, հետևաբար ոստիկանության կողմից իրականացված օպերացիան ուղղակիորեն հանգեցրեց նաև հանրահավաքը հարկադրաբար դադարեցնելուն: ...Ըստ ականատեսների` ցուցարարներին հետապնդել են շատ ավելի հեռու, քան Ազատության հրապարակը: Որոշ ականատեսներ պնդում են, թե սկզբում նույնիսկ օղակ բաց չի եղել, և չի եղել հնարավորություն դուրս պրծնելու շրջափակումից: Այս հանգամանքները պետք է ուսումնասիրվեն` հատկապես վերծանելով կատարված նկարահանումները և հիմնվելով ականատեսների ցուցմունքների վրա:

i

- ... Ճիշտ է, մինչ այդ, ամեն օր ոստիկանները բարձրախոսներով հայտարարել են, որ հանրահավաքը անօրինական է, և խնդրել քաղաքացիներին դադարեցնել այն, սակայն մարտի 1-ի առավոտյան նման պահանջ չի ներկայացվել: Ցուցարարներին հանրահավաքը դադարեցնելու որևէ ժամանակ չի տրամադրվել ինչպես պահանջվում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով...

- Մարտի 1-ի առավոտվա իրադարձությունների առնչությամբ դեռևս անհայտ է, թե ինչպիսի հիմքեր են ստացվել, որոնք վկայել են Ազատության հրապարակում զենքի կուտակման մասին: ... փետրվարի 20-ից Լ. Տեր-Պետրոսյանի կողմից անցկացված բոլոր միջոցառումներն անցել են բացառապես խաղաղ պայմաններում, ինչն անգամ փաստել են միջազգային կազմակերպությունների բարձրագույն պաշտոնատար անձինք...»:

 

III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ

 

Ա. Եվրոպայի խորհրդի մարմիններ

1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)

ա) Թիվ 1609 (2008) բանաձև. Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, 2008 թվականի ապրիլի 17

125. Բանաձևի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«1. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Թեև այդ ընտրություններին դիտորդ հանդիսացող ժամանակավոր կոմիտեն համարել է, որ «դրանք հիմնականում անց են կացվել Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան», այն հայտնաբերել է մի շարք խախտումներ և թերություններ, որոնցից ամենակարևորներն էին` թեկնածուների համար նախընտրական քարոզարշավի իրականացման ոչ հավասար պայմանները, ընտրական վարչարարության ոչ բավարար թափանցիկությունը և բողոքների և բողոքարկումների գործընթացում բողոք ներկայացնողների համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց հասանելի չլինելը: Բացի այդ, նրանք ականատես են եղել ընտրակեղծիքների մի շարք դեպքերի:

2. Խորհրդարանական վեհաժողովն ափսոսանքով է նշում, որ նկատված խախտումները և թերությունները չնպաստեցին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության` առանց այն էլ խախտված վստահության մակարդակի բարձրացմանը` միաժամանակ հայաստանյան հասարակության մի հատվածի շրջանում հարցեր առաջացնելով ընտրությունների արդյունքի վստահելիության կապակցությամբ: Հանրային վստահության պակասը հիմք դարձավ նախնական արդյունքների հրապարակմանը հաջորդած, թեև առանց նախապես պաշտոնական տեղեկացման, խաղաղ ցույցերի համար, որոնք իշխանությունները հանդուրժում էին տասը օրվա ընթացքում:

3. Վեհաժողովը ցավ է հայտնում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների և 2008 թվականի մարտի 1-ին բռնության սրացման կապակցությամբ, որի հետևանքով տասը հոգի զոհվեց և շուրջ երկու հարյուր մարդ ստացավ մարմնական վնասվածքներ: Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին հանգեցրած բուն հանգամանքների, դրանց նկատմամբ իշխանությունների արձագանքի, այդ թվում` 2008 թվականի մարտի 1-ից 20-ը Երևան քաղաքում արտակարգ իրավիճակ մտցնելու և ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու հարցը լուրջ տարաձայնությունների տեղիք է տալիս և պետք է ենթարկվի վստահելի ու անկախ քննության:

4. Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում` ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների և խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը և շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնց մի մասն առերևույթ արհեստական են և պայմանավորված` քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում:

...

6. Չնայած որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տեսքով իր կիզակետին հասած` հանրային վրդովմունքի պոռթկումը, թերևս, անակնկալ էր, Վեհաժողովը համարում է, որ ճգնաժամի հիմնարար և խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է` իրենց գործառույթները կատարելիս լիովին պահպանելու ժողովրդավարական չափանիշները և իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները: Մասնավորապես.

...

6.3. Չնայած հաջողությամբ իրականացված օրենսդրական բարեփոխումներին, դատարանները դեռ չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն իրենց` որպես անկողմնակալ դատական մարմինների նկատմամբ, այդ թվում` նաև ընտրական գործընթացում: Դրանով է բացատրվում ընտրությունների կապակցությամբ նրանց ներկայացված բողոքների սակավաթվությունը: Դատարանների ոչ բավարար չափով անկախ լինելու մասին վկայում է նաև այն փաստը, որ դատարանները, ըստ երևույթին, հարցականի տակ չեն առնում անձանց նախնական կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը և, որպես կանոն, բավարարում են դատախազների համապատասխան միջնորդությունները` հավուր պատշաճի քննության չենթարկելով այդ առնչությամբ ներկայացվող հիմնավորումները, ինչպես պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով,

6.4. Համարժեք դատական հսկողության բացակայության պայմաններում, անձանց ձերբակալությունը և շարունակվող կալանավորումը առերևույթ արհեստական մեղադրանքներով, նրանց` նախագահական ընտրությունների արդարացիությունը վիճարկելուց հետո կամ նախագահական ընտրություններից հետո ցույցերում նրանց մասնակցությունից հետո, մատնանշում է, որ այդ գործողությունները պայմանավորված են քաղաքական շարժառիթներով: Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում դա անընդունելի է, և չի կարող հանդուրժվել Վեհաժողովի կողմից,

...

8. Հաշվի առնելով վերոգրյալը` Վեհաժողովը,... կրկին կոչ է անում Հայաստանի իշխանություններին` անհապաղ իրականացնելու հետևյալ բարեփոխումները.

...

i

8.4. Հավաքների ազատությունը պետք է երաշխավորել թե՛ օրենքով, թե՛ գործնականում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին համահունչ. ...

8.5. Իշխանությունները պետք է նոր թափ հաղորդեն դատական համակարգի իրական անկախությունը երաշխավորելու և դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց կողմից գործադրվող ջանքերին,

8.6. Պետք է բացառել կամայական ձերբակալումները և կալանավորումները, ինչպես նաև կալանավորվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի երևույթները, հատկապես` ոստիկանությունում պահվելու ընթացքում: Թե օրենքով, թե պրակտիկայում պետք է երաշխավորել ոստիկանության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ:

...

12. Այնուամենայնիվ, Վեհաժողովը գտնում է, որ նման երկխոսության մեկնարկի և հաջողության համար անհրաժեշտ է առաջնահերթ կարգով ապահովել մի շարք պայմաններ, որոնք կնպաստեն ընդդիմության կողմից վստահության ամրապնդմանը և կհիմնավորեն իշխող մեծամասնության` հետագա բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամության լրջությունը.

12.1. պետք է անհապաղ իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների և դրանց հանգեցրած հանգամանքների, ներառյալ` ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու և ցուցարարների գործադրած բռնության երևույթների անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննում: Միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի մոնիթորինգի ենթարկել և աջակցել նման հետաքննության անցկացմանը,

12.2. այն անձինք, ովքեր կալանավորվել են առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որևէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն ...»:

բ) Թիվ 1620 (2008) բանաձև. Վեհաժողովի թիվ 1609 (2008) բանաձևի կատարումը Հայաստանի կողմից, 2008 թվականի հունիսի 25

126. Բանաձևի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«4. Իր թիվ 1609 բանաձևում նշված պահանջներն իշխանությունների կողմից կատարելու մասով, Վեհաժողովը ... ողջունում է առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց` ովքեր անձնապես չեն կատարել բռնության գործողություններ կամ լուրջ հանցագործություններ, ազատ արձակելու հետ կապված վերջին զարգացումները: Այնուամենայնիվ, այն համարում է, որ այս հարցով առաջընթացը բավարար չէ համարելու համար, որ Վեհաժողովի պահանջներն ամբողջությամբ կատարվել են: Բացի այդ, Վեհաժողովը համարում է, որ`

- քննության փուլում գտնվող գործերը պետք է փակվեն կամ արագ բերվեն դատարան, որպեսզի ապահովվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Դատարան) նախադեպային իրավունքին համապատասխան ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքը,

- Քրեական օրենսգրքի 300-րդ և 225-րդ հոդվածներով առաջադրված մեղադրանքով գործերը պետք է կարճվեն, եթե չկա ծանրակշիռ ապացույց, որ մեղադրյալն անձնապես կատարել է բռնության գործողություններ կամ կարգադրել, դրդել կամ օժանդակել է այդ գործողությունների կատարմանը,

- առանց հիմնավորող ապացույցների` միայն ոստիկանական ցուցմունքների վրա հիմնված վճիռն ընդունելի չէ,

- Ազգային ժողովը պետք է հաշվի առնի Քրեական օրենսգրքի 225-րդ, 225.1-րդ, 301-րդ և 301.1-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

...

5. 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ընդդիմության կողմնակիցների կալանավորումը և դատապարտումը վիճարկման առարկա է, որը կարող է շարունակել լարել ընդդիմության և իշխանությունների միջև հարաբերությունները, և կարող է խոչընդոտել Հայաստանում անհրաժեշտ բարեփոխումների ուղղությամբ կառուցողական երկխոսությունը: Վեհաժողովը հորդորում է Հայաստանի Հանրապետության իշխանություններին` Հայաստանի Հանրապետության հասարակության նկատմամբ վստահությունը ամրացնելու և բոլոր քաղաքական ուժերի միջև երկխոսությունը խթանելու նպատակով, որպես բարի կամքի դրսևորում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված կամ դատարանում դատապարտված բոլոր անձանց նկատմամբ` բացառությամբ նրանց, ովքեր անձնապես կատարել են բռնության գործողություններ կամ կարգադրել, դրդել կամ օժանդակել են այդ գործողությունների կատարմանը, կամ նրանց, ովքեր կատարել են լուրջ քրեական հանցագործություններ, դիտարկել նրանց համար հասանելի իրավական բոլոր միջոցները, այդ թվում` համաներումը, ներումը և մեղադրանքից հրաժարվելը»:

գ) Թիվ 1643 (2009) բանաձև. Վեհաժողովի թիվ 1609 (2008) և թիվ 1620 (2008) բանաձևերի կատարումը Հայաստանի կողմից, 2009 թվականի հունվարի 27

127. Բանաձևի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«4. Վեհաժողովը ափսոսանք է հայտնում, որ մինչև այս պահը միայն սահմանափակ առաջընթաց է եղել ՀՀ իշխանությունների կողմից նախորդ պահանջների հետ կապված, ինչպես ասվում էր 1609 (2008) և 1620 (2008) բանաձևերում, 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ անազատության մեջ հայտնված անձանց վերաբերյալ: Մասնավորապես նշված է, որ հակառակ Վեհաժողովի պահանջներին`

4.1. քրեական հետապնդման գործերի և դատապարտումների զգալի մասը հիմնված է եղել միայն ոստիկանների ցուցմունքների վրա` առանց հիմնավորված փաստերի.

4.2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225-րդ և 300-րդ հոդվածներով նախատեսված սակավաթիվ մեղադրանքներից են հրաժարվել:

5. Վեհաժողովը նշում է, որ հնչել են կասկածներ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից` Քրեական օրենսգրքի 225-րդ և 300-րդ հոդվածներով առաջադրված մեղադրանքների բնույթի, ինչպես նաև մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված դատապարտվածների դատավարությունների վերաբերյալ: Վեհաժողովը, հետևաբար, համարում է, որ կան վճռական ցուցումներ, ըստ որոնց` զգալի թվով մարդիկ, մասնավորապես` 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածով մեղադրված անձինք և ոստիկանների ցուցմունքների վրա հիմնված մեղադրանքները եղել են քաղաքական դրդապատճառներով: Վեհաժողովը լրջորեն մտահոգված է այս իրավիճակի հետագա զարգացումներով, եթե չբավարարվեն պահանջները:

...

11. ... Վեհաժողովը դեռևս դժգոհ է և լրջորեն մտահոգված` 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ազատությունից զրկված մարդկանց կարգավիճակով, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով մեղադրված կամ դատապարտված մարդկանցով: ...»:

2. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ). Զեկույց Հայաստանի կառավարությանը` 2008 թվականի մարտի 15-ից 17-ը ԽԿԿ-ի` Հայաստան կատարած այցի վերաբերյալ, CPT/Inf(2010)7

128. Զեկույցի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«Հայաստանյան իշխանությունների կողմից տրամադրված 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալված անձանց ամբողջական ցանկ-ին համապատասխան` ..., պատվիրակությունը կազմակերպել է անհատական հարցազրույցներ հետընտրական իրադարձությունների հետ կապված Նուբարաշենի, Վարդաշենի և Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց մեծամասնության հետ (մոտ` 70 մարդ): Հանդիպումներ են կազմակերպել նաև Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր մեկուսարանի և Երևան քաղաքի ոստիկանության ձերբակալվածների կենտրոնում պահվող ձերբակալված մի քանի անձանց հետ: ...

Գործնականում բոլոր անձինք, որոնք ձերբակալվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից 2008 թվականի մարտի 1-ին, հայտարարում են, որ ձերբակալության ժամանակ նրանց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական վատ վերաբերմունք, նույնիսկ երբ նրանք բացարձակ դիմադրություն ցույց չեն տվել: Վատ վերաբերմունքը հիմնականում ենթադրում է մահակի հարվածներ, մարմնին և գլխին բռունցքներով և ոտքով հասցված հարվածներ, գետնին հրելով պառկեցնելն ու ոստիկանական մեքենա քարշ տալը: Որոշ դեպքերում հարվածները շարունակվել են ոստիկանություն տանող ճանապարհի ողջ ընթացքում և այնտեղ ժամանելուց հետո: Վատ վերաբերմունքի մասին հայտարարող որոշ անձինք հայտնել են, որ իրավապահ մարմինների աշխատակիցներից ոմանք կրել են դիմակներ և ինքնությունը ճանաչելու համար ոչինչ չեն ունեցել իրենց հագուստի վրա:

Բացի այդ, պատվիրակությունը մի քանի հայտարարություններ է ստացել նաև ոստիկանությունում հարցաքննության ժամանակ ֆիզիկական վատ վերաբերմունք ցուցաբերելու առնչությամբ: Վատ վերաբերմունքը նկարագրվել է հիմնականում ապտակների, բռունցքներով և ոտքով հարվածների, մահակներով հարվածների ձևով և ակնհայտորեն կիրառվել է խոստովանություն ձեռք բերելու (մասնավորապես, այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվել են 2008 թվականի մարտի 1-ի անկարգությունների ժամանակ իրավապահ մարմինների դեմ բռնություն գործադրելու մեջ) կամ տեղեկատվություն ստանալու նպատակով այլ անձանց ներգրավելու համար:

...

Որոշ անձինք, ովքեր հայտարարում էին վատ վերաբերմունքի մասին, ստուգվել են պատվիրակության կազմում աշխատող բժիշկ անդամի կողմից, բացահայտելու համար ֆիզիկական այն նշանները, որոնք համապատասխանում են նրանց հայտարարություններին: Այցելած քրեակատարողական հիմնարկներում ներկայացված բժշկական փաստաթղթերը նույնպես ներառում են տարբեր վնասվածքների նկարագրություններ. հետազոտություններն անցկացվել են բանտի բժշկի կողմից պատվիրակության ժամանումից երկու շաբաթ առաջ»:

3. Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատար

ա) Մարդու իրավունքների հանձնակատարի 2008 թվականի մարտի 12-ից 15-ը Հայաստան կատարած իր հատուկ առաքելության զեկույց, CommDH (2008)11REV, 2008 թվականի մարտի 20

129. Զեկույցի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«Հայաստանի Հանրապետություն այցելելու որոշումը կայացվել է փետրվարի 19-ին նախագահական ընտրություններից հետո ծավալված իրադարձությունների լույսի ներքո: Օպերայի հրապարակում 9-օրյա խաղաղ ցույցերից հետո ՀՀ ոստիկանությունը և անվտանգության ուժերը մարտի 1-ին փորձ կատարեցին ցրել բողոքի ակցիայի մասնակիցներին: Ոստիկանության և անվտանգության ուժերի և ցուցարարների միջև Մյասնիկյանի հուշարձանի և Ֆրանսիական դեսպանատան առջև տեղի ունեցան բախումներ, որի արդյունքում զոհվեց 8 մարդ: Նույն երեկոյան նախագահը մայրաքաղաք Երևանում հայտարարեց արտակարգ իրավիճակ:

...

Փետրվարի 20-ին պրն. Տեր-Պետրոսյանը կոչ արեց իր կողմնակիցներին Երևանի կենտրոնում սկսել խաղաղ ցույց: Բողոքի ակցիայի դրսևորումները մեկնարկեցին փետրվարի 21-ին Օպերայի հրապարակում...

Մարտի 1-ին ոստիկանությունը որոշեց իրականացնել Օպերայի հրապարակում հավաքված ցուցարարների խուզարկության օպերացիա: Ոստիկանապետը Հանձնակատարին պարզաբանել է, որ ոստիկանությունը ստացել էր տեղեկություններ, որ ցուցարարները զինվում էին զենք ու զինամթերքով. մի հայտարարություն, որը հերքում են իրենք ցուցարարները: Ըստ ոստիկանապետի` ի սկզբանե նրանք մտադրություն են ունեցել նրանց տեղափոխել քաղաքի այլ վայր` հանրային տրանսպորտի և քաղաքի սանիտարական խնդիրներից խուսափելու համար:

Ըստ ստացված տեղեկությունների` խուզարկության օպերացիան մեկնարկել է շաբաթ առավոտյան մոտավորապես 06:30-ին: Այս օպերացիայի ընթացքում հանվել են վրանները, մարդիկ ենթարկվել են ծեծի և վիրավորվել: Ցուցարարները սկսել են ցուցաբերել դիմադրություն և ոստիկանության և անվտանգության ուժերի ու ցուցարարների միջև բռնկվել են բախումներ:

Համաձայն երկու կողմերի, նույն օրն առավոտյան ավելի ուշ կարծես թե ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն տեղափոխելու ցույցը այլ վայր և թույլ տալու այն շարունակել կամ Մյասնիկյանի հուշարձանի մոտ, կամ գնացքի գլխավոր կայարանի մերձակայքում: Այնուամենայնիվ, պարզվում է, որ առաջնորդները և մասնավորապես պրն. Տեր-Պետրոսյանը, ում այդ ժամանակ թույլ չէին տալիս դուրս գալ իր բնակարանից, այս համաձայնության մասին այդպես էլ պատշաճ կերպով չեն հաղորդել ցուցարարներին:

Ցուցարարները սկսել են շարժվել Ֆրանսիական և Ռուսական դեսպանատների ուղղությամբ` հավանաբար կարծելով, որ իրենք այնտեղ կարող են ավելի ապահով անել ցույցերը: Հարակից փոքր փողոցներում բռնկվել են ծանր բախումներ, և սպանվել է 8 մարդ: ...

Մարտի 1-ին օրվա ընթացքում ոստիկանության և անվտանգության ուժերի և բողոքի ակցիայի անհանգիստ մասնակիցների միջև բախումներ կարծես տեղի են ունեցել առնվազն երեք անգամ: Հանձնակատարին ցույց են տվել իրադարձությունների մի քանի տարբեր նկարներ և տեսաձայնագրություններ: Դրանցից կարծես պարզ է դառնում, որ ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից գործադրվել է չափից ավելի ուժ: Սա նաև հաստատում են վիրավորված անձանց հոծ բազմության անդամներ և անցորդ քաղաքացիներ, ովքեր գրանցվել են հիվանդանոցներում, ինչպես նաև գտնվել են կալանավայրերում` ծեծի նշաններով, կոնտուզիայով և նրանց գանգերի վրա բաց վերքերով: Ըստ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` վիրավորված քաղաքացիների պաշտոնական թիվը կարող էր չներկայացնել ամբողջական թիվը, քանի որ վիրավորվածներից մի քանիսին մարտի 1-ին չեն ընդունել հիվանդանոցներում և բժշկական կլինիկաներում:

Ըստ ոստիկանապետի` բողոքի ակցիայի որոշ մասնակիցներ զինված են եղել փայտե ձողերով, երկաթե ձողերով և «փշալարերով»: Նա նաև նշել է, որ բողոքի ակցիայի ներկայացուցիչները կիրառել են զենք, ինչը հերքել են ընդդիմության ներկայացուցիչները, ում հետ հանդիպել էր Հանձնակատարը:

Պարզ է, որ որոշ ցուցարարներ ոստիկանությունից պաշտպանվելու համար ոստիկանության և անվտանգության ուժերի նկատմամբ իսկապես կատարել են բռնություն պարունակող գործողություններ, ինչպես օրինակ` քարեր նետելը, ձևափոխված փայտե և երկաթե ձողեր օգտագործելը: Բողոքի ակցիայի որոշ մասնակիցներ նաև այրել են մեքենաներ և ավտոբուսներ: Վիրավորված ոստիկանության ծառայողների և զորակոչիկների մեծ մասն իրենց ոտքերի ներքևի հատվածում ունեցել են մետաղի կտորներից քերծված վերքեր: Պարզ չեն եղել այդ վերքերի առաջացման պատճառները, թե արդյոք դրանք եղել են տանը պատրաստված ռումբերից, ձեռքի նռնակներից, թե անվտանգության ուժերի կողմից ամբոխը վերահսկելու նպատակով կիրառված զինամթերքից:

Կան հակասող տարբերակներ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, և թե ինչպես է իրավիճակը զարգացել և արդյունքում դուրս եկել վերահսկողությունից: Դժվար է հստակ պատկերացում կազմել օրվա զարգացումների վերաբերյալ:

Պաշտոնական աղբյուրներով հաղորդված տեղեկությունների նկատմամբ վստահության բացակայությունը բարդացել է Արտակարգ իրավիճակի ժամանակ լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող սահմանափակումների արդյունքում: Սա մեծապես նպաստել է շատ տարբեր լուրերի, ինչն իր հերթին էլ ավելի է խտացրել թշնամական մթնոլորտը և բևեռացումը: ...

Մարտի 13-ին Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ ցույցերին մասնակցելու և հասարակական կարգի զանգվածային խախտումները կազմակերպելու կամ դրանց մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 95 մարդ: ... Ըստ կալանավորվածների և դատապաշտպանների` ձերբակալվածների մեծ մասի նկատմամբ առաջադրվել է հասարակական կարգը խախտելու, ապօրինի զենք կրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի և ոստիկանության կողմից ձերբակալություններին բռնությամբ դիմադրություն ցույց տալու մեղադրանք: ...

Հանձնակատարն այցելել է մի շարք կալանավորվածների «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որը հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության` ժամանակավորապես պահելու վայրը և Երևան քաղաքի ոստիկանության` պահելու կենտրոնը: Նրանք հայտարարել են, որ ձերբակալման հետ կապված ոստիկանությունը կիրառել է չափից ավելի ուժ: Հանձնակատարին թվում է, որ մի շարք դեպքերում ձերբակալման ժամանակ և ձերբակալվածներին ոստիկանության տարբեր բաժիններ տեղափոխելու ժամանակ կիրառվել է ծեծ: Մի քանի կալանավորվածներ հայտարարել են, որ հարցաքննության ժամանակ նրանց վիրավորել են: Նաև մոնիթորինգ իրականացնող տեղական և միջազգային մարմինները, ում հետ հանդիպել է Հանձնակատարը, հայտնել են, որ ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի դեպքերն աճել են: ...

Կալանավորվածներին և դատապաշտպաններին հանդիպելիս Հանձնակատարը տեղեկացել է, որ ձերբակալությունների գրանցման առումով եղել են ուշացումներ: Որոշ դեպքերում ձգձգվել է դատապաշտպան ունենալու հնարավորության ընձեռումը, և կալանավորվածների ընտանիքի անդամներին և հարազատներին չեն տեղեկացրել նրանց գտնվելու վայրի մասին: Հանձնակատարը նաև ստացել է տեղեկություն, որ ձերբակալված անձանց անհապաղ չեն տեղեկացրել նրանց առաջադրված մեղադրանքի մասին: ...

Դատախազները հետևողականորեն առաջադրել են նույն մեղադրանքը, անկախ նրանից թե արդյոք տվյալ անձն անմիջականորեն կատարել է կամ ներգրավված եղել է այդ արարքների կատարման մեջ: Որպես հիմք հիմնականում վկայակոչվել են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ` 225-րդ հոդվածի 3-րդ մաս, 316-րդ հոդված և 300-րդ հոդված: ...

Այդ ձերբակալվածների դեմ մեղադրանքների մասով դատախազություններն օգտագործել են ստանդարտ ձևակերպումներ: Դատավորները կարծես թե լրջորեն չեն քննել առաջադրվող մեղադրանքները, ձերբակալման օրինականությունը և ազատությունից զրկելու համաչափությունը հանցագործության ծանրությանը: Դատարանները կարծես թե շատ սովորական կերպով կայացրել են երկու ամիս ժամկետով մինչդատական կալանքի մասին որոշում, որպեսզի հնարավորություն տան քննիչին շարունակել քննությունը, նախապատրաստել առաջադրվելիք մեղադրանքը և քրեական գործը: Փաստաբանների պալատի անդամները Հանձնակատարին տեղեկացրել են, որ իրենք որոշել են բոյկոտել մի դատավորի վարույթները, ով ուղղակի առանց քննելու շաբլոնով հաստատում էր դատախազի կողմից բերված բոլոր միջնորդությունները»:

բ) Մարդու իրավունքների հանձնակատարի 2008 թվականի հուլիսի 13-ից 15-ը Հայաստան կատարած իր հատուկ առաքելության եզրակացությունների ամփոփ նկարագիրը, CommDH (2008)29, 2008 թվականի սեպտեմբերի 29

130. Ամփոփ նկարագրի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«1. Մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված ազատությունից զրկված անձանց մասով իրավիճակը շարունակում է մնալ լուրջ մտահոգության առարկա: Անհապաղ անհրաժեշտ է ցուցաբերել պահանջվող քաղաքական կամք` լուծման հասնելու համար:

2. 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին առնչվող բոլոր քրեական գործերի նախաքննության փուլն այժմ ավարտված է: Գործերի մեծ մասը բերվել է դատարան, և ներգրավված անձանց հոծ մեծամասնությունը` գրեթե բոլորը ընդդիմության կողմնակիցներ, մեղավոր են ճանաչվել և դատապարտվել: ...

3. Հանձնակատարը գտնում է, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալված անձանց ներկայացված մեղադրանքների բնույթը շարունակում է մնալ լուրջ հարցերից: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայության պետի` 2008 թվականի մարտի սկզբին որոշ տարածքային դատախազներին ուղղված գրությունը, որով նրանցից պահանջվում էր հավաքել տեղեկություններ ընդդիմության ցույցերի մասնակիցների վերաբերյալ, կոնկրետ գործողությունների մասին տեղեկությունների փոխարեն, հարցեր է առաջացնում քննության բնույթի և նպատակի մասին: ...

19 անձանց դեմ քրեական հետապնդման գործերը հիմնվել են միայն ոստիկանության ցուցմունքների վրա: Հանձնակատարի կողմից հարցազրույց անցած անձանցից շատերը համարել են, որ կողմերի հավասարության սկզբունքը գործնականում չի կիրառվել, և մի շարք գործերով արագ դատական քննություն իրականացնելը (որոնցից որոշները տևել են 30 րոպեից էլ քիչ) առաջացնում է հարցեր: Մինչ այժմ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված որևէ մեղադրանք չի առաջադրվել իրավապահ մարմինների որևէ ծառայողի նկատմամբ:

Հանձնակատարը ցանկանում է ընդգծել, որ անընդունելի է շարունակել մարդկանց պահել կալանքի տակ կամ դատապարտել, նույնիսկ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի` միայն նրանց քաղաքական համոզմունքների կամ ոչ բռնի արարքների համար:

գ) Մարդու իրավունքների հանձնակատարի` 2011 թվականի հունվարի 18-ից 21-ն իր այցից հետո պատրաստված զեկույց. CommDH (2011)12, 2011 թվականի մայիսի 9

131. Զեկույցի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«2008 թվականի մարտի իրադարձությունների համատեքստում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, որոնցից գրեթե բոլորը եղել են ընդդիմության կողմնակիցներ, և որոնցից շատերի նկատմամբ հարուցվել են քրեական վարույթներ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների և 2009 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշումն իրականացնելու արդյունքում 2008 թվականի մարտի իրադարձությունների առնչությամբ ազատությունից զրկված մարդկանց մեծ մասն ազատ է արձակվել: ... Մի շարք կալանավորներ և ընդդիմադիր գործիչներ 2010 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ազատ են արձակվել` իրենց պատիժը կիսով չափ կրելուց հետո կամ որովհետև ունեին վաղաժամկետ պայմանական ազատման իրավունք, այդ թվում` դիմումատուն...»:

Բ. Այլ միջազգային մարմիններ

1. Եվրոպական խորհրդարան

132. 2008 թվականի մարտի 13-ին ընդունված` Հայաստանի իրավիճակի մասին բանաձևի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

Եվրոպական խորհրդարանը,

...

Ե. հաշվի առնելով, որ ընդդիմության կողմնակիցները 2008 թվականի փետրվարի 20-ին Երևանում սկսել են խաղաղ ցույցեր` ընտրության արդյունքների դեմ բողոքելու և նոր ընտրություններ պահանջելու համար, հաշվի առնելով, որ 2008 թվականի մարտի 1-ին, ընդդիմության կողմնակիցների կողմից 11-օրյա բողոքի ակցիայից հետո բռնկվել են բռնի գործողություններ, երբ ոստիկանությունը մտել է Երևանի կենտրոնի Ազատության հրապարակ` վրաններում գիշերող ցուցարարներին ցրելու համար, թողնելով ութը մարդ, այդ թվում` մեկ ոստիկանության ծառայող մահացած, և տասնյակ վիրավորներ. հաշվի առնելով, որ 2008 թվականի մարտի 1-ին հայտարարվել է արտակարգ դրություն, ինչը սահմանափակել է լրատվամիջոցների ազատությունը, հավաքների և քաղաքական կուսակցությունների ազատությունը,

...

Է. հաշվի առնելով, որ ձերբակալվել են շատ մարդիկ, և որ նրանցից շատերին առաջադրվել է զանգվածային անկարգություններ հրահրելու և դրանց մասնակցելու և իշխանությունը բռնություն գործադրելու միջոցով զավթելու մեղադրանք. ....

1. Արտահայտում է իր մտահոգությունը Հայաստանում վերջին զարգացումների` բռնություն գործադրող ոստիկանության կողմից ընդդիմադիր ցուցարարների հետապնդման կապակցությամբ, որի հետևանքով մահացել է ութ քաղաքացի` ներառյալ մեկ ոստիկանության ծառայող, ավելի քան հարյուր վիրավորներով, և կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել բաց վերաբերմունք և զսպվածություն, մեղմացնել իրենց հայտարարությունները և ներգրավվել երկրի ժողովրդավարական ինստիտուտներին սատարելուն և կոնսոլիդացնելուն ուղղված կառուցողական և արդյունավետ երկխոսության մեջ:

2. Կոչ է անում իրականացնել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների անհապաղ, մանրամասն, թափանցիկ, անկախ և անկողմնակալ քննություն, այդ թվում` ցույցերը ցրելու ժամանակ ոստիկանության միջամտության անկախ քննություն, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել և պատժել բոլոր պատասխանատուներին ոչ պատշաճ վարք դրսևորելու և բռնություն պարունակող հանցավոր արարքների համար...»:

2. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն/ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ

133. Հայաստանում «Դատավարությունների դիտարկում» ծրագրի (2008 թվականի ապրիլ-2009 թվականի հունիս) վերջնական զեկույցի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«ԺՀՄԻԳ-ի` «Դատավարությունների դիտարկում» ծրագրի (Ծրագիր) արդյունքները արձանագրեցին բացթողումներ 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հետընտրական բռնություններին առնչվող դատավարություններում... Ծրագրի իրականացումը նպատակ ուներ համակարգված եղանակով տեղեկություններ հավաքել դիտարկվող դատավարությունների` արդար դատաքննության ներպետական և միջազգային չափանիշներին համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև հայտնաբերել քրեական արդարադատության համակարգում հնարավոր բացթողումները: Այս նպատակի իրականացման համար 2008 թվականի ապրիլ ամսից մինչև 2009 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Ծրագրի անձնակազմը դիտարկել է 93 քրեական գործ` ընդհանուր թվով 109 ամբաստանյալների մասնակցությամբ:

Դիտարկված բազմաթիվ գործերում ի հայտ են եկել բացթողումներ` մեղադրանքի և պաշտպանության կողմերի միջև իրական դատավարական հավասարության առնչությամբ, ինչը հակասում է արդար դատաքննության վերաբերյալ ներպետական օրենսդրությանը և միջազգային չափանիշներին: Երբեմն դատավորները հակված են եղել դրսևորել անհավասար վերաբերմունք կողմերի նկատմամբ` ցուցաբերելով ակնհայտ բարյացակամ վերաբերմունք մեղադրող կողմի և ակնհայտ թշնամական վերաբերմունք պաշտպանության կողմի նկատմամբ: Բազմաթիվ նիստերի ընթացքում դատավորները պաշտպանության կողմին չեն թույլատրել ներկայացնելու գործը և/կամ հարցաքննելու մեղադրող կողմի վկաներին: ... Մեծաթիվ գործերում արձանագրված խնդրահարույց հարցերից է ոստիկանների մեղսագրական ցուցմունքների վրա չափից ավելի հիմնվելը, ինչը նաև կասկած է հարուցում դիտարկված գործերում կողմերի հավասարության սկզբունքի առկայության առնչությամբ: Մի շարք գործերում, ոստիկան վկաների հայտարարությունները հանդիսացել են մեղադրական դատավճիռներ կայացնելու գլխավոր, եթե ոչ միակ հիմքը` չնայած հաճախակի տեղ գտած դատավարական խախտումներին, հակասություններին և փաստերը հաստատող ապացույցների բացակայությանը: ...

Պաշտպանները պարբերաբար միջնորդել են դատարաններին` վկաներ դատակոչելու, դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, և այլ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու խնդրանքներով: Դատարանները հիմնականում դժկամություն էին ցուցաբերում այս միջնորդությունների բավարարման հարցում` հաճախ առանց որևէ պատճառաբանության, թեև ներպետական օրենսդրությունը դատարաններին պարտավորեցնում է պատճառաբանել այս որոշումները: Միջնորդությունների նման չհիմնավորված մերժումները պաշտպանության կողմին դնում էին լուրջ անբարենպաստ պայմանների մեջ` զրկելով նրան մեղադրանքի կողմի հետ հավասար պայմաններում իր գործը ներկայացնելու հնարավորությունից: Արդյունքում, առաջին ատյանում դիտարկված առնվազն 44 գործով դատարանի կողմից լսված վկաների ցուցմունքները նպաստել են միայն իրադարձությունների վերաբերյալ մեղադրանքի կողմի առաջարկված տարբերակի հիմնավորմանը: Պաշտպանության կողմը արդյունավետորեն զրկվել է հավանական արդարացնող ապացույցները ձեռք բերելու և մեղադրանքի կողմի վկաների ցուցմունքները հերքելու հնարավորությունից: ...

Ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների օգտագործումը դիտարկված մի շարք գործերի ընդգծված հատկանիշներից էր: Դիտարկված գործերով մեղադրանքի կողմի հրավիրած 234 վկաներից 125-ը ոստիկանության աշխատակիցներ էին: Դիտորդներն արձանագրել են 19 առանձին գործեր, որոնցում մեղադրանքները հիմնված են եղել ոստիկանության աշխատակիցների մեղսագրական ցուցմունքների վրա: ... 17 գործերով ոստիկան վկաների կողմից տրված ցուցմունքները դատարանում վկաների կողմից տրված միակ ցուցմունքներն են եղել և հանդիսացել են դատարանի որոշումների հիմնական հիմքը: Այս գործերի դիտարկումների արդյունքները մի շարք մտահոգությունների տեղիք են տալիս: Ոստիկան վկաների մասնակցությամբ 19 գործերով 13 ամբաստանյալների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար ՔՕ-ի 316-րդ հոդվածի համաձայն: Ոստիկանության որոշ աշխատակիցներ, որոնք որպես վկա ցուցմունք էին տալիս այս գործերով, ճանաչվել են որպես տուժող այլ գործերով: Առնվազն վեց ամբաստանյալներ հայտարարել են ձերբակալության ժամանակ ոստիկանության կողմից իրենց նկատմամբ ցուցաբերած հակաիրավական վարքագծի և կիրառված բռնությունների մասին: Դատավորները չեն քննել այս հայտարարությունները, ինչպես նաև չեն բացառել այդպիսի ապացույցների օգտագործումը: Նման իրավիճակներում արդար դատաքննության վերաբերյալ ազգային օրենսդրությունը և միջազգային չափանիշները նախատեսում են, որ դատավորներն ամեն ջանք կգործադրեն` վերաբերելի բոլոր ապացույցների ձեռքբերման և հետազոտման ուղղությամբ, ինչպես նաև մեղադրյալին կտրամադրեն մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցներն արդյունավետ վիճարկելու հնարավորություն: Սակայն դատարանները, ըստ երևույթին, նման ջանքեր չեն գործադրել: Դիտարկումների արդյունքում հավաքված տեղեկությունները մատնանշում են, որ դատավորները պատրաստակամորեն ընդունում էին ոստիկան վկաների ցուցմունքները և չէին պահանջում այդ ցուցմունքները հաստատող այլ ապացույցներ: Որոշ դեպքերում, ոստիկանների ցուցմունքներն ընդունվել են դատավորների կողմից նույնիսկ այն դեպքում, երբ առկա էին էական հակասություններ այդ վկաների` մինչդատական վարույթում և դատարանում տրված ցուցմունքների միջև, ինչպես նաև այն դեպքերում, երբ նույն գործով տարբեր ոստիկանների ցուցմունքներն ակնհայտորեն հակասում էին միմյանց: Միաժամանակ, դատավորները մեղադրանքի կողմից չեն պահանջել ներկայացնել ապացույցներ, որոնք կհաստատեին ոստիկանների ցուցմունքների արժանահավատությունը, և մերժել են վկաներ հրավիրելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունները... Թեև այս միջնորդությունների որոշ մասը մերժվել է առանց որևէ պատճառաբանության, այլ դեպքերում դատավորները պաշտպանության կողմին հայտնել են, որ կարիք չկա հրավիրելու այն վկաներին, որոնց ... ցուցմունքներն ... չունեն էական նշանակություն գործի համար, կամ որ առաջարկված վկաները չէին կարող անկողմնակալ ցուցմունքներ տալ` ամբաստանյալի հետ ունեցած կապերի պատճառով»:

Գ. «Հյուման Րայթս Ուոթչ»-ի զեկույցը. Ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին, Հայաստանի 2008 թվականի վիճարկված նախագահական ընտրությունները, հետընտրական բռնությունները և միակողմանի պատասխանատվության կանչելու քաղաքականությունը

134. Զեկույցի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

«Հայտարարությունները» «Հյուման Րայթս Ուոթչ»-ը վերցրել է ցուցարարների և դիտողների տեղեկություններից, որ մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում վրանների ճամբարում ոստիկանության առաջին գործողության հետևանքով առանց զգուշացման և սկզբում դիմադրության բացակայության պայմաններում գործադրվել է չափից ավելի ուժ: Թեև ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակին հարող փողոցներից սկսել են քարեր նետել ոստիկանության վրա, մի մասնակից պատմել է, որ նա ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից, ով նրան գտել է գետնին պառկած: ...

Վաղ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցների հեռացումը և բողոքի ակցիայի մասնակիցների ճամբարը Ազատության հրապարակում

Փետրվարի 29-ի գիշերից մինչև մարտի 1-ը Ազատության հրապարակում գտնվել են բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցներ, ովքեր գիշերում էին 25-ից 30 վրաններում: Մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանությունը շարժվել է բողոքի ակցիայի մասնակիցների ճամբարի դեմ:

Ըստ Ոստիկանության պետի առաջին տեղակալի Ա.Մ., ով «Հյուման Րայթս Ուոթչ»-ի հետ խոսել էր չորս շաբաթ անց, մարտի 1-ին ոստիկանությունը ժամանել է Ազատության հրապարակ խուզարկում իրականացնելու համար, գործելով այն տեղեկության հիման վրա, որ ցուցարարները զինվում են մետաղյա լարերով և հնարավոր է նաև զենքով` պատրաստվելով մարտի 1-ին իրականացնել բռնություն պարունակող բողոքի ակցիայի գործողություններ: Ա.Մ.-ն ասել է, որ սկզբում բողոքի ակցիայի մասնակիցների ճամբարի խուզարկումն իրականացնելու համար ուղարկվել է 25-30 ոստիկանության ծառայողների խումբ, այդ թվում` փորձագետներ և քննիչներ: Երբ խումբը փորձել է իրականացնել խուզարկումը, բողոքի ակցիայի մասնակիցները դարձել են ագրեսիվ և փայտե և երկաթե ձողերով դիմադրություն են ցուցաբերել ոստիկանությանը, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի ոստիկան: Այդ ժամանակ ավելի շատ ոստիկաններ ստիպված են եղել միանալ և գործադրել ուժ` ամբոխը ցրելու և խուզարկումն իրականացնող խմբին աջակցելու համար: Ըստ Ա.Մ.-ի, այս օպերացիան տևել է մոտ 30 րոպե և արդյունքում վնասվածքներ են հասցվել 10 ոստիկանի: Չնայած «Հյուման Րայթս Ուոթչ»-ի պահանջին, Ա.Մ.-ն չի տրամադրել մանրամասներ այդ վիրավորված ոստիկանների և հասցված վնասվածքների բնույթի վերաբերյալ:

«Հյուման Րայթս Ուոթչ»-ի կողմից հարցազրույց անցած մի քանի վկաներ հետևողականորեն ներկայացրել են մարտի 1-ի առավոտյան Օպերայի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների այլ հաջորդականություն: Ըստ նրանց, առավոտյան ժամը 6-ից շատ քիչ անց, երբ դեռ մութ է եղել, և երբ ցուցարարները սկսել են արթնանալ, լուրեր են տարածվել, որ ոստիկանությունը ժամանում է Ազատության հրապարակ: Թումանյան փողոցից և Մաշտոցի պողոտայից չորս կամ հինգ շարքով հրապարակին սկսել են մոտենալ ոստիկանության հատուկ նշանակության և արագ արձագանքման զորքերի հարյուրավոր ծառայողներ զինված` սաղավարտներով, պլաստմասե վահաններով և ռետինե մահակներով: Ոստիկանությունը շրջապատել է հրապարակը և մի քանի րոպե կանգնել այնտեղ:

Լևոն Տեր-Պետրոսյանին, որը քնած է եղել հրապարակի մոտ կայանած իր մեքենայում, արթնացրել են: Համաձայն «Հյուման Րայթս Ուոթչ»-ին իր տված տեղեկության, նա դիմել է բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնցից մի քանիսն այդ ժամանակ դուրս էին եկել իրենց վրաններից, խնդրելով նրանց հետ գնալ ոստիկանության շարքից, որից հետո մնալ այնտեղ, որտեղ նրանք գտնվում են և սպասել ոստիկանության հրահանգներին: Նա նաև զգուշացրել է ոստիկանությանը, որ ցուցարարների մեջ կան կանայք և երեխաներ:

Նույնիսկ մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքի ավարտը, ոստիկանությունը մի քանի գծով առաջացել է դեպի ցուցարարները, իրենց ռետինե մահակներով հարվածելով իրենց վահաններին: Ըստ մի քանի վկաների, ոստիկանությունը ցրվելու որևէ լսելի պահանջ չի ներկայացրել որևէ մեկին, ոչ էլ որևէ կերպ բացատրել է իրենց ներկայության նպատակը: Նրանք սկսել են իրենց մահակներով հրել ցուցարարներին հրապարակից, որոշների մոտ առաջացնելով խուճապ և բղավոցներ, իսկ մյուսների մոտ փախուստ: Որոշ ցուցարարներ պատրաստ են եղել պայքարել ոստիկանության հետ, և այդ պատճառով է, որ ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, նա հորդորել է ամբոխին չդիմադրել ոստիկանությանը: Մյուսները դեռ իրենց վրաններում են եղել:

Անմիջապես հետո, առանց զգուշացնելու, հատուկ նշանակության և արագ արձագանքման ոստիկանության զորքերը հարձակվել են ցուցարարների վրա` գործի դնելով իրենց ռետինե մահակները, երկաթե ձողերը և էլեկտրաշոկային մահակները: ... Ազատության հրապարակում վաղ առավոտյան ոստիկանության գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, վիրավորվել է 31 մարդ, այդ թվում` 6 ոստիկան:

Ոստիկանությունը հայտարարել է, որ ցուցարարներին ցրելուց հետո նրանք գտել են իրական և իմպրովիզացված զենքերի պաշար, այդ թվում` «երեք հրացան, 15 ական, երկու փամփուշտների պարկուճ և տարբեր տրամագծերի 138 փամփուշտ, պլաստմասե պայթուցիկներ, մեծ թվով իմպրովիզացված զենք, ներարկիչներ և թմրամիջոցներ»: «Հյուման Րայթս Ուոթչ»-ի կողմից հարցազրույց անցած բոլոր վկաները և զոհերը հայտարարել են, որ զենքի ենթադրյալ գաղտնարանը տեղադրվել է ցույցը ցրելուց հետո: Մարտի 1-ի դեպքերը քննելու նպատակով ստեղծված ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահը 2009 թվականի հունվարին «Հյուման Րայթս Ուոթչ»-ին ասել է, որ նա չի տեսել զենքի գաղտնարանը ցույցերի մասնակիցների կամ կազմակերպիչների հետ առնչություն ունենալու որևէ ապացույց»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

i

135. Դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ իր ձերբակալության ժամանակ և ոստիկանության բաժնում իրեն վատ են վերաբերվել, և որ հանցագործություն կատարած անձինք չեն բացահայտվել և չեն պատժվել: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

Ա. Ընդունելիությունը

i

136. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի

3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

1. Ենթադրյալ վատ վերաբերմունքը

ա) Կողմերի փաստարկները

137. Դիմումատուն նշել է, որ նրան վատ են վերաբերվել և նվաստացրել են փողոցում իր ձերբակալման ժամանակ և Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնում, ուր նրան հետո տարել են 2008 թվականի մարտի 1-ին: Նրա նկատմամբ գործադրված բռնությունը բարձր է եղել որպես Կոնվենցիայի

3-րդ հոդվածով սահմանված խոշտանգում որակվելու պահանջվող շեմից և վերագրելի է եղել ոստիկանության ծառայողներին: Վատ վերաբերմունքի հետևանքով լինելով շատ վատ վիճակում` նա նույնիսկ ի վիճակի չի եղել ցուցմունք տալու այն քննիչին, ով եկել էր իրեն հարցաքննելու: Նա հետևողականորեն առաջ է քաշել վատ վերաբերմունքի հարցը տեղական իշխանություններին, այդ թվում` դատարանին և դատախազությանը ներկայացրած իր բոլոր փաստարկներում: Կառավարությունը չի հերքել, որ ոստիկանության ծառայողները պատասխանատու են եղել նրա վնասվածքների համար, սակայն հիմնվելով ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ցուցմունքների վրա` պարզապես կասկած է հայտնել, որ այդ վնասվածքները հասցվել են նրա ձերբակալման ժամանակ:

138. Այնուհետև դիմումատուն վիճարկել է Կառավարության հայտարարությունն այն մասին, որ նա այդ վնասվածքները ստացել է Ազատության հրապարակում ցույցը ցրելու ժամանակ: Եթե այդպես լիներ, ոստիկանության ծառայողները պետք է զեկուցած լինեին այդ վնասվածքների և նրա նկատմամբ գործադրված ուժի մասին, ինչպես պահանջվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով: Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ ենթադրենք, որ նշված վնասվածքները հասցվել են խաղաղ ցույցերը ցրելու ժամանակ, միևնույնն է, սա կնշանակի, որ նա դրանք ստացել է ոստիկանության կողմից: Ցուցարարների նկատմամբ բռնության և չափազանց դաժան վերաբերմունքի մասին բազմիցս արձանագրվել է մի շարք միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ծառայությունների, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից: Իր հայտարարությունը հիմնավորելու նպատակով դիմումատուն հղում է կատարել, inter alia, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) զեկույցին և Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցին (տե՛ս վերևում` 128-րդ և 129-րդ պարբերությունները):

139. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին հայտարարությունը: Հիմնվելով դիմումատուի քրեական գործով քննության արդյունքների, այդ թվում` ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա` նրանք նշել են, որ դիմումատուի վնասվածքներն արդեն գոյություն են ունեցել մինչև նրա ձերբակալումը, և պետք է որ հասցված լինեին 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կամ որևէ այլ վայրում տեղի ունեցած բախումների ժամանակ: Դիմումատուն ընդունել է այն փաստը, որ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի են ունեցել լուրջ բախումներ: Հայտնի փաստ էր, որ երկու կողմերը, ովքեր ներկա են եղել այդ իրադարձություններին, այդ թվում` դիմումատուն, ստացել են բազմաթիվ վնասվածքներ այդ բախումների ժամանակ: Այսպես` դիմումատուն շատ այլ մարդկանց, և՛ ցուցարարների, և՛ ոստիկանության ծառայողների հետ կարող էր վնասված լինել: Կառավարությունը նշել է, որ դիմումատուն եղել է 2008 թվականի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ակտիվ մասնակից, որի ժամանակ ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև տեղի են ունեցել լայնածավալ բախումներ, բռնություն, ավերումներ, ծեծ և մարմնական վնասվածքներ, և պնդել է, որ նա արդեն ստացել էր այդ վնասվածքները մինչև նրան ոստիկանության բաժին տանելը: Նա ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն, բժշկական փորձագետների կողմից կազմվել են համապատասխան բժշկական արձանագրություններ:

 

բ) Դատարանի գնահատականը

 

140. Դատարանը վերահաստատում է, որ 3-րդ հոդվածում սահմանվում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը: Այն բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` անկախ տուժածի վարքագծից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Լաբիթան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Labita v. Italy [GC]], թիվ 26772/95, § 119, ՄԻԵԴ 2000-IV): Ազատությունից զրկված կամ ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների հետ բախում ունեցած անձի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը, եթե դա չի արվել վերջինիս սեփական պահվածքից առաջացած խիստ անհրաժեշտության հանգամանքներում, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և, ըստ էության, Կոնվենցիայի 3-րդ հոդվածում սահմանված իրավունքի խախտում է (տե՛ս Բուիդն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Bouyid v. Belgium [GC]], § 88 և 100, 2015 թվականի սեպտեմբերի 28):

141. Դատարանը հիմնականում կիրառում է ապացուցման «հիմնավոր կասկածից վեր» չափանիշն այն ապացույցները գնահատելիս, որոնց վրա անհրաժեշտ էր հիմնվել 3-րդ հոդվածի խախտում արձանագրելու հարցի առնչությամբ որոշում կայացնելիս: Նման ապացույցները կարող են բխել բավականաչափ արժանահավատ, հստակ և միմյանց չհակասող ենթադրությունների կամ փաստի գոյության վերաբերյալ համանման անհերքելի կանխավարկածների առկայությունից (տե՛ս Յալոհն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Jalloh v.Germany [GC]], թիվ 54810/00, § 67, ՄԻԵԴ 2006/IX):

142. Այն դեպքում, երբ պետական մարմիններն ամբողջությամբ կամ առավելապես ծանոթ են խնդրո առարկա իրադարձություններին, ինչպես օրինակ` իրենց հսկողության ներքո արգելանքի տակ գտնվող անձանց պարագայում է, կառաջանան կալանավորման ընթացքում ստացված վնասվածքների կամ մահվան փաստի վերաբերյալ ծանրակշիռ կանխավարկածներ: Իսկապես, ապացուցման պարտականության առումով կարելի է համարել, որ իշխանություններն են կրում բավարար և համոզիչ բացատրություն տրամադրելու պարտականությունը (տե՛ս Սալմանն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Salman v. Turkey [GC]], թիվ 21986/93, § 100, ՄԻԵԴ 2000/VII): Նույն կերպ, երբ անհատին առողջ վիճակում տանում են ոստիկանություն` ձերբակալվածներին պահելու վայր, և նա ազատվում է վնասվածքով, ապա պետության պարտականությունն է ներկայացնել արժանահավատ բացատրություն այն մասին, թե ինչպես են առաջացել այդ վնասվածքները, ինչը չանելու դեպքում առաջանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի մասով խնդիր (տե՛ս Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Gafgen v. Germany [GC]], թիվ 22978/05, § 92, ՄԻԵԴ 2010/...):

143. Դատարանը նշում է, որ սույն գործում կողմերի միջև չկա վեճ այն մասին, որ դիմումատուն եղել է Ազատության հրապարակում, որտեղից նա փախել է, և այնուհետև շուտով ձերբակալվել այլ վայրում և տարվել Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին. այս ամենը տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան: 2008 թվականի մարտի 2-ին նա տեղափոխվել է ոստիկանության` անազատության մեջ պահելու խուց, և ընդունելու ժամանակ արձանագրվել են տարբեր վնասվածքներ (տե՛ս վերևում` 35-րդ պարբերությունը): Դիմումատուի մեկ այլ բժշկական զննում իրականացվել է 2008 թվականի մարտի 5-ին քրեակատարողական հիմնարկ ընդունելու ժամանակ, և նորից արձանագրվել են մի շարք վնասվածքներ (տե՛ս վերևում` 46-րդ պարբերությունը): Եվ վերջապես, 2008 թվականի մարտի 10-ին դիմումատուն զննվել է դատաբժշկական փորձագետի կողմից, ինչպես կարգադրվել է քննիչի` 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ, ով ևս արձանագրել է դիմումատուի գլխի և մարմնի տարբեր վնասվածքներ (տե՛ս վերևում` 48-րդ պարբերությունը):

144. Դիմումատուն պնդել է, որ վերը նշված վնասվածքները հասցվել են 2008 թվականի մարտի 1-ին փողոցում իր ձերբակալման ժամանակ և Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին ժամանելուց հետո: Նա նշել է, որ երկու դեպքում էլ ոստիկանության ծառայողների կողմից նա ենթարկվել է դաժան ծեծի: Կառավարությունը վիճարկել է դիմումատուի հայտարարությունը և պնդել, որ նա իր վնասվածքները ստացել է Ազատության հրապարակում կամ այլ վայրում տեղի ունեցած բախումների ժամանակ:

145. Դատարանը նշում է, որ կողմերը համաձայնել են, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության կողմից իրականացված գործողության ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ: Այնուամենայնիվ հստակ չէ, թե արդյոք պնդելով, որ դիմումատուն վնասվել է այդ բախումների կամ «այլ բախման» ժամանակ, Կառավարությունը նկատի է ունեցել, որ նշված վնասվածքները հասցվել են ոստիկանության ծառայողների կողմից օրինական և համաչափ ուժ գործադրելու արդյունքում: Բոլոր դեպքերում Դատարանն անհրաժեշտ չի համարում քննել այդ հարցը, քանի որ Կառավարության այդ պնդումը կրում է զուտ ենթադրական բնույթ և հիմնավորված չէ որևէ ապացույցով: Չսահմանափակելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի` դատավարական հայեցակետի մասով իր եզրահանգումները (տե՛ս ստորև` 153-156-րդ պարբերությունները)` Դատարանը նշում է, որ նրանց պնդումը հիմնված չէ դիմումատուի վնասվածքների պատճառների որևէ պաշտոնական քննության վրա, ինչը կարող էր հնարավոր դարձնել անկախ և անկողմնակալ հետաքննության միջոցով հաստատելը, որ դիմումատուն վնասվածքները ստացելէ Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումների ժամանակ կամ այլ հանգամանքներում` ոստիկանության կողմից օրինական և համաչափ ուժ գործադրելու արդյունքում` ի հակադրություն ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալության ժամանակ կամ ավելի ուշ` ոստիկանության բաժնում չափից ավելի ուժ գործադրելու, վատ վերաբերմունքի կամ որևէ այլ անօրինական գործողությունների արդյունք լինելուն:

146. ՈՒստի Կառավարությունը չի ներկայացրել ապացույցներ և չի տրամադրել բավարար և համոզիչ բացատրություն Կենտրոն վարչական շրջանի ոստիկանությունից տեղափոխելուց հետո արձանագրված` դիմումատուի վնասվածքների համար: Մյուս կողմից դիմումատուն հետևողականորեն և բազմիցս բարձրացրել է իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները տարբեր ներպետական մարմիններում (տե՛ս վերևում` 37-րդ, 44-րդ, 48-րդ, 55-րդ, 81-րդ և 86-րդ պարբերությունները): Հաշվի առնելով այն փաստը, որ այդ պարզաբանումը բացակայում է և՛ ներպետական մակարդակում քննության փուլում, և՛ Դատարանում, Դատարանը եզրակացնում է, որ ոստիկանությունը դիմումատուի նկատմամբ ցուցաբերել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին հակասող վերաբերմունք:

147. Դիմումատուի վնասվածքների բնույթը և ծանրությունը և Դատարանի տրամադրության տակ եղած նյութերի ամբողջականությունը, այդ թվում` իր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մասին դիմումատուի նկարագրությունը թույլ են տալիս եզրակացնել, որ դիմումատուի նկատմամբ ցուցաբերվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:

148. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում:

2. Քննության ենթադրյալ անարդյունավետությունը

149. Դիմումատուն նշել է, որ ինքը քննիչին, դատախազին և դատարաններին ցուցմունք է տվել իր նկատմամբ վատ վերաբերմունքի բազմաթիվ դեպքերի մասին, սակայն բացարձակ արձագանք չի եղել, և ոչ մեկը չի ենթարկվել պատասխանատվության: Ընդհանրապես, ոստիկանության ոչ մի ծառայող կամ հատուկ ուժերի ոչ մի անդամ չի ենթարկվել պատասխանատվության 2008 թվականի մարտի 1-2-ին ցուցարարների նկատմամբ լայնածավալ բռնության, այդ թվում` քաղաքացիների մահվան համար: Չի կայացվել որևէ որոշում իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասով քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ, և ոչ մի դատարան քննություն իրականացնող մարմնից չի պահանջել հարուցել նման վարույթ: Չնայած, որ ինքն ունեցել է բազմաթիվ տեսանելի վնասվածքներ, քննության ժամանակ նրան տրված հարցերն ամբողջությամբ վերաբերել են իր քաղաքական գործունեությանը և ցույցերին որպես ընդդիմության անդամ մասնակցությանը: Սա հստակ ցույց է տվել, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասով քննությունը հարուցված քրեական գործի շրջանակում ունեցել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսվածից այլ նպատակ և ինչ-որ առումով չի առնչվել վատ վերաբերմունքի մասին հայտարարություններին: Բացի այդ, դատաբժշկական փորձագետն ուշացումով իրականացրել է նրա վնասվածքների բժշկական զննում, ինչը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ: Արդյունքում, վատ վերաբերմունքի մասին իր հայտարարությունների առնչությամբ արդյունավետ քննություն չի իրականացվել:

150. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները ենթարկվել են ամբողջական, օբյեկտիվ և համապարփակ պաշտոնական քննության` իր քրեական գործի շրջանակներում: Քննությունն իրականացվել է Հատուկ քննչական ծառայության կողմից` առանձին և անկախ մարմնի կողմից, որը չի գտնվում ոստիկանության կազմում և ոչ էլ վերջինիս ենթակայության տակ: Քննություն իրականացնող մարմինը հարցաքննել է տուժողին, ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ին և մի շարք այլ վկաների, որոնք բոլորը ժխտել են դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի փաստը: Հետագայում կարգադրվել է իրականացնել մի շարք բժշկական զննումներ: Դիմումատուն, մյուս կողմից, հրաժարվել է մասնակցել ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի հետ 2008 թվականի օգոստոսի 5-ին իրականացվելիք առերեսմանը: Ինչպես նաև ո՛չ նա, ո՛չ նրա փաստաբանը չեն ներկայացրել լրացուցիչ քննչական գործողություններ ձեռնարկելու որևէ պահանջ: Բացի այդ, վատ վերաբերմունքի մասին դիմումատուի հայտարարությունները մանրամասն ուսումնասիրվել են իր գործով դատական քննության ժամանակ: Ե՛վ Երևանի քրեական դատարանը, և՛ Վերաքննիչ քրեական դատարանն ուսումնասիրել են վերաբերելի հանգամանքները և դիմումատուի բողոքները: Երևանի քրեական դատարանը ևս հարցաքննել է վկաներին և ուսումնասիրել գոյություն ունեցող մյուս ապացույցները: Դատական քննության ժամանակ հաստատվել է, որ դիմումատուն վնասվածքները ստացել է իր ձերբակալումից առաջ: Այդ փաստի առնչությամբ քննությունը դեռ ընթացքի մեջ էր թիվ 62202608 քրեական գործի շրջանակներում:

151. Դատարանը կրկին նշում է, որ երբ անհատը փաստարկելի պնդում է ներկայացնում այն մասին, որ իր նկատմամբ ոստիկանության կամ պետական այլ նման ծառայողների կողմից ցուցաբերվել է այնպիսի վերաբերմունք, որը խախտում է 3-րդ հոդվածը, այդ դրույթով, որը մեկնաբանվում է Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն պետության հիմնական պարտականության մասին դրույթի հետ, որ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի ...», անուղղակիորեն պահանջվում է իրականացնել պաշտոնական արդյունավետ քննություն: Այդ քննությունը պետք է հանգեցնի պատասխանատու անձանց բացահայտմանը և անհրաժեշտության դեպքում` պատժին: Եթե ոչ, ապա խոշտանգման և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի ընդհանուր իրավական արգելքը, չնայած դրա սկզբունքային կարևորությանը, անարդյունավետ կլիներ գործնականում, և որոշ դեպքերում պետության ծառայողները կկարողանային ենթադրյալ անպատժելիությամբ չարաշահել իրենց վերահսկողության տակ գտնվող անձանց իրավունքները (տե՛ս Էլ-Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ] [El-Masri v. the former Yugoslav Republic of Macedonia [GC]], թիվ 39630/09, 182-րդ պարբերություն, ՄԻԵԴ 2012):

152. Քննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե արդյունքի պարտականություն է, այլ միջոցների». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ հանգի մի եզրակացության, որը համապատասխանում է դիմումատուի կողմից նշված իրադարձությունների շարադրանքին, սակայն դրա միջոցով գործնականում պետք է հնարավոր լինի հաստատել գործով փաստերը, և այն դեպքում, երբ պարզվում է, որ հայտարարությունները ճիշտ են, ապա նաև հանգեցնի հանցանքի համար պատասխանատուների բացահայտմանը, ու արդարացված լինելու դեպքում` նրանց պատժելուն (տե՛ս Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի [Virabyan v. Armenia], թիվ 40094/05, § 162, 2012 թվականի հոկտեմբերի 2): Այսպիսով, վատ վերաբերմունքի մասին լուրջ հայտարարությունների քննությունը պետք է իրականացվի արագ և մանրամասն: Դա նշանակում է, որ իշխանության մարմինները միշտ պետք է ձգտեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել և չպետք է հիմնվեն հապճեպ արված կամ անհիմն եզրակացությունների վրա` իրենց քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները` միջադեպի հետ կապված ապացույցներն ապահովելու համար, ինչը ներառում է, inter alia, առերես հարցաքննությունը և դատաբժշկական ապացույցները: Քննության ցանկացած թերություն, որը կարող է խաթարել վնասվածքների պատճառի կամ դրանց համար պատասխանատու անձանց ինքնության հաստատումը, կարող է այս չափանիշին չհամապատասխանելու վտանգ առաջացնել (տե՛ս Էլ-Մասրիի գործը` վերևում հիշատակված, § 183): Թեև կարող են լինել խոչընդոտներ կամ դժվարություններ, որոնք կոնկրետ իրավիճակում խոչընդոտում են քննության առաջընթացը, մահաբեր ուժի կիրառման կամ վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների քննության իմաստով իշխանությունների կողմից արագ արձագանքումը, ընդհանուր առմամբ, կարող է համարվել շատ կարևոր` նրանց` օրենքի գերակայությանը հավատարիմ լինելու և անօրինական գործողություններում համաձայնության և դրանք հանդուրժելու դեպքերի կանխարգելման նկատմամբ հանրային վստահությունը պահպանելու համար (տե՛ս Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]], թիվ 10865/09 և ևս 2-ը, § 323, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ)):

153. Սույն գործով, Դատարանը նշում է, որ ինչպես արդեն նշվել է վերևում, դիմումատուն վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները պարբերաբար ներկայացրել է տեղական իշխանություններին, առաջին նման հայտարարությունն արվել է իր ձերբակալման երկրորդ օրը (տե՛ս վերևում` 37-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ի հակադրություն Կառավարության պնդմանը, ո՛չ դիմումատուն, ո՛չ ոստիկանության որևէ ծառայող կամ այլ վկաներ կամ կասկածյալներ երբևէ չեն հարցաքննվել այս հայտարարությունների առնչությամբ` լինի դա թիվ 62202608 քրեական գործի, թե այլ գործի շրջանակներում: Ավելին, այդ քրեական գործի փաստական հիմքերն ուղղված են եղել բացառապես ընդդիմության առաջնորդների և կողմնակիցների, այդ թվում` դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված գործողությունների վրա` ի հակադրություն ոստիկանության ծառայողների կողմից դրսևորված որևէ անօրինական վարքի: Ձեռնարկված միակ քննչական միջոցառումը, որը կարելի է համարել վատ վերաբերմունքի մասին դիմումատուի հայտարարություններին առնչվող, եղել է 2008 թվականի մարտի 10-ին կատարված դատաբժշկական փորձաքննությունը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այն կարգադրվել էր կատարել 2008 թվականի մարտի 2-ին, նույնիսկ այդ միջոցառումը չի իրականացվել բավարար հրատապությամբ և կարող էր հանգեցնել ապացույցի կորստի կամ ոչ ճշգրիտ եզրակացության (տե՛ս վերևում` 38-րդ և 48-րդ պարբերությունները): Բոլոր դեպքերում, ըստ երևույթին, վարույթի ոչ մի փուլում չի իրականացվել այդ զննման եզրակացությունների գնահատում: Բացի այդ, մեղադրական եզրակացության մեջ արված հայտարարությունը, համաձայն որի` դիմումատուի վնասվածքներն առաջացել են բախումների ժամանակ, ի հակադրություն այլ հանգամանքներում ստացված վնասվածքների, այդ թվում` հնարավոր վատ վերաբերմունքը չունեն որևէ փաստական հիմք, և ըստ երևույթին, չեն արվել ապացույցների ուսումնասիրության և գնահատման կամ փաստերի քննության արդյունքում (տե՛ս վերևում` 73-րդ պարբերությունը):

154. Հետագայում պարզ է դառնում, որ դատարանները ևս չեն ուսումնասիրել դիմումատուի հայտարարությունները վատ վերաբերմունքի մասին և չեն գնահատել դրանք: Երևանի քրեական դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այս հարցին, իսկ Վերաքննիչ դատարանը կարծես ընդունել է նույն` մեղադրական եզրակացության մեջ առկա դիրքորոշումը` անուղղակիորեն համարելով, որ դիմումատուի նշված վնասվածքներն առաջացել են բախումների ժամանակ, և ոչ թե որևէ տեսակի վատ վերաբերմունքի արդյունքում, և այդ պատճառով չեն ուսումնասիրվել դիմումատուի քրեական գործի շրջանակներում (տե՛ս վերևում` 86-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ ո՛չ քրեական հետապնդում իրականացնող մարմինները, ո՛չ դատարանները չեն տրամադրել որևիցե պարզաբանում այն մասին, թե ինչու են նրանք համարում ոստիկանների կողմից տրված ցուցմունքներն արժանահավատ, իսկ դիմումատուի ցուցմունքները` ոչ վստահելի: Իրադարձությունների` ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված տարբերակը, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարող անձանց մասին տեղեկությունները պատրաստակամորեն ընդունվել են, և նրանք երբևէ լրջորեն չեն հարցաքննվել իշխանությունների, այդ թվում` դատարանների կողմից, մինչդեռ դիմումատուի պահանջը` կանչելու վկաներին, ովքեր ենթադրաբար կարող էին հաստատել իր կողմից տրված ցուցմունքները, մերժվել է (տե՛ս վերևում` 82-րդ և 83-րդ պարբերությունները):

155. Ելնելով վերոհիշյալից` Դատարանը եզրակացնում է, որ Կառավարության կողմից նշված քննության միակ նպատակը, ըստ երևույթին, եղել է, ի թիվս այլնի, իրականացնել քրեական հետապնդում դիմումատուի նկատմամբ և հավաքել այդ հետապնդումը հիմնավորող ապացույցներ, իսկ մասնավորապես դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների մասով պաշտոնական քննություն չի իրականացվել:

156. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

157. Նախևառաջ, դիմումատուն պնդել է, որ ա) 2008 թվականի մարտի 1-ին մինչ 20:30-ը նրան ազատությունից զրկելը եղել է կամայական և անօրինական, և բ) նրա ձերբակալությունը տևել է ներպետական օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն ժամկետից` 72 ժամից ավելի: Երկրորդ, նա պնդել է, որ իր ձերբակալումը և շարունակական կալանքը հիմնված չեն եղել հիմնավոր կասկածի վրա:

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

...

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար:»:

 

Ա. Ընդունելիությունը

 

158. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բերված իր առաջին բողոքի մասով: Այն պահից, երբ նա և նրա փաստաբանը տեղեկացել են նրա ձերբակալման հիմքերի մասին, նրանք հնարավորություն են ունեցել դատարաններում վիճարկելու նրա ձերբակալման օրինականությունը` ՔԴՕ-ի 103-րդ և 290-րդ հոդվածների համաձայն (տե՛ս վերևում` 112-րդ և 113-րդ պարբերությունները): Դիմումատուի այն պնդումը, որ ինքը չէր կարող դա անել, անհիմն է, քանի որ 2008 թվականի մարտի 1-ին նրա տղան տեղեկացվել է նրա ձերբակալման մասին, և նրա փաստաբանը նույնպես մասնակցել է նրա` որպես կասկածյալ հարցաքննությանը: Այնուամենայնիվ, ձերբակալման արձանագրությունը կազմելու պահից մինչև այն պահը, երբ 2008 թվականի մարտի 4-ին դիմումատուն բերվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, դիմումատուն չի օգտվել ՔԴՕ-ի 103-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգը կիրառելու հնարավորությունից: Ավելին, նա այս հարցը չի բարձրացրել ո՛չ Վարչական շրջանի դատարանում նիստի ժամանակ, ո՛չ էլ Վարչական շրջանի դատարանի` 2008 թվականի մարտի 4-ի կալանավորման մասին որոշման դեմ Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում:

159. Դիմումատուն պնդել է, որ «բերման ենթարկելու» և «ձերբակալելու» հասկացությունների մասով ներպետական օրենսդրության մեջ իրավական որոշակիության պակաս է եղել, որոնք ունեցել են կառուցվածքային բնույթ և օրենքում առկա խնդիր են եղել: Կառավարությունը ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասով իր առարկությունը ներկայացնելիս չի նշել այն կոնկրետ միջոցառումը կամ իրավական պաշտպանության միջոցը, որից նա կարող էր օգտվել 2008 թվականին` հաշվի առնելով, որ վերը նշված հասկացությունների պարզաբանումը տրվել է միայն 2009 թվականին Վճռաբեկ դատարանի կողմից` 2009 թվականի դեկտեմբերի 18-ի իր որոշման մեջ (տե՛ս վերևում` 123-րդ պարբերությունը):

160. Դատարանը համարում է, որ այս հարցը սերտորեն կապված է դիմումատուի բողոքի բովանդակության հետ և հետևաբար պետք է միացվի գործի ըստ էության քննությանը:

161. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի` 2008 թվականի մարտի 4-ի կալանավորման մասին որոշմանը նախորդող` դիմումատուի ձերբակալման հանգամանքները

 

162. Դիմումատուն նշել է, որ 2008 թվականի մարտի 1-ին` մոտավորապես 6:30-ից մինչ 20:30-ն ընկած ժամանակահատվածում, ինքն անօրինականորեն և առանց որևէ կարգավիճակի պահվել է ոստիկանությունում: Նրա, այսպես կոչված, «բերման ենթարկելը», այդ թվում` դրա առնչությամբ կազմված արձանագրությունն անօրինական են եղել: Ավելին, այդ ընթացքում նա որպես վկա հարցաքննվել է փաստաբանի բացակայությամբ: «Բերման ենթարկելու» և «ձերբակալելու» ընթացակարգերը կարգավորող և սահմանող իրավական այն դրույթները, որոնց վրա հիմնվել է Կառավարությունը, չեն բավարարել որոշակիության և կանխատեսելիության պահանջները: Մասնավորապես, ՔԴՕ-ի 128-րդ հոդվածին համապատասխան, ինչպես մեկնաբանվել է Վճռաբեկ դատարանի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 18-ի իր որոշման մեջ (տե՛ս վերևում` 123-րդ պարբերությունը), կասկածյալի դատավարական կարգավիճակն առաջանում է միայն այն պահից, երբ կազմվում է նրա ձերբակալման արձանագրությունը: Այսպիսով, «բերման ենթարկելու» ընթացակարգը, որը Հայաստանում մեծ կիրառություն ունեցող` կասկածյալին ազատությունից զրկելու նախնական փուլ էր, չի ունեցել իրավական որոշակիություն: ՔԴՕ-ի 153-րդ հոդվածը, որով սահմանվում էր «բերման ենթարկելու» հասկացությունը, կիրառելի չէր նրա գործով, իսկ ՔԴՕ-ի միակ հոդվածը, որում նշված էր այդ ընթացակարգը, 180-րդ հոդվածի 2-րդ մասն էր: Արդյունքում, 2008 թվականի մարտի 1-ին` 6:30-ին` «բերման ենթարկելուց» հետո, նրան ոչ որպես կասկածյալ պահել են նախնական կալանքի խցում` անորոշ վիճակում, մինչև որ 22:30-ին կազմվել է նրա ձերբակալման արձանագրությունը: Իրավական որոշակիության բացակայությունը հաստատվել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից` իր վերը նշված որոշման մեջ, որով այն փորձել է որոշակիություն մտցնել այն անձանց կարգավիճակի մասով, որոնք, ինչպես դիմումատուն, բերման են ենթարկվել, սակայն ձերբակալման արձանագրություն չի կազմվել` նրանց կասկածյալի կարգավիճակ ստանալու հնարավորություն տալու համար: Վերջապես, դիմումատուն նշել է, որ ինքն արգելանքի է վերցվել 2008 թվականի մարտի 1-ին` մոտավորապես 6:30-ին, սակայն դատավորի մոտ տարվել է միայն 2008 թվականի մարտի 4-ին` 19:00-ին: Այսպիսով, նա ոստիկանությունում պահվել է տասներկու և կես ժամ ավելի, որը գերազանցել է ՔԴՕ-ի 129-րդ հոդվածով թույլատրելի` ձերբակալման համար նախատեսված առավելագույն 72 ժամը: Այսպիսով, նրա ձերբակալմամբ խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

163. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի ձերբակալումն իրականացվել է ՔԴՕ-ի 128-րդ և 129-րդ հոդվածներին համապատասխան: Այնուամենայնիվ, ՔԴՕ-ի 62-րդ հոդվածի 1-ին մասին և 180-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, նույնիսկ եթե դիմումատուն տարվել էր ոստիկանություն` հանցանք կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի հիման վրա, նա համարվել է ձերբակալված և հետևաբար ստացել է կասկածյալի կարգավիճակ միայն այն պահից, երբ կազմվել է ձերբակալման արձանագրությունը և ներկայացվել իրեն: Մինչև այդ պահը նա ունեցել է բերվածի դատավարական կարգավիճակ: Այդ ընթացքում դիմումատուն որպես բերված կարող էր հարցաքննվել իրեն բերման ենթարկելու և հիմնավոր կասկածներ հարուցող հանգամանքների մասին: Որպես բերված նա իրավունք է ունեցել լռելու և հարցաքննվելու փաստաբանի ներկայությամբ: Ավելին, 86-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վկան ինքն իր դեմ ցուցմունք չտալու իրավունք է ունեցել: Դիմումատուի` 2008 թվականի մարտի 1-ի հարցաքննության արձանագրությամբ պարզվել է, որ նա որպես վկա տեղեկացվել է իր իրավունքների մասին, ներառյալ` ցուցմունք չտալու իրավունքը, և որ նա այդ իրավունքից օգտվել է:

164. Դատարանը վերահաստատում է, որ «գ» ենթակետի համաձայն իրականացված ձերբակալումն ու կալանավորումը, ինչպես Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ազատությունից զրկելու ցանկացած դեպք, պետք է լինի «օրինական» և «օրենքով սահմանված կարգով»: Այդ երկու արտահայտությունները, որոնք որոշակի չափով համընկնում են, հիմնականում վերաբերում են ներպետական օրենսդրությանը և սահմանում են նյութական և դատավարական կանոններին համապատասխանելու պարտավորությունը: Այնուամենայնիվ, դա բավարար չէ. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով նաև պահանջվում է, որ ներպետական օրենսդրությունն ինքնին համատեղելի լինի օրենքի գերակայության սկզբունքի հետ: Սա, մասնավորապես, նշանակում է, որ ազատությունից զրկելը թույլատրող օրենքը պետք է իր կիրառման մեջ լինի բավականաչափ հասանելի, հստակ և կանխատեսելի: Դա նաև նշանակում է, որ ձերբակալումը և կալանավորումը պետք է համատեղելի լինեն 5-րդ հոդվածի 1-ին կետի նպատակի հետ, այն է` ազատությունից կամայական զրկումը կանխելը (տե՛ս Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Merabishvili v. Georgia [GC]], թիվ 72508/13, § 186, ՄԻԵԴ 2017 (քաղվածքներ)): Հիմնարար սկզբունք է այն, որ կամայական կալանավորման ցանկացած դեպք չի կարող համատեղելի լինել 5-րդ հոդվածի 1-ին կետի հետ, իսկ 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «կամայականություն» հասկացությունն ընդգրկում է ավելի լայն շրջանակ, քան ներպետական օրենսդրության հետ անհամապատասխանությունը, որպեսզի բացառվեն այն դեպքերը, երբ ազատությունից զրկելը ներպետական օրենսդրության իմաստով կարող է լինել օրինական, սակայն դեռևս կամայական, և հետևաբար հակասել Կոնվենցիային (տե՛ս Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Saadi v. the United Kingdom[GC]], թիվ 13229/03, § 67, ՄԻԵԴ 2008-...):

165. Դատարանն այնուհետև կրկին նշում է, որ անձի գաղտնի կալանավորումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածում առկա` սկզբունքորեն կարևոր երաշխիքների ամբողջությամբ ժխտում է և առաջացնում է այդ դրույթի կոպիտ խախտում (տե՛ս Էլ-Մասրի գործը` վերևում հիշատակված, § 233): Այնպիսի հարցերի մասին արձանագրության բացակայությունը, ինչպիսիք են կալանավորման ամսաթիվը, ժամը և վայրը, կալանավորվածի անունը, կալանավորման պատճառներն ու այն իրականացնող անձի անունը, պետք է դիտել որպես անհամատեղելի, inter alia, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի բուն նպատակի հետ (տե՛ս Քուրթն ընդդեմ Թուրքիայի [Kurt v. Turkey], 1998 թվականի մայիսի 25, § 125, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998/III):

166. Դատարանը սույն գործով նախևառաջ անհրաժեշտ է համարում ճշտել, թե երբ է դիմումատուն տարվել ոստիկանություն: Այն նշում է, որ թեև այդ կապակցությամբ կազմված արձանագրության մեջ որպես համապատասխան ժամ նշած է եղել 6:30 (տե՛ս վերևում` 24-րդ պարբերությունը), որոշ այլ փաստաթղթեր, այդ թվում` դիմումատուի դեմ քրեական գործի հանգամանքները թույլ են տալիս ենթադրել, որ սա կարող էր պատահած լինել մոտավորապես մեկ ժամ ավելի ուշ (տե՛ս վերևում` օրինակ, 27-րդ, 68-րդ և 84-րդ պարբերությունները): Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ Կառավարությունը չի վիճարկել դիմումատուի այն պնդումը, որ իրեն տարել են ոստիկանություն 2008 թվականի մարտի 1-ին` մոտավորապես 6:30-ին, և ինչպես արդեն նշվել է, քանի որ գործի նյութերում առկա են ապացույցներ, որոնք հիմնավորում են իրադարձությունների այս նկարագրությունը, պատճառ չկա չընդունելու 6:30-ը` որպես դիմումատուին Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին տանելու ժամ:

167. Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ համաձայն նրա ձերբակալման արձանագրության` դիմումատուն ձերբակալվել է նույն օրը միայն 22:30-ին (տե՛ս վերևում` 34-րդ պարբերությունը): Հետևաբար հարց է առաջանում, թե արդյոք այդ ընթացքում դիմումատուն զրկվել է ազատությունից, և եթե այդպես է, ապա արդյոք նրան ազատությունից զրկելը բավարարել է «օրինականության» պահանջները` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Ավելին, քանի որ դիմումատուն, ի թիվս այլնի, բողոքել է, որ ինքը դատավորի մոտ տարվել է ներպետական օրենսդրությամբ թույլատրելի ժամկետը` առավելագույնը 72 ժամը լրանալուց հետո և ազատ չի արձակվել այդ ժամկետը լրանալուն պես, ինչպես պահանջվում է ներպետական օրենսդրությամբ, Դատարանը նշում է, որ այս բողոքը, որպես այդպիսին, չի առաջացնում հարց, թե արդյոք դիմումատուն «անհապաղ տարվել է դատավորի մոտ» Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ավելին, առաջնային հարցը, որ առաջացել է, այն է, թե արդյոք դատարանի` կալանավորման մասին որոշումից առաջ այդ ընթացքում դիմումատուին ազատությունից զրկելն իրականացվել է ներպետական օրենսդրության` ազատությունից զրկելու այդ ժամանակահատվածում կիրառելի հատուկ պահանջներին համապատասխան: Հետևաբար, քանի որ բողոքը վերաբերում է այդ ժամանակահատվածում դիմումատուին ազատությունից զրկելու «օրինականությանը», այն նույն կերպ պետք է դիտարկել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ֆարհադ Ալիևն ընդդեմ Ադրբեջանի [Farhad Aliyev v. Azerbaijan], թիվ 37138/06, § 154, 2010 թվականի նոյեմբերի 9):

168. Դատարանը նշում է, որ դիմումատուն տարվել է ոստիկանություն ուժի գործադրմամբ, և ոչինչ չի վկայում այն մասին, որ նա ցանկացած պահի կարող էր հեռանալ: Ավելին, ըստ երևույթին, այդ ամբողջ կամ հիմնական ժամանակահատվածում նա փակված է եղել խցում: Կառավարությունը նաև չի հերքել այն, որ այդ ժամանակահատվածում դիմումատուն զրկված է եղել ազատությունից: Հետևաբար Դատարանը պատճառներ չունի կասկածելու, որ դիմումատուն 2008 թվականի մարտի 1-ին` 6:30-ի և 22:30-ի միջև ընկած ժամանակահատվածում, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ազատությունից զրկված է եղել: Ավելին, հիմնվելով իր տրամադրության տակ եղած նյութերի ամբողջականության վրա, Դատարանն ընդունում է, որ այս դեպքում ազատությունից զրկելն իրականացվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի նպատակով:

169. Կողմերը համաձայնել են, որ կասկածյալին ազատությունից զրկելու կարգը կարգավորվում է ՔԴՕ-ի 128-րդ հոդվածով, որում սահմանված է «ձերբակալման» հասկացությունը (տե՛ս վերևում` 103-րդ պարբերությունը): Ավելին, Կառավարությունն ընդունել է, որ դիմումատուի «ձերբակալումն» իրականացվել է հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, ինչպես նախատեսված է ՔԴՕ-ի 129-րդ հոդվածով (տե՛ս վերևում` 104-րդ պարբերությունը): Կառավարությունը, այնուամենայնիվ, պնդել է, որ դիմումատուի` այս դրույթների իմաստով «ձերբակալումն» օրինական է եղել միայն 2008 թվականի մարտի 1-ի 22:30-ից սկսած` այն պահից, երբ ձերբակալման արձանագրությունը ներկայացվել է նրան: Մինչ այդ ներպետական օրենսդրության իմաստով նա պաշտոնապես ո՛չ «ձերբակալված» է եղել և ո՛չ էլ «կասկածյալ», այլ ունեցել է «բերվածի» կարգավիճակ` ակնհայտորեն ենթարկվելով «բերման ենթարկել» կոչվող նախնական կալանքի վերցնելու ընթացակարգին:

170. Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ Կառավարության կողմից հիշատակված` ՔԴՕ-ի հոդվածներից որևէ մեկը կամ իրավացիորեն ՔԴՕ-ի որևէ այլ հոդված, բերվածի ենթադրյալ կարգավիճակի հետ կապված, չի ներառում որևէ իրավական նորմ, այդ թվում` այդպիսի հասկացության, ինչպես նաև այդ կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների մասով բացատրություն: ՔԴՕ-ով ճանաչվող` հանցանք կատարած լինելու կասկածի հիման վրա ձերբակալված անձի միակ պաշտոնական կարգավիճակը ՔԴՕ-ի 62-րդ հոդվածով սահմանված կասկածյալի կարգավիճակն է (տե՛ս վերևում` 101-րդ պարբերությունը): Դատարանն այնուհետև նշում է, որ ՔԴՕ-ի միակ հոդվածը, որով սահմանվում է «բերման ենթարկելու» կարգը, 153-րդ հոդվածն է, որն այնուամենայնիվ, չի կիրառվում հանցանք կատարած լինելու կասկածի հիման վրա արգելանքի վերցված անձանց նկատմամբ և վերաբերում է այլ օրինակ իրավիճակի, այն է` երբ անձը հարկադրաբար ներկայացվում է քրեական վարույթն իրականացնող մարմնին` վերջինիս կողմից կանչվելուց հետո չներկայանալու հետևանքով (տե՛ս վերևում` 110-րդ պարբերությունը): Ոչինչ չի վկայում, որ այդ հոդվածը կիրառելի է եղել դիմումատուի գործով, ինչի վերաբերյալ կարծիք չեն արտահայտել նաև կողմերը:

171. Ճիշտ է, որ ՔԴՕ-ի 180-րդ հոդվածի 2-րդ մասում, որի վրա հիմնվել է Կառավարությունը, նաև նշվում է հանցանք կատարելու մեջ կասկածվող «անձանց բերման ենթարկելու» հնարավորության մասին (տե՛ս վերևում` 111-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նախևառաջ, այդ հոդվածը վերաբերել է հատկապես այն դեպքերին, երբ համապատասխան մարմինները կանչվել են` քննելու հանցագործությունների մասին հաղորդումները, ի տարբերություն այն իրավիճակի, ինչպիսին դիմումատուինն էր, որի դեպքում անձը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա: Հետևաբար հարց է առաջանում, թե արդյոք այդ դրույթը, որը, ավելին, երբեք չի հիշատակվել դիմումատուին ազատությունից զրկելու վերաբերյալ փաստաթղթերում, կիրառելի է եղել նրա գործով: Երկրորդ, նույնիսկ եթե ենթադրենք, որ այս դրույթը կիրառելի է եղել, կասկածելի է, որ այն համապատասխանել է իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ է նշանակում «անձինք կարող են բերման ենթարկվել» հանցանք կատարելու մեջ ծագած կասկածանքի հիման վրա և ինչ կարգ է այն ենթադրում այն դեպքում, երբ հանցանք կատարելու մեջ ծագած կասկածանքի հիման վրա անձին ազատությունից կարճաժամկետ զրկելու միակ կարգը սահմանվում է ՔԴՕ-ով` որպես «ձերբակալում»: Այս իմաստով 180-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումը, ըստ երևույթին, հակասում է ՔԴՕ-ի այլ համապատասխան դրույթներին, այդ թվում` 6-րդ, 34-րդ, 62-րդ, 128-րդ և 129-րդ հոդվածներին (տե՛ս վերևում` 109-րդ, 100-րդ, 101-րդ, 103-րդ և 104-րդ պարբերությունները):

172. Դատարանը նաև նշում է, որ «բերման ենթարկված անձ» հասկացությունը, ինչպես երևում է, առաջին անգամ մշակվել է Վճռաբեկ դատարանի կողմից` սույն գործի հանգամանքներից հետո 2009 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված իր որոշման մեջ (տե՛ս վերևում` 123-րդ պարբերությունը): Ոչինչ չի վկայում, որ նախքան այդ որոշումը, ՔԴՕ-ի համապատասխան դրույթները, այդ թվում` 128-րդ և 180-րդ հոդվածները, առանձին կամ համակցությամբ, ներպետական դատարանների կողմից մեկնաբանվել են այնպես, որ «բերման ենթարկել» կոչվող նախնական կալանքի վերցնելու կարգն ապահովեն: Եվ ոչ էլ դիմումատուի գործի հատուկ հանգամանքներն են թույլ տալիս ենթադրել, որ 2008 թվականի մարտի 1-ին` մինչև 22:30-ը, նրան ազատությունից զրկելն այդ կարգին համապատասխան է իրականացվել: Մասնավորապես, միակ փաստաթուղթը, որում նշվել է, որ դիմումատուն «բերման է ենթարկվել», «բերման ենթարկելու մասին արձանագրություն» անվանումով արձանագրությունն է եղել` ձեռագիր փաստաթուղթ, որը կազմվել է դիմումատուին ոստիկանություն տանելուց հետո որոշակի պահի (տե՛ս վերևում` 24-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ՔԴՕ-ի 131.1 հոդվածի համաձայն` այդպիսի դեպքերում կազմվելիք միակ արձանագրությունը կասկածյալի ձերբակալման մասին արձանագրությունն է, և ՔԴՕ-ում որևէ կերպ չի հիշատակվում «բերման ենթարկելու մասին արձանագրության» մասին (տե՛ս վերևում` 106-րդ պարբերությունը): Այսպիսով, տվյալ արձանագրությունը ներպետական օրենսդրությամբ նախատեսված հիմքեր չի ունեցել: Ավելին, այդ ժամանակահատվածում դիմումատուն հարցաքննվել է որպես վկա (տե՛ս վերևում` 32-րդ պարբերությունը): Կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն, թե ինչու են դիմումատուին պաշտոնապես վերաբերվել որպես վկայի` հաշվի առնելով, որ նա այդ ընթացքում, ենթադրաբար, ունեցել է այսպես կոչված «բերման ենթարկվածի» կարգավիճակ:

173. Ելնելով վերոնշյալից` Դատարանը համարում է, որ օրենքում կամ դիմումատուի գործի հատուկ հանգամանքներում չկա ոչինչ, որը կհիմնավորի Կառավարության` դիմումատուին ազատությունից զրկելու սկզբնական ժամերի մասով բացատրությունը: Հաշվի առնելով այդ հանգամանքները` Դատարանը նշում է, որ չնայած դիմումատուն, de facto (փաստացի), զրկվել է ազատությունից և տարվել է ոստիկանություն 2008 թվականի մարտի 1-ին` մոտավորապես 6:30-ին, նրա ձերբակալման արձանագրությունը նույն օրը` մինչև 22:30-ը, պաշտոնապես չի կազմվել: Այդ ամբողջ ժամանակահատվածում դիմումատուին պաշտոնապես չեն վերաբերվել որպես ձերբակալված անձի, ինչպես նաև նրա նկատմամբ չեն կիրառվել ձերբակալված անձանց մասով կիրառելի ներպետական դրույթները: Նա հարցաքննվել է որպես վկա, և նրան տվել է կարգավիճակ, և նա համարվել է «ձերբակալված» ու հետևաբար «կասկածյալ»` ոստիկանություն հարկադրաբար ներկայանալուց միայն 16 ժամ հետո: Դա ոչ միայն խախտում է ՔԴՕ-ի 131.1 հոդվածով սահմանված այն մասով պահանջները, որ կասկածյալի ձերբակալման արձանագրությունը պետք է կազմվի համապատասխան մարմիններ նրան բերելուց հետո` երեք ժամվա ընթացքում (տե՛ս վերևում` 106-րդ պարբերությունը), սակայն այն նաև դիմումատուին թողել է առանց որոշակիության զգացումի, ինչ վերաբերում է նրա անձնական ազատությանը և անվտանգությանը, ինչպես նաև զրկել է նրան ՔԴՕ-ով` ձերբակալված կասկածյալի համար սահմանված բոլոր իրավունքներից, այդ թվում` փաստաբան ունենալու և իր ընտանիքին անմիջապես տեղեկացնելու իրավունքից (տե՛ս վերևում` 102-րդ պարբերությունը): Ավելին, դիմումատուի ձերբակալման արձանագրությունը կազմելիս 22:30-ը նշվել է որպես նրան ձերբակալելու պահ` ի տարբերություն այն ժամի, երբ դիմումատուն փաստացի զրկվել է ազատությունից` այդպիսով, ըստ էության, դիմումատուին ազատությունից զրկելու սկզբնական տասնվեց ժամը թողնելով պաշտոնապես չհաստատված: Նույնիսկ եթե ընդունենք, որ կարճ ժամանակահատված կարող է անցնել անձի փաստացի ձերբակալման և այդ անձին ձերբակալվածի կարգավիճակ տալու միջև (տե՛ս Ֆարհադ Ալիևի գործը` վերևում հիշատակված, § 165), Դատարանը տարբերակում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով ձերբակալման պահը և այն ձևականությունները, որոնք պետք է պահվեն տվյալ ընթացակարգը ձևակերպելու համար: Անընդունելի կլիներ անձի ձերբակալման պահն այդպիսի ձևականությունների կատարման և իրականացման հետ կապելը` անձին փաստացի ազատությունից զրկելու պահի փոխարեն: Այդպիսի անհարկի ձևականությունները չեն կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի տառի և ոգու հետ և ամեն դեպքում կհանգեցնեն ազատությունից կամայական զրկման:

174. Դատարանն այնուհետև նշում է, որ այն դեպքում, երբ առկա է կասկած առ այն, որ անձը հանցանք է կատարել, իրավապահ մարմինները ներպետական օրենսդրությամբ լիազորված էին ձերբակալել և արգելանքի տակ պահել կասկածյալին կամ մեղադրյալին` քննություն սկսելու կամ քննությանն օժանդակելու, ինչպես նաև նրա շարունակական կալանքի մասով որոշում կայացնելու համար նրան լիազորված դատավորի մոտ բերելու նպատակով: ՔԴՕ-ի 129-րդ հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ անձի ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի (տե՛ս վերևում` 104-րդ պարբերությունը): Ավելին, ՔԴՕ-ի 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով անվերապահորեն պահանջվում է, որ ձերբակալվածն ազատվի, եթե դատարանը նրան կալանավորելու մասին որոշում չի կայացրել այդ 72 ժամվա ընթացքում (տե՛ս վերևում` 107-րդ պարբերությունը): Համապատասխանաբար, ձերբակալվածը նախնական 72 ժամից ավելի կարող է կալանավորվել միայն դատարանի` նրան արգելանքի տակ պահելու մասին որոշման հիման վրա: Սույն գործում դիմումատուն ՔԴՕ-ի 129-րդ հոդվածի իմաստով արգելանքի է վերցվել 2008 թվականի մարտի 1-ին` մոտավորապես 6:30-ին, մինչդեռ նրա կալանավորման հարցով դատական նիստը տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 4-ին` 19:00-ին (տե՛ս վերևում` 43-րդ պարբերությունը): Համապատասխանաբար, նախքան դատավորի մոտ բերվելը դիմումատուն ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրում մնացել է նվազագույնը 84 ժամ, դա մոտավորապես տասներկու ու կես ժամ ավելի է ներպետական օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն ժամանակահատվածից: Առանց դատարանի որոշման այդպիսի երկարատև ձերբակալությունը, որը գերազանցում էր ՔԴՕ-ի 129-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 72-ժամյա ժամկետը, անհամատեղելի էր ներպետական օրենսդրության հետ և հետևաբար Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով անօրինական էր (տե՛ս, mutatis mutandis, Ֆարհադ Ալիևի գործը` վերևում հիշատակված, § 168):

175. Հանգելով այս եզրակացություններին` Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Կառավարության` ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու առնչությամբ առարկությանը: Դատարանը նշում է, որ դիմումատուի բողոքները վերաբերում են իր ձերբակալման երկու կարճ ժամանակահատվածների օրինականությանը` մեկը նախորդել է իր ձերբակալման արձանագրությունը կազմելուն, իսկ մյուսը հաջորդել է նրա ձերբակալման սկզբնական 72 ժամը լրանալուն` մինչև նրան դատարան բերելը: Այս ժամանակահատվածների տևողությունը եղել է համապատասխանաբար 16 ժամ և 12 ժամ: Կառավարությունը նշել է, որ 2008 թվականի մարտի 4-ին դատավորի մոտ բերվելուց առաջ դիմումատուն պետք է այս բողոքները ներկայացրած լիներ դատարաններ` ՔԴՕ-ի 103-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգերի կիրառմանը դիմելով:

176. Դատարանը նշում է, այնուամենայնիվ, որ համաձայն 103-րդ հոդվածի` ոստիկանության կամ քննիչի գործողությունները կարող էին բողոքարկվել համապատասխան դատախազին և ոչ թե դատարաններում, ինչպես ներկայացվել է Կառավարության կողմից: Ինչ վերաբերում է 290-րդ հոդվածին, ապա Կառավարությունը փոխհատուցման վերաբերյալ մանրամասներ չի տրամադրել, որը դիմումատուն հնարավորություն կունենար ստանալու` դիմելով այս ընթացակարգերի կիրառմանը: Ամեն դեպքում, իրենց դիտարկումներից հետևում է, որ ենթադրվում էր, որ դիմումատուն պետք է դիմեր այս ընթացակարգի կիրառմանը, քանի դեռ ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրում էր գտնվում: Նույնը կարելի է ենթադրել այդ դրույթի ձևակերպումից, որում խոսվում է «անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու» հնարավորության մասին, և հետևաբար կիրառվում է այն իրավիճակների դեպքում, երբ ենթադրյալ խախտումը դեռևս շարունակվում է: Հաշվի առնելով դիմումատուի ձերբակալման բոլոր հանգամանքները և Կառավարության կողմից կոնկրետ օրինակների և բացատրությունների բացակայության պայմաններում Դատարանը չի համարում, որ Կառավարությունը համոզիչ կերպով ներկայացրել է, որ սա արդյունավետ և հասանելի իրավական պաշտպանության միջոց է եղել, որի միջոցով հնարավոր է եղել փոխհատուցում տրամադրել, և որ տվյալ գործի հանգամանքներում հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար է ընձեռել:

177. Ավելին, այդ առնչությամբ հարկ է նշել, որ Կառավարությունը չի նշել որևէ ընթացակարգ, որի միջոցով հնարավոր էր post factum (հետին ամսաթվով), այն է` դիմումատուի կարճաժամկետ ձերբակալման ժամկետը լրանալուց հետո տրամադրել փոխհատուցում, ինչպիսիք են դիմումատուի իրավունքների խախտումը ճանաչելը և անհրաժեշտության դեպքում` փոխհատուցում վճարելը: Նրանք պնդել են, որ դիմումատուն պետք է իր բողոքները ներկայացներ քննիչի` իրեն կալանավորելու մասին միջնորդությունը քննող դատարաններ: Այնուամենայնիվ, նշված դատարաններին պահանջ է ներկայացվել ոչ թե դիմումատուի կարճաժամկետ ձերբակալման օրինականության հատուկ ասպեկտի մասով որոշում կայացնելու, այլ քննիչի միջնորդությունն ուսումնասիրելու և այն հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար, թե արդյոք դիմումատուին կալանավորելու բավարար հիմքեր են եղել: ՈՒստի սա այնպիսի ընթացակարգ չէր, որի միջոցով հնարավոր էր դիմումատուի հատուկ բողոքների մասով post hoc (դրանից հետո) փոխհատուցում տրամադրել:

178. Ելնելով վերոհիշյալից` Դատարանը մերժում է ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին Կառավարության առարկությունը:

179. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` դիմումատուի ձերբակալման օրինականության մասով:

 

2. Դիմումատուի ձերբակալման և շարունակական կալանքի համար հիմնավոր կասկածի ենթադրյալ բացակայությունը

180. Դիմումատուն պնդել է, որ իր ձերբակալումն ու կալանավորումը հիմնված չեն եղել հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածի վրա` պնդելով, որ իրեն առաջադրված մեղադրանքները հիմնավորված չեն եղել փաստերով և ապացույցներով, և որ ոստիկանությունը բախում է հրահրել խաղաղ ցուցարարների շրջանում, որի արդյունքում իր նման ակտիվիստները տարվել են ոստիկանություն, նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցվել, իսկ դատարանները անարդար որոշումներ են կայացրել նրանց կալանավորման մասով:

181. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը և պնդել, որ գործի նյութերը, այդ թվում` դիմումատուի` 2008 թվականի մարտի 2-ի հարցաքննության արձանագրությունը ցույց են տվել, որ դիմումատուն 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան գտնվել է Ազատության հրապարակում, դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին, հրաժարվել է ենթարկվել նրանց օրինական կարգադրություններին ու փախչել է:

182. Դատարանը նշում է, որ սույն հոդվածի համաձայն բարձրացված հարցերը նման են այն հարցերին, որոնք բարձրացվել և քննվել են Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն (տե՛ս ստորև` 249-253-րդ պարբերությունները): Հաշվի առնելով այդ հոդվածի համաձայն կատարված եզրահանգումը (տե՛ս ստորև` 255-րդ պարբերությունը)` Դատարանը համարում է, որ այս դեպքում անհրաժեշտ չէ քննել, թե արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

183. Դիմումատուն պնդել է, որ նա պատշաճ կերպով չի տեղեկացվել իր ձերբակալման պատճառների մասին: Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:

184. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:

185. Դատարանը նշում է, որ այս բողոքը կապված է վերևում քննվող բողոքի հետ և ուստի նմանապես պետք է հայտարարվի ընդունելի:

186. Հաշվի առնելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կատարված եզրահանգումը (տե՛ս վերևում` 173-174-րդ պարբերությունները)` Դատարանը համարում է, որ այս դեպքում անհրաժեշտ չէ քննել, թե արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

187. Դիմումատուն բողոքել է, որ դատարաններն իր կալանավորման համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որը, այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք ... ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

 

Ա. Ընդունելիությունը

188. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

189. Դիմումատուն պնդել է, որ ներպետական դատարանները նրա կալանավորման և դրա ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելիս չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ` խախտելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը:

190. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պնդումը:

191. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է համանման բողոքներ Հայաստանի դեմ բերված մի շարք այլ գործերում, որոնց դեպքում տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում (տե՛ս Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 97-100, 2012 թվականի հունիսի 26, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 74-77, 2012 թվականի հունիսի 26, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 88-93, 2012 թվականի հոկտեմբերի 2, Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia], թիվ 629/11, §§ 54-59, 2016 թվականի հոկտեմբերի 20 և Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Arzumanyan v. Armenia], թիվ 25935/08, §§ 36-37, 2018 թվականի հունվարի 11): Դատարանը որևէ պատճառ չունի այս գործով այլ եզրահանգման գալու և համարում է, որ ներպետական դատարանները դիմումատուին կալանավորելու համար հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել:

192. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

193. Դիմումատուն բողոքել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը բացառապես հիմնված է եղել ոստիկանության ցուցմունքների վրա, կողմերի հավասարության սկզբունքը չի պահպանվել, և ինքն ի վիճակի չի եղել ապահովելու իր` վկաներին կանչելու իրավունքը` հավասար պայմաններով: Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են... իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի ... տրիբունալի կողմից ... արդարացի ... լսումների իրավունք:

...

3. Քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

...

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու և հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները»:

 

Ա. Ընդունելիությունը

194. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուն

195. Դիմումատուն պնդել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը եղել է շինծու, քաղաքական շարժառիթներով պայմանավորված և հիմնված է եղել միայն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնցում, ավելին, չեն եղել մանրամասներ, և որոնք պարունակել են հակասական հայտարարություններ: Ոստիկանության ծառայողները վստահելի և անկողմնակալ վկաներ չեն եղել, քանի որ նրանց սեփական գործողություններն օրինական չեն եղել, այդ թվում` ցուցարարների վրա դաժան հարձակումը և հետագայում իր նկատմամբ վատ վերաբերմունքը: Այսպիսով, ոստիկանության ծառայողներին ցույց տված ենթադրյալ դիմադրությունը եղել է այնպիսի հանգամանքներում, որոնցում ինքն անձամբ ենթարկվել է վատ վերաբերմունքի: Ոստիկանությունը կառավարման տարբեր մակարդակներում թե՛ անօրինական կերպով և թե՛ իրենց պաշտոնական իրավասությունների շրջանակում մեծապես ներգրավված է եղել նախընտրական և հետընտրական իրադարձություններում, և Ոստիկանության պետի տեղակալի 2008 թվականի մարտի 27-ի գրությունը ծառայել է որպես ցուցում, թե դատավարության ժամանակ ինչպես է պետք ցուցմունք տալ ցուցարարների դեմ: Քանի որ այս դատավարություններն առնչվել են իշխանությունների և ընդդիմության միջև առճակատմանը, ոչ մի ոստիկանության ծառայող չէր կարող անաչառ և անկողմնակալ լինել դատարաններում ցուցմունք տալիս, և իրականում բոլոր նրանք, ովքեր ցուցմունք են տվել ընդդիմության` իր նման անդամների դեմ, կարճ ժամանակ անց ունեցել են ծառայողական առաջխաղացում: Դեպքեր են եղել, երբ ոստիկանության ծառայողները բացահայտ կեղծ ցուցմունքներ են տվել, այնուամենայնիվ, նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իր վերջին պնդումը հիմնավորելու համար դիմումատուն ներկայացրել է մեկ այլ ցուցարարի գործով վճռի օրինակը, որում ոստիկանության ծառայողները ցուցմունք են տվել առ այն, որ տվյալ ցուցարարը ձերբակալման ժամանակ դիմադրել է մինչև այն պահը, երբ հայտնվել է տեսաձայնագրություն, որը ցույց է տվել, որ այդ ցուցարարին ձերբակալելու ժամանակ ոստիկանության տվյալ ծառայողները նույնիսկ այնտեղ չեն եղել:

196. Դիմումատուն այնուհետև նշել է, որ կողմերի հավասարության սկզբունքը և վկա կանչելու իր իրավունքը խախտվել են, քանի որ քրեական հետապնդման մարմինները գործը քննելիս հիմք են ընդունել ոստիկանության ծառայողների` որպես վկա ցուցմունքները, մինչդեռ իրեն թույլ չեն տվել իր անունից վկաներ կանչել, և հետևաբար ինքը քրեական հետապնդման մարմինների համեմատ հայտնվել է ոչ բարենպաստ վիճակում: Երևանի քրեական դատարանը կանչել է և լսել է տվյալ ոստիկանության ծառայողներին, մինչդեռ վարույթի ընթացքում իր կողմից ներկայացված բոլոր պահանջները, այդ թվում` Ա.Մ.-ին, Դ.Ա.-ին, Մ.Ա.-ին, Վ.Հ.-ին, Հ.Բ.-ին, Ն.Թ.-ին, Ս.Մ.-ին, Ս.Ա.-ին և Հ.Թ.-ին որպես վկա կանչելու և քննելու անհրաժեշտությունը հիմնավորող պահանջներն արագացված կարգով մերժվել են, և իր փաստարկներն առանց հիմնավորման համարվել են ոչ վստահելի: Այդ վկաները կարող էին հիմնավորել, որ նա չի հարձակվել ոստիկանության ծառայողների վրա, և որ նրանց գործողություններն են ի սկզբանե եղել անօրինական: Այս վկաները նաև կարող էին հաստատել, որ ոստիկանության ծառայողներն իր նկատմամբ են կատարել անօրինական գործողություններ և՛ Ազատության հրապարակում, և՛ Արշակունյաց փողոցում, և ծեծը շարունակվել է ոստիկանությունում:

197. Վերջապես, դիմումատուն նշել է, որ պաշտպանության կողմի բոլոր ապացույցները և փաստարկները դատարանների կողմից անտեսվել են: Դատարանի վճիռներում` ո՛չ գործի փաստական հանգամանքներում է դրանց մասին հիշատակվել, ո՛չ էլ որևէ հղում է եղել այդ դատական ակտերում: Նա պնդել է, որ իր իրավիճակը եզակի դեպք չի եղել, քանի որ առնչվել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված քրեական հետապնդումներին: Այսպիսի դատավարությունների ժամանակ դատական իշխանության ընդհանուր վարքագիծը, ինչպես նաև արդար դատաքննության միջազգային չափանիշներին, inter alia, այն հարցերի մասով չհամապատասխանելը, ինչպես օրինակ` կողմերի հավասարությունը, ոստիկանության ցուցմունքների վրա հիմնվելը և վկաներ կանչելու հարցում մերժելը, ընդգծվել են ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձևերում և ԵԱՀԿ-ի` «Դատավարությունների դիտարկում» ծրագրի զեկույցում (տե՛ս վերևում` 125-127-րդ և 133-րդ պարբերությունները):

 

բ) Կառավարությունը

 

198. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն որպես մեղադրյալ լիովին օգտվել է իր իրավունքներից: Մասնավորապես, նրան հասանելի են եղել գործի բոլոր նյութերը, և նա հնարավորություն է ունեցել ուսումնասիրելու և վիճարկելու իր դեմ ապացույցները: Կառավարությունը հերքել է, որ դիմումատուի դատավարությունը հիմնված է եղել միայն ոստիկանության ցուցմունքների վրա` պնդելով, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել ներկայացնելու գրավոր ապացույցներ` ի պաշտպանություն իրեն: Երևանի քրեական դատարանի վճռում այդ ապացույցի մասին որևէ հղում չկատարելու փաստը չի ենթադրում, որ դատարանը հաշվի չի առել տվյալ ապացույցը:

199. Այդուհանդերձ, նույնիսկ եթե ենթադրենք, որ դատավարությունն իրականացվել է միայն ոստիկանության ցուցմունքների հիման վրա, 6-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել, քանի որ դիմումատուն և իր փաստաբանը հնարավորություն են ունեցել հարցաքննելու ոստիկանության տվյալ ծառայողներին, այդ թվում` նրանց, ովքեր հանդես են եկել որպես վկա և տուժող: Նրանք նաև հնարավորություն են ունեցել ոստիկանության ծառայողների ցուցմունքները վիճարկող ապացույցներ ներկայացնելու: Մասնավորապես, ինչ վերաբերում է դիմումատուի` վկա Ն.Թ.-ին կանչելու պահանջին, ապա այդ պահանջը մերժվել է, քանի որ դատարանը ընտրել է նախաքննության ընթացքում վկայի կողմից տրված ցուցմունքը հրապարակելու տարբերակը: Ինչ վերաբերում է Դ.Ա.-ին, Մ.Ա.-ի և Վ.Հ.-ին կանչելու պահանջին, ապա դատարանը գտել է, որ այդ անձանց կողմից ենթադրաբար տրամադրվելիք տեղեկությունները բավարար հիմքեր չեն ունեցել նրանց կանչելու համար: Վերջապես դիմումատուի կողմից նշված ոստիկանության ծառայողներին կանչելու և հարցաքննելու պահանջը մերժվել է, քանի որ այդ ծառայողներին կանչելու անհրաժեշտությունը բավականաչափ հիմնավորված չի եղել: Այսպիսով, դատարանը համապատասխան պատճառաբանություն է ներկայացրել դիմումատուի` վկաներին կանչելու և քննելու պահանջը մերժելիս:

 

2. Դատարանի գնահատականը

 

200. Դատարանը նշում է, որ դիմումատուն պնդել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի խախտում, քանի որ ներպետական դատարանները ոչ արդար եղանակով են հաստատել իրեն առաջադրված մեղադրանքների հիմքում ընկած համապատասխան փաստերը: Մասնավորապես, նա պնդել է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը և դատապարտումը լիովին հիմնված են եղել այն ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված իրադարձությունների մասին տարբերակի վրա, որոնք անկողմնակալ վկաներ չեն եղել, մինչդեռ իր բոլոր փաստարկներն անտեսվել են, և իրեն չի տրվել այդ ցուցմունքները վիճարկելու արդյունավետ հնարավորություն, այդ թվում` իր կողմից վկաներ կանչելու միջոցով:

i

201. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն` իր պարտականությունն է ապահովել պայմանավորվող պետությունների կողմից Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Մասնավորապես, ազգային դատարանի կողմից փաստական կամ իրավական ենթադրյալ սխալների ուսումնասիրությունը նրա գործառույթը չէ, քանի դեռ չեն խախտվել և այնքանով, որքանով որ դրանցով խախտվել են Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներն ու ազատությունները (տե՛ս Լերմիթն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Lhermitte v. Belgium [GC]], թիվ 34238/09, § 83, ՄԻԵԴ 2016):

202. Հետևաբար, սկզբունքորեն Դատարանի խնդիրը չէ որոշելը, թե արդյոք ապացույցների որոշակի տեսակներ թույլատրելի են, թե` ոչ, կամ, առավել ևս, արդյոք դիմումատուն իրականում մեղավոր է, թե` ոչ: Դատարանի խնդիրն է հաստատել, թե արդյոք վարույթը, ընդհանուր առմամբ, ներառյալ այն եղանակը, որով ձեռք են բերվել ապացույցները, արդար է եղել: Որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե` ոչ, պետք է նաև հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ: Ի լրումն, ապացույցների որակը պետքէ քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ (տե՛ս Բիկովն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Bykov v. Russia[GC]], թիվ 4378/02, §§ 89-90, 2009 թվականի մարտի 10, ու Հուսեյնը և այլք ընդդեմ Ադրբեջանի [Huseyn and Others v.Azerbaijan], թիվ 35485/05 և ևս 3-ը, §§ 199-200, 2011 թվականի հուլիսի 26):

203. Որպես ընդհանուր կանոն` ազգային դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել` արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը` կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի` համեմատած իր հակառակորդի հետ» (տե՛ս Կասպարովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Kasparov and Others v. Russia], թիվ 21613/07, §§ 57-58, 2013 թվականի հոկտեմբերի 3):

204. Հետևաբար, չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է 6-րդ հոդվածին (տե՛ս Բրիկմոնն ընդդեմ Բելգիայի [Bricmont v. Belgium], 1989 թվականի հուլիսի 7, § 89, շարք Ա թիվ 158, Պոպովն ընդդեմ Ռուսաստանի [Popov v. Russia], թիվ 26853/04, § 188, 2006 թվականի հուլիսի 13, և Դորոխովն ընդդեմ Ռուսաստանի [Dorokhov v. Russia], թիվ 66802/01, § 65, 2008 թվականի փետրվարի 14): Դատարանը նախկինում կայացրել է վճիռ, որ այնպիսի հանգամանքներում, որոնց դեպքում դիմումատուին դատապարտելն առավելապես հիմնված է եղել նրա` որոշակի ժամին որոշակի վայրում գտնվելու ենթադրության վրա, համաձայն կողմերի հավասարության սկզբունքի և, ընդհանուր առմամբ, արդար դատաքննության իրավունքի` դիմումատուին պետքէ ողջամիտ հնարավորություն տրվի արդյունավետորեն վիճարկելու ենթադրությունը (տե՛ս Պոպովի գործը` վերևում հիշատակված, § 183, և Պոլյակովն ընդդեմ Ռուսաստանի [Polyakov v. Russia], թիվ 77018/01, § 36, 2009 թվականի հունվարի 29): Եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն (տե՛ս Տոպիկն ընդդեմ Խորվաթիայի [Topic v. Croatia], թիվ 51355/10, § 42, 2013 թվականի հոկտեմբերի 10, և Պոլյակովի գործը` վերևում հիշատակված, § 34-35):

205. Վերջապես, Դատարանը կրկին նշում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, inter alia, որ «տրիբունալը» կողմերի ներկայացրած գրավոր հիմնավորումների, փաստարկների և ապացույցների պատշաճ քննություն իրականացնելու պարտականություն ունի` չհակասելով իր գնահատականին կամ այն փաստին, թե արդյոք դրանք վերաբերելի են իր որոշմանը, եթե Դատարան պահանջ չի ներկայացվել ուսումնասիրելու այն հարցը, թե արդյոք փաստարկները պատշաճ կերպով քննության են ենթարկվել: 6-րդ հոդվածի 1-ին կետը դատարաններին պարտավորեցնում է հիմնավորել իրենց որոշումները, չնայած սա չի կարող ընկալվել այնպես, որ յուրաքանչյուր փաստարկի համար պահանջվում է մանրամասն պատասխան (տե՛ս Հուսեյնի և այլոց գործը` վերևում հիշատակված, § 203):

206. Դատարանը սույն գործով ի սկզբանե նշում է, որ Կառավարությունը վիճարկել է դիմումատուի բողոքն առ այն, որ իր դատապարտումը հիմնված է եղել միայն ոստիկանության ցուցմունքների վրա: Դատարանն այս առնչությամբ նշում է, որ դիմումատուն դատապարտվել է երեք կետերով` ա) Ազատության հրապարակում ոստիկանության ծառայող Ա. Արշ.-ի վրա հարձակում, բ) դրանից կարճ ժամանակ անց Արշակունյաց փողոցում ոստիկանության ծառայող Ա.Առ.-ի վրա հարձակում, և գ) ապօրինի սառը զենք` մասնավորապես դանակ կրելը: Չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին, այդ թվում` Ա.Արշ.-ի, Ա.Առ.-ի, Հ.Ս.-ի, Է.Ռ.-ի և Ա.Ա.-ի ցուցմունքները: Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին:

207. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել` հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում: Այն գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու: Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները (տե՛ս Կասպարովի և այլոց գործը` վերևում հիշատակված, § 64, Նավալնին և Յաշինն ընդդեմ Ռուսաստանի [Navalnyy and Yashin v. Russia], թիվ 76204/11, § 83, 2014 թվականի դեկտեմբերի 4, և Ֆրամկինն ընդդեմ Ռուսաստանի [Frumkin v. Russia], թիվ 74568/12, § 165, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ)): Դատարանը նաև գտել է, որ պաշտպանության օգտին բոլոր ապացույցներն առանց հիմնավորման մերժելով` ներպետական դատարանները դիմումատուի վրա ծայրահեղ և անհասանելի ապացուցման բեռ են դրել, որը հակասում է այն հիմնական պահանջին, որ մեղադրանքի կողմը պետք է ապացուցի գործով իր կողմից առաջ քաշված վարկածը, ինչպես նաև քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես` կասկածանքները հօգուտ մեղադրյալի մեկնաբանումը (in dubio pro reo) (տե՛ս Նեմցովն ընդդեմ Ռուսաստանի [Nemtsov v. Russia], թիվ 1774/11, § 92, 2014 թվականի հուլիսի 31):

208. Ըստ երևույթին, դիմումատուի դեմ քրեական գործով վարույթն իրականացվել է նույն կերպ: Դիմումատուին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած հանգամանքները, այդ թվում` Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների հետ կապված հանգամանքները և ոստիկանության երկու ծառայողների վրա ենթադրյալ հարձակումը վիճարկվել են կողմերի կողմից: Այնուամենայնիվ, ներպետական դատարանները, ներկայացնելով իրադարձությունների երկու հակասական տարբերակներ, չեն ստուգել ոստիկանության ծառայողների կողմից արված փաստական պնդումները և որոշել են վճիռների հիմքում դնել բացառապես նրանց կողմից ներկայացված տարբերակը` պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունելով նրանց ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չտալով հակառակ ապացույցներ բերելու: Դիմումատուի` մի շարք վկաներ դատարան կանչելու և քննելու պահանջները, որոնք բավականաչափ հիմնավորված են եղել և ուղղակիորեն վերաբերել են իրեն առաջադրված մեղադրանքներին, նույնպես մերժվել են` առանց որևէ հիմնավորման կամ համառոտ և ոչ համոզիչ հիմնավորմամբ: Դատարանը գտնում է, որ սա հատկապես խնդրահարույց է` հաշվի առնելով քրեական գործի նյութերում, այդ թվում` վկաների ցուցմունքներում մի շարք էական անհստակությունների, անհամապատասխանությունների և հակասությունների առկայությունն այնպիսի կարևոր հարցերի առնչությամբ, ինչպիսիք են ոստիկանության գործողությունների ժամը, նպատակը և իրականացումը և դիմումատուին ձերբակալելու ժամն ու հանգամանքները, ինչպես նաև այն փաստը, որ հարձակման մասով մեղադրանքների համար մեծապես հիմք ծառայող ապացույցներն ի հայտ են եկել տվյալ երկու ոստիկանության ծառայողների կողմից դիմումատուի ինքնությունը հաստատելու արդյունքում` ենթադրյալ պատահարներից ավելի քան հինգ ամիս հետո, ինչը զգալիորեն նվազեցրել է այդ ապացույցների արժանահավատությունը: Դեռ ավելին կարելի է ասել, եթե հաշվի առնենք այն փաստը, որ վիճարկվող պատահարները` առնվազն Ազատության հրապարակում տեղի ունեցածը, ըստ երևույթին, տեղի են ունեցել այդ օրը բավականին վաղ, երբ ամբողջովին լույս չէր, և քաոսային հանգամանքներում, որում ներգրավված էին հարյուրավոր ցուցարարներ և ոստիկանության ծառայողներ: Նույնիսկ եթե այն մարդիկ, որոնց դիմումատուն ցանկանում էր որպես վկա կանչել, կարող էին առաջին հերթին լույս սփռել Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների վրա, Դատարանը համարումէ, որ, այնուամենայնիվ, այդպիսի ապացույցները դիմումատուին թույլ են տվել վիճարկել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները` հաշվի առնելով իրեն վերագրվող տարբեր արարքների միջև և՛ ժամանակային, և՛ հետևանքային կապը:

209. Ներպետական դատարաններն այդպես էլ գրեթե չեն անդրադարձել դիմումատուի փաստարկներին ու պնդումներին` անկախ դրանց ծանրակշռությունից կամ վերաբերելիությունից, ներառյալ` քրեական գործի նյութերում առկա` վերը նշված անհամապատասխանությունները մատնանշող և որոշակի ապացույցների մասով կասկած հարուցող փաստարկներն ու պնդումները: Սա ներառում է դիմումատուի կողմից ոստիկանության ծառայողներ Է.Ռ.-ի, Հ.Ս.-ի և Ա.Ա.-ի մինչդատական ցուցմունքների վերաբերյալ ներկայացված բավականին ծանրակշիռ և հիմնավորված փաստարկը, համաձայն որի` դրանք բառացիորեն նույնն են եղել, ինչպես նաև հակասել են դատարանում այդ վկաների կողմից արված հայտարարություններին: Ներպետական դատարանները չեն անդրադարձել այդ փաստարկին և հաշվի չեն առել այն, երբ հիմնվել են վկաների այդ ցուցմունքների վրա` որպես դիմումատուին դատապարտելու համար հիմք, թեև այդ վկաների հուսալիությունը, վստահելիությունը և անձնական բարեվարքությունը խիստ կասկածի տեղիք են տվել: Եթե դիմումատուի փաստարկը համոզիչ լիներ, ապա այն կարող էր ազդել անաչառ տրիբունալի այն ամբողջական գնահատականի վրա` արդյոք բավականաչափ ծանրակշիռ ապացույցներ եղել են դիմումատուի մեղքը հաստատելու համար (տե՛ս, mutatis mutandis, Հուսեյնը և այլք ընդդեմ Ադրբեջանի [Huseyn and Others v.Azerbaijan], թիվ 35485/05 և ևս 3-ը, § 205, 2011 թվականի հուլիսի 26): Հատկանշական է, որ տվյալ ոստիկանության ծառայողների ցուցմունքներն այն միակ ապացույցներն են եղել, որոնց հիման վրա դիմումատուն ապօրինի սառը զենք կրելու համար դատապարտվել է, ինչպես նաև դրանք կազմել են այն ապացույցների որոշիչ մասը, որոնց վրա հիմնված է եղել ոստիկանության ծառայող Ա.Առ.-ի վրա Արշակունյաց փողոցում հարձակվելու համար դիմումատուի դատապարտումը: Դատարանը նախկինում կայացրել է վճիռ, որ տարբեր ժամանակահատվածներում տրված` վկայի սեփական ցուցմունքների միջև անհամապատասխանությունները, ինչպես նաև քրեական հետապնդման ժամանակ ձեռք բերված տարբեր տեսակի ապացույցների միջև խիստ անհամապատասխանությունները լուրջ հիմքեր են ստեղծում վկայի վստահելիությունը և նրա ցուցմունքի ապացուցողական նշանակությունը վիճարկելու համար. որպես այդպիսին, այսպիսի վիճարկումն այնպիսի անառարկելի փաստ է համարվում, որ կարող է ազդել գործի փաստական հանգամանքների` այդ ապացույցի վրա հիմնված գնահատականի և վերջապես դատավարության ելքի վրա (տե՛ս նույն տեղում` § 206): Այնուամենայնիվ, ինչպես արդեն վերևում նշվել է, դիմումատուի բոլոր համապատասխան փաստարկներն անհիմն լինելու հիմքով, առանց որևէ կերպ վերլուծելու, մերժվել են, մինչդեռ ենթադրվում է, որ ոստիկանության ծառայողները անձնական շահագրգռվածություն չունեցող կողմ են համարվել (տե՛ս վերևում` 85-րդ և 87-րդ պարբերությունները):

210. Այսպիսով, Դատարանը համարում է, որ ներպետական դատարանները մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, որոնք, ավելին, հիմնված են եղել հակասական ապացույցների վրա, չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք քրեական հետապնդման համար միակ վկաներն էին և ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում: Կարելի է ասել, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը` առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին (տե՛ս, mutatis mutandis, Կասպարովը և այլք` վերևում հիշատակված, § 66):

211. Վերը նշված նկատառումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ դիմումատուի դեմ քրեական վարույթը, ընդհանուր առմամբ, իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ:

212. Հանգելով այս եզրակացությանը` Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին ուսումնասիրելու, թե արդյոք նույն փաստերի մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում:

 

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

213. Դիմումատուն բողոքել է, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ցույցերի ցրմամբ և հետագայում իր նկատմամբ քրեական հետապնդմամբ ու դատապարտմամբ խախտվել են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը.

 

ՀՈԴՎԱԾ 10

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք...

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:

 

Ա. Ընդունելիությունը

214. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն բերված` ազատորեն արտահայտվելու իրավունքի հետ կապված բողոքի մասով չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Դատարանը նշում է, այնուամենայնիվ, որ Կառավարությունն այդ պնդումը հիմնավորող որևէ փաստարկ չի ներկայացրել: Նրանք ոչ էլ նշել են իրավական պաշտպանության այն միջոցները, որոնք դիմումատուն կարող էր օգտագործել: Հետևաբար Կառավարության պնդումն ընդունելու հիմքեր առկա չեն, և այն պետք է մերժվի:

215. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

ա) Դիմումատուն

216. Դիմումատուն նշել է, որ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց հետո` 2008 թվականի փետրվարի 20-ին, ընդդիմության կողմից ցույցի կոչ է արվել, որը դարձել է մշտական նստացույց Ազատության հրապարակում և առանց դադարի շարունակվել է մինչև 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան: Այսպիսով, շարունակաբար իրականացվող ցույցերը նախատեսվում էին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքով և վեջինիս իմաստով օրինական էին: Այդ ժամանակահատվածում Ազատության հրապարակը կարևոր դաշտ էր դարձել ընտրությունների արդյունքների և հանրային մտահոգություն առաջացնող այլ հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների համար, իսկ մի շարք քաղաքական ակտիվիստներ և կառավարությանը քննադատող անձինք անօրինական կերպով կալանավորվել էին նույն ժամանակահատվածում: Ցույցերը խաղաղ են եղել, ինչի մասին մեծապես վկայում են միջազգային կազմակերպությունների զեկույցները, Հայաստանում հավատարմագրված դիվանագետները և Հայաստանի օմբուդսմենը: Ավելի ուշ, երբ իշխանությունները առաջ են քաշել Ազատության հրապարակում ցուցարարների մոտ եղած զենքերի և այլ վտանգավոր իրերի մասին պատմությունը, այդ տեղեկատվության աղբյուրը երբեք չի բացահայտվել, և ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել ցույցերի ժամանակ հրազեն կամ որևէ այլ արգելված իր ունենալու համար: Ոստիկանության գործողությունների իրական պատճառը եղել է ցույցը դադարեցնելը, և զենքերի ենթադրյալ ստուգումը միայն դա քողարկելու միջոց է եղել: Քննություն իրականացնող մարմինները չեն անդրադարձել Օմբուդսմենի կողմից իր զեկույցում այդ առնչությամբ բարձրացված մտահոգություններից և ոչ մեկին (տե՛ս վերևում` 124-րդ պարբերությունը):

217. Դիմումատուն պնդել է, որ և՛ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան խաղաղ ցույցի ցրման, և՛ իր դեմ հարուցված քրեական գործի հետևանքով տեղի է ունեցել միջամտություն իր` ազատորեն արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքին: Անհնազանդություն հրահրելու և իշխանությունը զավթելուն, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր անելու համար ՔՕ-ի 225.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 301-րդ հոդվածով և 318-րդ հոդվածի 1-ին մասով նրան առաջադրված մեղադրանքները նույնպես վկայում են ազատորեն արտահայտվելու իր իրավունքին միջամտության մասին, քանի որ հիմնականում նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել հանրահավաքների ժամանակ իր կարծիքը բարձրաձայնելու համար: Նույնիսկ եթե այդ մեղադրանքներն ավելի ուշ հանվել են, դրանք, այնուամենայնիվ, հիմք են հանդիսացել նրան կալանքի տակ պահելու համար:

218. Դիմումատուն պնդել է, որ ինքը քաղաքական բանտարկյալ է եղել, քանի որ իր դեմ հարուցված քրեական գործը եղել է շինծու և քաղաքական շարժառիթներով պայմանավորված` ի պատասխան հետընտրական ցույցերին իր մասնակցությանը և ընդդիմության ակտիվիստ լինելուն: Ինքը հայտնի է եղել իշխանություններին, քանի որ հանրահավաքներին ակտիվ մասնակից է եղել և մեկ առիթով նույնիսկ ելույթ է ունեցել` այդպիսով գրավելով նրանց ուշադրությունը: Իրեն ձերբակալելիս ոստիկանության ծառայողները հայհոյել ու անունով են դիմել իրեն, ինչից ինքը հասկացել է, որ նրանք իրեն հետապնդել են: Քննիչի կողմից` Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում իր դերի հետ կապված նրան ուղղված հարցերի բնույթը նույնպես հաստատել է նրա նկատմամբ քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառների առկայությունը: Նա մեղադրվել է չպարզված ոստիկանության ծառայողներին դիմադրելու համար, և մի քանի ամիս անց նրա դեմ հարուցված վարույթը հիմնավորելու համար առաջ է քաշվել մի կեղծ վարկած, որի համաձայն Ազատության հրապարակից փախչելուց մոտավորապես 30 րոպե հետո նա գտնվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա` Երևանի Մամուլի շենքի մոտ գտնվող տարածքում, որտեղ նա դիմադրել է նույն ոստիկանության ծառայողներին, որոնց բախվել էր Ազատության հրապարակում, և ձերբակալվել է: Ոչ մի բացատրություն չի տրամադրվել այդ տարածքում ոստիկանության ծառայողների ներկայության վերաբերյալ:

219. Ինչպես ներկայացվել է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից մի շարք զեկույցներում, միջազգային համայնքի շրջանում հստակ պատկերացում կա, որ, ինչպես նշել է Եվրոպայի խորհրդի հանձնակատարն իր մամլո ասուլիսների ժամանակ, հետընտրական ցույցերի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը հանգեցրել է «ընդդիմության նկատմամբ քաղաքական վենդետայի»: Հարյուրավոր ոստիկանության ծառայողների բանակն անօրինական և անհիմն հարձակում է սկսել խաղաղ ցուցարարների վրա, ինչն ուղեկցվել է չափից ավելի ուժի օգտագործմամբ` դրանով արհեստականորեն բախում հրահրելով ընդդիմության կողմնակիցների շրջանում` նրանց դեմ քրեական գործ հարուցելու և պետության կողմից հովանավորվող քրեական հետապնդում իրականացնելու նպատակով: 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բոլոր դեպքերում միայն ընդդիմության անդամները և նրանց կողմնակիցներն են ձերբակալվել և ավելի ուշ դատապարտվել, մինչդեռ ոչ մի ոստիկանության ծառայողի կամ իշխանության ներկայացուցչի երբևէ մեղադրանք չի առաջադրվել, և նրանցից ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության` չնայած այն փաստին, որ օգտագործվել է չափից ավելի ուժ, ինչի հետևանքով գրանցվել է մահվան 8 դեպք, և ավելի քան 150 անձ վնասվածքներ է ստացել:

220. Դիմումատուն պնդել է, որ քանի որ իր դեմ հարուցված քրեական վարույթի հիմքում ընկած են եղել քաղաքական շարժառիթներ, այդպիսի միջամտությունը չի կարելի օրենքով սահմանված միջամտություն համարել: Ինչ վերաբերում է ցույցերը ցրելուն, ապա Հայաստանի օմբուդսմենի` ոստիկանության գործողությունների անօրինականության վերաբերյալ զեկույցում ներկայացված մտահոգություններից և ոչ մեկին քննության ժամանակ կամ Կառավարության դիտարկումներում անդրադարձ չի կատարվել: Ոստիկանության կողմից ներկայացված բոլոր ապացույցները համարվել են հավաստի, իսկ նրանց գործողությունները, առանց պատշաճ ուսումնասիրման և գնահատման, համարվել են օրինական այն դատարանների կողմից, որոնք չեն իրականացրել փաստերի օբյեկտիվ և ամբողջական ուսումնասիրություն: Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ չի եղել ո՛չ քաղաքական կարծիքների արտահայտմանը միջամտությունը, ո՛չ էլ ցույցերի ցրումը: Ինչ վերաբերում է վերջինին, մի շարք հարցեր մնացել են անպատասխան: Մասնավորապես, ցույցերը ցրելու անհամաչափ միջոցը, որի հետևանքով վնասվել են հարյուրավոր անձինք, ոստիկանության` ընդդիմության առաջնորդի հետ չհաղորդակցվելն այն դեպքում, երբ վերջինս առաջարկել է հետևել նրանց պահանջներին, այդպիսի մեծամասշտաբ գործողություններ իրականացնելու համար այդքան վաղ ժամի ընտրությունը, ավելին, եթե ենթադրենք, որ խուզարկություն և առգրավման գործողություններ են իրականացվել, որոնք արգելված են Քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, այդքան մեծ քանակությամբ ծառայողների ներգրավմամբ ոստիկանական գործողությունները չտեսաձայնագրելու, միևնույն ժամանակ լրագրողներին խոչընդոտելով իրադարձությունները տեսաձայնագրելու հարցում, նստացույցի բոլոր մասնակիցներին ցրելու պատճառները, ինչպես նաև այն փաստը, թե ինչու է հաջորդ 38 ամիսներին Ազատության հրապարակը փակ մնացել ընդդիմության ցանկացած տեսակի հավաքների համար, եթե ոստիկանական գործողությունների նպատակն է եղել ապօրինի զենքերի խուզարկությունն ու առգրավումը:

 

բ) Կառավարությունը

 

221. Կառավարությունը նշել է, որ նախագահական ընտրություններից հետո` 2008 թվականի փետրվարի 20-ի և 29-ի միջև ընկած ժամանակահատվածում, նախագահի թեկնածու պրն Տեր-Պետրոսյանը և իր մի խումբ աջակիցներ շարունակաբար անցկացրել են չթույլատրված հասարակական միջոցառումներ, այդ թվում ցույցեր` դրանով իսկ խաթարելով հասարակական կարգը, մայրաքաղաքի բնականոն կյանքը, բնակիչների անդորրը, երթևեկությունը, ինչպես նաև հանրային և ուսումնական հաստատությունների ու մասնավոր ձեռնարկությունների գործունեությունը: Չնայած այս փաստին, իշխանությունները փորձեր չեն կատարել միջամտելու ցույցերի անցկացմանը: Այնուամենայնիվ, ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին բազմիցս տեղեկացվել է հանրահավաքների անօրինական բնույթի մասին, այդ թվում` գրավոր:

222. 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ իրենց տարբերակի և դրա օգտին բերված ապացույցների վրա հիմնվելով (տե՛ս վերևում` 13-րդ և 14-րդ պարբերությունները)` Կառավարությունը պնդել է, որ 2008 թվականի մարտի 1-ի ցույցը խաղաղ չի եղել 11-րդ հոդվածի իմաստով, քանի որ դրա կազմակերպիչները և մասնակիցներն ունեցել են բռնի մտադրություններ: Կասկածյալ Վ.Ն.-ի ցուցմունքում նույնպես նշվել է ցույցի ոչ խաղաղ բնույթի և դրա մասնակիցների մտադրությունների մասին, որի համաձայն` հավաքի մասնակիցների և կազմակերպիչների հրահանգով նա պատվիրել է և նրանց է հանձնել սրածայր մետաղյա առարկաներ, որոնք, ինչպես հետագայում պարզել են փորձագետները, սառը զենքեր են եղել: Ամեն դեպքում իշխանությունները բավականին երկար ժամանակ անտեսել են ցույցերին դիմումատուի ներկայության խորհրդանշական և ապացուցողական արժեքը, և այդքան երկար ժամանակ անց ենթադրյալ միջամտությունը, հետևաբար, անհիմն չի եղել, պնդել է Կառավարությունը` հղում կատարելով Չիսն ընդդեմ Ֆրանսիայի [Cisse v. France] գործին (թիվ 51346/99, § 52, ՄԻԵԴ 2002/III): Այսպիսով, ոստիկանական գործողությունները, դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը և հետագայում դատապարտումն օրինական են եղել, և հետևաբար նրա` 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին ենթադրյալ միջամտությունը կատարվել է այդ հոդվածի պահանջներին համապատասխան: Այն սահմանված է եղել օրենքով, հետապնդել է անկարգություններն ու հանցագործությունները կանխելու իրավաչափ նպատակ, ինչպես նաև համաչափ է եղել:

223. Ինչ վերաբերում է դիմումատուի` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքին, ապա այդ հոդվածով երաշխավորված իր իրավունքներին միջամտություն չի եղել, քանի որ ցուցարարների կողմից դրսևորված բռնության և զինված դիմադրության պայմաններում ոստիկանության գործողություններն ամեն դեպքում չէին կարող համարվել արտահայտվելու ազատության իրավունքին միջամտություն:

 

2. Դատարանի գնահատականը

 

ա) Դիմումատուի բողոքների շրջանակը

 

224. Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտվի որպես lex generalis (ընդհանուր օրենք)` 11-րդ հոդվածի նկատմամբ, որը lex speciallis (հատուկ օրենք) է: Դատարանը, հետևաբար, գտնում է, որ դիմումատուի բողոքները պետք է ուսումնասիրվեն միայն 11-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի [Ezelin v. France], 1991 թվականի ապրիլի 26, § 35, շարք Ա թիվ 202, և Կուդրեվիչուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevicius and Others v. Lithuania [GC]], թիվ 37553/05, § 85, ՄԻԵԴ 2015):

225. Մյուս կողմից, չնայած դրա ինքնավար դերին և կիրառության հատուկ ոլորտին, 11-րդ հոդվածը սույն գործով պետք է նաև դիտարկվի 10-րդ հոդվածի լույսի ներքո: 10-րդ հոդվածով երաշխավորված` սեփական կարծիք ունենալու իրավունքի պաշտպանությունը 11-րդ հոդվածով ամրագրված` խաղաղ հավաքների ազատության նպատակներից մեկն է (տե՛ս Էզելինի գործը` վերևում հիշատակված, § 37, Հակոբյանը և այլք` վերևում հիշատակված, § 86, և Կուդրեվիչուսը և այլք` վերևում հիշատակված, § 86):

 

բ) Արդյո՞ք եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը:

 

226. Դատարանը կրկին նշում է, որ հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակության հիմնարար իրավունքներից է և ինչպես արտահայտվելու ազատության իրավունքը, այդպիսի հասարակության հիմքերից մեկն է: Հետևաբար այն չպետք է նեղ իմաստով մեկնաբանվի: Որպես այդպիսին, այս իրավունքը տարածվում է և՛ մասնավոր հանդիպումների, և՛ հանրային վայրերում հանդիպումների վրա` թե՛ մեկ վայրում հավաքվելու, թե՛ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու (երթի) միջոցով. բացի այդ, դա կարող է իրականացվել անհատ մասնակիցների և հավաքներ կազմակերպող մարդկանց կողմից (տե՛ս Ջյավիթ Անն ընդդեմ Թուրքիայի [Djavit An v. Turkey], թիվ 20652/92, § 56, ՄԻԵԴ 2003-III, Զիլիբերբերգն ընդդեմ Մոլդովայի (որոշում) [Ziliberberg v. Moldova (dec.)], թիվ 61821/00, 2004 թվականի մայիսի 4, և Կուդրեվիչուսի և այլոց գործը` վերևում հիշատակված, § 91):

227. Կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանվում է միայն «խաղաղ հավաքների» իրավունքը` հասկացություն, որը չի ներառում այն ցույցերը, որոնց կազմակերպիչները և մասնակիցներն ունեն բռնի մտադրություններ: Հետևաբար 11-րդ հոդվածի երաշխիքները կիրառվում են բոլոր հավաքների նկատմամբ` բացի այն հավաքներից, որոնց կազմակերպիչներն ու մասնակիցներն ունեն այդպիսի մտադրություններ, հրահրում են բռնություն կամ այլ կերպ մերժում են ժողովրդավարական հասարակության հիմքերը (նույն տեղում, § 92):

228. Դատարանն այնուհետև կրկին նշում է, որ միջամտությունը կարող է չհանգեցնել բացարձակ արգելքի` իրավաբանորեն կամ փաստացի, սակայն կարող է ներառել իշխանությունների կողմից ձեռնարկվող այլ տարբեր միջոցառումներ: 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի և՛ հավաքից առաջ, և՛ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցառումների ներառմամբ, ինչպիսիք են նախնական արգելքը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժամիջոցները, այդ թվում` հանրահավաքին մասնակցելու համար կիրառված տույժերը (տե՛ս Կասպարովի և այլոց գործը` վերևում հիշատակված, § 84, Նավալնիի և Յաշինի գործը` վերևում հիշատակված, § 51, և Կուդրեվիչուսի և այլոց գործը` վերևում հիշատակված, § 100):

229. Դատարանն ի սկզբանե նշում է, որ սույն գործը նախևառաջ վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական գործողություններին հանգեցնող դեպքերին, քանի որ դիմումատուն դրանից կարճ ժամանակ անց ձերբակալվել է և չի մասնակցել Երևանում նույն օրն ավելի ուշ ծավալվող իրադարձություններին, այդ թվում` հետագայում անցկացված հանրահավաքներին և ոստիկանության ու ցուցարարների միջև ենթադրյալ բախումներին: Ավելին, թեև տեխնիկապես ոստիկանական տվյալ գործողությունների արդյունքում քանդվել է ճամբարը, այդ ճամբարը 2008 թվականի փետրվարի 20-ից ի վեր Ազատության հրապարակում անցկացվող առավել մեծ հավաքի մի մասն է եղել, որը գրավել է հազարավոր մարդկանց, և որը սույն գործի հիմքում է ընկած: Կառավարությունը պնդել է, որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել` պնդելով, որ իշխանություններն ապացույցներ են ձեռք բերել առ այն, որ 2008 թվականի մարտի 1-ին զենքեր և ռազմամթերք պետք է մատակարարվեր ցուցարարներին` զանգվածային անկարգություն հրահրելու համար, և որ ցուցարարներն առաջինն են հարձակվել ոստիկանության վրա Ազատության հրապարակում:

230. Դատարանը կրկին նշում է, որ ցույցի կազմակերպիչների բռնի մտադրությունների ապացուցման բեռն ընկած է իշխանությունների վրա (տե՛ս Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդավարական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի (թիվ 2) [Christian Democratic People's Party v. Moldova (no. 2)], թիվ 25196/04, § 23, 2010 թվականի փետրվարի 2): Այն ի սկզբանե նշում է, որ ապացույցներ չկան այն մասին, որ ընդդիմության շատ կողմնակիցների կարծիքով կեղծված նախագահական ընտրությունների անցկացման դեմ Ազատության հրապարակում 2008 թվականի փետրվարի 20-ից իրականացված ցույցերում առկա է եղել որևէ բռնություն հրահրելու կամ բռնության գործողություններ` մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացված ոստիկանական գործողությունները: Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ իշխանություններն ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ ցուցարարները ծրագրել են զինվել զանգվածային անկարգություն հրահրելու համար, Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել տվյալ ապացույցները կամ նույնիսկ որևէ համապատասխան մանրամասներ կամ բացատրություններ չի տրամադրել: Դիմումատուի քրեական գործը քննող դատարանները նույնպես մանրակրկիտ քննություն չեն անցկացրել տվյալ ապացույցների մասով և ուղղակի հիմնվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի` 2008 թվականի մարտի 27-ի գրության վրա, որն իր հերթին, ընդհանուր առմամբ, հղում է կատարել «ստացված հետախուզական տեղեկություններին» (տե՛ս վերևում` 22-րդ պարբերությունը): Ենթադրյալ հետախուզական տեղեկությունների բնույթն ու աղբյուրը, այնուամենայնիվ, պարզ չեն և, ըստ երևույթին, երբեք էլ չեն բացահայտվել կամ քննվել վարույթի որևէ փուլում: Դատարանն այնուհետև նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ Ազատության հրապարակում հայտնաբերված զենքերը, այդ թվում` ատրճանակները, նռնակներն ու «ծակող» սուր առարկաներն առնչություն են ունեցել ցուցարարներից որևէ մեկի հետ (տե՛ս վերևում` 14-րդ պարբերությունը): Ոչ էլ որևէ ապացույց է եղել, որը կհիմնավորեր, որ Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների ժամանակ ցուցարարների կողմից օգտագործվել են հրազեններ, պայթուցիկ նյութեր կամ սառը զենք, ինչը զարմանալի է` հաշվի առնելով այն պնդումը, որ նրանք զինված են եղել և մտադրություն են ունեցել զինված ապստամբություն սկսելու:

231. Դատարանը միևնույն ժամանակ նշում է, որ դիմումատուն չի հերքել, որ Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների ժամանակ ընդհարումներ են եղել ցուցարարների և ոստիկանության միջև: Այնուամենայնիվ, միայն այն փաստը, ըստ որի` հավաքի ժամանակ բռնություն է եղել, ինքնին բավարար չէ` համարելու, որ դրա կազմակերպիչները բռնի մտադրություններ են ունեցել (տե՛ս Կարպյուկը և այլք ընդդեմ Ուկրաինայի [Karpyuk and Others v. Ukraine], թիվ 30582/04 և 32152/04, § 202, 2015 թվականի հոկտեմբերի 6): Դատարանը նախկինում քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում ցուցարարները ներգրավված են եղել բռնության գործողություններում, և գտել է, որ տվյալ ցույցերը եղել են Կոնվենցիայի 11-րդ հոդվածի շրջանակներում այն հիմքով, որ այս հավաքների կազմակերպիչները չեն ունեցել բռնի մտադրություններ, և առկա չեն եղել հիմքեր` ենթադրելու, որ հավաքները խաղաղ չպետք է լինեին (տե՛ս Նուրեթին Ալդեմիրը և այլք ընդդեմ Թուրքիայի [Nurettin Aldemir and Others v. Turkey], թիվ 32124/02, 32126/02, 32129/02, 32132/02, 32133/02, 32137/02 և 32138/02, § 45, 2007 թվականի դեկտեմբերի 18, Պրոտոպապան ընդդեմ Թուրքիայի [Protopapa v. Turkey], թիվ 16084/90, § 104, 2009 թվականի փետրվարի 24, Ուզունգեթը և այլք ընդդեմ Թուրքիայի [Uzunget and Others v. Turkey], թիվ 21831/03, § 52, 2009 թվականի հոկտեմբերի 13, Ասպրոֆտասն ընդդեմ Թուրքիայի [Asproftas v. Turkey], թիվ 16079/90, § 106, 2010 թվականի մայիսի 27, Գյունը և այլք ընդդեմ Թուրքիայի [Gun and Others v.Turkey], թիվ 8029/07, § 50, 2013 թվականի հունիսի 18, Գյուլջուն ընդդեմ Թուրքիայի [Gulcu v. Turkey], թիվ 17526/10, §§ 91-97, 2016 թվականի հունվարի 19, Յարոսլավ Բելուսովն ընդդեմ Ռուսաստանի [Yaroslav Belousov v. Russia], թիվ 2653/13 և 60980/14, §§ 169-172, 2016 թվականի հոկտեմբերի 4): Ավելին, եթե երկու կողմերը` ցուցարարները և ոստիկանությունը, ներգրավված են եղել բռնության գործողություններում, երբեմն անհրաժեշտ է քննել, թե ով է սկսել բռնությունը, և արդյոք դիմումատուն անձամբ ագրեսիայի սկզբնական գործողությունների համար այն պատասխանատու անձանց թվում է եղել, որոնք նպաստել են հավաքի նախնական խաղաղ բնույթի խաթարմանը (տե՛ս Պրիմովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Primov and Others v. Russia], թիվ 17391/06, § 157, 2014 թվականի հունիսի 12):

232. Կառավարությունը սույն գործով պնդել է, որ առաջինը ցուցարարներն են հարձակվել ոստիկանության վրա, ինչը հաստատում է այն փաստը, որ նրանք բռնի մտադրություններ են ունեցել: Դիմումատուն, այնուամենայնիվ, և՛ այս Դատարանում, և՛ ներպետական դատարաններում վիճարկել է իրադարձությունների այսպիսի նկարագրությունը (տե՛ս, ի հակադրություն դրա, Պրիմովի և այլոց գործը` վերևում հիշատակված, § 158) և պնդել է, որ փաստացի տեղի է ունեցել հենց հակառակը, և որ ոստիկանությունն Ազատության հրապարակում առաջինն է հարձակվել խաղաղ ցուցարարների ճամբարի վրա` դաժանորեն ցրելով հավաքը և դիտավորյալ հրահրելով բախումներ: Դատարանը նշում է, որ Կառավարության պնդումը, ըստ երևույթին, հիմնված է եղել Հայաստանի ոստիկանության պետի տեղակալի` վերը նշված գրության մեջ ներկայացված իրադարձությունների պաշտոնական նկարագրության վրա (տե՛ս վերևում` 22-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նրանք, ըստ երևույթին, այդ եզրահանգումներին չեն եկել անկողմնակալ և անկախ քննության արդյունքում, և դրանք, կարծես թե, լիովին հիմնված են եղել այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվ դեր են ունեցել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններում, այդ թվում` Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներում, և ավելին, ենթադրաբար չափից ավելի ուժ են օգտագործել ցուցարարների նկատմամբ: Տվյալ եզրահանգումները հիմնավորված չեն որևէ օբյեկտիվ ապացույցով և, ավելին, ինչպես երևում է, դրանք հակասում են քրեական գործի մի շարք այլ նյութերի, այդ թվում` թիվ 62202508 քրեական գործը հարուցելու մասին որոշմանը և մի քանի այլ փաստաթղթերի, որոնցից երևում է, որ Ազատության հրապարակում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը կարող է իսկապես լինել ոստիկանության կողմից ձեռնարկված` որոշ չպարզված միջոցառումների հետևանք, որի նպատակը եղել է ցույցը հարկադրաբար դադարեցնելը` ի հակադրություն ցուցարարների կողմից նախազգուշական հարձակման, ինչպես պնդել է Կառավարությունը (տե՛ս վերևում` 15-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ և 39-րդ պարբերությունները): Հատկանշական է, որ դիմումատուի քրեական գործը քննող դատարանները որևէ ձևով չեն անդրադարձել բախման հանգամանքներին, այդ թվում` այն հարցին, թե ով է հրահրել այն` իրենց վճիռներում չներառելով համապատասխան մանրամասները: Նույնիսկ դիմումատուի կողմից վիճարկվող` ոստիկանության ծառայող Ա.Արշ.-ի վրա հարձակումն է ներկայացվել որպես սպորադիկ բնույթ ունեցող գործողություն, առանց գնահատելու, թե արդյոք բռնությունը դիտավորությամբ է տեղի ունեցել, թե չպլանավորված զարգացումներ են եղել (տե՛ս վերևում` 84-րդ պարբերությունը): Ճիշտ է, որ պարզվել է նաև, որ դիմումատուի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, որից կարելի է ենթադրել, որ նա բռնի մտադրություններ է ունեցել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն եղանակը, որի միջոցով այդ եզրահանգմանն են եկել, և այն ապացույցները, որոնց վրա հիմնվել են (տե՛ս վերևում` 208-210-րդ պարբերությունները), ինչպես նաև այն մասին որևէ ապացույցի կամ տեղեկությունների բացակայությունը, որ դիմումատուն երբևէ փորձել է օգտագործել ենթադրյալ դանակը, Դատարանը գործի հատուկ հանգամանքներում այն չի համարում Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունից նրան զրկելու բավարար և հուսալի տարր: Դատարանը վերջապես նշում է, որ առկա են տարբեր միջազգային և ներպետական մարմինների կողմից ներկայացված` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ մի շարք արժանահավատ զեկույցներ, որոնք հաստատում են, որ Ազատության հրապարակում անցկացվող ցույցերը խաղաղ են եղել և կասկած են հարուցում իրադարձությունների պաշտոնական նկարագրության, այդ թվում` ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հանգամանքների մասով (տե՛ս վերևում` 124-րդ, 125-րդ, 129-րդ, 131-րդ, 132-րդ և 134-րդ պարբերությունները): Վերջապես, Կառավարությունը, անդրադառնալով Վ.Ն. անունով անձի կողմից տրված ցուցմունքին, այնուամենայնիվ, չի տրամադրել մանրամասներ կամ բացատրություն` տվյալ մարդու ինքնության, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններում նրա ենթադրյալ ներգրավվածության կամ դիմումատուի հատուկ գործին նրա ցուցմունքի վերաբերելիության մասին:

233. Այսպիսով, առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, այդ թվում` դիմումատուն, բռնի մտադրություններ են ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել:

234. Դատարանն այնուհետև նշում է, որ Կառավարությունը չի վիճարկել միջամտության առկայությունը, փոխարենը պնդել է, որ հավաքը խաղաղ չի եղել: Այն նաև նշում է, որ ոստիկանական տվյալ գործողությունների հետևանքով արդյունավետ կերպով ցրվել է Ազատության հրապարակում անցկացվող հավաքը, և հետևաբար, միջամտություն է կատարվել դիմումատուի` հավաքների ազատության իրավունքին: Ավելին, հետագայում կիրառված պատժամիջոցները ներառել են դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը` Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ ենթադրաբար գործած մի շարք արարքների, այդ թվում` իշխանությունը բռնությամբ զավթելուն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր հնչեցնելու, ոստիկանության ծառայողների` հավաքը դադարեցնելու վերաբերյալ կարգադրություններին չենթարկվելու և ոստիկանության ծառայողների վրա հարձակվելու համար, ընդ որում վերջինը միակ մեղադրանքն է եղել, որը հանգեցրել է դիմումատուի դատապարտմանը (միջամտության նմանատիպ դեպքերի համար տե՛ս, օրինակ, Բալչիկը և այլք ընդդեմ Թուրքիայի [Balcik and Others v.Turkey], թիվ 25/02, §§ 41-42, 2007 թվականի նոյեմբերի 29, Նուրեթինի և այլոց գործը` վերևում հիշատակված, §§ 34-35, Պրոտոպապայի գործը` վերևում հիշատակված, § 104, Գաֆգազ Մամադովն ընդդեմ Ադրբեջանի [Gafgaz Mammadov v. Azerbaijan], թիվ 60259/11, §§ 52-53, 2015 թվականի հոկտեմբերի 15, և Յարոսլավ Բելուսովի գործը` վերևում հիշատակված, §§ 171-172): Ճիշտ է, որ դիմումատուն դատապարտվել է նաև երկու այլ արարքների, մասնավորապես, Արշակունյաց փողոցում մեկ այլ ոստիկանության ծառայողի վրա հարձակվելու և դանակ կրելու համար, որը, per se (որպես այդպիսին), ուղղակիորեն կապված չի եղել հավաքների ազատության իր իրավունքը իրացնելու հետ: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ գտել է, որ այդ արարքները կատարվել են նույն հավաքին դիմումատուի մասնակցության համատեքստում, որին հաջորդել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումները: Հետևաբար Դատարանը դժվարանում է սույն գործի շրջանակներում ընդհանուր առմամբ տարանջատել այդ իրադարձությունները դիմումատուի գործի հետ կապված մյուս իրադարձություններից` Կոնվենցիայի 11-րդ հոդվածի առնչությամբ, և պատրաստ է ենթադրել, որ այն փաստերի ամբողջականությունը, որոնց հիման վրա իրականացվել է դիմումատուի քրեական հետապնդումն ու դատապարտումը, վիճելի հիմքով կարող է համարվել խաղաղ հավաքների ազատության իրավունքին «միջամտության» դեպք:

235. Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն` և՛ ցույցի ցրման, և՛ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման, կալանավորման և դատապարտման մասով:

 

գ) Արդյո՞ք միջամտությունը հիմնավորված էր

 

i) Օրենքով սահմանված լինելը և իրավաչափ նպատակը

 

i

236. Միջամտությունը կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «նախատեսված օրենքով», չհետապնդի 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար (տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Galstyan v. Armenia], թիվ 26986/03, § 103, 2007 թվականի նոյեմբերի 15):

237. Դիմումատուն նշել է, որ քանի որ իր նկատմամբ հարուցված վարույթը շինծու է եղել, այն չէր կարող օրինական լինել, իսկ Կառավարությունը միջամտության օրինականության հետ կապված հատուկ փաստարկներ չի բերել և նշել է, որ այն հետապնդել է անկարգություններն ու հանցագործությունները կանխելու իրավաչափ նպատակ: Դատարանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ չի համարում այս հարցերի վերաբերյալ որոշում կայացնել` հաշվի առնելով միջամտության անհրաժեշտության հետ կապված ստորև նշված եզրահանգումները (տե՛ս, mutatis mutandis, Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդավարական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի, թիվ 28793/02, §§ 49-54, ՄԻԵԴ 2006-II):

 

ii) Անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում

 

238. Դատարանը կրկին նշում է, որ ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկով` հավաքների ազատության իրավունքով, նախատեսվում են մի շարք բացառություններ, որոնք պետք է մեկնաբանվեն նեղ իմաստով, և սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հիմնավորվի: Երբ ուսումնասիրվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների մասով սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», պայմանավորվող պետություններին վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի, սակայն ոչ անսահմանափակ շրջանակ: Ամեն դեպքում Դատարանն է վերջնական որոշում կայացնում սահմանափակման` Կոնվենցիայի հետ համատեղելիության մասին, և դա պետք է կատարվի կոնկրետ գործի հանգամանքները գնահատելու միջոցով (տե՛ս Կուդրեվիչուսի և այլոց գործը` վերևում հիշատակված, § 142):

239. Մանրամասն քննություն կատարելիս Դատարանի խնդիրը ոչ թե համապատասխան ազգային մարմինների տեսակետի վերաբերյալ սեփական կարծիքը հայտնելն է, այլ 11-րդ հոդվածի համաձայն` նրանց որոշումները վերանայելը: Սա չի նշանակում, որ Դատարանը պետք է սահմանափակի իրեն` պարզելիս, թե արդյոք պետությունն իր հայեցողական լիազորություններն իրականացրել է ողջամիտ կերպով, զգուշորեն ու բարեխղճորեն, թե` ոչ. այն պետք է բողոքի առարկա միջամտությունն ուսումնասիրի տվյալ գործի` որպես ամբողջության լույսի ներքո և հաստատելուց հետո, որ այն «իրավաչափ նպատակ» է հետապնդել, որոշի, թե արդյոք այն համապատասխանել է «ծայրահեղ սոցիալական անհրաժեշտությանը», և մասնավորապես, արդյոք այն համաչափ է եղել այդ նպատակին, և արդյոք այն արդարացնելու համար ազգային իշխանությունների կողմից ներկայացված հիմնավորումները «համապատասխան և բավարար» են եղել: Այդպիսով, Դատարանը պետք է հավաստիանա, որ ազգային իշխանությունները կիրառել են 11-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ և բացի այդ, իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (նույն տեղում, § 143):

240. Դատարանն ի սկզբանե նշում է, որ սույն գործի շրջանակներում միջամտության անհրաժեշտության վերաբերյալ կողմերի տարաբնույթ կարծիքների հիմքում ընկած են գործի փաստական հանգամանքների առնչությամբ հակասող տարբերակները: Կառավարությունը պնդել է, որ ոստիկանությունն Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելու որևէ մտադրություն չի ունեցել և որ ուղղակի այնտեղ է եղել զննություն կատարելու համար, երբ ցուցարարները, այդ թվում` դիմումատուն արձագանքել են ագրեսիվորեն և հարձակվել են նրանց վրա: Դիմումատուն վիճարկել է իրադարձությունների այս նկարագրությունը և պնդել է, որ ոստիկանական գործողությունների նպատակն է եղել դադարեցնել հավաքը: Նա վիճարկել է իր նկատմամբ քրեական հետապնդման և դատապարտման փաստական հիմքերը և պնդել է, որ նա ո՛չ հավաքի ժամանակ, ո՛չ էլ այն ցրելու ժամանակ անօրինական որևէ բան չի կատարել, և որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը եղել է քաղաքական շարժառիթներով պայմանավորված ու շինծու` ընդդիմության կողմնակից լինելու և ցույցերին ակտիվորեն մասնակցելու համար իրեն պատժելու նպատակով:

241. Դատարանը բազմաթիվ անգամներ շեշտել է, որ գիտակցում է, որ իր դերը երկրորդական է և ընդունում է, որ պետք է շրջահայաց գտնվի առաջին ատյանի տրիբունալի դեր ստանձնելու հարցում, եթե դա անխուսափելի չէ որոշակի գործի հանգամանքներից ելնելով: Որպես ընդհանուր կանոն, եթե ներպետական մակարդակով իրականացվել են վարույթներ, Դատարանի խնդիրը չէ փաստերի վերաբերյալ իր գնահատականը փոխարինել ներպետական դատարանների գնահատականով, և վերջիններիս խնդիրն է իրենց տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա այդ փաստերը հաստատելը: Չնայած այն հանգամանքին, որ Դատարանը սահմանափակված չէ ներպետական դատարանների եզրակացություններով և ազատ է ներկայացված ամբողջ նյութի լույսի ներքո իր սեփական գնահատականը տալու հարցում, նորմալ հանգամանքներում պահանջվում են համոզիչ փաստարկներ, որոնք թույլ կտան շեղվել ներպետական դատարանների կողմից արված` փաստերի վերաբերյալ եզրակացություններից (տե՛ս Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy [GC]], թիվ 23458/02, § 180, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), և Օստինը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Austin and Others v. the United Kingdom [GC]], թիվ 39692/09 և ևս 2-ը, § 61, ՄԻԵԴ 2012): Դատարանը Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համատեքստում, այդ թվում` Հայաստանի դեմ գործով նախկինում կիրառել է այս հիմնավորումը (տե՛ս Հակոբյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Hakobyan and Others v. Armenia], թիվ 34320/04, §§ 90-99, 2012 թվականի ապրիլի 10, ինչպես նաև Նեմցովի գործը` վերևում հիշատակված, §§ 66-71, Կարպյուկի և այլոց գործը` վերևում հիշատակված, §§ 194-206, և Հուսեյնը և այլք ընդդեմ Ադրբեջանի [Huseyn and Others v.Azerbaijan], թիվ 67360/11 և ևս 2-ը, §§ 87-97, 2016 թվականի փետրվարի 11):

242. Դատարանը Հակոբյանի և այլոց գործով գտել է, որ 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության կողմից անցկացվող հանրահավաքների ժամանակ ընդդիմության ակտիվիստների` այդ հանրահավաքներին մասնակցությունը խոչընդոտելու և կանխելու կամ մասնակցության համար պատժելու վարչական գործելակերպ է եղել` կիրառելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարճաժամկետ ազատազրկման ընթացակարգը, այդ թվում` այնպիսի հիմքերով, ինչպիսիք հայհոյախառն խոսքեր ասելն է կամ ոստիկանության կարգադրություններին չենթարկվելը հանրահավաքների հետ առնչություն չունեցող հանգամանքներում: Գտնելով, որ դիմումատուները` ընդդիմության երեք կողմնակիցները, այդ գործելակերպի զոհ են դարձել` Դատարանը մերժել է նրանց` այդ հիմնավորմամբ դատապարտման փաստական հիմքերը և եզրակացրել է, որ նրանց ազատազրկման իրական պատճառն ընդդիմության կողմից շարունակաբար անցկացվող ցույցերին մասնակցությունը կանխելը կամ նրանց ետ պահելն է եղել (տե՛ս Հակոբյանի և այլոց գործը` վերևում հիշատակված, §§ 90-99):

243. Դատարանը մի քանի նմանություններ է նկատում սույն գործի ու Հակոբյանի և այլոց գործի միջև: Նախևառաջ, այն նմանապես վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Հայաստանում քաղաքական զգայունության բարձր մակարդակ էր, որի արդյունքում ընդդիմության կողմից հանրահավաքներ էին անցկացվում ենթադրաբար ոչ արդար նախագահական ընտրությունների արդյունքների դեմ (համեմատի՛ր Հակոբյանի և այլոց գործի հետ` վերևում հիշատակված, § 90): Իշխանությունների` դրան հետևող արձագանքը, այդ թվում` ընդդիմության տասնյակ կողմնակիցների ձերբակալումն ու կալանավորումը դատապարտվել է ԵԽԽՎ-ի կողմից և նկարագրվել է որպես «ընդդիմության նկատմամբ փաստացի դաժան հետապնդում»: Առկա է կասկած, որ նրանց դեմ հարուցված մեղադրանքներից շատերը` հատկապես միայն ոստիկանության ցուցմունքների վրա հիմնված մեղադրանքները, «արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված են եղել» (տե՛ս վերևում` 125-րդ և 127-րդ պարբերությունները): Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցներից մեկից պարզ է դառնում, որ հնարավոր է, որ իշխանությունները տեղեկություններ էին հավաքել ընդդիմության հանրահավաքների մասնակիցների մասին (տե՛ս վերևում` 130-րդ պարբերությունը): Ավելին, դիմումատուի անունը, մասնավորապես, հայտնվել է Հանձնակատարի` տվյալ իրադարձությունների վերաբերյալ զեկույցներից մեկում (տե՛ս վերևում` 131-րդ պարբերությունը): Երկրորդ, դիմումատուի նկատմամբ վարույթն իրականացվել է համանման ձևով: Նրա նկատմամբ հարուցված ամբողջ գործը նույն կերպ հիմնված է եղել բացառապես ոստիկանության ցուցմունքների վրա, և ներպետական դատարանների կողմից փաստերի առումով արված եզրահանգումները, ըստ երևույթին, նույն կերպ միակն են եղել և հանգամանքների մասով անվիճարկելի եզրակացությունում, ինչպես ներկայացված է այդ ցուցմունքում, չեն եղել մանրամասներ և զարմանալիորեն կարճ են եղել (տե՛ս վերևում` 208-210-րդ պարբերությունները և ստորև` 249-րդ պարբերությունը և համեմատի՛ր Հակոբյանի և այլոց գործի հետ` վերևում հիշատակված, § 98): Այդպիսի նմանությունները, այդ թվում` Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների կողմից վերը նշված զեկույցները լուրջ մտահոգությունների առիթ են տալիս, որոնց համար Դատարանի կողմից դիմումատուի հատուկ գործի հետ կապված պահանջվում է հատուկ ուշադրություն և մանրամասն քննություն:

244. Դատարանը նշում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո մեծ բազմությունը, այդ թվում` ընդդիմության առաջնորդներն ու կողմնակիցները 2008 թվականի փետրվարի 20-ից ամեն օր հավաքվել են Ազատության հրապարակում` մասնակցելու հանրային լուրջ մտահոգություն առաջացնող հարցերի, մասնավորապես այն նախագահական ընտրությունների անցկացման և արդյունքների վերաբերյալ քաղաքական բանավեճերի, որոնք շատերի կարծիքով կեղծված են եղել: Կողմերի միջև որևէ վեճ չկա այն մասին, որ հավաքն անցկացվել է առանց նախապես իրազեկելու, ինչպես պահանջվում է ներպետական օրենսդրությամբ (տե՛ս վերևում` 119-րդ պարբերությունը): Դատարանն այս կապակցությամբ կրկին նշում է, որ չնայած այն, ըստ էության, չի հակասում 11-րդ հոդվածի ոգուն, եթե հասարակական կարգի և ազգային անվտանգության նկատառումներից ելնելով` Բարձր պայմանավորվող կողմը պահանջում է, որ հանդիպումների անցկացման համար առկա լինի թույլտվություն, անօրինական իրավիճակը, ինչպես օրինակ, առանց նախնական թույլտվության ցույցի անցկացումը չի արդարացնում հավաքների ազատության իրավունքի խախտումը: Չնայած հանրային հավաքները կարգավորող կանոնները, ինչպիսին է նախապես իրազեկելու համակարգը, էական են հրապարակային միջոցառումների անխոչընդոտ իրականացման համար, քանի որ դրանք թույլ են տալիս իշխանություններին նվազեցնել երթևեկության խափանումը և ձեռնարկել անվտանգության այլ միջոցառումներ, դրանց կիրառման ապահովումն ինքնին չի կարող լինել ինքնանպատակ: Մասնավորապես, այն դեպքում, երբ անկարգ ցուցարարները չեն ներգրավվել բռնության գործողություններում, Դատարանը պահանջել է, որ հանրային իշխանությունները խաղաղ հավաքների մասով որոշ չափով հանդուրժողականություն ցուցաբերեն, եթե Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված` հավաքների ազատությունը չպետք է ամբողջովին իմաստազրկվի (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի [Oya Ataman v. Turkey], թիվ 74552/01, §§ 39 և 42, ՄԻԵԴ 2006/XIV, և Կասպարովը և այլք` վերևում հիշատակված, § 91): Համապատասխան «հանդուրժողականության աստիճանը» չի կարող սահմանվել in abstracto (վերացական ձևով). Դատարանը պետք է դիտարկի գործի կոնկրետ հանգամանքները և մասնավորապես «բնականոն կյանքի խաթարման» աստիճանը (տե՛ս Պրիմովի և այլոց գործը` վերևում հիշատակված, § 145):

245. Դատարանն արդեն վճռել է, որ Ազատության հրապարակում անցկացված հավաքը խաղաղ է եղել, և ոչինչ չի վկայում այն մասին, որ այդպես չէր շարունակվելու (տե՛ս վերևում` 233-րդ պարբերությունը): Իսկապես, պարզ է դառնում, որ իշխանությունները թույլ են տվել հավաք կազմակերպել, այդ թվում` ցուցարարներին թույլ են տվել ճամբար կառուցել ու շարունակել այդ կերպ և ինն օր շարունակ այն քանդելու փորձեր չեն կատարել, մինչև հավաքը չի դադարեցվել 2008 թվականի վաղ առավոտյան ոստիկանական գործողությունների արդյունքում: Ինչպես արդեն վերևում նշվել է, հանգամանքները, որոնցում ոստիկանական տվյալ գործողությունները կատարվել են, այդ թվում` դրանց նպատակը և իրականացումը վիճարկվել են կողմերի կողմից: Դատարանը, այնուամենայնիվ, մտահոգված է իր այն եզրահանգմամբ, որ Կառավարությունը չի ներկայացրել իրադարձությունների վերաբերյալ իրենց այն տարբերակը հիմնավորող ապացույցներ, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարներին ռազմամթերք է մատակարարվել: Ավելին, Կառավարությունը տվյալ ոստիկանական գործողության պլանավորման, կազմակերպման և հրամանի վերաբերյալ որևէ ապացույց կամ մանրամասներ չի տրամադրել, այդ թվում` թե ով է կարգադրել կամ վերահսկել այն, ներգրավված ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները և ձեռնարկված հատուկ միջոցառումները: Միևնույն ժամանակ, պարզ է դառնում, որ սա լայնածավալ գործողություն է եղել, որում ներգրավված են եղել մի քանի հարյուր ոստիկանության ծառայողներ և ոստիկանության տարբեր ուժեր, այդ թվում` ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Այդպիսի ծավալի գործողություններ պլանավորելու և կազմակերպելու համար անկասկած որոշակի ժամանակ է պահանջվել, և պարզ չէ, թե ինչպես է սա կատարվել 24 ժամից պակաս ժամանակահատվածում, եթե ենթադրվում է, որ հետախուզական տեղեկությունները ոստիկանության կողմից ստացվել են գործողության նախորդ օրը, մասնավորապես` 2008 թվականի փետրվարի 29-ին: Վերջապես, ինչպես արդեն վերևում նշվել է, թիվ 62202508 քրեական գործը հարուցելու մասին որոշումից և մի քանի այլ փաստաթղթերից, այդ թվում` ոստիկանական գործողություններին ենթադրաբար մասնակցած` ոստիկանության ծառայողների ցուցմունքներից պարզ է դառնում, որ գործողությունների միակ նպատակն է եղել ցրել Ազատության հրապարակում անցկացվող հավաքը, և որ այդ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներն այդ նպատակով են կատարվել (տե՛ս 15-ը, 28-ը, 29-ը, 30-ը և 39-ը): Իրադարձությունների վերաբերյալ այս տարբերակը սկզբում մասամբ, իսկ հետագայում ամբողջովին քննությամբ հերքվել է, և զենքերի ստուգումը ներկայացվել է որպես ոստիկանական գործողությունների միակ նպատակ (տե՛ս վերևում` 2008 թվականի մարտի 3-ի և օգոստոսի 5-ի` դիմումատուին առաջադրված մեղադրանքների մասին որոշումները` 41-րդ և 68-րդ պարբերություններում): Ոչ իշխանությունների և ոչ էլ Կառավարության կողմից այդպիսի ակնհայտ հակասությունների մասով որևէ բացատրություն չի տրամադրվել: Դատարանը, այնուամենայնիվ, դժվարանում է հավատալ, որ սա կարող է ուղղակի բացթողում լինել, և իրականում տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանական գործողությունների` եթե ոչ միակ, ապա հիմնական նպատակը քողարկելու կամ առնվազն չբացահայտելու միտումնավոր փորձ է կատարվել: Այսպիսով, Դատարանը չի գտնում, որ ոստիկանության` 2008 թվականի մարտի 1-ի գործողությունների նպատակի վերաբերյալ պաշտոնական բացատրությունը բավականաչափ արժանահավատ է, և հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը` պատճառ չունի կասկածելու, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության միջամտության նպատակն Ազատության հրապարակում առկա ճամբարը և ներկա գտնվողներին ցրելն ու հետագայում հավաքների անցկացումը կանխելն է եղել:

246. Կառավարությունը պնդել է, որ ցրումը հիմնավորված է եղել, քանի որ իշխանությունները բավականին երկար են հանդուրժել հավաքները, և հետևաբար այն ցրելը ողջամիտ է եղել: Ճիշտ է, որ հավաքը տևել է ինն օր, ակնհայտ է, որ իշխանությունների կողմից էապես ընդհատում կամ միջամտություն չի եղել: Դատարանն այն կարծիքին է, որ այս միակ հիմնավորումը, այնուամենայնիվ, բավարար չէ ցրելու հավաքը` առանց որոշակի ապացույցների առ այն, որ դրանով իրական վտանգ է սպառնացել հասարակական կարգին, կամ որ ցուցարարները դիտավորությամբ էապես խաթարել են բնականոն կյանքը և այլոց կողմից իրականացվող օրինական գործունեությունը առավել մեծ չափով, քան եթե նրանք իրենց խաղաղ հավաքների բնականոն իրավունքն իրացնեին (տե՛ս, ի հակադրություն դրա, Կուդրեվիչուսի և այլոց գործը` վերևում հիշատակված, § 173, և դրանում հիշատակված գործերը): Ըստ երևույթին, հավաքի հետևանքով չի առաջացել երթևեկության դիտավորյալ կամ նույնիսկ ոչ դիտավորյալ խաթարում: Այն ոչ թե այլոց կողմից գործունեության օրինական իրականացումը խաթարելու, այլ բանավիճելու և քաղաքական նշանակություն ունեցող հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ ստեղծելու նպատակ է ունեցել, որն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի հասարակության լայն հատվածի համար: Հետևաբար առավել բարձր աստիճանի հանդուրժողականություն էր պետք ցուցաբերել սույն գործով, քան իշխանություններն են ցուցաբերել: Դատարանը չի գտնում, որ Կառավարության կողմից Չիսն ընդդեմ Ֆրանսիայի գործին հղում կատարելը տեղին է, քանի որ ի տարբերություն այդ գործի, սույն գործով Կառավարության կողմից հավաքը ցրելու համար որևէ հիմնավորում չի ներկայացվել` բացառությամբ դրա տևողության վերաբերյալ փաստարկի (տե՛ս Չիսի գործը` վերևում հիշատակված §§ 51-52):

247. Դատարանը նաև չի կարող չնկատել հավաքը ցրելու եղանակը: Այն մատնանշում է մի շարք հավաստի զեկույցների առկայությունը, որոնցից պարզ է դառնում, որ ոստիկանությունը ցուցարարների դեմ անհիմն և չափից ավելի ուժ է օգտագործել (տե՛ս վերևում` 124-րդ, 129-րդ, 132-րդ և 134-րդ պարբերությունները): Այդ զեկույցներից որոշներում նաև առկա է պնդում առ այն, որ ոստիկանության կողմից ցույցը ցրելու նախնական հրաման չի տրվել (տե՛ս վերևում` 124-րդ և 134-րդ պարբերությունները): Հատկանշական է, որ ոստիկանության գործողությունները, ըստ երևույթին, երբևէ անկախ և անաչառ քննության չեն ենթարկվել: Վերջապես, Դատարանը նշում է ոստիկանական գործողություններին առնչվող բոլոր հակասությունների և թափանցիկության բացակայության մասին, այդ թվում` այդ գործողությունների նպատակի հաճախակի փոփոխվող տարբերակը:

248. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաև չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելը անհամաչափ միջոց է եղել, որը իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները:

249. Ինչ վերաբերում է դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուն, ըստ երևույթին, հավաքը ցրելուց կարճ ժամանակ անց ձերբակալվել է Ազատության հրապարակից 2կմ հեռավորության վրա գտնվող տարածքում, մասնավորապես` Երևանի կրկեսի մոտ գտնվող Գրիգոր Լուսավորիչ փողոցում, որտեղից նա փախչել է հավաքը ցրվելուց հետո: Ձերբակալումն իրականացնող ծառայողները պնդել են, որ նրանք ականատես են եղել, թե ինչպես է կրկեսի մոտ դիմումատուն դիմադրել և չի ենթարկվել չպարզված ոստիկանության ծառայողներին, և նշել են, որ դա նրան արգելանքի վերցնելու համար հիմնավորումներից մեկն է եղել: Այնուամենայնիվ, ինչն է առավել կարևոր. որպես երկրորդ հիմնավորում` ծառայողները նշել են, որ դիմումատուն Ազատության հրապարակում կազմակերպել է չթույլատրված ցույցեր` ի աջակցություն պրն Տեր-Պետրոսյանին (տե՛ս վերևում` 24-րդ, 27-րդ և 28-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ պարզ չէ, թե ինչ հիմքերով են ձերբակալումն իրականացնող այն ծառայողները, որոնք Ազատության հրապարակից բավականին մեծ հեռավորության վրա գտնվող վայրից բերման են ենթարկել դիմումատուին, ենթադրել, որ նա մասնակցել է, ավելին, կազմակերպել է ընդդիմության ցույցերը: Դրանից հետևում է, որ ծառայողները կա՛մ դիմումատուին ճանաչել են որպես ակտիվ ցուցարար, կա՛մ առնվազն նրան հետևել են Ազատության հրապարակից: Այդ օրն ավելի ուշ քննիչը նշել է ՔՕ-ի 225.1 հոդվածի 2-րդ մասը և 316-րդ հոդվածի 2-րդ մասը` որպես դիմումատուի ձերբակալման հիմքեր, որոնցով սահմանվում են պատժամիջոցներ` մի քանի տարբեր արարքների համար, մասնավորապես` օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչերը և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը: Թեև դիմումատուի ձերբակալման արձանագրությունն այս կասկածները հիմնավորող որևէ փաստական տեղեկություն չի պարունակել, այնուամենայնիվ, ավելի ուշ դիմումատուին առաջադրված մեղադրանքներից կարելի է եզրակացնել, որ այդ կասկածանքներն առնչվել են Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքին և այն ցրելու ժամանակ դիմումատուի կողմից ենթադրաբար կատարած արարքներին (տե՛ս վերևում` 34-րդ և 41-րդ պարբերությունները): Կրկին պարզ չէ, թե ինչ հիմքեր են առկա եղել ենթադրելու, որ դիմումատուն մասնակցել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքին, և ավելին, այդ համատեքստում կատարել է որոշ անօրինական արարքներ, հատկապես, եթե այդ փուլում նա դեռ նույնիսկ չէր հարցաքննվել այդ իրադարձությունների կապակցությամբ:

250. Դատարանն այնուհետև նշում է, որ հետագայում դիմումատուն մեղադրվել և կալանավորվել է ՔՕ-ի վերը նշված 225.1 հոդվածի 2-րդ մասի և 316-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 301-րդ հոդվածի և 318-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որոնցով պատժամիջոցներ են սահմանվում իշխանությունը զավթելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր անելու համար (տե՛ս վերևում` 41-րդ պարբերությունը): Դատարանը նշում է, այնուամենայնիվ, որ հավաքի կամ այն ցրելու ժամանակ դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված արարքների մասով այս մեղադրանքների կապակցությամբ չի տրամադրվել որևէ կոնկրետ ապացույց կամ փաստական հիմք: Թեև մեղադրանք առաջադրելու մասին որոշման և դիմումատուին կալանավորելու մասին որոշման մեջ նշված է եղել, որ նա կազմակերպել է և անցկացրել է ցույցեր, որոնց ժամանակ արվել են իշխանությունը զավթելուն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր, որ նա ավելի ուշ չի ենթարկվել և հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա (տե՛ս վերևում` 41-րդ և 45-րդ պարբերությունները), այդ փաստաթղթերից և ոչ մեկում հղում չի կատարվել որևէ ապացույցի, կամ չի ներառվել փաստական մանրամասներ: Չի նշվել, թե արդյոք դիմումատուն ինքն արել է կոչեր կամ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր, և եթե արել է, ապա այդպիսի կոչերի կամ բռնություն գործադրելուն ուղղված կոչերի բնույթը: Ոչ էլ նշվել է ենթադրյալ հարձակումներ կատարելու բնույթը և ձևը, ինչպես նաև այդպիսի հարձակումների ենթադրյալ զոհերի ինքնությունը: Նույնը վերաբերում է անհնազանդության ենթադրյալ հրահրմանը: Այսպիսով, այն փաստերը, որոնց վրա հիմնված են եղել մեղադրանքները, հիմնավորված չեն եղել որևէ ապացույցով, կազմված են եղել շատ ընդհանուր և վերացական եզրույթների կիրառմամբ` առանց դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված արարքների վերաբերյալ հատուկ մանրամասների, և ըստ երևույթին, միայն մեջբերվել են ՔՕ-ի համապատասխան հոդվածները: Հետևաբար պարզ է դառնում, որ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, և նա կալանավորվել է ուղղակի Ազատության հրապարակի հավաքին ակտիվորեն մասնակցելու և այն կազմակերպելու և ոչ թե դրա ընթացքում կատարած հատուկ դատապարտելի արարքի համար: Ավելին, ինչպես նկարագրված է վերևում, դիմումատուի ձերբակալման հանգամանքներից պարզ է դառնում, որ նա հնարավոր է իշխանություններին հայտնի է եղել որպես ակտիվ ցուցարար: Նույնը պարզ է դառնում Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետի զեկուցագրից, որում նշվել է, որ դիմումատուն արգելանքի է վերցվել Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքի «ակտիվիստ» լինելու համար (տե՛ս վերևում` 30-րդ պարբերությունը): Դատարանը համարում է, որ խաղաղ հավաքը ցրելը և այնուհետև դադարեցնելը, ինչպես նաև դրա ակտիվիստներին կամ այլ խաղաղ մասնակիցներին կալանավորելն առանց որևէ ապացույցի առ այն, որ նրանք անձամբ գործել են որևէ դատապարտելի արարք, ինչպես դիմումատուի դեպքում է եղել, չեն կարող համարվել «ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ» միջոց:

251. Դատարանը նշում է, որ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել և նա առնվազն 5 ամսով կալանավորվել է այդպիսի հիմքերով, մինչև նրան առաջադրված մեղադրանքները հանվել են` մեծամասամբ ապացույցների բացակայության պատճառով (տե՛ս վերևում` 67-րդ պարբերությունը): Գրեթե միևնույն ժամանակ նոր ապացույցներ և մեղադրանքներ են ի հայտ եկել, և դիմումատուն մեղադրվել է ոստիկանության ծառայողների վրա երկու հարձակումների և ապօրինի զենք կրելու մեջ: Դիմումատուն պնդել է, որ այդ մեղադրանքները եղել են արհեստական և շինծու, որպեսզի ամեն գնով նրան դատապարտեն ընդդիմության ակտիվիստ լինելու համար: Դատարանը նշում է, որ դիմումատուի պնդումները, ըստ էության, անհիմն չեն և ընդգծում է հետևյալը: Նախևառաջ, դիմումատուի նկատմամբ քրեական գործն ի սկզբանե վարելու եղանակը և այն փաստը, որ, ինչպես արդեն նշվել է վերևում, նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել և նա կալանավորվել է գրեթե հինգ ամսով մասնավորապես ցույցերին ակտիվորեն մասնակցելու համար, ինքնին հարց է առաջացնում դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման շարժառիթների առնչությամբ: Երկրորդ, պարզ չէ, թե ինչու մեղադրանք չի առաջադրվել դիմումատուին այդքան երկար ժամանակ, եթե նրա մոտ իրոք դանակ է հայտնաբերվել ձերբակալման հենց առաջին օրը: Նույնը վերաբերում է Արշակունյաց փողոցում դիմումատուի կողմից ոստիկանության ծառայողի վրա ենթադրյալ հարձակմանը (ինչն ավելի վաղ նկարագրվել էր որպես «ոստիկանության ծառայողներին դիմադրություն և չենթարկվել»): Չնայած այն հանգամանքին, որ այս պնդումն արվել է նրան ձերբակալելու ժամանակ, այդ ամբողջ ժամանակահատվածում այդ կապակցությամբ ապացույցներ ձեռք բերելու, այդ թվում` տուժողների ինքնությունը պարզելու համար քննչական միջոցառումներ չեն ձեռնարկվել: Ոչ էլ փորձեր են կատարվել` ձեռք բերելու Ազատության հրապարակում հարձակման մասով մեղադրանքը հիմնավորող ապացույցներ` չնայած այն փաստին, որ ոստիկանության ծառայողներ Ա.Արշ.-ը և Ա.Առ.-ն, ըստ երևույթին, ցուցմունք են տվել, համապատասխանաբար, դեռևս 2008 թվականի մարտի 2-ին և 11-ին (տե՛ս վերևում` 19-րդ և 20-րդ պարբերությունները): Երրորդ, ինչպես արդեն նշվել է վերևում, ԵԽԽՎ-ի զեկույցների համաձայն` ընդդիմության կողմնակիցներին առաջադրված մեղադրանքները, որոնք հիմնված են եղել միայն ոստիկանության ցուցմունքների վրա, կարող էին լինել «արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված» (տե՛ս վերևում` 125-րդ և 127-րդ պարբերությունները):

252. Չնայած վերը նշվածը լուրջ մտահոգության առարկա է, Դատարանը, այնուամենայնիվ, այն կարգավիճակում չէ, ոչ էլ իր պարտականությունն է որոշելու, թե արդյոք դիմումատուին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են եղել, և ներպետական դատարանների պարտականությունն է ստուգելու դրա հիմքում ընկած փաստերի հավաստիությունը: Դատարանն այս կապակցությամբ կրկին նշում է, որ որոշման համար հիմնավորում ներկայացնելը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված էական դատավարական երաշխիք է, քանի որ դրանով կողմերին ցույց է տրվում, որ իրենց փաստարկները լսվել են, նրանց հնարավորություն է ընձեռում որոշման մասով առարկություններ ներկայացնելու կամ այն բողոքարկելու, ինչպես նաև հիմք է ծառայում հանրության շրջանում դատական որոշման պատճառաբանությունները հիմնավորելու համար: Ավելին, այս ընդհանուր կանոնն ապահովվում է Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված հատուկ պարտավորություններով` ներպետական դատարաններից պահանջելով միջամտության համար «համապատասխան» և «բավարար» հիմնավորումներ ներկայացնել: Այս պարտավորությամբ անհատներին հնարավորություն է տրվում, ի թիվս այլնի, ծանոթանալ դատարանի` իրենց արտահայտվելու ազատությունը կամ հավաքների ազատությունը սահմանափակող որոշման հիմքում ընկած հիմնավորումներին և վիճարկել դրանք, և հետևաբար այն կարևոր դատավարական երաշխիք Է` ընդդեմ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով պաշտպանված իրավունքներին կամայական միջամտության (տե՛ս Գյուլջուի գործը` վերևում հիշատակված, § 114):

253. Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանները սույն գործով պատշաճ կերպով չեն կատարել նշված պարտավորությունը` դիմումատուին որոշ բռնության արարքներ կատարելու և ապօրինի զենք կրելու համար դատապարտելիս: Այն մտահոգված է այն եղանակի մասին եզրահանգմամբ, որով դիմումատուի գործով դատական քննությունն իրականացվել է, և որով հաստատվել են մեղադրանքների հիմքում ընկած փաստերը (տե՛ս վերևում` 208-210-րդ պարբերությունները): Այն նշում է, որ միայն արդյունքում կայացված վճիռներով է ամփոփվել դիմումատուի դեմ քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որն իր հերթին լիովին հիմնված է եղել գործի հետ առնչություն ունեցող ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա: Ավելին, ինչպես և ներպետական դատարաններն են հաստատել, փաստերում բացակայել են մանրամասներ, և դրանք լի են եղել անհստակություններով: Այնպիսի կարևոր փաստեր, ինչպիսիք Ազատության հրապարակում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հանգամանքներն են, լիովին անտեսվել են և նույնիսկ չեն նշվել` չնայած նրան, որ այդ հանգամանքները, այդ թվում` ոստիկանության գործողությունների գնահատումն ուղղակիորեն առնչվել են դիմումատուին առաջադրված մեղադրանքներին: Որոշ կարևոր հակասությունների այդպես էլ անդրադարձ չի կատարվել, և դրանք մնացել են չբացատրված, այդ թվում` այն փաստը, թե դիմումատուն ինչպես կարող էր կատարել տվյալ մեղսագրվող արարքներն այն ժամանակ, երբ նա, համապատասխան զեկույցի համաձայն, արդեն ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրում էր: Ներպետական դատարանները, հետևաբար, չեն իրականացրել դիմումատուին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստերի մանրամասն և օբյեկտիվ քննություն, ինչպես նաև չեն կատարել մանրակրկիտ ուսումնասիրություն, որը, գործի հատուկ հանգամանքներում և ընդհանուր համատեքստը հաշվի առնելով, պահանջվում էր նրանցից` 11-րդ հոդվածով երաշխավորված` խաղաղ հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար: Այսպիսի հանգամանքներում չի կարելի ասել, որ ներպետական դատարանների կողմից ներկայացված` միջամտությունը հիմնավորող պատճառներն իսկապես «համապատասխան և բավարար» են եղել, ինչի հետևանքով դիմումատուն զրկվել է պաշտպանության այն դատավարական երաշխիքից, որը նա ունեցել է 11-րդ հոդվածով սահմանված իրավունքի ուժով (տե՛ս, mutatis mutandis, Գյուլջուի գործը` վերևում հիշատակված, § 114): Ոչ էլ կարելի է ասել, որ դատարաններն իրենց որոշումները հիմնել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատականի վրա:

254. Այսպիսով, նույնիսկ եթե ենթադրենք, որ ցույցի ցրումը և դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը, կալանավորումը և դատապարտումը համապատասխանել են ներպետական օրենսդրությանը և հետապնդել են Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված իրավաչափ նպատակներից որևէ մեկը, ենթադրաբար` անկարգությունները և հանցագործությունները կանխելու նպատակը, տվյալ միջոցներն անհրաժեշտ չեն եղել ժողովրդավարական հասարակությունում: Ավելին, հավաքի ցրումը և դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չէին կարող նրա` քաղաքական հանրահավաքներին մասնակցությունը կանխող հետևանք ունենալ: Անշուշտ, այդ միջոցներով նույնպես հնարավոր է եղել խոչընդոտել այլ ընդդիմադիր կողմնակիցներին և լայն հասարակությանը` մասնակցել ցույցերին և ընդհանրապես, մասնակցել բաց քաղաքական բանավեճերին (տե՛ս, mutatis mutandis, Գաֆգազ Մամադովի գործը` վերևում հիշատակված, § 67):

255. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:

 

VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

256. Վերջապես, դիմումատուն ներկայացրել է մի շարք այլ բողոքներ` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, 6-րդ և 13-րդ հոդվածներով:

257. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության ներքո, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ դեպք: Այսպիսով հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:

 

VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

258. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Վնասը

 

259. Դիմումատուն պահանջել է 70000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

260. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի խախտում տեղի չի ունեցել, և հետևաբար որևէ վնասի համար դիմումատուն չպետք է վճարվի: Ամեն դեպքում նա չի ապացուցել, որ ինքն իրականում կրել է ոչ նյութական վնաս, կամ որ ենթադրյալ խախտումների և ներկայացված նյութական վնասի միջև եղել է պատճառահետևանքային կապ:

261. Դատարանը համարում է, որ բացահայտված խախտումների հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս, և դիմումատուին շնորհում է 15600 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

262. Դիմումատուն նաև պահանջել է ընդհանուր 2640000 ՀՀ դրամ` որպես Դատարանում կրած ծախսերի փոխհատուցում: Այս գումարից դիմումատուն արդեն 275000 ՀՀ դրամ վճարել է իր իրավաբանին և, պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է մնացած մասը վճարեր Դատարանի վճիռը կայացվելուց հետո:

263. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն վճարել է պահանջվող գումարի միայն մի մասը, և հետևաբար ենթադրյալ ծախսերի մնացած մասն իրականում չի կատարվել: Ավելին, պահանջվող ժամավճարի չափը չափազանցված է և անհիմն: Վերջապես, պահանջը նաև անհիմն է, քանի որ դիմումատուի և իր իրավաբանի միջև պայմանագիրը կնքվել է միայն 2010 թվականի մայիսին, և իրավաբանը դիմումատուի նախնական գանգատի հետ կապված աշխատանքներ չի տարել:

264. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործի շրջանակներում, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները, Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուին շնորհել 5000 եվրո գումար` որպես Դատարանի վարույթում կրած ծախսերի ու ծախքերի հատուցում:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

265. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`

 

1. Որոշում է Կառավարության` իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությունը միացնել գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.

2. Հայտարարում է դիմումատուի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի, արդյունավետ քննություն չիրականացնելու, նրան անօրինական կերպով ձերբակալելու, ձերբակալման պատճառների մասին անհապաղ չտեղեկացնելու, հիմնավոր կասկածի բացակայության և նրա ձերբակալման ու կալանավորման համար համապատասխան ու բավարար հիմնավորումներ չներկայացնելու, նրա նկատմամբ ենթադրյալ ոչ արդարացի դատաքննության, վկաներ կանչելու, արտահայտվելու ազատության և հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ խախտման մասով բողոքները և գանգատի մնացած մասն անընդունելի.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում.

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում.

5. Վճռում է, որ դիմումատուի ձերբակալման օրինականության մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

6. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա ուսումնասիրելու Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ի կետի «գ» ենթակետի համաձայն բերված բողոքը` դիմումատուի ձերբակալման և կալանավորման համար հիմնավոր կասկածի բացակայության առնչությամբ.

7. Վճռում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.

8. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում այն առնչությամբ, որ ներպետական դատարանները դիմումատուի կալանավորման համար հիմնավոր և բավարար հիմքեր չեն ներկայացրել.

9. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` դիմումատուի գործով դատական քննության արդարացիության առնչությամբ.

10. Վճռում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն ներկայացված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.

11. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.

12. Վճռում է, որ`

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) ոչ նյութական վնասի դիմաց` 15600 եվրո (տասնհինգ հազար վեց հարյուր եվրո)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց` 5000 եվրո (հինգ հազար եվրո)` գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո` մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած` լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ.

13. Մերժում է դիմումատուի` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

    Աբել Կամպոս                            Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս

    Քարտուղար                              Նախագահ

 

 

pin
Եվրոպական դատարան
20.09.2018
N 23086/08
Վճիռ