Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1305-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

(որոշումը փոփ. 27.01.2022 թիվ 68-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1305-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

    I.    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ

          ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

II.   ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ IV.  ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

    V.    ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

VI.   ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առանցքային ճյուղերից է անասնաբուծությունը, որը 2018 թվականին ապահովել է ոլորտի համախառն արտադրանքի շուրջ 50 տոկոսը: Անասնաբուծության ավանդական ճյուղերից են ոչխարաբուծությունը և այծաբուծությունը, որից ստացվող հումքի և մթերքների արժեքը տատանվում է տարեկան շուրջ 50 մլրդ դրամի սահմաններում, այն դեպքում, երբ առկա բնակլիմայական և շուկայական նպաստավոր պայմանները լավ նախադրյալներ են կրկնակի և ավելի անգամ արժողությամբ արտադրանք ստանալու համար:

2. Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացումը պայմանավորված է տվյալ ճյուղի վարման համար չափազանց նպաստավոր բնակլիմայական պայմանների և լեռնային արոտավայրերի ընդարձակ տարածքների առկայությամբ:

3. Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի ավելի քան 50 տոկոսն արոտավայրեր են (Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2018 թվականի հաշվետվության տվյալների համաձայն արոտավայրերը կազմել են 1051.6 հազ. հեկտար): Ընդ որում, մինչև 1500 մետր բարձրություն և մինչև 3 աստիճան թեքություն ունեցող հողատարածքները կազմում են ամբողջ հողածածկույթի շուրջ 30 տոկոսը, 20 աստիճան թեքությունից բարձր` շուրջ 10 տոկոսը, և քանի որ ոչխարները և այծերն առավելապես արոտային կենդանիներ են, արդեն իսկ ակնառու են ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման հնարավորությունները:

4. Խորհրդային տարիներին հանրապետությունում ոչխարների և այծերի գլխաքանակը կտրուկ ավելացել էր, սակայն ագրարային բարեփոխումների շրջանակներում իրականացված գյուղատնտեսական կենդանիների մասնավորեցման, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման, տնտեսական կապերի որոշակի խզման հետևանքով ոչխարների և այծերի գլխաքանակն աստիճանաբար նվազել է և վերջին պաշտոնական տվյալներով (2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ) կազմել է 638.2 հազ. գլուխ, որն ավելի քան երկու անգամ զիջում է 1990 թվականին գրանցված գլխաքանակին: Ինչպես ոչխարաբուծությունը, այնպես էլ այծաբուծությունը հանրապետությունում ունեն կարևոր նշանակություն չոր բնակլիմայական պայմաններ ունեցող և խիստ կտրտված, քարքարոտ արոտներով հարուստ համայնքներում` որպես կաթնային տավարաբուծության այլընտրանք:

5. Ինչպես անասնաբուծության այլ ճյուղերում, այնպես էլ այծաբուծությունում մինչև 2000 թվականը կաթնատու այծաբուծության ստեղծման և գիտականորեն հիմնավորված տոհմասելեկցիոն աշխատանքներ երբևէ չեն իրականացվել: Իսկ գլխաքանակի ավելացմանն էապես կարող է նպաստել մայրական գենոֆոնդի բարելավումը:

6. Մի կողմից` արտաքին շուկայում (Իրանի Իսլամական Հանրապետություն, արաբական մի շարք երկրներ) Հայաստանում աճեցված կենդանի ոչխարների և ոչխարամսի նկատմամբ առկա պահանջարկը, ինչպես նաև հանրապետությունում ոչխարաբուծության վարման համար խիստ նպաստավոր բնակլիմայական պայմանները, մյուս կողմից` այծի կաթից վերամշակված արժեքավոր պանրի տեսակների նկատմամբ պահանջարկի ավելացումը, հուսալի երաշխիք են այս ոլորտի կայուն զարգացման համար:

7. Ուստի, պետական օժանդակության համապատասխան մեխանիզմների կիրառմամբ հնարավոր է հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության ոլորտը դարձնել առավել շահութաբեր և մրցունակ: Այս առումով նշված ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, մասնավորապես, մատչելի վարկավորման և ծախսերի փոխհատուցման մեխանիզմների առաջադրմանը:

 

I. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծությունն ավանդաբար զարգացել է մսաբրդակաթնային ուղղությամբ: Դարերի ընթացքում Հայաստանում կուտակվել է հարուստ փորձ, իսկ ոլորտի տևական զարգացումը բնակչության շրջանում ձևավորել է այնպիսի ազգային ավանդույթներ, ինչպիսիք են` ազգային յուրահատուկ կերակրատեսակները, ժողովրդական արհեստագործությունն ու գորգագործությունը: Դրա արդյունքում հանրապետությունում ոչխարաբուծությունը որոշակի ժամանակահատվածում և առանձին տարածաշրջաններում դարձել է անասնաբուծության առանցքային ճյուղերից մեկը:

9. Ոչխարաբուծությունը և այծաբուծությունը, հանդիսանալով անասնաբուծության առավել ցածր ռիսկային և բարձր եկամտաբեր ճյուղերից մեկը, բնակչությանը մատակարարում է սննդամթերք, բուրդ և կաշեհումք: 2018 թվականին անասնաբուծության համախառն արտադրանքը հանրապետությունում կազմել է 477.9 մլրդ դրամ, որի միայն շուրջ 10.5 տոկոսն է ձևավորվել ոչխարաբուծության շնորհիվ, ընդ որում, ոչխարի կաթը կազմել է հանրապետության կաթի համախառն արտադրանքի ընդամենը 6.5 տոկոսը:

10. Հանրապետությունում ոչխարաբուծությամբ հիմնականում զբաղվում են հետևյալ մարզերում` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (հանրապետության գլխաքանակի 16,9 տոկոս), Գեղարքունիքի մարզ (15,1 տոկոս), Արմավիրի մարզ (15,1 տոկոս), Արարատի մարզ (13,1 տոկոս) և Արագածոտնի մարզ (12,7 տոկոս):

11. Հարկ է նշել, որ առանձին մարզերի կտրվածքով ոչխարների գլխաքանակն ուղիղ համեմատական չէ այդ մարզերի բնատնտեսական հնարավորություններին, ինչի հետևանքով կտրուկ փոխվել է արոտավայրերի օգտագործման համամասնությունը: Դա ոչ միայն հանգեցրել է արոտավայրերի օգտագործման արդյունավետության նվազմանը, այլև բնապահպանական առումով կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների, քանզի ոչխարների տևական արածեցումը գյուղամերձ արոտներում առաջացնում է ինչպես հողատարման (էրոզիոն) երևույթներ, այնպես էլ` պատճառ կարող է հանդիսանալ արոտավայրերի բուսածածկում արժեքավոր բույսերի անհետացման, մինչդեռ հեռագնա արոտները գրեթե չեն օգտագործվում:

12. Անցյալ դարի ութսունական թվականներին հանրապետությունում ոչխարների գլխաքանակը հասել էր շուրջ 2.3 միլիոնի, հետագայում այն սկսել է նվազել և, 1991 թվականին, գյուղատնտեսությունում սկսած բարեփոխումներին ընդառաջ, կազմել է շուրջ 1.0 մլն: Հետագա տարիներին ոչխարների գլխաքանակի նվազման միտումը շարունակվել է, և արդեն 1998 թվականին այն կազմել է 521.0 հազ. գլուխ: Փաստորեն, 1981-1998 թվականների ժամանակահատվածում ոչխարների գլխաքանակը հանրապետությունում նվազել է ավելի քան 4 անգամ: Այդ գործընթացը պայմանավորված էր ինչպես ոչխարի բրդի և մսի իրացման բարդություններով, այնպես էլ` խոշոր տնտեսությունների մասնատմամբ, տոհմասելեկցիոն աշխատանքների տևական բացակայությամբ, ինչն իր հերթին հանգեցրել է բնական կերահանդակների և լեռնային արոտավայրերի ոչ արդյունավետ օգտագործմանը:

13. Հանրապետությունում այծերի առավելագույն գլխաքանակն արձանագրվել է 1930 թվականին (շուրջ 350 հազ. գլուխ), իսկ նվազագույնը` 1991 թվականին (շուրջ 14 հազ. գլուխ)` կրճատվելով ավելի քան 95 տոկոսով: Սակայն վերջին երկու տասնամյակներում այծերի գլխաքանակը կայունացել է, և 2018 թվականի ցուցանիշը (22.6 հազ. գլուխ) 60 տոկոսով գերազանցում է 1991 թվականի ցուցանիշը:

14. Ներկայումս հանրապետությունում բուծվող տեղական ցեղերի այծերը բնութագրվում են մթերատվության և համակազմվածքային ցածր ցուցանիշներով, այսինքն` այծերի կենդանի զանգվածը կազմում է 35-36 կգ, կաթնատվության տևողությունը` 6-8 ամիս, իսկ մեկ այծի միջին կաթնատվությունը տատանվում է 160 կգ-ի սահմաններում:

15. Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից հրապարակված տվյալների` վերջին տարիներին ևս նկատվում է ոչխարների և այծերի գլխաքանակի նվազման միտում, որի հետևանքով հանրապետությունում ոչխարների և այծերի գլխաքանակը 2019 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմել է 638.2 հազ. գլուխ` 2015 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 745.8 հազ. գլխի դիմաց: Վերջին տարիներին ոչխարների և այծերի գլխաքանակի տատանումները ներկայացված են Գծապատկեր 1-ում:

 

Գծապատկեր. 1. Հայաստանի Հանրապետությունում ոչխարների և այծերի գլխաքանակի դինամիկան` ըստ տարիների, գլուխ (հունվարի 1-ի դրությամբ)

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

16. Ի տարբերություն վերջին տարիներին ոչխարների և այծերի գլխաքանակի նվազման, ավելացել են մսի արտադրության ծավալները: 2018 թվականին արտադրվել է շուրջ 19.0 հազ. տոննա միս` 2015 թվականի 9.8 հազ. տոննայի դիմաց: Մսի արտադրության ծավալների աճին զուգընթաց` հանրապետությունում գրանցվել է նաև միջին մանրածախ գների որոշակի աճ` 2015 թվականի համեմատ շուրջ 1.2 անգամ: Վերջին տարիներին ոչխարամսի արտադրության ծավալների և միջին մանրածախ գների տատանումները ներկայացված են Գծապատկեր 2-ում:

 

Գծապատկեր 2. Հայաստանի Հանրապետությունում ոչխարամսի արտադրության և միջին մանրածախ գների դինամիկան

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

17. Հանրապետությունում ոչխարաբուծությունը կրում է հիմնականում էքստենսիվ բնույթ, և բուծվում են կոպտաբուրդ (բալբաս, մազեխ, բոզախ, ղարաբաղյան), կիսակոպտաբուրդ (հայկական կիսակոպտաբուրդ) ցեղերի ոչխարներ և դրանց տրամախաչումներից ստացված տարբեր ցեղայնության խառնացեղեր, ինչպես նաև քիչ քանակությամբ կիսանրբագեղմ մսաբրդատու կորիդելի տիպի կրոսբրեդային բրդածածկով մսաբրդակաթնատու ոչխարներ: Հանրապետությունում մեկ ոչխարի տարեկան միջին բրդատվությունը 2.2 կգ է, իսկ բրդի արտադրության ծավալը` միջինը 1415.5 տոննա: Սակայն, պայմանավորված բրդի վերամշակման ենթակառուցվածքների բացակայությամբ և ոչխարների բրդածածկի որակի բարելավմանն ուղղված տոհմասելեկցիոն աշխատանքների չիրականացմամբ, կոմիտեի վերջին 5 տարվա միջին տվյալներով արտադրված բրդի շուրջ 35 տոկոսը մնում է տնտեսություններում` որպես մնացորդ, 25 տոկոսն օգտագործվում է հենց տնտեսությունների կողմից և միայն 30 տոկոսն է վաճառվում:

18. Ընդհանուր առմամբ, հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացումը ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում, որն իր հերթին կնպաստի ենթակառուցվածքների ձևավորմանը, համայնքների վարչական տարածքներում ընկած արոտավայրերի կառավարման համակարգի ներդրմանը, անասնաբուժական ծառայությունների և տոհմասելեկցիոն աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և կենդանիների մթերատվության բարձրացմանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Ծրագրի իրականացումը պայմանավորված է հանրապետությունում բուծվող ոչխարների ու այծերի տոհմային (ցեղայնության) և արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման, ճյուղի վարման ինտենսիվացման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալների ավելացման, շահութաբերության մակարդակի բարձրացման, ոլորտում ներդրումների խրախուսման, ինչպես նաև արտաքին շուկայում մրցակցային դիրքի կայունացման և կենդանի ոչխարի և (կամ) ոչխարամսի և այծի պանրի արտահանման ծավալների ավելացման անհրաժեշտությամբ:

20. Համաձայն կոմիտեի կողմից հրապարակված 2017 թվականի տվյալների` հանրապետությունն ինքնաբավ է ոչխարի մսի գծով, և այդ ցուցանիշը կազմում է 138.9 տոկոս, ուստի, ճյուղն ունի արտահանման մեծ ներուժ: Վերջին 4 տարվա ընթացքում հանրապետությունից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազ. գլուխ ոչխար և 2.1 հազ. տոննա ոչխարի միս: Միայն 2019 թվականին (օգոստոսի 1-ի դրությամբ), ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` ՀՀ ԿԵ ՍԱՏՄ) օպերատիվ տվյալների` հանրապետությունից արտահանվել է 16.3 հազ. գլուխ ոչխար և 82 տ ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են` Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարի Պետությունը, Քուվեյթի Պետությունը, Վրաստանը: Արտահանման ցուցանիշները վկայում են, որ արտաքին շուկայում նշված մթերքն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման և մրցակցային դիրքեր գրավելու համար: Կենդանի ոչխարների և ոչխարամսի արտահանման ծավալների դինամիկան ներկայացվում է Գծապատկեր 3-ում:

 

Գծապատկեր 3. Կենդանի ոչխարների և ոչխարամսի արտահանման ծավալների համեմատական գնահատականը

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

21. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով համաշխարհային գենոֆոնդում ընդգրկված է ոչխարների ավելի քան 1300 ցեղ և ցեղատեսակներ: Գենետիկական ռեսուրսների բազմազանությունը հիմք կարող է ծառայել կենդանիների նոր ցեղերի ստեղծման համար, որոնք օժտված կլինեն մթերատվության բարձր հատկանիշներով և տեղի բնական պայմաններին լավ հարմարվողականությամբ:

22. Հաշվի առնելով այն, որ բնական կերահանդակներով լի տարածաշրջաններում արտադրության հիմնական միջոցներից մեկը ոչխարաբուծությունն է, ուստի, վերջինիս զարգացումը կնպաստի նաև գյուղական բնակչության զբաղվածության և բարեկեցության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ մթերքների արտադրության ծավալների ավելացմանը:

23. Հարկ է նշել, որ ոչխարաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրեր են իրականացվում նաև ԵԱՏՄ անդամ պետություններում` Ռուսաստանի Դաշնությունում («Ռուսաստանի Դաշնությունում 2012-2014 թվականների և մինչև 2020 թվականն ընկած պլանային ժամանակահատվածը ոչխարաբուծության և այծաբուծության զարգացումը» ճյուղային նպատակային ծրագիր, «Դաղստանի Հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացումը» 2013-2020 թվականների հանրապետական նպատակային ծրագիր, Ռուսաստանի Դաշնության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 4-ի «Դաշնային բյուջեից տոհմային անասնաբուծության աջակցության նպատակով Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների բյուջե հատկացվող սուբսիդիաների տրամադրման և բաշխման կանոնները» N 1257 որոշում, Պերմի երկրամասի կառավարության 2013 թվականի մայիսի 27-ի «Տոհմային անասնաբուծության աջակցության կարգը հաստատելու մասին» N 550-Ն որոշում) և Ղազախստանի Հանրապետությունում (Ղազախստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 25-ի «Տոհմային անասնաբուծության աջակցությանն ուղղված սուբսիդավորման կանոնները հաստատելու մասին» N 35 որոշում): Նշված ծրագրերի շրջանակներում մասնակի փոխհատուցվում է ինչպես ձեռք բերվող տոհմային կենդանիների արժեքը, այնպես էլ` դրանց պահպանման և կերակրման ծախսերը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

24. Ծրագրի նպատակն է պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես, մատչելի վարկավորման պայմանների կիրառման և ծախսերի փոխհատուցման միջոցով հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) և բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, բուծվող ցեղերի կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ինչպես նաև ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը:

25. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`

1) պետական աջակցության արդյունավետ մեխանիզմների առաջադրում.

2) հանրապետությունում աճեցված տոհմային մատղաշի ձեռքբերման և (կամ) դրանց ներկրման մատչելիության ապահովում.

3) հանրապետությունում տոհմային ոչխարների և այծերի մասնաբաժնի ավելացման, տեղական ցեղերի կատարելագործման, տրամախաչումների միջոցով բարձր մթերատու խառնացեղ սերունդների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում.

4) ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերի գնահատում և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների մշակում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

26. Ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար և ընդգրկում է 2019-2023 թվականները: Ծրագրի շրջանակներում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել շուրջ 30 հազ. գլուխ հղի ոչխար և այծ, ոչխարի ու այծի արու և էգ տոհմային մատղաշ (այսուհետ` տոհմային ՄԵԿ):

27. Ելնելով հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ոչխարի և այծի մսի ու կաթի արտադրության և արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև բնական ռեսուրսների արդյունավետ և լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից` ծրագրով տոհմային ՄԵԿ-ի` ըստ մթերավության ուղղության (կաթնային, մսային, բրդային) ցեղերի ընտրության նկատմամբ որևէ նախապայման չի սահմանվում` բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի` մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական էգ և 6-16 ամսական արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինը կանգնեցնելու, իսկ Հայաստանի Հանրապետությունում` առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ)` 20:1 հարաբերությամբ (20 էգի հաշվով 1 արու):

28. Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունը նախատեսվում է իրականացնել երկու եղանակով`

1) տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում`

ա. ծրագրին մասնակից կարող են լինել բանկերը կամ վարկային կազմակերպությունները (այսուհետ` ֆինանսական կառույց), որոնք սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկեր են տրամադրում տնտեսավարողներին, ինչպես նաև «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ` ԳՖԿ),

բ. ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` շահառու) տրամադրվելու են վարկեր դրամով, առավելագույնը 14 տոկոս անվանական տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների դիմաց այլ վճարներ (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն) չեն գանձվելու,

գ. ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվի յուրաքանչյուր շահառուի կողմից մեկ գլուխ տոհմային ՄԵԿ-ի` մինչև 450 հազ. դրամ արժեքով ձեռք բերված կենդանու համար փաստացի վճարված գումարը (չհաշված տեղափոխման ծախսերը), բայց ոչ ավելի, քան տարեկան 900 մլն դրամը (առավելագույնը 2000 գլուխ տոհմային ՄԵԿ, այդ թվում` 100 գլխից ոչ ավելի տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի), ընդ որում, ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 900 մլն դրամը, իսկ միայն 2019 թվականի համար ոչ ավելի, քան 450 մլն դրամը (առավելագույնը 1000 գլուխ տոհմային ՄԵԿ, այդ թվում` 50 գլխից ոչ ավելի տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի)), ընդ որում, ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 450 մլն դրամը,

դ. վարկավորման գործընթացը նախաձեռնում են այն ֆինանսական կառույցները` որոնց դիմում են շահառուները,

ե. շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում տոհմային ՄԵԿ ձեռք բերելու մասին դիմում-հայտ` նշելով ձեռք բերվող տոհմային ՄԵԿ-ի քանակը, ձեռքբերման (ներկրման) վայրը (վայրերը), ձեռքբերման ժամկետները, ձեռքբերման ենթակա տոհմային ՄԵԿ-ի հավաստագրերը (վկայականները, քարտերը), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում ձեռքբերման ենթակա տոհմային ՄԵԿ-ի հավաստագրերը (վկայականները, քարտերը)` դրանց հիման վրա ձեռքբերման ենթակա մանր եղջերավոր կենդանիների` տոհմային լինելու մասին ֆինանսական կառույցին անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տալու նպատակով,

զ. շահառուի ցանկությամբ վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ` առավելագույնը 12 ամիս,

է. ֆինանսական կառույցը տրամադրվող վարկի նախատեսված գումարը (ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում) անկանխիկ եղանակով, փուլ առ փուլ կամ միանվագ փոխանցում է շահառուի համապատասխան հաշվեհամարին,

ը. վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 4 տարի,

թ. վարկի մարման գործընթացն իրականացվում է ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքվող պայմանագրով սահմանվող վարկի մարման ժամանակացույցով, իսկ վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի նկատմամբ,

ժ. շահառուի կողմից վարկի մայր գումարի` ժամկետից շուտ կատարված մարումների համար ֆինանսական կառույցի կողմից տույժ և տուգանք չի հաշվարկվում ու չի գանձվում,

ժա. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են սույն ծրագրի պայմաններին համապատասխան գործարքներ,

ժբ. վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տրամադրվեն շահառուներին` 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0 տոկոս տոկոսադրույքով,

ժգ. վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա. տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն,

ժդ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին` տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով: Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն` համաձայնեցնելով նախարարության հետ,

ժե. ֆինանսական կառույցը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտը և անհամապատասխանությունների բացակայության ու ծրագրի պահանջներին բավարարելու դեպքում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին,

ժզ. տոհմային ՄԵԿ ձեռք բերելուց (ներկրելուց) հետո շահառուն ֆինանսական կառույցին ներկայացնում է`

- ծրագրի 28-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված դիմումը ներկայացնելուց հետո տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրի պատճենը,

- ձեռքբերված կենդանիների տոհմային հավաստագրերը (վկայականը, քարտը),

- կենդանիների դիմաց վճարման անդորրագրերը, հաշիվ-ապրանքագրերը,

- կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը (ներկրման դեպքում արտահանվող երկրում տրված ձևը ևս),

- համայնքում կենդանիների հաշվառման մասին տեղեկանքը,

- բանկային հաշվեհամարը,

ժէ. ֆինանսական կառույցը ծրագրի 28-րդ կետի 1-ին ենթակետի «ժզ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տրամադրում է նախարարությանը,

ժը. ծրագրի 28-րդ կետի 1-ին ենթակետով պահանջվող փաստաթղթերը ֆինանսական կառույցին տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում գրավոր պարտավորագիր` ձեռք բերվող տոհմային ՄԵԿ-ը առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում ոչխարի և այծի հոտի վերարտադրության համար օգտագործելու և դրանց պահպանվածության, պտղատվության և ըստ սեռային կազմի սերնդի գլխաքանակի մասին ամենամյա հաշվետվություն (մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը) տրամադրելու վերաբերյալ,

ժթ. տոհմային ՄԵԿ-ի անկումից և (կամ) սանիտարական սպանդից, կամ օտարումից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն` դրան կցելով կենդանու անկման վերաբերյալ արձանագրություն և անասնաբույժի եզրակացություն, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք,

ի. տոհմային մատղաշի ականջապիտակների վնասումից հետո շահառուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ սահմանված կարգով վերականգնում է պիտակը,

իա. ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ՄԵԿ-ը (նույնականացված համարով և փաստաթղթերով) օտարելու դեպքում ենթակա չէ կրկնակի վարկավորման,

իբ. ծրագրի 28-րդ կետի 1-ին ենթակետի «ժթ» և «ի» պարբերություններով նախատեսված դրույթների վերաբերյալ շահառուի կողմից տեղեկատվություն չներկայացվելու և մոնիթորինգի արդյունքում բացահայտվելու դեպքում` վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարն ամբողջությամբ ենթակա է վերադարձման, բացառությամբ 2020 թվականին անկած կամ սանիտարական սպանդի ենթարկված և հանրապետությունում առկա համավարակի ու ռազմական դրության պատճառով նախարարություն սահմանված կարգով տեղեկատվություն չներկայացված տոհմային կենդանիների մասով` ծրագրի շահառուի կողմից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր անկած կենդանու դիմաց առնվազն 70 հազ. դրամ վարկի մայր գումարը մարելու և վճարման անդորրագիրը նախարարություն ներկայացնելու պայմանով,

իգ. ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ նախարարության կողմից պետական աջակցության և (կամ) այլ պետական ծրագրերի շրջանակներում ժամկետանց պարտավորություններ ունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը,

իդ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է հետևյալ դեպքերում`

- ծրագրի 28-րդ կետի 1-ին ենթակետի «ժը» պարբերությունում նշված պարտավորագրով սահմանված պայմանների խախտման,

- ծրագրի 28-րդ կետի 1-ին ենթակետի «ժթ» և «ի» պարբերությամբ սահմանված պայմանի խախտման,

- շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու,

- շահառուի կողմից ներկայացված տեղեկություններում անհամապատասխանության հայտնաբերման,

- եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, վարկերի դասակարգման գործող կարգի համաձայն, վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ,

- շահառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործվելու դեպքում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման` 3 ամսվա ընթացքում (սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը): Նշված մնացած դեպքերում վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած.

- «իե» և «իբ» պարբերություններով սահմանված պայմանների խախտման դեպքում,

իե. տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը իրականացվում է վարկը հաստատելուց հետո` երեք ամսվա ընթացքում, որի ավարտի վերջին տասնօրյակում շահառուի նախաձեռնությամբ և նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող է երկարաձգվել ևս մեկ ամսով,

2) կատարված ծախսի փոխհատուցում`

ա. փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են գյուղատնտեսությունում տնտեսավարողները` մինչև տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման (ներկրման) աշխատանքների սկսվելն էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով դիմելով նախարարություն` նշելով ձեռք բերվող տոհմային ՄԵԿ-ի քանակը, ձեռքբերման (ներկրման) վայրը (վայրերը), ձեռքբերման ժամկետները, կցելով նաև ձեռքբերման ենթակա տոհմային ՄԵԿ-ի հավաստագրերը (վկայականները, քարտերը),

բ. տոհմային մատղաշ ձեռք բերելուց հետո հաշվառված շահառուն, փոխհատուցում ստանալու նպատակով, էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն` դիմումին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

- ծրագրի 28-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դիմումը ներկայացնելուց հետո տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրի պատճենը,

- ձեռք բերված կենդանիների հավաստագրերը (վկայականը, քարտը),

- կենդանիների դիմաց վճարման անդորրագրերը, հաշիվ-ապրանքագրերը,

- կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը (ներկրման դեպքում արտահանվող երկրում տրված ձևը ևս),

- համայնքում կենդանիների հաշվառման մասին տեղեկանքը,

- բանկային հաշվեհամարը,

գ. ծրագրի 28-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված փաստաթղթերի հետ միասին շահառուն նախարարություն է ներկայացնում գրավոր պարտավորագիր` ձեռք բերվող տոհմային ՄԵԿ-ը առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում ոչխարի և այծի հոտի վերարտադրության համար օգտագործելու և դրանց պահպանվածության, պտղատվության և ըստ սեռային կազմի սերնդի գլխաքանակի մասին ամենամյա հաշվետվություն (մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը) տրամադրելու վերաբերյալ,

դ. տոհմային ՄԵԿ-ի անկումից և (կամ) սանիտարական սպանդից, կամ օտարումից հետո ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն` դրան կցելով համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից վարվող կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանից քաղվածք, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք և տվյալ համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից վարվող կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանից քաղվածք,

ե. տոհմային ՄԵԿ-ի ականջապիտակների վնասումից հետո շահառուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ սահմանված կարգով վերականգնում է պիտակը,

զ. նախարարության համապատասխան ստորաբաժանումը դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը (դիտարկումներ տնտեսությունում) և շահառուին տեղեկացնում է փոխհատուցման տրամադրման կամ մերժման մասին,

է. փոխհատուցման մերժման հիմք է հանդիսանում սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում թվարկված փաստաթղթերում տեղեկատվությունների անհամապատասխանությունը,

ը. փոխհատուցման ենթակա գումարը նախարարությունը փոխանցում է շահառուի հաշվեհամարին` փոխհատուցման տրամադրման որոշում կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` համապատասխան պայմանագրի հիման վրա,

թ. եթե նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շահառուն խախտել է սույն կետի 2-րդ ենթակետի «գ», «դ» և «ե» պարբերություններով սահմանված պայմանները, ապա մեկ ամսվա ընթացքում փոխհատուցման գումարն ամբողջությամբ ենթակա է վերադարձման,

ժ. ծրագրի շրջանակներում կփոխհատուցվի յուրաքանչյուր շահառուի կողմից առավելագույնը 100 գլուխ տոհմային ՄԵԿ-ի, այդ թվում` 5 գլխից ոչ ավելի տոհմային արու մատղաշի (ոչխարի և այծի) ձեռքբերման փաստացի ծախսը (չհաշված տեղափոխման ծախսերը), բայց ոչ ավելի, քան 45.0 մլն դրամի 23-27 տոկոսը,

ժա. ծրագրի շրջանակներում կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազ. դրամ արժեքով ձեռք բերված տոհմային ՄԵԿ-ի համար փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 23 տոկոսը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվների կողմից մինչև 450 հազ, դրամ արժեքով ձեռք բերված տոհմային ՄԵԿ-ի համար` 27 տոկոսը,

ժբ. ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ նախարարության կողմից պետական աջակցության և (կամ) այլ պետական ծրագրերի շրջանակներում ժամկետանց պարտավորություններ ունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

(28-րդ կետը փոփ. 24.06.2021 թիվ 1058-Լ, 27.01.2022 թիվ 68-Լ որոշումներ)

29. Յուրաքանչյուր տնտեսավարող կարող է օգտվել ծրագրի միայն մեկ եղանակից, ընդ որում, կատարված ծախսերի փոխհատուցման եղանակից` միայն մեկ անգամ:

 

V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

30. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է նախարարությունը` ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ի և «Տոհմային կենդանիների անասնաբույծների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

31. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների շտեմարան, որը ներառում է տոկոսադրույքի սուբսիդավորվող վարկի մասին` ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

32. Ֆինանսական կառույցի կողմից մոնիթորինգն իրականացվում է համաձայն վերջինիս ներքին ընթացակարգերի, ընդ որում, առաջին մոնիթորինգն իրականացվում է վարկը տրամադրելուց հետո երկու ամսվա ընթացքում:

33. Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի հետ կնքվող պայմանագրով սահմանված ձևով հաշվետվություն է ներկայացնում ԳՖԿ-ին:

34. Շահառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում ֆինանսական կառույցը շահառուի գործող վարկը հանում է ծրագրից և ինքն իրեն իրավունք է վերապահում միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը` կիրառելով տվյալ ֆինանսական կառույցում գործող վարկերի տրամադրման համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք:

35. ԳՖԿ-ն ամեն ամիս հաշվետվություն է ներկայացնում նախարարություն:

36. Հաշվետվությունը պետք է ներառի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում`

1) տրամադրված վարկերի մասին տեղեկատվություն` ըստ մարզերի և համայնքների` վարկերի քանակը, գումարը, վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը.

2) տեղեկատվություն ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների և հայտնաբերված խախտումների մասին:

37. Ծախսերի փոխհատուցման դեպքում նախարարությունը 3 տարի պետք է իրականացնի ամենամյա մոնիթորինգ:

38. Մոնիթորինգի արդյունքում կազմված հաշվետվությունը պետք է ներառի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում`

1) տոհմային ՄԵԿ-ի և ըստ սեռի ստացված սերնդի գլխաքանակը.

2) մթերատվության մակարդակը և արտադրված արտադրանքի ծավալները.

3) իրացման ուղիները և ծավալները:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

39. Ծրագրի հնարավոր ռիսկեր են համարվում`

1) ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների ցածր վարկունակությամբ պայմանավորված` ծրագրով տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման նախանշած ծավալները չապահովելը.

2) համաճարակների հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի և տոկոսադրույքի վճարման անհնարինությունը.

3) պետական աջակցության համար ակնկալվող միջոցների գերագնահատումը.

4) Հայաստանի Հանրապետություն կենդանիների ներկրման դժվարությունները և փոխադրման համար չնախատեսված մեծ ծախսերը:

40. Ռիսկերի մեղմմանը միտված միջոցառումներն են`

1) գյուղատնտեսական կենդանիների ապահովագրական համակարգի ներդրման խթանումը.

2) նախարարության կողմից «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի իրականացումը, մշտադիտարկումներին ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ի ներգրավումը.

3) Հայաստանի Հանրապետությունում տոհմային ՄԵԿ-ի կենտրոնացված անասնաշուկաների ստեղծումը:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

41. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

42. Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.097.125.000 դրամ (աղյուսակ):

43. Կանխատեսվող ծախսերի ֆինանսական գնահատման համար ծրագրի շրջանակներում ձեռք բերվող մեկ գլուխ ոչխարի և այծի առավելագույն հաշվարկային արժեք է ընդունվել 450.0 հազ. դրամը:

 

Աղյուսակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

.___________________________________________________________________

|Ցուցանիշները             |                   Տարիները

|                         |_________________________________________

|                         |   2019 թ.  |    2020 թ.  |    2021 թ.  |

|_________________________|____________|_____________|_____________|

|Ընդամենը` վարկ, դրամ     | 630.000.000|3.150.000.000|2.520.000.000|

|_________________________|____________|_____________|_____________|

|Տոկոսադրույք, %          |      12    |      12     |       12    |

|_________________________|____________|_____________|_____________|

|Սուբսիդիայի չափը, %      |      10    |      10     |       10    |

|_________________________|____________|_____________|_____________|

|Մեկնարկային տարվա մայր   |      6     |      6      |       6     |

|գումարի արտոնյալ ժամկետը,|            |             |             |

|ամիս                     |            |             |             |

|_________________________|____________|_____________|_____________|

|Սուբսիդավորման           |  15.750.000|  364.125.000|  514.500.000|

|գումար, դրամ             |            |             |             |

|_________________________|____________|_____________|_____________|

|Ընդամենը` փոխհատուցման   | 270.000.000|1.350.000.000|1.080.000.000|

|ենթակա սեփական միջոցներ, |            |             |             |

|դրամ                     |            |             |             |

|_________________________|____________|_____________|_____________|

|Փոխհատուցման չափը, %     |      23    |      23     |        23   |

|_________________________|____________|_____________|_____________|

|Փոխհատուցման գումարը,    |  62.100.000|  310.500.000|  248.400.000|

|դրամ                     |            |             |             |

|_________________________|____________|_____________|_____________|

|Ընդամենը` պետական        |  77.850.000|  674.625.000|  762.900.000|

|աջակցություն, դրամ       |            |             |             |

|_________________________|____________|_____________|_____________|

|Ընդամենը` ձեռք բերվող    |    2000    |   10.000    |    8000     |

|գլխաքանակ, գլուխ         |            |             |             |

.___________________________________________________________________

.__________________________________________________________________

|Ցուցանիշները             |              Տարիները

|                         |________________________________________

|                         |    2022 թ.  |   2023 թ.   |  2024 թ.  |

|_________________________|_____________|_____________|___________|

|Ընդամենը` վարկ, դրամ     |1.890.000.000|1.260.000.000|           |

|_________________________|_____________|_____________|___________|

|Տոկոսադրույք, %          |      12     |      12     |           |

|_________________________|_____________|_____________|___________|

|Սուբսիդիայի չափը, %      |      10     |      10     |           |

|_________________________|_____________|_____________|___________|

|Մեկնարկային տարվա մայր   |      6      |      6      |           |

|գումարի արտոնյալ ժամկետը,|             |             |           |

|ամիս                     |             |             |           |

|_________________________|_____________|_____________|___________|

|Սուբսիդավորման           |  528.375.000|  424.875.000|213.750.000|

|գումար, դրամ             |             |             |           |

|_________________________|_____________|_____________|___________|

|Ընդամենը` փոխհատուցման   |  810.000.000|  540.000.000|           |

|ենթակա սեփական միջոցներ, |             |             |           |

|դրամ                     |             |             |           |

|_________________________|_____________|_____________|___________|

|Փոխհատուցման չափը, %     |      23     |      23     |           |

|_________________________|_____________|_____________|___________|

|Փոխհատուցման գումարը,    |  186.300.000|  124.200.000|           |

|դրամ                     |             |             |           |

|_________________________|_____________|_____________|___________|

|Ընդամենը` պետական        |  714.675.000|  549.075.000|213.750.000|

|աջակցություն, դրամ       |             |             |           |

|_________________________|_____________|_____________|___________|

|Ընդամենը` ձեռք բերվող    |    6000     |    4000     |           |

|գլխաքանակ, գլուխ         |             |             |           |

.__________________________________________________________________

.______________________________________________________________.

|Ցուցանիշները             |      Տարիները        |  Ընդամենը   |

|                         |______________________|             |

|                         |  2025 թ.  |  2026 թ. |             |

|_________________________|___________|__________|_____________|

|Ընդամենը` վարկ, դրամ     |           |          | 9.450.000.00|

|_________________________|___________|__________|_____________|

|Տոկոսադրույք, %          |           |          |             |

|_________________________|___________|__________|_____________|

|Սուբսիդիայի չափը, %      |           |          |             |

|_________________________|___________|__________|_____________|

|Մեկնարկային տարվա մայր   |           |          |             |

|գումարի արտոնյալ ժամկետը,|           |          |             |

|ամիս                     |           |          |             |

|_________________________|___________|__________|_____________|

|Սուբսիդավորման           | 84.750.000|19.500.000|2.165.625.000|

|գումար, դրամ             |           |          |             |

|_________________________|___________|__________|_____________|

|Ընդամենը` փոխհատուցման   |           |          |4.050.000.000|

|ենթակա սեփական միջոցներ, |           |          |             |

|դրամ                     |           |          |             |

|_________________________|___________|__________|_____________|

|Փոխհատուցման չափը, %     |           |          |             |

|_________________________|___________|__________|_____________|

|Փոխհատուցման գումարը,    |           |          |  931.500.000|

|դրամ                     |           |          |             |

|_________________________|___________|__________|_____________|

|Ընդամենը` պետական        | 84.750.000|19.500.000|3.097.125.000|

|աջակցություն, դրամ       |           |          |             |

|_________________________|___________|__________|_____________|

|Ընդամենը` ձեռք բերվող    |           |          |    30.000   |

|գլխաքանակ, գլուխ         |           |          |             |

.______________________________________________________________.

 

VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

44. 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազ. գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ (հղի ոչխարներ և այծեր, էգ և արու մատղաշ):

45. Կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը: Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում:

46. Կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները: 2019-2027 թվականներին կարտադրվեն շուրջ 3.5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ:

47. Կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը:

48. Պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար:

49. Հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների և խոտհարքների առավել արդյունավետ օգտագործման համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2019
N 1305-Լ
Որոշում