Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1349-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-265-02.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-265-02.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով

(Խ-265-02.09.2019-ՊԻ-011/0) (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում տարբերակել գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու կամ վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու ժամկետները:

Նախագծով առաջարկվող կարգավորումն ընդունելի է, սակայն ունենք հետևյալ դիտարկումները.

1. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի գործող կարգավորումները գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների մասով որոշակի խնդիրներ են առաջացնում պրակտիկայում, մասնավորապես, մատնանշվում են այն իրավիճակները, երբ անձը պահվում է կալանքի տակ` չնայած նրան, որ քրեադատավարական կառուցակարգերում սահմանված` քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետները սպառվել են: Այսինքն` խոսքը գնում է անձի ազատությունը սահմանափակող` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի մասին: Համամիտ լինելով նախագծի հեղինակների կողմից մեջ բերված հիմնավորումների հետ` այնուամենայնիվ, գտնում ենք, որ նախագծում համապատասխան դատավարական ժամկետներն անհրաժեշտ է վերանայել միայն անձի ազատությունը սահմանափակող` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի մասով, իսկ մնացած դատական ակտերի մասով թողնել անփոփոխ: Այսպիսի մոտեցումը կլուծի քրեական վարույթի շրջանակներում ծագող խնդիրները, ինչպես նաև չի հանգեցնի դատարանների ծանրաբեռնվածության աճին:

2. Նախագծով չի կարգավորվում այն հարցը, թե ինչ ժամկետներ պետք է կիրառվեն այն վճռաբեկ բողոքների նկատմամբ, որոնք ներկայացված կլինեն վճռաբեկ դատարան մինչև նախագծի ուժի մեջ մտնելը, սակայն վճռաբեկ դատարանի կողմից դեռևս քննարկված չեն լինի, ուստի առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածը լրացնել նոր` 2-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ. «2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վճռաբեկ դատարան մուտքագրված վճռաբեկ բողոքների վրա:»:

3. Նախագծի 1-ին հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքում առկա թերությունները նշելու պահանջը պետք է տարածվի ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վրա: Հակառակ դեպքում կստացվի, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեպքում վճռաբեկ դատարանը կարող է որոշում կայացնել վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին` չնշելով առկա թերությունները, ինչն անընդունելի ենք համարում:

4. Նախագծի դրույթների համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն` օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2019
N 1349-Լ
Որոշում