Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼԴ/0151/01/13 ԼԴ/0143/01/14

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

 

2018 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Սարիկ Սանդոյի ՈՒլուխանյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռով (թիվ ԼԴ/0151/01/13 քրեական գործով) Սարիկ Ուլուխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` դատավճիռների համակցությամբ Ս.Ուլուխանյանի նկատմամբ նշանակված պատժին գումարվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հուլիսի 2-ի դատավճռով նշանակված 4 տարի ժամկետով ազատազրկումը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2013 թվականի դեկտեմբերի 4-ից:

1.1. Առաջին ատյանի դատարանի` նույն օրվա որոշմամբ Ս.Ուլուխանյանի նկատմամբ նույն դատարանի` 2012 թվականի հուլիսի 2-ի դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է:

2. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մարտի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

3. Նշված որոշման դեմ պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 8-ի որոշմամբ վերադարձվել է:

4. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճռով (թիվ ԼԴ/0143/01/14 քրեական գործով) Ս.Ուլուխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով` դատավճիռների համակցությամբ Ս.Ուլուխանյանի նկատմամբ նշանակված պատժին գումարվել է Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 2 (երկու) տարին, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

5. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2015 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվել, և դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ:

6. Դատապարտյալ Սարիկ ՈՒլուխանյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Սարիկ Ուլուխանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա 2012 թվականի աշնանը Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի «Անասնագոմեր» կոչվող տեղանքից քաղել, հավաքել է կանեփ տեսակի խոտաբույսի տերևներ, տեղափոխել իր տուն, որտեղ չորացնելու և մանրացնելու միջոցով, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար ապօրինի պատրաստել և իր տանը պահել է զգալի չափերի` 2.5 գրամ չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (...)»1:

________________________

1 Տե՛ս թիվ ԼԴ/0151/01/13 քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 186-190:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործող) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

9. Բողոքաբերը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Սարիկ ՈՒլուխանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 8-ի որոշումը վերանայելու համար:

i

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

i

12. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

________________________

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

i

13. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»3:

________________________

3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

________________________

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

14. Նախորդ կետում մեջբերված` Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

i

15. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (2018 թվականի հունիսի 27-ը) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ զգալի չափ է սահմանվել 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Ուլուխանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափով` 2.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց պատրաստելու և պահելու համար5:

________________________

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են դատապարտյալ Ս.Ուլուխանյանի կատարած արարքի հանցավորությունը:

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 2.5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է: Այսինքն` նոր փոփոխությունները վերացնում են 2.5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի պատրաստելու և պահելու արարքի հանցավորությունը: ՈՒստի, այդ փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ս.Ուլուխանյանի կողմից կատարված հանցանքի վրա:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Սարիկ ՈՒլուխանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 8-ի որոշումը վերանայելու համար:

18. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մարտի 3-ի որոշումն ու դատապարտյալ Սարիկ ՈՒլուխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Բացի այդ, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 3-ի որոշումը. ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով` դատավճիռների համակցությամբ Ս.Ուլուխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժին` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը, պետք է մասնակիորեն գումարել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հուլիսի 2-ի դատավճռով նշանակված պատժից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել` ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: Միևնույն ժամանակ, պատժի սկիզբը հաշվելով 2013 թվականի դեկտեմբերի 4-ից` Ս.Ուլուխանյանին պետք է անհապաղ ազատ արձակել` սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Սարիկ Սանդոյի ՈՒլուխանյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 8-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Սարիկ Սանդոյի Ուլուխանյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել և փոփոխել: Սարիկ Սանդոյի ՈՒլուխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Դատապարտյալ Սարիկ Սանդոյի ՈՒլուխանյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 3-ի որոշումը բեկանել և փոփոխել: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով` դատավճիռների համակցությամբ Սարիկ ՈՒլուխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժին` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հուլիսի 2-ի դատավճռով նշանակված պատժից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել` ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվել 2013 թվականի դեկտեմբերի 4-ից և Սարիկ Սանդոյի ՈՒլուխանյանին անհապաղ ազատ արձակել` սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2018
N ԼԴ/0151/01/13
Որոշում