ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունիսի 2019 թվականի N 798-Ա
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետով և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները համակարգող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները համակարգող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները համակարգող խորհրդի նախագահին`
1) ապահովել միջազգային դոնոր կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներգրավումը բարեփոխումների իրականացման գործընթացում.
2) եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին:
(որոշումը փոփ. 24.09.2021 թիվ 1056-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 19
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2019 թ. հունիսի 19-ի
N 798-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (համակարգող խորհրդի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ (համակարգող խորհրդի քարտուղար):
(1-ին հավելվածը փոփ. 16.07.2020 թիվ 807-Ա, 24.09.2021 թիվ 1056-Ա որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2019 թ. հունիսի 19-ի
N 798-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
I. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները համակարգող խորհրդի (այսուհետ` համակարգող խորհուրդ) նպատակն է շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցված գործողությունների միջոցով նպաստել ոլորտի բարեփոխումների իրականացմանը:
(1-ին կետը փոփ. 24.09.2021 թիվ 1056-Ա որոշում)
2. Համակարգող խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) քննարկում է բարեփոխումների իրականացումն ապահովող ծրագրերը, միջոցառումները և իրավական ակտերի նախագծերը.
2) ներկայացնում է առաջարկություններ բարեփոխումների իրականացումն ապահովող իրավական ակտերի նախագծերի, տեխնիկական առաջադրանքների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի վերաբերյալ.
3) համակարգում է բարեփոխումների շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը.
4) քննարկում է բարեփոխումների իրականացման ընթացքում առաջացած խնդիրները և ներկայացնում առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ.
5) ապահովում է միջգերատեսչական համագործակցությունը բարեփոխումների իրականացման գործընթացում:
(2-րդ կետը փոփ. 24.09.2021 թիվ 1056-Ա որոշում)
II. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
3. Համակարգող խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության:
(3-րդ կետը փոփ. 24.09.2021 թիվ 1056-Ա որոշում)
4. Համակարգող խորհրդի նիստերը հրավիրում և վարում է համակարգող խորհրդի նախագահը:
5. Համակարգող խորհրդի նախագահի բացակայության դեպքում նիստը կարող է վարել անդամներից մեկը` համակարգող խորհրդի նախագահի հանձնարարությամբ:
6. Համակարգող խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ համակարգող խորհրդի նախագահի զեկուցմամբ:
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 24.09.2021 թիվ 1056-Ա որոշում)
8. Համակարգող խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է նրա կազմի առնվազն երկու երրորդը:
9. Համակարգող խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
10. Համակարգող խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ համակարգող խորհրդի ընդունած որոշմանը, կարող է ներկայացնել իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և հիմք է հանդիսանում վերջնական կարծիքի ձևավորման և քննարկումների համար:
11. Համակարգող խորհրդի անդամները նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին քարտուղարության կողմից տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ:
12. Համակարգող խորհրդի հրավերով նիստերին կարող են մասնակցել պետական պաշտոնյաներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների, մասնավոր ընկերությունների, ՀԿ-ների, դեսպանատների, փորձագիտական խմբի և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
(12-րդ կետը փոփ. 24.09.2021 թիվ 1056-Ա որոշում)
13. Համակարգող խորհրդի նախագահի հանձնարարությամբ, նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով, կարող են կազմակերպվել նախնական քննարկումներ համակարգող խորհրդի անդամների հետ:
III. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
14. Համակարգող խորհրդի նախագահը`
1) համակարգում է համակարգող խորհրդի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) հրավիրում և վարում է համակարգող խորհրդի նիստերը.
3) համակարգում է համակարգող խորհրդի քարտուղարության ընդհանուր աշխատանքները.
4) ստորագրում է համակարգող խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, համակարգող խորհրդի գործունեության հետ կապված այլ փաստաթղթեր.
5) իր բացակայության դեպքում համակարգող խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել նիստը.
6) համակարգող խորհրդի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգը:
15. Համակարգող խորհրդի անդամն իրավունք ունի`
1) համակարգող խորհրդի նիստից առնվազն 2 օր առաջ գրավոր հարցեր ներկայացնել նիստի օրակարգում ընդգրկելու համար.
2) ներկայացնել առաջարկություններ համակարգող խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
3) ծանոթանալ համակարգող խորհրդի նիստերի արձանագրություններին:
16. Համակարգող խորհրդի անդամը պարտավոր է`
1) մասնակցել համակարգող խորհրդի աշխատանքներին.
2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ.
3) նիստին մասնակցելու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք գրավոր տեղեկացնել համակարգող խորհրդի նախագահին` նշելով նիստին իր փոխարեն մասնակցող անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):
17. Համակարգող խորհրդի քարտուղարության իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին:
18. Համակարգող խորհրդի քարտուղարը`
1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում համակարգող խորհրդի անդամներին.
2) կազմում է համակարգող խորհրդի նիստերի արձանագրությունները.
3) վարում է համակարգող խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
4) գրանցում է համակարգող խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
5) ապահովում է համակարգող խորհրդի արձանագրությունների տրամադրումը համակարգող խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին:
IV. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
19. Համակարգող խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: