Սեղմել Esc փակելու համար:
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 16-Ր ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

4 սեպտեմբերի 2019 թվականի N 2

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

 

1. Շրջակա միջավայրի նախարարին 2019 թվականի օգոստոսի 22-ին (մտից` 36133) գրությամբ դիմել է «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերության գործընկեր կառավարիչ Արմեն Մելքումյանը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթների կիրառման մասով պաշտոնական պարզաբանում տրամադրելու վերաբերյալ: Դիմումատուն խնդրում է պաշտոնապես պարզաբանել Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի` «Հայտի լրակազմ չլինելու և (կամ) դրանում պարունակվող տեղեկատվության մեջ անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, այն վերադարձնում է ձեռնարկողին` լրակազմելու: Հայտը վերադարձնելու պահից նախնական փուլի ժամկետը համարվում է դադարեցված` մինչև ձեռնարկողի լրակազմած հայտը լիազոր մարմին ներկայացնելու պահը:» դրույթն այն առումով, որ.

1) Արդյո՞ք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված («հայտն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, այն վերադարձնում է ձեռնարկողին` լրակազմելու») հնգօրյա ժամկետի պահանջի` լիազոր մարմնի կողմից խախտման դեպքում, ձեռնարկողը պարտավորություն ունի կատարելու լիազոր մարմնի ցուցումները, այն է` շտկել հայտում առկա տեղեկությունների անճշտությունները և այն կրկին ներկայացնել լիազոր մարմին:

2) Արդյո՞ք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված («նախնական փուլի ժամկետը համարվում է դադարեցված») պահանջը նշանակում է, որ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված փորձաքննության նախնական փուլի «30 աշխատանքային օրվա» ժամկետը դադարում է հաշվարկվել և «30 աշխատանքային օր» ժամկետը սկսում է նորից հաշվարկվել` լրակազմված հայտը լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից:

2. Համաձայն դիմումատուի`

1) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված «հայտն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, այն վերադարձնում է ձեռնարկողին` լրակազմելու» պահանջը լիազոր մարմնի կողմից չկատարելու կամ նշված ժամկետի խախտմամբ կատարելու դեպքում, ձեռնարկողն իրավունք ունի անարձագանք թողնել լիազոր մարմնի ցուցումները և համարել, որ լիազոր մարմնին ներկայացված հայտն ամբողջությամբ բավարարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Եթե նույնիսկ ժամկետի խախտմամբ վերադարձված հայտին ձեռնարկողն արձագանքում է, ապա նշված գործողությունը ևս չի կարող համարվել կամ ընկալվել, որ ձեռնարկողն ընդունում է, որ իր կողմից ներկայացված հայտը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին:

2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված «նախնական փուլի ժամկետը համարվում է դադարեցված» պահանջից բխում է, որ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված փորձաքննության նախնական փուլի «30 աշխատանքային օրվա» ժամկետը ոչ թե դադարում է առհասարակ, այլ ընդհատվում (կասեցվում) է և այն շարունակվում է հաշվարկվել այն պահից, երբ ձեռնարկողի կողմից լիազոր մարմին ներկայացվում է լրակազմված հայտը: Այսինքն, ամեն դեպքում լիազոր մարմնի կողմից ձեռնարկողին լրամշակելու նպատակով վերադարձված հայտը չի կարող հիմք հանդիսանալ «30 աշխատանքային օրվա» ժամկետը սկզբից հաշվարկելու համար, հակառակ դեպքում` փորձաքննական փուլի հայտի քննարկումը լիազոր մարմնում կարող է տևել ամիսներ, նույնիսկ տարի:

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

Օրենքի 16-րդ հոդվածի`

1-ին մասի համաձայն` «1. Փորձաքննության նախնական փուլն իրականացվում է ձեռնարկողի կողմից նախնական գնահատման հայտը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում:».

3-րդ մասի համաձայն` «3. Փորձաքննության նախնական փուլում`

1) քննարկվում է ներկայացված նախնական գնահատման հայտի լրակազմությունը.

2) կանխորոշվում են շրջակա միջավայրի վրա հիմնադրութային փաստաթղթի դրույթների և (կամ) նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության շրջանակները, սահմանվում են գնահատումների հաշվետվության բովանդակությունն ու դրան վերաբերող պահանջները, որոշվում են գործընթացի մասնակիցների շրջանակները, կազմվում և ձեռնարկողին է տրամադրվում այդ ամենն ամփոփող ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանքը:».

4-րդ մասի համաձայն` «4. Փորձաքննության ներկայացվող հայտը պարունակում է`

1) ձեռնարկողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

2) հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը.

3) հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության ենթակա տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի համառոտ նկարագիրը և իրադրության սխեման.

4) հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության բնութագիրը (արտադրական հզորություններ, օգտագործվող բնառեսուրսներ և նյութեր, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ).

5) շրջակա միջավայրի վնասակար ազդեցության բացառմանը, նվազեցմանն ու փոխհատուցմանն ուղղված բնապահպանական միջոցառումների ծրագիրը.

6) տեղեկատվություն հանրության ծանուցման, հանրային լսումների և տեղական ինքնակառավարման մարմինների նախնական համաձայնության վերաբերյալ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:»

5-րդ մասի համաձայն` «5. Հայտի ուսումնասիրության արդյունքում լիազոր մարմինը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) հիմնադրութային փաստաթղթի դրույթի կամ նախատեսվող գործունեության իրականացման անթույլատրելիության վերաբերյալ, որը կայացվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված բնապահպանական պահանջները.

2) հայտը ձեռնարկողին` լրակազմման վերադարձնելու վերաբերյալ, սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները սխալներով կամ թերի ներկայացնելու դեպքում.

3) հիմնադրութային փաստաթուղթը կամ նախատեսվող գործունեությունը անդրսահմանային համատեքստում ազդեցության գնահատման ենթակա լինելու վերաբերյալ.

4) հիմնադրութային փաստաթուղթը կամ Ա և Բ կատեգորիաների դեպքում` նախատեսվող գործունեությունը, տեխնիկական առաջադրանքներին համապատասխան, ազդեցության գնահատման ենթակա լինելու վերաբերյալ.

5) Գ կատեգորիայի գործունեության տեսակներին` եզրակացություն տրամադրելու վերաբերյալ:»

7-րդ մասի համաձայն` «7. Հայտի լրակազմ չլինելու և (կամ) դրանում պարունակվող տեղեկատվության մեջ անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, այն վերադարձնում է ձեռնարկողին` լրակազմելու: Հայտը վերադարձնելու պահից նախնական փուլի ժամկետը համարվում է դադարեցված` մինչև ձեռնարկողի լրակազմած հայտը լիազոր մարմին ներկայացնելու պահը:»:

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

i

1. Համաձայն Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի` փորձաքննության նախնական փուլն իրականացվում է ձեռնարկողի կողմից նախնական գնահատման հայտը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, 3-րդ մասի` փորձաքննության նախնական փուլում քննարկվում է ինչպես ներկայացված նախնական գնահատման հայտի լրակազմությունը, այնպես էլ` կանխորոշվում են շրջակա միջավայրի վրա հիմնադրութային փաստաթղթի դրույթների և (կամ) նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության շրջանակները, սահմանվում են գնահատումների հաշվետվության բովանդակությունն ու դրան վերաբերող պահանջները, որոշվում են գործընթացի մասնակիցների շրջանակները, կազմվում և ձեռնարկողին է տրամադրվում այդ ամենն ամփոփող ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանքը: Եթե 3-րդ մասի 1-ին կետի պահանջի կատարումը կրում է զուտ տեխնիկական կամ մեխանիկական բնույթ, ապա 2-րդ կետի պահանջի կատարումն ապահովվում է լուրջ ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա: Այս հանգամանքով պայմանավորված` համաձայն Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2015 թվականի ապրիլի 9-ին ընդունվել է ՀՀ կառավարության «Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 399-Ն որոշումը, որի հավելվածի 13-րդ կետով սահմանված է, որ` «13. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշման ընդունման դեպքում 30 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության հայտը` համապատասխան հիմնավորումներով վերադարձվում է ձեռնարկողին` լրակազմման:»

i

2. Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «հայտը վերադարձնելու պահից նախնական փուլի ժամկետը համարվում է դադարեցված»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:»: Օրենքով ամրագրված` ժամկետի դադարեցման սկզբունքի կիրառման մանրամասները սահմանված են ՀՀ կառավարության 09.04.2015 թ. N 399-Ն որոշման հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով, համաձայն որոնց`

«18. Հիմնադրութային փաստաթղթի և Ա, Բ կատեգորիաների գործունեության տեսակների վերաբերյալ լրակազմման վերադարձնելու որոշման ընդունման դեպքում լրամշակված հայտը ձեռնարկողի կողմից փորձաքննական կենտրոն ներկայացվելուց հետո, համաձայն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 4-րդ կետի, փորձաքննական կենտրոնը 30 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկողին է տրամադրում տեխնիկական առաջադրանք:

19. Գ կատեգորիայի գործունեության տեսակների վերաբերյալ լրակազմման վերադարձնելու որոշման ընդունման դեպքում լրամշակված հայտը ձեռնարկողի կողմից փորձաքննական կենտրոն ներկայացվելուց հետո, համաձայն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, փորձաքննական կենտրոնը 30 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկողին է տրամադրում փորձաքննական եզրակացություն:»:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

i

Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

 

i

1. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված` հայտը ձեռնարկողին լրակազմման վերադարձնելու վերաբերյալ որոշման ընդունման դեպքում 30 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության հայտը` համապատասխան հիմնավորումներով վերադարձվում է ձեռնարկողին` լրակազմման:

i

2. Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության հայտը վերադարձնելու պահից նախնական փուլի ժամկետը համարվում է դադարեցված և լրամշակված հայտը ձեռնարկողի կողմից փորձաքննական կենտրոն ներկայացվելուց հետո, համաձայն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, փորձաքննական կենտրոնը 30 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկողին է տրամադրում փորձաքննական եզրակացություն կամ տեխնիկական առաջադրանք:

 

    Շրջակա միջավայրի նախարար               Է. Գրիգորյան

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
04.09.2019
N 2
Պաշտոնական պարզաբանում