Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1347-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-266-02.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-266-02.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է քննչական բաժնի պետին ներառել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում` որպես առանձին դատավարական կարգավիճակ ունեցող սուբյեկտ, ում որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ կարող են բողոքներ ներկայացվել դատարան կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ` հետևյալ հիմնավորմամբ.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածում սահմանված են քննչական բաժնի պետի լիազորությունները, որոնք ըստ բնույթի դասակարգվում են կազմակերպաիրավական և դատավարական լիազորությունների: Այսպես, քննչական բաժնի պետի կազմակերպաիրավական լիազորությունները թվարկված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասում. դրանք են`

1) նախաքննության կատարումը հանձնարարում է իրեն ենթակա քննիչին, գործն իրեն ենթակա մի քննիչից հանձնում է մյուսին.

2) հետևում է իրեն անմիջականորեն ենթակա քննիչների կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերով քննչական գործողությունները ժամանակին կատարելու, նախաքննության և կալանքի տակ պահելու ժամկետները պահպանելու, դատախազի ցուցումները և այլ քննիչների հանձնարարությունները կատարելու նկատմամբ.

3) իրեն անմիջականորեն ենթակա քննիչներին ցուցումներ է տալիս իրենց վարույթում գտնվող քրեական գործերով առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ.

4) նախաքննության կատարումը հանձնարարում է իրեն ենթակա մի քանի քննիչի:

Նշված լիազորությունների բովանդակությունից հետևում է, որ դրանք ներքին աշխատանքային բնույթ են կրում և չեն դասվում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքին:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված են քննչական բաժնի պետի դատավարական լիազորությունները: Այսպես, նշված հոդվածի համաձայն քննչական բաժնի պետն իրավունք ունի մասնակցելու իրեն անմիջականորեն ենթակա քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը, անձամբ կատարելու նախաքննությունը` օգտվելով քննիչի լիազորություններից: Այսինքն, նշված քրեադատավարական կարգավորումներից հետևում է, որ քննչական բաժնի պետը քրեական վարույթի շրջանակներում կարող է հանդես գալ որպես քննիչ: Հետևաբար, քննչական բաժնի պետը դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումներ ընդունելիս կամ գործողություններ կատարելիս ունի քննիչի կարգավիճակ, որը ձեռք է բերում` քրեական գործն իր վարույթ ընդունելով:

Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում խոսքը գնում է այնպիսի որոշումների և գործողությունների մասին, որոնք ոչ թե կազմակերպաիրավական, այլ դատավարական բնույթ են կրում: Այդ նկատառումներից ելնելով` օրենսդիրը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում համապատասխան սուբյեկտների շարքում չի ներառել քննչական բաժնի պետին, քանի որ, ինչպես արդեն նշել էինք, նախաքննություն կատարելիս քննչական բաժնի պետը հանդես է գալիս որպես քննիչ:

Ամփոփելով նշվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2019
N 1347-Լ
Որոշում