Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԵՅ ՍՈՒՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

        Ք. Երևան                                ԲԴԽ-57-Ո-Կ-14

10 սեպտեմբերի 2019 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԵՅ ՍՈՒՔՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.

 

նախագահությամբ`

        Բարձրագույն դատական խորհրդի նախագահ    Ռ. Վարդազարյանի,

        մասնակցությամբ`                        Գ. Բեքմեզյանի,

        անդամներ`                              Հ. Հովհաննիսյանի,

                                               Մ. Մակյանի,

                                               Լ. Մելիքջանյանի,

                                               Ա. Մխիթարյանի,

                                               Վ. Քոչարյանի,

        Արդարադատության նախարարի առաջին

        տեղակալ                                Ռ. Գրիգորյանի,

        Արդարադատության նախարարի

        խորհրդական                             Դ. Գասպարյանի,

        Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

        իրավասության դատարանի դատավոր          Ա. Սուքոյանի,

        փաստաբան                               Ս. Մադաթյանի,

        քարտուղարությամբ`                      Մ. Թելոյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի 08.07.2019թ. N 23-Ա որոշումը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ալեքսեյ Սուքոյանին (այսուհետ` Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Արդարադատության նախարարի 24.05.2019թ. թիվ 18-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Դատական դեպարտամենտի (այսուհետ` նաև Դեպարտամենտ) ղեկավար Կարեն Փոլադյանի կողմից Արդարադատության նախարարին ուղղված 10.05.2019թ. թիվ ԴԴ-1 Ե-3949 գրությամբ ներկայացված Սնանկության դատարանում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից (սկսած 12.02.2019 թ-ից) ստացված սնանկության գործերի ամբողջականության կապակցությամբ Դեպարտամենտի կողմից կատարված ստուգման արդյունքները` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

i

Վարույթ հարուցած մարմինն իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) մի շարք դրույթներ: Մասնավորապես, 81-րդ հոդվածը, համաձայն որի 1-ին մասի` կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ամսվա համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաջորդ ամսվա 10-ը ներառյալ:

i

Վերոնշյալ սնանկության գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պարտապանի լուծարման վարույթ սկսելու որոշումների կայացումից հետո սնանկության գործերով կառավարիչների կողմից որևէ հաշվետվություն Դատարան չի ներկայացվել: 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորն իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի կամ ժողովի կամ պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ պետք է վաղաժամկետ դադարեցնի կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը: Նշված գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարչի կողմից որևէ հաշվետվություն չներկայացնելու պայմաններում Դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել վերջինիս լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ուղղությամբ:

Դիմողը նաև պնդում է, որ թիվ ԵԿԴ/0092/04/16, թիվ ԵԿԴ/0277/04/16, թիվ ԵԿԴ/0074/04/16, թիվ ԵԿԴ/0150/04/14, թիվ ԵԿԴ/0165/04/16, թիվ ԵԿԴ/0285/04/16, թիվ ԵԿԴ/0419/04/16, թիվ ԵԿԴ/0030/04/15 սնանկության գործերով պահանջների վերջնական ցուցակները հաստատելու մասին որոշումների կայացումից հետո այլ գործողություններ, այդ թվում` սնանկության գործերով կառավարիչների կողմից, չեն իրականացվել:

Դիմողը վկայակոչել է Օրենքի 19-րդ հոդվածը, 29-րդ հոդվածը, 32-րդ հոդվածը, 60-րդ հոդվածը, 70-րդ հոդվածը և նշել, որ այս իրավական նորմերի համադրված վերլուծությունը հանգում է նրան, որ, պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կայացվելուց հետո, սնանկության գործի հետագա ընթացքը շարունակվում է որոշակի գործողություններով, որոնք իրականացվում են ինչպես սնանկության գործով կառավարչի, այնպես էլ` գործը քննող դատավորի կողմից: Մինչդեռ, նշված գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարչի կողմից որևէ գործողություն չիրականացնելու` Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման հիմքերի առկայության պայմաններում Դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել վերջինիս լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ուղղությամբ:

Դիմողը շեշտել է, որ թիվ ԵԴ/0602/04/18 սնանկության գործով 23.05.2018թ. կայացվել է պատասխանողի և նրա գույքի հետախուզում հայտարարելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշում: Այնուհետև, գործի վարույթի կասեցված լինելու ընթացքում` 01.10.2018թ. կայացվել է սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշում:

i

Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործի վարույթն առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` կասեցման հիմքերի առկայության դեպքում, եթե այդ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը:

i

Գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված` գործի վարույթը կասեցնելու հիմքերը սահմանող իրավակարգավորման ուսումնասիրության արդյունքում կարող ենք փաստել, որ նշված իրավանորմը պատասխանողին հետախուզում հայտարարելը չի դիտարկում որպես գործի վարույթը կասեցնելու հիմք:

Այսինքն` պատասխանողի նկատմամբ հետախուզում հայտարարելը չէր կարող հիմք հանդիսանալ գործի վարույթը կասեցնելու համար:

i

Բացի դրանից, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված են գործի վարույթը կասեցնելուց հետո մինչև դրա վերսկսումն արգելվող դատավարական գործողությունները, ինչպես նաև այդ կանոնից բացառությունները: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի վարույթը կասեցնելուց հետո մինչև դրա վերսկսումն արգելվում է գործով դատավարական գործողություններ կատարելը, բացառությամբ բացարկի կամ ինքնաբացարկի, հայցի ապահովման, ապացույցի ապահովման, հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, փորձագետի միջնորդությամբ փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու, կատարողական թերթ տալու հետ կապված դատավարական գործողությունների:

Նշված նորմի և սույն գործի փաստական հանգամանքների համադրված ուսումնասիրության արդյունքում հաստատվում է, որ դատարանի կողմից գործի վարույթի կասեցման փուլում սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշում կայացնելը չի բխում քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված պահանջից:

Թիվ ԵԴ/0579/04/18 սնանկության գործով թեև դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացվել է 03.08.2018 թ-ին, սնանկ ճանաչելու մասին վճիռը կայացվել է 01.10.2018 թ-ին:

Վարույթ ընդունելու և սնանկ ճանաչելու մասին որոշումների միջև առկա է մոտ 57 օր տարբերություն:

i

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը:

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը:

Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն` եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

Դիմողը նշել է, որ քննարկվող գործով սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու որոշման և սնանկ ճանաչելու մասին վճռի միջև առկա է մոտ 57 օր տարբերություն, այսինքն` չեն պահպանվել Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները:

i

Անդրադառնալով կարգապահական խախտման էությանը` Արդարադատության նախարարը գտել է, որ առկա են հիմքեր դատավորի կողմից թույլ տրված խախտումն էական բնորոշելու համար: Այս առնչությամբ Արդարադատության նախարարը վկայակոչել է էական կարգապահական խախտման բնորոշման վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019թ. թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին և գրավոր պատասխան` Բարձրագույն դատական խորհրդին:

Արդարադատության նախարարին ներկայացրած գրավոր բացատրության մեջ Դատավորը նշել է, որ իր վարույթում ունենալով 700-ից ավելի քաղաքացիական և սնանկության գործեր, իր համար դժվար է հիշել միջնորդության մեջ ներկայացված բոլոր գործերի փաստական հանգամանքները, ուստիև խնդրել է, որ իրեն տրամադրեն բոլոր գործերի նյութերը պատշաճ կարգով բացատրություն ներկայացնելու համար: Սակայն Դատավորը հայտնել է, որ իր կողմից 08.07.2019թ. 11:10-ին ստացվել են կարգապահական վարույթ հարուցելու որոշման հիմքում դրված նյութերի մի մասից քաղվածքներ` պատճենների տեսքով: Նշել է, որ թիվ ԵԿԴ/0020/04/14, թիվ ԵԿԴ/0316/04/08 սնանկության գործերից որևէ նյութ իրեն չի տրամադրվել, իսկ մյուս սնանկության գործերից տրամադրվել են առանձին էջերի պատճեններ, որոնց մեծ մասին կցված չէ գործերի ցուցակների պատճենը: Դատավորը նաև նշել է, որ թվով 22 գործերով, որոնք վերաբերում են սնանկության գործով կառավարչի կողմից դրսևորված անգործությանը, ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր չէ հետևություններ անել` արդյոք սնանկության գործով կառավարիչների կողմից համապատասխան հաշվետվություններ կամ միջնորդություններ ներկայացվել են, թե` ոչ: Դատավորը թիվ ԵԿԴ/0914/04/18 սնանկության գործի կապակցությամբ, որը վերաբերում է վրիպակն ուղղելու մասին դատական ակտի կայացմանը, նշել է, որ նշված գործից տրամադրվել են 1-ին, 62-րդ և 79-րդ էջերի պատճենները, մինչդեռ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի գրությունը` փաստաթղթերի մի մասն այլ գործից լինելու պատճառաբանությամբ նշված գործը չընդունելու մասին, տրամադրված նյութերում առկա չէ: Սույն դեպքում վրիպակն ուղղելու որոշման նպատակը գործը դատարան ընդունման ապահովումն է եղել: Դատավորը նաև նշել է, որ տրամադրված նյութերը թերի են, պատճեններում ընդգրկված չեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը բացառող հանգամանքները հավաստող ապացույցները:

Դատավորը նշել է, որ վարույթի շրջանակներում ձեռք չեն բերվել դատավորի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացած արարքը կատարված լինելու և դրա համար օրենքով պահանջվող պայմանների առկայությունը հավաստող ապացույցներ, ուստի խնդրել է կարգապահական վարույթը կարճել:

Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված պատասխանի մեջ Դատավորը պնդել է Արդարադատության նախարարին ներկայացված դիրքորոշումը: Դատավորը նաև նշել է, որ թիվ ԵԴ/0914/04/18 սնանկության գործով վարույթ է հարուցվել այն հիմքով, որ դատավորը կայացրել է վրիպակն ուղղելու մասին որոշում այն պայմաններում, երբ արդեն իսկ դադարել էին վերջինիս` որպես սնանկության գործեր քննող դատավորի լիազորությունները: Նշված գործից իրեն տրամադրվել են 1-ին, 62-րդ և 79-րդ էջերի պատճենները /վարույթի որոշում, ԴԱՀԿ-ին ուղղված գրություն, վրիպակի որոշում/: Մինչդեռ նշված գործով վրիպակի որոշում կայացնելու պատճառը եղել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությունը` նշված սնանկության գործը չընդունելու մասին, այն պատճառաբանությամբ, որ գործում առկա փաստաթղթերի մի մասն այլ գործից են: Գործի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վարույթի որոշումը և կից գրությունները ԵԴ/0914/04/18 համարի փոխարեն կրել են թիվ ԵԴ/0194/04/18 համարը, որպիսի վրիպակն ուղղվել է դատարանի որոշմամբ: Այսինքն, դատարանի որոշման նպատակը սնանկության գործի` ՀՀ սնանկության դատարան ընդունման ապահովումն է եղել, մինչդեռ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի` իր կողմից վկայակոչված և վարույթի համար էական նշանակություն ունեցող գրությունը առկա չէ իրեն տրամադրված քաղվածքի նյութերում: Իրեն տրամադրված կարգապահական վարույթի նյութերը թերի են, կամայականորեն կազմված քաղվածքներում ընդգրկված չեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը բացառող հանգամանքները հավաստող ապացույցները: Մինչդեռ իրեն վերագրվում է անգործության տեսքով դրսևորված խախտումներ, որոնց մասին հետևություններ կարելի է անել բացառապես Որոշմամբ վկայակոչված սնանկության գործերի ամբողջական նյութերի ուսումնասիրության արդյունքում:

Դատավորը կարևորել է նաև այն հանգամանքը, որ երբևիցե չի եղել բողոք իր վարույթում քննված սնանկության գործերի մասնակիցների կողմից և այդ «խախտումները» առանց որևէ իրավական հիմքերի, ընթացիկ գործերն ստուգելու համապատասխան լիազորությունների բացակայության պայմաններում ստուգվում և հայտնաբերվում են ՀՀ դատական դեպարտամենտի կողմից: Իր գնահատմամբ` վերոշարադրյալը վկայում է այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի գործողություններն ուղղված են իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծելուն:

Բարձրագույն դատական խորհրդում միջնորդության քննության ընթացքում` 10.09.2019 թվականին, Դատավորի փաստաբանը միջնորդել է մերժել Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը` վերջինիս քննության ժամկետն անցած լինելու հիմքով:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Թիվ ԵԴ/0579/04/18 սնանկության գործով 03.08.2018թ. կայացվել է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, մինչդեռ պարտապանին սնանկ ճանաչելու մասին որոշումը կայացվել է 01.10.2018 թ-ին: Դիմումը վարույթ ընդունելու և սնանկ ճանաչելու մասին որոշումների միջև առկա է մոտ 57 օր տարբերություն:

2. Թիվ ԵԴ/0602/04/18 սնանկության գործով պատասխանողի հետախուզում հայտարարելը գործի վարույթը կասեցնելու հիմք չհանդիսանալու պայմաններում 23.05.2018թ. կայացվել է պատասխանողի և նրա գույքի հետախուզում հայտարարելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշում, ինչպես նաև գործի վարույթի կասեցված լինելու պայմաններում կայացվել է սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշում:

3. Թիվ ԵԿԴ/0006/04/14, թիվ ԵԿԴ/0132/04/15, թիվ ԵԿԴ/0077/04/14, թիվ ԵԿԴ/0282/04/16, թիվ ԵԿԴ/0089/04/10, թիվ ԵԿԴ/0082/04/12, թիվ ԵԿԴ/0044/04/09, թիվ ԵՔԴ/0632/04/08, թիվ ԵԿԴ/0035/04/11, թիվ ԵՔԴ/0772/04/08, թիվ ԵԿԴ/0020/04/14, թիվ ԵԿԴ/0062/04/09, թիվ ԵԿԴ/0316/04/08 սնանկության գործերով լուծարման վարույթ սկսելու մասին որոշումների կայացումից հետո սնանկության գործերով կառավարիչները թեև չեն կատարել պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իրենց իրականացրած միջոցառումների մասին դատարան հաշվետվություն ներկայացնելու` օրենքով սահմանված պարտավորությունը, Դատավորը միջոցներ չի ձեռնարկել կառավարիչների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ուղղությամբ:

4. Թիվ ԵԿԴ/0419/04/16, թիվ ԵԿԴ/0092/04/16, թիվ ԵԿԴ/0030/04/15, թիվ ԵԿԴ/0074/04/16, թիվ ԵԿԴ/0165/04/16, թիվ ԵԴ/0129/04/18, թիվ ԵԿԴ/0285/04/16, թիվ ԵԿԴ/0277/04/16, թիվ ԵԿԴ/0150/04/14 սնանկության գործերով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումների կայացումից հետո թեև սնանկության գործերով կառավարիչների կողմից չեն կատարվել օրենքով սահմանված մի շարք գործողություններ իրականացնելու պարտականությունները, Դատավորը միջոցներ չի ձեռնարկել կառավարիչների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ուղղությամբ:

5. Թիվ ԵԴ/0914/04/18 սնանկության գործով Դատավորի կողմից 25.02.2019թ. կայացվել է վրիպակն ուղղելու մասին որոշում այն պայմաններում, երբ արդեն իսկ դադարել էին վերջինիս` որպես սնանկության գործեր քննող դատավորի լիազորությունները:

6. Արդարադատության նախարարի 24.05.2019թ. թիվ 18-Ա որոշմամբ Դեպարտամենտի հաղորդման հիման վրա Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

7. Արդարադատության նախարարը 08.07.2019թ. N 23-Ա որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել միջնորդություն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

8. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդության քննությունը Բարձրագույն դատական խորհրդում նշանակվել է 05.08.2019 թվականին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իրավակարգավորումների համաձայն` որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում, իսկ 05.08.2019 թվականին հրավիրված նիստի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից 2-ը գտնվել են արձակուրդում, ուստի հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող հանգամանքով պայմանավորված` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նիստը հետաձգվել է` մյուս անդամների ներկայությունն ապահովելու նպատակով, և նշանակվել է 05.09.2019 թվականին:

9. 05.08.2019 թվականի նիստին ներկա է եղել Բարձրագույն դատական խորհրդի 6 անդամ:

10. 05.09.2019 թվականին նշանակված նիստը կայացել է: Միջնորդություն է ներկայացվել վկա ներգրավելու մասին: Նիստը հետաձգվել է և նշանակվել 10.09.2019 թվականին:

11. 10.09.2019 թվականի նիստի ընթացքում Դատավորի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Արդարադատության նախարարի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին` այն ժամկետանց լինելու հիմքով:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. ի՞նչ ժամկետներ է օրենքը նախատեսում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության և դրա երկարաձգման համար.

2. արդյո՞ք պահպանվել են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետները:

Առաջին հարցադրման առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական կարգավորումներին.

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:

i

Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է նշված մեկամսյա ժամկետը երկարաձգելու հնարավորություն, մասնավորապես` բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան մեկ ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում` փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածը նիստերի հետաձգման հնարավորություն է սահմանում, մասնավորապես`

«(...)

4. Բարձրագույն դատական խորհրդի նիստը կարող է հետաձգվել աշխատանքային օրն ավարտվելու դեպքում, բացառությամբ անհապաղ քննություն պահանջող հարցերի:

5. Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգվում է նաև`

1) հարցի վերաբերյալ նյութերը խորհրդի անդամներին սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրելու դեպքում, եթե խորհրդի անդամը պնդում է այդ մասին.

2) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում»:

Վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում անվիճելի է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից պետք է քննվի և լուծվի մեկամսյա ժամկետում, և միայն բացառիկ կամ օրենքով սահմանված այլ դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել: Տվյալ մեկամսյա ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետներ նախատեսելով և գործը քննող մարմնին այդ ժամկետներով սահմանափակելով` օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն ընձեռել որոշակի ժամկետներում քննել և լուծել հարցը` ապահովելով դատավորի համար գործի ողջամիտ ժամկետում քննությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ նշված օրենսդրական կարգավորումների դիտարկումից բխում է, որ օրենսդիրը, խնդրո առարկա կարգապահական վարույթի ժամկետների հետ կապված սահմանելով վերոնշյալ կարգավորումները, կիրառում է երկու տարբեր` «հետաձգում» և «երկարաձգում» եզրույթները, ինչն էական նշանակություն ունի մեջբերված կարգավորումների բովանդակությունը բացահայտելու համար:

Ակներև է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի կարգավորումներում խոսքը վերաբերում է ցանկացած, այդ թվում կարգապահական վարույթին վերաբերող, նիստի` օրենքով նախատեսված պայմանների առկայության դեպքում, հետաձգմանը, առանց ժամկետների մասին նշումների: Իսկ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ այլ իրավակարգավորմամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը կարգապահական վարույթներ քննելու համար սահմանել է մեկամսյա ընդհանուր ժամկետ, ուստի կարգապահական վարույթներին վերաբերող նիստերի անհրաժեշտ հետաձգումները չեն կարող գերազանցել այդ ժամկետը:

Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի կարգավորումներին, որոնցում անդրադարձ է կատարվում «հարցի քննության ժամկետի երկարաձգմանը», ապա այս դեպքում խոսքը վերաբերում է հարցի քննության համար սահմանված մեկամսյա ժամկետը ևս մեկ ամիս ժամկետով, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում` փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով երկարաձգելու հնարավորությանը:

Փաստորեն, օրենսդիրը նախատեսել է երկու տարբեր իրավիճակներ և դրանց տարբերակված կարգավորումներ: Ընդ որում` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածով նախատեսված իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ որպես բացառիկ դեպք` հարցի քննության համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու հնարավորությունը կարող է գնահատվել և գործադրվել միայն հարցի քննությունն սկսված լինելու պայմաններում:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորին (...) կարգապահական պատասխանատվության ենթարկելու (...) վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` քվորում չլինելու դեպքում նիստը համարվում է չկայացած:

2019 թվականի օգոստոսի 5-ին Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հանդես գար որպես դատարան, ինչի համար նիստին անհրաժեշտ էր Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայությունը:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2019 թվականի օգոստոսի 5-ին հրավիրված նիստը չի կայացել` քվորումի բացակայության պատճառով, և փաստացի գործի քննությունը չի սկսվել:

Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգվել է, իսկ հաջորդ նիստը նշանակվել` քվորումի ապահովման հնարավորություն ընձեռող ժամկետի հաշվառմամբ` 2019 թվականի սեպտեմբերի 5-ին:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով...:

Բարձրագույն դատական խորհուրդը, հարցի քննության համար իրավազոր կազմով գնահատելով համապատասխան օրենսդրական կարգավորումները և ստեղծված փաստացի իրավիճակը, հանգել է եզրակացության առ այն, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության մեկամսյա ժամկետը լրացել է դեռևս 2019 թվականի օգոստոսի 8-ին, իսկ քննության ժամկետը երկարաձգելու համար Օրենքի 90-րդ, 94-րդ և 150-րդ հոդվածներով նախատեսված վավերապայմանները առկա չեն եղել, ինչն էլ հիմք է վարույթ հարուցած մարմնի միջնորդությունը մերժելու համար` Խորհրդում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 156-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ.

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել` Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյան

                     Անդամներ`       Գ. Բեքմեզյան

                                     Հ. Հովհաննիսյան

                                     Մ. Մակյան

                                     Լ. Մելիքջանյան

                                     Ա. Մխիթարյան

                                     Վ. Քոչարյան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
10.09.2019
N ԲԴԽ-57-Ո-Կ-14
Որոշում