ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2019 թվականի N 1153-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 22-ի
N 1153-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն փաստաթղթով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` ուսումնական հաստատություններ) գործունեության` Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի օրենսդրությանը համապատասխանության նկատմամբ իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը (այսուհետ` նաև մեթոդաբանություն):
2. Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշները հնարավորություն կտան տեսչական մարմնին`
1) գնահատելու և դասակարգելու վերահսկման ենթակա ուսումնական հաստատությունները` ըստ դրանց կրթական գործունեության իրականացման ռիսկի գործոնների.
2) ձևավորելու ուսումնական հաստատությունների տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների.
3) ներդնելու ստուգումների արդյունավետ մեխանիզմներ.
4) ռիսկերի կառավարման նպատակով արդյունավետ բաշխելու առկա ռեսուրսները:
2. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
3. Կրթական գործունեության տեսանկյունից ուսումնական հաստատության ռիսկը կրթության բնագավառը կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` սովորողների (երեխաների) կրթական իրավունքի պետական երաշխիքների պահպանմանը, կրթության որակի բարձրացմանը, կրթական ծրագրերի յուրացմանը, պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարմանը խոչընդոտող գործոնների ի հայտ գալու հավանականությունն է` հաշվի առնելով դրանց բացասական հետևանքները:
4. Ուսումնական հաստատության ռիսկը հավասար է ոլորտային (նախադպրոցական, հանրակրթության (միջնակարգ կրթության), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթության) և անհատական ռիսկերի հանրագումարին, որն առավելագույնը կազմում է 300 միավոր (կշիռ):
3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈԴԵԼԸ
5. Ուսումնական հաստատության գործունեության ոլորտային ռիսկը (այսուհետ` ոլորտային ռիսկ) ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում ուսումնական հաստատության գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող բացասական հետևանքների:
6. Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունն ստանում է այդ ոլորտի ոլորտային ռիսկի միավորը:
7. Եթե ուսումնական հաստատությունը գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում, ապա ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով:
8. Ոլորտային ռիսկը ընդհանուր ռիսկի մեջ գնահատվում է առավելագույնը 100 միավոր:
9. Ոլորտային ռիսկը հաշվարկվում է հետևյալ չափանիշներով`
1) ոլորտի սովորողների թիվը.
2) ոլորտի մանկավարժական աշխատողների միջին թիվը.
3) տեսչական մարմնի կողմից վերջին 3 ուսումնական տարիների ընթացքում ոլորտի ուսումնական հաստատություններում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների միջին թիվը:
10. Ըստ սույն մեթոդաբանության 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված չափանիշների` ոլորտային ռիսկը կարող է գնահատվել առավելագույնը 30-ական միավոր, իսկ ըստ 3-րդ ենթակետում նշված չափանիշի` 40 միավոր:
11. Սույն մեթոդաբանության 9-րդ կետում նշված` ոլորտային ռիսկի չափանիշները վերահաշվարկվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին:
12. Ոլորտային ռիսկի առաջին 2 չափանիշները վերահաշվարկվում են ուսումնական հաստատություններից ստացված տվյալների հիման վրա:
13. Ոլորտային ռիսկի չափանիշների հաշվարկման համար կիրառվում է միջանկյալ արժեքների հաշվման ինտերպոլացիայի եղանակը`
x - x0
f (x) = f (x0) + _________ (f (x1) - f (x0)):
x1 - x0
14. 13-րդ կետում նկարագրված հաշվարկն ստորև ներկայացվում է ոլորտային ռիսկի առաջին չափանիշի գնահատման օրինակով:
15. Այդ չափանիշի համապատասխան ռիսկային միավորների հաշվարկման դեպքում սույն մեթոդաբանության 13-րդ կետում տրված բանաձևում x0 -ն ոլորտի սովորողների հնարավոր ամենափոքր թիվն է, իսկ x1 -ը` ըստ ոլորտների սովորողների ամենամեծ թիվը: f (x0) = 0 -ն համապատասխան ռիսկային միավորն է x0 սովորողի պարագայում, իսկ - f (x1) = 30-ը` ըստ այս չափանիշի ամենաբարձր ռիսկային միավորը: x-ի փոխարեն տեղադրելով մյուս ոլորտներից յուրաքանչյուրի սովորողների թիվը` ինտերպոլացիայի մեթոդի կիրառմամբ կստանանք մյուս 3 ոլորտների համապատասխան ռիսկային միավորները` ըստ այս չափանիշի:
16. Մասնավորապես, եթե հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտում սովորողների թիվը 402600 է, նախադպրոցական կրթության ոլորտում` 50596, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ոլորտում` 6955, միջին մասնագիտական կրթության ոլորտում` 26894, ապա որպես x1 կվերցնենք 402600-ը, իսկ x-ի փոխարեն տեղադրելով` xնդ=50596, xնմ=6955, xմմ=26894 արժեքները կունենանք հետևյալ պատկերը.
Աղյուսակ N 1
._________________________________________________________________________.
|Ոլորտում |Նախադպրոցական|Հանրակրթության|Նախնական |Միջին |
|սովորողների|կրթության |(միջնակարգ |մասնագիտական |մասնագիտական |
|թիվը |ոլորտ |կրթության) |(արհեստագործական)|կրթության |
| | |ոլորտ |կրթության ոլորտ |ոլորտ |
|___________|_____________|______________|_________________|______________|
|Ռիսկային |3.77 |30 |0.52 |2 |
|միավորը | | | | |
._________________________________________________________________________.
4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԸ
17. Ուսումնական հաստատության անհատական ռիսկը (այսուհետ` անհատական ռիսկ) ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում ուսումնական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, դրանց պարբերականությունը, խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների արդյունքները, ինչպես նաև ուսումնական հաստատության գործունեությունը բնութագրող այլ վիճակագրական տվյալներ:
18. Անհատական ռիսկը բնութագրում է ուսումնական հաստատության կրթական գործունեության անարդյունավետությունը, և ուսումնական հաստատության ռիսկի մեջ գնահատվում է առավելագույնը` 200 միավոր:
19. Անհատական ռիսկը պարունակում է 2 բաղադրիչ:
20. Առաջին բաղադրիչն ուսումնական հաստատությունում կրթական գործունեության ռիսկայնությունը բնութագրող չափանիշներով հաշվարկվող ռիսկայնության գնահատականն է, որը գոյանում է ուսումնական հաստատության կողմից յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին ներկայացված և տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքում ձևավորված տվյալների հիման վրա:
21. Առաջին բաղադրիչն անհատական ռիսկի մեջ կազմում է առավելագույնը 50 միավոր:
22. Երկրորդ բաղադրիչն ուսումնական հաստատությունում տեսչական մարմնի կողմից իրականացված վերջին ստուգման ընթացքում լրացված ստուգաթերթերի արդյունքներով ձևավորված` կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման տեսանկյունից` ուսումնական հաստատության գնահատականն է:
23. Երկրորդ բաղադրիչն ստուգման ընթացքում կիրառված ստուգաթերթերի այն հարցերի ռիսկային միավորների հանրագումարն է, որոնց պահանջներն ուսումնական հաստատության կողմից խախտվել են, և ստուգաթերթի համապատասխան սյունակում և տողում նշվել է «ոչ» պատասխանը: Այն դեպքերում, երբ ստուգմանը մասնագետ կամ փորձագետ չի ներգրավվում, ապա ստուգաթերթի` համապատասխան մասնագիտական կամ փորձագիտական գնահատական պահանջող հարցերի մեկնաբանություններում նշվում է` «Գործընթացի նկատմամբ ստուգում չի իրականացվել», և ստուգաթերթի համապատասխան սյունակում և տողում նշվում է «չի պահանջվում» («չ/պ») պատասխանը:
24. Կրթության բնագավառը կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածին վերաբերող հարցերի պատասխաններն արտացոլվում են ստուգաթերթում (համապատասխան սյունակում և տողում նշվում է «այո» կամ «ոչ» պատասխանը):
25. Երկրորդ բաղադրիչն անհատական ռիսկի մեջ կազմում է առավելագույնը 150 միավոր:
26. Ուսումնական հաստատության անհատական ռիսկն առաջին և երկրորդ բաղադրիչների հանրագումարն է:
5. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ (ԱՌԱՋԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ) ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈԴԵԼԸ` ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
27. Նախադպրոցական կրթության ոլորտում ուսումնական հաստատության կրթական գործունեության ռիսկայնությունը բնութագրող չափանիշներն են`
1) ուսումնական հաստատության տարատարիք խմբերի թիվը.
2) ուսումնական հաստատության տարատարիք խմբում տարիքային խմբերի թիվը.
3) ուսումնական հաստատության գերբեռնված խմբերում երեխաների թիվը.
4) ըստ տարիքային փուլերի` ուսումնական հաստատության համապատասխան լիցենզիայով սահմանված երեխաների սահմանային թվի գերազանցման չափը.
5) ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվից պակաս հաստիքային միավորների թիվը.
6) նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ` ստուգման) արդյունքում արձանագրված խախտումների թիվը` բացառելով արձանագրված խախտումների կրկնակի հաշվարկումը.
7) ուսումնական հաստատության գործունեության վերաբերյալ նախորդ ուսումնական տարում ստացված դիմում-բողոքների թիվը (բացառությամբ` անանուն և կեղծ, ինչպես նաև` տեսչական մարմնի իրավասության շրջանակներից դուրս դիմումների).
8) ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների պարբերականությունը.
9) ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների արդյունքները:
28. Սույն մեթոդաբանության 27-րդ կետի 1-7-րդ ենթակետերով սահմանված չափանիշների համաձայն` ռիսկերի վերագնահատում իրականացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին, 1-5-րդ ենթակետերում նշված չափանիշները` տեսչական մարմնում ուսումնական հաստատություններից ստացված, իսկ 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված չափանիշները` տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ձևավորված տեղեկատվության համաձայն:
29. Սույն մեթոդաբանության 27-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված չափանիշները յուրաքանչյուր ուսումնական հաստատության մասով վերագնահատվում են ուսումնական հաստատությունում իրականացված յուրաքանչյուր ստուգման արդյունքում:
30. Տարատարիք խմբերի թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Եթե ուսումնական հաստատությունը չունի տարատարիք խումբ, ապա ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր, մեկ տարատարիք խմբի առկայության դեպքում` 2 միավոր, 2 և ավելի տարատարիք խմբերի առկայության դեպքում` 4 միավոր:
31. Տարատարիք խմբում տարիքային խմբերի թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Եթե ուսումնական հաստատության տարատարիք խմբում տարիքային խմբերի թիվը 3 և ավելի է, ապա, ըստ այս չափանիշի, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր, այլապես` 0 միավոր:
32. Եթե ուսումնական հաստատությունն ունի ընդամենը մեկ խումբ և այդ խումբը տարատարիք է, ապա, ըստ սույն մեթոդաբանության 30-րդ և 31-րդ կետերում նշված երկու չափանիշների, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր:
33. Գերբեռնված խմբերում երեխաների թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Եթե ուսումնական հաստատության որևէ խմբում գերբեռնվածության մակարդակը (սահմանված թվից ավելի երեխաների տոկոսային թիվը) մինչև 10 տոկոս է ((0; 10 %] միջակայքում է), ապա, ըստ այս չափանիշի, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 3 միավոր: Որևէ խմբում 10 տոկոսից ավելի գերբեռնվածության մակարդակի դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր: ՈՒսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր, եթե գերբեռնվածության մակարդակը հավասար է 0-ի:
34. Ըստ տարիքային փուլերի` ուսումնական հաստատության համապատասխան լիցենզիայով սահմանված երեխաների սահմանային թվի գերազանցման չափն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Եթե որևէ տարիքային փուլում ուսումնական հաստատության երեխաների թիվը մեծ է լիցենզիայով սահմանված թվից` մինչև 10 տոկոսով ((0; 10%] միջակայքում է), ապա ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 1 միավոր, 10 տոկոսից 30 տոկոսի դեպքում ((10 %; 30 %] միջակայքում է)` 2 միավոր, 30 տոկոսից ավելի լինելու դեպքում` 4 միավոր: Մի քանի տարիքային փուլի դեպքում հաշվարկվում է առավելագույն տոկոսային միավորը:
35. Մանկավարժական աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվից պակաս հաստիքային միավորների թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Եթե ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվից պակաս հատկացված հաստիքային միավորների թիվը մինչև 1 է, ապա ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 3 միավոր, 1-ից ավելի չհատկացված հաստիքային միավորների դեպքում` 5 միավոր: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվներին համապատասխան հաստիքային միավորներ ունենալու դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
36. Նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ` ստուգման) արդյունքում արձանագրված` կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների 1 խախտման դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի գնահատվում է 1 միավոր, 2-4 խախտման դեպքում` 3 միավոր, 5 և ավելի խախտումների դեպքում` 6 միավոր: Խախտումների բացակայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր: Խախտումների թվում չեն հաշվարկվում կրկնակի արձանագրված խախտումները:
37. Ուսումնական հաստատության գործունեության վերաբերյալ նախորդ ուսումնական տարում ստացված դիմում-բողոքների թիվը (բացառությամբ` անանուն և կեղծ, ինչպես նաև` տեսչական մարմնի իրավասության շրջանակներից դուրս դիմումների) առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: 1 դիմումի առկայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0,1 միավոր, մինչև 5 դիմումների դեպքում` 0,5 միավոր, 5-ից ավելի դիմումների դեպքում` 1 միավոր:
38. Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների պարբերականությունն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: ՈՒսումնական հաստատության անհատական ռիսկի առաջին բաղադրիչի գնահատումը, ըստ այս չափանիշի, իրականացվում է N 2 աղյուսակի համաձայն.
Աղյուսակ N 2
._________________________________________________________________________.
|Խախտման բնույթը |Միավորը, եթե նշված բնույթի|Միավորը, եթե նշված բնույթի|
| |խախտում կրկնվել է 3 |խախտում կրկնվել է 2 |
| |ուսումնական տարում |ուսումնական տարում |
|___________________|__________________________|__________________________|
|Չափորոշչի |5 |3 |
|պահանջները | | |
|___________________|__________________________|__________________________|
|Կադրերը |3 |2 |
|___________________|__________________________|__________________________|
|Այլ* |2 |1 |
._________________________________________________________________________.
«Այլ*»-ի դեպքում դիտարկվում են ավելի պարբերաբար կրկնվող բնույթի խախտումները:
39. Ուսումնական հաստատությունում ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների դեպքում 38-րդ կետում ներկայացված չափանիշը վերագնահատվում է առկա խախտումների հետ համադրման արդյունքում, իսկ ստուգումների ծրագրով նախատեսված ստուգման դեպքում` ներմուծվում են միայն նոր ստուգման արդյունքները:
40. Ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողություններն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ են: Ստուգումների ծրագրով նախատեսված ստուգման արդյունքում հանձնարարական չլինելու, ինչպես նաև հանձնարարականի կատարման ժամկետը լրացած չլինելու դեպքերում ուսումնական հաստատության անհատական ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր: ՈՒսումնական հաստատությունում ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների դեպքում այս չափանիշը վերագնահատվում է նախորդ ստուգումների արդյունքում տրված հանձնարարականների հետ համադրման արդյունքում:
41. Ըստ սույն մեթոդաբանության 40-րդ կետում նշված չափանիշի` ուսումնական հաստատության ռիսկը վերագնահատվում է ստուգման արդյունքում տրված հանձնարարականի և դրա կատարման վերաբերյալ տեսչական մարմնում ուսումնական հաստատությունից ստացված գրությամբ ներկայացված տեղեկության համադրման կամ հանձնարարականի կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների հիման վրա: Վերագնահատումն իրականացվում է հանձնարարականում սահմանված ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում:
42. Եթե ուսումնական հաստատությունում իրականացված ստուգման արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով տրված հանձնարարականը կատարվել է ամբողջությամբ, ապա ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր: Եթե նշված հանձնարարականը կատարվել է մասամբ և սահմանված ժամկետում, ապա ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 3 միավոր: Եթե հանձնարարականը կատարվել է մասամբ և սահմանված ժամկետից ուշ` 6 միավոր: Հանձնարարականի կատարման վերաբերյալ գրություն չներկայացվելու դեպքում ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է` 8 միավոր, իսկ հանձնարարականը չկատարվելու դեպքում` առավելագույնը` 10 միավոր:
43. Հանձնարարականը համարվում է մասամբ կատարված, եթե պատշաճ կատարվել է հանձնարարականով սահմանված պահանջների առնվազն 50%-ը, այլապես` հանձնարարականը համարվում է չկատարված: Հանձնարարականի ամբողջությամբ կատարումը միայն ուսումնական հաստատության գործառույթներից կախված չլինելու պարագայում, ուսումնական հաստատության մասով գործողությունների իրականացումը համարվում է մասամբ կատարում:
44. Եթե հանձնարարականը 1-ն է և չի կատարվել, ապա ուսումնական հաստատության ռիսկը` ըստ այս չափանիշի գնահատվում է 3 միավոր, 2-3 չկատարված հանձնարարականների դեպքում` 5 միավոր, 4 և ավելի չկատարված հանձնարարականների դեպքում` 10 միավոր: Մինչև ուսումնական հաստատությունում ստուգում իրականացնելը ուսումնական հաստատության անհատական ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
45. Հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտում ուսումնական հաստատության կրթական գործունեության ռիսկայնությունը բնութագրող չափանիշներն են`
1) ուսումնական հաստատության հերթայնությունը.
2) ուսումնական հաստատությունում ուսումնական պլանով նախատեսված չդասավանդվող առարկայի (այսուհետ` չդասավանդվող առարկա) առկայությունը.
3) ուսումնական հաստատությունում գերբեռնված դասարանների առկայությունը.
4) ըստ կրթական աստիճանների` ուսումնական հաստատության համապատասխան լիցենզիայով սահմանված սովորողների սահմանային թվի գերազանցման չափը.
5) սովորողների շարժը.
6) նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ` ստուգման) արդյունքում արձանագրված` մանկավարժական աշխատողների նշանակումներին վերաբերող խախտումների թիվը` բացառելով արձանագրված խախտումների կրկնակի հաշվարկումը.
7) նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ` ստուգման) արդյունքում արձանագրված այլ խախտումների թիվը` բացառելով արձանագրված խախտումների կրկնակի հաշվարկումը.
8) ուսումնական հաստատության գործունեության վերաբերյալ նախորդ ուսումնական տարում ստացված դիմում-բողոքների թիվը (բացառությամբ` անանուն և կեղծ, ինչպես նաև` տեսչական մարմնի իրավասության շրջանակներից դուրս դիմումների).
9) ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների պարբերականությունը.
10) ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների արդյունքները:
46. Սույն մեթոդաբանության 45-րդ կետի 1-8-րդ ենթակետերով սահմանված չափանիշների համաձայն` ռիսկերի վերագնահատում իրականացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին, 1-5-րդ ենթակետերում նշված չափանիշները` տեսչական մարմնում ուսումնական հաստատություններից ստացված, իսկ 6-8-րդ ենթակետերում նշված չափանիշները` տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ձևավորված տեղեկատվության համաձայն:
47. Սույն մեթոդաբանության 45-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերով սահմանված չափանիշները յուրաքանչյուր ուսումնական հաստատության մասով վերագնահատվում են ուսումնական հաստատությունում իրականացված նոր ստուգման արդյունքում:
48. Ուսումնական հաստատության հերթայնությունն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Եթե ուսումնական հաստատությունը երկհերթ է, ապա, ըստ այս չափանիշի, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 2 միավոր, եռահերթ լինելու դեպքում (ներառյալ միջանկյալ հերթը)` 4 միավոր: Միահերթ ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
49. Ուսումնական հաստատությունում չդասավանդվող առարկայի առկայությունն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Ուսումնական հաստատությունում չդասավանդվող առարկայի կամ առարկաների առկայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 3 միավոր: Ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր, եթե ուսումնական հաստատությունում չդասավանդվող առարկա (առարկաներ) չկա:
50. Ուսումնական հաստատությունում գերբեռնված դասարանների առկայությունն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Գերբեռնված դասարանի կամ դասարանների առկայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 3 միավոր: ՈՒսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր, եթե ուսումնական հաստատությունում չկա գերբեռնված դասարան (դասարաններ):
51. Ըստ կրթական աստիճանների` ուսումնական հաստատության համապատասխան լիցենզիայով սահմանված սովորողների սահմանային թվի գերազանցումն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Եթե որևէ կրթական աստիճանում ուսումնական հաստատության սովորողների թիվը մեծ է լիցենզիայով սահմանված թվից` մինչև 10 տոկոսով ((0; 10 %] միջակայքում է), ապա ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 1 միավոր, 10 տոկոսից 30 տոկոսի դեպքում ((10 %; 30 %] միջակայքում է)` 3 միավոր, 30 տոկոսից ավելի լինելու դեպքում` 5 միավոր: Մի քանի կրթական աստիճանների դեպքում հաշվարկվում է առավելագույն տոկոսային միավորը:
52. Սովորողների շարժի չափանիշը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար` հետևյալ բանաձևով.
ընդունված սովորողների թիվ + ազատված սովորողների թիվ
Շարժ = ___________________________________________________ . 100%:
սովորողների ընդհանուր թիվ
53. Սովորողների թվում չեն հաշվարկվում առաջին դասարան և հիմնական դպրոցից ավագ դպրոց ընդունվածները և շրջանավարտները:
54. Եթե սովորողների շարժի չափանիշը մինչև 10 տոկոս է ((0; 10 %] միջակայքում է), ապա ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր, (10%; 30%] միջակայքի դեպքում` 3 միավոր, 30 տոկոսից ավելիի դեպքում` 6 միավոր:
55. Նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ` ստուգման) արդյունքում արձանագրված մանկավարժական աշխատողների նշանակումներին վերաբերող և այլ խախտումների թվերն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշներ են:
56. Նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ` ստուգման) արդյունքում արձանագրված` մանկավարժական աշխատողների նշանակումներին վերաբերող 1 խախտման դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 1 միավոր, 2-4 խախտումների դեպքում` 3 միավոր, 5 և ավելի խախտումների դեպքում` 5 միավոր: Մանկավարժական աշխատողների նշանակումներին վերաբերող խախտումների բացակայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
57. Նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ` ստուգման) արդյունքում արձանագրված (բացառությամբ սույն մեթոդաբանության 56-րդ կետում նշված խախտումների) 1 խախտման դեպքում ռիսկը գնահատվում է 1 միավոր, 1-ից ավելի խախտումների դեպքում` 3 միավոր: Սույն կետում նշված խախտումների բացակայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր:
58. Համաձայն ուսումնական հաստատության գործունեության վերաբերյալ նախորդ ուսումնական տարում ստացված դիմում-բողոքների թվի (բացառությամբ` անանուն և կեղծ, ինչպես նաև` տեսչական մարմնի իրավասության շրջանակներից դուրս դիմումների) չափանիշի` ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է սույն մեթոդաբանության 37-րդ կետում նկարագրված եղանակով:
59. Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների պարբերականությունն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Ուսումնական հաստատության անհատական ռիսկի առաջին բաղադրիչի գնահատումը, ըստ այս չափանիշի, իրականացվում է N 3 աղյուսակի համաձայն.
Աղյուսակ N 3
._________________________________________________________________________.
|Խախտման բնույթը |Միավորը, եթե նշված |Միավորը, եթե նշված |
| |բնույթի խախտում կրկնվել է|բնույթի խախտում կրկնվել է|
| |3 ուսումնական տարում |2 ուսումնական տարում |
|_____________________|_________________________|_________________________|
|Կրթության |5 |3 |
|շարունակականությունը,| | |
|հաջորդականությունը | | |
|_____________________|_________________________|_________________________|
|Կադրերը |3 |2 |
|_____________________|_________________________|_________________________|
|Այլ* |2 |1 |
._________________________________________________________________________.
«Այլ*»-ի դեպքում դիտարկվում են ավելի պարբերաբար կրկնվող բնույթի խախտումները:
60. Ուսումնական հաստատությունում ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների դեպքում 59-րդ կետում ներկայացված չափանիշը վերագնահատվում է առկա խախտումների հետ համադրման արդյունքում, իսկ ստուգումների ծրագրով նախատեսված ստուգման դեպքում` ներմուծվում են միայն նոր ստուգման արդյունքները:
61. Համաձայն ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների չափանիշի` ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է սույն մեթոդաբանության 40-44-րդ կետերում նկարագրված եղանակով:
62. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում ուսումնական հաստատության կրթական գործունեության ռիսկայնությունը բնութագրող չափանիշներն են`
1) ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թիվը.
2) ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շարժը.
3) ուսումնական հաստատությունից հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների թիվը.
4) ուսումնական հաստատության կողմից պետական լիազորված մարմնի հատկացրած տեղերում 3 տարի անընդմեջ ընդունելություն չիրականացնելը.
5) նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ` ստուգման) արդյունքում արձանագրված խախտումների թիվը` բացառելով արձանագրված խախտումների կրկնակի հաշվարկումը.
6) ուսումնական հաստատության գործունեության վերաբերյալ նախորդ ուսումնական տարում ստացված դիմում-բողոքների թիվը (բացառությամբ` անանուն և կեղծ, ինչպես նաև` տեսչական մարմնի իրավասության շրջանակներից դուրս դիմումների).
7) ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների պարբերականությունը.
8) ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների արդյունքները:
63. Սույն մեթոդաբանության 62-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված չափանիշների համաձայն` ռիսկերի վերագնահատում իրականացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին, 1-4-րդ ենթակետերում նշված չափանիշները` տեսչական մարմնում ուսումնական հաստատություններից ստացված, իսկ 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված չափանիշները` տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ձևավորված տեղեկատվության համաձայն:
64. Սույն մեթոդաբանության 62-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված չափանիշները յուրաքանչյուր ուսումնական հաստատության մասով վերագնահատվում են ուսումնական հաստատությունում իրականացված յուրաքանչյուր ստուգման արդյունքում:
65. Ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Եթե ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թիվը որևէ մասնագիտության գծով գերազանցում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ` ԿԳՄՍ) նախարարի հրամանով հատկացված տեղերի թիվը, ապա, ըստ այս չափանիշի, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր: Եթե գերազանցվել է լիցենզիայով նախատեսված սահմանային տեղերի թիվը` ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր: Սովորողների թիվը ԿԳՄՍ նախարարի հրամանով հատկացված` լիցենզիայով նախատեսված թվերը չգերազանցելու դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
66. Ուսումնական հաստատությունից հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված (վերադարձած) սովորողների թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների վերաբերյալ տվյալը հաշվարկվում է տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար` հետևյալ բանաձևով.
հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխվածների թիվ Շարժ = __________________________________________________________ . 100%:
ուսումնական հաստատության սովորողների թիվ
67. Եթե հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների տոկոսային թիվը (0,5 %) միջակայքում է, ապա այս չափանիշի գծով ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0, [5 %, 10 %) դեպքում` 3, 10 տոկոս և ավելիի դեպքում` 6 միավոր:
68. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շարժն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար աշխատողների շարժի մակարդակը հաշվարկվում է տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար` հետևյալ բանաձևով.
ընդունված աշխատողների թիվ + ազատված աշխատողների թիվ
Շարժ = ____________________________________________________ . 100%:
աշխատողների ընդհանուր թիվ
69. Եթե աշխատողների շարժի մակարդակը [0,5 %) միջակայքում է, ապա այս չափանիշի գծով ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր, [5 %, 30%) միջակայքի դեպքում` 2 միավոր, 30% և ավելիի դեպքում` 4 միավոր.
Աղյուսակ N 4
._____________________________________________________________________.
|Մանկավարժական աշխատողների շարժի |[0 %, 5 %)|[5 %, 30%)|[30 %, -)|
|մակարդակը | | | |
|_____________________________________|__________|__________|_________|
|Միավորը |0 |2 |4 |
._____________________________________________________________________.
70. Եթե ուսումնական հաստատությունը գործում է բուհի կառուցվածքում, ապա մանկավարժական աշխատողների շարժի մակարդակի չափանիշի համաձայն, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 0 միավոր:
71. Ուսումնական հաստատության կողմից պետական լիազորված մարմնի հատկացրած տեղերում 3 տարի անընդմեջ ընդունելություն չիրականացվելն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Եթե ուսումնական հաստատությունում (լիցենզիայի առկայության դեպքում) 1 մասնագիտությամբ առնվազն 3 տարի անընդմեջ կրթական գործընթաց չի իրականացվում, ապա, ըստ այս չափանիշի, ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 2, 1-ից ավելի մասնագիտությունների դեպքում` 4 միավոր:
72. Նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ` ստուգման) արդյունքում արձանագրված` կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների 1 խախտման դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 1 միավոր, 2-4 խախտումների դեպքում` 3 միավոր, 5 և ավելի խախտումների դեպքում` 5 միավոր: Նշված գործառույթների արդյունքում խախտումների բացակայության դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:
73. Համաձայն ուսումնական հաստատության գործունեության վերաբերյալ նախորդ ուսումնական տարում ստացված դիմում-բողոքների թվի (բացառությամբ` անանուն և կեղծ, ինչպես նաև` տեսչական մարմնի իրավասության շրջանակներից դուրս դիմումների) չափանիշի` ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է սույն մեթոդաբանության 37-րդ կետում նկարագրված եղանակով:
74. Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների պարբերականությունն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Ուսումնական հաստատության անհատական ռիսկի առաջին բաղադրիչի գնահատումը, ըստ այս չափանիշի, իրականացվում է N 5 աղյուսակի համաձայն.
Աղյուսակ N 5
._____________________________________________________________________.
|Խախտման բնույթը |Միավորը, եթե նշված|Միավորը, եթե նշված|
| |բնույթի խախտում |բնույթի խախտում |
| |կրկնվել է 3 |կրկնվել է 2 |
| |ուսումնական տարում|ուսումնական տարում|
|_______________________________|__________________|__________________|
|Ընդունելության կարգի |5 |3 |
|խախտումները | | |
|_______________________________|__________________|__________________|
|Կադրերը |3 |2 |
|_______________________________|__________________|__________________|
|Այլ* |2 |1 |
._____________________________________________________________________.
«Այլ*»-ի դեպքում դիտարկվում են ավելի պարբերաբար կրկնվող բնույթի խախտումները:
75. Համաձայն ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների չափանիշի` ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է սույն մեթոդաբանության 40-44-րդ կետերում նկարագրված եղանակով:
6. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ` ԸՍՏ ՌԻՍԿԻ
76. Սույն մեթոդաբանության համաձայն` ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի գնահատումից հետո` գնահատվող այն ուսումնական հաստատություններում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներդնելուց հետո տեսչական մարմնի կողմից չի իրականացվել ստուգում` ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում և դասակարգվում է ոլորտային ռիսկի և անհատական ռիսկի առաջին բաղադրիչի հիման վրա, որը կազմում է առավելագույնը 150 միավոր (ոլորտային ռիսկ` առավելագույնը 100 միավոր, անհատական ռիսկի առաջին բաղադրիչ` առավելագույնը 50 միավոր):
77. Սույն մեթոդաբանության համաձայն` ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի գնահատումից հետո գնահատվող այն ուսումնական հաստատությունում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներդնելուց հետո տեսչական մարմնի կողմից իրականացվում է ստուգում, ապա ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում և դասակարգվում է ամբողջությամբ (ներառելով նաև անհատական ռիսկի 2-րդ բաղադրիչը), և կազմում է առավելագույնը 300 միավոր (ոլորտային ռիսկ` առավելագույնը 100 միավոր, անհատական ռիսկ` առավելագույնը 200 միավոր, այդ թվում` առաջին բաղադրիչը` առավելագույնը 50 միավոր, և երկրորդ բաղադրիչը` առավելագույնը` 150 միավոր):
78. Տեսչական մարմնի կողմից ստուգման ենթակա ուսումնական հաստատությունները` ըստ ռիսկայնության, դասակարգվում են հետևյալ եղանակով. ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվում են ստուգման ենթակա ուսումնական հաստատությունների առնվազն 30 տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի աճման, միջին ռիսկայնության խմբում` մինչև 50 տոկոսը, բարձր ռիսկայնության խմբում` մինչև 20 տոկոսը.
Աղյուսակ N 6
._____________________________________________________________________.
|Ցածր |Միջին |Բարձր |
|_______________________|______________________|______________________|
|առնվազն 30% |մինչև 50% |մինչև 20% |
._____________________________________________________________________.
79. Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների առնվազն 70 տոկոսը ներառվում է բարձր, մինչև 5 տոկոսը` ցածր ռիսկայնության խմբերից:
80. Նույն ռիսկային միավորն ունեցող ուսումնական հաստատությունների դեպքում ստուգումների տարեկան ծրագրում ներառվում են ավելի մեծ թվով սովորողներ ունեցող ուսումնական հաստատությունները` հաշվի առնելով նաև վերջին ստուգման ժամանակահատվածը, ուսումնական հաստատության աշխարհագրական դիրքը:
7. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ
81. Տեսչական մարմինը ձևավորում է ուսումնական հաստատությունների տվյալների բազա, որի կիրառման նպատակն է`
1) աջակցել տեսչական մարմնի ծառայողներին` որոշումներ կայացնելու գործընթացում, և ապահովել այդ որոշումների հիմնավորվածությունը.
2) ստանալ ուսումնական հաստատությունների ռիսկերի առաջացման պատճառները.
3) որոշել և դասակարգել տեսչական մարմնի կողմից վերահսկվող ուսումնական հաստատությունների ռիսկայնությունը` առկա տեղեկատվության և սահմանված չափանիշների հիման վրա.
4) ռեսուրսները նպատակաուղղել դեպի առավել ռիսկային ոլորտներ և ուսումնական հաստատություններ:
82. Տվյալների բազան պարբերաբար թարմացվում, լրացվում և ծառայում է տեսչական մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի նպատակներին:
83. Տվյալների բազան էլեկտրոնային աղյուսակ է և ներառում է տեղեկատվություն տեսչական մարմնի վերահսկման ոլորտում գործող բոլոր ուսումնական հաստատությունների ռիսկայնության միավորների վերաբերյալ: Տվյալների բազան բաղկացած է տողերից և սյուներից: Յուրաքանչյուր տող պարունակում է հետևյալ տվյալները`
1) վերահսկվող ուսումնական հաստատության անվանումը.
2) կազմակերպաիրավական ձևը.
3) հարկ վճարողի հաշվառման համարը.
4) պետական ռեգիստրի կոդը.
5) ուսումնական հաստատության գնահատված ռիսկային միավորները` ըստ կրթական գործունեության ռիսկայնությունը բնութագրող չափանիշների և ստուգումների արդյունքների:
(հավելվածը խմբ. 25.11.2021 թիվ 1947-Ն որոշում)