Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐՏԱՊԱՆ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԱՐՏԱՊԱՆ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԹՈՒՅԼԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/3973/05/15

    Վարչական գործ թիվ ՎԴ/3973/05/15        2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մարտի 29-ին

քննելով ըստ հայցի Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի (այսուհետ` Համայնք)` Ծառայության Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի 10.07.2015 թվականի «Գույքը հանձնելու մասին» որոշումը վերացնելու և որպես հետևանք` Ծառայությանը հարկադիր կատարողի 10.07.2015 թվականի «Գույքը հանձնելու մասին» որոշման մեջ նշված և Համայնքին հանձնված գույքը (ընդունման բունկեր (1 հատ), տեսակավորման գրոխոտ (1 հանգույց), փոխադրիչներ (4 հատ), լվացման կլասիֆիկատոր) Դավիթ Սարիբեկյանին և Ռաֆայել Առաքելյանին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.11.2017 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի ներկայացուցիչ Վահրամ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դավիթ Սարիբեկյանը և Ռաֆայել Առաքելյանը պահանջել են վերացնել Ծառայության Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի 10.07.2015 թվականի «Գույքը հանձնելու մասին» որոշումը և որպես հետևանք` պարտավորեցնել Ծառայությանը հարկադիր կատարողի 10.07.2015 թվականի «Գույքը հանձնելու մասին» որոշման մեջ նշված և Համայնքին հանձնված գույքը (ընդունման բունկեր (1 հատ), տեսակավորման գրոխոտ (1 հանգույց), փոխադրիչներ (4 հատ), լվացման կլասիֆիկատոր) վերադարձնել Դավիթ Սարիբեկյանին և Ռաֆայել Առաքելյանին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) 06.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ք. Մկոյան, Ա. Առաքելյան, Գ. Ղարիբյան) 18.10.2016 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 06.05.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.12.2016 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 06.05.2016 թվականի վճռի դեմ Համայնքի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ վարչական դատարանի 06.05.2016 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 07.12.2016 թվականին, և այդ վճռի հարկադիր կատարման նպատակով ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) կողմից 09.01.2017 թվականին տրվել է կատարողական թերթ:

Ծառայությունը դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով ՀՀ վարչական դատարանի 06.05.2016 թվականի վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջը կատարելու համար թույլատրել մուտք գործել Համայնքին սեփականության իրավունքով պատկանող` 06.08.2009 թվականի թիվ 2633840 սեփականության իրավունքի գրանցման վկայականով նշված շինությունները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 07.07.2017 թվականի որոշմամբ Ծառայության դիմումի քննությունը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.11.2017 թվականի որոշմամբ Դատարանի 07.07.2017 թվականի «Դիմումի քննությունը մերժելու մասին» որոշման դեմ Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Համայնքը և Ծառայությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մերժելով Համայնքին սեփականության իրավունքով պատկանող շինություն մուտք գործելու վերաբերյալ հարկադիր կատարողի դիմումի քննությունը` Դատարանը խախտել է Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև սեփականության իրավունքը, քանի որ կատարողական թերթի պահանջը կատարելու անհնարինության պարագայում վերջիններս զրկվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը վերադարձնելու հնարավորությունից, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը մտնում է փակուղի: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չպետք է մեխանիկորեն մերժեր Դատարանի 07.07.2017 թվականի «Դիմումի քննությունը մերժելու մասին» որոշման դեմ Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի վերաքննիչ բողոքի ընդունումը: Վերաքննիչ դատարանը պարտավոր էր առաջնորդվել անձի` դատական պաշտպանության և սեփականության իրավունքների պաշտպանության առաջնահերթությամբ և ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 24.11.2017 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը` «կայացնելով նոր դատական ակտ»:

 

2.1. Ծառայության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ հարկադիր կատարողի կողմից այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություններ մուտք գործելու համար անհրաժեշտ է դատարանի համապատասխան որոշումը: Ընդ որում, նման որոշում պետք է կայացնի հենց կատարողական թերթ տված դատարանը:

 

2.2. Համայնքի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը ենթակա չէ վերացման: Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է մերժել Դատարանի 07.07.2017 թվականի «Դիմումի քննությունը մերժելու մասին» որոշման դեմ Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի վերաքննիչ բողոքի ընդունումը, քանի որ այդ դատական ակտը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված չէ որպես բողոքարկման ենթակա դատական ակտ:

 

i

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննության առնչությամբ ծագող հասարակական հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննության առնչությամբ ծագող հետևյալ հարցադրումներին.

1) ո՞ր դատարանին է ընդդատյա վերը նշված դիմումի քննությունը,

2) ի՞նչ կարգով և ի՞նչ ժամկետներում է քննվում այդ դիմումը,

3) այդ դիմումի քննության արդյունքում կայացված դատական ակտը ենթակա՞ է արդյոք բողոքարկման,

4) դիմումի քննությունը մերժելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա՞ է արդյոք բողոքարկման վերաքննության կարգով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը` որպես դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես այդ հիմնարար իրավունքների կարևոր տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) ձևավորած իրավական դիրքորոշումների հետ, որոնց համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի` դժվար կլինի պատկերացնել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: ՈՒստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս HORNSBY v. GREECE գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտերի կատարման վերաբերյալ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարրը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մարդու իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ու օգտակար` երաշխավորելով մարդու խախտված սուբյեկտիվ իրավունքի գործնականում վերականգնումը: Այս տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի վերջնական դատական ակտի կատարման ապահովումը, որը` որպես դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բաղկացուցիչ տարր, այդ հիմնարար իրավունքների միջոցով անձանց շնորհվող մնացած երաշխիքների (օրինակ` գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննություն, և այլն) հետ հավասարապես պետք է ապահովվի պետության կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական ակտերի հարկադիր կատարման միջոցով ապահովվում է պահանջատիրոջ ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքը:

Այսպես, Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի մեկնաբանման և կիրառության ոլորտում Եվրոպական դատարանի կողմից ձևավորվել է այն սկզբունքային դրույթը, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը չի երաշխավորում սեփականություն ձեռք բերելու իրավունքը: Տվյալ հոդվածի խախտում կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ հանրային իշխանության վիճարկվող որոշումները վերաբերում են անձի «սեփականությանը»` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Այս իմաստով «սեփականություն» կարող է համարվել ինչպես «գոյություն ունեցող գույքը», այնպես էլ այն ակտիվները, ներառյալ` պահանջները, որոնց վերաբերյալ անձը կարող է հիմնավոր կերպով պնդել, որ ինքն ունի այդ գույքային իրավունքներն արդյունավետ իրացնելու առնվազն «օրինական սպասելիք» (տե՛ս KOPECKն v. SLOVAKIA գործով Եվրոպական դատարանի (Մեծ պալատ) 28.09.2004 թվականի վճիռը, 35-րդ կետ):

Փաստորեն, Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքը ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս PRESSOS COMPANIA NAVIERA S.A. AND OTHERS v. BELGIUM գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս BURDOV v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Եվրոպական դատարանը մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով Եվրոպական դատարանի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով Եվրոպական դատարանի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (No. 2) գործով Եվրոպական դատարանի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ): Մասնավորապես` Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը հանգեցնում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե՛ս Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, ինչպես նաև դատական ակտի վրա հիմնված` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով սեփականության իրավունքի իրացումն ապահովելու` պետության պարտականությունը կարող է լիարժեք կերպով կատարված համարվել միայն այն դեպքում, երբ պետության իրավական համակարգում սահմանված են վերջնական դատական ակտի պատշաճ կատարումն ապահովելու համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք հնարավորություն են ընձեռում վերջնական դատական ակտի հասցեատիրոջը հասնելու իր խախտված իրավունքի փաստացի վերականգնմանը: Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում այդ նպատակին է ծառայում դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը:

Նախկինում կայացված որոշումներում ևս ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ Եվրոպական դատարանի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե՛ս ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով:

Այսպես` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են` (...) Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կատարողական թերթը կատարվում է այդ գործողությունների կատարման վայրում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական գործողությունների կատարման նպատակով (բռնագանձում, վտարում, բնակեցում և այլն) հարկադիր կատարողն իրավունք ունի անարգել մուտք գործելու պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն:

Նույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` կատարողական գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություններ հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է մուտք գործել բնակարան կամ շինություններ դատարանի համապատասխան որոշման հիման վրա:

Վերոգրյալ իրավադրույթների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` դատական ակտերի, այդ թվում նաև` վարչական դատարանի դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն` կատարողական գործողություններ իրականացնելու հիմքը համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը:

Օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանել է կատարողական գործողությունների կատարման վայրի վերաբերյալ կանոնները, որոնց համաձայն` պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող դատական ակտը կատարվում է այն վայրում, որտեղ, որոշակի իրավաբանորեն նշանակալի հանգամանքների առկայությամբ պայմանավորված, պետք է կատարվեն այդ գործողությունները: Ընդ որում, օրենսդիրը կարգավորումներ է նախատեսել այն իրավիճակի համար, երբ կատարողական գործողությունները, օրինակ` բռնագանձումը, վտարումը, բնակեցումը և այլն, պետք է կատարվեն բնակարանում կամ այլ շինությունում` սահմանելով հարկադիր կատարողի կողմից այդ բնակարան կամ շինություն մուտք գործելու թույլատրելիության պայմանները: Այսպես, նշված օրենսդրական կարգավորումներով սահմանված են կատարողական գործողությունների կատարման նպատակով հարկադիր կատարողի կողմից բնակարան կամ շինություն մուտք գործելու հետևյալ կանոնները.

1) հարկադիր կատարողը կարող է անարգել մուտք գործել այն բնակարան կամ այլ շինություն, որը սեփականության իրավունքով պատկանում է պարտապանին. այսինքն` հարկադիր կատարողի կողմից պարտապանին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելու համար որևէ թույլտվություն կամ համաձայնություն չի պահանջվում,

2) հարկադիր կատարողը կարող է մուտք գործել պարտապանից տարբերվող որևէ անձի պատկանող բնակարան կամ շինություն միայն այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ կամ ժամանակավոր տիրապետողի համաձայնությամբ. այսինքն` հարկադիր կատարողի կողմից պարտապանին չպատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելու համար պահանջվում է այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ կամ ժամանակավոր տիրապետողի համաձայնությունը,

3) հարկադիր կատարողի կողմից պարտապանին չպատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելու համար պահանջվող համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարան կամ շինություն միայն դատարանի համապատասխան որոշման հիման վրա. այսինքն` եթե կատարողական վարույթում ձեռք չի բերվել պարտապանին չպատկանող բնակարանի կամ շինության սեփականատիրոջ կամ ժամանակավոր տիրապետողի համաձայնությունը, ապա հարկադիր կատարողի կողմից այդ բնակարան կամ շինություն մուտք գործելու համար պահանջվում է դատարանի թույլտվություն:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածում ամրագրված վերոգրյալ իրավադրույթի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը կատարողական թերթով պարտապան չհանդիսացող անձի համաձայնության բացակայությամբ վերջինիս պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելու համար պարտադիր է համարում դատարանի թույլտվության առկայությունը: Միևնույն ժամանակ օրենսդիրը նշված իրավադրույթով, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի այլ նորմերով կամ որևէ այլ իրավական ակտով չի սահմանել, թե կոնկրետ որ դատարանի կողմից պետք է տրվի կատարողական թերթով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին որոշումը: Օրենսդրական կարգավորումներ առկա չեն նաև կատարողական թերթով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննության կարգի, ժամկետների, ինչպես նաև կայացված դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ: Այլ կերպ` օրենսդիրը չի կարգավորել, թե որ դատարանի քննությանն է ընդդատյա և ինչ կարգով ու ինչ ժամկետում պետք է քննվի կատարողական թերթով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումը, ինչպես նաև այդ դիմումների քննության արդյունքում կայացված դատական ակտերի բողոքարկման ենթակա լինելու կամ չլինելու հարցը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակարգավորման վերը նկարագրված բացն արհեստական խոչընդոտներ է ստեղծում վերջնական դատական ակտի կատարումը պատշաճ ապահովելու համար: Օրենսդրական նման թերի կարգավորման պատճառով վերջնական դատական ակտի հասցեատերը կարող է զրկվել իր խախտված իրավունքի փաստացի վերականգնման հնարավորությունից, քանի որ օրենսդիրը, չկարգավորելով կատարողական թերթով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությունը, քննության կարգը, ժամկետները ու կայացված դատական ակտի բողոքարկման հարցը, դրանով իսկ չի ապահովել անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր այնպիսի դատական ակտերի պատշաճ կատարումն ապահովելու համար, որոնց կատարումը ենթադրում է որոշակի կատարողական գործողությունների իրականացում պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարանում կամ շինությունում` առանց այդ անձի համաձայնության: Նման պայմաններում քննարկվող դիմումի ընդդատության, քննության կարգի, ժամկետների ու կայացված դատական ակտի բողոքարկման հարցում ծագում է իրավական անորոշություն, ինչն էլ առաջացնում է նույն հարցի կապակցությամբ ստորադաս դատարանների կողմից ոչ միատեսակ մոտեցում ցուցաբերելու վտանգ: Ըստ այդմ, վերջնական դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի օրենսդրական կարգավորման վերոգրյալ թերությունը վերացնելու և անձի դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների, ինչպես նաև դատական ակտի վրա հիմնված` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով սեփականության իրավունքի երաշխավորված իրացումն ապահովելու համար անհրաժեշտ նախադրյալներն ամբողջականացնելու նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն որոշմամբ հաղթահարել օրենսդրական կարգավորման նշված բացը և որոշակիացնել կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությունը, քննության կարգը, ժամկետներն ու կայացված դատական ակտի բողոքարկման հարցը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրությամբ սահմանված են համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմեր: Խոսքը վերաբերում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող կանոններին:

(ա) Դատական ակտի կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման եղանակի և կարգի փոփոխման հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակը և կարգը փոփոխելու մասին դիմումները դատարանը քննում է դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

(բ) Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

(գ) Կատարողական թերթի պարզաբանման հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար: Կատարողական թերթի վերաբերյալ պարզաբանում ստանալու մասին դիմումը դատարան է ներկայացվում էլեկտրոնային եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական թերթ տված դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում (...):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում կարելի է կատարել հետևյալ ընդհանրացումները.

1) օրենսդիրը հստակ սահմանել է վերոգրյալ դիմումների ընդդատությունը. այդ դիմումները ներկայացվում են կատարողական թերթ տված դատարան և քննվում են կատարողական թերթ տված դատարանի կողմից,

2) օրենսդիրը սահմանել է վերոգրյալ դիմումների քննության կարգին ներկայացվող նվազագույն պահանջները. դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացվում են պահանջատերը և պարտապանը (կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների դեպքում` նաև հարկադիր կատարողը), դիմումը քննվում է անկախ ծանուցված անձանց ներկայանալուց կամ չներկայանալուց,

3) օրենսդիրը սահմանել է վերոգրյալ դիմումների քննության ժամկետները. այդ դիմումները քննվում են դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում,

4) օրենսդիրը սահմանել է դատական ակտի այն տեսակը, որը կայացվում է վերոգրյալ դիմումների քննության արդյունքում. այդ դիմումների քննության արդյունքում դատարանը կայացնում է որոշում,

5) օրենսդիրը սահմանել է վերոգրյալ դիմումների քննության արդյունքում դատարանի կայացրած որոշումների բողոքարկման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտի բողոքարկմանը վերաբերող հասարակական հարաբերություններն էապես չեն տարբերվում (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող վարույթային հարաբերություններից:

Թե՛ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի, թե՛ (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների քննությանը վերաբերող հասարակական հարաբերությունները ծագում են դատական ակտերի հարկադիր կատարման փուլում վարույթի մասնակիցների կամ այլ շահագրգիռ անձանց իրավունքների պատշաճ իրացման կամ պարտականությունների պատշաճ կատարման ապահովման համար` վերջիվերջո նպատակ ունենալով դատական ներգործությամբ հավասարակշռելու հարկադիր կատարման վարույթի մասնակիցների կամ այլ շահագրգիռ անձանց շահերն ու այդ հավասարակշռության միջոցով նպաստելու հարկադիր կատարման ենթակա դատական ակտի պատշաճ կատարմանը: Հիշատակված դիմումների քննությանը վերաբերող հասարակական հարաբերություններն իրենց բնույթով ընթացակարգային (վարույթային) են. այդ ընթացակարգերի էությունն այն է, որ դրանց միջոցով ապահովվում է հարկադիր կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման փուլում որոշակի հարցերի կապակցությամբ օրենքով պահանջվող դատական ակտերի կայացումը, ինչը հնարավորություն է տալիս հաղթահարելու հարկադիր կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարումը սկսելու, շարունակելու կամ ավարտին հասցնելու իրավաբանական կամ փաստացի խոչընդոտները: Այսինքն` նշված դիմումների քննության ընթացակարգերում հաշվի է առնվում կատարողական վարույթում ներգրավված հակադիր սուբյեկտների կամ այլ շահագրգիռ անձանց ուշադրության արժանի շահերի ու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:

Այդ իսկ պատճառով (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների քննությանը վերաբերող հասարակական հարաբերությունները կարգավորող կանոնները, որոնք վերաբերում են այդ դիմումների ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը, հավասարապես կարող են կիրառելի լինել նաև կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննությանը վերաբերող հասարակական հարաբերությունների նկատմամբ: Այլ կերպ ասած` կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությունը, քննության կարգը, ժամկետներն ու կայացված դատական ակտի բողոքարկումը կարող են կանոնակարգվել այն նույն կերպով, ինչպես որ կանոնակարգված են (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների ընդդատությունը, քննության կարգը, ժամկետներն ու կայացված դատական ակտերի բողոքարկումը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող վկայակոչված իրավական նորմերի կիրառումը կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող հասարակական հարաբերությունների նկատմամբ չի հակասում դրանց էությանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող հասարակական հարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվեն համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը, այսինքն` (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների քննությանը վերաբերող հասարակական հարաբերությունները կարգավորող կանոնները: Ըստ այդմ, հիմք ընդունելով վերը նշված դիմումների քննությանը վերաբերող` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ, 24-րդ և 35-րդ հոդվածներով նախատեսված իրավական նորմերի բովանդակությունը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող հասարակական հարաբերությունները պետք է կարգավորվեն հետևյալ կերպ.

1) այդ դիմումը ներկայացվում է կատարողական թերթ տված դատարան և քննվում է կատարողական թերթ տված դատարանի կողմից,

2) դիմումը քննվում է դատական նիստում,

3) դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացվում են հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը, ինչպես նաև տվյալ բնակարանի կամ շինության սեփականատերը, իսկ դիմումը քննվում է անկախ ծանուցված անձանց ներկայանալուց կամ չներկայանալուց,

4) դիմումը քննվում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում,

5) դիմումի քննության արդյունքում դատարանը կայացնում է որոշում,

6) դիմումի քննության արդյունքում դատարանի կայացրած որոշումը ենթակա է բողոքարկման:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ՎԴ/3937/05/15 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 06.05.2016 թվականի վճռով Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի հայցն ընդդեմ Ծառայության բավարարվել է և վճռվել է պարտավորեցնել Ծառայությանը հարկադիր կատարողի 10.07.2015 թվականի «Գույքը հանձնելու մասին» որոշման մեջ նշված և Համայնքին հանձնված գույքը (ընդունման բունկեր (1 հատ), տեսակավորման գրոխոտ (1 հանգույց), փոխադրիչներ (4 հատ), լվացման կլասիֆիկատոր) վերադարձնել Դավիթ Սարիբեկյանին և Ռաֆայել Առաքելյանին: Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 07.12.2016 թվականին, և այդ վճռի հարկադիր կատարման նպատակով ՀՀ վարչական դատարանի կողմից 09.01.2017 թվականին տրվել է կատարողական թերթ (գործի հավելված, գ.թ. 10):

Թիվ ՎԴ/3937/05/15 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 06.05.2016 թվականի վճռի հիման վրա 09.01.2017 թվականին տրված կատարողական թերթի պահանջները կատարելուն ուղղված կատարողական գործողությունների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել մուտք գործել Համայնքին սեփականության իրավունքով պատկանող շինություն (ավազի լվացման և տեսակավորման արտադրամաս) (գործի հավելված, գ.թ. 14-17): Սակայն Համայնքի ղեկավարը չի տվել իր համաձայնությունը հարկադիր կատարողների կողմից այդ շինություն մուտք գործելու համար (գործի հավելված, գ.թ. 12-13):

Ծառայությունը դիմել է վարչական դատարան` խնդրելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածի հիման վրա թույլատրել մուտք գործել Համայնքին սեփականության իրավունքով պատկանող` 06.08.2009 թվականի թիվ 2633840 սեփականության իրավունքի գրանցման վկայականով նշված շինությունները` ՀՀ վարչական դատարանի 06.05.2016 թվականի վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով (գործի հավելված, գ.թ. 7-9):

Դատարանը 07.07.2017 թվականին կայացրել է «Դիմումի քննությունը մերժելու մասին» վերտառությամբ որոշում, որով մերժել է Ծառայության կողմից ներկայացված` թիվ ՎԴ/3937/05/15 կատարողական թերթի պահանջը կատարելու համար Համայնքին սեփականության իրավունքով պատկանող ավազի լվացման և տեսակավորման արտադրամաս մուտք գործելը թույլատրելու մասին դիմումի քննությունը: Դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածով նախատեսված` կատարողական գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություններ մուտք գործելու մասին համապատասխան որոշում կայացնելու իրավասություն վարչական դատարանին վերապահված չէ: Հետևաբար, ըստ Դատարանի, Ծառայության կողմից ներկայացված դիմումը ենթակա չէ վարչական դատարանի քննությանը (գործի հավելված, գ.թ. 19-24):

Վերաքննիչ դատարանը 24.11.2017 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի 07.07.2017 թվականի «Դիմումի քննությունը մերժելու մասին» որոշման դեմ Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի վերաքննիչ բողոքի ընդունումը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Դատարանի 07.07.2017 թվականի «Դիմումի քննությունը մերժելու մասին» որոշումը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով, քանի որ այն նախատեսված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված` բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի ցանկում: Վերաքննիչ դատարանը միաժամանակ նշել է, որ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնության բացակայության դեպքում այդ բնակարան կամ շինություն մուտք գործելու վերաբերյալ հարկադիր կատարողի դիմումի կապակցությամբ կայացված դատական ակտերի բողոքարկման դեպք սահմանված չէ նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով (գործի հավելված, գ.թ. 53-56):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ և առաջ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննությանը վերաբերող հասարակական հարաբերությունների նկատմամբ սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումից բխում է, որ նշված դիմումի կապակցությամբ կատարողական թերթ տված դատարանի կայացրած որոշումները ենթակա են բողոքարկման:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող օրենսդրական կարգավորումները չեն նախատեսում կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննությունը մերժելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման իրավական հնարավորություն` ինչպես հետաձգված, այնպես էլ անմիջական բողոքարկման շրջանակներում: Այլ կերպ ասած` օրենսդիրը չի նախատեսել այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա բողոքարկելու կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննությունը մերժելու մասին վարչական դատարանի որոշումը: Նման պայմաններում, փաստորեն, բացառվում է վերադաս դատական ատյանի կողմից այդպիսի դատական ակտերի իրավաչափությունը ստուգելու հնարավորությունը, ինչը, սակայն, անհրաժեշտ է կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումը պատշաճ կարգով քննելու և դրա կապակցությամբ իրավաչափ որոշում կայացնելու միջոցով հարկադիր կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգի լիարժեք կենսագործման նպատակով:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննությունը մերժելու մասին վարչական դատարանի որոշումը ևս պետք է ենթակա լինի բողոքարկման վերաքննության կարգով:

Այսպես, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719, 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780, 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037, 15.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, օրինակ, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը): Հայաստանի Հանրապետությունում սահմանված դատական եռաստիճան համակարգը գործում է դատական ներհամակարգային աստիճանակարգության հիման վրա, ինչը ենթադրում է վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման հնարավորություն (տե՛ս, օրինակ, Անահիտ Եփրեմյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/6478/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2015 թվականի որոշումը):

Կրկին հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված որոշումներում արտահայտված հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաև առաջնորդվելով վերոգրյալ որոշումներում արտահայտված սեփական իրավական դիրքորոշումներով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննությունը մերժելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման հնարավորության բացակայությունը ոչ միայն արգելափակում է վերաքննիչ դատական ատյանի մատչելիության իրավունքը, այլև անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքից: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննությանը վերաբերող հասարակական հարաբերությունների կարգավորման կառուցակարգը չի կարող ամբողջական տեսք ունենալ, եթե նշված դիմումի քննությունը մերժելու մասին վարչական դատարանի որոշումը դիտարկվում է որպես վերաքննության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ: Միայն խնդրո առարկա դատական ակտի բողոքարկման իրավական հնարավորության հետևողական իրացման դեպքում է հնարավոր երաշխավորել կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննության վարույթի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի լիարժեք դատական պաշտպանությունը: Ավելին` կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննությունը մերժելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկումը կարևոր դատավարական երաշխիք է վերադաս դատական ատյանների կողմից ստորադաս դատարանի թույլ տված հնարավոր դատական սխալները վերացնելու և դրա միջոցով դատական ակտի հարկադիր կատարման իրավաչափությունը, ինչպես նաև պարտապան չհանդիսացող անձի` տվյալ բնակարանի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքի դատական պաշտպանությունն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննությունը մերժելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկումը և բողոքի քննությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված` միջանկյալ դատական ակտերի բողոքարկման կանոններով, քանի որ հիշյալ որոշումն իր բնույթով ու իրավաբանական հետևանքներով նման է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին վարչական դատարանի դատական ակտերին:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 07.07.2017 թվականի «Դիմումի քննությունը մերժելու մասին» որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր երաշխավորել կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննության վարույթի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի լիարժեք դատական պաշտպանությունը: Ընդ որում, Դատարանի 07.07.2017 թվականի «Դիմումի քննությունը մերժելու մասին» որոշման բողոքարկումը և բողոքի քննությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված` միջանկյալ դատական ակտերի բողոքարկման կանոններով:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով Դատարանի 07.07.2017 թվականի «Դիմումի քննությունը մերժելու մասին» որոշման դեմ Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի վերաքննիչ բողոքի ընդունումը չէր կարող մերժվել այն հիմքով, որ բողոքարկված դատական ակտը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 24.11.2017 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման, իսկ գործը պետք է ուղարկվի վերաքննիչ ատյան` նոր քննության: Գործի նոր քննության ժամանակ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պարտավոր է նախ` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո լուծել Դատարանի 07.07.2017 թվականի «Դիմումի քննությունը մերժելու մասին» որոշման դեմ Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը: Այնուհետև, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունվելու դեպքում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննել այն ու կայացնել համապատասխան որոշում` հիմք ընդունելով կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննությանը վերաբերող հասարակական հարաբերությունների նկատմամբ սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.11.2017 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.03.2019
N ՎԴ/3973/05/15
Որոշում