Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ       

    դատարանի որոշում                       թիվ ԵՇԴ/0068/04/16  

    Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0068/04/16    2019թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան    

                       Տ. Նազարյան     

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մայիսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Զարուհի Բարդակչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2017 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Գայանե Սարգսյանի ընդդեմ Զարուհի Բարդակչյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գայանե Սարգսյանը պահանջել է Զարուհի Բարդակչյանին ճանաչել սնանկ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 10.03.2017 թվականի որոշմամբ քննության են առնվել Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով պահանջների նախնական ցուցակում ներառված պահանջների դեմ ներկայացված առարկությունները, և հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.07.2017 թվականի որոշմամբ Զարուհի Բարդակչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.03.2017 թվականի «Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով պահանջների նախնական ցուցակում ներառված պահանջների դեմ ներկայացված առարկությունները քննության առնելու և պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարուհի Բարդակչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության: Մասնավորապես` «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) պահանջի մասով Դատարանը հաստատել է Բանկի կողմից ներկայացված` 53.285.252,7 ՀՀ դրամ գրավով ապահովված պահանջն այն դեպքում, երբ սնանկ ճանաչվելու մասին վճռից հետո Բանկի կողմից տոկոսագումար, տույժ և տուգանք չէր կարող հաշվարկվել: Մինչդեռ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկի կողմից ավել է հաշվարկվել տոկոսագումար, տույժ և տուգանք` 262.362,2 ՀՀ դրամի չափով:

Գայանե Սարգսյանի պահանջի մասով պարտատիրոջ կողմից ներկայացվել է 35.000 ԱՄՆ դոլարի պահանջ, իսկ այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների մասով հաշվարկ չի ներկայացվել: Առարկության արդյունքում պարտքի մայր գումարը նվազել է և դարձել 30.000 ԱՄՆ դոլար: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից հաշվարկ է կատարվել տոկոսների մասով, որի հետևանքով ավելացվել և հաստատվել է 10.543,5 ԱՄՆ դոլարի պահանջ այն դեպքում, երբ պահանջատեր Գայանե Սարգսյանի կողմից չի ներկայացվել հստակ պահանջ:

Վարդուհի Քաջիկյանի պահանջի մասով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վարդուհի Քաջիկյանի հետ կնքված փոխառության պայմանագրով Զարուհի Բարդակչյանի կողմից վերցրած փոխառության գումարը պետք է պարտատիրոջը վերադարձվեր մինչև 31.09.2016 թվականը: Այսինքն` սնանկ ճանաչվելու պահի` 02.06.2016 թվականի դրությամբ առկա չէր ժամկետանց պարտավորություն, հետևաբար ամբողջովին անհիմն է պարտատիրոջ պահանջը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով սահմանված բանկային տոկոսների չափով 26.700 ԱՄՆ դոլարի լրացուցիչ պահանջ ներկայացնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Վարդուհի Քաջիկյանի ներկայացուցչի կողմից վկայակոչած` «չկայացած համագործակցության արդյունքում վնասներ կրելու» հանգամանքին, ապա վերջինիս կողմից որևէ ապացույց կամ փաստարկ չի ներկայացվել վնասներ կրելու մասին, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.07.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Զարուհի Բարդակչյանի միջև (այսուհետ` Կողմեր) 05.08.2014 թվականին կնքված թիվ 464600 հիմնական պայմանագրի հավելված «Վարկ տրամադրելու մասին» լրացուցիչ համաձայնագրի 1.1 կետի համաձայն` համաձայնագիրը հանդիսանում է Կողմերի միջև 30.07.2014 թվականին կնքված թիվ 464600 վարկային պայմանագրի բաղկացուցիչ և անբաժանելի մասը: Նույն համաձայնագրի 1.2 և 2.1 կետերի համաձայն` Բանկի կողմից Զարուհի Բարդակչյանին տրամադրվել է 27.000.000 ՀՀ դրամ վարկ` տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով` մինչև 05.08.2019 թվականը հավասարաչափ մարումներով վճարելու պայմանով (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 32-34):

2) Բանկի և Զարուհի Բարդակչյանի միջև (այսուհետ` Կողմեր) 25.11.2014 թվականին կնքված թիվ 480042 «Վարկ տրամադրելու մասին» լրացուցիչ համաձայնագրի 1.1 կետի համաձայն` համաձայնագիրը հանդիսանում է Կողմերի միջև 30.07.2014 թվականին կնքված թիվ 464600 վարկային պայմանագրի բաղկացուցիչ և անբաժանելի մասը: Նույն համաձայնագրի 1.2 և 2.1 կետերի համաձայն` Բանկի կողմից Զարուհի Բարդակչյանին տրամադրվել է 39.000.000 ՀՀ դրամ վարկ` տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով` մինչև 25.11.2019 թվականը հավասարաչափ մարումներով վճարելու պայմանով (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 35-37):

3) Բանկը, դիմելով դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Զարուհի Բարդակչյանի նկատմամբ գրանցել Բանկի պահանջը` 02.06.2016 թվականի դրությամբ 53.285.252,7 ՀՀ դրամի չափով, ընդ որում` 27.000.000 ՀՀ դրամ վարկի մասով` 20.784.142,60 ՀՀ դրամ, իսկ 39.000.000 ՀՀ դրամ վարկի մասով` 32.501.110,10 ՀՀ դրամ: Նշված դիմումին կից Բանկի կողմից ներկայացվել են պարտքի չափի մասին տեղեկանքներ, ըստ որոնց` Զարուհի Բարդակչյանի պարտքն ընդհանուր կազմում է 53.285.252,7 ՀՀ դրամ: Միաժամանակ ըստ լրացուցիչ ներկայացված հաշվարկների` 27.07.2016 թվականի դրությամբ կատարվել են նաև որոշակի տոկոսների և տույժերի հաշվարկներ, որոնց դիմաց առկա են հետևյալ գրառումները` «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է` հաշվարկված տոկոսի ճշգրտում», «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է` ժամկետանց գումարի վրա հաշվարկված տույժի ճշգրտում», «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է` հաշվարկված ժամկետանց գումարի տոկոսի ճշգրտում», «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է` հաշվարկված տոկոսային տույժի ճշգրտում» (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 21-25, 72-75):

4) Զարուհի Բարդակչյանի կողմից ներկայացվել է առարկություն, որում նշվել է, որ Բանկի կողմից 02.06.2016 թվականից հետո, այն է` պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո, պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հաշվեգրվել են տույժեր, տոկոսներ, ինչն արգելված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 76-78):

5) Գայանե Սարգսյանի և Զարուհի Բարդակչյանի միջև 14.12.2014 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Գայանե Սարգսյանը Զարուհի Բարդակչյանին հանձնել է 35.000 ԱՄՆ դոլար, իսկ վերջինս պարտավորվել է վերադարձնել նույն չափով գումար, որից 25.000 ԱՄՆ դոլարը` մինչև 31.05.2015 թվականը, իսկ 10.000 ԱՄՆ դոլարը` մինչև 01.07.2015 թվականը (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 6-7):

6) 20.02.2015 թվականի ստացականի համաձայն` Զարուհի Բարդակչյանը Գայանե Սարգսյանից պարտքով ստացել է 10.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է այն վերադարձնել մինչև 01.07.2015 թվականը (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 8):

7) 06.06.2015 թվականի ստացականի համաձայն` Զարուհի Բարդակչյանը Գայանե Սարգսյանից պարտքով ստացել է 17.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է այն վերադարձնել մինչև 01.07.2015 թվականը (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 9):

8) Գայանե Սարգսյանը, դիմելով դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Զարուհի Բարդակչյանի նկատմամբ գրանցել իր պահանջը 35.000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ 31.05.2015 թվականից հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները մինչև պարտավորության դադարման օրը: Դիմումին կից Գայանե Սարգսյանը ներկայացրել է փոխառության պայմանագրի և ստացականների պատճենները (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 31-32, 33-37):

9) Զարուհի Բարդակչյանը ներկայացրել է առարկություն, որով նշել է, որ 14.12.2014 թվականից Գայանե Սարգսյանից պարտքով վերցրել է ընդհանուր առմամբ 62.000 ԱՄՆ դոլար, որից մի մասը վերադարձրել է և պարտք է մնացել ընդամենը 30.000 ԱՄՆ դոլար: Միաժամանակ դիմումով առարկել է գումարի մի մասի, այն է` 5.000 ԱՄՆ դոլարի պահանջի և տոկոսների դեմ, խնդրել է պահանջը գրանցել միայն 30.000 ԱՄՆ դոլարի չափով: Առարկությանը կից ներկայացվել են պարտավորության կատարման վերաբերյալ համապատասխան ստացականներ (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 144, 145-148):

10) Վարդուհի Քաջիկյանի և Զարուհի Բարդակչյանի միջև 22.09.2013 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Վարդուհի Քաջիկյանը Զարուհի Բարդակչյանին հանձնել է 150.000 ԱՄՆ դոլար, իսկ վերջինս պարտավորվել է վերադարձնել նույն չափով գումար` մինչև 31.09.2016 թվականը (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 135-136):

11) Վարդուհի Քաջիկյանը, դիմելով դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Զարուհի Բարդակչյանի նկատմամբ գրանցել իր պահանջը 127.000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները, հաշվի առնելով, որ Վարդուհի Քաջիկյանը վնասներ է կրել չկայացած համագործակցության արդյունքում (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 133-134):

12) Սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մատիկյանի կողմից ներկայացվել է առարկություն Վարդուհի Քաջիկյանի պահանջի դեմ: Նշված առարկությամբ սնանկության գործով կառավարիչը խնդրել է պահանջը գրանցել միայն մայր գումարի, այն է` 127.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների մասով պահանջի գրանցման վերաբերյալ առարկել է` նշելով, որ ներկայացված պահանջից պարզ չէ, թե ինչ համագործակցության և ինչ վնասների մասին է խոսքը (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 136):

13) Դատարանի` «Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով պահանջների նախնական ցուցակում ներառված պահանջների դեմ ներկայացված առարկությունները քննության առնելու և պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 10.03.2017 թվականի որոշմամբ Դատարանը հաստատել է Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակն ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության 10.03.2017 թվականի դրությամբ. «1. «Կոնվերս բանկ» ՓԲԸ` 53.285.252,7 ՀՀ դրամ` որպես ապահովված պահանջ, ...5. Գայանե Սարգսյան` 30.000 ԱՄՆ դոլար և 10.543,5 ԱՄՆ դոլար` որպես չապահովված Է/հերթ,...9. Վարդուհի Քաջիկյան` 127.000 ԱՄՆ դոլար և 26.700 ԱՄՆ դոլար` որպես չապահովված Ը/հերթ...» (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 141-143):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության վարույթի ընթացքում ներկայացված պահանջների հիմնավորվածության և օրինականության սկզբունքի պահպանման կարգին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`

ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`

- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,

- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.

բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.

գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը:

Պահանջը և նրանց կից փաստաթղթերը ներկայացվում են 3 օրինակից:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլով` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը նույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված կարգով հրավիրում է դատական նիստ` պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու համար: Նիստի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին դատարանը ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վկայակոչված իրավակարգավորումների վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սնանկության վարույթում օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ` ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, այն է` հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնելու իր բնականոն գործունեությունը, հաղթահարելու ֆինանսական դժվարությունները, վերականգնելու նրա կենսունակությունը, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ: Մասնավորապես` օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկության ներկայացումից քննության առնել դատարան ներկայացրած յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ և նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջների ընդգրկումը, քանի որ այդպիսի պահանջների ընդգրկումը կհանգեցնի ինչպես այն պարտատերերի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ` պարտապանի և նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների և օրինական շահերի խախտմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ, ընդ որում, ապացույցների բավարար լինելը գնահատողական կատեգորիա է, և յուրաքանչյուր գործով այն ենթակա է գնահատման` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակի հաստատումը սնանկության վարույթի առանցքային փուլերից է, որի հիման վրա կատարվում է պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը: Հատկանշական է, որ սնանկության վարույթը ևս պարտավորությունների կատարման և քաղաքացիական շրջանառությունում գույքային պատասխանատվության ապահովման հարկադրական եղանակներից է, որի շրջանակներում կատարվում է պարտատերերի պահանջների բավարարումը, իսկ սնանկության ավարտի վերաբերյալ դատական ակտով առաջանում են կոնկրետ քաղաքացիաիրավական հետևանքներ ինչպես վարույթի մասնակիցների, այնպես էլ` սնանկության վարույթում պահանջ չներկայացրած, հետևաբար մասնակից չդարձած անձանց համար: Հետևաբար առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը (տե՛ս, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սարգիս Գասպարյանի թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ պարտապանի սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում պարտատերերի կողմից դատարան ներկայացված պահանջներում, ի թիվս անհատականացնող տվյալների, պետք է նշվեն պարտավորությունը, որից բխում է պահանջը, կատարման ժամկետը, պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով, պահանջը հիմնավորող հանգամանքները, ինչպես նաև պահանջները հիմնավորող փաստաթղթերը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտատիրոջ կողմից հաստատման ենթակա պահանջի չափը համապատասխան հաշվարկի հետ ներկայացնելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս ստուգելու տվյալ պահանջի հիմնավորվածությունը և օրինականությունը: Այսինքն` պարտատերը յուրաքանչյուր պահանջ ներկայացնելիս պարտավոր է այն հիմնավորել հստակ կատարված հաշվարկով (ըստ համապատասխան ժամանակահատվածների)` նշելով այն հիմքը, որից բխում է պահանջը և ներկայացնելով դրա առկայությունը հիմնավորող ապացույցներ: Միայն նշված պահանջը պահպանված լինելու դեպքում դատարանը հնարավորություն կունենա ստուգելու պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, իսկ պարտապանն ու սնանկության գործով կառավարիչը` առավել արդյունավետ կերպով իրացնելու առարկություններ ներկայացնելու իրենց իրավունքը: Ընդ որում, պարտատերերի կողմից դատարան պահանջներ ներկայացնելիս պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը: Իրավական նման կարգավորում նախատեսելով` օրենսդիրը նպատակ է հետապնդել կանխելու այնպիսի իրավիճակի առաջացումը, որը կհանգեցնի պարտապանի գույքային զանգվածի փոփոխության, ինչը կխոչընդոտի հետագայում սնանկության վարույթի պատշաճ իրականացմանը և բոլոր պարտատերերի պահանջների համաչափ բավարարմանը:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով դատական ակտը բողոքարկվել է միայն համապատասխան պահանջների մասով, սույն վճռաբեկ բողոքում նշված փաստարկներին հարկ է համարում անդրադառնալ ըստ բողոքարկված պահանջների: Այսպես`

Բանկի պահանջի մասով.

Սույն գործով Բանկը, դիմելով դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Զարուհի Բարդակչյանի նկատմամբ գրանցել Բանկի պահանջը` 02.06.2016 թվականի դրությամբ 53.285.252,7 ՀՀ դրամի չափով, ընդ որում, 27.000.000 ՀՀ դրամ վարկի մասով` 20.784.142,60 ՀՀ դրամ, իսկ 39.000.000 ՀՀ դրամ վարկի մասով` 32.501.110,10 ՀՀ դրամ: Դիմումին կից Բանկը ներկայացրել է պարտքի չափի մասին տեղեկանքներ, պարտքի հաշվարկներ, ինչպես նաև պարտավորությունը հիմնավորող համապատասխան պայմանագրերը: Նշված պահանջի դեմ Զարուհի Բարդակչյանի կողմից ներկայացվել է առարկություն, որում նշվել է, որ Բանկը 02.06.2016 թվականից, այն է` սնանկ ճանաչելու վճռից հետո, պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հաշվեգրել է տույժեր, տոկոսներ, ինչն արգելված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով:

Սույն գործով Դատարանը, անդրադառնալով պահանջի դեմ ներկայացված առարկություններին, հաստատել է Բանկի պահանջը, նշելով, որ պարտապանը և սնանկության գործով կառավարիչը չեն ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ Բանկի կողմից ներկայացված պահանջի շրջանակներում հաշվարկված տույժերը չեն բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ բանկային հաշվի քաղվածքների ուսումնասիրությունից հետևում է, որ դրանցով 27.07.2016 թվականի դրությամբ Բանկի կողմից կատարվել է ոչ թե տույժերի և տուգանքների լրացուցիչ հաշվարկ, այլ հակառակը` կատարվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Բանկի կողմից հաշվարկված տույժերի և տոկոսների նվազեցում, որը որևէ կերպ չի կարող դիտվել որպես Բանկի կողմից պարտապանին լրացուցիչ տույժերի և տուգանքների գումարի պահանջի առաջադրում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Զարուհի Բարդակչյանի սնանկ ճանաչվելուց հետո (02.06.2016 թվական) Բանկի կողմից ներկայացվել են լրացուցիչ հաշվարկներ, ըստ որոնց` 27.07.2016 թվականի դրությամբ կատարվել են նաև որոշակի տոկոսների և տույժերի հաշվարկներ, որոնց դիմաց առկա են հետևյալ գրառումները` «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է` հաշվարկված տոկոսի ճշգրտում», «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է` ժամկետանց գումարի վրա հաշվարկված տույժի ճշգրտում», «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է` հաշվարկված ժամկետանց գումարի տոկոսի ճշգրտում», «հաշվարկված գումարը, որի դիմաց նշված է` հաշվարկված տոկոսային տույժի ճշգրտում»: Այսինքն` Բանկի կողմից ներկայացված հաշվարկների ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում ներառված որոշակի տոկոսների և տույժերի գումարները ներկայացվել են Զարուհի Բարդակչյանին սնանկ ճանաչելուց` 02.06.2016 թվականից հետո, և այդ գումարները (դրանց հաշվարկը) գտնվում են ճշգրտման փուլում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի կողմից ներկայացված` Զարուհի Բարդակչյանի պարտավորության վերաբերյալ հաշվարկները հստակ և որոշակի չեն, որպիսի պայմաններում Բանկի պահանջն ըստ ներկայացված հաշվարկների չէր կարող գրանցվել:

Գայանե Սարգսյանի պահանջի մասով.

Սույն գործով Գայանե Սարգսյանը, դիմելով դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Զարուհի Բարդակչյանի նկատմամբ գրանցել իր պահանջը 35.000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ 31.05.2015 թվականից հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները մինչև պարտավորության դադարման օրը: Դիմումին կից Գայանե Սարգսյանի կողմից ներկայացվել են միայն փոխառության պայմանագրի և ստացականների պատճենները:

Զարուհի Բարդակչյանը, առարկելով պահանջի դեմ, նշել է, որ 14.12.2014 թվականից Գայանե Սարգսյանից պարտքով վերցրել է ընդհանուր առմամբ 62.000 ԱՄՆ դոլար, որի մի մասը վերադարձրել է և պարտք է մնացել ընդամենը 30.000 ԱՄՆ դոլար: Միաժամանակ դիմումով առարկել է գումարի մի մասի, այն է` 5.000 ԱՄՆ դոլարի պահանջի և տոկոսների դեմ և խնդրել պահանջը գրանցել միայն 30.000 ԱՄՆ դոլարի չափով: Առարկությանը կից ներկայացվել են պարտավորության կատարման վերաբերյալ համապատասխան ստացականները:

Սույն գործով Դատարանը Գայանե Սարգսյանի պահանջը հաստատել է 30.000 ԱՄՆ դոլար պարտքի գումարի և 10.543,5 ԱՄՆ դոլար տոկոսագումարի չափով:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոք բերած անձի փաստարկին, հանգել է այն հետևության, որ պարտատեր Գայանե Սարգսյանը, պարտապանի նկատմամբ ներկայացնելով 35.000 ԱՄՆ դոլարի և 28.06.2013 թվականից սկսած մինչև պարտավորությունների ամբողջական մարումը նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ հաշվեգրելու պահանջ, ներկայացված պահանջով հստակ մատնանշել է պահանջի չափը` առանձին նշելով փոխառության հիմնական պարտքի չափը, ինչպես նաև պահանջին կից ներկայացնելով պահանջը հիմնավորող փոխառության պայմանագիրը, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոք բերած անձի փաստարկը վերը նշված հիմքով անհիմն է:

Մինչդեռ սույն գործի փաստերը հաշվի առնելով և դրանք համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գայանե Սարգսյանը նախապես ներկայացրել է 35.000 ԱՄՆ դոլարի պահանջ, որը հետագայում Զարուհի Բարդակչյանի առարկության արդյունքում նվազել է և դարձել է 30.000 ԱՄՆ դոլար: Միաժամանակ Գայանե Սարգսյանը ներկայացրել է 30.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների հաշվեգրման պահանջ` տոկոսների մասով չներկայացնելով որևէ հաշվարկ: Այսինքն` Գայանե Սարգսյանի պահանջը` 30.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների մասով, կրել է վերացական բնույթ, այն չի ձևակերպվել հստակ հաշվարկով` ըստ համապատասխան ժամանակահատվածների, որպիսի պայմաններում Դատարանը հնարավորություն չի ունեցել ստուգելու պահանջի օրինականությունը, այդ թվում` չափը և դրա հիմնավոր լինելը: Դատարանը, հաշվի չառնելով, որ նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների հաշվարկ ըստ համապատասխան ժամանակահատվածների Գայանե Սարգսյանի կողմից չի կատարվել և չի ներկայացվել, նշված պահանջը` 10.543.5 ԱՄՆ դոլարի չափով, հաստատված է համարել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց համապատասխան ժամանակահատվածների հաշվարկի ներկայացման Դատարանը չէր կարող Գայանե Սարգսյանի պահանջը` 30.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների մասով, հաստատել, որպիսի հանգամանքը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին, ըստ ներկայացված պահանջի` պարտատերը պահանջել է մայր գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների հաշվարկը սկսել 31.05.2015 թվականից, մինչդեռ ստորադաս դատարանները հաշվարկի մեկնարկի հիմք են ընդունել 28.06.2016 թվականը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված պահանջը չէր կարող լինել օրինական և հիմնավորված, հետևաբար նաև հաստատվել դատարանի կողմից, որպիսի փաստն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից, ինչի արդյունքում խախտվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը:

Վարդուհի Քաջիկյանի պահանջի մասով.

Սույն գործով Վարդուհի Քաջիկյանը պահանջել է իր պահանջը հաստատել 127.000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների չափով` հաշվի առնելով, որ ինքը վնասներ է կրել չկայացած համագործակցության արդյունքում:

Սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մատիկյանը, առարկելով պահանջի դեմ, խնդրել է պահանջը գրանցել միայն մայր գումարի, այն է` 127.000 ԱՄՆ դոլարի չափով:

Դատարանը, Վարդուհի Քաջիկյանի պահանջը հաստատելով 127.000 ԱՄՆ դոլարի և 26.700 ԱՄՆ դոլարի պահանջի մասով, արձանագրել է, որ պահանջը ներկայացվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից դուրս, ուստի այն ենթակա է գրանցման որպես ստորադաս չապահովված պահանջ:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը նշված պահանջի մասով թողնելով օրինական ուժի մեջ, անհիմն է համարել նաև Վարդուհի Քաջիկյանի կողմից հիմնական պարտքի գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը ներկայացված չլինելու առնչությամբ բողոքաբերի փաստարկները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ փոխառությամբ վերցրած 150.000 ԱՄՆ դոլարը Զարուհի Բարդակչյանը պետք է վերադարձներ 31.09.2016 թվականին: Վերջինս սնանկ է ճանաչվել 02.06.2016 թվականին, այսինքն` մինչև պարտավորության կատարման ժամկետը լրանալը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

i

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն` նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը` որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով` որպես հատուկ կանոն (տե՛ս, Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 2017 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում պարտատեր Վարդուհի Քաջիկյանի պահանջի մասով սնանկ ճանաչվելու պահի` 02.06.2016 թվականի դրությամբ առկա չէր ժամկետանց պարտավորություն, որպիսի պայմաններում առկա չէր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ուրիշի դրամական միջոցները ապօրինի պահելու հանգամանքը, հետևաբար նաև չէին կարող հաշվարկվել 26.700 ԱՄՆ դոլարի չափի մասով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն էր պարտատիրոջ պահանջը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով սահմանված բանկային տոկոսների չափերով 26.700 ԱՄՆ դոլարի լրացուցիչ պահանջ ներկայացնելու վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածներով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի 06.07.2017 թվականի որոշումը բեկանելու և գործը` Բանկի, Գայանե Սարգսյանի և Վարդուհի Քաջիկյանի պահանջների մասով, նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ կետի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2017 թվականի որոշումը և գործը` «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի, Գայանե Սարգսյանի և Վարդուհի Քաջիկյանի պահանջների մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.05.2019
N ԵՇԴ/0068/04/16
Որոշում